Ի՞նչ տեղի կունենա 2015թ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների օրը:

Ստեղծված Երկուշաբթի, Ապրիլի 13, 2015, ժ. 06:55-ին
 
 
 

Ի՞նչ տեղի կունենա 2015թ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների օրը:



Ի՞նչ տեղի կունենա 2015թ ապրիլի 24-ին: REPAIR-ը հարցն ուղղեց Թուրքիայի, Հայաստանի և Սփյուռքի կարծիք ձեւավորողներին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի այդ օրը, որին հայերը ցանկացան համաշխարհային հնչեղություն տալ, մրցակցության մեջ հայտնվեց Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությունների հետ, որոնք այս առիթով թուրքական կառավարության կողմից տեղափոխվեցին ապրիլի 24: Այդ օրը ոմանց համար կլինի սովորական հիշատակի օր, այլոց համար՝ ավերիչ ցունամի, քաղաքական հետևանք չունեցող իրադարձություն կամ պարադիգմի փոփոխության սկիզբ... Կարծիքները շատ տարբեր են ու բազմազան:

 

Հայացք Թուրքիայից
   

Ահմեդ Ինսել՝ Գալաթասարայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր

Հանրապետության նախագահը ապրիլի 24-ին ներկա է լինելու Չանաքքալեի (Դարդանել, Գալիպոլի) ճակատամարտի ոգեկոչման արարողությանը: Այդ առթիվ Հայոց ցեղասպանության հետ կապված որեւէ բան կասի՞ նա արդյոք, կնախընտրի՞ նա այդ բանն անել Չանաքքալեում, չեմ կարող ասել: Ցավերի միջեւ հավասարակշռություն ստեղծելու փորձ կարող է արվի: Չեմ կարծում, որ ո՛չ նախագահը, ո՛չ էլ վարչապետը կճանաչեն ցեղասպանությունը:

   

Այշե Գյունայսու՝ Մարդու իրավունքների ասոցիացիա

Մշտապես մարտի 18-ին տեղի ունեցող Չանաքքալեի ոգեկոչումները ապրիլի 24 տեղափոխելով՝ Թուրքիայի հանրապետությունը հայերին վիրավորող այնպիսի անհարգալից  վերաբերմունք դրսեւորեց, որ ես անձամբ թուրքական պետությունից ապրիլի 24-ին ոչ մի դրական քայլ չեմ ակնկալում: Հակառակ ուղղությամբ եւս՝ այսինքն Թուրքիայում տեղի ունենալիք հիշատակի ոգեկոչումներին վնաս հասցնելիք հարձակումներ չեմ սպասում: Ստամբուլում և գլխավորաբար Դիարբեքիրում Մարդու իրավունքների ասոցիացիայի 28 մասնաճյուղերում տեղի ունենալիք ապրիլ 24-յան ոգեկոչումների անտեսման համար հնարավոր ամեն ինչ արվելու է: Այդ ոգեկոչումները, ամենայն հավանականությամբ, իշխանամետ հեռուստակայաններով չենք տեսնելու: Կարծում եմ, որ էկրանները չափից շատ լցված են լինելու Չանաքքալեին նվիրված հաղորդումներով ու տեսանյութերով:

   
 

Իրֆան Աքթան՝ լրագրող, Express շաբաթաթերթ

ԱԶԳ-ն (AKP, Արդարություն և զարգացում կուսակցություն) իր այսօրվա մտայնությամբ միայն սրտեր է խոցելու, վերքեր է բացելու: Նա դա անելու է համարձակությամբ կամ էլ հակաքարոզչությամբ: Այսսինքն՝ նա ձեւ է անելու, որ 1915-ին պատահածը իրեն ցավ է պատճառում, բայց իր ազգայնական ընտրազանգվածին հասկացնել է տալու, որ իսկական ցավ չի ապրում դրա համար: Եթե կան մարդիկ, որ հույս ունեն թե Թուրքիայում մի նոր քամի է փչելու, նախորդ պետության արածները հարցականի տակ են դրվելու, ապա թող իմանան, որ այդպիսի բան տեղի չի ունենալու: 2015-ին Թուրքիայում սգո մթնոլորտ չի լինելու, լինելու է կեղծավորության մթնոլորտ:
Հայաստանին «Ցավում ենք, շատ ցավալի բաներ են տեղի ունեցել» ասելը ոչ մի իմաստ չունի: Այդ ասելով հանդերձ, ԱԶԳ-ն իր ընտրազանգվածին հետեւյալն է ասելու՝ «Տարին մի կերպ փակելու համար այս պահին մենք պետք է համարձակ ելույթներ ունենանք»: Ոչինչ չի արվելու հանուն մարդկության: Ամեն ինչ արվելու է հանուն քաղաքականության: Ցեղասպանության ցավն ապրող մարդկանց վիրավորող շատ բաներ են արվելու: Հավանական է արվեն մի քանի կեղծ քայլեր՝ հայկական մի եկեղեցու ցուցադրական վերանորոգում կամ կառավարության աջակցությամբ մի ֆիլմի նկարահանում: Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ կատարված շատ ծանր ոճիր է: Հասկանում եմ, որ մի հասարակության համար դժվար է կրել ցեղասպանության պատասխանատվությունը: Սակայն այդ մեղքի հետ չառեսվելը նշանակում է մնալ հավերժ ուրացող, երեսպաշտ և հիվանդ: Այդ տրավման սերնդե սերունդ է փոխանցվելու: Թուրքիայում ծնկաչոք ներողություն խնդրելու պատրաստ իշխանություն չկա: Պարզապես փորձելու են մի կերպ 2015 թվականը ավարտին հասցնել: Նրանց թվում է, թե 2016 թվական մտնելով հարցը կփակվի, կարծես հույս ունենալով, որ ժամանակը մոռացության կմատնի տեղի ունեցածը: Իսկ տրավմայից չազատվելով հիվանդությունն է՛լ ավելի է խորանալու:

   
 

Ալի Դուրան՝ IMC TV-ի լրատվական տնօրեն

Կառավարությունը հայտարարեց, թե ինչ է անելու ապրիլի 24-ին: Մարտի 18-ի Չանաքքալեի հիշատակի արարողությունը ապրիլի 24 տեղափոխելով, պետությունների ղեկավարներին հրավիրելով, այդ թվում նաեւ Հայաստանի նախագահին, նա փաստորեն ազդարարեց, որ անցյալ տարվա ցավակցական ուղերձից հետ քայլ է անում:  Իրականում, կառավարության կատարած այս խանգարիչ, կործանարար, ավերիչ հետքայլը շատերի սրտով է՝ սկսած դասական իսլամականից ու ազգայնականից, վերջացրած ձախերով: Հունիսի 7-ի ընտրությունների նախօրեին նա թե՛ ազգայնական ընտրողներին է սիրահետում և թե՛ իր մեջի ազգայնական հատվածին է սիրաշահում: Սրանից էլ եզրակացնում ենք, որ նախորդ հայտարարությունը տակտիկական էր, ժամանակ շահելու նպատակ էր հետապնդում:
Այս մոտեցումից երեւում է, որ նրանք 2015-ին չեն էլ պատրաստվում հասկանալ ցեղասպանությունը, է՛լ ուր մնաց ճանաչելը: Բայց հասարակության մեջ իրազեկվածությունը բարձրանում է: Արդեն քանի տարի է՝ Թաքսիմի հրապարակում տեղի են ունենում ոգեկոչման լուրջ արարողություններ, որոնց մասնակցում են գնալով ավելի մեծ թվով մարդիկ, և  դա իր արտահայտությունն է գտնում մամուլում: Աճող HDP-ի (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) ծրագրում ընդգծվում է 1915թ ցեղասպանությունը, նրա կադրերը հաճախ են հնչեցնում այդ հարցը: Կարելի է ենթադրել, որ քաղաքացիական ասպարեզում Ցեղասպանության հարյուրամյակին պատշաճ սգո և կարեկցանքի մթնոլորտ կլինի, սակայն մենք նման բան չենք կարող սպասել ո՛չ իշխանություններից, ո՛չ էլ աջակողմյան կուսակցություններից:

   
 

Արիս Նալջը, IMC TV-ի հեռուստածրագրի պրոդյուսեր

Ի՞նչ կուզենայինք տեսնել ապրիլի 24-ից հետո: Թուրքիայի հայկական գյուղերի անունները քարտեզի վրա տեսնել: Կուզենայի, որ Անիին ոչ թե Անը, այլ Անի ասվեր: Կուզենայի հավատալ Հանրապետության նախագահի ցավակցական ուղերձին: Սակայն իրականում ի՞նչ է տեղի ունենալու: Բոլոր լրատվամիջոցների վերնագրերը նվիրված են լինելու Չանաքքալեի տոնակատարություններին: Հայաստանում ոգեկոչվելու է ցեղասպանության 100-րդ տարելիցը, բայց իրականում այդ ոգեկոչումը պետք է տեղի ունենար այն հողերի վրա, որտեղ կատարվել է ցեղասպանությունը: Այն, ինչ Թուրքիան փորձում է անել՝ թերեւս Թուրքիայում իր ազդեցությունը կունենա, բայց չի կարող ազդել աշխարհի անցուդարձի վրա:
Հիշատակի ոգեկոչումներ են լինելու Դիարբեքիրում, Վանում, Բիթլիսում: Մենք տեսնում ենք, որ քուրդ ժողովուրդը՝ մի կողմ թողնելով օգտագործված լինելու դիսկուրսը, առերեսվում է մեղսակից լինելու հանգամանքի հետ: Մյուս կողմից, Թուրքիայում ընդհանուր առմամբ ավելի շատ է խոսվում ցեղասպանության մասին:
Միեւնույն ժամանակ, սա մի փորձություն է: Ընտրություններին ընդառաջ հայերի նկատմամբ ԱՇԿ-ի (MHP, Ազգայնական շարժում կուսակցություն) ԱԶԿ-ի և ԺՀԿ-ի (CHP, Ժողովրդա-հանրապետական կուսակցություն) թշնամական դիսկուրսին ենք վկա լինելու: Ապրիլյան հիշատակի միջոցառումների առիթով հավանորեն նախատինքի խոսքեր ենք լսելու: «Կներեք, բայց ինձ անգամ հայ են ասել»՝ ահա այսպես արտահայտվող նախագահի հետ գործ ունենք: Եթե այս հարցում Թուրքիայում ինչ-որ անկեղծ մոտեցում գոյություն ունի, կարծում եմ՝ նոր կառավարության ձեւավորումից հետո կերեւա:

   
 

Ալի Բայրամօղլու՝ Յենի Շաֆաք օրաթերթի սյունակագիր

Հարյուրերորդ տարելիցը շատ կարեւոր է թե՛ հայերի և թե՛ մարդկության պատմության համար: Սակայն դրա կարեւորությունը կարծես պետությունն ու հասարակությունն այս հանգրվանում չեն զգում: Դա երկու պատճառ ունի: Թուրքիան քաղաքական մեծ ճգնաժամ է ապրում: ԱԶԳ-ն սկսել է հետընթացի մի ժամանակաշրջան և դրա ցնցումների մեջ է գտնվում: Պետությանը թվում է, թե 2015-ը անտեսանելի վտանգ է, որից պետք է խուսափել: Չենք կարող ասել, որ 5-6 տարի առաջ սկսված ցեղասպանության հետ առերեսման գործընթացի բարձրակետում ենք գտնվում: Հարյուրամյակը ձեւավորվելու է հայերից եկող նախաձեռնություններով:
Այս հանգրվանում Թուրքիայից կարելի է ակնկալել 2005թ սկված հանրային իրազեկման գործընթացի՝ քաղաքացիական հասարակության մասնակցությամբ խորացումը, ցեղասպանություն բառի օգտագործման նորմալացումը: Այս առումով թուրքական պետությունն արդեն մի քայլ արել է. Հրանտ Դինքի մահվան տարելիցի առիթով հրապարակված հայտարարության մեջ հղում կատարվեց ցավակցական ուղերձին: Սակայն այս տարի շատ կոնկրետ քայլեր չեմ սպասում: Գուցե հանրապետության նախագահի պաշտոնական կայքում կարճ մի հաղորդագրություն լինի: Բայց չեմ կարծում, որ դրանից բացի որեւէ բան կարվի:

   
 

Եդուարդ Տանձիկյան՝ Ակոս շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

Ապրիլի 24-ին ի՞նչ ենք սպասում կառավարությունից: Գիտենք, որ մեր սպասածը չի անելու: Տարիներ է սպասում ենք, որ ընդունեն, թե այս հողերի վրա մի չարիք է գործվել և դրա հետ առերեսվեն: Այս տարի իրատեսական չի լինի ակնկալել, որ Թուրքիան կճանաչի ցեղասպանությունը, սակայն սպասում ենք, որ առնվազն ընդունվի այս հողերի վրա հայերի դեմ գործված չարիքը և կատարված անարդարությունը: Համոզված եմ, որ պետությունը դա էլ չի անելու: Ուրեմն ի՞նչ կարող է անել. դրան մոտիկ քայլեր կարող է անել: Անցյալ տարի ցավակցական ուղերձ էր հրապարակվել: Թերություններով ու պակասություններով հանդերձ, այդ հայտարարությունը նախկինի համեմատ առաջընթաց քայլ էր թվում: Երեւի թե անցյալ տարի արված քայլը շատ համարվեց, որ այս տարի որոշեցին Չանաքքալեի հաղթանակը նշել ապրիլի 24-ին: Իհարկե, դա խիստ ամոթալի քայլ էր: Այլեւս շատ պարզ է, որ ԱԶԳ-ն մեր սպասածը չի անելու, փոխարենը՝ մեր չսպասածն է անելու: Ինչպես քրդական հարցի կարգավորման գործընթացում՝ երբ մի դրական քայլ են անում, անպայման երկու բացասական քայլ էլ պիտի անեն:

   

Հայացք Հայաստանից

   
 

Արա  Պապյան – Կանադայում ՀՀ նախկին լիազոր դեսպան, Մոնդուս-Վիվենդի վերլուծական կենտրոնի նախագահ

Հայ ժողովուրդն անօրինակ մասնակցությամբ կոգեկոչի Հայոց ցեղասպանության 100-ամյակ տարելիցը: Աշխարհում իր նախադեպը չունեցող մեծ ու հուզիչ հիշատակի օր կլինի այդ օրը:
Այսուհանդերձ, 2015թ. ապրիլի 24-ին ԱՐԴՅՈՒՆՔԻ առումով էական ոչինչ տեղի չի ունենա: Այսինքն, կլինեն բազմաթիվ ձեռնարկներ, ելույթներ, համերգներ, ֆիլմերի դիտումներ և այլն՝ սակայն մնայուն հետևանքի՝ արդյունքի առումով,  ոչ մի լուրջ բան: ՀՀ իշխանությունները հանդես չեն գա որևէ քաղաքական կամ իրավական փաթեթով, որի մեջ հստակեցված լինի երեք հիմնական հարցի պատասխանը՝ ի՞նչ ենք ուզում, ինչի՞ հիման վրա ենք ուզում և ինչու՞ ենք ուզում: Կլինի մի անտեսանելի, բայց ակնհայտ մրցակցություն ՀՀ և Թուրքիայի իշխանությունների միջև՝ ով ավելի շատ ու կարևոր մարդկանց կհաջողացնի հրավիրել:
Երբ 2015թ. տարեվերջին ամեն ինչ հանդարտվի, պարզ կդառնա, որ էլի մի փոքր խումբ նվիրյալներն են շարունակում եւ շարունակելու պայքարել արդարության վերահաստատման համար:

   
 

Արամ Աբրահամյան – Առավոտ թերթի գլխավոր խմբագիր

Կլինի սովորական ապրիլի 24: Պարզապես դրանից առաջ միջոցառումները Հայաստանում եւ աշխարհում ավելի շատ կլինեն, լրատվամիջոցներն այդ թեմայով ավելի շատ կգրեն, այդ օրը Հայաստան եկած հյուրերի թիվը, այդ թվում` բարձրաստիճան, ավելի շատ կլինի:
Մենք` հայերս, հատուկ ուշադրություն ենք դարձնելու, թե որ երկրների ներկայացուցիչներն են այդ օրը գնալու Թուրքիա եւ ամոթանք ենք տալու այդ մարդկանց:
Այս տարվա ապրիլի 24-ից հետո Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները կասեն, որ 100-ամյակով ոչինչ չի ավարտվում: Հակառակը` սկսվում է:

   
 

Թեւան Պողոսյան – ԱԺ պատգամավոր

2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, ամբողջ հայ ազգը հիշելու է մեկուկես միլիոն հայերին: Վստահ եմ, որ ամբողջ աշխարհում չի լինի մի հայ, ով այդ օրը չէր ցանկանա այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և խոնարվել 1500000 զոհերի հիշատակին: Բայց ոչ բոլորը կկարողանան դա անել և փոխարենը կայցելեն աշխարհով մեկ սփռված սփյուռքահայ օջախներում նահատակների հիշատակին բարձրացված տարբեր հուշարձաններ: Մենք մենակ չենք, և մեր շատ բարեկամներ, թերևս ոչ պաշտոնական մակարդակում, նույնպես կխոնհարվեն մեզ հետ միասին ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Թեև ապրիլի 24-ը հիշատակման օր է լինելու, վստահ եմ, որ այն նաև համախմբման և նոր ոգեշնչման սկիզբ է լինելու և մենք հպարտանալու ենք, որ կանք, շատանալու ենք և պայքարելու հայ ազգի հզորացման համար:

   
 

Նունե Սարգսյան – Մեդիա նախաձեռնություններ կենտրոնի (նախկին Ինտերնյուզ) տնօրեն

Իրականում սպասելիքներ չկան: Կլինեն մի շարք ելույթներ, հնարավոր է՝ որոշ բարձրաստիճան հյուրեր: Բայց համոզված եմ, որ դեռեւս կշարունակենք մնալ մեր ճանաչման պայքարի գործընթացում: Գուցե մի քանի երկիր ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչը, իհարկե, կարեւոր էմոցիոնալ կապիտալ է, չնայած, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվի: Հնարավոր է՝ տեղեկացվածության, բացահայտումների, գիտելիքների մեծ հոսք լինի, ինչը նույնպես շատ դրական զարգացում կլինի: Բայց չեմ կարծում, որ այլ որեւէ լուրջ փոփոխություն է պետք սպասել:

   
 

Հակոբ Բադալյան - Լրագիր ինտերնետային կայքի քաղաքական մեկնաբան, լրագրող

Ապրիլի 24-ին կարծում եմ գագաթնակետին կհասնի «անմոռուկային տենդը», որը 100-րդ տարելիցի կապակցությամբ ծավալվել է Հայաստանում: Դժբախտաբար, ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջադարձային հանգրվանը Հայաստանում բովանդակության փոխարեն, ինչպես միշտ ստացավ ընդամենը ձեւ: Առնվազն այդ օրը կարծում եմ  առավելապես ձեւի մեջ կմնա նաեւ իրավիճակի քաղաքական կողմը: Քաղաքական ինտրիգը սահմանափակվել կամ նեղացվել է Հայաստանի եւ Թուրքիայի աշխարհի պետությունների առաջնորդներին արված հրավերների շուրջ մրցությամբ՝ ո՞վ Հայաստան կգա, ո՞վ կգնա Թուրքիա՝ Գալիպոլիի տարեդարձ նշելու, Հայաստա՞ն ավելի շատ առաջնորդ կգա, թե Թուրքիա, ուշադրության կենտրոնում կլինի առանձին պետությունների պահվածքն այդ օրը, առաջնորդների հայտարարությունները, կամ դեմքի արտահայտությունները եւ այլն: Ընդ որում այդ ամենը հղի է նաեւ ընդհանրապես քաղաքական խնդիրների հարցում հասարակական կարծիքի մոլորեցման եւ ավելի երկարաժամկետ խնդիրների նենգափոխման վտանգով: Իսկ ավելի երկարաժամկետ ազդեցության իմաստով կարծում եմ առավել նշանակալից իրադարձություններ պետք է սպասել 24-ից առաջ կամ հետո: Իսկ այդ օրը կարող է դրսեւորվել, ինչ որ «տեսք» ստանալ ավելի վաղ տեղի ունեցած որեւէ իրադարձություն կամ մեկնարկած որեւէ գործընթաց:

   
 

Ալեքսանդր ԻսկանդարյանԿովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Հայաստանի մաստաբներով բավական լայնածավալ կհիշատակվի: Կլինեն բարձրաստիճան հյուրեր, ինչպես արդեն հայտնի է դարձել ՌԴ նախագահ Պուտինը կլինի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդը, Կիպրոսի նախագահը եւ գուցե այլ երկրների ղեկավարներ: Ապրիլի 24-ին հայ-թուրքական հարաբերություններում որեւէ փոփոխություններ չեն գրանցվի: Թուրքիայի փորձը, Գալիպոլիի միջոցառումներն ապրիլ 24-ին տեղափոխելով, խանգարել ցեղասպանության 100-րդ տարելիցի նկատմամբ ցուցաբերվելիք ուշադրությանը կձախողվի, ավելին հակառակ ազդեցություն կունենա եւ միջազգային հանրությունն ավելի կկարեւորի Երեւանյան միջոցառումները: Գլոբալ քաղաքական փոփոխություններ չեն լինի, կյանքը ապրիլի 24-ից հետո նույն հունով կշարունակվի, այդ օրն անցյալ կդառնա: Բայց ցեղասպանության ճանաչման պայքարը կշարունակվի, յուրաքանչյուր երկրում ունենալով յուրովի դրսեւորում: Ցեղասպանության ճանաչման պայքարը դա մի գնացք է, որին ոչ կանգնեցնել կլինի, ոչ էլ դրան ինքնաթիռ դարձնել:

   
Հայացք Հայկական Սփյուռքից
   
 

Քեն Հաչիկյան  - Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ

Աշխարհով մեկ ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումների արդյունքում Հայոց Ցեղասպանության մասին իրազեկվածությունը աննախադեպ կերպով կբարձրանա:
2015թ.-իապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները ծրագրավորելով ` Թուրքիան հիմար վիճակում կհայտնվի: Էրդողանի վերջին հայտարարությունը այն մասին, թե հայերը, անցկացնելով 2015թ.-ին ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանությանը նվիրված իրենց միջոցառումները, փորձում են նվազեցնել Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումների կարևորությունը, նրան անհեթեթ վիճակի մեջ են գցում:
Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումները էլ ավելի կակտիվացնեն Հայ Դատի շարժումը` Թուրքիային պատասխանատվության կանչելու էլ ավելի մեծ ուժ ստեղծելով և չսահմանփակվելով Թուրքիայի կողմից Ցեղասպանության ընդունմանն ուղղված ուղղակի կոչերով, այլև ներառելով Թուրքիայի կողմից մարդկության դեմ իրագործված հանցագործությունների դիմաց արդարության, փոխհատուցման և վերականգնման կոչերը:
Թուրքիան կշարունակի ժխտել իր մեղքը և կշարունակի այլ երկրներին շանտաժի ենթարկելու իր գործելաոճը, որպեսզի վերջիններս չճանաչեն Հայոց Ցեղասպանությունը: Նրանց շանտաժային հաջողությունը կարճ կյանք կունենա, քանի որ քաղաքակիրթ աշխարհը կորցնում է իր համբերությունը` կապված առաջինների ակնհայտ կեղծ դիրքորոշման հետ:
2015թ-ի ապրիլի 24-ից հետո Հայ Դատի շարժումը ավելի մեծ ուշադրություն կհրավիրի փոխհատուցմանը ուղղված թե իրավական, թե քաղաքական ջանքերի վրա: Թուրքիան ավելի ու ավելի կմեկուսանա իր ժխտողական արշավի մեջ:

   
 

 Շահան Կանդահարյան – Լիբանանի Ազդակ թերթի գլխավոր խմբագիր

Ապրիլի 24-ին քաղաքական առումով կտրուկ փոփոխություն կամ հիմնական շրջադարձ չեմ ակնկալում։ Քաղաքական իրադարձությունները կլոր տարեթվերի կամ առ հասարակ թվականների հետ չեն առնչվում։ Բայց  իհարկե Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման տարողությունները նոր ծավալներ կնվաճեն։ Կկարեւորվի Թուրքիայի տարբեր շրջաններում ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումները։ Դրանք կլինեն արտոնելի որոշ սահմաններում եւ տարբեր ուղերձներ կփոխանցեն պաշտոնական Անկարային, թուրքական հասարակությանը, մեզ` հայկական կողմին ընդհանրապես եւ միջազգային հանրությանը։
Թուրքական կողմը « մեկ քայլ առաջ երկու քայլ հետ » վարքագծով կարող է իմիտացիոն խաղաղասիրական գործողություն ցուցադրել եւ իբրեւ ժեստ քայլ անել, համանման ցավակցագրին, վերադարձի կամ քաղաքացիության իրավունքների շնորհման հայտարարության, եւ այլն։ Գալիփոլին, ըստ թուրքական առաջադրանքի, չի հաջողի ստվերում թողել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակումները:
Ներհայկական առումով Համահայկական Հռչակագրի ճշտած հիմնադրույթների հիման վրա կկազմվի հատուցման իրավական թղթածրարը, համահունչ`միջազգային օրենքի։ Սա կլինի համահայկական կարեւորագույն շրջադարձը։ Բայց գուցե ավելի ուշ քան ապրիլի 24-ը։

   
 

 Կայծ Մինասյան՝ ֆրանսիացի լրագրող և քաղաքագետ

Տեղի է ունենալու այն, ինչ երբեք տեղի չի ունեցել մարդկության պատմության մեջ, այսինքն մի ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումը: Այնուհետեւ յուրաքանչյուր պետության և մեզանից յուրաքանչյուրի գործն է որեւէ կերպ արտահայտվել այդ տարելիցի մասին: Ինչպե՞ս են պետություններն ու հասարակությունները արձագանքելու այդ իրադարձությանը, և ի՞նչ ելույթներ են հնչելու: Կլինե՞ն արդյոք ելույթներ, որտեղ կոչ կարվի Թուրքիային առերեսվել իր պատմության հետ: Կլինե՞ն խաղաղության կոչեր: Պարադիգմը փոխելու հայերին ուղղված կոչեր: Պե՞տք է արդյոք ապրիլի 25-ի առավոտյան փոխել մոդելը և այլեւս չանել այն, ինչ արել ենք վերջին հիսուն տարիներին: Կարծում եմ՝ ցանկալի կլիներ: Այսօր բոլորն էլ գիտեն, որ  տեղի ունեցածը ցեղասպանություն էր. հարցը ճանաչումը չէ, ավելի շուտ փոխհատուցման հարցն է, որ պետք է կարեւորվի: Կարծում եմ, որ նոր պարադիգմը պետք է սա լինի: Ինչն, իհարկե, նոր հարցեր է առաջացնում. ո՞վ է իրավասու պահանջել: Պետությո՞ւնը: Չէի ասի: Եկեղեցի՞ն և կուսակցություննե՞րը: Ոչ էլ նրանք: Մենք պետք է ստեղծենք սփյուռքյան մի նոր համաշխարհային կազմակերպություն` ժողովրդավարական հիմունքներով: Իմաստ ո՞ւնի արդյոք պահանջել որեւէ բան: Իսկ ի՞նչ է պետք պահանջել: Թուրքիան պատրա՞ստ է ընդառաջել նման պահանջին: Ինչպե՞ս է միջազգային հանրությունը արձագանքելու դրան: Կարծում եմ, գոնե, հուսով եմ, որ ընդհանուր մի բան դուրս կգա այդ միջոցառումից. ճանաչումից կանցնենք ավելի կոնկրետ բաների՝ դեպի հատուցումներ և ավելի լավ ներկայացուցչություն: Պետական մակարդակով Թուրքիան չի ուրանում հայկական ջարդերը, և ես կարծում եմ, որ նրա կողմից մի ժեստ արվելու է՝ ամենայն հավանականությամբ հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո: Իսկ մինչ այդ, մենք դեռ կլսենք կոչեր պատմաբանների հանձնաժողով ստեղծելու, «արդար հիշողության» - արտահայտություն, որը թուրքական կառավարության բերանում հեռացել է իր բուն իմաստից (P. Ricoeur) - կամ այն հանգամանքի մասին, որով հավասարության նշան է դրվում պատերազմի ընթացքում զոհված թուրքերի ու հայերի միջեւ... Ի վերջո, դա կախված է նաեւ Երեւանում հիշատակման  միջոցառումների թողնելիք ազդեցությունից և միջազգային արձագանքից:

   
 

Սարգիս Շահինյան՝ Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվավոր նախագահ

Իր սեփական անցյալի ուրացումը Թուրքիայի ԴՆԹ-ի մաս է կազմում, որի ինքնությունը անպայման կապված է Հայոց ցեղասպանության հետ, ընդ որում տարբեր մակարդակներով՝ սոցիալական, կրոնական, մշակութային, քաղաքական եւ տարածքային: Ցեղասպանության համար պատասխանատու բազմաթիվ հանցագործներ բարձր պաշտոններ ստացան Մուստաֆա Քեմալի հիմնադրած նոր հանրապետությունում: Հենց այս փաստն է, որ Անկարան փորձում է ժխտել այնպիսի նախաձեռնություններով, ինչպիսին է առաջիկա ապրիլի 24-ի միջոցառումը - Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Դարդանելի ճակատամարտի տոնակատարությունների կազմակերպումը -, փորձելով միաժամանակ ստեղծել մարդու իրավունքների ասպարեզում ունեցած  «բարի» համբավից տարբերվող մի նոր իմիջ: Ո՞րն է լինելու մեր գրավականը 2015 թվականի ապրիլի 24-ից հետո: Այն, որ Թուրքիան պետք է  դադարեցնի Հայոց ցեղասպանության ինստիտուցիոնալ ժխտումը և ընդունի դրանում իր պատասխանատվությունը՝ որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետություն: Այն, որ նա պետք է դադարի իրեն նույնականացնել նրանց հետ, ովքեր պատասխանատու են այս հանցագործության համար: Նա պետք է արդարություն ապահովի զոհերի համար և վերանայի իր անցյալը՝ ցույց տալով վերապրողների նոր սերնդին, որ ինքը հասկացել է 1915 թվականին տեղի ունեցածի և հարյուր տարվա ժխտողականության լրջությունը: Ի վերջո, նա պետք է խաղաղություն հաստատի Հայաստանի հետ, ապառազմականացնելով սահմանը և դադարի ռազմական աջակցություն ցույց տալ Ադրբեջանին: Այս ամենին զուգահեռ, ժամանակն է, որ հայերը, Հայաստանում, թե Սփյուռքում, սթափ նայեն իրականությանը և վերանայեն իրենց առաջնահերթությունները, հաշվի առնելով հայ ազգի ինքնության հենց հիմքերը. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը, որն անցնում է Արցախով, ինչպես նաեւ իսկական ավանդույթների հարատեւումը՝ Արեւմտյան Հայաստանի (իմա՛ ներկայիս Թուրքիայի արեւելքը), ինչպես նաեւ ներկայիս Հայաստանի լեզուն, ճարտարապետությունը, նյութական, ոչ նյութական մշակութային ու կրոնական ժառանգությունը: Պետք է, որ ողջ աշխարհի հայությունը առաջ նայի, միասնաբար կառուցելու համար տնտեսապես հզոր ու ժողովրդավարական Հայաստան: Սա այդ ամենն է, ինչ ես ակնկալում եմ հաջորդ ցունամիից, որը կոչվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակ:

   

Հիլդա Չոբոյան՝ Ռոն Ալպի (Ֆրանսիա) շրջանային խորհրդի անդամ

Հայերը որոշեցին, որ 2015թ ապրիլի 24-ը լինի ոգեկոչման միջոցառումների օր, այսինքն մի օր, երբ ոգեկոչվում է հանգուցյալների հիշատակը: Այդ նպատակով Հայաստանն ստեղծեց միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով՝ բաղկացած կառավարության ու սփյուռքի կառույցների ներկայացուցիչներից, եկեղեցուց, քաղաքական կուսակցություններից, համահայկական կազմակերպություններից, թողարկեց 100-ամյակին նվիրված դրոշմանիշ, լոգո եւ խորհրդանշան, որի օգտագործման իրավունքը տրվեց նշանակված ներկայացուցիչների՝ բրգաձեւ ու կենտրոնացված մի կառույցի շրջանակում:
Հարյուրամյակի ազդեցությունն ավելի քան նկատելի է հաստատությունների ու լրատվամիջոցների վրա. հոդվածների պակաս ամենեւին չի զգացվում:
Այս ամենը տպավորություն է ստեղծում, որ հարյուրամյակի կազմակերպումը խիստ համակարգված է և վերահսկվում է:
Սակայն մենք իզուր ենք փնտրում, թե որն է լինելու աշխարհին ուղղված մեր պատգամը: Մի՞թե մենք բավարարվելու ենք մեր նախաձեռնությամբ ՄԱԿ-ի կողմից ընդունված Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւով, երբ դեռ Հայոց ցեղասպանությունը բարոյապես և նյութապես չի փոխհատուցվել: «Հիշողություն ընդդեմ մոռացության» ուղերձն արդեն 1980 թվականներից հնացած է՝ այն բանից հետո, երբ բազմաթիվ երկրների խորհրդարաններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը:
Մեկ այլ առիթով կվերլուծեմ Ֆրանսիայում և Եւրոպայում ժխտողականության քրեականացման ոդիսականը, որը երկար ժամանակ խոստումների և աղմկահարույց հայտարարությունների առարկա դարձավ:
1965թ ապրիլի 24-ին, խորհրդային վարչակարգի կողմից արգելված հիսնամյակին, Երեւանի ցուցարարները վանկարկում էին «Հողերը, հողերը»: Ցեղասպանության 50-րդ տարելիցը մի նոր մեկնարկի սկիզբն էր, որը պիտի ճեղքեր Հայոց ցեղասպանության շուրջ ստեղծված սառը պատերազմի լռության պատը:
Հիսուն տարի անց, մենք պետք է կապիտալացնենք մեր ձեռքբերումները: Մենք ունենք բոլոր տվյալները մեզ համար մի նոր թիրախ ֆիքսելու՝ անհատական եւ հավաքական փոխհատուցումները, Թուրքիայում իսլամացած հայերի քաղաքացիական եւ քաղաքական իրավունքները, նախագահ Վիլսոնի իրավարար վճիռը:
Հայոց ցեղասպանության հարյուրամյակը պետք է օգնի ապահովել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, որոնք նոր ցեղասպանության վտանգի առջեւ են կանգնած: Չկա նպաստավոր քամի այն նավի համար, որը չգիտի, թե ուր է գնում: