Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Անվերջ լարվածություն Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ

 
 
 

Հայացք Թուրքիայից

Անվերջ լարվածություն Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ

Արզու Գեյբուլլայեվա

 

 
Արզու Գեյբուլլայեվա

Ստամբուլում բնակվող ադրբեջանցի անկախ լրագրող, ով հոդվածներ է գրում նաեւ «Ակոսի» համար

Թուրքիա - Հայաստան - Ադրբեջան հարաբերությունների եռանկյունուն կարելի է մի քանի նկարագիր տալ՝ հարևաններ, վաղեմի թշնամիններ, եղբայրներ և քույրեր, սակայն նրանց, իհարկե, չի կարելի անվանել գործընկերներ: Հայաստանը պատերազմում է Ադրբեջանի հետ, Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության ամեն աննշան հնարավորության դեպքում Ադրբեջանը սպառնում է Թուրքիային, Հայաստանը Թուրքիային համարում է Ադրբեջանի ընկեր, հետևաբար՝ Հայաստանի թշնամի և այսպես շարունակ: Լավագույն դեպքում դա բարդ, իսկ վատագույն դեպքում՝ չլուծված հարաբերություն է: Ամեն փոքր և խոստումնալից բեկում հորիզոնում կորչում է և ներծծվում երեք պետությունների և դրանց առաջնորդների թշնամական անհամաձայնության մեջ: Այսօր նրանց ընդհանուր պատմության անհաշտ տարաձայնությունները շարունակում են բացասաբար ազդել թուրքերի, հայերի և ադրբեջանցիների կյանքի վրա: Ապագան անորոշ չի լինի, եթե լուրջ տեղաշարժը ստիպի երեք երկրներին առաջ շարժվել և փոխել իրենց պատկերացումները ոչ միայն միմյանց, այլև նրանց շուրջը տիրող քաղաքական իրավիճակի մասին:

Ընկերության արմատները ընդդեմ հակամարտության արմատների

Երբ խոսքը վերաբերվում է Թուրքիային, Ադրբեջանում այն միշտ համարվել է եղբայրական երկիր: Երկու երկրներն էլ դավանում են նույն կրոնը և ունեն նույն լեզուն, ադրբեջանցիները վայելում են թուրքական երաժշտությունը և հեռուստասերիալները: Եվ զարմանալի չէ, որ երկու երկրներն էլ միմյանց շնորհում են 12 միավոր ամենամյա Եվրատեսիլյան մրցույթներին: Անկարան առաջին մայրաքաղաքն էր, որ ճանաչեց Ադրբեջանի անկախությունը:   

80-ականների վերջն էր, երբ Ադրբեջանը և Հայաստանը ներգրավվեցին մի հակամարտության մեջ, որը շարունակվեց երկու տասնամյակ և դեռ շարունակվում է: Չնայած, որ դառը հակամարտությունը ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև 1994 թ-ին ստորագրված հրադադարով, իրականում պատերազմը երբեք էլ չէր ավարտվել: Մինչ օրս հրաձգությունները շարունակվում են առաջին գծերում, հաղորդվում է վիրավորված, սպանված, պատանդ վերցված զինվորների մասին, հրադադարի խախտումները ամենից շատ արծածվող թեմաներից է տեղական զանգվածային լրատվական միջոցներում: Չկա փաստացի խաղաղ համաձայնագրի նշան, ինչը կամոքեր երկու կողմերի վերքերը:       

Թուրքիան փակեց իր սահմանները (փակելով Դոգու Կապի/Ախուրյանի և Իգդիրի սահմանային դարպասները) և ի նշան միասնության 1993 թ-ին դադարեցրեց ուղիղ ցամաքային հողորդակցությունը Հայաստանի հետ ՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող հակամարտությունը, իսկ եթե ավելի ստույգ,  Հայաստանի կողմից օկուպացված Քելբաջարը (Քարվաճառ)՝ Ղարաբաղին կից յոթ տարածքներից մեկը: Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները վատթարացել են և փոփոխություն մտցնելու միայն մի քանի փորձ արվեց, որը նույնպես ապարդյուն էր հիմնականում Ադրբեջանի միջամտության արդյունքում: Այսօր երկու երկրների միջև թռիչքներ են իրականացվում, սակայն հարաբերությունները ընդհանուր առմամբ շարունակում են մնալ վատ: Առևտրային կապը հիմնականում ներառում է ‹‹ճամպրուկային առևտուրը››, երբ ապրանքները Հայաստան են տեղափոխվում Վրաստանով:    

Թուրքիայի և Հայաստանի՝ միմյանցից էլ ավելի հեռանալը ակնհայտ էր Խոջալուի ողբերգությանը նվիրված վերջին մի քանի ամենամյա միջոցառումների Ժամանակ:  1915թ-ի դեպքերի 100-ամյակի մոտենալուն պես հարաբերությունների մեջ այսպիսի լարվածության ստեղծումը անկասկած ավելի մեծ ստվեր է գցում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման ցանկացած հնարավորության վրա: Քանի դեռ Թուրքիան աջակցող ‹‹եղբոր›› դերում է հանդես գալիս, նա կորցնում է ավելի մեծ հեռանկար, որովհետև տեղի է տալիս ‹‹եղբայրական ճնշմանը››: Թույլ տալով ոմն երկրի ազդել իր արտաքին քաղաքականության վրա` Թուրքիան առիթ է տալիս էլ ավելի շատ ասյպիսի ‹‹եղբայրական միջամտության››: Հայացք գցելով` ներկայիս ստատուս քվոյի վրա՝ կասկած չկա, որ Ադրբեջանը կշարունակի գործի գցել իր կապերը և էլ ավելի հեռացնել երկուսին միմյանցից, հենց-որ Թուրքիան և Հայաստանը նույնիսկ հեռավոր մտերմություն ցուցաբերեն:     


‹‹
Ֆուտբոլային դիվանագիտությունից›› դեպի ‹‹չկա գազ դիվանագիտությունը››

2009թ-ի փետրվարին, անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի համաժողովից հետո եռյակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մասնակի համաձայնությամբ հանդես եկավ: Դա համատեղ ջանք էր. երեք երկրների արտաքին գործերի նախարարները զրուցեցին այդ ամենի մասին և հանդես եկան նախնական ծրագրով, որը բաղկացած էր չորս քայլից՝ Հայաստանը պետք է վերադարձներ Լեռնային Ղարաբաղի տարածքին կից գտնվող որոշ քաղաքներ` հայրենադարձ անելով ադրբենջանցիներին, ովքեր ժամանակին բնակվում էին այդ օկուպացված տարածքներում հստակ ժամանակահատվածի համաձայն; Լեռնային Ղարաբաղի անկլավը պետք է հանձնվեր ժամանակավոր մարմնին; Քելբաջարը վերադարձվեր Ադրբեջանին, հենց-որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվեր: Եվ վերջապես Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթգիծը և մայրուղին պետք է կրկին բացվեր միջազգային խաղաղապահ զորքերի` Հայսատանի և Լեռնային Ղարաբաղի սահմանային շրջանի պահպանությանմբ:  

Մեկ տարի առաջ բոլորին քաջ հայտնի ‹‹ֆուտբոլային դիվանագիտության›› փորձ արվեց: Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլերը Թուրքիային և Հայաստանին նույն խմբի մեջ ընդգրկեցին: Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը առաջին անգամ մեկնեց Երևան` խաղը դիտելու համար: Նրա այցի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունելություն կազմակերպեց. երկու երկրների նախագահները հանդիպեցին, ավելի ջերմ հարաբերությունների հիմքերը դրվեցին: Կամ էլ ուղղակի այդպիսի կարծիք էր ձևավորվել:   

Սարգսյանի` Թուրքիա-Հայաստան հաջորդ խաղին մասնակցության նպատակով Թուրքիա այցելության կարճ ժամանակ անց, երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև մի արձանագրություն ստորագրվեց: Դա տեղի ունեցավ 2009թ-ի հոկտեմբերի 11-ին Ցյուրիխում: Թուրքիա-Հայաստան սահմանի վերաբացումը հնարավոր դրաձավ: Սակայն նախագահ Գյուլի ջանքերը շուտով արհամարվեցին:      

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնեց Ադրբեջան հարևան երկրում աճող լարվածությունը մեղմացնելու համար: ‹‹Սահամնները կշարունակեն մնալ փակ մինչև օկուպացիան չավարտվի››,-ասաց Թուրքիայի վարչապետը, երբ իր խոսքն էր ուղղում Ադրբեջանի խորհրդարանին` հավատացնելով իր ադրբեջանցի գործընկերներին, որ Թուրքիայի և Հայաստանի միջև որևէ համագործակցություն անհնար է, մինչև որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավիճակի մասով առաջընթաց չարձանագրվի: ‹‹Այս տարածաշրջանի բոլոր երկրները գիտեն, որ մինչև Ադրբեջանի տարածքների օկուպացիայի հարցը չլուծվի, հարաբերությունների ցանկալի կարգավորումը հնարավոր չի լինի: Եթե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասով առաջընթաց չկա, խաղաղությունը Հարավային Կովկասում անհնար է››: Թուրքիա-Հայաստան ճանապարհային քարտեզը անորոշ ժամանակով մի կոմ դրվեց:  Թուրքիայի դեպքում կորցնելու չափազանց շատ բան կար: Ինչպես ճշմարտացիորեն նշում է Չենգիզ Չանդարը իր վերջին գրվածքում. ‹‹Սթափ ուղեղ ունեցող ոչ մի թուրք քաղաքական գործիչ Ադրբեջանին վհատեցնելու գնով Հայաստանի հետ մերձեցման որևէ քայլ չի անի››:          

Իսկ Ադրբեջանը այդ ժամանակ իրոք հիասթափված էր: Երբ ապրիլի սկզբին Թուրքիան բացահայտ հայտարարեց իր` արևելյան հարևանի հետ սահմանը բացելու ծրագրերի մասին, Ադրբեջանը զայրացավ, որին հետևեցին դատապարտումը, հիասթափությունը և քննադատական հայտարարությունները: Ինչ-որ պահի տեղական ռադիո կայաններից մեկը հայտարարեց թուրքական երգերի հերարձակումը դադարեցնելու իր որոշման մասին, եթե սահմանը բացվի: Բայց առաջին հերթին դավաճանության զգացումն էր ամենատարածված արձագանքը: Պաշտոնական Ադրբեջանը հայտարարեց, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը (հատկապես սահմանների բացումը) պետք է ընթանա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ մեկտեղ, իսկ ցանկացած այլ կերպ ընդունված որոշում անարդար պարգև էր Հայաստանի համար: Ցյուրիխի արձանագրությունները փակուղի մտան: Թուրքիայի համերաշխությունը իր ադրբենջացի եղբոր հետ անկասկած քաղաքական լարվածություն է ստեղծել հայկական կողմի հետ հարաբերություններում: Ակնհայտ է, որ Թուրքիան տեղի տվեց ճնշմանը:   


Տարօրինակ իշխանական լծակ

Անշուշտ ոչ միայն Թուրքիայի մերձեցումն էր Հայաստանի հետ, որ դրդեց Ադրբեջանին վերանայել տարածաշրջանային քաղաքականության հավասարակշռությունը և բարձրաձայնել դրա մասին: 2008թ-ի օգոստոսյան պատերազմը Վրաստանում կրկին եկավ ապացուցելու, որ Ռուսաստանը ունի գերիշխանություն Կովկասի կամ, ինչպես Ռուսաստանն է ցանկանում այն տեսնել, իր խաղատախտակի վրա: Բացի այդ, Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ճանաչումը տագնապալի ուղերձ էր Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի հետ կապված: Բայց նույնիսկ եթե այդպես է, նայելով թուրք-ադրբեջանական իշխանությունների խաղին, կա ասիմետրիկ միջպետական հարաբերությունների հստակ մոդել: Սովորաբար դա ավելի մեծ և ավելի հզոր պետություն է, որն ունի լծակներ ավելի թույլի հանդեպ: Բայց երբ խոսքը վերաբերվում է Թուրքիային և Ադրբեջանին, Ադրբեջանը էլ ավելի մեծ լծակ է կիրառում Թուրքիայի հանդեպ: Եվ այս լծակի մեծ մասը Ադրբեջանի աճող տնտեսական ազդեցությունն է Թուրքիայում: Հաշվարկված է, որ մինչև 2017թ-ի վերջը SOCAR-ի՝  Ադրբեջանի Պետական նավթագազային ընկերության, ընդհանուր ներդրումը Թուրքիայում կհասնի 17 մլրդ դոլարի: Այս ներդրումների թվին են պատկանում նաև PETKIM-ի ձեռքբերումը և TANAP (the Trans-Anatolian Pipeline Project) գազատարի կառուցման նախագիծը, որի նպատակն է Թուրքիայով մղել Ադրբեջանի գազը դեպի Եվրոպա: Նախատեսվում է, որ գազատարը տարեկան կտրվածքով կմատակարարի 16 միլիարդ խմ գազ և 24 միլիարդ խմ գազ հենց որ խողովակաշարը ամբողջովին հանձնվի շահագործման:       


Երկարատև հիասթափություն
 

Չնայած հարաբերությունների մեջ ‹‹կայունացմանը››, մինչ օրս Ադրբեջանը Թուրքիայի՝ 2009թ-ին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված փորձը դիտարկում է որպես ‹‹սխալ››: Ավելի վաղ՝ այս տարվա սեպտեմբեր ամսին, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը զգուշացրել էր Թուրքիային չկրկնել նույն սխալները հանուն Անկարա-Երևան հարաբերությունների վերակենդանացման:  Եվ չկարողանալով ապացուցել, որ նման փորձեր արվել են՝ Մամեդովը հասկացրեց, որ նման հնարավորություններ եղել են, եթե նույնիսկ թուրքական դիվանագիտական աղբյուրները հերքում են որևէ նման գործողություն: 

Նախազգուշացումը (կամ սպառնումը) նոր բան չէ երկու երկրների հարաբերությունների մեջ: 2009թ-ին հարաբերությունների վատթարացման ժամանակ Ադրբեջանը նույնիսկ սպառնացել էր ընդհատել Թուրքիա բնական գազի մատակարարումը: Իհարկե, առկա տնտեսական կապերը խզելու նպատակով սպառնալիքներին դիմելը նորություն չէ տարածաշրջանում և Ռուսաստանը նման գործողությունների վառ օրինակ է: Բայց վերջիվերջո Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ Թուրքիան Ադրբեջանի ‹‹եղբայրական›› ազգ և ռազմավարական դաշնակից լինելու հետ մեկտեղ նաև անկախ երկիր է իր սեփական արտաքին քաղաքականությամբ: Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցության տնտեսական շահերը չպետք է խանգարեն Թուրքիային իրականացանել իր արտաքին քաղաքականությունը: Այլևս 90ականները չեն: Քաղաքական իրավիճակները փոխվում են, և թեև Թուրքիայի աջակցությունը հսկայակն է եղել, երբ   Հայաստանի և Թուրքիայի միջև պատերազմ սկսվեց, ժամանակն է, որ Թուրքիան առաջ շարժվի, իսկ Ադրբեջանը դադարի խառնվել այլ երկրի քաղաքականության մեջ:     

 

Ցեղասպանությունը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook