Ցեղասպանության հարցը գլխացավանք է Թուրքիայի համար

Ստեղծված Շաբաթ, Մարտի 01, 2014, ժ. 20:44-ին
 
 
 

Հայացք Հայաստանից


Ցեղասպանության հարցը գլխացավանք է Թուրքիայի համար

Սերգեյ Մինասյան

 

 
Սերգեյ Մինասյան

Քաղաքագետ, Կովկասի Ինստիտուտի քաղաքագիտության բաժնի ղեկավար

Կովկասի Ինստիտուտի քաղաքագիտության բաժնի ղեկավար,  քաղաքագետ Սերգեյ Մինասյանը վերջին շրջանի աշխարհաքաղաքակաան զարգացումների լույսի ներքո գնահատում է Հայ՛թուրքական հարաբերությունները եւ առաջընթացի զարգացումը։ Քաղաքագետը կանխատեսում է, որ ներկայիս միտումների շարունակման դեպքում Հյաաստանի դիրքորոշումը կարող է փոխվել եւ Թուրքիայի նկատմամբ Երեւանը նախապայմաններ դնի։

 

REPAIR. Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որո՞նք են հակամարտության ամենակարեւոր կետերը:

Սերգեյ Մինասյան. Իրականում ոչ թե պարզապես աշխարհագրական հակամարտության մասին է խոսքը, որովհետեւ, իհարկե, Հայաստանում այսօր կա ansecurity հասկանությունը, բայց այդ ավելի շատ պատմության հետ է կապված: Չնայած  Թուրքիան Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է, բայց շատ դժվար է պատկերացնել, որ եթե վաղը իրավիճակ ստեղծվի, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կհարձակվի Հայաստանի վրա: Եվ, ի դեպ, այդ նաեւ բացատրվում է նրանով, որ պոտենցիալների շատ մեծ անհամապատասխանություն կա: Թուրքիան այնքան մեծ երկիր է, այնքան լուրջ խնդիրներ ունի եւ փորձում է նաեւ իմիջի համար ցույց տալ, որ Հայաստանի հետ լուրջ խնդիրներ ունի: Բայց Հայաստանի հետ խնդիրներն այնպիսին են, որ կապված են այդ երկրի ներքին հարցերի հետ: Ոչ թե աշխարհագրական հարց է, այլ Ցեղասպանության հարցն իր բոլոր համալիրներով մեծ գլխացավանք է Թուրքիայի համար: Այդ գլխացավանքի համար, թվում էր, Թուրքիան պատրաստ է գնալ շատ ու շատ զիջումների: Այլ բան է, որ դա չստացվեց ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ: Ներքին խոչընդոտների եւ Ադրբեջանի համառության հետեւանքով խնդիրը դասական աշխարհագրական վտանգներ չի ներառում, ավելի շատ կարծրատիպերի, իմիջների տեսքով է արտահայտվում, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի աշխարհագրական պայքարն ակնհայտ է եւ դեռեւս շարունակվելու է:


Հայաստանն ունի Արցախի հարց եւ շրջափակում… Սրանք այն երկու կարեւոր հարցե՞րն են, որոնք Թուրքիայի հետ ունենք:

Դրանք լծակներ են, որ Թուրքիան օգտագործում է… Սրա պատճառն ավելի շատ այն չէ, որ Թուրքիան Հայաստանի դեմ է դուրս գալիս ուժային իմաստով, այլ շատ բան բխում է Թուրքիայի վախից: Ադրբեջանին Ղարաբաղի հարցում սատարելն ինչ-որ չափով, կարծես, հավասարակշռում է իրավիճակը… Ոչ միայն այն փաստի առումով, որ Հայաստանն է Ցեղասպանության ճանաչման հարցով հանդես գալիս, այլեւ երբեմն, Հայաստանի կամքից անկախ, շատ այլ պետություններ… Այս ուժերն ամեն անգամ դիմում են այս քայլին, երբ խնդիր է ծագում Թուրքիայի հետ…


Իսկ ինչպե՞ս է Հայաստանը վերաբերում Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցին:

Հայաստանի հասարակության եւ նույնիսկ վերնախավի շրջանում այդ հարցում որեւէ փոխհամաձայնություն չկա: Կարծում եմ՝ բացառությամբ մի քանի տասնյակ ակտիվիստների եւ քաղաքական դեմքերի, մնացածների մոտ որեւէ ընդհանուր պատկերացում չկա: Մի մասի համար դա որեւէ նշանակություն չունի, եթե նույնիսկ Թուրքիան ճանաչի եւ իր վրա վերցնի ամբողջ պատասխանատվությունը: Նրանց համար այդ որեւէ նշանակություն չունի, մինչեւ Թուրքիան չհանձնի Կիլիկիայի հողերը: Հասարակության մյուս մասը կարծում է, որ այդ ցանկալի է, բայց երբեք չի իրականանա, քանի որ թուրքերը նույնն են մնացել, ոչինչ չի փոխվել: Շատ փոքր զանգված կա, որը ֆուտբոլային դիվանագիտությունից հետո ավելի է փոքրացել, ովքեր հույս ունեն, որ այդ տեղի կունենա, բայց իրենք էլ պատասխան չունեն, թե դա ինչպես տեղի կունենա, կամ, ասենք, Հայաստանն ինչպես կարձագանքի: Հետեւաբար, Թուրքիայի կողմից, փաստորեն, որեւէ ազդանշան չկա: Ստամբուլի լիբերալ մթնոլորտն էլ իրականում հարցի շուրջ լուրջ չի մտածում:


Նշեցիք
այն փոքր լիբերալ զանգվածը, որ կա Թուրքիայում, որ պատրաստ է ինչ-որ բան անել... Հայաստանում վերջին տարիներին թուրքական կազմակերպությունների հետ շփումն այնքան շատ էր, որ մի քիչ պատկերացումներն էլ փոխվեցին եւ այդ ամենի արդյունքում Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեն ալառանց նախապայմանների: Ինչո՞ւ:

Այդ այն բանաձեւումն է, որ գոյություն ուներ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ: Այս պահին, ելնելով նաեւ այն բանից, որ հույս էլ չկա, որ բանակցությունները կվերսկսվեն, Հայաստանի դիրքորոշումը, հնարավոր է, լրիվ այլ լինի: Եվ եթե Թուրքիան ինչ-որ բան փորձի վերսկսել, Հայաստանը նախապայմաններ դնի: Արդեն իսկ, երբ երկրորդ անգամ փորձեցին սպիտակ թղթից սկսել, արդյունքը եղավ այն, ինչ եղավ... Ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ հայկական կողմը մտածում էր, որ հնարավոր կլինի թուրքական կողմի հետ ավելի կառուցողական բանակցություններ վարել, որովհետեւ հասկանալի էր, որ կան կարմիր գծեր, որ Թուրքիան դժվար թե կարողանա անցնել կամ իր կամքով չէր անի: Իրականում ավելին, հարցն այն էր, որ Թուրքիան այս գործընթացը սկսեց առանց նախապայմանների: Միգուցե նաեւ այս էր գլխավոր պատճառներից մեկը, որ Հայաստանն էլ Ցեղասպանության ճանաչումը նախապայման չդիտարկեց: Ջենտլմենական համաձայնություն կար, որը Թուրքիան շատ կոպիտ ձեւով խախտեց:


Ասացիք, որ նոր բանակցությունների սկսման փուլում, հնարավոր է, Հայաստանը նախապայմաններով հանդես գա: Արդյո՞ք Ցեղասպանության ճանաչումը թիվ մեկ նախապայմանը կլինի դիվանագիտական հարաբերություններ սկսելու համար:

Ցեղասպանության խնդիրը Հայաստանի ամենաուժեղ, բայց եւ ոչ կոնվենցիոնալ զենքն է Թուրքիայի հետ հարաբերություններում: Թուրքիան Հայաստանի հետ բանակցություններում դիրքորոշումը հենում է ցավալի քաղաքական, տնտեսական, ռազմական ուժի վրա: Հայաստանը համեմատելի չէ ժամանակակից Թուրքիայի հետ, բայց այն իր կողմից առաջ է քաշում այն քաղաքական եւ բարոյական ուժը, որ պատմական փաստերի հիման վրա է եւ ինչ-որ տեղ սարսափեցնում է Թուրքիայի հասարակությանը: Քաղաքական կոնյուկտուրան այնպիսին է, որ ոչ թե նախապայմաններից, այլ ճերմակ թղթից սկսելն էլ անհնար է: Տեսանելի ապագայում Թուրքիայի որեւէ լուրջ քայլն անհնար է թվում:


Այսինքն՝ Հայաստանն արդեն թերահավատորեն է վերաբերվում Թուրքիայի հետ բանակցություններ վերսկսելուն եւ առաջին քայլը չի անի...

Իհարկե՛: Ինչ խոսք, ֆուտբոլային դիվանագիտությունն էլ Հայաստանը սկսեց, բայց կարծում եմ՝ մեծ դեր խաղաց նաեւ Հայաստանի ամերիկյան գործընկերների դերն ու հորդորները...


Ինչ եք կարծում, Հայաստանը կարո՞ղ է 1915-ի համար որեւէ փոխհատուցման պահանջ ներկայացնել այդ երկրին:

Երբ իրագործելի իրատեսություն չկա եւ եթե այդ միայն հռետորություն է լինելու, ուրեմն ո՞րն է դրա իմաստը:


Որքանո՞վ է կարեւոր այն պահանջատիրությունը, որ Հայաստանը կներկայացնի:

Նշանակություն ունի, քանի որ այն ամենը, ինչ կապված է Թուրքիայի հետ, անմիջականորեն վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգությանը եւ պարզապես գոյատեւման հարց է: Այդ պատճառով այս երկրի հետ կապված յուրաքանչյուր բան առաջնային նշանակություն ունի Հայաստանի համար: Ինչքան էլ ոչ հաճելի գլխացավանք լինենք այդ երկրի համար, կանք... Այս պահին երկխոսության իրատեսականությունը բացակայում է:


Աշխարհաքաղաքական իմաստով հայ-թուրքական հարաբերությունների լավ կամ վատ վիճակն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի վրա:

Եթե այդ տեղի ունենար, կլիներ տարածաշրջանի միակ հաջող պատմությունը: Տարածաշրջանային հակամարտությունների առումով լավ օրինակ կլիներ եւ մթնոլորտը կփոխեր ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններում, ինչու չէ՝ նաեւ Ղարաբաղյան հարցի շուրջ: Առաջին անգամ կլիներ, որ այդ աստիճանի բարդ եւ ցավալի պատմական անցյալ ունեցող եւ հակամարտող երկու երկիր ինչ-որ հաշտեցման ուղի գտնեին:


Իսկ աշխարհաքաղաքական իմաստով Ադրբեջանի ճնշումներն ու պարտադրանքները, որոնք, բնականաբար, Թուրքիային շատ բանից են հետ պահում, իրականում այդքան մեծ եւ ազդեցի՞կ են, թե՞ մի քիչ ճոխացված է:

Արձանագրությունների ստորագրման ժամանակ նման բան չէր երեւում ընդհանրապես: Թուրքիան ասում էր, որ նման խնդիր չունի: Հետո սկսեց ասել, որ լուրջ խնդիրներ ունի, այնուհետեւ՝ որ դա վճռորոշ դեր է խաղում: Իրականում խնդիրն այն է, որ որքան էլ էներգետիկ հարցերով մասնագետ չլինեմ, տպավորությունն այնպիսին է, որ Ադրբեջանն ավելի է կորցնում իր էներգետիկ նշանակությունը (նավթի ծավալները նվազում են, գազինն էլ բավական չեն) եւ, այսպես կոչված, ՆԱԲՈՒԿՈ-ի վերջը դրա ակնհայտ ապացույցն է... Եթե կարեւոր քաղաքական գործոններից ենք խոսում, ներքաղաքական եւ տարածաշրջանային իմաստով այդ քրդական հարցն է: Քրդական բացումը, որը որեւէ արդյունք չտվեց եւ եթե այսպես շարունակվի, Թուրքիան իր պատմության մեջ որեւէ հաջող պատմություն չի ունենա:


Աշխարհաքաղաքական տեսակետից գոնե հայ-թուրքական հարաբերությունների որեւէ դրական զարգացմանն արգելակող ազդեցություն ունի Ադրբեջանը: Փաստորեն, էներգետիկ աղբյուրների նվազումը կարող է աստիճանաբար բերել հայ-թուրքական հարցի՝ իրական հարթակում լուծման… Արդյո՞ք սրանից պետք է եզրակացնել, որ պետք է Ադրբեջանի ռեսուրսների նվազեցմանը պետք է սպասի Հայաստանը:

Դա գործոններից մեկն է: Էրդողանի քաղաքական ապագան շատ ավելի կարեւոր է, քան Ադրբեջանի նավթային ռեսուրսները:


Ի՞նչ տեղ է զբաղեցնում հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կամ ասենք Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ:

Երբ իրատես կերպով բանակցությունների փուլ սկսվի, հարցը շատ արագ կդառնա առաջնային, քանի որ այդ ոչ միայն Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքակրթության հետ է կապված, այլ շատ կարեւոր օղակ է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների տեսակետից:


Ի՞նչն է այսօր կարեւոր Հայաստանի կամ Սփյուռքի համար. շրջափակումից դուրս գա՞լ, թե՞ Ցեղասպանության ճանաչում:

Մեկը մյուսից դժվար է տարանջատել: Ավելին, Ցեղասպանության ճանաչումը կարելի է նաեւ որպես լծակ դիտարկել երկրորդ խնդրին լուծում ապահովելու համար: Մենք պետք է հասկանանք, որ արտաքին քաղաքականությունը խնդիր է, որտեղ մենք որքան էլ մեծ եւ զգայուն լինենք, բայց անգամ ամենազգայուն ցավը կարող է շատ արդյունավետ լծակ լինել թե՛ մեր կողմից, եւ թե՛ մեր դեմ: Խնդիրն այն է, որ հայ-թուրքական գործընթացների ամենադրական արդյունքներից մեկն էլ այն է, որ մարդիկ ազատվեցին որոշ ֆոբիաներից եւ իրատեսական պատկերացում առաջ եկավ…


Ինչպե ՞ս եք գնահատում Դավութօղլուի այցը Հայաստան եւ հայտարարությունները Հայոց Ցեղասպանության վերաբերյալ:

Կարծում եմ Դավութօղլուի այցը բացառիկ չէր : Եթե չլիներ Սեվծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստը, իհարկե տեղի չէր ունենա Նալբանդյան- Դավութօղլու առանձնազրույցը : Հետեվաբար պետք չէ որեվէ լուրջ սպասումներ ունենալ կամ էլ հետեվանքների սպասել :

Դավութօղլուի հայտարարությունները Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հերթական թուրքական փորձն էր` նոր խոսքերով փորձել ասել ինչ-որ բան, որ ներողության տեսք կունենա : Սակայն ոչ մի դեպքում քաղաքական հետեվանքներ չի ունենա պաշտոնական Անկարայի համար :