Իրավական համակարգը որպես հայերի գույքի բռնագրավման միջոց

Ստեղծված Հինգշաբթի, Սեպտեմբերի 17, 2015, ժ. 04:55-ին
 
 
 

Հայացք Թուրքիայից


 Իրավական համակարգը որպես հայերի գույքի բռնագրավման միջոց

Ումիթ Քուրթլ

 

 
Ումիթ Քուրթլ

Պատմաբան 

Պատմաբան Ումիթ Քուրթի փոխանցմամբ, Օսմանյան եւ հանրապետական ժամանակաշրջաններում հայերի գույքի վերաբերյալ մի շարք կանոնակարգեր եւ օրենքներ են հրապարակվել: Այս օրենքների մեծ մասը կյանքի է կոչվել հանրապետության ժամանակաշրջանում եւ հայտնի է որպես լքյալ գույքերի օրենք: Ըստ Քուրթի Թուրքիայի Հանրապետությունը եւ իր իրավական համակարգը ստեղծվել են այդ հողերում հայերի հետքը վերացնելու եւ մշակութային ու սոցիալ-տնտեսական ունեցվածքի յուրացման հիման վրա: 

 

1913 -1918թթ.-ի ընկած ժամանակահատվածում երկու խոշոր օսմանյան համայնքների՝ հույների և հայերի ունեցվածքը առգրավվել էին հատուկ օրենքների հիման վրա: Այդ օրենքները առնչվում էին կենտրոնական քաղաքականության հետ, ըստ որի այս մարդկանց հեռացրեցին իրենց տներից[1]: Նրանցից յուրաքանչյուրի հանդեպ կիրառված յուրաքանչյուր քաղաքականություն իսկապես ուներ որոշակի տարբերություններ: Այնուամենայնիվ, այդ տարբերությունները չեն ձևավորվել էթնիկ եւ կրոնական տարբերությունների շրջանակում, այլև սահմանվել են փոփոխվող քաղաքականությամբ, ինչին հետևում էր «Միություն և առաջադիմություն» կոմիտեի փոփոխական մարտավարությունը տարբեր ժամանակաշրջաններում և հանգամանքներում: Օրենքների և որոշումների միջոցով հստակ տարբերություններ դրվեցին ոչ միայն հույների և հայերի միջև, այլև այդ համայնքներից յուրաքանչյուրի ներսում: 

Որպես օրինակ, կարելի է նշել 1913 – 1918թթ.-ի ընկած ժամանակահատվածում հույներին վերաբերող երկու կատեգորիաները: Առաջին կատեգորիան ներառում է օսմանյան հույներին, ովքեր առաջին համաշխարհային պատերազմի սկզբին հանդիսանում էին բնակչության փոխանակման առարկա Օսմանյան կայսրության և Հունաստանի միջև: Հունական գույքի փոխանակումը պետք է կառավարվեր ըստ փոխադարձության սկզբունքի:  Չնայած նրան, որ այս համաձայնագիրը ուժի մեջ չմտավ պատերազմի պատճառով, այս կատեգորիայի մեջ ներառվող օսմանյան հույների գույքի առգրավումը և օգտագործումը այնուամենայնիվ տարբերվում էր կայսրությունում բնակվող  հույների մնացած խմբերից: Երկրորդ կատեգորիան ներառում է այն հույներին, ովքեր պատերազմի հետագա տարիներին ափամերձ տարածքներից արտաքսվել են ներքին շրջաններ:

Այսպիսով գոյություն ուներ օսմանյան հույների հանդեպ կիրառվող երկու առանձին քաղաքական գործելակերպ:  Մի կողմից գոյություն ունեին հույներ, ում բռնի կերպով արտաքսել էին Հունաստան, իսկ մյուս կողմից հույներ, ում քշել էին ծովափնյա քաղաքներից դեպի ներքին շրջաններ: «Ներգաղթյալների փոխանակման աղյուսակները լրացնելու ձևի մասին ցուցում»[2] անվանումը կրող կանոնակարգում տարբերակվում էր հույների երկու խումբ, որպեսզի շտկվեր առաջացած շփոթությունը: Հատկապես սահմանազատվել էին այս երկու տարբեր կատեգորիաների ունեցվածքի տնօրինումը և ուշադրություն դարձնելու աստիճանը:

Հայերի գույքի կառավարման հատուկ ձեւ 

1915թ.-ի մայիսին բռնագրաված հայկական գույքի տնօրինման հարցին վերաբերվեցին ոչ այնպես, ինչպես հույների վերոնշյալ ունեցվածքի տնօրինմանը, իսկ նահանգներին հասցեագրված հեռագրերում հատկապես պահանջում էին, որ ուշադրություն դարձվեր այդ տարբերություններին:[3] Ամենակարևոր տարբերությունն այն էր, որ հունական գույքը ենթակա չէր որոշակի ոչնչացման: Անդադար հրամաններ էին ուղարկվում նահանգներ, որպեսզի այս կետի[4]  վրա ուշադրություն հրավիրեին: Ցանկալի էր, որ Հունաստան մեկնող հույների կողմից թողած գույքը փոխանակվեր այդ նույն երկրից եկող մահմեդականների կողմից թողած գույքով: Ավելին, ակնկալվում էր, որ ռազմական նկատառումներով ներքին շրջաններ արտաքսված հույները ի վերջո կվերդառնային:  Այս պատճառով գույքը չէր ոչնչացվում:

Նմանատիպ զարգացումներ նկատվեցին 1919 թ.-ի վերջում: Տարբերություն էր դրվելու այն հույների միջև, ովքեր ենթարկվել էին 1923թ.-ի բնակչության փոխանակման թուրք-հունական պայմանագրին և նրանց միջև, ովքեր չէին ենթարկվել: Այս օրենքներում նույնիսկ հաշվի էր առնվել այն մեծաթիվ հույների վիճակը, ովքեր 1918-1922թթ.-ի ընկած ժամանակաշրջանում Անատոլիայից տեղափոխվել և հաստատվել էին Ստամբուլում և նրա շրջակայքում, այն դեպքում, երբ Ստամբուլի հույները չպետք է ենթակա լինեին փոխանակման: Այն մարդիկ, ովքեր եկել էին Ստամբուլ ավելի ուշ, նույնպես ներառվել էին փոխանակման ենթակա հույների ցանկում (որպեսզի ստեղծվեր նրանց ունեցվածքին տիրելու հնարավորություն): Հատուկ հրամանագրերի միջոցով փորձ էր արվել պարզելու ցանկացած շփոթություն, որը հնարավոր է առաջանար վերոնշյալ իրավիճակներում:[5]

Անհրաժետ է նշել Հայոց ցեղասպանությանը հատուկ մի քանի տարրեր՝ կապված հայկական գույքի բռնագրավման հետ[6]: Նախևառաջ՝ մարդկանց միակ խումբը, ում գույքը ոչնչացվել էր 1913-1918թթ.-ին ընկած ժամանակահատվածում, արտաքսված հայերն էին: Չէին առգրավել այն հայերի գույքը, ովքեր չէին արտաքսվել: Նահանգներ ուղարկված տարբեր հեռագրերում հատուկ նշված էր, որ միայն վտարված մարդկանց գույքը պետք է ոչնչացվի. «Այն ոչ մահմեդականները, որոնց չեն աքսորում […..] տնօրինում են իրենց շարժական և անշարժ գույքը: Վտարված հայերի ….և նրանց հետ աքսորված ոչ մահմեդականների գույքը այդ ժամանակ ենթակա [է] ոչնչացման»:[7] Ավելին,   եթե հայերը մնում էին իրենց բնակավայրերում և չէին աքսորվում և ունեին գույք այդ շրջաններում, ապա այդ գույքին չէին դիպչում: Օրինակ, այդպես եղել է Ստամբուլում բնակվող հայերի հետ: [8]       

Երկրորդը՝ քանի-որ հայերի գույքի բռնագրավումը տեղի չի ունեցել՝ հիմնվելով ռասիստական գաղափարախոսության վրա, ի տարբերություն նացիստական Գերմանիայի հույների դեպքի, բնակչության տեղահանության և ցեղասպանության ընթացքում օսմանահայերին քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ ոչ մի քննարկում տեղի չի ունեցել: Ավելին, եթե հայերին չէին զրկում քաղաքացիությունից նախարարների խորհրդի հատուկ որոշմամբ կամ առաջինների սեփական հրաժարակնների հիման վրա, ապա նրանց քաղաքացիությունը պահպանվում էր մինչև 1964թ.-ի վերջը:  

Երրորդը՝ երբ հայերից խլում էին նյութական հարստությունը, դա տեղի չէր ունենում բռնագրավման ձևով: Այսինքն՝ ոչինչ չէր ասվում այն մասին, թե ապրանքները և դրանց համարժեք արժեքները չեն վերադարձվի սեփականատերերին: Ընդհակառակը, ամեն ինչ՝ ապրանքները և/կամ դրանց արժեքը, պետք է կառավարվեր պետության կողմից սեփականատերերի անունից և ամեն ինչ կազմակերպվում էր ըստ այն սկզբունքի, որ ապրանքները կվերադարձվեն և/կամ դրանց համարժեք արժեքը կփոխհատուցվի իրական սեփականատերերին, թեև անհայտ էր, թե երբ դա պետք տեղի ունենար: Այս ճանապարհի ընտրությունը ցեղասպանության և վերջինիս գաղափարախոսական հիմնավորումների կազմակերպման ձևի շնորհիվ էր: Բայց այս հիմնավորման միջոցով հնարավոր չէր բացատրել ապրանքների բռնագրավման անհրաժեշտությունը: Ինչևէ, մյուս կողմից, ունեցվածքի բռնի առգրավումը ոչ թե բռնագրավման միջոցով, այլ հայերի սեփականության իրավունքների պահպանման միջոցով ստեղծեց ներքին լարվածություն և հակասություն:

Հակասականիրավականհամակարգ

Պետությունը ընդունեց, որ բռնագրավված ունեցվածքի իրական տերերը հայերն են  և ընդունեց մի օրենք՝ ըստ որի գույքի համարժեք արժեքը պետք է փոխհատուցվի վերջիններիս: Լարվածությունը կամ հակասությունը հենց այստեղ է թաքնված. մի կողմից կա պետություն, որը չի ցանկանում, որ իրեն մեղադրեն ունեցվածքի անօրինական բռնագրավման մեջ, և համապատասխանաբար կիրառվեց «Լքված գույքի մասին օրենքների» լեզուն: Սակայն, մյուս կողմից, նույն պետությունը ցանկանում էր ոչնչացնել հայերի գոյության հիմքերը, ինստիտուցիոնալացնել և պաշտոնապես հափշտակել գույքը: Սույն իրավական համակարգը ստեղծվեց այս լարվածության և հակասության հիման վրա:

Օրենքը կիրառում էին երկակի ձևով՝ հայերի գոյատևման տնտեսական հիմքերը արմատախիլ անելու համար: Նախևառաջ, 1915թ.-ին հայերին օրինապես զրկել էին լքված գույքի նկատմամբ օտարման ցանկացած իրավունքից: Երկրորդը` չնայած օրենքը պաշտոնապես նրանց տալիս էր գույքի արժեքի փոխհատուցման իրավունք, այնուամենայնիվ փոխհատուցմանն ուղղված ոչ մի քայլ չձեռնարկվեց: Խոստացված ոչ մի օրենք և կանոնակարգ չընդունվեց:

Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության ողջ ժամանակահատվածում լքված գույքին վերաբերող օրենքների և որոշումների ընդունումը միահյուսված էր գույքի և/կամ վերջինիս արժեքի հայերին փոխհատուցելու օրենքի հետ: Սակայն, մյուս կողմից, հատուցման այս ընթացակարգը  ոչ մի ձևով կարգավորված չէր, և նույն իրավական համակարգը օգտագործում էին  հայերին նույնիսկ մի թիզ չփոխհատուցելու սկզբունքով: Հատկապես հանրապետական ժամանակաշրջանում այն բացառիկ դեպքերում, երբ որոշ հայեր, որոնք ինչ - որ կերպ փրկվել էին կամ նրանց ժառանգները դիմել էին ունեցվածքի կամ դրա համարժեք արժեքի փոխհատուցման հարցով, նրանք անհետացել են գործող իրավական համակարգի միջանցքներում եւ անցումներում:

Որպեսզի հասկանանք, թե ինչպես են կազմվել լքված գույքին վերաբերող օրենքները և որոշումները որպես Ցեղասպանության կարևոր մաս, անհրաժեշտ է ուսումնասիրել դրանք երեք տարբեր հատկանիշների հիման վրա: Նախևառաջ, ըստ ո՞ր սկզբունքների էին տեղահանված հայերին բնակեցնելու նոր վայրերում: Երկրորդը՝ արդյո՞ք նրանց կողմից լքված գույքը վերադարձվել կամ դրան համարժեք արժեքը փոխհատուցվել է նրանց: Եվ եթե գույքը իսկապես վերադարձվել էր, ինչպե՞ս էր դա տեղի ունեցել: Երրորդը՝ ովքե՞ր և ինչպե՞ս են օգտագործել լքված գույքը:

Երբ մենք ուսումնասիրում ենք այս երեք տարբեր ասպեկտներին վերաբերող օրենքներն ու հրամանագրերը, մենք բախվում ենք մի հետաքրքիր պատկերի հետ: Առաջին հարցի դեպքում, այսինքն, թե ինչպես էին պատրաստվում հայերին բնակեցնել նոր վայրերում, օրենքներն ու հրամանագրերը գրեթե ոչ մի դեր չեն խաղում: Այս հարցը ներառված էր միայն մեկ հրամանգրում, որը ընդունվել էր տեղահանությունների հենց սկզբում, այն էլ չափազանց սահմանափակ ձևով, իսկ ավելի ուշ ընդունված օրենքներում և հրամանգրերում այդ մասին ամենևին խոսք չկար: Կարծես թե նման հարց ընդհանրապես գոյություն չուներ: Ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, ապա ընդհանուր սկզբունքը ուղղակի մի քանի անգամ կրկնվել է, ահա և ամենը: Ընդունեցին, որ հայերն են հանդիսանում գույքի իրական սեփականատերերը, և պետությունը կառավարում էր այդ գույքը իրենց անունով: Սակայն, երբ եւ ինչպես է այդ գույքը վերդարձվելու կամ դրա արժեքը փոխհատուցվելու իրական սեփականտերերին ոչ մի կերպ չէր քննարկվում, և ոչ մի պայմանավորվածություն չէր պատրաստվում ձեռք բերվել այս հարցի շուրջ:

Առաջին երկու հարցերի մասով անգործությունը մեզ ինչ-որ բան է հուշում. Իթթիհաթականները իրենց մտավոր աշխարհում և գործնական քաղաքականության մեջ համարում էին, որ հայերը իրենց տներից արտաքսման պահից դադարում էին գոյություն ունենալ: Եվ անհրաժեշտություն չկար որևէ տեսակի միջոցառում ձեռնարկել այն համայնքի համար, որը համարվում էր գոյություն չունեցող:  Նման հատկանիշներով այդ պահպանված օրենքները լավագույն վկայությունն են, որպեսզի արժանի հակահարված տրվի Թուրքիայի պաշտոնական պետական դրույթին՝ կապված հայերի տեղահանության հետ: Ըստ պաշտոնական դրույթի հայերի աքսորման նպատակը հայերին նոր տարածաշրջանում բնակեցնելն էր և լքված գույքի համարժեք արժեքի փոխհատուցումն էր:  Եթե նման նպատակ կար, ապա գոյություն ունեին նաև դրան համապատասխան օրենքներ և կանոնակարգեր: Իսկապես, վերը մեջբերված 1918թ.-ի փետրվարյան զեկույցում բացեիբաց ընդունել են, որ լքված գույքի համարժեք արժեքի փոխհատուցում չէր իրականցվել և ոչ մի պայմանավորվածություն այս առումով ձեռք չէր բերվել:    

Նմանատիպ իրավիճակ էր նաև հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում: Իհարկե, առաջին մակարդակում առկա հարցերը կապված հայերի տեղահանման հետ բացակայում էին: Հայերի ոչնչացումը ահռելի չափերի էր հասել, իսկ նրանք, ովքեր փրկվել էին (եթե ասիմիլյացիայի չէին ենթարկվել Անատոլիայում) հայտնվել են նոր պետության սահմաններից այն կողմ: Ինչ վերաբերում է երկրորդ մակարդակի հարցերին, ընդունված օրենքներն ու հրամանագրերը նման էին իթթիհաթական ժամանակաշրջանի օրենքներին ու հրամանագրերին՝ որտեղ կրկնվում էր նույն ընդհանուր կանոնը:  Գույքի իրական սեփականատերերը հայերն էին. գույքը կվերադարձվեր կամ համարժեք արժեքը կփոխհատուցվեր վերջիններիս: Պետությունը տնօրինում էր այդ գույքը կամ եկամուտները նրանց անուններով միայն այն պատճառով, որ հայերը բացակայում էին:  Այնուամենայնիվ, որպեսզի գույքը վերադարձվեին, հայերը պետք է իրենց գույքի հետ միասին ներկա լինեին 1924 թ.-ի օգոստոսի 6-ի դրությամբ: Սա էր Լոզանի պայմանագրով ընդունված սկզբունքը: 

Թուրքիայի տեսանկյունից լուրջ խնդիր էր հանդիսանում այն, թե ինչ կպատահեր, եթե ողջ մնացած հայերը ցանկություն հայտնեին վերադառնալ կամ եթե նրանց ժառանգները փորձեին ետ պահանջել իրենց գույքը: Սա էր այն հիմնական խնդիրը, որ պետք է լուծվեր հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում: Հենց սա էր ստեղծվելիք իրավական համակարգի մեծագույն փորձարկման թեման և «հաջողությունը»: Հայերին իրենց ունեցվածքը ետ վերցնելուց հետ պահելու համար, ձևավորվեց մշակված իրավական համակարգ, որտեղ բոլոր մանրուքները լավ մտածված էին և ցանկացած աչքի ընկնող անցք կամ ճեղք՝ լավ  փակված, կարծես նման լիներ շերամի որդի, որը  մանում էր իր բոժոժը.

Այս համակարգի ամենամեծ նպատակն էր կառուցել մի պատնեշ հայերի առջև, ովքեր հնարավոր է մուտք գործեին երկիր կա՛մ խմբով, կա՛մ որպես անհատ և պահանջեին իրենց գույքը: Որոշ իրավիճակներում անհնար կլիներ օրինական ձևով կանխել նրանց մուտքը: Այս դեպքերում օրենքը խախտելու ոչ մի երկմտանք չկար: Ներքին լարվածությունը և օրենքների ու որոշումների հակասությունը կարող էին դիտարկվել հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանի ողջ ընթացքում:

Քանի որ ուսումնասիրության առարկա հանդիսացող երկու մակարդակները բացակայում են, օսմանյան և հանրապետական դարաշրջանների օրենքների և որոշումների հիմնական թեման կապված է երրորդ մակարդակի հետ. այսինքն, ինչպե՞ս է հայերի կողմից լքված շարժական և անշարժ գույքը ոչնչացվելու: Եթե այդ գույքը վաճառվի, ինչպե՞ս այն կվաճառվի: Եթե այդ գույքը բաժանեն, ու՞մ և ի՞նչ կանոններով այն կբաժանվի և ինչպե՞ս այն պիտի գրանցվի:  Օրենքների և որոշումների առաջնային նպատակն է,  հայերի ամբողջ շարժական և անշարժ գույքը զավթելու միջոցով, վերացնել հայկական գոյության ֆիզիկական հիմքերը Անատոլիայում: Այսպիսով, հայերի ֆիզիկական եւ մշակութային գոյությունից ազատվելը բնորոշ է Թուրքիայի իրավական համակարգին: Ահա թե ինչու ենք մենք անվանում համակարգը  «ցեղասպանություն իրականացնող ռեժիմ»:

            


[1] Օրենքների և որոշումների մեջ մենք չկարողացանք գտնել հատկապես ասորիներին (կամ, եթե օգտագործենք ավելի լայն տերմին, ասորի քրիստոնյաներին) վերաբերող փաստաթղթեր: Համենայնդեպս օսմանյան օրենքներից և որոշումներից պարզ չէ, թե ինչէ պատահել ասորիների գույքի հետ, այնպես որ մենք ի վիճակի չենք արծարծել այս թեման ներկա ուսումնասիրության մեջ: Շատ հավանական է, որ նրանց ունեցվածքը արժանացել է նույն ճակատագրին, ինչ հայերի ունեցվածքը և նույն օրենքները կիրառվել են նաև նրանց հանդեպ, բայց սա մի թեմա է, որը պահանջում է ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն:

[2]Կանոնակարգի ճշգրիտ տեքստին ծանոթանալու համար տես Վարչապետական արխիվը, ՆԳՆ ընդհանուր անվտանգության երրորդ բաժին 2/26-Ա, 1-ը հոկտեմբերի 1330թ. [14-ըհոկտեմբերի 1914թ.]:

[3] Տես Թաներ Աքչամի «Հայկական հարցը լուծված է» (“Ermeni Meselesi Hallolunmuştur” Osmanlı Belgelerine Göre Savaş Yıllarında Ermenilere Yönelik Politikalar, İletişim Yayınları, İstanbul) գիրքը, որը պատերազմի տարիներին հայկական և հունակա գույքի տնօրինման տարբերությունների մասին է,    2008թ., էջ. 127-129: Այս թեմայով ավելի մանրամասն աշխատության հետ ծանոթանալու համար տես Ահմեդ Էֆիլօղլուի (Ahmet Efiloğlu), Ռայիֆ Իվեջանի (Raif İvecan), “Rum Emval-i Metrukesinin İdaresi” աշխատությունը, պատմագիտություն 2/3, 2010թ., էջ.125-146:

[4] Որպես օրինակներ կարելի է ուսումնասիրել հետևյալ փաստաթղթերը՝ Վարչապետական արխիվ, ՆԳՆ-ի ծածկագրային բաժին 72/229, 73/69, 74/69 և 89/113.

[5]Ներքին գործերի նախարարության ցեղային  և ներգաղթային հարցերի կարգավորման վարչության (այսուհետ՝ ՆՆԳՆ) կողմից հունվարի 16-ի 1332թ.-ին (29-ը հունվարի, 1917թ.) պատրաստված և վերնագրված  «Արտակարգ պայմանների և անհրաժեշտության պատճառով այլ վայրեր աքսորված մարդկանց և վերջիններիս կողմից լքված գույքի մասին հուշագիր» զեկույցը մանրամասն քննարկում է Միություն և Առաջադիմություն թուրքական քաղաքական կուսակցության կողմից տարբեր խմբերի ունեցվածքի մասով իրականացված տարբեր քաղաքականությունները:  Զեկույցում քննարկվում են չորս տարբեր խմբեր. հայերը, հույները, սիրիացի ընտանիքները (արաբներ) և բուլղարացիները, ինչպես նաև  ամփոփում է նրանց գույքի հետ առնչվող տարբեր գործելաոճեր (Վարչապետական արխիվ / Բարձր Դուռ (Օսմանյան կայսրության կառավարության) փաստաթղթերի գրասենյակ [այսուհետ՝ ԲԴՓԳ] 4505/337831).

[6] Այստեղ մենք ուզում ենք անպայման նշել, որ մենք այս կետերը վերցրել ենք կենտրոնական կառավարության հրամանագրերից: Սակայն անհրաժեշտ է առանձին ուսումնասիրել, թե ինչպես են այդ հրամանագրերը իրականում իրականացվել այդ նահանգներում:

[7] Վարչապետական արխիվ, ՆԳՆ-ի ծածկագրային բաժին, Ներքին գործերի նախարարության ցեղային  և ներգաղթային հարցերի գծով տնօրինություն [այսուհետ՝ ՑՆՀԳՏ], ծածկագրային հեռագիր Դիարբեքիրի նահանգ, 10-ը նոյեմբերի 1332թ. [23-ը նոյեմբերի 1916թ.]: Սեբաստիա ուղարկված մեկ այլ հեռագրում գրված է. «Իսլամը ընդունելու շնորհիվ կամ այլ պատճառներով աքսորից զերծ մնացածների գույքը, որը գտնվում է բնակավայրում, ենթակա չէ ոչնչացման»: (Վարչապետական արխիվ, ՆԳՆ-ի ծածկագրային բաժին, 61/253, ՆԳՆ ընդհանուր անվտանգության վարչություն, ծածկագրային հեռագիր Սեբաստիա նահանգ, 25-ը փետրվարի 1331թ. [9-ը մարտի 1916թ.]):

[8] 1926թ.-ի հունիսի 13-ին թվագրված կանոնակարգի չորրորդ հոդվածը վերաբերվում է միայն այս թեմային: Այնտեղ մասնավորապես ասվում է, որ արգելվում է դիպչել այլ շրջաններում ունեցած այն մարդկանց գույքին, ում չեն աքսորել իրենց տներից: Հոդվածում մասնավորապես նշված է Ստամբուլը: Այսպիսով, գոյություն ունի օգոստոսի 1-ի 1926թ.-ին նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշում, որտեղ ասվում է, որ Ստամբուլի հայերի ունեցվածքը, որը «չի տեղափոխվել կամ անհետացել այլ ուղղությամբ» և գտնվում է այնպիսի վայրերում, ինչպիսիք են Ստամբուլ քաղաքի սահմաններից դուրս գտնվող Կարտալը և Պենդիկը, չպետք է առգրավվի որպես լքված գույք, իսկ, եթե, այնուամենայնիվ, առգրավվել է, այն համարել անօրինական (Վարչապետությանհանրապետականարխիվ [այսուհետ՝ ՎԱՀ]/ Հողային հարցերի կարգավորման գլխավոր վարչություն [այսուհետ՝ ՀԿԳՎ] 030_0_18_01_01_020_49_014): Ցանկանում ենք հատուկ երախտագիտություն հայտնել Սաիդ Չեթինօղլուին (Sait Çetinoğlu) մեր ուշադրությունը հանրապետական արխիվի փաստաթղթերին հրավիրելու համար, որոնք օգտագործել ենք այս աշխատությունում: