Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Հինգերորդ օր – Որպես հարգանքի տուրք

 
 

 

14 օր Դիարբեքիրում / 14 լուսանկար Ամիդից / 14 տեքստ Տիգրանակերտիմասին:

«Repair»-ի հատուկ թղթակից, ֆրանսիահայ լրագրող Միքայել Ժիմենեզ-Մաթեոսյանը (ՄԺՄ) երկու շաբաթ անցկացրեց Անատոլիայի հարավ-արեւելքի այժմյան մայրաքաղաք Դիարբեքիրում (քրդերեն՝ Ամեդ, հայերեն՝ Տիգրանակերտ), նպատակ ունենալով հանդիպել 1915 թվականի եղեռնից առաջ այնտեղ բնակվող բազմահազար հայերի անցյալին, ներկային ու ապագային: Նա մեզ հետ կիսում է երկար դեգերումների ընթացքում իր ունեցած հանդիպումները՝ վայրերի, տղամարդկանց և կանանց հետ, որոնց պատմությունն այսպես թե այնպես կապված է հայերի հետ:

 

Հինգերորդ օր – Որպես հարգանքի տուրք

Գրեթե ամեն օր, ինձ հյուրնկալող Բերաթն ու Քենանը Դիարբեքիրի հին թաղամասում հնաոճ մի տուն գնելու ցանկության և այն սրճարանի վերածելու իրենց երազանքի մասին են խոսում: «Մեր փնտրած ոճի տները քիչ են, և գները գնալով աճում են», -բացատրում է Բերաթը՝ իր երազանքը երբեվէ  իրականացված չտեսնելու մտահոգությամբ: Իրոք, որոշ ժամանակ է, որ հին Դիարբեքիրում գտնվող գեղեցիկ տները գրավել են բոլորի սրտերը: Ոմանք մեծ հույսեր են կապում PKK-ի (Քրդստանի բանվորական կուսակցություն - թարգմ) և թուրքական պետության միջեւ բանակցային գործընթացի հետ եւ արդեն կանխատեսում են այս հիասքանչ տարածաշրջանում զբոսաշրջության հնարավոր զարգացման ֆինանսական հետեւանքները: Արդեն մոտ երեք տարի է, որ շինությունների վերանորոգումներն  աճում են, հետզհետե փոխակերպելով միջնադարյան պարիսպներով  շրջապատված քաղաքը՝ աշխարհի երկրորդ խոշորագույնը Չինական մեծ պարսպից հետո, ինչպես սիրում են կրկնել Օսման Բայդեմիրն ու Աբդուլլահ Դեմիրբաշը:

Մի կեսօրից հետո, այցելում ենք երկու վաճառքի տներ: Առաջին այցելած տունը, որն  անհրապույր է ու վատ տեղում է գտնվում, այնքան էլ դուր չի գալիս մեր թեկնածու  ձեռնարկատերերին: Բոլորովին այլ է երկրորդը. իր էլեգանտ կամարները, վանդակապատի փորագրված գեղեցիկ նախշերը, պատերից մեկի վերեւի զարմանալի այդ ռելիեֆները և բակի մեջտեղի այդ ավազանը գրավում են իմ հետաքրքրությունը: Միամտորեն հարցնում եմ, թե ում է պատկանել այս տունը: Ներկայիս սեփականատիրոջ թուրքերեն տված պատասխանում մեկ հատիկ բառ ինձ տեղից վեր է թռցնում՝ «էրմենի»: Այս տունը հայերի է պատկանել: Ամեն ինչ պարզ է ուրեմն... Անվարժ անգլերենով, Բերաթը փորձում է թարգմանել քուրդ տանտիրոջ խոսքերը. «Հայերը և նրա պապերը ընկերներ են եղել, իսկ 80-ականներին* այդ հայ ընտանիքը ստիպված է եղել փախչել Դիարբեքիրից:  Ինչ-որ մարդիկ հարձակվել են նրանց վրա, հետո էլ կառավարության ու ժողովուրդի ճնշումների հետեւանքով նրանք հեռացել են», - կարճ է կապում նա:

Այլ բան չիմացա, ցավոք, բայց մի հին հայկական տան սրճարանի վերածվելու գաղափարն ինձ մտածմունքների մեջ գցեց: Էլ ո՞վ կհիշի դրա հայկականության  մասին, երբ տունը վերանորոգված կլինի ու նրա «ինքնատիպությունից» հրապուրված տուրիստները խուռներամ կայցելեն այդ վայրը: Հաջորդ օրը, երբ ես հարցնում եմ Քենանին, թե ինչ անուն կտային այդ հիմնարկին, եթե անշուշտ նրանց վարկ տրամադրվեր, նրա պատասխանը ինձ մի քիչ զարմացնում է. «Եթե հայերի տունն ընտրենք, ապա հետազոտություններ ենք անելու՝ իմանալու համար, թե ինչպե՞ս էր կոչվում այդ ընտանիքը, ովքե՞ր էին նրանք, ի՞նչ արհեստներով էին զբաղվում. Իսկ մեր սրճարանն էլ  նրանց անունով կլինի», - վստահեցնում է նա ինձ: Որպես հարգանքի տուրք...


*1984-ին սկսվում են PKK–ի ու թուրքական պետության միջեւ զինյալ բախումները


 

Մշակութային և սոցիալական ուղղվածությամբ 30-ամյա այս լրագրող և լուսանկարիչն աշխատել է բազմաթիվ թերթերի ու ամսագրերի համար: Մի քանի տարի է, նա լուսանկարչական ռեպորտաժներով իր հայացքը սեւեռում է նաեւ «Երկիր Եւրոպա» հասարակական կազմակերպության համար՝ Հայաստանում ու Թուրքիայում: ՄԺՄ-ի աշխատանքներին կարող եք ծանոթանալ նրա կայքէջում՝ www.mjm-wordsandpics.com:

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

Twitter

Facebook