Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

1915, թուրք ժողովուրդը պետք է առերեսվի ճշմարտության հետ

 
 
 

Հայացք Թուրքիայից

 
1915, թուրք ժողովուրդը պետք է առերեսվի ճշմարտության հետ

Սաիթ Չեթինօղլու

 

 
Սաիթ Չեթինօղլու

Թուրք հետազոտող

Սաիթ Չեթինօղլուն առանց ժառգոնի եւ հազվադեպ անկեղծությամբ թվարկում է այն պատճառները, թե ինչու է վնասների փոխհատուցումը բարոյական անհրաժեշտություն եւ բացատրում թե ինչու է պահանջվում, որպեսզի վերադարձվի հայկական գույքը, որ պետության սեփականությունն է դարձել : Հիշեցնելով, որ « հասարակության բոլոր շերտերն ու պետությունն իր բոլոր կառույցներն այս կամ այն կերպ ներգրավված են եղել ցեղասպանական գործողություններում եւ շահ հետանդել», Չեթինօղլուն նշում է, որ պետք է աջակցել հայերին ու ցեղասպանության զոհ դարձած մնացած ժողովուրդներին, որպեսզի կարողանան որոշել իրենց կրած վնասների ու մարդկային կորուստների չափն ու պարտավորեցնել դրանց « անվերապահ ու անարգել » փոխատուցումը :

Վարչակարգն ու կրոնը քննադատելու պատճառով թիրախ դարձած հայ համայնքի ամենաբացախոս զավակը՝ Սեւան Նշանյանը, ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով գրեթե ցմահ ազատազրկման դատապարտվեց: Չորս տարբեր բանտեր տեղափոխվելուց հետո, նա արդեն մեկ տարի է բարձր անվտանգության համակարգ ունեցող մի բանտում է։ Լավ գիտակցելով, որ նման մթնոլորտում արդարությունից խոսելը միայն ծիծաղ կարող է առաջացնել, ուզում եմ հատկապես հայտնել, որ 1915-ի Հայոց ցեղասպանության փաստը, արդարության վերականգնումն ու փոխհատուցումը մշտապես իմ քննարկումների կենտրոնում են։

Միջազգային հեղինակություն ունեցող քրեական իրավունքի մասնագետ Վիլյամ Շաբասը մանրամասն քննարկելով ցեղասպանության ոճիրը, հայտնում է, որ թեեւ կարելի է մարդկության դեմ հանցագործություններ հասկացությանմի քանի հարյուր տարվա օրինակներ բերել անցյալից, բայց ժամանակակից առումով այդ եզրը առաջին անգամ օգտագործվել է Հայոց ցեղասպանության համատեքստում։ Շաբասը միեւնույն ժամանակ ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության նկատմամբ արդարության պահանջը առկախյալ վիճակում է։ «Թուրքիայում հայ բնակչության դեմ իրագործված ջարդերի վերաբերյալ դաշնակից երեք պետությունների կողմից արված հայտարարությունում, որտեղ նրանք հանձն էին առել անհատապես պատասխանատվության ենթարկել այդ գործողությունների պատասխանատուներին, դրանք որակվել էին որպես մարդկության դեմ հանցագործություն։ Սակայն, հետպատերազմյան խաղաղ բանակցությունների ընթացքում առարկություններ եղան, որ դա քրեական նորմի մի տեսակ հետադարձ կիրառություն է, և այդ իսկ պատճառով 1915-ի դեպքերի [բնագրում օգտագործված է ցեղասպանություն արտահայտությունը] շուրջ միջազգային մակարդակով որեւէ իրավական հետաքննություն երբեւէ չկատարվեց»1։ Շաբասի այս խոսքերը շարունակվող անարդարության մասին են վկայում։

Գոյություն ունեցող լռությունն ու ժխտումը ցեղասպանության շարունակությունն է առ այսօր։ 100 տարի շարունակ իրական քաղաքականության պատանդը դարձած արդարությունը կապանքներից ազատելու և արդարության վերականգնման ժամանակը եկել ու անցել է՝ թեկուզ մեկ դար անց։

Հայտնի է, որ արդարության պահանջը բնական իրավունք է՝ համընդհանուր։ Հայ հասարակության արդարության պահանջին համաշխարհային պատուհանից նայելը և մարդկային ձեռքբերումները հաշվի առնելը հավասարազոր է արդար գործելուն։ Հարկավոր է նաեւ մարդկության դեմ գործված հանցագործությունների կատեգորիային մաս կազմող ցեղասպանության հանցագործությանն էլ մոտենալ մարդկային ձեռքբերումների՝ այսինքն համամարդկային արժեքների լույսի ներքո: Թեեւ 1915-ի ցեղասպանությունից մեկ դար է անցել, սակայն այդ մոտեցումը արդարության վերականգնման գրավականը կլինի․ դա նաեւ օգտակար կլինի ինչպես տուժող հասարակություններին, այնպես էլ հանցավոր հասարակությունների համար։ Ինքնահաշտեցման հետ, դա նաեւ առիթ կլինի այս տարածաշրջանում բացել համամարդկային արժեքների դուռը՝ դարձնելով այն տեւական։

Հայոց ցեղասպանությունը մի գործընթաց է։ Այն պետք է դիտարկել որպես տասնամյա մի գործընթաց, որը տեղի է ունեցել 1913-22թթ. ժամանակահատվածում։ Բոլոր ցնցումներն այդ ընթացքում են տեղի է ունեցել։ Դա 1913թ.-ին Էգեյան շրջանում մի փորձարկումով2 սկսված տասնամյա գործընթաց է։ Ավելի ուշ տեղի ունեցած քեմալիստական միջոցառումները կարելի է բնութագրել որպես մանր-մունր գործողություններ։ Սա նշանակում է նաեւ, որ հայ ժողովրդի մասին մեր ասածները նույնքան վավեր են 1915-ի ցեղասպանության գործընթացում իրենց պատմական տարածքներից քշված մյուս ժողովուրդների համար։

Հակառակ այն տարածված կարծիքին, ըստ որի Ցեղասպանության գործընթացում կիրառված գործողությունների և մարդկության դեմ հանցագործությունների մասին բոլորը չգիտեին3, իրականում մեծամասնությունը տեղյակ էր այդ մասին, մեծ մասը մեղսակից էր դրան։ Ինչպե՞ս մարդ կարող է չգիտակցել, թե ինչ է անում։ Մի՞թե փոխակերպումն իրականացավ հասարակության բոլոր շերտերի ու կառավարական շրջանակների անգիտությամբ։ Հետեւաբար, պետք է ընդունել, որ այստեղ առկա է հավաքական հանցագործություն։

Ողջ հասարակությունն է պատասխանատու

Այն, որ հասարակության բոլոր շերտերն ու պետությունն իր բոլոր կառույցներով մասնակցել և օգտվել են ցեղասպանության գործընթացից՝ մի իրողություն է, որ երբեք չի մոռացվի։ Այդ օգուտը դեռ շարունակվում է:

Չնայած այն հանգամանքին, որ իրականությունն այնքան պարզ է, այդ մասին բարձրաձայնելը հակազդեցությունների տեղիք է տալիս։ 2014թ. դեկտեմբերի 9-ին Արմեդիայի Գրետա Ավետիսյանի հետ ունեցածս հարցազրույցում հետեւյալ միտքն էի արտահայտել․ «Երբ Եվրոպայում մի մարդ ասում է՝ "Ես պատասխանատու չեմ այն ամենի համար, ինչ իմ պապն է արել", դա բավարար է այդ մարդուն նացիստ անվանելու համար: Պատմական հայկական հողերը թուրքական համարելը, դրանք Քուրդիստան անվանելը հավասարազոր է Ցեղասպանության հանցանքի պտուղները քաղելուն: Սա նշանակում է, որ դու համաձայն ես պատմական Հայաստանի գաղութացմանը4»: Բոլորը կառչեցին խոսքերիս Քուրդիստանին առնչվող մասին։ Անմիջապես շոու սարքեցին՝ նշելով, որ Քուրդիստանը քննարկումից դուրս ենք թողել։

Մինչդեռ, Եփրատից այն կողմ պատահածն այլ բան չէ, քան պատմական  Հայաստանի ամայացումը և գաղութացումը5:

Պետք չէ աչքաթող անել այն կարեւոր հանգամանքը, որ այս ամենի պատճառը ցեղասպանության զոհ դարձած ժողովուրդները չեն (հայերը, պոնտացիները, հելենները, ասորիները)։ Անհրաժեշտ է անվերապահ ընդունել այս իրականությունը և ըմբռնել, որ անարդարությունն առ այսօր շարունակվում է առանց որեւէ փոխհատուցման։

Մեկ այլ իրողություն էլ կա, որ իրականությունը միայն մեկ ասպեկտով է ներկայացվում․ մինչ ջրի երես է հանվում մեկ իրականություն, իրականության մյուս երեսը աչքաթող է արվում։ Օրինակ, մինչ հանրությանն է հրամցվում նախագահական պալատի վերածված Քասափյան ընտանիքի տունը, պատմական Հայաստանի՝ Եփրատից այց կողմ գտնվողների6 մասին խոսք անգամ չի լինում7։ Այս երկակի ստանդարտից հրաժարվելով մենք կսկսենք հարցին մոտենալ արդարության զգացումով։

Ցեղասպանության գործընթացում տուժող հասարակությունների ներկայացուցիչներին սպանել են, նրանց գույքը յուրացրել, որդիներին ստրկացրել, մշակութային հարստությունը ոչնչացրել, հոգիները գողացել են։

Իրավական լինելուց բացի, սա նաեւ խղճի հարց է։ Դա միաժամանակ խոսում է այն մասին, որ հարկավոր է փաստերին մոտենալ արդարության չափանիշներով և արդարության համամարդկային սկզբունքների շրջանակներում։

Ի՞նչ կարող ենք անել, մեղմ ասած, այս պատմական անարդարությունը վերացնելու և արդարությունը վերականգնելու ուղղությամբ․

Առաջին հերթին, կարեւոր է, որ մասնագիտական կազմակերպությունները կանգնեն արդարության կողքին և պետությանն էլ ստիպեն այդ ուղղությամբ գնալ։ Թուրք բժիշկների միության, լրագրողների միության..., նմանատիպ մասնագիտական ընկերությունների, արհեստակցական միությունների կոտորածի ենթարկված անդամների հանրությանը ներկայացումը կարող է անկեղծության արտահայտությունը լինել։ Այս պահվածքը՝ ցեղասպանության գործընթացում դատարան տանելու պատրվակով ճանապարհին սպանված, խոշտանգումներից հետո մահապատժի ենթարկված հայ խորհրդարանականների հիշատակին Թուրքիայի ազգային մեծ ժողովից խորհրդանշական մի արարողություն պահանջելու ուղղությամբ կարեւոր քայլ կարող է լինել։ Հնարավո՜ր է նման բան պարտադրել Թուրքիայի խորհրդարանին։

Մենք գիտենք, որ այս տարածաշրջանում ցեղասպանության ենթարկված ժողովուրդների ներկայացուցիչների նկատմամբ արդարությունը վերականգնելու և դրամական փոխհատուցման պահանջների լայն շրջանակ գոյություն ունի՝ սկսած Ստամբուլի Հալասքարգազի պողոտայի Հրանտ Դինքի անունով կոչելուց, վերջացրած Մուդրոսի զինադադարից հետո զավթված 150 հազար քառակուսի կմ հողի վերադարձով։

Վնասների փոխհատուցումը բարոյական անհրաժեշտություն է

Այդ լայն շրջանակի առաջացրած դժվարությունները հաղթահարելու համար դիմենք փորձագետ/իրավարարի կարծիքին․

ԱՄՆ-ի Վուսթերի (Worcester) համալսարանի ցեղասպանության հետազոտող Հենրի Թերիոն (Henri Theriault), Հայոց ցեղասպանության փոխհատուցման հետ կապված մի աշխատությունում, հստակորեն նշելով հայերի կրած վնասների փոխհատուցման բարոյական անհրաժեշտության մասին, հետեւյալն է ասում․ «Անկասկած, սպանությունների, բռնաբարությունների եւ այլ դաժանությունների կամ մշակութային, սոցիալական և այլ տեսակի վնաս ու կորուստների համար ոչինչ հնարավոր չէ անել, բայց ինչ-որ բան, ինչ-որ կարեւոր բան, վստահաբար հնարավոր է»:  Այս խոսքերով՝ նշելով փոխհատուցման բարդությունները և արդարության վերահաստատման դժվարությունը, նա մասնակի հատուցման ու դրամական փոխհատուցման կոնկրետ առաջարկություններ է անում․

«Հայոց ցեղասպանության հատուցումը կարող է ներառել հետեւյալը։ Նախ, բռնագրավված հողատարածքների և այլ հարստությունների վերադարձը կամ փոխհատուցումը։ Բացի այդ, (1) այլեւս գոյություն չունեցող, ոչնչացված ողջ անշարժ ու շարժական գույքը, (2) փաստացի նյութական կորուստների վրա հաշվարկվելիք տոկոսները, (3) ստրուկի աշխատանքը, (4) մահացած և ողջ մնացած մարդկանց կրած տառապանքները, (5) 1,5 միլիոն հասարակ և հայտնի մարդկանց կորուստը, ինչպես նաեւ (6) մշակութային, կրոնական եւ կրթական հաստատություններն ու կազմակերպությունները պետք է ետ վերադարձվեն։ Երկրորդ, Թուրքիան՝ ինչպես վերստին զարգացող Հայաստանի Հանրապետության, այնպես էլ  Ցեղասպանության արդյունքը հանդիսացող հայկական սփյուռքի (իր սոցիալական, քաղաքական, տնտեսական և այլ կառույցներով ու կազմակերպություններով) վերակենդանացման ջանքերին աջակցելու և հայերի կորուստները հատուցելու ուղղությամբ գործնական քայլեր պետք է ձեռնարկի։ Դա պետք է ներառի տնտեսական աջակցությունը՝ ներդրումային եւ առեւտրային գործունեության  միջոցով։ Երրորդ` Թուրքիայի կառավարությունը պետք է ընդունի ցեղասպանության բոլոր փուլերը, պետք է ապահովի պատմական ճշմարտության մասին թուրք ժողովրդի իրազեկումը և պետք է ամեն ինչ անի, որ Հայոց ցեղասպանության մասին իմանա ողջ աշխարհը։ Չորրորդ՝ նյութական փոխհատուցման զուգահեռ, թուրքական պետությունը եւ հասարակությունը, հայերի նկատմամբ ունեցած նախապաշարմունքային վերաբերմունքին վերջ տալու նպատակով - այդ թվում՝ ցեղասպանության գաղափարախոսության ինստիտուցիոնալ պրակտիկաների եւ ավանդույթների բոլոր տարրերն արմատախիլ անելով և հայերի ու այլ խմբերի հանդեպ  կայսերական առավելության բարդույթից ձեւավորված հեգեմոն թուրքական ազգային ինքնության տարրերը վերացնելով - պետք է ձեռնամուխ լինի ռեաբիլիտացիայի գործընթացի։ Այդ գործընթացը պետք է ուղղված լինի միայն կին լինելու պատճառով բռնությունների թիրախ դարձած հայ կանանց, նկատի ունենալով բռնաբարությունների և սեռական ստրկության համատեքստը8, ինչը Հայոց ցեղասպանության բուն էությունն է կազմում»։9

Պետության սեփականությունը դարձած գույքի անվերապահ վերադարձը պարտադիր է

Սակայն, այս ամենի քննարկման համար կարեւոր է համապատասխան դաշտի ու միջավայրի ստեղծումը: Յուրաքանչյուր կողմի պահանջները լսելի դարձնելու ազատությունը, առանց սահմանափակումների ու վերապահումների քննարկում իրականացնելու պայմանների ապահովումը անհրաժեշտ է արդար ու առողջ արդյունքներ ձեռք բերելու համար։

Այստեղ մի փակագիծ բացելով նշենք, որ շատ հեշտ բան չէ փոխհատուցումից խոսելը, առավել եւս այն պահանջելը։ Քանի որ ցեղասպանությունից օգտվողներն ու ցեղասպանության զոհերի մի մասը միասին են ապրում։ Զոհի վճարած հարկերն ու այս փոխհատուցման վճարումը խնդրահարույց և վիճելի փաստ է։

Միեւնույն ժամանակ չափազանց հեշտ է ցեղասպանությունից վերապրած հասարակության մի բուռ ներկայացուցիչների համար հաշիվ-ապրանքագիր պատրաստելը։ Այդ ռեֆլեքսը պոտենցիալ առումով մշտապես առկա է մեղավոր հասարակության ներկայացուցիչների մոտ։  Ազատության և անվտանգության դաշտի ու միջավայրի ստեղծումը կենսական նշանակություն ունի։

Առանց նախապայմանների վերադարձի իրավունքի տրամադրումը, անարդար կերպով քաղաքացիությունից զրկվածների քաղաքացիության իրավունքների վերադարձը և ցանկացողներին Թուրքիայի հանրապետության անձնագրի տրամադրումը, պղտոր աչքերով դիտած նրանց հայրենի տարածքների (սիրելի Սեւան Նշանյանի խոսքերով՝ «անունը մոռացած երկրի») հայկական անունների վերադարձը... Նման միջոցառումները պետության կողմից հեշտությամբ արվելիք ժեստերի շարքից են։

Եթե փորձագետի տեսակետին հետեւենք, ապա հարցի լուծման առումով շատ կարեւոր է, որ փոխհատուցումը սկսվի պետական հաստատությունների գույքամատյաններում գտնվող գույքերի անվերապահ վերադարձով։

Կորսված գույքի քանակը քիչ թէ շատ հայտնի է պետության գրանցամատյաններում։ Թափուի արձանագրությունների թվայնացումով դրանց հայտնաբերումը շատ պարզ է դարձել։ 1913թ.-ից սկսած թափուի ամենօրյա արձանագրություններում այս շարժումը/զավթումը չափազանց հեշտ է նկատվում։ Այդ արժեքների մի մասը մասնավոր անհատների մոտ, մի մասն էլ պետության գույքամատյանում է գրանցված։ Պետության գույքագրման ցուցակներում գտնվողները անվերապահորեն նրանց սեփականատերերին վերադարձնելու ոչ մի իրավական խոչընդոտ չկա։ Եթե իրավատերը չկա, ապա կարելի է պայմաններ ստեղծել, որպեսզի դրանք տուժող հասարակության հաստատություններին փոխանցվեն10 ։

Մասնավոր անձանց ձեռքում գտնվող արժեքների վերադարձի կամ դրա փոխհատուցման հարցում կարող են տարբեր իրավիճակներ առաջանալ, քանի որ գոյություն ունեն բռնագրավման կամ ձեռքբերման տարբեր եղանակներ։ Զավթման մեխանիզմներից մեկն է  մահմեդական ընտանիքների կողմից [որբ մնացած/ընտանիքը կոտորված] հայ երեխաների բռնի որդեգրումն ու [բռնի իսլամացված] հայ աղջիկների հետ ամուսնությունը, ինչին հետեւում է նրանց ընտանիքների հարստության յուրացումը11։ Գույքի զավթման այդ մեխանիզմի գոյությունն է, որ մարդկանց մղում էր մահվան ճամփորդության հանված հայերի շարասյուներից ընտրել հենց հարուստ ընտանիքների երեխաներին, աղջիկներին ու կանանց՝  ընդհուպ մինչեւ միմյանց հետ կռվելով նրանց համար։ Հայերին փրկելու պատմություններն էլ սրա հետ են կապված։ Որոշ գույքեր ուղղակի խլվել են, մի մասը պետությունից է ձեռք բերվել, մի մասն էլ կեղծ փաստաթղթերով անվանափոխվել են12։ Սրանով է պայմանավորված գույքերի վերադարձի կամ փոխհատուցման հետ կապված խնդիրների բազմազանությունը։ 

Առերեսումը բարոյական վարքագիծ է։ Հարկավոր է զարգացնել բարոյական արժեքները։  Ընտանիքը բռնի ամուսնության միջոցով հիմնած, տնտեսությունը թալանով կառուցած, հարեւանին սպանելով աներեւակայելի հարստության տիրացած, կրթությունն ու օրենսդրությունն այս ամենը թաքցնելով ձեւավորած մարդու բարոյականությունը՝ 1915թ.-ի Հայոց ցեղասպանության շուրջ ձեւավորված բարոյականությունը ռեաբիլիտացնելը չափազանց կարեւոր է։ Ակնհայտ է, որ այդ բարոյականությունը այսօրվա մեր ունեցած բոլոր խնդիրների աղբյուրն է: Քանի որ նման բարոյականության առկայության պայմաններում որեւէ հարցում արդարություն ակնկալելը միայն խաբկանք կլինի։ Քայքայումն անխուսափելի է։ Այսօր, դրա հետեւանքները մեր աչքի առաջ են։ Պետք է ձերբազատվել նման բարոյականությունից ու վարքագծային կաղապարներից։ Փոխհատուցումն այս առումով  կկատարի թերապիայի գործառույթ, կապաքինի հասարակությանը։

Պետք է վերջ տալ այն բանին, որ մարդիկ պղտոր աչքերով նայեն դեպի իրենց հայրենիքը, դա պետք է նորմալանա։ Պետք չէ մոռանալ, որ դա մարդկային պարտք է։ Հրաժարվելով ուրացումից, համոզված լինելով, որ արդարության վերականգնումը բոլորին է նպաստավոր, խախտելով լռությունը՝ հիմնախնդիրների մասին խոսելը, դրանք քննարկելը և արդարության վերականգնման ջանքերը և այդ ամենի մարդկային վարքագիծ լինելու համոզմունքը խնդրի լուծման բանալին է:

 

---------------------------------------------------

1. William A. Schabas, Uluslararası Ceza Mahkemesine Giriş (Վիլյամ Շաբաս, Մուտք Միջազգային քրեական դատարան), անգլերենից թուրքերեն թարգմ․ Gülay Arslan, Cambridge University Press, Aİ Türkiye Şubesi, 2004, էջ 60։

2. 1914թ հունվարին Չեշմեի քայմաքամ (կառավարիչ) նշանակված Հիլմի Ուրանը բացահայտում է էթնիկ զտումների ծավալը: Նա  իր հուշերում առանձնահատուկ տեղ է հատկացնում Չեշմեի ու շրջակայքի  ահաբեկություններին․

«Չեշմեի քայմաքամությունն ստանձնելու առաջին օրերիս․․․ շատ զգուշավոր մի քանի հույն ընտանիքի հանկարծակի Չեշմեից հեռանալն ու դեպի կղզիներ գնալը Չեշմեի հույների մոտ մեծ վախ էր առաջացրել  և մի քանի օրում Չեշմեում և շրջակա գյուղերում սկսված  հույների արտագաղթը ամնիջապես ամենուրեք տարածվել ու անզսպելի էր դարձել... Նույնիսկ որոշ հույներ, որ իրարանցումից՝ տնից դուրս գալու պահին շատ քիչ իրեր էին վերցրել, քանի դեռ նավամատույցում սպասում էին, հաճախակի տուն վերադառնալով նոր իրեր էին վերցնում իրենց հետ․․․ Ի դեպ, այս գաղթը հանկարծ միջպետական ուշադրության արժանացավ և երբ դեռ դրա դեմը չէր առնվել, Ստամբուլից Չեշմե էր ժամանել հետաքննող խառը մի պատվիրակություն․․․ Պատվիրակությունը Չեշմեում բազմաթիվ հունական տներ էր այցելել, բազմաթիվ հույների հետ էր հանդիպել․․․ գլխավոր թարգմանիչներից մեկը՝ կարծես արտագաղթի համար մի պատճառ փնտրելով, մի պահ դեպի ինձ շրջվեց ու մեղադրական հայացքով ասաց․ “Մենք որեւէ փաստ չգտանք, բայց աղոթելով քառասուն հազար մարդ չի գնա”: Այո, դա այդպես է: Ճիշտ է, որ աղոթելով քառասուն հազար մարդ հենց այդպես չի թողնի գնա, դրան պետք է հավատալ... մահից վախն ահա այսպես մի ամբողջ գյուղաքաղաք ոտքի էր հանում և մարդկանց անզսպելի ու անկասելի էր դարձնում։ Ահա այսպես սկսվեց և այսպես ավարտվեց հույների արտագաղթը, որը մի քանի շաբաթում ամբողջովին փոխեց Չեշմեի դեմքը». Հիլմի Ուրան, Իմ հուշերը, 1959թ, էջ 68-71։ 

3. Հայտնի է, որ իթթիհադականների կազմակերպած սպանությունները հավաքական աջակցություն են գտել։ Իթթիհադ վե թերաքքիի պարագլուխներից Հալիլ Մենթեշեն՝ «Անատոլիայում այս տեղահանության հետ չառնչված թուրք գրեթե չկա» ասելով իրականությունն էր արտացոլում։ Թաներ Աքչամ, Մարդու իրավունքները և հայկական հարցը, Իմգե հրատարակչություն, 2014թ, էջ 527:

4. Հայերենը․ (http://armedia.am/?action=Exclusive&what=show&id=1247176618&lang=arm&lang=arm) - Թուրքերենը․ http://devrimcikaradeniz.com/dedemin-yaptiklarindan-sorumlu-degilim-diyenlere/

5. «Լեմկինի համոզմամբ՝ ցեղասպանությունը երկու կարեւոր փուլից է բաղկացած։ Նրա խոսքերով՝ “Ցեղասպանությունը բաղկացած է երկու փուլից․ ճնշված խմբի ազգային կերպարի ոչնչացում և ճնշող ազգի ազգային կերպարի  պարտադրում։ Այս հարկադրումն իրականացվում է կա՛մ ճնշվող խմբի նկատմամբ՝ թույլատրելով նրան մնալ իր [ապրած] երկրում, կա՛մ [նրանց] հեռացումից և տարածաշրջանի ճնշող ազգի ներկայացուցիչների կողմից գաղութացումից հետո միայն՝ տվյալ տարածքի նկատմամբ։» Այսինքն, Լեմկինի համար ցեղասպանությունը ֆիզիկական ոչնչացումից այն կողմ գնացող մի բան էր և ներառում էր նաեւ գրոհի ենթարկված խմբի ու նրա հողերի ազգային-մշակութային առանձնահատկությունների ոչնչացումը։»: Թաներ Աքչամ, Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում եւ ձուլում (Taner Akçam, Ermenilerin Zorla Müslümanlaştırılması, Sessizlik, İnkar ve Asimilasyon), Իլեթիշիմ հրատարակչություն, 2014թ, էջ 81։

6. 2014-ի նախագահական ընտրությունների շեմին՝ «Չանքայան ծանր բեռ է» վերնագիրը կրող իր հոդվածում քուրդ հեղինակն անդրադարձել է բռնագրավված նախագահական պալատին, որտեղ նա մասնավորապես ասում է․ «Քասափյանների ընտանիքը ո՛չ Չանքայայի պալատը, ո՛չ էլ այլ գույքերը ոչ մէկին չի վաճառել: Ունեցվածքը բռնագրավվել, յուրացվել է: Նրանց է պատկանել ոչ միայն Չանքայայի առանձնատունը, այլ նաեւ Քեչիորէնում գտնվող ամառանոցը, որը զավթել է Անկարայի Ուլուս թաղամասում խորհրդարանի շենքը կառուցած Քոչ ընտանիքը․․․ Այդ առանձնատան պատմությունը, ինքնությունը որեւէ վայրում նորից կյանքի կոչելու խոստումն եմ ես ակնկալում նախագահի թեկնածուներից։ Մյուս երկուսից հույս չունեմ, բայց գուցե դա անի նախագահի “մեր” սիրելի թեկնածու Սալահէդդին Դեմիրթաշը»: Հեղինակի շատ հեռու չգնացող այս թեթեւ ակնարկը, այնուամենայնիվ, Եփրատի մյուս կողմի հետ կապված ոչինչ չի ասում։ Չենք էլ լսել, որ նման բան ասած լինի։ http://www.bianet.org/biamag/diger/157141-cankaya-tasinmasi-agir-yuk

7. Չանքայայի առանձնատունը, որը Մուստաֆա Քեմալից սկսած հանդիսացել է Թուրքիայի Հանրապետության նախագահների նստավայրը, գտնվում է մայրաքաղաքի սրտում՝ բարձունքի վրա: Հանրապետության այս խորհրդանիշը նախքան Առաջին համաշխարհային պատերազմը պատկանել է Քասափյանների մեծահարուստ հայ ընտանիքին, որը բռնագրավվել է: Ինչ անհաջողություն մեծամասամբ հայերի և մյուս ոչ մուսուլման փոքրամասնությունների ունեցվածքի բռնագրավման արդյունքում հիմնված պետության համար: Դժվար է այն որպես հանցանք չտեսնել… Սակայն սա, անշուշտ, նաև անձեռնմխելիության զգացումի նշան է: Ինչևէ, այս անհանգստացնող պատմությունը շրջապատված է լավ հասկանալի լռության պատով: Laure Marchand-Guillaume Perrier, Türkiye ve Ermeni Hayaleti, (Թուրքիան և հայկական ուրվականը), Իլեթիշիմ հրատարակչություն, էջ 189-197:

8. 1915թ հոկտեմբերի 7-ին Սիվերեկից մի խումբ մուսուլմանների ներքին գործերի նախարարությանն ուղարկած հեռագրում հաղորդվում է, որ Ցեղասպանության սկզբնական օրերին՝ կառավարության համաձայնությամբ նրանք բռնի ամուսնացել են 14, 15 տարեկան դոնմե (իսլամացված) աղջիկների հետ, որոշ ամուսնություններ արվել են երեք կամ չորս ամիս առաջ և այս պահին նրանցից շատերն ամենայն հավանականությամբ հղի են։ Հեռագրի վերջում  Ցեղասպանության արդյունքում կանանց տիրացած մարդկանց մի ամբողջ ցուցակ կա․

Անուններ․ Ջամիի Քեբիր թաղամասից՝ Էբուզեր Բուհարալը Օսման, Հաշան Չելեբի թաղամասից՝ Մահմուդ բին Մեհմեդ, Մահալլեի մեզքյուրեից՝ Մուսթաֆա բին Մեհմեդ, Մահալլեի մեզքյուրեից՝ Մեհմեդ բին Էյյուբ, Հաջի Օմեր թաղամասից՝ Բեքչի շեյխ Զյուլֆիքար, Բեքիր Մոլլա օղլի Բեքիր, Երվան օղլի Հուսեին, Քյուլաբի թաղամասից՝ Քրանզադե Հուսեին, Քյուլաբի թաղամասից՝ Ալի բին Մեհմեդ, Քարո Սալիհ, Դյոշենգի շեյխ Յուսուֆ, Ջամիի Քեբիր թաղամասից՝ Մահմուդ բին Սինո օղլի Մեհմեդ,  Մահալլեի մեզքյուրից՝ Էյյուբ Մաքո, Ջալիլե թաղամասից՝ Քյորիքոզադե Մեհմեդ, Քյուլաբի թաղամասից՝ շեյխ Մուսթաֆա բին Հուսեին, Հաջի Օմեր թաղամասից՝ Ալի բին Մուսա,

Ջամիի Քեբիր թաղամասից՝ Հաջի Օմեր, Ահմեդ բին Բեքիր, Չելեբի թաղամասից՝ Ալի բին Մուսա, Ջամիի Քեբիր թաղամասից՝  Մուսթաֆա բին Հաջի Աբիդին, Ահմեդ բին Բեքո և Քյուլաբի Բեյ։ Թաներ Աքչամ, Հայերի բռնի իսլամացումը…  էջ 210-211

9. Henry Theriault, “21nci Yüzyıl Türkiye’si için Ermeni Soykırımı Sorunu: Sorumluluk ve Çözüme Yönelik Tazmin” Öncesi ve Sonrası ile 1915 İnkar ve Yüzleşme içinde, ed. S. ÇetinoğluM. Konuk, Ütopya Yayınevi 2012. (1915-ից առաջ և հետո, ժխտում և առերեսում): 

10. Իրավատերերի չհայտնվելու դեպքում, նյութական փոխհատուցումներից հիմնադրամների ստեղծումով կարելի է մեխանիզմներ մշակել տուժող հասարակության վերականգնման, կողմնորոշման, ետ վերադարձի խթանման, կրթական և մշակութային հաստատությունների նորոգման, հրատարակչական օրգաններին․․․ և այլ ոլորտներին աջակցելու նպատակով։

11. «Ուշադրության արժանի է մուսուլմանների կողմից հայ երեխաների որդեգրումը խրախուսելու համար մշակված նախանձելի մի մեխանիզմ, որը կարելի է բնութագրել որպես “ձուլումը խթանող ծրագիր”։ Այդ մեխանիզմի էությունն այն է, որ որդեգրված երեխաները և ամուսնացած աղջիկները համարվելու են իրենց ընտանիքների ժառանգորդներ։ Այսպիսով, հայ երեխաներին իրենց տանն ընդունող կամ հայ աղջիկների հետ ամուսնացած մարդիկ ինքնաբերաբար այդ երեխաների հարստությանն են տիրանալու։ Այդ առումով շատ ուշագրավ է 1915թ օգոստոսի 11-ին Լքյալ գույքի բոլոր հանձնաժողովներին հղված հեռագիրը։ Այնտեղ հետեւյալն է ասվում. Կրոնափոխ եղածների ու ամուսնացածների, ուսման և դաստիարակման նպատակով անձերի հանձնված երեխաների անձնական իրերը իրենց է թողնվում, իսկ եթե ծնողները մահացել են՝ ժառանգn է իրենց տրվում։» Թաներ Աքչամ, Հայերի բռնի իսլամացումը... էջ 203։

12. Իրավաբան և նախկին պատգամավոր Մեհմեթ Ֆեյյաթի պատմած իր տարածաշրջանի վերաբերյալ իրողությունը բավական խոսուն է․ «Էմվալի մյութագայյիբեն, այսինքն կորած մարդկանց [մահվան ճանապարհին կորածների] անշարժ գույքերը, այսինքն բռնագաղթի ենթարկված հայերի հողատարածքները, տեղահանություններից հետո պետական գանձապետարանի կողմից մաս առ մաս վաճառքի են հանվել։ Քանի որ իմ հայրը այդ տարիներին փող է ունեցել, մեր այսօրվա հողատարածքը գանձապետարանից գնել է 1926թ, երբ  ես փոքր երեխա եմ եղել։ Այն ժամանակ բոլորը ծաղրել են հորս՝ տեղացի ֆեոդալները, բեյերը, շեյխերը, սեյիդները․․․ “Մի՞թե գանձապետարանին պատկանող տարածքի համար փող կտրվի, զավթի՛ վերջանա”, ասելով։ Որոշ ժամանակ անց,  զավթողներն այդ տարածքների տերը դարձան։ 1940-ականներից հետո, կաշառք տալով, բոլորն էլ իրենց անունով գրանցեցին՝ պատճառաբանելով, որ դրանք իրենց հորերից, կամ պապերից են մնացել։ Այդ տարածաշրջանում, գանձապետարանին պատկանող ու անտեր մնացած ոչ մի անշարժ գույք փողով չի գնվել, եթե կա անգամ՝ շատ հազվադեպ է։ Հողերը կա՛մ բռնագրավվել են, կա՛մ էլ դատական կարգով հաշվառման են արվել: Ոչ ոք հորիցը չի ժառանգել, հայերից են մնացել այդ անշարժ գույքերը (էջ  20-21)... Վանում հայերից մնացած գանձապետարանի հողերն ամբողջությամբ թալանվեցին դատական կարգով: Ինչպես արդեն նշեցի, բոլորն էլ՝ հորիցս, պապիցս է մնացել ասելով թափուի գրասենյակներում օրինականացրեցին։ Քինյաս Քարթալի գերդաստանն էլ 1920-ականներին Վան են գաղթել Ռուսաստանից։ Նրանք Ռուսաստանի քրդերից են։ Բյուրիքան գերդաստանին պատկանող այդ աշիրեթի մի մասն էլ Կարս է գաղթել։ Իսկ 1950-ականներին Քինյաս Քարթալը եւս իր հափշտակած գանձապետարանի հողատարածքները [պետության բռնագրաված հայերի գույքերը] դատարանի միջոցով, պապից ժառանգելու պատճառաբանությամբ, գրանցեց իր անունով։ Վանում Քինյաս բեյը Անադոլու կլուբում է բնակվում՝ նախկին նախարարների հետ։ Ֆերիթ Մելենը [վարչապետ] և ընկերներն էլ են այնտեղ։ Բոլոր գույքերը թափուում Քինյաս բեյի անունով գրանցած դատավորը եւս այնտեղ է ապրում․․․»։ (էջ 231) Mehmet Feyyat, Halkın Savcısı, Scala Y (Մեհմեթ Ֆեյյաթ, Ժողովրդի դատախազը), 2012թ։

Հայոց Ցեղասպանություն, Ճանաչում և Փոխհատուցում

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook