"Բռնության ու դիմադրության, լռության ու ճչի միջով անցած քրդական ինքնությունը"

Ստեղծված Շաբաթ, Փետրվարի 08, 2014, ժ. 14:55-ին
 
 
  Հայացք Թուրքիայից


"Բռնության ու դիմադրության, լռության ու ճչի միջով անցած քրդական ինքնությունը"

Իրֆան Աքթան

 

 
Իրֆան Աքթան

Լրագրող

Լրագրող Իրֆան Աքթանի կարծիքով՝ քրդական ինքնությունը վերաձեւավորվել է ժխտման դեմ մղվող դիմադրության միջոցով: Սակայն մեր օրերում ժխտումը չի վերացել, պարզապես ձեւն է փոխվել: Երբ կավարտվի ժխտումը և կգա բնականոնացման ժամանակաշրջանը, այն ժամանակ էլ կսկսվեն քրդական ինքնության բովանդակության շուրջ բուռն քննարկումները: Ըստ Աքթանի՝ թուրքիացիացման համընթաց քրդիստանցիանալ ցանկացող քրդերն ավելի պատրաստակամ են առերեսվել իրենց անցյալի հետ քան թուրքերը:

 

Քրդերի գոյության երկար տարիներ շարունակվող ժխտումը ո՞ր չափով ազդեց քրդական ինքնության վրա: Որեւէ որոշիչ գործոն կա՞ր այդտեղ:

Կարծում եմ կար: Կարող ենք ասել, որ քրդական ինքնությունը հիմնականում վերաձեւավորվեց ժխտման դեմ մղվող դիմադրության միջոցով: Հանրապետության հռչակումից առաջ, նույնիսկ դրանից որոշ ժամանակ անց քրդական ինքնության գոյությունը չէր ժխտվում: Ժխտումը Թուրքիայի հանրապետության կողմից ավելի ուշ բացահայտված միասնական ազգ - պետության մոդելի պարզապես գործնականացումն էր: Իմ կարծիքով Հիքմեթ Թանյուի1961թ լույս տեսած «Աթաթուրքը և թուրքական ազգայնականությունը» գրքում մեջբերված ավանդազրույցը շատ լավ է բնութագրում, թե ինչպես է սկսվել քրդական ինքնության ժխտումը: Եթե կուզես, անեկդոտային այդ դեպքը ուղղակի գրքից կարդամ:

Թանյուն այդ «դեպքը» այսպես է պատմում. «Պահակագնդի երկու զինվոր իրար հետ ըմբշամարտի են բռնված լինում Չանքայա պալատի պարտեզում, իսկ մյուս զինվորներն էլ նրանց դիտելիս են լինում: Մեքենաների ձայնից զինվորներն սկսում են աջ ու ձախ փախչել: Աթաթուրքն էր ժամանում պալատ: Մեծ Աթան մեքենան կանգնեցրեց և փախչող զինվորներին ձեռքի նշանով իր մոտ կանչեց: Հատկապես այն զինվորը, որը չէր հասցրել հագնել շապիկն ու վերնաշապիկը անչափ հուզված էր: Նա երկչոտ մոտեցավ Աթային՝ «Ի՞նչ եք անում այստեղ»: «Կոխ էինք բռնել, փաշա՛ս», - Աթայի հարցին մի տասնապետ էր պատասխանել: Աթան գոհ էր երեւում, քանի որ նա շատ էր սիրում ըմբշամարտը: «Շատ լավ, - ասաց նա -, շարունակեք ուրեմն»: Զինվորների ամոթխածությունը տեսնելով՝ Աթաթուրքը դարձյալ պնդեց՝ «Կռվե՛ք, կռվե՛ք, ես էլ դիտեմ. բայց առաջ ասեք, թե ո՞վ է ձեր միջի գլխավոր փահլեւանը»: Կիսամերկ ու հուզված երիտասարդը, որ Աթային էր մոտեցել, մի քայլ առաջ եկավ՝ «Ես եմ, պարո՛ն»: «Անունդ ի՞նչ է»: «Քուրդ Մեմետ»: «Քուրդ» բառը լսելիս Աթաթուրքը հոնքերը կիտեց, սակայն քիչ անց դարձյալ ժպտուն դեմքով դիմեց ըմբիշին: «Քուրթի (թուրքերեն՝գայլ) պես ուժեղ լինելուդ համա՞ր են քեզ Քուրթ Մեմետ անվանում»: «Քուրդ Մեմետը» գյուղացի էր՝ անգրագետ, բայց Աթայի ակնարկն անմիջապես հասկացավ՝ «Այո փաշաս, - ասաց -, անունս Քուրթ Մեմետ է, սխալ ասացի քիչ առաջ:»

Կարծում եմ Թանյուի մեջբերած այս պատմությունը շատ լավ է արտացոլում պետության կապը քրդերի հետ: Մի կողմից, պետությունը չի ժխտում, չի կարողանում ժխտել իր ժխտողականությունը. քուրդ բնակչության մեծ թիվը, քրդական աշխարհագրությունն ու պատմությունն անհնար են դարձնում ուրանալ նրանց գոյությունը: Մյուս կողմից, «Քուրդ Մեմետի» գյուղացիության, անգրագիտության վրա արված շեշտադրումը բացահայտում է քրդի ընկալումը պետության կողմից: Հանրապետության հիմնադրումից ի վեր քրդերի «գյուղացիությունը», «անգրագիտությունը» ուծացման քաղաքականության հիմնական սյուներից մեկն է եղել: Կարծում էին, որ «տգետին խաբելն ու վախեցնելը հեշտ է»: Սակայն «Քուրդ Մեմետի» «փահլեւանությունը» մոռացվում կամ թերագնահատվում էր: Այդ իսկ պատճառով նրանք պատրանքի մեջ ընկան, թե ժխտողականությունն արագորեն կընդունվի: Շեյխ Սայիդի ապստամբությամբ և Դերսիմի կոտորածով  պետությունը կարծեց, որ քրդերի նկատմամամբ ռազմական հաղթանակ էլ է տարել: Իրոք, ժխտման, սպառնալիքի, բնաջնջման քաղաքականությունները կարճաժամկետ "օգուտներ" տվեցին և քրդերը երկար ժամանակ պետության դեմ լուռ մնացին և նույնիսկ խոնարհվեցին նրա առջեւ: Բայց դա շատ երկար չտեւեց: Առաջին փուլում Դեմոկրատական կուսակցության պոպուլիզմի միջոցով քրդերը, թեեւ դանդաղ, սկսեցին ակտիվանալ, Թուրքիայի աշխատավորական կուսակցության հետ սկսեցին իրենց ձայնը լսելի դարձնել և Հեղափոխական արեւելյան մշակութային կենտրոնների նման փոքր կառույցներ ստեղծելու միջոցով սկսեցին վերակազմակերպվել, իրենց գոյությունը պարտադրելով՝ սկսեցին իրենց կրած զրկանքներին լուծումներ  փնտրել: 1960-ականներին սկսված քրդերի ինքնակազմակերպումը, ինչպես նաեւ Թուրքիայում առկա սոցիալիստական շարժումների գաղափարախոսական մասնակի աջակցությունը՝  1980-ականների սկզբին հանգեցրեց մի նոր ապստամբության: Իմ կարծիքով, 1980-ականներն այն տարիներն էին, երբ «Քուրթ Մեմետը» ջարդեց լռությունը ու նորից սկսեց դառնալ «Քուրդ Մեմետ»: Հետեւաբար, բռնության ու դիմադրության, լռության ու ճչի միջով անցած քրդական ինքնությունըեզակի կառուցվածք ունի: Քիչ առաջ հարցնում էիր, թե ժխտումը քրդական ինքնության որոշի՞չ գործոն է, թե՞ չէ: Ըստ իս, այս պատմական համատեքստում կարող ենք հեշտությամբ պնդել, որ այո, այդպես է:


Երբ քրդերի գոյության ժխտումը որոշ չափով վերացավ, քրդական ինքնության սահմանման մեջ որեւէ փոփոխություն եղա՞վ արդյոք:

Կարծում եմ, որ քրդական ինքնության սահմանման  փոփոխությունը ժխտման վերացումով չէ, որ տեղի ունեցավ, այլ՝ քրդերի ապստամբությամբ: ժխտումը դեռ չի ավարտվել, պարզապես փոխել է ձեւը: Երբ ժխտումը ավարտվի, քուրդ լինելը սովորական բան դառնա, այն ժամանակ էլ մի լուծում կգտնվի: Չեմ կարծում, որ այս պահին այդ հանգրվանում ենք գտնվում: Քրդական շարժումն էլ հենց դա հաշվի առնելով պայքարը չի թուլացնում: Իսկ բնականոնացման դեպքում քրդական ինքնության բովանդակության շուրջ բուռն քննարկումներ կսկսվեն: Այդ քննարկումները քրդերն իրար մեջ՝ հատկապես դասակարգային հիմքերի վրա կիրականացնեն: Սակայն պետական ռեպրեսիաների ու հարձակումների հետեւանքով քրդերը, թեկուզեւ մասամբ, այս պահին հետաձգել են այդ բանավեճը: Մյուս կողմից, սակայն, երբ նայում ենք այսօրվա իրականությանը, տեսնում ենք, որ  քրդերի մի մասը AKP-ի (Արդարություն և զարգացում կուսակցություն) կողքին է, մի մասն էլ դիրքավորված է BDP-ի (Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցություն) ներսում: Այս դիրքավորումներն իսկ արդեն ինքնության բովանդակության վերաբերյալ քրդերի հավանական քննարկումների ազդակն է տալիս: Երբ պետությունը ժխտողականության հարցում տանուլ տա, ապա այդ դեպքում AKP-ի և հետեւաբար պետության կողքին կանգնող քրդերն ստիպված են լինելու բացատրել իրենց դիրքորոշումը: Բայց ես կարծում եմ՝ դեռ նման քննարկումների ժամանակը չէ: Ըստ իս, երբ այդ քննարկումն սկսվի, այն ժամանակ էլ քրդական ինքնությունը, «Քուրթ Մեմետի» ու «Քուրդ Մեմետի» խնդիրը հստակեցում կսատանա: «Քուրթ Մեմետը» ստիպված կլինի բացատրել ապստամբ քրդերին, թե ինչու է վիզ ծռում Մուսթաֆա Քեմալի առջեւ, թե ինչու է համակերպվում «գայլության» հետ: Այդ  բացատրությունը ժամանակի ընթացքում կհաստատի նաեւ քրդական ինքնության նոր բովանդակությունը:


Ի՞նչ դեր ունի կրոնն այս ինքնության մեջ:

Քրդերի սոցիալական կառուցվածքի և կրոնական համայնքների միջեւ ակնառու նմանություն կա: Պետք է ասել, որ Թուրքիայում բազմաթիվ կրոնական համայնքներ քրդական ծագում ունեն: Քրդերը ցեղախմբերից, աշիրեթներից և աշիրեթների համադաշնություններից բաղկացած որոշակի սոցիալական կառուցվածք ունեցող ժողովուրդ են: Ընդ որում սոցիալական այդ կառուցվածքի շնորհիվ է, որ քրդերը շատ արագ չմասնատվեցին պետության հարձակումների հետեւանքով: Նախկինում աշիրեթապետերը միեւնույն ժամանակ հոգեւորականներ էին: Շեյխ Սայիդը, օրինակ, քաղաքական գործիչ լինելով նաեւ հոգեւորական էր: Սակայն պետությունը կրոնական համայնքներին ու աշիրեթների առաջնորդներին տարբեր մեթոդներով իր շարքերը  ներքաշելով կամ ահաբեկելով՝ փորձեց իրեն ենթարկել քրդական հասարակությունը:Իսկ այդ հարցում նա զգալի հաջողություն ունեցավ: Ահա թե ինչու քրդական ներկայիս ապստամբության նախաձեռնողը չէր կարող լինել աշիրեթապետը կամ կրոնական առաջնորդը: Արդարեւ, PKK-ն (Քրդստանի բանվորական կուսակցություն), որը  թեեւ որպես սոցիալիստական շարժում էր առաջացել, արագորեն ժողովրդականություն գտավ մեծամասնությամբ կրոնապաշտ քրդերի շրջանում:

Աբդուլլահ Օջալանը ծնվել է աղքատ գյուղացու ընտանիքում: Սա կարեւոր մանրուք է քրդական ապստամբության պատմության մեջ: Մինչ քրդական ճնշված դասակարգերը  PKK-ի ետեւից էին գնում, աշիրեթների առաջնորդներն իրենց հպատակներին ստիպում էին համագործակցել պետության հետ: PKK-ի առաջին գործողությունները աշիրեթների դեմ էին ուղղված, բայց կրոնական առաջնորդները երբեք նրա գլխավոր թիրախը չդարձան: Քանի որ PKK-ն, մարքսիստական շարժում լինելով հանդերձ, լավ էր ըմբռնել քրդական հասարակության կրոնապաշտ կառուցվածքը, ինչպես նաեւ շատ չչարաշահեց հակակրոնական դիսկուրսը: PKK-ի հետ քրդական ինքնության մեջ նոր շրջադարձի սկիզբը դրվեց, որը դեռ չի ավարտվել: Ինչպես արդեն նշեցի, ժխտումի ավարտով այդ շրջադարձն է՛լ ավելի կարագանա: Բայց թե վերափոխման այդ գործընթացում կրոնի գործոնի դերը ի՞նչ կլինի, դա կախված է քրդական շարժման ընթացքից: Կարծում եմ, որ քրդական ինքնության վերակառուցման գործընթացում PKK-ի համար կրոնական գործոնը որոշիչ չի լինի: Սակայն սա չի նշանակում, որ նա կբացառի կրոնը կամ կռիվ կտա կրոնական այն համայնքների դեմ, որոնք պետության կողքին չեն կանգնած:


Ի՞նչ կասեք «մյուսի*» հետ հարաբերությունների մասին: Քրդերը ինչպե՞ս են բնութագրում «մյուսը»:

Դա կախված է, թե ինչ կամ ում նկատի ունենք «մյուսը» ասելով: Քրդերն իրենց մեջ էլ «մյուսներ» ունեն: Օրինակ, քրդերի մի մասի համար PKK-ականներն են «մյուսները», մի այլ մասի համար էլ՝ պետականամետները: Հաքքարիում, Շիրնակում, Ջիզրեում, մասամբ Աղրիում, Վանում, Մարդինում, Ուրֆայում ու Դիարբեքիրի նահանգի որոշ քաղաքներում «մյուսները» արաբներն ու թուրքերն են: Սակայն այնպես չէ, որ «մյուսների» հետ ուղղակի ծեծկռտուքներ կամ բախումներ են տեղի ունենում: Քրդերն այս պահին իրենց ներքին «մյուսներով» զբաղված լինելով, չլինելով գերիշխան նույնիսկ այն  շրջաններում, որտեղ բնակչությամբ գերիշխող են՝ այդ իսկ պատճառով էլ շատ չեն կարողանում զբաղվել «մյուսի» հետ: Արդեն «մյուս» ասվածը գոյություն ունի այնտեղ, որտեղ գերիշխանություն կա: Քրդերը ոչ մի դեպքում ինքնիշխան չեն: Պետությունը դեռեւս գերիշխում է կյանքի բոլոր ասպարեզներում, իսկ քրդերն իրենց սեփական հողի վրա անգամ օտար են:

Իմ կարծիքով, եթե քրդերի համար այդ «մյուսը» գոյություն ունի, ապա դա հենց ինքը՝ պետությունն է: Թուրքերը, արաբները, հայերը, ասորիները, ալեւիները չեն դրանք: Սակայն երբ քրդերն ինքնիշխան լինեն իրենց սեփական երկրում ու  եթե կառավարման ժողովրդավարական ձեւը չընդունեն, ապա այն ժամանակ կհայտնաբերեն  «մյուսներին»: Ռոժավան (Արեւմտյան Քրդստան, Սիրիայի հյուսիսում), օրինակ, այս հարցում անչափ կարեւոր տվյալներ է ներկայացնում մեզ: Ընդ որում, Հարավային Քրդստանն էլ է այդպիսին: Քրդական վարչակազմի երկու մասերում էլ մյուս էթնիկ եւ կրոնական կառույցների նկատմամբ հարգանքի պակաս չենք տեսնում, օրինակ: Չեմ կարծում, որ օտարացված, նսեմացված ինքնության կրողները շատ խանդավառ լինեն իրենց «ուրիշը» ստեղծելու հարցում:  Քրդերը հարավում կամ Ռոժավայում բոլոր տեսակի էթնիկ եւ կրոնական կառույցներին ավելի խաղաղասեր կերպով են մոտենում, քան Թուրքիան, Իրանը, Իրաքը կամ Սիրիան: PKK-ի պատմական կառուցվածքն ուսումնասիրելիս - թեեւ նա այլ կազմակերպություններին լուսանցքում է թողել - մենք տեսնում ենք, որ նա նման մոտեցում չի ցուցաբերում ժողովուրդների ու դավանանքների նկատմամամբ: Ըստ իս, դրա պատճառը բխում է թե՛ PKK-ի գաղափարախոսական կառուցվածքից և թե՛քրդերի արդեն օտարացված լինելու փաստից:


Ի՞նչ կապ կա Թուրքիացի հասկացության ու Քրդստանի չորս մասերի միջեւ:

«Թուրքիացիությունը» պարտադիր մի վիճակ է: Քրդերի Քրդստանից հեռանալու գլխավոր պատճառը պետության ուծացման քաղաքականությունն է ու Քրդիստանին պարտադրված թշվառությունն է: Մասնավորապես 1980-ականներին սկսված քուրդ գյուղացիների գաղթը դեպի արեւմտյան Թուրքիա պետական քաղաքականության հետեւանք էր: Թուրքիայի հանրապետության սկզբից ի վեր քրդերը ստիպված եղան թուրքիացի դառնալ կամ համակերպվեցին դրա հետ:  Բոլոր այդ քաղաքականությունների արդյունքում քրդերն այլեւս թուրքիացի դարձան: Նույն վիճակը չէ Իրաքում, Իրանում և Սիրիայում: Այդ երկրներում ոչ թե ձուլման քաղաքականություն էին հետապնդում, այլ ճնշման քաղաքականության միջոցով ուղղակի փորձում էին պարտության մատնել քրդերին՝ իրենց հողերի վրա բանտարկելով: Այս առումով, մի փոքր այլ էր Թուրքիայի քաղաքականությունը: Այնպես որ Սիրիայի սահմաններից ներս ապրող քրդերի համար չենք կիրառում սիրիացի հասկացությունը, ոչ էլ մյուսների համար իրաքցի, իրանցի եզրույթները:

Թուրքիացի հասկացությունը, ըստ էության, քրդերի անկախ պետություն ունենալու պահանջի դեմ ստեղծված դիսկուրսի արտահայտությունն է: Սակայն քանի որ ներկայումս քրդական շարժումն անկախ Քրդստանի գաղափարից դուրս՝ մի այլ ազատագրական ուղու վրա է առաջանում, նա լավ է գիտակցում է, որ գտնվում է «թուրքիացիացման» ուղու վրա: Այս պատճառով էլ «թուրքիացիացումը» որոշիչ գործոն է դառնում քրդական ինքնության վերաձեւավորման մեջ: Քրդերն արդեն սոցիալապես թուրքիացիացման վիճակում են: Եթե Թուրքիայի արեւմուտքում բնակվող քրդերը Քրդստան չեն վերադառնալու, ապա այդ բանը քրդական ինքնության ձեւավորման մեջ անխուսափելի է լինելու: Այսպիսով, ցանկանալով պահպանել իրենց գույները՝ քրդերը թուրքիացիացման միջոցով գծում են նաեւ իրենց ինքնության շրջանակը: Սակայն քրդերը, չբավարարվելով թուրքիացիացմամբ, ուզում են նաեւ քրդստանցիանալ: Նրանք ուզում են Իրաքի, Իրանի, Սիրիայի պետական սահմաննրի մեջ գտնվող քրդական տարածքների հետ զարգացնել սոցիալական, մշակութային, տնտեսական հարաբերությունները: Իսկ այդ բանն անելու համար ազգ-պետություն ձեւաչափը պետք է նորից ձեւավորվի: «Դեմոկրատական կոնֆեդերալիզմ» ասելով Աբդուլլահ Օջալանը դա նկատի ուներ արդեն: Կարճ ասած, իրականում ներկայիս գործընթացը քրդական ինքնության քաղաքական, սոցիալական բարեփոխումների գործընթացին մի նոր ձեւ է հաղորդում, հաղորդելու է:


Որոշ գրողների կողմից  «հետ-քեմալական» որակված այս շրջանը ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ քրդական ինքնության սահմանման վրա:

Կարծում եմ՝ մենք դեռ հետ-քեմալական շրջան չենք մտել: Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում է՝ «Մենք վերջ տվեցինք ժխտմանը», բայց միակ կոնկրետ քայլը, որ արվել է դեռեւս իրավական հիմքից զուրկ TRT 6-ն է (ամբողջությամբ քրդերեն հաղորդումներ հեռարձակող հանրային հեռուստակայան, թարգմ) և մի քանի համալսարաններում բացված քրդերենի ամբիոններն են: Ժխտմանը վերջ կտրվի Սահմանադրության հօգուտ քրդերին փոփոխմամբ, ազգ-պետություն սահմանների վերացմամբ, երեսուն տարվա պատերազմի բարեխիղճ հաշվետվությամբ, «Քուրթ Մեմետի» վերածված «փահլեւանին» «Քուրդ Մեմետ» անունը վերադարձնելով և դեռ բազմաթիվ բարեփոխումներով: Մենք դեռ դրան չենք էլ մոտեցել: Պետությունը հարյուր տարի է տեղից չի շարժվում, շարունակում է նույն մտածելակերպով, նույն քաղաքականությամբ: Որոշ կառավարություններ ստիպված եղան որոշակի քայլեր անել, սակայն պետության քրդական քաղաքականությունը շարունակում է մնալ նույնը: Այլապես նոր Սահմանադրության պատրաստումը, քրդական շարժման պահանջած որոշ օրենքների ընդունումը և լիքը այլ կարգավորումների իրականացումն այսքան չէր դժվարանա: Ի դեպ, դա էլ ասեմ, որ քանի դեռ Դիարբեքիրի մարզպետը, որ պետական պաշտոնյա է, ավելի շատ իշխանություն ունի քան համաժողովրդական քվեարկությամբ ընտրված քաղաքապետը՝ հետ-քեմալական գործընթացի մասին խոսք չի կարող լինել:


1915 թիվը և մի ժամանակ հայերով խիտ բնակեցված վայրերում շարունակել ապրելը  ինչպիսի՞ ազդեցություն թողեց ինքնության կերտման գործընթացի վրա:

Հայոց ցեղասպանությանը մասնակից դարձած քրդերը կարճ ժամանակում հասկացան, որ կարող են նույն ճակատագրին արժանանալ: Շեյխ Սայիդի ապստամբության Ճնշումից հետո, դեպի հարավ՝ Սիրիա փախած քրդական վերնախավի որոշ անդամներ այնտեղի հայերի հետ դաշնակցելով Խոյբուն քաղաքական կազմակերպությունը հիմնեցին ու այնուհետեւ կազմակերպեցին Արարատի ապստամբությունը: Քրդերի հայերի նկատմամբ թշնամանքը կարճ տեւեց, բարեկամությունը՝ երկար: Այնպես որ, քրդերի մոտ սիստեմատիկ հակահայկական կեցվածք չեք տեսնի: Մյուս կողմից, ինչպես թուրքերի մոտ, թեեւ քրդերն էլ են ցեղասպանությունից անմիջապես հետո հակված են եղել այն մոռանալ, սակայն հայտնի է, որ այս հարցում նրանք թուրքերից շատ ավելի բաց են: Արժե ուսումնասիրել դրա պատճառները: Սակայն ես համոզված եմ, որ դրանում իր ազդեցությունն ունի այն, որ ցեղասպանությունից կարճ ժամանակ անց պետության հետապնդումների  սլաքն սկսեց դառնալ դեպի քրդերը: Հայոց ցեղասպանությանը քրդերին մասնակից դարձնելու գործընթացը դիտարկելիս երկու գործոն է ի հայտ գալիս. վախ և երջանկություն: Ստամբուլի կառավարությունը քրդերին հավատացրեց, որ հայերը պետություն ստեղծելով նրանց լծի տակ են դնելու: Բացի այդ, հայերի տեղահանությանը մասնակցելու դեպքում նրանց խոստացան կիսվել մնացած «ավարը»: Սակայն ցեղասպանությունից  անմիջապես հետո, ինչպես ասում էի, այս անգամ էլ քրդերը պետության հալածանքներին ենթարկվեցին: Ըստ իս, քրդերի Հայոց ցեղասպանությունը չթաքցնելու պատճառներից մեկն էլ սա է:


Ընդհանուրի հետ համեմատած, Թուրքիայում  1915թ հետ առերեսման հարցում մենք տեսնում ենք, որ քրդերն ավելի առաջ են անցած: Անցյալի հետ արերեսվելն ինքնության ավերումները կանխո՞ւմ է արդյոք։

Քրդերը դեռեւս չեն կարողանում առերեսվել իրենց անցյալի հետ, բայց դրան  ավելի պատրաստ են քան թուրքերը. քանի որ քրդերը չունեն պետություն, որը կառավարում է ընկալումները: Այս առումով քրդերը, ինչքան էլ որ գերու կարգավիճակում լինեն, կամայնության հարցում ավելի ազատ են և հակված են անցյալի ցավալի հիշողությունների ստեղծած ընկալումն ի նպաստ իրենց օգտագործել: Խնդիրը ծածկելու փոխարեն՝ բանավոր մշակույթի միջոցով այն փոխանցելու հանգամանքը բերեց նրան, որ այսօր քրդերը ավելի պատրաստ են ճանաչելու ցեղասպանությունը: Մինչ թուրքերի մի մասը նոր-նոր է իմանում իր պապերի արարքները, քրդերն արդեն վաղուց պապերից ու տատերից լսել էին տեղի ուեցածի մասին:

Բացի այդ, քրդերը գիտեն, որ իրենց դժբախտ ճակատագրում մեղքի բաժին ունեն իրենց ներքին տարաձայնությունները, դավաճանությունները, պառակտումները և գիտակից են, որ դրա հետ առերեսվելով ավելի են ուժեղանալու: Այնպես որ, միայն Հայոց ցեղասպանության հարցում չէ, այլ նաեւ մշտական առերեսման, հաշվետվության մեջ են: 1990-ականներին,  Քրդստանում ոստիկանությունը քարոզչություն էր անում PKK-ի զինվորներին որպես «հայի ծնունդ» ներկայացնելով: Միայն սա անգամ բավարար է, որ  քրդերը համակրեն հայերին:

Մյուս կողմից, եթե յոզղաթցի, թոքաթցի, քարամանցի թուրքն ասի, որ «Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցած է», ապա նա գիտի, որ առաջին հերթին պետության, ապա նաեւ հարեւանի կողմից դավաճան է հռչակվելու, և հետեւաբար չի կարող բարձրաձայնել: Սակայն քրդերը դավաճանի կնիքի ստեղծած վախը վաղուց հաղթահարել են: Քրդերն իրենց իրավունքները պաշտպանելիս արդեն բավականաչափ մեղադրվել են դավաճանության մեջ: Այս պետությունը կարողանում է թուրքերին վախեցնել դավաճանության դիսկուրսով, բայց քրդերն արդեն շատ առաջ են անցել: Այս առումով, մինչ թուրքերն ու պետությունը իրենց ինքնությունների ավերումը կանխելու համար խուսափում են անցյալի հետ առերեսվելուց, քրդերն իրենց ինքնությունը վերակերտելու համար ստիպված են առերեսվել անցյալի հետ:

*Ուրիշը, օտարը, այլը