Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները բնորոշվում են ներքին քաղաքականություններով

Ստեղծված Շաբաթ, Մարտի 01, 2014, ժ. 20:44-ին
 
 
 

Հայացք Թուրքիայից

Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները բնորոշվում են ներքին քաղաքականություններով

Դիբա Նիգար Գյոքսելի

 

 
Դիբա Նիգար Գյոքսելի

Turkish Policy Quarterly հանդեսի գլխավոր խմբագիր:

Ըստ Դիբա Նիգար Գյոքսելի Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը 2009-ից առ այսօր փոփոխության չի ենթարկվել: Անկարայի վրա Բաքվի ունեցած ազդեցությունն առավել քան երբեւէ մեծ է և մոտակա ընտրությունների պատճառով ազգայնական ընտրազանգվածն ավելի մեծ կարեւորություն է ստանում: Սակայն կարելի է ասել, որ Շվեյցարիայի ԵԱՀԿ-ի նախագահությունը ստաննձնելն ինչ-որ իմաստով հույսեր է արթնացնում: Կարելի է նաեւ ասել, որ Թուրքիայում 1915-ին առնչվող պաշտոնական տեսակետը օրեցօր ավելի շատ է քննադատվում:

 

Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան կատարած այցելությունից և նրա վերջին հայտարարություններից հետո: Կարո՞ղ են արձանագրությունները նորից կյանքի կոչվել: Բաքվի միջամտության ներուժը 2009-ի համեմատությամբ՝ որեւէ փոփոխություն կրե՞լ է:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն 2013թ դեկտեմբերի 12-ին այցելեց Հայաստան՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստին: Այցելությունն առիթ հանդիսացավ, որպեսզի թուրքական հասարակությունում նորից քննարկվի արձանագրությունները կյանքի կոչելու հարցը` համաձայն ներկայիս պայմաններին:  

2008 թվականի արձանագրությունների միջոցով տեւական բնականոնացման Անկարայի ջանքերը, օգտվելով նաեւ շվեյցարացիների փորձառությունից, գլխավորաբար միտված էին  պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելուն: Որպեսզի դա Հայաստանի համար ընդունելի լիներ, այսինքն դա ծառայեր նաեւ նրանց շահերին, պետք էր, որ համատեղ այդ հանձնաժողովը երկու երկրների միջեւ սահմանների բացումը ներառող մի փաթեթի բաղկացուցիչ մասը լիներ: Հարկավոր էր նաեւ Անկարայի համոզվածությունն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ուղղությամբ դրական քայլեր են ձեռնարկվելու:

Դժվարին բանակցությունների արդյունքում՝ ծայրաստիճան խճճված բոլոր այս հարցերը փոխադարձաբար ընդունելի տեսք ստացան արձանագրությունների տեքստերում: Սակայն արձանագրությունների տեքստում կողմերի միջեւ առկա վեճերը քողարկող երկիմաստ արտահայտություններ կային:  Որպես «կառուցողական անորոշություն» դիտարկվող այդ երկիմաստությունները, թեեւ երկու կողմերում տարբեր մեկնաբանությունների պատճառ դարձան, գործընթացում որոշ առաջընթաց ապահովեցին: Սակայն, մինչ հասարակությունը քննարկում ու վերծանում էր դիվանագիտական այդ ձեւակերպումները՝ աճում էին փոխադարձ կասկածներն ու անվստահությունը: Կապո՞ւմ է արդյոք Թուրքիան ղարաբաղյան խնդրի կարգավորումը սահմանի բացման հետ: Հայաստանը ճանաչո՞ւմ է արդյոք Թուրքիայի սահմանները: Արդյո՞ք կթուլանան Հայաստանի նախաձեռնությունները ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Այս հարցերին ծատ տարբեր պատասխաններ էին տրվում:

Այս քննարկումների ընթացքում պարզ դարձավ, որ Հայաստանը մտադիր չէ քայլ անել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ: Սա էր այն հիմնական պատճառներից մեկը, որ Թուրքիայում արձանագրությունների գործընթացը կորցրեց իր թափը: Ինչպես 2009-ին, Բաքուն հիմա էլ մտածում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է թուլացնել իր դիրքերը ղարաբաղյան բանակցություններում:

Իսկ Անկարան հաշվարկում է, որ այս պայմաններում Հայաստանի հետ սահմաններ բացելը հակասում է իր տարածաշրջանային գեոստրատեգիական և տնտեսական շահերին: Այս առումով, 2009-ից ի վեր Անկարայի մոտեցումը չի փոփոխվել: Ընդ որում, Անկարան այս տարի Բաքվի հետ հարաբերությունները չփչացնելու է՛լ ավելի շատ պատճառներ ունի: Տրանզանատոլիական գազատարը (TANAP), Թուրքիայի տարբեր սեկտորներում ադրբեջանական ներդրումները, ինչպես նաեւ առաջիկա ընտրություններին Ադրբեջանի հետ համերաշխությունը կարեւորող ազգայնական ընտրազանգվածի աճող նշանակությունը քան երբեւէ մեծացնում են Բաքվի ազդեցությունն Անկարայի վրա  :

Այնուամենայնիվ, 2014թ. հունվարին Շվեյցարիայի ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելուց հետո  Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ի հայտ եկան  նոր նախաձեռնությունների հնարավորություններ: 2007-2009 թվականներին հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման գործընթացում Շվեյցարիայի միջնորդական դերի շնորհիվ՝ շվեյցարացի դիվանագետներն ու բանակցող խմբերը Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարդ դինամիկայում մեծ փորձ ունեն: Այս գիտակցումը գոյություն ունեցող հանգույցները մեղմացնելու համեմատաբար ավելի իրատեսական և  գիտելիքահենք առաջարկությունների հնարավորություն է ստեղծում - կամ վերջին տարիների շվեյցարական փորձի շնորհիվ՝ գոնե կողմերին անիրատեսական բանաձեւեր պարտադրելու և լարվածությունը սրելու վտանգն ավելի փոքրացնում է:

Ղարաբաղյան հարցի կարգավորման որոնումները որոշ ժամանակ է խցանված են: Թուրքիան Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում միջնորդ հանդիսացող  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ չէ: Հիմնականում երեք համանախագահների (Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Ֆրանսիա) կողմից իրականացվող այդ գործընթացը երբեք թափանցիկ չի եղել: Նույնիսկ ԵԱՀԿ-ի նախագահությունը բավարար կերպով չի տեղեկացվում բանակցությունների կարեւոր կետերին: Թե՛ համանախագահները, թե՛ Երեւանն ու Բաքուն, ապավինելով ստատուս քվոյի հարմարավետությանը, չեն փորձում նոր մոտեցոումներ ցուցաբերել: Ստանձնելով ԵԱՀԿ-ի նախագահությունը՝ Շվեյցարիան նպատակադրված է այս գործընթացն ավելի ընդգրկուն դարձնել՝ այդ գործում ներառելով նաեւ մյուս գործընկեր երկրներին ու հասարակական կազմակերպություններին: ԵԱՀԿ-ի նախագահության կողմից ցուցաբերվող այս ուշադրությունը զգուշավոր լավատեսություն է առաջացնում տարածաշրջանի շահագրգիռ դիտորդների ու վերլուծաբանների մոտ:

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունները և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների առաջընթացը միմյանց շաղկապված լինելու հանգամանքից ելնելով՝ Թուրքիայում վերջերս քննարկվող բանաձեւը հետեւյալն է. Հայաստանը վերադարձնում է Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ շրջաններ (որոնք նա պահում է որպես հաղթաթուղթ), տեղահանված ադրբեջանցիները վերադարռնում են իրենց նախկին բնակավայրերը, իսկ դրա դիմաց՝ Թուրքիան բացում է Հայաստանի հետ իր սահմանը, այնուհետեւ բացվում են տարածաշրջանի երկաթուղային ցանցերը ու, հետեւաբար, տեղի է ունենում տարածաշրջանային համապարփակ ինտեգրացիա: Փորձ արվեց Անկարայի կողմից առաջ քաշված այս բանաձեւն այնպես ձեւակերպել, որ այն երեք կողմերի հասարակական աջակցությանն արժանանար՝ պաշտպանելով նրանց անվտանգության շահերը: Սակայն, նկատի առնելով Ռուսաստանի դերը տարածաշրջանում և հայ-ադրբեջանական երկխոսության դինամիկան՝ հորիզոնում փոխզիջումային որեւէ լուծում չի երեւում:

Տարածաշրջանի փորձագետների շրջանակում քննարկվող մեկ այլ բանաձեւի համաձայն, որը նախատեսված է Մինսկի խմբի համանախագահների կողմից  վարվող բանակցությունների Մադրիդյան սկզբունքներում, այն պայմանով, որ Բաքուն ու Երեւանի համաձայնության են գալիս՝ Անկարան Երեւանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատում և բացվում է Կարս-Գյումրի երկաթուղին: Այս սցենարով՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման կնճռոտ հարցը հետաձգվում է, խնդիրը մի կողմ թողնվում,  տարածաշրջանում հաղորդակցության ուղիները բացվում են՝ սպասելով հետագայի ավելի բարենպաստ մթնոլորտում երկարաժամկետ կարգավորման հեռանկարին:

Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը կարծում են, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին և մտահոգված են, որ բանակցություններում միջանկյալ մի բանաձեւի ներդրումը կարող է  թուլացնել իրենց դիրքերը: Ադրբեջանը տնտեսապես հզորանալով ամրապնդում է  Վրաստանի ու Թուրքիայի հետ ինտեգրումը՝ չցանկանալով միաժամանակ ընդհատել  Հայաստանը «մեկուսացնող» այդ դինամիկան: Մյուս կողմից, Հայաստանն էլ չի ուզում Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները (տեղահանված ադրբեջանցիների մեծամասնության հայրենի տարածքները) Ադրբեջանին վերադարձնելով կորցնել բանակցություններում ունեցած հիմնական հաղթաթուղթը: Մի խոսքով, երկու կողմերում էլ առկա են ռազմավարական և ներքին քաղաքականությանը վերաբերող մտահոգություններ:

Որպես ամփոփում կարելի է ասել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունները նորից օրակարգ բերելու փոխարեն, կողմերում տիրապետում է երկարաժամկետ փոքր քայլերով եւ Ադրբեջանի մասնակցությամբ բանաձեւերի շնորհիվ բնականոնացման հասնելու գաղափարը:  Սակայն, 2015-ին ընդառաջ մեկ այլ բարդություն էլ է առաջանում: 2014 և 2015 թթ. հայերը տեսնում են որպես միջազգային արշավների միջոցով ճնշում գործադրելու տարիներ: Հատկապես 1915թ. տեղահանության եւ կոտորածների որպես ցեղասպանություն ճանաչման, փոխհատուցման և առանց նախապայմանների սահմանը բացելու ուղղությամբ: Այդ իսկ պատճառով, հնարավոր է, որ Թուրքիայից եկող կարգավորման նախաձեռնութնունները մերժվեն Երեւանի կողմից: Արդարեւ, ըստ որոշ տեղեկությունների, արտգործնախարար Դավութօղլուի այցի ընթացքում Երեւանը դեմ է արտահայտվել բարձր մակարդակի շփումներ հաստատելուն:


Ի՞նչ ազդեցություն ունի 1915-ը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա:

Երկու ժողովուրդների միջեւ հիմնական խնդիրը օսմանյան-թուրքական պետության վերջին շրջանի հակասական պատմական դիսկուրսների վրա կառուցված թշնամանքն է: Ինչպես նշված է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի  («International Center for Transitional Justice») զեկույցում «Այս իրադարձությունների ձեւաչափը, շրջանակը, միջավայրը, առաջացրած հետեւանքները և հանցավորների ինքնության հարցի կապակցությամբ տարաձայնություններ կան»: Անատոլիայում հայերի մաքրագործումը տասնամյակներ շարունակ Թուրքիայի պաշտոնական դիսկուրսում կամ ժխտվեց, կամ էլ առաջ քաշվեց այն միտքը, որ դրա համար եղել են արդարացուցիչ հանգամանքներ: Հայկական Սփյուռքի ակտիվ մասն էլ, իր հերթին, անխտիր հակաթուրքական քարոզչություն վարեց: Այսպիսով, է՛լ ավելի ընդգծվեց հակառակ դիրքորոշումների արատավոր շրջանակը:

Այս գործընթացում ներգրավվեցին նաեւ երրորդ կողմի քաղաքական գործիչները՝ կայացնելով 1915-ին տեղի ունեցածի վերաբերյալ որոշումներ, որոնք ենթադրում էին իրավական եզրակացություններ: Ինչպես նաեւ դարձավ ‘ցեղասպանություն’ բառի օգտագործման կամ չօգտագործման քննարկման պատճառ: Այսպիսով, իրավական ու պատմական տարաձայնությունների կողքին առաջ եկավ ինտրիգների մի աշխարհ, որի մեջ ներքաշվեցին քաղաքական ու նյութական շահեր հետապնդող միջազգային ռազմավարական ուժեր: Միեւնույն ժամանակ՝ «ցեղասպանություն» բառը զգալի թվով թուրքերի եւ հայերի «հայրենասիրությունը» չափող լակմուսի թղթի վերածվեց:

Մասնավորապես կոշտ դիրքորոշում որդեգրած հայկական սփյուռքի կազմակերպոությունների «ցեղասպանության ճանաչման", "հողերի վերադարձի» եւ «փոխհատուցման» պահանջներով ճնշում գործադրելու ջանքերի դիմաց, Թուրքիան հակադարձեց զգալի ռեսուրսներ ներդնելու միջոցով՝ օգտագործելով նաեւ իր քաղաքական եւ դիվանագիտական կապիտալը: Իրադարձությունների այս շղթան լրջորեն նեղացրեց միջազգային ասպարեզում Թուրքիայի մանեւրելու դաշտը: Դա հանգեցրեց նաեւ երկու երկրներում հանրության և քաղաքական դաշտի դիրքորոշման է՛լ ավելի կոշտացմանը:

Ավելի քան 20 տարի Անկարայի եւ Երեւանի միջեւ պաշտոնական բանակցությունների օրակարգի թեմա է 1915 թվականը: 1991-ին, Խորհրդային միության փլուզումից և Հայաստանի Հանրապետություն հիմնադրումից հետո, Թուրքիայի կառավարությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու բանակցություններ սկսեց հայկական կողմի հետ: Անկարան ակնկալում էր, որ Հայաստանը վերջ կդնի հայկական սփյուռքի ցեղասպանության ճանաչմանն ուղղված քարոզչությանը: Սակայն Երեւանը պարզ ու հստակ հայտնեց, որ այդ հարցով պետք չէ իրեն դիմել: Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության օրակարգում «ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը» չկար: Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն այն էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում պատմությունը պետք չէր քննարկման առարկա դաձնել Անկարայի ու Երեւանի միջեւ: Այս ընթացքում՝ 90-ական թվականներին Թուրքիան սկսեց հասկանալ, որ Երեւանը վերահսկողություն չուներ Սփյուռքի նկատմամբ:

Սակայն, 1998թ իշխանության գալով՝ Ռոբերտ Քոչարյանը Ցեղասպանության ճանաչման հարցը պետական քաղաքականության օրակարգ բերեց: Քոչարյանն այդ հարցն օգտագործեց թե՛ որպես Թուրքիայի դեմ հաղթաթուղթ, և թե՛ որպես Սփյուռքի աջակցությունն ամրապնդելու գործիք: Այսպիսով, 1915 թվականն առավել պաշտոնական ձեւով կրկին օրակարգ մտավ:

Պատմական փաստաթղթերի և արխիվների վրա աշխատելու նպատակով Անկարայի և Երեւանի համաձայնությամբ ստեղծվելիք «պատմաբանների հանձնաժողովի» գաղափարը առաջին անգամ Թուրքիայի վարչապետը պաշտոնապես հնչեցրեց 2005 թվականին: Այս խնդրի առնչությամբ Հայաստանի արձագանքն այն էր, որ հարկավոր է առաջին հերթին կարգավորել հարաբերությունները և բացել սահմանները, իսկ պատմական հարցերին ու «փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի» կարելի էր անդրադառնալ ավելի ուշ:

Վերջապես, ինչպես վերեւում նշեցի, բոլոր այդ խնդիրները մի փաթեթում միահյուսող 2009թ.-ի արձանագրությունները երկու կողմերի միջեւ նախաստորագրվեցին ու ներկայացվեցին հանրությանը: Այս համատեքստում, կողմերը համաձայնեցին «իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար:» Այդ նպատակով նախատեսվեց ենթահանձնաժողով ստեղծել:

Հայ հասարակության մի հատվածի մեկնաբանությամբ՝ արձանագրությունները հարցականի տակ էին դնում 1915 թվականի իրադարձությունների «ցեղասպանություն» որակումը: Դրա հիման վրա, Սարգսյանի իշխանությունը քննադատության արժանացավ արձանագրությունների տեքստը ընդունած լինելու համար: Ի պատասխան այդ քննադատություններին, կառավարությունը վերահաստատեց, որ ցեղասպանության ճանաչման մոտեցման մեջ որեւէ փոփոխություն առկա չէ: Այս դիրքորոշումը պաշտոնական բնույթ ստացավ արձանագրությունների սահմանադրությանը համապատասխանելու մասին Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ: Արձանագրությունները սահմանադրությանը համապատասխան համարելով հանդերձ, դատարանը հստակ կերպով հաստատեց, որ արձանագրության դրույթները Հայաստանի Հանրապետության օրինաստեղծ ու իրավակիրառական պրակտիկայում, ինչպես նաեւ միջպետական հարաբերություններում չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին եւ Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին։ Այս հաստատումը թուրքական կողմի համար գործընթացը խոչընդոտող գործոն դարձավ:

Իրականում, արձանագրությունների տեքստը հանրությանը ներկայացնելուց առաջ էլ, աշխարհի շատ այլ տարաձայնություններին լուծում տալու ակնկալիքով ստեղծված հանձնախմբերի քննարկումների արդյունքում անկհայտ էր դարձել, որ ուսումնասիրությունների անկողմնակալությունը պարտադիր պայման է: Անխուսափելի էր նաեւ այն մտահոգությունը, որ կողմերը փսրձելու են իրենք քաղաքական շահերի օգտին գործել: Այս եւ շատ այլ հանգամանքներ պատճառ դարձան, որպեսզի համատեղ աշխատելու ուղղությամբ ոգեւորվածությունը նվազի:


2015 թվականին ընդառաջ երկու երկրների հարաբերություններում կարո՞ղ ենք առաջընթաց ակնկալել, թե՞, ընդհակառակը, շարժվում ենք դեպի մի իրավիճակ, ուր կողմերը կոշտացնում են իրենց դիրքերը:

2015թ.-ին Թուրքիան ոչ միայն Երեւանի ու Բաքվի հետ, այլեւ առկա է այն վտանգը, որ միեւնույն ժամանակ 1915 թվականը հիշատակող և կամ Թուրքիայի դեմ որպես հաղթաթուղթ օգտագործող երրորդ երկրների հետ եւս լարված հարաբերությունների մեջ է լինելու :

Մտավախությունն այն է, որ ականատեսն ենք լինելու ամեն տարի ապրիլի 24-ին կրկնվող և ոչ մի արդյունք չտվող  «ցեղասպանության դիվանագիտության» է՛լ ավելի բարձր մակարդակի հասցվելուն: Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հայկական սփյուռքի քարոզարշավներն ու դիվանագիտական նախաձեռնությունները շատ ավելի համակարգված ձեւով են տեղի ունենալու: Թուրքիան փորձելու է դրանք ձախողել՝ ուշադրությունը այլ ուղղությամբ շեղելու համար օգտագործելու է գեոստրատեգիական իր լծակները: Միեւնույն ժամանակ, Անկարան Առաջին համաշխարհային պատերազմի մյուս ողբերգությունները ներառող մի շրջանակ ստեղծելով, փորձում է ուղղորդել 1915 թվականին առնչվողդիսկուրսը:

Այս գործընթացի ընթացքում, թուրքական հասարակության տարբեր շերտերի կողմից իրականացվելիք անկեղծ հաշտեցման եւ ոգեկոչման նախաձեռնություններն ամենայն հավանականությամբ  հայերի մեծամասնության կողմից ընկալվելու են որպես «փոքր և ուշացած» քայլեր: Այդ ջանքերը նույնիսկ մերժվելու են այն մտավախությամբ, որ Թուրքիայի վրա կիրառվող միջազգային ճնշումները «կմեղմացվեն»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի կողմից շրջանառության մեջ դրված «արդար հիշողություն» հասկացությունը նպատակ ուներ նաեւ Թուրքիայի ավելի լայն հասարակական շերտերին հաղորդակից դարձնել հայերի կոլեկտիվ դառը հիշողություններին: Այս համատեքստում, 2013 թվականի վերջում Երեւան կատարած այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի՝ 1915թ Օսմանյան կայսրության հայերի տեղահանության «սխալ» ու «անմարդկային» լինելու մասին հայտարարությունն այս դիսկուրսն էր արտացոլում: «Արդար հիշողության»  գաղափարը հորդորում է նաեւ, որ հայերի ողբերգությունը պետք չէ ՎԵՐԱԳՐԵԼ թուրքերի առանձնահատկությանը, փոխարենը՝ 1915 թվականի պայմաններից և համատեքստից ելնելով պետք է հաշվի առնել պատերազմական այն իրավիճակը, որին թիրախ էին նաեւ մահմեդականներն ու թուրքերը:

Սակայն մի քանի պատճառներից ելնելով անհավանական է թվում, որ այս դիսկուրսը 2015-ի նախօրեին կկարողանա ավելի մեղմ միջավայր կամ հաշտեցման հիմք ստեղծել: Քննադատության են ենթարկվում Անկարայի այն պնդումները, թե պետք է հաշվի առնել մահմեդական քաղաքացիների պատերազմի եւ ապստամբությունների ընթացքում իրենց նախնիների ապրած ողբերգությունների վերաբերյալ ընդհանուր հիշողությունը: Դիտողության են արժանանում հիմնականում «տուժողների հավասարեցումը» կամ զուլումի արդարացմանն ուղղված նախաձեռնությունները: Իսկ գուցե նույնիսկ ավելի կարեւորն այն է, որ «արդար հիշողության» գաղափարը թուրքական հասարակությանը դեռեւս այնպես չի ներկայացվել, որ տուժող հայերի նկատմամբ էմպատիա առաջանա, ինչպես նաեւ, որ այն չի արտացոլվում ընդհանուր ներքին քաղաքականության հռետորաբանության մեջ:

Թեեւ «արդար հիշողություն» հասկացության նպատակները վիճելի են, սակայն առ այսօր պատմության հակասական ընկալումներով մարդկանց միմյանց լսելուն ու հասկանալուն ուղղված այլընտրանքային մի շրջանակ առաջ չի քաշվել: «Արդար հիշողություն» հասկացությունը քննադատողների այլընտրանքային առաջարկները կամ լրացուցիչ դրույթներով հանդես գալը կարող են հիմք հանդիսանալ ավելի կառուցողական երկխոսության: Արդյունքում, «արդար հիշողության» նախաձեռնությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե այն օգտագործվի առաջնակարգ մտավորականների, քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից՝ առկա տաբուները ջարդելուն ուղղված քայլերով հանդերձ: «Արդար հիշողություն» հասկացությունը լավագույն դեպքում երկու կողմերի ծայրահեղականներին կարող է հարցականի տակ դնել: Իսկ եթե այն կառուցողական կերպով չօգտագործվի՝ ավելի վատ հետեւանքներ կունենա:

Ո՛չ Թուրքիայում, ո՛չ էլ Հայաստանում ներկայիս քաղաքական միջավայրը շատ հույս չի ներշնչում, որ կառուցողական քննարկում կլինի:  Թուրքիայում առաջիկա 18 ամիսներին երեք ընտրություններ են տեղի ունենալու և օրակարգում ներքին քաղաքական հարցերն են լինելու: Այս համատեքստում, դժվար թե Անկարան կարողանա համապարփակ տեսլական մշակել և 2015-ի հնարավոր հետեւանքների դեմ բազմակողմանի գործողությունների ծրագիր իրականցնել:

Անկարայի վրա գործադրող ճնշումների ընթացքում կարեւոր է թուրքերին չպախարակել որպես ցեղ: Իրոք, օսմանահպատակ հայերի դեմ կատարված հալածանքների և ողբերգությունների հետեւանքով առաջացած «ոճրագործ թուրքերի» որակումը հաճախ է հնչում հայկական արշավների ընթացքում, և բնականաբար, թուրքական հասարակության մեծ մասը սրտներն ու մտքները բացելու փոխարեն՝ մտքներում արգելքներն են ամրապնդում:

Արդյունքում, թեպետ այսօր Թուրքիայում 1915-ը քննարկելու շատ ավելի ազատ մի մթնոլորտ գոյություն ունի, սակայն այդ խնդիրը թողնված է «շուկայական ուժերին»: Իրավիճակն այնպիսին է, որ ովքեր ցանկանում են պատմության այս էջը ուսումնասիրել և քննարկել՝ կարող են այդ անել, սակայն չի կարելի պնդել, որ խրախուսվում է նոր դիսկուրսի որդեգրումը և հասարակության մեջ էմպաթիա առաջացնող նոր մոտեցման ձեւավորումը: Պատմության ընթացքում պետությունների կատարած սխալները հարցականի տակ առնելու լույսի ներքո՝ ականատես ենք լինում 1915 թվին առնչվող պաշտոնական պատմության համատարած քննադատությանը: Աակայն անհավանական է թվում, որ այս միտումը 2015 թվականին կհասնի շրջադարձային հանգրվանի: Միեւնույն ժամանակ, չի կարելի ասել, որ հայկական կողմում զարգանում է հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական պատմության հանդեպ ավելի նյուանսով և պակաս էթնոցենտրիկ մի մոտեցում:

Այս ամենով հանդերձ, 2015-ի ռիսկերը կարելի է նաեւ արժեւորել որպես հնարավորություններ: Այժմ Անկարայի օրակարգն զբաղեցնող հարեւան մյուս երկրների և ներքին խնդիրների պատճառով Հայաստանի հետ հարաբերությունները մի կողմ են դրված: Իսկ 2015-ը ուշադրությունը դարձյալ այս թեմայի վրա պիտի սեւերի: Սպասվելիք թշնամական դիսկուրսի ազդեցությունը նվազեցնելու համար կառուցողական շրջանակները կարող են  դրական քայլեր ձեռնարկել: