Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Երազանքի և իրատեսության արանքում. Ի նպաստ հայ-թուրքական նոր երկխոսության

 
 
 
Հայացք Հայկական Սփյուռքից

Երազանքի և իրատեսության արանքում.
Ի նպաստ հայ-թուրքական նոր երկխոսության

Տիգրան Եկավյան

 

 
Տիգրան Եկավյան

Ֆրանսիացի լրագրող

2014թ մայիսի 30-ին Թուրքիայում, Ֆրանսիայում, Հայաստանում և Իտալիայում միաժամանակ հրապարակված «Մենք երազում ենք միասին» վերտարությամբ հայտարարությունը, որը ստորագրել են մի շարք ֆրանսահայ անձնավորություններ ու թուրք մտավորականներ, կրկին արդիական դարձրեց հայ-թուրքական երկխոսության թեման, որը կարծես քնած լիներ վերջին տարիներին: Եթե աֆրոամերիկյան հոգեւորական Մարտին Լյութեր Քինգի ճառի այս հեռավոր արձագանքը լավ առիթ է հայ-թուրքական հաշտեցման համար, ապա պետք է նշել նաեւ, որ հայկական հարցը շարունակում է երազների թեմայի շուրջ պտտվել... Դա նշանակում է մոռանալ, որ այս երկխոսությունը իր ներկա տեսքով չի կարող նոր էջ բացել մեր պատմության մեջ, եթե այն շարունակի վտանգել հայկական բարդ իրականությունը, ինչպես նաեւ հիմնական մարտահրավերները:

Ծովը նետած մի շիշ

Կոչ անելով  թուրքական պետությանը վերջ տալ 1915թ ցեղասպանության հանդեպ ուրացման քաղաքականությանը, տեքստն ստորագրողները խրախուսում են Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում տեղի ունեցող առաջընթացը: Հզոր ազդանշան է այն, որ Թուրքիայի գլխավոր քաղաքներում ի վերջո ոգեկոչվում է ապրիլի 24-ը: 2007 թվականից ի վեր հետզհետե ավելի մեծ թվով մարդիկ (Հայաստանից ու սփյուռքից հայեր, որոնք որոնում են իրենց արմատները) են այցելում Երկիր (Արեւմտյան Հայաստան՝ այժմ Թուրքիայում): Անհամար են ակադեմիական գիտաժողովները, մշակութային միջոցառումներն ու հայկական եկեղեցիների վերականգնումները: Իր հերթին, «Ակոս» շաբաթաթերթն ավելի արհեստավարժ բովանդակություն է ստացել. Հրանտ Դինք հիմնադրամի հրապարակումներում եւ բարձրորակ ծրագրերում եւս այդ դինամիզմը նկատելի է: Ինչքա՜ն հեռու է թվում մեզ ռահվիրաների ժամանակաշրջանը: Ահա, անցել են այն օրերը, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ առաջին ու երկչոտ քայլերն էին անում  թուրքա-քրդական արմատական ձախի որոշ ներկայացուցիչներ, որոնց մեկ ձեռքի մատների վրա կարելի էր հաշվել: Հիշենք Զարաքոլու զույգին, Սաիթ Չեթինօղլուին, Դողան Օզգյուդենին, Ելդա Օզջանին, Ռեջեփ Մարաշլըին, Թաներ Աքչամին՝ Թուրքիայում, Ժան Կլոդ Քեբաբճյանին (CRDA - Centre de Recherche et de documentation de la diaspora arménienne, Հայկական սփյուռքի հետազոտությունների եւ փաստագրության կենտրոն),  ACCORT  և Biz Miasin (Մենք միասին) ընկերակցությունները՝ Ֆրանսիայում:

Այն ժամանակ դա ատելության հիմքը քանդելուց այն կողմ չէր գնում: Ի հարկե, ժխտողականության դեմ արված այդ կոչը ուշագրավ առաջարկներ է պարունակում՝ խոսքը «հիշողության գործին լրջորեն ձեռնամուխ լինելու» մասին է: Արծարծվում է նաեւ Հայաստանի հանրապետության շրջափակման հարցը, որը կարող է լուծում գտնել, եթե Թուրքիան Հայաստանին արտոնյալ մուտքի իրավունք տա դեպի Սև ծովի ու Միջերկրականի նավահանգիստները...  Ինչ վերաբերում է Արարատին՝ Հայաստանի աշխարհիկ և հոգեւոր իրականությունները շաղկապող այդ օղակին, տեքստը ստորագրող մեր ընկերները համաձայն են, որ այն դառնա բնության վիթխարի մի պարտեզ, գրանցված  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մարդկության համաշխարհային ժառանգության ցանկում՝ «բաց, իբրեւ ազատ տարածք, թուրքերի և հայերի  համատեղ տնօրինության ներքո: Մարդկության հայտնության այդ խորհրդանշական վայրը դառնում է խաղաղության փարոսը»: Այս առաջարկը կարծես նույնքան միամիտ է, ինչքան անմեղ լավատեսության արդյունք:

Հայտարարությունն ստորագրողների անկեղծ նախաձեռնությունն այնուամենայնիվ գալիս է այնպիսի մի պահի, երբ Թուրքիան երբեւէ այսքան հեռու չի եղել Եվրամիությանը միանալու հեռանկարից: : Այնպես որ, ի՞նչ հավատ և կշիռ կարելի է ընծայել անհետացման եզրին հայտնված մի բուռ դեմոկրատների ու եվրոպամետ մտավորականների, որոնց դիսկուրսը դարձել է անլսելի, ձայնախեղդ եղած՝ թուրք իսլամա-պահպանողականների նոր աճող դասի կողմից, որոնք եկել են «անատոլիական իսկական երկրից».

Հրանտ Դինքի թունավոր ժառանգությունը

Ինչպես մեզ հուշում է այս տեքստի վերնագիրը, Հրանտ Դինքի դաժան մահից յոթ տարի անց մենք դեռ երազանքի մակարդակում ենք: Ոչ ոք չի կարող ժխտել, որ այս քնարական փոխաբերությունների գիտակն իր ժամանակին խախտել է ավանդական սահմանագծերը: Թուրքերեն հրատարակվող իր թերթով, նա հայ համայնքին թմբիրից արթնացրեց՝ լսելի դարձնելով նրա ձայնն ու խնդիրները ռազմաքեմալական գաղափարաբանության ազդեցության տակ գտնվող թուրք հանրության միջավայրում: Ունենալով հաղորդակցության ահռելի միջոցներ՝ նա  սփյուռքին ու Հայասատանին օգնեց ծանոթանալ թուրքական հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխություններին: Բոլորի ուշադրության կենտրոնում տեղի ունեցող այս գործունեությունը իմաստ ուներ այնքան ժամանակ, քանի դեռ ԵՄ անդամակցության հարցը ակտուալ էր Թուրքիայում: Այնպես որ, այստեղ խոսք անգամ չի կարող լինել այս ականավոր գործչի արժանիքները նսեմացնելու մասին՝ այս երգչին, որը դարձավ թուրք հասարակության ժողովրդավարացման եւ ժողովուրդների բարեկամության նահատակը:

Այդուհանդերձ, նրա գործունեության արդյունքը, վերջին հաշվով, միայն դրական չէ: Պետք չէ մոռանանք, որ ատելության զոհ դարձած թուրքահայ այս «թշվառականին» նորից մարդկային դեմք տալու ջանքերը իրենց գինն ունեն՝ այն որ այսօր հայկական սփյուռքի ակտիվիզմը գնահատվում է որպես ծայրահեղականություն, մինչեւ իսկ՝ թրքատյացություն: Այսպիսով, Եվրոպայի թուրքամետ կուսակցություններ և ազդեցիկ մտավորականներ մեծապես նպաստեցին «ծագումով հայ այս թուրք լրագրողի» մեսիջի հրապարայնացմանը՝ որն է պատմությունը ճիշտ ընթացքով փոխելու նրա առաքելությունը: Հայկական աշխարհի գրեթե երկակի այս ներկայացման դեմ մանեւրելու ի՞նչ հնարավորություններ ուներ հաղորդակցության հզոր միջոցներից զուրկ և մասնատված սփյուռքը, երբ լրատվական աշխարհը ողողված էր Թուրքիայի ԵՄ անդամակցության նյութերով: Ժողովրդավարական էյֆորիայի այս համատեքստում, ԵՄ անդամակցության թուրք և եվրոպացի կողմնակիցները կարողացան վարպետորեն լուսարձակի տակ պահել այդ երազանքը՝ ռոմանտիկ խոստումներով քողարկելով հայ-թուրքական մերձեցման իրական խնդիրների բնույթը: Բարի կամեցող մարդկանց, բայց նաեւ բոլոր տեսակի պատեհապաշտների շահարկման առարկա հանդիսացող Հրանտ Դինքը դարձել էր խորհրդանիշ, նույնիսկ իդեալան պատրվակ՝ չեզոքացնելու հայկական սփյուռքի անլսելի դարձած դիսկուրսը: Նահատակի ժառանգությանը տիրանալու մրցակցությունը շատ դառը դրսեւորումներ ունեցավ նրա սպանությանը հաջորդած տարիներին: Այսպես, մի թուրք մտավորական, ի դեմս Բասքըն Օրանի, պնդում էր, որ Դինքը անատոլիացի էր նախքան հայ լինելը (Այբ FM, հունվարի 20, 2007թ թողարկում)), իսկ Հայաստանում նա պաշտամունքի առարկա էր դարձել, ինչը տեղիք տվեց հապճեպ համեմատություններ հայկական ազգային պանթեոնի հերոսների հետ:

Թուրքական ժողովրդավարություն և Հայ դատ. նույն շղթայի մի օղա՞կը

Այսօր սփյուռքի համար նորից է եկել երազանքների երկիր Թուրքիան հայտնաբերելու ժամանակը: Խառը զգացումներով լի՝ նրանք, ովքեր վախենում էին լսել ոսկորների ճռճռոցն իրենց ոտքերի տակ, այժմ գնում են այդ հեռավոր Հայաստանը նվաճելու: Բազմաթիվ արվեստագետներ ու մտավորականներ դեպի Երկիր են ուղեւորվում: Հրանտ Դինքի առաջացրած ցունամիի ալիքի վրա՝ սփյուռքի որոշ արվեստագետներ այս վերադարձ դեպի ակունքներ թեմայից մոդայիկ մի նոր նյութ սարքեցին: Իսկ Փարիզում՝ ինտելեկտուալ Միշել Մարիանը իր համալսարանական գործընկեր Ահմեդ Ինսելի հետ տրվեց «հայկական տաբուի»  շուրջ քաղաքակիրթ երկխոսության վտանգավոր խաղին: Ստամբուլ ժամանողների համար պարտադիր է դարձել այցելել «Ակոսի» ու Հրանտ Դինք հիմնադրամի հմայիչ գրասենյակները, երբեմն էլ նույնիսկ «Արաս» հրատարակչատունը: Սփյուռքի սաղմնային այս քաղաքացիական հասարակության և  «Ստամբուլի առաջադեմ հայերի» միջեւ գնալով  ավելի հաճախակի այս շփումները  անհանգստացնող մի եզրակացության են հանգեցնում. Հայ Դատի ավանդական թեմաները (առկա տարածքների անվտանգության ապահովումը, ցեղասպանության ճանաչման և հասցված վնասի հատուցման պայքարը, Հայաստանի ապաշրջափակումը և այլն) այլեւս առաջնահերթություն չեն: Այնպես որ, ազատ ասպարեզ ունեն երազանքն ու եղբայրական ուտոպիան: Եթե հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է իրականացնել հիշողության լուրջ աշխատանք, ապա ոչ ոք բանավեճ չծավալեց, թե ինչ տեղ պետք է հատկացնել իսլամացած հայերի ճակատագրին և նրանց կապին՝ հայ ինքնության հետ, որի սահմանները կարծես բավականին ծակոտկեն են դարձել:

Այնպես որ հայկական հարցը վերածվել է Անատոլիայի ճնշված եղբայրությունների երկար շղթայի մի օղակի՝ դրդված խաղաղության ընդհանուր իդեալի, փոխըմբռնման եւ հանդուրժողականության թելադրանքով: Չնայած ցեղասպանության արարքի լրջությանը, որը որպես այդպիսին գիտակցվում է, սակայն այն նսեմացվում և դիտվում է որպես սովորական մի երեւույթ՝ դրված ցուցադրական հաշտեցման զոհասեղանին: Հրանտ Դինքի կերպարը շահարկող մի խումբ ստամբուլցի մտավորականներին՝ այսպես կոչված սպիտակ թուրքերին ու անհետացման եզրին կանգնած եվրոպամետներին արժե հիշեցնել այս խեղաթյուրված երկխոսության բացասական հետեւանքները՝ մասնավորապես անհամաչափության ռիսկ առաջացնող այն ռելատիվիզմը, ըստ որի բոլոր ազգայնականություններն էլ իրար  արժեն:  Ըստ որում, պետք չէ մոռանալ, որ հայկական սփյուռքի ակտիվիզմը հիմնականում ցեղասպանության ժխտման հակազդեցությունն է: Բոլոր տեսակի ազգայնականությունների դատապարտման պահանջը հանգեցնում է այն բանին, որ նույն ցուցակի մեջ են դրվում երկու կողմերի զոհերը՝ ցեղասպանության և 70-80-ականների հայկական ահաբեկչության զոհերը: Այս նույն անհամաչափությունը թուրքահայ լրագրող Մարգար Էսայանին պիտի մղեր գրել մի հոդված, որում նաներողություն է խնդրում ԱՍԱԼԱ-ի զոհերի համար» (Թարաֆ, դեկտեմբերի 18, 2008թ), որպես արձագանք լիբերալ թուրք մտավորականների նախաձեռնած ներման կոչին: Կրկին այդ նույն ոգով՝ թուրքական լրատվամիջոցներում հրապարակված «Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Խոջալուի ջարդերին» վերաբերյալ «Ակոսի» խմբագիր Ռոբեր Քոփթաշի հայտարարությունները ողջ աշխարհում բազմաթիվ հայերի զայրույթն են առաջացնում: (5).

Նոր իրավիճակ Թուրքիայում

Թուրքահայ դեմոկրատները, ինչպես նաեւ նրանց  լիբերալ թուրք կնքահայրերը, 2007 թվականից ի վեր կարծես թոշակառուի կարգավիճակոով են ապրում: Ավելի շատ զգացմունքների վրա խաղալով, քան մտքերի, Հրանտ Դինքի ժառանգնորդներն սպառում են լեգիտիմության այն կապիտալը, որը վտանգված է Թուրքիայում ստեղծված նոր քաղաքական իրավիճակի  բերումով: Թուրք գեներալների կողմից հնարավոր բոլոր սպառնալիքները չեզոքացնելուց հետո, Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԳ) խորքային պետության և իսլամա-քեմալական մի նոր սինթեզի հիմքերը դրեց, ռեպրեսիվ շրջադարձ կատարելով՝ խախտեց նաեւ եվրոպամետ թուրք լիբերալ մտավորականների հետ կնքած լռելյայն դաշինքը: ԵՄ անդամակցության հեռանկարից հեռանալուն զուգընթաց, 2009թ սկսված ավտորիտար շրջադարձը ավելի ուշ վերահաստատվեց՝ ի դերեւ հանելով հասարակության ժողովրդավարացման շունչով ծնված հույսերը: Եվրոպական երազանքի սառեցումն ինքնին շրջադարձային պահ է: Հարց է առաջանում, թե ի՜նչ դերակատարություն կունենան թուրք կնքահայրերը սփյուռքի հայության ու Հայասատանի հետ մերձեցման մեջ: Ակնհայտ է, որ թուրք մտավորականները ներկայումս միմյանց հոշոտոմ են ենթարկվելով ԱԶԳ-ի ծանր ճնշումներին:  Քաղաքական ի՞նչ դիրքորոշում կորդեգրեն նրանք գնալով ավելի անտանելի դարձող այս իրավիճակում. ինչպիսի՞ զարգացում կունենա հայ-թուրքական երկխոսությունը: Մինչ ԱԶԳ-պետության հետ այս ապահարզանը խափանում է ապագա առաջընթացը,  Ստամբուլի հայերը դժվարանում են գտնել նոր առաջնորդ, ով կարող է ստանձնել է Հրանտ Դինքի դերը, կամ փոխարինող գտնել Մեսրոպ պատրիարք Մութաֆյանին, ով ծանր հիվանդ է: Թուրք հասարակության ժողովրդավարացման դիսկուրսից և Թուրքիայի քրդամետ կուսակցությունների քաղաքականությանը աջակցելուց (BDP և HDP) բացի այլ օրակարգ չունեցող առաջադեմ հայերի համար դժվար է լինելու համոզել հայկական սփյուռքին իրենց երկարաժամկետ նպատակների մասին:

Մոդեռնիստական պատրանք

Եթե անգամ թուրքական հասարակությունը փոխվել է, «Ակոսի» և Հրանտ Դինք հիմնադրամի ժամանակակից և առաջադեմ տեսքի ետեւում Միլլեթների համակարգը1 ցավոք դեռեւս շոշափելի իրականություն է մնում Թուրքիայի հայ փոքրամասնության առօրյայում:  Հակառակ դեպքում, ինչո՞ւ են երկրորդ կարգի քաղաքացիներ համարվում Թուրքիայի ոչ մահմեդական փոքրամասնությունները: Ինչո՞ւ է հարատեւում հակամարտությունը Վաքըֆների շուրջ. Ստամբուլի հայ համայնքին պատկանող գույքի վերադարձը շարունակում է թունավորել պետության և համայնքի միջեւ հարաբերությունները՝ ստեղծելով նույնիսկ նոր պառակտումներ համայնքի ներսում: Փաստ է, որ ոչ մի թուրքահայ անձնավորություն առ  այսօր չի կարողացել լուծում առաջարկել այդ կենսական հարցերին, որոնք կերաշխավորեին հայ ինքնության հարատեւումը Թուրքիայում՝ լիովին ժողովրդավարական շրջանակներում: Չնայած վերջին տասնամյակում տեղի ունեցած բոլոր փոփոխություններին, Թուրքիայում հայ լինելը դեռեւս անքակտելիորեն կապված է մնում «պաշտպանված փոքրամասնություն» հասկացության հետ:

Մտորումներ նոր ուղիների շուրջ

Հասկանալի է, փակուղային այս իրավիճակում հարկավոր է գտնել  մի մոտեցում, որը հնարավորինս իրատեսական կլինի այս երկխոսության չորս խոշոր դերակատարների համար.  թուրքերն ու քրդերը մի կողմից, Հայաստանի ու սփյուռքի  հայերը՝ մյուս կողմից:  Դեռեւս թոթովախոս՝ թուրք և հայ  քաղաքացիական հասարակությունները պետք է գիտակցեն, որ ավելի լավ ապագա խոստացող այս ռոմանտիկ պատմությունը մեզ հեռու չի տանի: Այդ իսկ պատճառով  օսմանյան հայերից առաջացած սփյուռքը պետք է դուրս գա այս կարանտինից՝ նվաճելու համար թուրքական հանրային տարածքը (մեդիայի ոլորտում, բուհերում, մշակութային կյանքում): Վերահսկելով հաղորդակցության միջոցները, նա պետք է այլընտրանք առաջարկի ծայրահեղական դաշնակցականի կամ ձախակողմյան մտավորականի պարզունակ ու ծաղրական կերպարին: Այդ բանն անելու համար հարկավոր է հաղթահարել երկու խոշոր խոչընդոտ: Առաջին հերթին պետք է նախաձեռնել հայ-թուրքական երկխոսության իրական խնդիրներին առնչվող լուրջ բանավեճ  և խորը վերլուծություն, ինչը  քաղաքական եւ կրոնական կառույցները (դաշնակցական, հնչակյան, ռամկավար կուսակցություններ, ՀԲԸՄ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն և այլն) մինչեւ օրս չեն կարողացել անել:

Երկրորդ, եւ հավանաբար ավելի դժվար խոչընդոտը հաղթահարելու համար, նա պետք կարողանա համոզել իր թուրք զրուցակիցներին, որ հայկական հարցի կարգավորումը չի կարող անցավ լինել նրանց ու նրանց երկրի համար: Հետաքրքրական է նշել, որ 2011թ Երկիր Եվրոպա ՀԿ-ի  դեպի Թուրքիա կազմակերպած շրջագայության ընթացքում, սփյուռքահայ երիտասարդ լրագրողների պատվիրակությանը պատասխանելով՝ ԱԶԳ-ի համակիր երկու թուրք մտավորականներ ասացին, որ «Թուրքիայի տեսակետից գլխավոր խնդիրը ցեղասպանության ճանաչումը չէ, այլ փոխհատուցումների հարցը»: Այլ կերպ ասած, թուրքերը, ըստ էության, անուղղակիորեն ճանաչում են օսմանյան հայերի բնաջնջման իրողությունը՝ հակառակ ժխտողական քարոզչության.

Բացի այդ, եթե այս հանդիպման ընթացքում, այդ նույն լրագրողներին կոչ արվեց սփյուռքին հասցնել ազատական թուրք մտավորականների խոսքը, ապա մեծ տպաքանակ ունեցող թուրքական թերթերից մեկի սյունակներում պարբերաբար արտահայտվելու նրանց խնդրանքը մերժում  ստացավ: Այս դառը փաստը, հետեւաբար,  հետազոտողների ու ավեստագետների նեղ շրջանակից դուրս գալու անհրաժեշտություն է առաջացնում՝ որպեսզի հնարավոր լինի երկխոսությունը բերել քաղաքացիական հասարակության դաշտ՝ իր մասնատված իրականությամբ: 

Որքան էլ գրավիչ լինեն եղբայրական իդեալի ծովահարսերը, հայկական հարցի տարբեր ասպեկտների շուրջ ընդհանուր տեսլականի բացակայությունը, առանցքային դերակատար սփյուռքի մշտապես բացառումը  և Թուրքիայում ստեղծված նոր իրավիճակի կարեւորումը նույքան անհաղթահարելի մարտահրավերներ են: Ուրեմն պետք է այս հիմնազուրկ երազանքը փոխարինվի հիմնավորված մի նոր երկխոսությամբ՝ համահունչ իրականությանը ու նրա բարդություններին:

 

1 - Թուրքերեն Միլլեթ տերմինը վերաբերում է օրենքով պաշտպանված կրոնական համայնքի: Այն վերաբերում է նաեւ Օսմանյան կայսրության փոքրամասնություններին: Միլլեթի միջոցով Օսմանյան իշխանությունն իրականացնում էր երկրում բնակվող կրոնական համայնքների վերահսկողությունը՝ նշանակելով նրանց ղեկավարներին: Լեզուն իր դերակատարությունն ուներ, բայց  առաջին հերթին կրոնով էր բնորոշվում Միլլեթը:

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

Twitter

Facebook