Ապրիլ 24-ի ոգեկոչում Դիարբեքիրում, պատմական իրադարձություն

Ստեղծված Ուրբաթ, Ապրիլի 25, 2014, ժ. 17:00-ին
 
 
 

”99” Աքսորի դիմանկարներ

Հայոց ցեղասպանությունը վերապրածների 99 լուսանկար

 

Ապրիլ 24-ի ոգեկոչում Դիարբեքիրում, պատմական իրադարձություն 

 

 

 

Հայոց ցեղասպանության ոգեկոչման առիթով, քրդերի քաղաքական եւ մշակութային մայրաքաղաք Դիարբեքիրի (1,5 միլիոն բնակչություն) Ամեդ պատկերասրահում ապրիլի 24-ին մեկնարկեց հայ-ֆրանսիական Երկիր Եւրոպա հասարակական կազմակերպության եւ Մարսելի ԱՐԱՄ ասոցիացիայի` քաղաքապետարանի համագործակցությամբ կազմակերպած «Հայոց ցեղասպանությունից փրկվածների 99 լուսանկար» ցուցահանդեսը։

Երբ աշխարհի բազմաթիվ քաղաքներում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող արարողություններ էին տեղի ունենում, 1915-ի կոտորածներից փրկված 99 հայեր` ցուցահանդեսի բացման կապակցությամբ խորհրդանշկան վերադարձ կատարեցին դեպի Արեւմտյան Հայաստանի պապենական հողերը: «”99” Աքսորի դիմանկարներ - Հայոց ցեղասպանությունը վերապրածների 99 լուսանկար» անվանումը կրող այս ցուցահանդեսը պատմական իրադարձություն էր այս տարածաշրջանի համար, որտեղ 20-րդ դարասկզբին բնակվում էին բազմահազար հայեր։

  


ԱՐՄԱՏՆԵՐ
ԵՒ 1915-ԻՀԱՆՑԱԲԵՄԵՐ

Ավելի վաղ կայացած մամուլի ասլուլիսի ընթացքում, որին ներկա էր մոտ 40 լրագրող, Երկիր Եւրոպայի ներկայացուցիչ Արմեն Ղազարյանն ընդգծեց միջոցառման առանձնահատկությունը.  

«Այս ցուցահանդեսի կազմակերպումը ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Դիարբեքիրում, երկակի խորհրդանիշ է, քանի որ հայերի արմատները այս հողերից են սկիզբ առնում եւ այս քաղաքը հանդիսանում է 1915թ հանցաբեմերից մեկը»։

Ասուլիսում, Դիարբեքիրի քաղաքապետարանի մշակութային հարցերով տնօրեն Մուհարեմ Ջեբեն նույնպես անդրադարձավ 1915թ իրադարձություններին. «99 տարի առաջ մեծ ողբերգություն տեղի ունեցավ այս հողերում։ Քրդերն արժանացան նույն ճակատագրին։ Մարդիկ ենթարկվեցին թալանի, ցեղասպանությունների, զանգվածային ջարդերի։ Զոհերի թվում էին նաեւ Դիարբեքիրի բնակիչներ։ Նրանք ստիպված եղան լքել իրենց հողերը։ Այսօր շատ ուրախ ենք, որ ականատես ենք լինում մեր հայրենակիցների վերադարձին, թեկուզ խորհրդանշական, դեպի այն հողը, որտեղ ծնվել եւ ապրել են նրանց պապերը։


 

ՎԵՐԱԴԱՐՁԴԵՊԻ ԱԿՈՒՆՔՆԵՐ

Իր հերթին, ԱՐԱՄ (Association pour la Recherche et l'Archivage de la Mémoire arménienne - Հայկական հիշողության հետազոտման եւ արխիվացման ասոցիացիա) ասոցիացիայի գլխավոր համակարգող Վարուժան Արթինը պարզաբանեց ցուցահանդեսի բովանդակությունը. «Այնտեղ ներկայացված են ցեղասպանությունից փրկվածների անձնագրային լուսանկարների ռեպրոդուկցիաներ, որոնք կցված էին Ֆրանսիայի հարավի հայկական պատրիարքարանի կողմից տրված մկրտության վկայականներին։ Արխիվային այդ նյութերի մեծ մասը պահպանվում է ԱՐԱՄ ասոցիացիայում»։

Նա այնուհետեւ հայտարարեց. «Իր պատմության մեջ առաջին անգամ ԱՐԱՄ-ն իր արխիվային նյութերը ցուցադրում է Ֆրանսիայից դուրս եւ հատկապես Թուրքիայում` Դիարբեքիրում։ Սա ֆիզիկական վերադարձ է դեպի ակունքներ, խիստ խորհրդանշական, դեպի Արեւմտյան Հայաստանի հողերը։ Հրավիրում եմ ձեզ դիտելու այդ դեմքերը, որոնք հարազատ կթվան ձեզ այնպես, ինչպես ձեր դեմքերն են հարազատ թվում ինձ այսօր»։


  


ԴԵՊԻ
ԵՐԿԻՐ

Ցուցահանդեսի բացման իր խոսքում Արմեն Ղազարյանը հայտնեց, որ «2008-ից ի վեր Երկիր Եւրոպան նախաձեռնել է մի շարք միջմշակութային ծրագրեր Թուրքիայում, որոնցից մի քանիսը Դիարբեքիրի քաղաքապետարանի հետ համատեղ։ Երեւանի մեր "Van Project" (Վան նախագիծ) ազգագրական երգերի համույթը բազմաթիվ անգամներ հանդես է եկել Դիարբեքիրում, ինչպես  նաեւ սեմինարներ է կազմակերպել Արամ Տիգրան կոնսերվատորիայի հետ համատեղ»: Նրա խոսքերով, «նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, այդ թվում ` 1915 թ ցեղասպանության ոգեկոչումը Դիարբեքիրում, կարող է հանդիսանալ դեպի երկիր վերադարձի սկիզբը։ Այն ուղերձը, որ ցանկանում ենք հղել ամբողջ աշխարհի հայությանը` այն է, որ հիշողությունից ու պատմութունից այն կողմ, այսօր հնարավոր է դարձել վերածնել հայկական ինքնությունը այնտեղ, որտեղից սկիզբ են առնում նրա արմատները, լինի  մշակույթի, զբոսաշրջության, թե այլ միջոցներով»։


 

«ԱՅՍ ՎԵՐՔԸ ԲՈՒԺԵԼԸ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է»

Դիարբեքիրի նորընտիր քաղաքապետը` տիկին Գյուլթեն Քշանաքն իր հերթին ասաց, որ ցուցահանդեսն արտահայտում է «մեծ ցավ, ողբերգություն եւ ցեղասպանություն», շեշտելով, որ «Գոյություն ունի մի պարզ ճշմարտություն` մեր եղբայրները, հայ մարդիկ, որոնք 99 տարի առաջ այս հողերի վրա ապրում էին մեզ հետ, այլեւս մեզ հետ չեն։ Ոչ մի հայտարարություն չի կարող փոխել այս իրողությունը։ Այս հողերում ապրող հնագույն ժողովուրդներից էր նա։ Մենք ընդհանուր անցյալ ունեինք եւ միասին ճանապարհ ունեինք հարթելու։ Սա միայն հայ ժողովուրդի ցավը չէ, մեր բոլորիս ցավն է։ Այդ ցավը մեղմելը, այդ վերքը բուժելը մեր բոլորիս պարտականությունն ու պատասխանատվությունն է»։ Գյուլթեն Քշանաքը հավելեց, որ անցյալի հետ առերեսվելու համար անհրաժեշտ է պատմական, քաղաքական եւ իրավական գործընթաց. «Կարծում եմ, որ այս լուսանկարները պիտի ցնցեն յուրաքանչյուր այցելուի սիրտը։ Ցուցահանդեսից հետո նրանք մտածելու են, թե ինչ կարող են անել թեթեւացնելու համար ցավերը։ Այս գործընթացում անցյալի հետ առերեսվելու համար կարիքն ունենք էմպաթիայի», եզրափակեց նա։

 


ԱՐԹՆԱՑՆԵԼ
ԽՂՃԵՐԸ ՈՒ ԱԶԱՏԵԼ ԼԵԶՈՒՆԵՐԸ  

Անդրադառնալով  ցուցահանդեսին հատկացված ընդունելությանը եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի ծրագրի հաջողության մեջ ունեցած դերին, Վարուժան Արթինն ուրախությամբ հայտնեց, որ հնարավոր եղավ կազմակերպել այս եզակի միջոցառումը. «Կարող ենք ասել, որ ”99”-ը արթնացնում է խղճերը, ազատություն է տալիս լեզուներին ու հոգիներին, սակայն Դիարբեքիրում առկա այս յուրահատուկ իրավիճակը չկա այլ շրջաններում` որտեղ խիստ ազգայնական են։ Դիարբեքիրի քաղաքապետարանն այս առումով օրինակելի է` Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնմամբ եւ երկխոսության այլ նախաձեռնություններով, ինչպիսին է այս ցուցահանդեսը։ Շատ երջանիկ եմ, որ այն իրականություն դարձավ. կարծում էի, որ անհնար էր, բայց ահա՜ մեր աչքերի արջեւ է այն։ Հուսանք, որ հնարավորություն կունենանք ցուցահանդեսը ներկայացնել այլ վայրերում եւ որ այն կընդունվի նույն ոգեւորությամբ։»


SEFLIE - ԻՆՔՆԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ

Ցուցահանդեսի բացմանը հարյուրավոր մարդիկ էին եկել, որոնց մի մասը ծննդով դիարբեքիրցի էր։ Նմանությունից ցնցված, ոմանք լուսասնկարվում էին իրենց «նմանակների» հետ։ Այլոք` հուզմունքից նույնիսկ մեկ առ մեկ նկարում էին ցուցադրված բոլոր դիմանկարները։ Տարածաշրջանում ծնված, ծագումով հայ երիտասարդ մի կին ցուցահանդեսից դուրս եկավ արցունքոտ աչքերով. «Մի մեծ տխրություն պատեց ինձ երբ տեսա այդ աքսորյալներին, որոնց երբեւէ չեմ ճանաչել։ Շատ դժվար էր մեկնողների համար, բայց նույնքան դժվար էր մնացողների համար։ Կորստի կսկիծն ապրելը մեծ վիշտ է բոլորիս համար»,  հայտնեց նա` այդ հայերի դեմքերից ու արտահայտություններից հուզված։

«Գիտեմ, որ մեր Բիսմիլի շրջանում շատ հայեր կային, այսօր նրանք այլեւս այնտեղ չեն։ Որտե՞ղ են, մի՞թե գոլորշիացան։ Մերոնք ահավոր բաներ են արել», ասում է տաքսու վարորդ Ահմեդը, հայտնելով իր ափսոսանքը` արցունքն աչքերին։ Միգուցե նա՞ էլ այն իսլամացած հայերից է, որոնք մեծ թիվ են կազմում այս տարածաշրջանում։ Արդյոք դա՞ է պատճառը, որ 99 փախստականների լուսանկարները նրան այնքան հուզեցին։ Նա ասաց, թե հայ չէ, էլ ուրիշ բան չասաց։ Գոնե առայժմ։



Ահմեդը միակը չէ, որ ցնցված է այս դիմանկարներից, որոնք այնքան կենդանի ու հարազատ են ցուցահանդեսի այցելուների համար։ Քրդերը լավ են ճանաչում զրկանքներ կրած այդ դեմքերը, աչքերում երեւացող տառապանքը։ Նրանք զգում են, որ լուսանկարներում պատկերված անձանց հետ կիսում են ոչ միայն ֆիզիկական նմանությունը, այլեւ ընդհանուր ճակատագիրը։ «Քանի որ ժամանակին չկարողացանք պաշտպանել հայերին, ապա կոտորվելու հերթը Դերսիմում մերն էր», նետում է մի այցելու։ Երիտասարդ աղջիկներ, որոնք ափսոսանք են հայտնում, որ ցուցահանդեսի կատալոգներն սպառվել են։ Նրանք կուզենային այդ դեմքերը տանել տուն, որպես հիշատակ, գուցեեւ ցույց տալու իրենց ծնողներին, որոնք չէին կարողացել մասնակցել ցուցահանդեսին։ Ուրիշներ հարցնում են, թե ինչու են այսքան շատ ծննդով խարբերդցիները, առանց իմանալու, որ մինչեւ 1915 թիվը այդ պատմական քաղաքը հայերի մեծամասնություն կազմած շրջաններից մեկն էր։ 

Բազմությունից հեռու, երկու լրագրողներ հարցազրույց են վարում Վարուժան Արթինի հետ, ով կանգնած է Տեր Զորի անապատից փրկված իր մեծ հոր դիմանկարի առջեւ։ Վարուժանն արտասվելով պատմում է, թե ինչպես էր պապն ափսոսում, որ կենդանի էր մնացել ու մինչդեռ իր բոլոր հարազատները սպանվել էին։



Ցուցահանդեսի կազմակերպիչներն այդ օրերին հաճախ ականատես ու ականջալուր էին լինում Դիարբեքիրի բնակչության արցունքներին, ափսոսանքի արտահայտություններին ու ներման խնդրանքներին։ Ապրիլ 23-ի երեկոյան, Երկիր Եւրոպայի նախաձեռնությամբ Սուրբ Կիրակոս եկեղեցում առաջին անգամ հնարավոր եղավ կազմակերպել մոմավառություն` նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին։ Այդ առիթով, մոտ 15 հոգի հավաքվել էին 2011-ին վերանորոգված այս եկեղեցում, որը նոր կյանք տվեց Դիարբեքիրի հայ համայնքին, որը կարծում էինք ահնհետացել էր։