Ի՞նչ ապագա է սպասվում Դիարբեքիր քաղաքին

Ստեղծված Չորեքշաբթի, Մայիսի 25, 2016, ժ. 01:55-ին
 
 
 
Այլ տեսակետ

Ի՞նչ ապագա է սպասվում Դիարբեքիր քաղաքին

Մարտին Ասենա

 

 
Մարտին Ասենա

Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանում Հռոմի պատմության դոցենտ

2016թ մարտի 21-ին թուրքական պետության կողմից Դիարբեքիրի կենտրոնի պետականացումից հետո Մոնպելիեի համալսարանի դոցենտ տիկ. Մարտին Ասենան հիշեցնում է Դիարբեքիրի պատմական կենտրոն համարվող Սուրի շրջանի կարեւորությունը և բացատրում է, թե ինչու է այսօր խիստ անհրաժեշտ պահպանել հինավուրց փողոցների «նախնական» դասավորվածությունը, որոնց ներկայիս հյուսվածքը լավ աղբյուր է հասկանալու Հռոմի ու Բյուզանդիայի պատմությունը, ինչպես նաեւ ուսումնասիրելու պարիսպներով շրջապատված միջնադարյան և օսմանյան այս բացառիկ քաղաքը: Հեղինակը ներկայացնում է նաեւ 2015-ի աշնանը թուրքական բանակի ու քրդական շարժման զինյալների միջեւ բախումների արդյունքում ավերված կամ վնասված վայրերի ու հուշարձանների ոչ սպառիչ ցանկը, այդ թվում` Հասըըրլը թաղամասում գտնվող Հայ կաթողիկե եկեղեցին ու Շեյխ Մուհաթթար մզկիթը իր չորսոտանի մինարեով: Միեւնույն ժամանակ, նա մտահոգություն է հայտնում Դիարբեքիրի այս շրջանի ապագայի մասին, որի տարածքների 82 տոկոսը հավանորեն օտարվելու և հանրայնացվելու է, ինչը բնականաբար կառաջացնի տեղի բնակչության արտագաղթը և մի նոր «Դիարբեքիրլանդի» հնարավոր կառուցումը՝ վերջնականապես այլանդակելով  քաղաքի կենտրոնը:

Սուրը՝ Դիարբեքիրի պարիսպներով շրջապատված այս շրջանը կդառնա՞ արդյոք 21-րդ դարի մի նոր քաղաք՝ մի «Նոր Թոլեդո», թե՞ այն կլինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված մի քաղաք՝ մի նոր Պալմիրա, որը քանդվել է Մերձավոր Արեւելքում մոլեգնող հակամարտության ընթացքում:

2015-ի աշնանը արեւելյան Թուրքիայի մի քանի քաղաքներում սկիզբ էր առնում զինված հակամարտություն՝ ինքնակառավարում (özyönetim) հռչակած քրդական շարժման զինյալների ու թուրքական անվտանգության ուժերի միջեւ: Արյունալի բախումների զոհ դարձան մեծ թվով մարդիկ, որոնց մասին տեղեկությունները մնում են հակասական. ըստ քուրդ ապստամբների՝ 2015թ դեկտեմբերի 2-ից ի վեր սպանվել է 70 ուժային (զինծառայող, ոստիկան, գյուղի պահապան) և ավելի քան 250 խաղաղ բնակիչ: Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ սպանվել է 270 «ահաբեկիչ» և մի քանի խաղաղ բնակիչ:

Լայնամասշտաբ ռազմական այս գործողությունների պատճառով մեծապես վնասվեցին  Սուրի մշակութային կոթողները: Իսկ Սուրը նման չէ այլ վայրերի: Ուշագրավ է քաղաքը շրջապատող ավելի քան 5 կմ երկարությամբ պարիսպը, որը վերջերս էր ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում: Միջնադարից ի վեր բազմաթիվ ճանապարհորդների նկարագրությունների նյութ դարձած այս պարիսպը սահմանազատում է Դիարբեքիր քաղաքի կենտրոնը՝ ասորական արքայական տարեգրքերի Ամեդուն, հունա-հռոմեական Ամիդան, որը սկզբից եւեթ շարունակաբար գրավված է եղել և հանդիսանում է շատ կարեւոր վայր Հյուսիսային Միջագետքի պատմության համար: 1988-ին «Քաղաքային միջավայրում հնագիտական օբյեկտ» հռչակված Սուրի շրջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից այլեւս բուֆերային գոտի է համարվում, քանի որ շրջապատված լինելով բյուզանդական ժամանակաշրջանի այդ պարիսպներով, նա այդ հուշարձանի պատմության անբաժանելի մասն է կազմում: Մինչեւ հակամարտությունը՝  քաղաքի կենտրոնի բազմաթիվ հուշարձանների արժեւորումով (ինչպիսին է պատրիկյան տների վերականգնումը) զբաղվում էին պետական մարմինները` Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը ու Դիարբեքիրի քաղաքապետարանը, յուրաքանչուրն առանձին ծրագրով. մինչ նախարարությունն աջակցում էր իսլամական կրոնական շինությունների վերականգնմանը, քրդական քաղաքապետարանը նախընտրում էր վերհանել քաղաքային կառույցների բազմամշակութային ու բազմակրոն բնույթը:

Մեծ Դիարբեքիրի քաղաքապետարանի վերջերս հրապարակված զեկույցի համաձայն բախումների հետեւանքով մեծապես վնասվել են քաղաքի հարավ-արեւելքի Հասըրլը թաղամասում գտնվող Հայ կաթողիկե եկեղեցին, Քուրշունլու մզկիթը, Շեյխ Մուհաթթար մզկիթը իր չորսոտանի մինարեով (շենքի պատերը մասնակիորեն քանդվել են հեշտացնելու համար զրահատեխնիկայի մուտքը դեպի փողոց), Յենիքափը փողոցի պատմական արժեք ներկայացնող խանութները, ինչպես նաեւ Համամ փաշան, որը հրո ճարակ է դարձել: Վնասված շենքերի ցանկում են նաեւ ավանդական քաղաքացիական ճարտարապետության նմուշներ, ինչպիսին է Մեհմեդ Ուզունի տուն-թանգարանի  վերածված շենքը, ինչպես նաեւ ծածկած փողոցը, որը մինչեւ այդ Դիարբեքիրի ավանդական քաղաքային հյուսվածքի հազվագյուտ նմուշներից էր:

Մշակութային ժառանգությանը հասցված վնասներին առնչվող հարցին պատասխանելով՝ Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշել էր, որ Դիարբեքիրը կդառնա «Նոր Թոլեդո», ակնարկելով Ֆրանկոյի իսպանացի հանրապետական ապստամբների նկատմամբ տարած հաղթանակը և Ալկազարի վերակառուցումը: Իսկ պարետային ժամի վերացումից քիչ անց, 2016թ մարտի 21-ին՝ Նովրուզի օրով, նախարարների խորհրդի որոշումով ու նախագահ Ռ. Թ. Էրդողանի ստորագրած հրամանագրով բռնագրավվեց Սուրի շրջանը: Իրականում շատ բան չգիտենք պետության մտադրությունների մասին և հենց դա է դժվարացնում այս խնդրում ներգրավված տարբեր դերակատարների (քաղաքապետարան, քաղաքացիներ, ժառանգության պահապաններ) միջեւ ցանկալի  շփումները:

Օտարման մասին N 2942 օրենքի վրա հիմնված այս հրամանագրով նախատեսվում է օտարել Սուր համայնքի 7714 տարածքներից 6292-ը, այն է տարածքների 82 տոկոսը: Տարածքների մնացած 18 տոկոսը արդեն պատկանում է TOKI-ին (պետական  բնակարանաշինական ընկերություն) կամ գանձապետարանին, ինչը նշանակում է, որ ամբողջ անշարժ գույքը կդառնա պետական սեփականություն1:

Արմատական և չափազանց ծավալուն այս միջացառումը տեղում ուղեկցվում է Սուրի շրջանի արեւելյան գրեթե բոլոր թաղամասերի արգելափակմամբ և մեծ քաղաքի արեւմտյան մյուս  շրջանների մեկուսացմամբ: Ավազե պարկերով կամ բետոնե բլոկներով ամրացված մեծ թվով փոքր անցակետերը ամբողջովին փակում են մուտքը դեպի Սարայի դարպասից ու Հասան Փաշա իջեւանատնից արեւելք գտնվող փողոցները, ինչպես նաեւ Յենիքափը փողոցից մինչեւ Մարդինի դարպասը՝ Գազի պողոտայից (Gazi Caddesi) արեւելք գտնվող բոլոր փողոցները: Մարդինի դարպասն ու Սուրից մինչեւ Բենուսեն թաղամասը պարսպի երկայնքով բացված բոլոր անցքերը փակ են, իսկ բաց են մնում միայն Ուրֆայի, Չիֆթ Քափըի և Դաղ Քափըի դարպասները, որտեղ այնուամենայնիվ երթեւեկությունը խստորեն հսկվում է ոստիկանության անցակետերի միջոցով: Այդ փողոցներով երթեւեկում են միայն փլատակների թափոններով բեռնված բազմաթիվ ինքնաթափ բեռնատարները:

Ազատ մուտք ունեցող փողոցներում չկան աղմուկ-աղաղակով խաղացող երեխաներ ոչ էլ անցուդարձ անող խաղաղ բնակիչներ, փոխարենը  ամենուր կարելի է տեսնել նորահայտ թուրքական դրոշներ ու ազգայնական գրաֆիտիներ:

Այս պայմաններում, բնականաբար, մարդիկ ամեն տեսակի վարկածներ են առաջ քաշում քաղաքի պատմական կենտրոնի ապագայի մասին, մինչ ինտերնետում շրջանառվում են ավերված քաղաքի լուսանկարները, ըստ այնմ՝ քաղաքը հիմնահատակ քանդելու են, իսկ վերակառուցման գործը տալու են TOKI շինընկերությանը, նոր քաղաքը վերաբնակեցնելու են սիրիացի փախստականներով, միայն խարխուլ տներն (gecekondu) են քանդելու՝ ապահովելու համար պատմական կառույցների տեսանելիությունը… Ամեն դեպքում պարիսպներից ներս բնակվող դիարբեքիրցի հասարակությունն ահնհետանալու է, իր տեղը զիջելով, լավագույն դեպքում, Դիարբեքիրլանդ քաղաքի «էլիտարացված» կենտրոնին:

Դիարբեքիրը կվերածվի՞ արդյոք մի նոր Պալմիրայի: 2015թ հուլիսի 4-ին Դիարբեքիրի պարիսպներն ու Հեւսելի պարտեզների մշակութային լանդշաֆտն ընդգրկվել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Այդ իսկ պատճառով բախումների ընթացքում KUDEB-ի (Մշակութային արժեքների պահպանման, օգտագործման և վերահսկման գրասենյակներ) փորձագիտական խմբի կողմից զեկույցներ էին պատրաստվել և ներկայացվել Թուրքիայի  Մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը, որը մասնավորաբար ֆինանսապես ներգրավված է ՄԱԿ-ի Գիտության և Մշակույթի Կազմակերպությունում, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի թուրքական ազգային կոմիտեին,   ԻԿՕՄՕՍ-ի թուրքական ազգային կոմիտեին, ICORP-ի թուրքական ազգային կոմիտեին:

Նշվեց, որ պատմամշակութային այս վայրի կառավարումը գտնվում է մի շարք միջազգային խարտիաների պահպանության ներքո, որոնք ստորագրել է Թուրքիան: Դրանց թվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության մասին համընդհանուր հռչակագիրը (2001թ), Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան (Փարիզ՝ 2003թ), Համաշխարհային մշակութային ու բնական ժառանգության պաշտպանման կոնվենցիան (Փարիզ՝ 1972թ), Զինված հակամարտությունների դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիան (Հաագա` 1954), Վենետիկյան խարտիան  (1964թ) և Ամստերդամի հռչակագիրը (1975 թ.), ինչպես նաեւ «Մշակութային ու բնական ժառանգության պաշտպանություն» խորագրով Թուրքիայի սահմանադրության N 2863 ակտը:

Պացիֆիստների հրադադարին ուղղված կոչերը հիշեցնում էին, որ Դիարբեքիրի բարձր պարիսպներն ու Հեւսելի պարտեզները վերջերս էին միայն գրանցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Այդ առթիվ, 2015թ նոյեմբերի 28-ի չարագուշակ այդ օրը, վնասված հուշակոթողներից մեկի առջեւ տված մամուլի ասուլիսի ընթացքում սպանվեց Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչին:

Պատմական ակնարկ Սուրի շրջանի մասին

Այստեղ հարկ ենք համարում անդրադառնալ Դիարբեքիրի կենտրոնի պատմական կարեւորությանը և բացատրել, թե ինչու է այսօր այնքան կարեւոր պահպանել Սուրի հին փողոցների «նախնական» դասավորվածությունը: Anatolia Antiqua-յում լույս տեսած մի շարք հոդվածներում արդեն ցույց է տրվել, որ քաղաքի փողոցների ներկայիս հյուսվածքը լավ աղբյուր է հասկանալու պարիսպներով շրջապատված այս վայրի հռոմեական ու բյուզանդական պատմությունը: Ընդ որում՝ ըստ բավական հայտնի մեխանիզմի,  սկզբնապես հելլենիստական և/կամ հռոմեական բազմաթիվ քաղաքներ իրենց քաղաքաշինական հյուսվածքի ժամանակակից ցանցում պահպանել են  տարածության նախկին դասավորությունների հիշատակը: Տների ֆասադների, փողոցների, ծառերի շարքերի հաջորդականությունից կազմված յուրաքանչյուր դասավորություն և այն ամեն ինչը, որ ներառում է քաղաքային լանդշաֆտը վկայում է այդ հատկանշական շարունակականության մասին:

Տարբեր հողակտորների հատակագծերի դիտարկումն ու վերլուծությունը որոշիչ եղան հասկանալու հռոմեական քաղաքի զարգացման նախկին փուլերը, ինչը, հետեւաբար, հնարավոր դարձրեց ավելի հստակեցնել պարիսպների թվագրումը: Նմանապես, քաղաքային հյուսվածքը պահպանել է հողակտորների անկանոնությունները, որոնք Ամիդայի անտիկ շքեղության փխրուն արտացոլումն են: Այսպես՝ Դաբանօղլու թաղամասի հողակտորների  ուսումնասիրությունը թույլ տվեց երեւան բերել հինավուրց մի թատրոնի հետքը: Քաղաքի արեւելքում ու արեւմուտքում գտնվող փողոցների ընդհանուր ուղղվածության տարբերությունը թույլ տվեց ավելի լավ հասկանալու Ուլու Ջամիի հատակագիծը, ենթադրելու հռոմեական ֆորումի առկայությունը այս վայրում և տեղավորելու շենքի արեւմտյան ճակատի կառուցումը իր հռոմեա-բյուզանդական համատեքստում: Ի հայտ եկած այլ անոմալիաներ եւս թույլ են տալիս կարեւոր ենթադրություններ անել հնագույն քաղաքի տեղագրության վերակազմման մասին, ըստ որում՝ ասորական տեքստերում բազմիցս հիշատակված հնագույն հուշարձանները պետք է ուսումնասիրվեն քաղաքային այդ հյուսվածքի հետ համադրելով: Այս կայունությունը այն կարմիր թելն է, որը թույլ է տալիս գրել Ամիդա/Դիարբեքիրի քաղաքաշինական և տեղագրական պատմությունը, քանի որ քաղաքի պատմական շերտը կազմող հասարակական կամ կրոնական շինությունների մեծ մասը (ժողովրդական կամ ազնվական/պատրիկյան բնակավայր) այդ փողոցների թնջուկն է կազմում: Ընդհանուր  առմամբ հաշվառված է ոչ պակաս, քան 595 պատմական շենք, որից 147-ը կարելի է գրանցել որպես պատմական հուշարձան, իսկ մնացած 448-ը որպես քաղաքացիական ճարտարապետության ուշագրավ նմուշներից:

Յենիքափը փողոցի ամբողջ երկայնքով, օրինակ, պատմական շենքեր են փռված, քանի որ ժամանակին այն եղել է պատմական կենտրոնի դեկումանուսը (հին հռոմեական քաղաքներում արևելքից արևմուտք ձգվող փողոց, թարգմ.) և հենց այդ կարգավիճակն է, որ բացատրում է դրանց առկայությունը. Շեյխ Մուհաթթար մզկիթն իր չորսոտանի մինարեով, Սուրբ Կիրակոս եկեղեցին, քաղդեական եկեղեցին և մի սինագոգ տեղակայված են այս մայրուղու վրա, քանի որ վերջինս, ըստ հռոմեական հատակագծի, հիմնադրվել էր որպես գլխավոր փողոց:

Այս հատակագիծը նույնքան կարեւոր է միջնադարյան և օսմանյան քաղաքի ուսումնասիրության համար: Պատմական աղբյուրները հիշատակում են նաեւ անտիկ ժամանակաշրջանին հաջորդող դարերին վերաբերյալ մի ամբողջ շարք հուշարձաններ, որոնք  դեռեւս տեղում են կամ անհայտացած: Այնպես որ Սուրի շրջանում հնարավոր է վերականգնել Սուլեյման փաշայի հնագույն ջրանցույցը (ակվեդուկ), և դա բազմաթիվ օրինակներից մեկն է միայն:

Այսպիսով, հասկանում ենք, որ անչափ կենսական է պահպանել պատմական կենտրոնի հողատարածքների ամբողջականությունը, և որ այդ տարածքների որեւէ փոփոխություն անդառնալիորեն կոչնչացնի Սուրի պատմության կարեւոր էջերը: Ուստի, Սուրի շրջանում կատարվածի մասին մեր ունեցած քիչ տեղեկությունները չափազանց մտահոգիչ են, ինչպես օդից նկարված այս լուսանկարը բացահայտում է բնակավայրերի ամբողջական կղզյակների անհետացումն ու Յենիքափը փողոցի շենքերի պատմական դասավորության ոչնչացումը:

Քաղաքացիական պատերազմը Դիարբեքիրում մարդկային և քաղաքական մեծ կորուստներ պատճառեց, և անկասկած այն լուրջ հետեւանքներ կունենա քաղաքի ապագայի վրա: Նախքան պատերազմը Դիարբեքիրը վերածնունդ էր ապրում: 2015թ հուլիսի 4-ին նրա ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում պսակն էր արկածային մի պատմության, որը  հնարավոր դարձավ խաղաղության գործընթացի շնորհիվ, ինչը միառժամանակ թույլ էր տվել հավակնոտ մշակութային քաղաքականություն վարել, թեկուզեւ տարբեր դերակատարները տարբեր ծրագրերով էին հանդես գալիս: Սուրի շրջանում՝ 1990-ականների փախստականների հոսքից և քաղաքային կառույցների վրա ունեցած հետեւանքներից հետո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում գրանցվելը մեծ հույս էր ներշնչում քաղաքի բնակիչներին: Անհատական, իսկ հաճախ հավաքական նախաձեռնությունների շնորհիվ քաղաքը կամաց-կամաց վերստին էր սկսում ապրել: Դրանք, որպես կանոն, հանգեցրել էին ավանդական շենքերի վերականգնմանը, ինչպիսիք են Դիարբաքըր էվին և Սյուլուքլու Հանը (իջեւանատուն, թարգմ.) և նրանց բացումը հանրությանը՝ համատեղ իրականացնելու համար տեղական և փոքր առեւտրական ծրագրեր: Եւ նաեւ այս միջավայրն է՝ միասնական այս շահագրգռվածությունը, որ ստեղծեց «ՅՈՒՆԵՍԿՕ-ի դինամիկան», որը հնարավոր դարձրեց Սուրի ընդգրկումը համաշխարհային ժառանգության ցուցակում: Հետեւաբար Սուրը պետք է մնա՝ ինչպես կա:


1. Մշակութային ժառանգություն. Սուրի (Դիարբեքիր) վարչական շրջանում հասցված վնասների հաշվարկում: Զինված հակամարտության հետեւանքը, Դիարբեքիր, 2016թ մարտի 30, Մեծ Դիարբեքիրի քաղաքապետարանի զեկույց:

 

Հոդվածը լույս է տեսել 2016թ մայիսի 3ին Ֆրանսիական Անատոլիական ուսումնսիրությունների ինստիտուտի DIPNOT կայքում: