Ղարաբաղյան հակամարտությունը Թուրքիայի հայկական քաղաքականությունում

Ստեղծված Չորեքշաբթի, Հունվարի 28, 2015, ժ. 06:44-ին
 
 
 

Հայացք Հայաստանից

Ղարաբաղյան հակամարտությունը Թուրքիայի հայկական քաղաքականությունում

Ստյոպա Սաֆարյան

 

 
Ստյոպա Սաֆարյան

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր

Թվում էր, թե միջազգային հարաբերությունների համակարգում Սառը պատերազմի ավարտի հարուցած իդեալիզմի լավատեսությունը անդառնալիորեն կխթանի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, եւ նորաբաց հնարավորությունը կյանքի կոչելու ու հակամարտ անցյալի հաշտեցման օգտին աշխատող օբյեկտիվ ու սուբյեկիվ գործոններն ավելի զորեղ կգտնվեն, քան դրան խոչնդոտողները:  

Սակայն, իդեալիզմի լավատեսության բերկրանքը արագ մթագնվեց առաջիններից մեկը Կովկասում, որտեղ ժայթքեցին երրորդ կողմերի ներգրավվման համար բաց էթնա-տարածքային հակամարտություններ՝ միջազգային հարաբերությունների ընկալումները տեղափոխելով ռեալիզմի ու հոռետեսության դաշտ:

Ամենաարյունալիներից մեկը Լենին-Ստալին զույգի քաղաքական վճռով 1921թ. խորհրդային Ադրբեջանին փոխանցված (բոլշեւիկա-երիտթուրքական ավելի մեծ համաձայնության մասը կազմող) Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ու նրա շուրջ հակամարտությունն էր, որում Թուրքիայի նախ քաղաքական-դիվանագիտական, ապա՝ ռազմական անբացահայտ ներգրավվածությունը ավելի բարդացրեց իրավիճակը:

Ի սկզբանե Հայաստանի անկախացման հեռանկարը, որն ուղեկցվում էր խորհրդային Ադրբեջանի հայաբնակ անկլավի՝ Հայաստանի հետ վերամիավորման, ապա՝ միջազգային իրավունքին ու խորհրդային օրենսդրությանը համապատասխան ինքնորշման եւ անկախանալու պահանջով, անհանգստացնող էր թուրք քաղաքական-գիտական շրջանակների համար:

Արդեն 1990թ. սկզբին մտահոգություներ էին հայտնվել, որ Հայաստանի անկախության դեպքում Թուրքիան հայտնվելու է Հայաստան-Հունաստան պահանջատիրական աքցանի մեջ[1]: Հիմնական մտահոգությունն այն էր, որ թուրք-բոլշեւիկյան մեծ գործարքի փոքր դետալի քանդումը կարող է բերել ավելի մեծ համաձայնության փլուզմանը, որով գծվել էին ԽՍՀՄ-ի ու Թուրքիայի սահմանները հայկական տարածքների մասնատման ու դրանք Թուրքիային, Ադրբեջանին նվիրաբերելու հաշվին:

Ղարաբաղյան հակամարտությունը, վերը նշված թուրքական սուբյեկտիվ-հիպոթետիկ ընկալումներից զատ, նաեւ օբյեկտիվորն էր սպառնում պրոյեկտվել հայ-թուրքական առանցքի վրա: Հակամարտության վաղ փուլում (1988-1990թթ.) Ադրբեջանը Արցախի ինքնորոշման պահանջին պատասխանեց հայերի զանգվածային ջարդերով՝ Սումգայիթում (1988թ. փետրվար), Բաքվում, Կիրովաբադում/Գանձակում ու այլուր (1990թ. հունվար), ապա՝ խորհրդային ՄՀՆՋ-ի[2] հետ համատեղ «Օղակ» պատժիչ գործողությամբ (1991թ. ապրիլ) ու տնտեսական շրջափակմամբ:

Դրանք վատագույն ասոցիացիաներն առաջացրեցին ոչ միայն դարասկզբի հայ-ադրբեջանական արյունոտ բախումների, այլեւ Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց  Ցեղասպանության հետ, որին զոհ գնացին մեկուկես միլիոն հայեր ու մի ողջ պատմական հայրենիք: Հայկական հավաքական գիտակցության մեջ հայ-թուրքական վերքի անուղղակի վերաթարմացումն արդեն իսկ ռիսկ էր այդ հարաբերությունների կարգավորման համար:

Չնայած այս գործոնին, ղարաբաղյան հակամարտության ամենավաղ շրջանում Երեւանի ու Անկարայի միջեւ փոխանակված ուղերձները մերձեցման մտադրությունների մասին էին: ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշմամբ՝ «Հայաստանը քաղաքակիրթ երկրներին արժանավայել հարաբերություններ պետք է հաստատի անխտիր բոլոր հարեւանների, այդ թվում`Թուրքիայի հետ»[3]:

1991թ. հունվարի 7-ին Թուրքիայի նախագահը հայտարարեց Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելու ծրագրի մասին[4]: 1991թ. ապրիլին Տեր-Պետրոսյանը Երեւան ժամանած ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալին հավաստիացրեց, որ Հայաստանը փոխվում է, ուզում է բարեկամանալ եւ պատրաստ է Թուրքիայի հետ ամեն տեսակի փոխշահավետհամագործակցության, ըստ որում՝ «Հայաստանը որեւէ տարածքային պահանջ չունի Թուրքիայից»[5]: Թուրք դեսպանը Անկարային փոխանցեց լավատեսական զեկույց, որ «ներկայիս հայկական ղեկավար մարմինների որդեգրած նոր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ ժամանակակից է եւ բխում է երկու ժողովուրդների շահերից»[6]:

Ի հակառակ սրա, Անկարայում մտահոգիչ գնահատվեցին 1991թ. մայիսի 11-ին «Аргументы и факты» թերթին Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցը, որտեղ նշել էր, որ Եվրոպայում 1920-1921թթ. հարատեւ հեղափոխության գաղափարի ձախողումից հետո Խորհրդային Ռուսաստանն իր հայացքը ուղղեց դեպի Արեւելք, եւ այդ գործում Թուրքիայի ու մահմեդական ժողովուրդների աջակցությունը ստանալոււ համար անդամահատվեց Հայաստանը՝ Կարսի մարզը զիջելով Թուրքիային, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանին[7]:  

Այդուհանդերձ, 1991թ. հունիսին, Թուրքիայի կառավարությունը լռելյայն հավանություն տվեց «Ալարկո Հոլդինգ» ընկերության ղեկավար, հրեա գործարար Իցհակ Ալատոնի՝ Տրապիզոնի նավահանգիստը ՀՀ-ի տրամադրության տակ դնելու, այն ազատ առեւտրի գոտի դարձնելու համատեղ ծրագրին, որում նրա գործընկերը ամերիկահայ գործարար, Ամերիկայի հայկական համագումարի[8] ղեկավար Հրայր Հովնանյանն էր լինելու: Այդ մեծ ծրագրի նպատակներ բարձրաձայնվեցին Կենտրոնական Ասիայի հանրապետությունների բնական գազն ու նավթը Հայաստանով Տրապիզոն, այդտեղից էլ՝ Արեւմուտքի շուկաներ փոխադրելը, նաեւ՝ Հայաստանի հետ սահմանային կետեր բացելը, աղետի գոտին վերականգնելը, արդյունաբերական ձեռնարկություններն արդիականացնելը, Էրզրում-Տրապիզոն երկաթգծի շինարարությունը[9]:

Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կան լուրջ պատմական հակասություններ: Հայ ժողովուրդը չի կարող մոռանալ 1915թ. իր նկատմամբ իրականացված ցեղասպանությունը եւ նրա պահանջը ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ միանգամայն արդարացի եւ օրինական է: Սակայն, չնայած այս բոլորին, Հայաստանը եւ Թուրքիան պիտի նորմալացնեն իրենց հարաբերությունները»[10]:

Այդպիսով, մինչեւ անկախացումը Հայաստանն արդեն իսկ ձեւակերպել էր Թուրքիայի հանդեպ իր դիրքորոշումը՝ նրանից տարածքային պահանջներ չունի, նորմալացվում են հարաբերությունները՝ մի կողմ թողնելով պատմական հակասությունները եւ անկախ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի:

Նշվածներից հատկապես վերջինը, միեւնույնն է, մտահոգող էր Անկարայի համար, ինչը  նրան դրդեց իր բոլոր քայլերում ու նախաձեռնություններում շրջափակել դրա անգամ նվազագույն հնարավորությունները, իսկ տնտեսությունից մինչեւ անվտանգության ու քաղաքական ոլորտներ Հայաստանի,  Սփյուռքի լոբբիստական կազմակերպությունների հանդեպ կիրառել «քաղցրաբլիթի ու մտրակի» քաղաքականության մի ողջ զինանոց:

Թուրքական նախապայմանային քաղաքականության սկիզբը

1991-ի աշնանը Հայաստանի ու Ադրբեջանի անկախանալուց, դեկտեմբերի 10-ին էլ Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեից (դեկտեմբերի 26-ին էլ պաշտոնապես հայտարարվեց ԽՍՀՄ փլուզման մասին) հետո Ադրբեջանը դիմեց ագրեսիոն պատերազմի՝ ռազմական գործողությունների օղակի մեջ առնելով հայկական “ապստամբ” տարածաշրջանն ու սկիզբ դնելով հակամարտության պատերազմական փուլին (1991-94թթ.):

Թուրքիան անմասն չմնաց այդ փուլում Ադրբեջանին ոչ միայն քաղաքական, դիվանագիտական, այլեւ ընդհուպ ռազմական օգնություն ցուցաբերելուց, հատկապես երբ Կովկասից խորհրդային զորքերի դուրսբերման խորապատկերին թվացյալ վակում էր առաջացել: 2000թ. Survival հանդեսում լույս տեսած մի հոդվածի համաձայն՝ արդեն 1991թ կեսերին Թուրքիան կազմակերպել էր «թվով 5.000 հրացանների, ռազմամթերքի եւ ականանետերի գաղտնի օդային տեղափոխությունը Ադրբեջան՝ Նախիջեւանի միջոցով»[11]:

Ոչ միայն այս, այլեւ հաջորդած տարիների պատմական անցքերի հետահայաց (ռետրոսպեկտիվ) վերլուծությամբ, հրապարակված փաստերից ակնհայտ է դառնում, որ սկզբիցեւեթ Ադրբեջանին ցուցաբերվող ռազմաքաղաքական անբացահայտ աջակցությամբ Թուրքիան խրախուսում էր նրան՝ ճնշելու հայաբնակ տարածաշրջանի անջատման պահանջը, իսկ  դիվանագիտական ճակատում էլ փորձում էր այդ գործոնով Հայաստանի վրա անուղղակի ճնշմամբ եւ տնտեսական խայծով հասնել հայ-թուրքական առանցքով պահանջատիրական քաղաքականության հենքի վերացմանը: 

1991թ. դեկտեմբերին թուրքական մամուլը «Ալարկո Հոլդինգ»-ի ղեկավար  Իցհակ Ալաթոնի վրա հղումով հայտարարեց, թե հայ-թուրքական համատեղ նախաձեռնության արդյունքում նրա հայազգի գործընկերոջ լոբբիստական կազմակերպությունը հրաժարվելու է Ցեղասպանության ճանաչման քարոզչությունից: Երբ Ամերիկայի հայկական համագումարը անմիջապես հերքեց դա, թուրքական ԶԼՄ-ներն Ի.Ալաթոնին մեղադրեցին հանուն իր բիզնես շահերի ստելու մեջ[12]

Որքան էլ Թուրքիայի կառավարությունը 1991թ. դեկտեմբերի 16-ին ճանաչեց Հայաստանի նորանկախ հանրապետությունը, սակայն, չշտապեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ: Հայաստանի նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին ուղղված 1991թ. դեկտեմբեր 24-ի ուղերձում Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը նշեց, թե իր երկիրը «փոխադարձ բարեկամական հարաբերություններ կզարգացնի հայկական իշխանության հետ ԵԱՀԿ սկզբունքների համաձայն», որը «հորդորում է ճանաչել պետությունների տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը»[13]:

1992-ի հունվար-մարտ ամիսներին, երբ ՄԱԿ-ում, ԵԽ-ում ու ԵԱՀԿ-ում քննվում էին Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցության դիմումները, պաշտոնական Ակարան փորձեց պատանդ վերցնել հայկական հարցն ու պարտավորեցնել Երեւանին ֆորմալ հրաժարվելու երբեւէ պահանջատիրություն ու Ցեղասպանության ճանաչում հետապնդելուց:

Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար առաջադրված նախապայմաններն էին. Հայաստանը պետք է (1) դե յուրե ճանաչի Թուրքիայի հետ իր ներկայիս սահմանները` վավերացնելով Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, (2) չհիշատակի 1915թ. Հայոց Ցեղասպանությունը, պաշտոնապես հրաժարվի աշխարհում այն վերահաստատելու ջանքերից ու պահանջատիրութունից, ընդունի իրավական ակտեր, որոնք կբացառեն ռասայական, կրոնական, էթնիկական թշնամությունը Հայաստանում եւ ԵԱՀԿ պետությունների հանդեպ, (3) դատապարտի ահաբեկչությունը, չհովանավորի այն եւ չօժանդակի այնպիսի կազմակերպությունների, որոնք պայքարում են տարածքային պահանջների համար, (4) Ճնշում գործադրի Լեռնային Ղարաբաղի վրա՝ դադարեցնելու պայքարը եւ ընդունելու Ադրբեջանի գերակայությունն ու տարածքային ամբողջականությունը:

Նշվածներից առաջին երեքը Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինը պաշտոնապես առաջադրեց հունվարի վերջին Պրահայում ԵԱՀԽ/ԵԱՀԿ նիստում, իսկ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերողն ավելացվեց կարճ ժամանակ անց[14]:

Տրապիզոնի ազատ առեւտրի գոտու պայմաններին ծանոթանալու համար 1992թ. փետրվարի 13-ին Իցհակ Ալաթոնի հրավերով Թուրքիա ժամանած Հրայր Հովնանյանն ու Վան Գրիգորյանը հյուրընկալվեցին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հ.Չեթինի կողմից, ինչի մասին լուրը հայտնվեց թուրքական մամուլում: “Թուրքիայի թշնամիներին՝ Ցեղասպանության արշավի առաջնորդներին” պաշտոնապես հյուրընկալելու մեջ մեղադրված Չեթինն արդարացավ, թե ինքը սոսկ հանդիպում է նշանակել Ալաթոնի հետ՝ տեղեկացված չլինելով հայ լոբբիստների ուղեկցելու մասին: Արտգործնախարարին «ծուղակը գցելու» համար Ի.Ալաթոնը դուրս մղվեց համատեղ ձեռնարկության նախագծից: Մինչդեռ իրական պատճառն այն էր, որ հայկական լոբբիստական երկու կազմակերպությունները հերքել էին Ցեղասպանության միջազգային ճանաչման արշավից հրաժարվելու մասին թուրքական իշխանությունների նետած լուրը :

Նոր հակամարտությամբ պաշտոնականացված հին թշնամանք

1992թ. փետրվարից սկսած Ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալված ռազմական գործողությունները դրամատիկ ազդեցություն թողեցին միմյանց տակավին քաղաքականապես զննող Անկարայի ու Երեւանի հարաբերությունների ընթացքի վրա:

Ղարաբաղյան խնդրով պաշտոնական Անկարայի «անգործության եւ հայկական “ագրեսիան” հանդուրժելու» մասին թուրքական հասարակության մեջ թափ հավաքող քննադատություններին ի պատասխան Թուրքիայի ղեկավարությունը նախ հռետորաբանությամբ, ապա ուժի ցուցադրությամբ սկսեց Հայաստանի հանդեպ ճնշումների եւ սարսափեցման քաղաքականությունը:

Խոջալուի դեպքերից հետո, մարտի 4-ին Իզմիրում ելույթ ունենալիս Թուրքիայի նախագահ Թուրղութ Օզալը միջազգային հանրությունից պահանջեց ավելի վճռական քայլերի դիմել «հայկական դաժանություններին» վերջ տալու համար, այլապես  սպառնաց ռազմական ուժերով կանգնեցնել հայերի առաջխաղացումը[15]: Հայաստանի սահմանի մոտ՝ Կարս-Սարիղամիշ-Իգդիր գծով թուրքական II կորպուսը սկսեց «Ձմեռ-92» զորավարժությունները, ինչը Հայաստանում տեղիք տվեց թուրքական ներխուժման մասին մտահոգությունների ձեւավորման համար[16]:

Նաեւ, արդեն մարտից Թուրքիան սկսել էր զննել Հայաստան հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռները՝ հարուցելով Արեւմուտքի զայրույթը: Ի պատասխան թուրքական ԱԳՆ-ին ուղղված դիվանագիտական հարցումների՝ վերջինս մինչեւ տարեվերջ էլ պատասխանում էր. «Թուրքիան մտադրություն չունի արտաքին ճնշման ներքո փոխել իր քաղաքականությունը Ղարաբաղի հակամարտության գոտի թռչող ինքնաթիռների զննման հարցում»[17]:

1992թ մայիսի 9-ին Շուշիի, ապա մայիսի 18-ին Բերձորի/Լաչինի միջանցքի արագ եւ հաջորդական ազատագրումն ու պարտադրված շրջափակման ճեղքումը առաջացրին Թուրքիայի զայրույթը: Սակայն դրանցից առավել գրգռեցին Նախիջեւանի Սադարակ քաղաքի շրջակա բարձունքների համար հայկական ուժերի մղած մարտերի մասին տեղեկությունները, որոնք Անկարայում քննարկումներ հարուցեցին Կարսի պայմանագրով Թուրքիային վերապահված իրավասությունների հիմքով ռազմական ներխուժման հնարավորության թեմայով: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Դողալ Գյուրեշը հայտարարեց, որ «պատրաստ է ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկել այնքան զինվոր, որքան խնդրի Ադրբեջանի կառավարությունը»[18]: Իսկ հետեւակազորային գեներալ Մուհիթին Ֆիսունողլուն էլ հայտարարեց, որ «բոլոր անհրաժեշտ պատրաստություններն արված են եւ բանակը սպասում է Անկարայից հրամանի, որպեսզի մեկնի»[19]:

Թուրքիայի նախարարների կաբինետի մայիսի 18-ին ընդունած որոշումով նախազգուշացում հնչեցվեց, որ «Հայաստանը գնում է շատ սխալ ուղիով եւ բոլոր հետեւանքների համար պատասխանատվություն կկրի, եթե չհրաժարվի իր ագրեսիվ քաղաքականությունից»: Թուրքիայի խորհրդարանաի նախագահ Հիքմեթ Զինդորուքն էլ հայտարարեց. «Թուրքիայի համբերությունը նույնպես սահման  ունի: Չի կարելի այն չափից ավելի երկար փորձարկել»[20]:

Կովկաս ներխուժելու այս սպառնալից հայտարարություններին ռուսական արձագանքը չուշացավ. ԱՊՀ Կոլեկտիվ զինված ուժերի գլխավոր հրամանատար, մարշալ Եվգենի Շապոշնիկովը հայտարարեց. «Եթե որեւէ այլ կողմ ներքաշվի այստեղ, մենք կարող ենք Երրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին հայտնվել»[21]: Դա փոքր-ինչ մեղմեց Անկարայի հեռտորաբանությունը ղարաբաղյան խնդրով, թեպետ չկանխեց նրա` արդեն բացահայտ ռազմական նկրտումները[22]:

ՀՀ նախագահ Տեր Պետրոսյանը հունիսի 2-ին թուրքական Ջումհյուրիեթ թերթին տված հարցազրույցում Անկարային քննադատեց Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում «պանթուրքիստական քաղաքականություն եւ տարածաշրջանում առաջացած քաղաքական վակուումը լցնելու նպատակ» հետապնդելու մեջ: Նրա խոսքերով՝ եթե Թուրքիան չհետապնդեր այդպիսի նպատակները, այլ «փոխարենը, առաջ մղեր իր քաղաքականությունը մշակութային, գիտական եւ տնտեսական զարգացման վրա հենվելով, մենք ջերմորեն կողջունեինք դա: Հայաստանը նման համագործակցությանը կմասնակցեր հաճույքով: Մենք կարծում ենք, որ դա արդյունավետ կլիներ: <…> Եթե դիվանագիտական հարաբերություններ լինեին Հայաստանի եւ Թուրքիայի միջև <.....> տարածաշրջանում խաղաղություն կլիներ: Բայց, կարծում եմ, հիմա էլ ուշ չէ դրա համար»[23]

Հունիսի 14-ին Ռիո դե Ժանեյրոյում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի վարչապետ Ս.Դեմիրելը ակնարկել էր. «Դուք չեք կարող ձեր նպատակին հասնել պատերազմով կամ կռիվներով: <…> Դուք շրջապատված եք Ադրբեջանով եւ Թուրքիայով: Մինչ նրանց հետ բարեկամական հարաբերություններ չհաստատեք, հայտնվելու եք լուրջ խնդիրների եւ դժվարությունների առջեւ»: Ի պատասխան Տեր Պետրոսյանի առարկության, թե Ադրբեջանն է նախահարձակ կողմը, եւ ոչ թե Հայաստանը, Թուրքիայի վարչապետը ավելացրել էր. «Եթե խաղաղություն եք ուզում, ապա թողեք եւ հեռացեք Շուշիից եւ Լաչինից: Ավելին, դուք պետք է իմանաք, որ մենք խոր մտահոգությամբ ենք հետեւում Նախիջեւանի դեպքերին: Մենք ձեզ խորհուրդ ենք տալիս հարցերը լուծել Նախիջեւանի եւ Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով.... Փորձեք կառավարել ձեր երկիրը, եւ աշխարհի մյուս երկրներին մի հրավիրեք միջամտելու ձեր ներքին գործերին: Եվ մի թույլ տվեք, որ ամերիկահայերը կառավարեն ձեզ եւ ձեր գործերը»[24]:

Երկկողմ հարաբերություները շարունակելու առումով որոշակի դրական ազդեցություն ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնարկեքին մասնակցելու նպատակով 1992թ. հունիսի 23-26-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Թուրքիա[25]: Վարչապետ Դեմիրելի հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը նշել էր, որ երկկողմ հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն հայ-ադրբեջանական հարաբերություններով: Դեմիրելն ընդգծել էր, որ սկզբունքորեն համաձայն է, սակայն Արցախում արյուն է հեղվում, իսկ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խոչընդոտող միակ հանգամանքը շարունակվող ռազմական ընդհարումներն են:

1992թ. օգոստոսի 23-25-ը Երեւան ժամանեց թուրքական պատվիրակություն փոխարտգործնախարարի տեղակալ Բիլգին Ունանի գլխավորությամբ: Հայկական կողմը հայտարարեց, որ Երեւանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր ստորագրել Թուրքիայի հետ: Մինչդեռ Բ. Ունանը նշել էր, որ Հայաստանը պարտավոր է ճանաչել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս նախապայմանի առնչությամբ Երեւանը պարզաբանել էր, որ անդամակցելով ՄԱԿ-ին, Հայաստանն արդեն իսկ պարտավորվել է հարգել տարածքային ամբողջականության սկզբունքը[26]: Այդուհանդերձ, կողմերը պայմանավորվում էին գոյություն ունեցող սահմանների ճանաչման հարցի վերաբերյալ բանակցություններն ավարտել 1993թ. ձմռանը, որն այդպես էլ անավարտ մնաց [27]:

Հայ-թուրքական հարաբերություները վերստին մթագնվեցին 1992թ. սեպտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի նախարարների ստամբուլյան նիստում ՀՀ ԱԳ նախարար Րաֆֆի Հովհանննիսյանի հայտարարությունների պատճառով: Նա հիշատակել էր Հայոց ցեղասպանության մասին, Թուրքիային մեղադրել ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու, Եվրոպական կառույցներին (ԵԽ, ԵԱՀԽ) մաս կազմելու գործում Հայաստանի առջեւ արգելքներ դնելու, ղարաբաղյան խնդրով չեզոք դիրք չպահպանելու, Հայաստան եկող մարդասիրական օգնությունը վիժեցնելու, Ադրբեջանին արդեն իսկ ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ: Ր.Հովհաննիսյանը հայտարարել էր, թե «Ադրբեջանում են գտնվում թուրքական զինվորական խորհրդականներ ու սպաներ», իսկ «Թուրքիայից Ադրբեջան զենքի հոսքի մասին տեղեկությունները բազմաթիվ են»[28]:

Պատժելուքաղաքականությունիցմինչեւներխուժմանսպառալիք

1993թ. ապրիլին Քարվաճառում (Քելբաջար) հայկական ուժերի հակահարձակողական հաջողված գործողությունների շարանը վերստին մեծ լարվածություն առաջացրեց հայ-թուրքական հարաբերություններում: Վարչապետ Ս.Դեմիրելը ապրիլի 3-ին նախազգուշացրեց, թե Հայաստանն ու աշխարհը ճիշտ չգնահատեցին Թուրքիայի համբերատարությունը:

Քարվաճառի ռազմական գործողության օրը՝ ապրիլի 5-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրեց. «Հայաստանը փորձում է խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ուժի կիրառման միջոցով եւ փոխել ամբողջ աշխարհի կողմից ճանաչված սահմանները»: Նույն օրը Թուրքիան փակեց “H-50” միջազգային օդային միջանցքը՝ թույլ չտալով օդանավերի թռիչքները դեպի Հայաստան, Գյումրի-Կարս երգաթգիծը, արգելեց մարդասիրական օգնությունների փոխադրումն իր տարածքով[29]:

Թուրքիայի նախագահ Թուրղութ Օզալը հայտարարեց. «Վերեւից եւ ներքեւից միջանցք բացեցին եւ փաստորեն այդ շրջանը կապեցին Հայաստանին: Այլեւս ղարաբաղյան խնդիր չկա, կան Հայաստանի նկրտումները Մեծ Հայաստանի մասին <…> Ինձ մի հարցրեք, թե արդյոք մենք կներխուժենք Հայաստան, թե ոչ: Բայց Թուրքիան իր քայլերը պետք է լավ հաշվարկի»[30]:

Թուրքիայի Ш բանակային ստորաբաժանումները զորավարժությունների պատրվակով մոբիլիզացվեցին հայ-թուրքական սահմանի մոտ. «Ի՞նչ կպատահի, եթե զորավարժությունների ընթացքում մեր ռումբերից երեքը ընկնեն հայկական տարածքի վրա: Ի՞նչ կպատահի, եթե մենք 1-2 ջոկատ ուղարկենք Նախիջեւան: Մենք կապված ենք Նախիջեւանին պայմանագրով: Ի՞նչ կպատահի, ո՞վ որեւէ բան կանի մեզ, ո՞վ կգա միջամտելու: Ո՞վ կարողացավ միջամտել Բոսնիայում: Համաշխարհային քաղաքականությունում մենք ոչնչի չենք կարող հասնել ռիսկի չդիմելով»,-հռտետորականհարցերի շարան էր բարձրացրել Թուրքիայի նախագահը[31]:

Բավական վտանգավոր էին Հայոց ցեղասպանությանը վերաբերող նրա գնահատականները, որոնք ավելի էին բորբոքում վերքը. «Հայերը ոչինչ չեն սովորում պատմությունից: Անատոլիայում եւս նրանքնման փորձ կատարեցին: Բայց նրանք անհավատալի ապտակ ստացան իրենց դեմքին: Եվ մինչ օրս նրանք ցավը չեն մոռացել: Եթե նրանք դա փորձեն նաեւ այստեղ (Ադրբեջանում)`հենվելով այս կամ այն պետության օգնության վրա, նրանց պատասխան է սպասվում»[32]:

Թեպետ Թուրքիայի խորհրդարանը արդեն մոտ էր Ադրբեջանի հետ ռազմական դաշինքի կնքմանը, ԱՄՆ Սպիտակ տունը զգուշացրեց «որ չի հանդուրժի որեւէ երրորդ երկրի միջամտություն հայ-ադրբեջանական հակամարտությանը»[33]: Ապրիլի 17-ին Թուրքիայի նախագահը արդեն բացառեց Հայաստանի դեմ պատերազմի հնարավորությունը:

Հայաստանին ճնշելու իր քաղաքականության շրջանակում, Անկարային ոչինչ չէր մնում, քան Ադրբեջանին դիվանագիտորեն օգնելու համար պարբերաբար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելը, ԵԱՀԿ-ում մի շարք դիվանագիտական նախաձեռնություններով հանդես գալը, որի արդյունքում ՄԱԿ ԱԽ 4 բանաձեւեր ընդունեց: Հենց առաջին բանաձեւից հետո Թուրքիան հայտարարեց, որ դա անտեսելու դեպքում «ագրեսորի» դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել՝ ի նկատի ունենալով միջազգային պարտադրանքը:

Մինչեւ աշնան սկզբը թուրքական զորքերը բարձր պատրաստվածության էին բերված բարենպաստ պահին Հայաստան ու Կովկաս մտցնելու համար: Այդպիսի պահ պետք է ստեղծեր 1993 աշնանը Մոսկվայում Ելցինի իշխանության տապալումն ու Խասբուլատովի եւ Ռուչկոյի գլխավորած Պուտչի հաջողությունը: 

Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան Լեոնիդաս Խրիզանտոպուլոսը իր մենագրությունում  այդ շրջանի վերաբերյալ փխանցել է, որ հոկտեմբեր 5-ին Տեր-Պետրոսյանն իրեն հայտնել է Ազգային Անվտանգության Խորհրդի որշմամբ բանակը հնարավոր ամենաբարձր պատրաստականության աստիճանի բերելու մասին, որպեսզի ռուսական զորքերի հավանական հեռացումից հետո, կարողանան երկիրը Թուրքիայի ներխուժումից պաշտպանել: Տեր-Պետրոսյանի փոխանցմամբ՝ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով Թուրքիայի համար պատրվակ պետք է ծառայեր քրդական հարցը կամ Նախիջեւանին պաշտպանելը[34]:

Ֆրանսիայի դեսպանն էլ հոկտեմբեր 11-ին էր նրան փոխանցել իր երկրի գաղտնի ծառայությունների տեղեկությունը (որը հաստատել էին նաեւ ամերիկացի դիվանագետները), ըստ որի՝ Անկարայի ու Խասբուլաթովի միջեւ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն «եթե նա իր պաշտոնին մնա, ապա Թուրքիային իրավունք է տալու սահմանափակ գործողություններ կատարել Հայաստանում՝քրդական հարցի պատրվակով, ինչպես նաեւ Վրաստանում՝ Աբխազիայի ապահովության համար»: Դրա համար ռուսական զորքերը պետք է Հայաստանից դուրս հանվեին: Վերջապես, հոկտեմբերի 12-ին դեսպանին նույնաբովանդակ տեղեկություն էր հաղորդել նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը՝ կրկին խոսելով Մոսկվայում սպասվող «ինչ որ կարեւոր դեպքերի» ու Հայաստանի սահմանին նկատված թուրքական զորքերի ուժեղացման մասին[35]

Հատկանշական է, որ 1993թ. հուլիսի 26-ից Անկարան քարոզչական ճակատում արդեն նախապատրաստում էր ներխուժման պատրվակը. Թուրքիայի ներքին գործերի նախարար Մեհմետ Գոզիօղլին սկսեց Հայաստանի կառավարությանը մեղադրել Քրդական բանվորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ: Հայաստանը հերքեց, որ ինքը որեւէ կապ ունի ՔԲԿ-ի հետ, եւ որ ՔԲԿ-ի գրասենյակ Երեւանում գոյություն չունի[36]:

Հոկտեմբերի 4-ին Ռուսաստանում Պուտչի ճնշումն ու ռուսական զորքերը Հայաստանից հանելու պլանների ձախողումը կասեցրին Կովկասում թուրքական զինված ուժերի սահմանափակ գործողությունների հեռանկարը: Իսկ նույն ամսի 24-ին ղարաբաղյան հակամարտության գոտում՝ Կովսականի (Զանգելան) եւ Հորադիսի շրջաններում հայկական ուժերի առաջխաղացմամբ Լեռնային Ղարաբաղը  հուսալի ցամաքային կապ ու սահման ստացավ նաեւ Իրանի հետ:

Փակ սահմանի քաղաքականությունը 

Մինչ ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլը կավարտվեր 1994-ի մայիսին կնքված հրադադարի եռակողմ պայմանագրով, Հայաստանի ու Թուրքիայի մերձեցումն արդեն ավարտվել էր դրանից ուղիղ մեկ տարի առաջ՝ սահմանի միակողմանի կողպմամբ:

Որքան էլ Անկարան իր այդ քայլը կապեց առաջին հերթին ղարաբաղյան խնդրի հետ, ոչ պակաս կարեւոր էր, որ նրան չհաջողվեց ո՛չ ճնշումների, ո՛չ սարսափեցումների, ո՛չ էլ տնտեսական շահագրգռություններ ստեղծելու միջոցով հասնել առավելագույնին՝ առաջադրված չորս նախապայմանների բավարարմանը: Երկկողմ ձեւաչափով Հայաստանն արել էր առավելագույնը՝ հայտարարելով տարածքային պահանջների բացակայության մասին:   

Մինչդեռ Թուրքիան, որ փորձում էր 70-ամյա ընդմիջումից հետո վերադառնալ Կովկասյան տարածաշրջան, մասնակցել մեկնարկած Մեծ խաղին, Ռուսաստանի դուսմղման արդյունքում լցնելը աշխարհաքաղաքական վակումը, Անդրկովկասում եւ Միջին Ասիայում ամրապնդելը իր դիրքերը էթնոմշակութային կապերի օգտագործման միջոցով, ցանկանում էր ավելին ստանալ թե՛ իրեն պահանջատիրությունից ապահովագրելու, թե՛ նաեւ տարածաշրջանային իր քաղաքականության նպատակները բավարարելու համար:

Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում վերջինիս Թուրքիայի ցուցաբերած ռազմա-քաղաքական-դիվանագիտական աջակցությամբ Անկարան ինքը միավորեց հակամարտության երկու առանցքները՝ հայ-թուրքականն ու հայ-ադրբեջանականը՝ հայերի աչքերում թարմացնելով թուրքի՝ մշտնջենական թշնամու կերպարը: Ըստ այդմ, հենց իր ձեռքերում է դրանք անջատելու հեռանկարը:

Թուրք-ադրբեջանական հարաբերությունների կարգավիճակը բնորոշող եւ Ակարայից ու Բաքվից բարձաձայնված “մեկ ազգ, երկու պետություն”   պաշտոնական կարգախոսը  տեղ չթողեց հայերի շրջանում “թուրքն ու Թուրքիան փոխվել են” թեզի հաղթանակի համար՝ ուղի հարթելով ավելի երկարակյաց՝ “թուրքը մնում է թուրք” ռեալիստական ընկալման համար:

1993թ. Հայաստանի հետ իր սահմանի կողպումով Անկարան պաշտոնականացրեց երկու հակամարտությունների առանցքների կապը՝ սահմանի բացումը պայմանավորելով պաշտոնական Երեւանի կողմից Ադրբեջանի օգտին տարածքային զիջումներ կատարելու եւ Ցեղասպանության ճանաչման ու հայոց պահանջատիրության հետապնդումից հրաժարվելու հետ, որը մինչեւ օրս էլ Հայաստանի հանդեպ նրա քաղաքականության ողնաշարն է մնում կարծր գծի կողմնակիցների համար[37]:

Հայաստանին շրջափակելու ու տարածաշրջանային ծրագրերից մեկուսացնելու թուրք-ադրբեջանական համատեղ քաղաքականությունը հաջորդիվ կատարյալ ու ամբողջական տեսք հաղորդեց Թուրքիայի հայկական քաղաքականությանը՝ հայ-թուրքական օրակարգի ամենեւին ոչ դյուրին խնդիրներին ավելացնելով եւս մեկը՝ ղարաբաղյան հակամարտությունը, որի բեռից Անկարան այլեւս ո՛չ կարողանում, հանուն արդարության՝ ո՛չ էլ ցանկանում է ազատվել:




[1] Չաքրյան Հ., Ղարաբաղյան հիմնահարցը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, Երևան, 1998, էջ 11

[2]ԽՍՀՄ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատներ, ռուսերեն անվանումը՝ ОМОН-отряды милиции особого назначения, որոնք Աֆրբեջանի միլիցիայի հետ միասին ԼՂԻՄ –ուՀայաստանի սահմանմերձ հայաբնակ բնակավայրերում հայկական զինված կամավորական ջոկատների զինաթափման քողածածկույթի տակ հայերի սարսափեցման կիսառազմական գործողություններ էին իրականցնում:

[3] Հակոբ Չաքրյան, Ղարաբաղյան հիմնահարցը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, Երեւան, 1998, էջ 11:

[4] Ազգ, 27. 05. 1991

[5] Независимая Газета, 14.05.1991

[6] Hürriyet, 02.05.1991

[7] Аргументы и факты, 11.05.1991.

[8] Հայկական լոբբիստական կազմակերպություն

[9] Հակոբ Չաքրյան, Ղարաբաղյան հիմնահարցը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, Երեւան, 1998, էջ 15:

[10] Ազգ, սեպտեմբեր 11, 1991

[11] R. Bronson; R. Bhatty, “NATO‟s mixed signals in the South Caucasus and Central Asia”, Survival, volume 42, issue 3, January 2000, p.134.

[12] Tigran Mkrtchyan, Тhe Role of NGO's in Turkey-Armenia Rapprochment, p. 155, http://www.esiweb.org/pdf/Mkrtchyan,%20Goksel%20-%20The%20Role%20of%20NGOs%20in%20Turkey-Armenia%20Rapprochement%20-%20November%202009.pdf, in: Non-traditional Security Threats and Regional Cooperation in the Southern Caucasus, 

[13] Հայաստանի Ազգային Արխիվ, ֆոնդ 326, 9/192, էջեր. 1-2.

[14] ԵԱՀԽ/ԵԱՀԿ նիստում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հիքմեթ Չեթինի ելույթից ՀՀ արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հիշողությունները Ջորջթաունի համալսարանում ունեցած նրա ելույթում, հայերեն տարբերակը՝ http://www.armenianow.com/hy/commentary/21927/diaspora_armenia_genocde_hovannisian_georgetown_university անգլերեն տարբերակը՝ http://www.armenianow.com/commentary/21925/diaspora_armenia_genocde_hovannisian_georgetown_university , ինչպես նաեւ՝ ՀՀ ԱԳՆ պաշտոնյա Քրիստիան Տեր Ստեփանյանի մեկնաբանությունները՝ Ազգ, փետրվար 12, 1992:

[15] Cumhuriyet, 05.03.1992

[16] Արտակ Զարգարյան, Թուրքիան եւ արցախյան հակամարտությունը, http://notebook.mskh.am/art.php?id=315

[17] Nezavisimaya Gazeta, 23,06,1992

[18] Turkish Daily News, 27.05.1992

[19] Hayk Demoian, Turkey and the Karabakh Conflict (Turtsiya I Karabakhskiy Konflikt, in Russian), Yerevan, 2006, p.32,

[20] Ազգ, մայիս 20, 1992

[21] Turkish Daily News, 21.05.1992

[22] Ըստ ռուսական հետախուզության տվյալների՝ 1992թ. սեպտեմբերի դրությամբ ադրբեջանական բանակում եղել է 670 թուրք զինծառայող՝ 550 զինվոր, 112 սպա և 8 գեներալ: Ավագյան Ա., Թուրք ազգայնամոլների գործունեությունն Ադրբեջանում 1990-1994 թթ.: Հայկական բանակ, 3(49), 2006թ, էջ 50:

Ըստ՝ Survival‖ հանդեսում 2000թ. լույս տեսած հոդվածի՝ 1992թ. մարտ-ապրիլ ամիսներին Թուրքիան 450 կամավորներ էր վարժեցրել Ադրբեջանի Գաբալայի մոտ գտնվող ներքին գործերի նախարարությանը պատկանող բազայում. R. Bronson; R. Bhatty, “NATO‟s mixed signals in the South Caucasus and Central Asia”, Survival, volume 42, issue 3, January 2000, p.134.

Ըստ ռուսական մամուլի՝ 5-6 հազար թուրքական զորքեր են մտել Ադրբեջան մինչև 1992թ. վերջը, Hayk Demoyan, Turkey and the Karabakh Conflict, Yerevan, 2006 գրքում՝ „Literaturnaya Gazeta‟ (Russian), 23.09.1992-ի հղումով

[23] Ազգ, հունիս 4, 1992, թարգմանություն Ջումհյուրիեթի հունիսի 2, 1992թ. հոդվածից

[24] Ազգ, հունիս 18, 1992

[25] Milliyet, 27.06.1992.

[26] Հայաստանի Հանրապետություն, 26.09.1992թ.

[27] Gerard J. Libaridian. Modern Armenia: People, Nation, State, Chicago, 2004, p. 269.

[28] Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը ԵԽ նախարարների խորհդի նիտում, Ստամբուլ, 10 սեպտեմբերի, 1992թ., http://www.nci.am/analyses/arm/statement/

[29] ՀՀ ԱԳՆ, Մերձավոր եւ Միջին Արևելքի վարչություն, Թուրքիայի բաժին, Հայաստան-Թուրքիա, Ժամանակագրություն (Հայաստան–Թուրքիա. Բաց երկխոսություն), Հասարակական երկխոսություն եւ զարգացումների կենտրոն, Երեւան, 2005,

[30] Milliyet, 08.04.1993

[31] Hürriyet, 08.04.1993.

[32] Türkiye, 16.04.1993.

[33] Ազգ, ապրիլ 17, 1993

[34]  Լեոնիդաս Խրիզանտոպուլոս, «Հեղաշրջում Հայաստանում. Մի դիվանագետի ժամանակագրությունը», էջ 88

[35] Ըստ Վազգեն Սարգսյանի՝ «Նույն ժամանակ Թուրքիան իր զորամասերը Ադրբեջանում եւ Նախիջևանում լրացրել էր երկու բրիգադով եւ 15 ուղղաթիռով: Թուրքիան արդեն սահմանում լարվածություն էր ստեղծում եւ իր զինվորները թեթեւ հրազեններից կարկ էին բացել հայկական սահմանի վրա: Ռուսական զորքերը ձեռնպահ էին մնացել եւ կրակահերթին չէին պատասխանել: <…> Կառավարության համար պարզ էր, որ Թուրքիան չէր համարձակվի հարձակում կատարել,  քանի դեռ ռուսական զորքերը Հայաստանում տեղադրված կլինեին: Լեոնիդաս Խրիզանտոպուլոս, «Հեղաշրջում Հայաստանում. Մի դիվանագետի ժամանակագրությունը», էջ 90

[36] Ազգ, հուլիս 27, 1993

[37] Աֆսանեհ Շիրանի, Հայաստան–Թուրքիա միջպետական հարաբերությունների զարգացումը (1991-2013 թթ.), http://lraber.asj-oa.am/6265/1/120-127.pdf