Ցեղասպանության ճանաչում ասելով ի՞նչ են հասկանում Թուրքիայում

Ստեղծված Երկուշաբթի, Նոյեմբերի 03, 2014, ժ. 14:55-ին
 
 
 

Հայացք Թուրքիայից

 
Ցեղասպանության ճանաչում ասելով ի՞նչ են հասկանում Թուրքիայում

Բուրչին Գերչեք

 

 
Բուրչին Գերչեք

Լրագրող Թուրքիայից

Չնայած 1915թ դեպքերի մասին թուրք հասարակության գիտակցության բարձրացման բազմաթիվ նախաձեռնություններին և պաշտոնական ներման կոչերին, ցեղասպանությունից 100 տարի անց դեռեւս արդարության հաստատման ուղղությամբ Թուրքիայում դեռեւս բազմակողմանի քննարկումների կարիք կա:

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին Թուրքիայում քաղաքացիական հասարակության և իշխ անությունների դիրքորոշումները շատ տարբեր են այն տարիներից, երբ ցեղասպանություն բառն արտաբերելն անգամ տաբու էր: Մենք այլեւս այդ ժամանակաշրջանում չենք, երբ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունից խոսելը ուտոպիա էր, նույնիսկ եթե այդ ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները գալիս են Թուրքիայի համեմատաբար փոքր շրջանակներից: Այնուամենայնիվ, Թուրքիայի տարբեր խմբերի կողմից «ճանաչում» եզրին տրվող իմաստը մնում է շատ բազմազան և կարող է շատ հեռու թվալ, քան այն ինչ հասկանում են հայերը:

«Առերեսում 1915թ հետ», թուրքական քաղաքացիական հասարակության իրազեկումը

Երբ Հայոց ցեղասպանություն արտահայտությունը դեռ տաբու էր, Թուրքիայում հազվագյուտ էին այն կոտրելու նախաձեռնությունները. գոյություն ունեցող թուրքերեն  միակ աղբյուրները Թաներ Աքչամի աշխատություններն ու Ռագիփ Զարաքոլուի հրապարակումներն էին: Որոշ մտավորականների կարծիքով՝ առաջին հերթին պետք էր նպաստել 1915թ տեղի ունեցածի մասին թուրք հասարակության իրազեկմանը (որը տասնամյակներ շարունակ տգիտության մեջ էր թողնված): Այսպես՝ այդ ժամանակ «ճանաչումը» ակնկալվում էր քաղաքացիական հասարակության կողմից, և ոչ թե պետության, իսկ փոխհատուցման մասին խոսք անգամ չէր կարող լինել: Այդ ժամանակ, հրապարակված բազմաթիվ հոդվածներով և Թուրքիայում ու արտերկրում տրված դասախոսություններով, մի շարք մտավորականներ շեշտում էին, որ ցեղասպանություն բառի օգտագործումը կարող էր խոչընդոտ հանդիսանալ թուրք հասարակության իրազեկմանը և որ պաշտոնական ճանաչման պահանջը դեռ հասունացած չէր:

Նույն ժամանակահատվածում, Հրանտ Դինքի մոտեցումը տարբերվում էր այս հոսանքից: Խորապես համոզված լինելով, որ թուրքական հասարակության գիտակցումն անչափ կարեւոր էր և անհրաժեշտ էր նոր լեզու գտնել մարդկանց խղճին դիմելու համար: Հրանտ Դինքը խոսքերը չէր ծամծմում, իրերը կոչում էր իրենց անուններով՝ չէր վարանում օգտագործել ցեղասպանություն բառը: Այնուամենայնիվ, նա հրաժարվում էր կենտրոնանալ երրորդ երկրների խորհրդարանների կամ նույնիսկ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունների վրա: «Մի՞թե ձեր պատմությունը ճշմարտացի կլինի եթե թուրքերն այն ճանաչեն: Ես իմ պատմության վրա կասկածներ չունեմ: Ես ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման խնդիր էլ չունեմ: Դա մարդու իրավունքների և խղճի հարց է: Դա իմ խնդիրը չէ, ես շատ լավ գիտեմ, թե ինչ է պատահել մեզ անցյալում», - ասում էր նա 2004թ Նոքթա պարբերականին տված հարցազրույցում:

2007թ Հրանտ Դինքի սպանությունից հետո, Թուրքիայում 1915 թվի և ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումները մի նոր շրջադարձ արձանագրեցին: 2007թ մարտին հիմնադրվեց «Վերջ ցեղապաշտությանն ու ազգայնականությանը» կարգախոսով հանդես եկող «ԴուրԴե» հասարակական կազմակերպությունը. երեք տարի անց, նրա նախաձեռնությամբ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցավ ապրիլքսանչորսյան առաջին միջոցառումը: Իսկ մինչ այդ, 2008թ Ալի Բայրամօղլուն, Ջենգիզ Աքթարը և Ահմեդ Ինսելը նախաձեռնել էին «Ներման կոչի» արշավը, որին աջակցեցին բազմաթիվ թուրք մտավորականներ: Թուրքիայում մեծ բանավեճ առաջացրած այդ  արշավը, սակայն, ամենից առաջ իր առջեւ նպատակ էր դրել «հասարակության իրազեկումը»: Կոչի տեքստը անձնական պատասխանատվության բնույթ էր կրում՝ ներում խնդրելով և կիսելով հայերի «զգացմունքներն ու ցավերը»՝ առանց մատնանշելու թուրքական պետության կողմից որեւէ նախաձեռնության անհրաժեշտություն:

Իսկական մի տաբու կոտրելով հանդերձ, Թաքսիմ հրապարակում ԴուրԴեի նախաձեռնած ապրիլքսանչորսյան առաջին ոգեկոչումը եւս այս շրջանակից դուրս չէր գալիս: Կոչի տեքստում ըստ էության անդրադարձ էր կատարվում «մեծ աղետին» ու «մեծ ցավի զգացումին», առանց անդրադառնալու ճանաչման պահանջների:

Պետական ճանաչման պահանջներ 

Հանրային ոգեկոչումներից շատ առաջ, Մարդու իրավունքների ասոցիացիան  (IHD - Insan Hakları Derneği) 2005-ից սկսած կազմակերպել էր հիշատակման միջոցառումներ ավելի նեղ շրջանակում: «2005թ մեր ակցիայի սկզբից եւեթ մենք պետական ճանաչման կոչ ենք արել», - հիշեցնում է IHD-ի ներկայացուցիչ Այշե Գյունայսուն: 2014 թվականին, ԴուրԴեն ու IHD-ն միասնաբար կազմակերպեցին հիշատակի միջոցառումները, որոնք նախկինում անջատ կերպով էին արվում, իսկ կոչի տեքստում ներկայացվեց պետական ճանաչման պահանջը:

Այս գործընթացին զուգահեռ բազմաթիվ ասոցիացիաներ ու հիմնադրամներ, այդ թվում Anadolu Kültür, Heinrich Böll և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (նշելու համար միայն գլխավորները), մշակում էին նախագծեր Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների բնականոնացման ուղղությամբ՝ հանրային կարծիքն ավելի  զգայուն դարձնելու փոքրամասնությունների իրավունքների հանդեպ և նպաստելու թուրք հասարակության ավելի լավ իրազեկմանը Հայոց ցեղապանության մասին: Երիտասարդների մասնակցությամբ բազմաթիվ մշակութային միջոցառումներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ և սեմինարներ կազմակերպվեցին այս ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների կողմից: Այսպիսով, Հրանտ Դինք  հիմնադրամը եւս 1915 թվականի ավելի լավ ընկալման միջոցառումների կազմակերպման առանցքային դերակատարներից մեկը դարձավ: Այս միջոցառումների հիմնական նպատակն է նպաստել Թուրքիայի ժողովրդավարացմանը, որը չի կարող տեղի ունենալ առանց կոտրելու Հայոց ցեղասպանության տաբուն: Ոմանց կարծիքով, 1915թ իրողությունը Թուրքիայի հասարակությանը հասցնելու գործը միեւնույն ժամանակ թույլ է տալիս հարցադրումներ անել այն պետական համակարգի հիմքերի մասին, որոնք հիմնված են պատասխանատվության և պատժի բացակայության վրա՝ այն հանցագործությունների համար, որոնք կատարվել են ընդդեմ նրանց, ովքեր համարվել են «ներքին թշնամիներ», ինչը տարբեր ժամանակներում  նշանակել է՝ քուրդ, ալեւի, ոչ մահմեդական համայնք, ինչպես նաեւ ընդդիմադիր ցանկացած խմբավորում: 

Այսպիսով, հաշվի առնելով, որ պետական բռնությունը հայերին հարվածելուց հետո իր դեմ ուղղվեց, քրդական շարժումը նույնպես, ի դեմս BDP-HDP կուսակցության և նրա գլխավորած  քաղաքապետարանների, սկսեց կազմակերպել մի շարք ակցիաներ, որոնցով կոչ էր անում առերեսվել անցյալի հետ և պահանջում Հայոց ցեղասպանության ճանաչումը պետության կողմից: Դիարբեքիրի Սուր քաղաքապետարանը  կազմակերպեց «Համընդհանուր խղճի» հուշարձանի բացման արարողությունը: 2014թ ապրիլի 24-ին` հիշատակի օրվա առթիվ Դիարբեքիրում բացվեց նաեւ «99 Աքսորի դիմանկարներ - Հայոց ցեղասպանությունը վերապրածների 99 լուսանկար» ցուցահանդեսը՝  Դիարբեքիրի քաղաքապետարանի և ֆրանսահայկական Երկիր Եվրոպա ՀԿ-ի համատեղ կազմակերպությամբ: Բազմաթիվ մտավորականներ, համալսարանականներ, հետազոտողներ կամ ակտիվիստներ, որոնք իրենց համարում են ձախակողմյան կամ ազատական, գրում են պետական ճանաչման և պետության անունից հայերից ներողություն խնդրելու անհրաժեշտության մասին: Բայց քչերն են խոսում նմանօրինակ ճանաչման նշանակության և հատկապես ցեղասպանության զոհերի ժառանգների  արդարության վերականգնման պահանջներին տրվելիք պատասխանների մասին: Փոխհատուցումների հարցը - և թե ինչ ձեւով նրանք կարող են տեղի ունենալ - միայն մի քանի մտավորականների ու ակտիվիստների կողմից է արծարծվում:

Ինչ վերաբերում է ԱԶԿ-ական շրջանակներին («Արդարություն և զարգացում» իշխող կուսակցություն, AKP), մոտեցումները բազմազան են և երբեմն ներառում են կառավարության դիրքորոշումից շատ տարբեր առաջարկներ: Ինչպես ցույց է տալիս  2014թ ապրիլին Էրդողանի հրապարակած «ցավակցական ուղերձը»,  կառավարությունը վերջերս «համատեղ ցավերի» և «արդար հիշողության»  ճանաչման վրա հիմնված մոտեցում է որդեգրել. դա նախկին արտաքին գործերի նախարար և ներկայիս վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հորինած հայեցակարգն է: Իհարկե, ներկայումս խոսք անգամ չի կարող լինել կառավարության կողմից ցեղասպանություն բառի օգտագործման, ոչ էլ ճանաչման մասին: Անցյալ ապրիլի 24-ին Էրդողանի հայտնած  ցավակցությունը այսպիսով ԱԶԿ-ամետ խմբագիրների կողմից ներկայացվեց որպես «հեղափոխություն» և պատասխան հայերի պահանջներին: Սակայն որոշ իշխանամետ հոդվածագիրներ, ինչպես Հաքան Ալբայրաքը կամ Ռասիմ Օզան Քյութահյալըն, ավելի հեռու գնալով գրեցին, որ անհրաժեշտ է պաշտոնապես ներողություն խնդրել «անմեղ հայերի դեմ գործված այն չարիքի համար, որը նման է ցեղասպանության», ակնարկելով նույնիսկ հնարավոր ֆինանսական փոխհատուցումների մասին: Ըստ Ալբայրաքի, վճարելով փոխհատուցում, որի գումարը «գուցե 5 կամ  10 միլիարդ  ԱՄՆ դոլար» լինի, բայց «Թուրքիան թռչունի նման թեթեւացած կլինի» եւ «ցեղասպանության համաշխարհային ինդուստրիան կփլուզվի»: Կարդալով այս տողերը, անհնար է չհիշել այն պահը երբ Էրդողանը հրաժարվեց ներողություն խնդրել  թուրքական ռազմական օդուժի սխալի համար, որի հետեւանքով 2011թ 33 մարդ սպանվեց քրդական Ռոբոսկի գյուղում: Նույն առիթով նա ամբարտավանորեն հայտարարել էր՝ «Վնասի հատուցումը տվել ենք, էլ ի՞նչ են ուզում»:

1915 թվականի փաստերը չժխտող, բայց ցեղասպանության ճանաչմանը կամ ներման պահանջին այլընտրանք փնտրող մեկ այլ մոտեցում էլ մշակվեց պահպանողական շրջանակների կողմից. «Helalleşme»՝ թուրքերեն նշանակում է մոտավորապես միմյանց ներել (տե՛ս այս հարցի շուրջ Եդուարդ Տանձիկյանի հոդվածը. «Ներողություն, առերեսում, սուգ»):

Արդարության եւ փոխհատուցման պահանջներ

Չնայած 1915 թվականին տեղի ունեցածի մասին հասարակության իրազեկման շոշափելի առաջընթացին, չնայած պետության կողմից ցեղասպանության ճանաչման ու ներողություն խնդրելու անհրաժեշտության շուրջ բանավեճերին, փոքր թվով մտավորականներ են անդրադառնում փոխհատուցումների հարցին և պատասխաններ փնտրում ցեղասպանության զոհերի ժառանգների արդարության պահանջներին: Մարդու իրավունքների ասոցիացիան (IHD) 2011թվականին իր պահանջների ցանկի մեջ ընդգրկեց փոխհատուցման պահանջը: Թաներ Աքչամը, Ումիթ Քուրթը, Մեհմեթ Փոլաթելը, Սաիթ Չեթինօղլուն եւ Նեւզաթ Օնարանը այն մի քանի հետազոտողներից են, ովքեր զբաղվում են ցեղասպանությունից հետո հայերի սեփականության բռնագրավման խնդիրներով: Կառավարության կողմից արվող «փոխհատուցման» միակ առաջարկը ցեղասպանության զոհերի ժառանգներին երկիր վերադարձի ու քաղաքացիության իրավունք շնորհելն է:

Մտքի ազատության նախաձեռնության, IHD-ի, ԴուրԴեի, Ժամանակակից իրավաբանների ասոցիացիայի, HDP եւ ÖSP քաղաքական կուսակցությունների նախաձեռնությամբ 2014թ Անկարայում կազմակերպված ապրիլքսանչորսյան միջոցառման ընթացքում ավելի հստակ ձեւակերպումներ արվեցին, այդ թվում նաեւ փոխհատուցումների վերաբերյալ: Կոչը, որի տեքստի տակ իրենց ստորագրություններն էին դրել հետազոտող Սաիթ Չեթինօղլուն  և գրող Թեմել  Դեմիրերը, հետեւյալ պահանջներն էր ներկայացնում. 

- Ցեղասպանության ժխտման դադարեցում

- Պաշտոնական ներողության պահանջ

- Քաղաքացիության իրավունքների տրամադրում ցեղասպանության զոհերին ու նրանց բռնագրավված նյութական հարստությունների վերադարձ կամ փոխհատուցում

- Ցեղասպանագործների անունների վերացում դպրոցներից, պուրակներից, հրապարակներից ու փողոցներից

- Հանրային վայրերի անվանակոչում ցեղասպանության զոհերի անուններով

- Պետական հաստատությունների, լրատվամիջոցների եւ դպրոցական ծրագրերի միջոցով ապատեղեկատվության դադարեցում

- Ցեղասպանության ժխտման քրեականացում որպես «ատելության հանցագործություն»

Պաշտոնական ճանաչման և փոխհատուցման անհրաժեշտությունը շեշտվելու է նաեւ 2015թ ապրիլքսանչորսյան ոգեկոչումների ընթացքում, որոնք անջատաբար կկազմակերպվեն IHD-ի ու ԴուրԴեի կողմից: Չնայած այս նախաձեռնություններին ու փոխհատուցման ձեւերի շուրջ սաղմնային վիճակում գտնվող բանավեճին, Թուրքիայում դեռեւս հարկավոր է մանրամասն քննարկել, թե ինչպես պետք է հաստատել արդարությունը ցեղասպանությունից հարյուր տարի անց: