Ալեւիզմի քաղաքական մարտահրավերը Թուրքիայում

Ստեղծված Կիրակի, Սեպտեմբերի 28, 2014, ժ. 08:55-ին
 
 
 
Այլ տեսակետ

Ալեւիզմի քաղաքական մարտահրավերը Թուրքիայում

Էրվան Քերիվել

 

 
Էրվան Քերիվել

Ալեւիզմի մասնագետ, ֆրանսիացի գրող և հետազոտող

Էրդողանի Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելը, ինչպես նաեւ ԱԶԳ-ի (Արդարություն և զարգացում կուսակցություն - AKP) ղեկավարած կառավարության ունեցած դերակատարությունը Սիրիայի ու Իրաքի փոքրամասնությունների էթնիկ զտման մեջ՝ ալեւիական համայնքին տալիս է  իր ապագայի համար մտահոգվելու բոլոր հիմքերը: Այսօր, ալեւիների հիմնական քաղաքական մարտահրվերն է ունենալ քաղաքական իրական ծրագիր և ղեկավարներ, որոնք ի վիճակի կլինեն ներկայացնել հստակ ձեւավորված ժողորդավարական և սոցիալական պահանջներ: Դրա համար անհրաժեշտ է գաղափարապես խզել բոլոր կապերը իսլամաթուրքական սինթեզի և թուրքա-քեմալական ազգայնականության հետ:

Էրդողանի նախագահ ընտրվելը երկրի գլխավոր մշակութային եւ կրոնական փոքրամասնության՝ ալեւիների կողմից դիտարկվեց որպես սպառնալիք եւ ընդունվեց մեծ հիասթափությամբ՝ ճակատագրապաշտական տրամադրություններով: 2002-ին՝ նրա իշխանության գալուց հետո է՛լ ավելի աճեցին սուննիական մեծամասնության ալեւիական համայնքի դեմ սադրանքները, ահաբեկումներն ու սպառնալիքները.ավելացավ ալեւիական գյուղերում մզկիթների կառուցումը, փորձեր արվեցին պարտադրելու իսլամի դասընթացներ երեխաներին, սեւ ցուցակներ կազմվեցին հանրային ծառայության ոլորտում, լինչի դատաստանի ենթարկվեցին համայնքի անդամները՝ Ռամադանը չհարգելու պատճառաբանությամբ, ալեւիների տների վրա տարբերակիչ նշաններ դրվեցին՝ մահվան սպառնալիքներով, հարձակումներ եղան ջեմեւիների վրա (ալեւիական աղոթատեղիներ), ավերվեցին գերեզմաններ եւ այլն:

Ստամբուլի Գեզի զբոսայգու իրադարձություններից ծնված ապստամբական շարժման մեջ ալեւիների զանգվածային մասնակցությունը առիթ դարձավ, որ այս վերջինները նորընտիր նախագահի կողմից թշնամի հայտարարվեն: Այսուհանդերձ, ալեւիները մինչեւ այժմ չեն կարողանում միավորվել հստակ քաղաքական դիրքորոշման և քաղաքական պահանջատիրության որոշակի ծրագրի շուրջ: Արդյունքում, 15-ից 20 միլիոնանոց այս համայնքը անընդունակ է դարձել ազդելու քաղաքական իրավիճակի և ընտրությունների արդյունքի վրա: Բռնի ձուլման վտանգի տակ հայտնված ալեւիական համայնքը կարեւորագույն քաղաքական մարտահրավերի հետ դեմ հանդիման է գտնվում՝ գոյատեւել քաղաքականապես: Սա քաղաքական կողմնորոշում պահանջող մարտահրավեր է, ինչի համար հարկավոր է կտրականապես խզել կապերը անցյալի հետ:

Գտնել առաջնորդներ, ովքեր ունակ են ձեւավորել քաղաքական պլատֆորմ:

Թուրքիայում ու Եվրոպայում գործունեություն ծավալող ալեւիական միությունները բազմաթիվ են և մասնատված, ինչը հեշտացնում է նրանց թշնամիների գործը: Թուրքիայում գործող սյդ միությունների ղեկավարներից մի քանիսն արդեն տասնամյակներ  կապված են խորքային պետության հետ: Ոմանք պատրաստ են դաշնակցել Էրդողանի հետ՝ հավատացնելով, որ ալեվիզմը մի տեսակ թուրքական իսլամական սինթեզ է՝ դիմելով կրոնի գործերի վարչությանը այն ճանաչել որպես մահմեդական փոքրամասնություն. սա տասնամյակներ շարունակ Իզզեթին Դողանի ու նրա Ջեմ հիմնադրամի ձեռնարկած քայքայիչ գործունեությունն է: Եվրոպայի ալեվի միգրանտների շրջանում եւս գոյություն ունեցող այս հոսանքը հակված է ալեւիական համայնքին վերագրել իսլամական պատկանելություն, ինչը վաղուց ի վեր արվել է Օսմանյան կայսրության՝ ինչպես նաեւ Թուրքիայի հանրապետության սկզբնական շրջանի քեմալական գաղափարախոսների կողմից: Դրա սկզբնական նպատակն էր անել հնարավոր ամեն ինչ որպեսզի ալեւիները, որոնք դեռեւս մեծ մասամբ կոչվում  էին «Կըզըլբաշ», չմիավորվեին այլ կրոնական փոքրամասնությունների (հատկապես քրիստոնյաների) հետ՝ հավասար իրավունքներ հետապնդող ժողովրդավարական քաղաքական հարթակի շուրջ: Այս առումով, Մարկուս Դրեսլերի վերջերս լույս տեսած ուսումնասիրությունը՝ «Writing Religion, the making of turkish alevi islam », շատ արժեքավոր հետազոտություն է:

Ալեւի առաջնորդների մեկ այլ հատված  հանրապետության վաղ շրջանում որոշել  էր իր ճակատագիրը կապել քեմալիզմի հետ՝ հավատ ընծայելով «աշխարհիկ» նոր պետության խոստումներին ու հուսալով, որ այն պատվար կհանդիսանա սուննիական մեծամասնության հետ աստիճանական ձուլման դեմ: Չնայած Քոչգիրիի ու Դերսիմի կոտորածներին, չնայած ֆաշիստական Գորշ գայլերի ալեւիների դեմ իրագործած Մարաշի, Մալաթիայի, Չորումի պոգրոմներում զինուժի ունեցած դերակատարությանը՝ դեռեւս երկար ժամանակ ընդունված կարգ էր ընտրություններին ԺՀԿ-ին (Ժողովրդահանրապետական կուսակցություն - CHP) աջակցելը, ջեմեւիներում Աթաթուրքի դիմանկարների ցուցադրումը, հանրապետության ինստիտուտների նկատմամբ կույր վստահությունը:

1970-80-ական թվականներին՝ զանազան ռազմական հեղաշրջումներին զուգընթաց, մեծ թվով ալեւիներ միացան ընդհատակյա ծայրահեղ ձախին՝  ճակատային պայքարի ելնելով թուրքական պետության դեմ: Սակայն, դա նաեւ անխուսափելիորեն հանգեցրեց դեպի Եվրոպա զանգվածային քաղաքական աքսորի՝ զրկելով համայնքը քաղաքական իր ապագա կադրերից: Նրանց մի մասը Եվրոպայում առաջին ալեւիական միությունների հիմնադիրները դարձան՝ փորձելով ապրեցնել ալեւի մշակույթը գաղթավայրում: Այդուհանդերձ, վերջիններս շատ քիչ ազդեցություն ունեն երկրում՝ Թուրքիայում մնացած համայնքի վրա:

Քանի որ այդ առաջնորդները ալեւիական համայնքի համար հատուկ ոչ մի ծրագիր չեն իրականացնում, ալեւիները այլ ընտրություն չունեն, քան ձեռնպահ մնալ կամ քվեարկել իրենց շահերը ներկայացնող թեկնածուի օգտին: Վերջին ընտրությունների ընթացքում փոքրամասնությունների թեկնածուն՝ քուրդ Դեմիրթաշը կարողացավ զգալի քանակով ձայներ հավաքել ալեւիական համայնքից, մանավանդ, որ ԺՀԿ-ն, ում ալեւիները ավանդաբար տալիս են իրենց նախընտրությունը, ֆաշիստական ԱՇԿ-ի հետ (Ազգայնական շարժում կուսակցություն - MHP, 1970-80-ական թվականների ալեւիական ջարդերի պատասխանատուն) միասնական թեկնածու ներկայացնելու սխալը գործեց: Արդյունքում, ալեւիական կազմակերպությունների մի մասը հրաժարվեց իր աջակցությունը բերել կրոնապաշտ թեկնածու Իհսանօղլուին:

Համախմբվել անկախ գոյատեւելու համար

Այսօր ալեւիական համայնքի հիմնական քաղաքական մարտահրավերն է՝ միավորվել ինքնուրույն գոյոատեւելու համար: Նա այդ խնդիրը կարող է իրականացնել միայն իր առանձնահատկության հստակ սահմանումով՝ այսինքն մշակութային և կրոնական բազմէթնիկ մի համայնք (թուրք, քուրդ և արաբ), որը հավատքի, փիլիսոփայության ու պաշտամունքի առումով իսլամից դուրս կլինի, որը կմերժի նաեւ պանթյուրքական կեղեքիչ ազգայնականությունը, քանի որ այն «նույն աչքով է նայում  72 ազգերին»:

Գաղափարախոսական այս լուրջ խզումը նշանակում է վերջ տալ հարյուրամյա իսլամաթուրքական սինթեզի ու թուրքական ազգայնականության հետ միաձուլմանը, դա նշանակում է վերադառնալ իսկական և ճշմարիտ ալեւիզմի ակունքներին: Հարցն այն է, որ համայնքի ո՞ր ղեկավարները կկարողանան տանել համայնքի համար այս շատ կարեւոր պայքարը:  Խնդիրը հեռու է լուծման փուլից:

Այնուամենայնիվ, ալեւի քրդերի ու արաբների մոտ թուրքական կեղեքիչ ազգայնականության ճնշումից ազատվելու ցանկությունը մեծ է: Բազմաթիվ պատմաբաններ, հետազոտողներ, մտավորականներ և լրագրողներ այդ ուղղությամբ խիզախ հրապարակումներով են հանդես գալիս՝ Թուրքիայում ու Եվրոպայում: Ալեւիական հանդեսները պարբերաբար անդրադառնում են այլ փոքրամասնությունների ողբերգական վիճակին, բայյց նաեւ այն ասիմիլացիային, որին ենթարկվել է իրենց իսկ համայնքը: Կասկած չկա, որ այս ալեւի մտավորականությունից են առաջանալու ապագա առաջնորդները: