Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Հայ-թուրքական հարաբերությունները մեթոդաբանական վերանայման ու աշխարհաքաղաքական անտարբերության խաչմերուկում

 
 
 

Հայացք Հայաստանից

Հայ-թուրքական հարաբերությունները մեթոդաբանական վերանայման ու աշխարհաքաղաքական անտարբերության խաչմերուկում

Վահրամ Տեր-Մաթևոսյան

 

 
Վահրամ Տեր-Մաթևոսյան

պ. գ. թ. , ավագ գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները լայնորեն լուսաբանվել են գիտահետազոտական գրականության մեջ: Այդ թեմային անդրադարձել են բոլոր հնարավոր տեսանկյուններից և կարծես թե ոչ մի տեսակետ քննարկումներից դուրս չի մնացել: Այդուհանդերձ, քանի դեռ երկու երկրների միջև չկան հաստատված դիվանագիտական հարաբերություններ, և սահմանը մնում է փակ, ոչ մի ջանք չպետք է խնայել  հասկանալու առկա և հնարավոր դժվարությունները և գտնելու առաջ շարժվելու ուղիները: Այդ նպատակով է, որ այս հոդվածը բարձրացնում է մի քանի հարցեր, որոնք  առնչվում են հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հաստատված տեսակետներին ու մեկնաբանություններին:

1991 թ.-ից ի վեր ոլորտում գերիշխել են մի շարք հասկացություններ, եզրույթներ և մոտեցումներ, որոնք երկու կողմերը լայնորեն օգտագործում էին: Դրանցից մի քանիսի վերանայումը կարևոր է, քանի որ այն կարող է օգնել վերանայել ներկայիս խոսույթը և մոտենալ խնդրին մեկ այլ դիտանկյունից: Անդրադարձը Թուրքիայում և տարածաշրջանում վերջերս տեղ գտած որոշ զարգացումներին  նույնպես կարևոր է, քանի որ այն կարող է նպաստել երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարները գնահատելու հարցում:

Նախ և առաջ պետք է նշել, որ, ընդունված այն պնդումը, թե Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի հետ սահմանը փակել է 1993 թ.-ի ապրիլին՝ ի պատասխան Քելբաջարում ռազմական օպերացիայի, հակափաստական է ու ոչ ճշմարիտ։ Թուրքիայի ու Հայաստանի միջև սահմանը իրականում երբեք էլ բաց չի եղել, փոխարենը, բաց էին սահմանային անցակետերերը և միայն Արևմուտքից Հայաստան հումանիտար օգնության տեղափոխման և Խորհրդային Միության օրերից ի վեր հայ-թուրքական սահմանը հատող Կարս-Գյումրի գնացքի ամենշաբաթյա շահագործման համար: Բացի այդ, 1993 թ.-ից 2002 թ.-ը, որոշ պաշտոնյաներ կարողանում էին ճամփորդել այդ անցակետերով:

Այս փաստի լույսի ներքո, կարելի է պնդել, որ 1991թ.-ի դեկտեմբերին, երբ Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, այն թե՛ սահմանը բացելու, թե՛ դիվանագիտական հարաբերությունները հաստատելու հնարավորություն ուներ: Այդ ժամանակահատվածում Ղարաբաղյան հակամարտությունը դեռևս ակտիվ փուլում չէր, և Թուրքիան կարող էր բացել սահմանը` առանց Ղարաբաղում տիրող իրավիճակին հղում անելու: Սակայն Թուրքիան ոչ մեկն ընտրեց, ոչ էլ մյուսը: Հետևաբար սահմանի փակումը Ղարաբաղյան իրադարձությունների հետ կապելու Թուրքիայի ջանքերը իրականությունը աղավաղելու նպատակ են հետապնդում։ Մինչդեռ, այդ տեսակետը լայնորեն հաշվի է առնվում վերլուծաբանների ու քաղաքական գործիչների կողմից՝ առանց առանձնապես կասկածի տակ առնելու դրա իրական մտադրությունները:

Ղարաբաղյան իրադարձությունները սահմանի փակման հետ կապելը միտված էր ընդգծելու Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը և հասկանալի է, որ դա ուներ ընդգծված քարոզչական ու խորհրդանշական բաղադրիչներ: Ինչևիցե, այս միտքը սկսեց շրջանառվել  և նույնիսկ որոշ հայ քաղաքական գործիչներ ու փորձագետներ սկսեցին օգտագործել Թուրքիայի տեսակետը հայ-թուրքական սահմանի փակման ամսաթվի և պատճառների մասին խոսելիս: Սահմանի փակումը կամ բացումը պետք է տարանջատվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից և տեսանելի դառնա զուտ երկկողմանի հեռանկարների տեսանկյունից: 

Քննարկման ենթակա մեկ այլ հարց կապված է Ցյուրիխյան արձանագրությունների և 2008-2009 թթ.-ին Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև տեղի ունեցած բանակցություններում թույլ տված մեթոդաբանական սխալների հետ: Շվեյցարիայի միջնորդությամբ իրականացված բանակցությունները հանգեցրել էին երկու փաստաթղթերի պատրաստմանն ու ստորագրմանը, այն է` «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները: Այս երկու փաստաթղթերը, որոնք համատեղ անվանվել են Ցյուրիխյան արձանագրություններ, նույնպես լայնորեն քննարկվել են: Արձանագրությունների ընդդիմախոսները քննադատաբար մոտեցան յուրաքանչյուր նախադասությանը և փորձեցին  խաթարել դրանց հուսալիությունը: Մյուսներն էլ ենթադրում էին, որ Թուրքիան ի սկզբանե անկեղծ չի եղել իր ջանքերում:

Մինչդեռ, քննարկումներից դուրս մնացին մի շարք առանցքային հարցեր. «Ինչու՞ ստորագրել երկու արձանագրություն, երբ բանակցությունների ամբողջ նպատակը, առնվազն Հայաստանի համար, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն էր» և «Ինչու՞ տեղադրել դիվանագիտական հարաբերությունների զարգացման ու հաշտեցման մասին երկու առանձին հարցեր մեկ զամբյուղի մեջ` առաջացնելով մեծ շփոթություն և դրանից բխող խնդիրներ»: Այս երկու փաստաթղթերը համախմբելու որոշումը մեթոդաբանական սխալ էր, որ «թանկ նստեց» ամբողջ գործընթացի վրա:

Խնդրի էությունը կապված է այն հանգամանքի հետ, որ կարգավորման ու հաշտեցման գործընթացները համախմբելն իր մեջ կրում է մի ռիսկ, որ երկու կողմերն ի զորու չէին հաղթահարել: Հայազգի փորձառու դիվանագետներից Ռուբեն Շուգարյանը ևս այդ խնդիրը վերջերս քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքականության մասին իր նոր հրապարակած մենագրության մեջ: Այն, ինչի շուրջ համաձայնության եկանք իր հետ, այն է, որ հարաբերությունների կարգավորումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը վիճելի անցյալ ու անհանգիստ ներկա ունեցող երկրների միջև պահանջում է բոլորովին այլ գործիքակազմ ու քաղաքական նախաձեռնությունների շարք, այլ ոչ թե հաշտեցման գործընթաց: Այս էական տարբերությունների թերագնահատումը ունեցել է լուրջ հետևանքներ ամբողջ գործընթացի համար: Բանակցությունները մեկնարկելիս երկու կողմերն էլ ունեին տարբեր ու երբեմն տրամագծորեն հակառակ ակնկալիքներ այդ գործընթացից: Հայկական կողմի համար կարևոր էր, որ Թուրքիան շարունակեր բանակցություններն առանց որևէ նախապայմանի: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հայկական կողմի համար կարճաժամկետ նպատակ էր`  հույս ունենալով ապահովել Թուրքիայի հետ սահմանի բացումը, դրանով իսկ վերացնելով Թուրքիայի կողմից Հայաստանին պարտադրված տնտեսական և հեռահաղորդակցային շրջափակումը: Թուրքական կողմի համար խնդիրները բոլորովին այլ էին, քանի որ Թուրքիան երբեք չի թաքցրել դիվանագիտական հարաբերությունները չհաստատելու և սահմանը չբացելու իրական պատճառները: 1991 թ.-ից ի վեր թուրքական կողմը ներկայացրել է սահմանը բացելու առնվազն երեք պայման` դադարեցնել հայոց ցեղասպանության հետ կապված պահանջներն ու դրա միջազգային ճանաչմանն ուղղված արշավները, Հայաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջից հրաժարում և Ղարաբաղյան հակամարտության կարգավորում: 1993թ.-ից ի վեր, վերջին պատճառը սկսեց գերիշխել Թուրքիայի նախապայմանների ցուցակում, ըստ էության, ետին պլան մղելով առաջին երկուսը: Միայն այս կարճ բացատրությունը բավարար էր հասկանալու համար, որ երկու կողմերն իրենց նպատակներին հասնելու համար հետապնդում էին տարբեր նպատակներ և հետևաբար տարբեր ռազմավարություններ: Հայկական կողմի համար հարաբերությունների կարգավորումն առաջին տեղում էր, մինչդեռ Թուրքիայի համար շատ ավելի կարևոր ու նշանակալի էին հաշտեցման գործընթացի պայմանները: Այս տարբեր կարծիքները արտացոլվեցին երկու արձանագրությունների մեջ և, դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կարճ ու պարզ փաստաթուղթ մշակելու փոխարեն, կողմերը բռնեցին ամենաբարդ ճանապարհը` մեկտեղելով իրենց հարաբերությունների բոլոր բարդությունները և ձևակերպելով դրանք երկու փաստաթղթերում` բազում խաչաձև հղումներով: Այսպիսով, կարգավորումը հաշտեցումից առանձնացնելու ձախողումը փակուղու մեջ գցեց ամբողջ գործընթացը:  

Այս կարևոր հանգամանքը պետք է հաշվի առնել երկու ազգերի առաջնորդներին բանակցային սեղանի շուրջ բերող ապագա բոլոր նախաձեռնություններում: Թուրքիայի և Հայաստանի միջև պաշտոնական հարաբերությունների բացակայության պատճառներն ունեն տարբեր կողմեր և շերտեր: Որոշ առկա խնդիրներ կարելի է  լուծել պաշտոնական փաստաթղթերի միջոցով, մի քանիսը կարելի է լուծել երկու ժողովուրդների միջև զուտ շփումների և միմյանց ավելի լավ ճանաչելու միջոցով, իսկ մնացածը կարող են առայժմ անլուծելի մնալ: Հետևաբար, հայ-թուրքական հարաբերությունները պետք է տարանջատվեն Թուրքիա-Հայաստան հարաբերություններից: Երկու երկրների պաշտոնատար անձիք պետք է կրկին բռնեն պաշտոնական հարաբերությունների կարգավորման ծանր ու դժվարին ճանապարհը, իսկ հաշտեցման գործընթացը թողնեն գիտնականներին, արվեստագետներին ու երկու ժողովուրդների քաղաքացիական հասարակության անդամներին: Պետությունները կարող են դյուրացնել հաշտեցման գործընթացը, սակայն, հաշվի առնելով հարաբերությունների զգայուն բնույթը, պետք է չուղղորդեն այն: Անհրաժեշտ է չանտեսել Ցյուրիխյան արձանագրություններից քաղած դասերը:

Հայ-թուրքական ապագա հարաբերությունները քննարկելիս նույնպես անհրաժեշտ է անընդհատ վերանայել աշխարհաքաղաքական դինամիկան: Թեև թվում է, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունները եղել են բացառապես երկկողմ բնույթի հարց, գրեթե կասկած չկա, որ որոշ երկրներ շարունակում են ազդել գործընթացի վրա: Այս երկրների ազդեցությունը երբեմն տեսանելի է, մինչդեռ ավելի հաճախ այն դառնում է նվազ շոշափելի: Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են սերտորեն աշխատել Թուրքիայի` Հայաստանի հետ հարաբերությունների, Հայոց ցեղասպանության, սփյուռքի ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ առնչվող բազում խնդիրների շուրջ: Հաղորդվում էր, որ Ադրբեջանը կարողացել է ցույց տալ դիմադրություն Հայաստանի և Թուրքիայի կամ երկու հասարակության հարաբերություններին նպաստող մի շարք նախաձեռնություններին: Այդ պնդումները չեն հիմնավորվել վստահելի ապացույցներով, սակայն այդ նպատակով եղել են զգալի թվով քննարկումներ: Թուրքիան, իր հերթին, շարունակում է հղում անել Ադրբեջանին և վերջինիս` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված մտահոգություններին որպես կարևոր նախապայման Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում որևէ առաջընթաց ակնկալելու առումով: Բայց և այնպես կա մի մեծ հարց. «Որքանո՞վ է շոշափելի Ադրբեջանի փաստացի ազդեցությունը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա»: Ի հեճուկս բազմիցս կրկնված «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևի հռետորաբանությանը, մի քանի առիթներով թուրք ղեկավարները տարակարծիք են եղել Ադրբեջանի և նրա ունեցած փաստացի դերի շուրջ: Թուրքիան գործում է Հարավային Կովկասի երկրների հետ իր սեփական արտաքին քաղաքականության համաձայն: Թուրքիան ի վիճակի է եղել զարգացնել խորը և համակողմանի հարաբերություններ Վրաստանի ու Ադրբեջանի հետ, որոնց հաճախ ներկայացվում են են որպես ռազմավարական համագործակցություն: Այդպես վարվելով, Թուրքիան չէր ձգտում արժանանալ որևէ երկրի հավանությանը, թեև այն կարող էր համակարգել որոշակի քաղաքական ու աշխարհառազմավարական ծրագրեր ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ: Հետևաբար, Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմից հրաժարվելը պետք է դիտարկվի բացառապես թուրքական տեսանկյունից՝ առանց Ադրբեջանին այդ պատկերի մեջ ներքաշելու անհրաժեշտության: Հիմնվելով վերոնշյալի վրա` կարելի է վստահաբար պնդել, որ Թուրքիայի իշխող էլիտան ու, հատկապես, նրա արտաքին քաղաքականության ճարտարապետները չարաշահել են Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերություններ կառուցելու վրա Ադրբեջանի ունեցած ազդեցությունը,: Հրապարակային հայտարարություններում Թուրքիայի իշխող կուսակցությունը գերագնահատել, և հետևաբար ուռճացրել է Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին վերաբերող ադրբեջանական պահանջների փաստացի քաշը: Եվրոպացի դիվանագետները, ովքեր Ցյուրիխյան գործընթացի մաս էին կազմում, մի շարք առիթներով նշել են, որ իրենց կարծիքով Թուրքիայի արգելակումը կապված   ադրբեջանական դիմադրության հետ անկեղծ չէր և հակասում էր բանակցությունների ոգուն: Որոշ թուրք դիվանագետներ նույնպես ակնարկել են այն փաստը, որ Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ գիտեր Հայաստանի ու Թուրքիայի միջև բանակցային գործընթացի բոլոր մանրամասները, քանի որ նրանց կանոնավոր կերպով տեղեկացնում էին: Նրանք, ովքեր պարբերաբար տեղեկացնում էին Ադրբեջանի ղեկավարությանը, չեն հիշում որևէ շոշափելի հակազդեցություն կապված գործընթացի հետ, քանի որ Ադրբեջանի ղեկավարությանը հայտնել էին, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը դրական կազդեր նաև Ղարաբաղյան խնդրի վրա:

Երկրների երկրորդ շարքը, որոնք կարող են և՛ դրական, և՛ բացասական ազդել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, ներառում է Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Վրաստանը և ԵՄ-ն որպես կազմակերպություն: 2005 թ.-ից 2009 թ.-ը ընկած ժամանակահատվածում մի շարք երկրներ ներգրավված էին մի գործընթացի մեջ, որը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» եզրույթը: Դրանում ԱՄՆ-ն ուներ առաջատար դեր, իսկ նախագահի պաշտոնում Օբամայի ընտրությունից հետո գործընթացը ստացել էր լրացուցիչ խթան: Երբ բանակցությունները տանում էին դեպի արձանագրությունների վավերացումը, մի շարք այլ երկրներ աջակցման քայլեր արեցին, այդ թվում Շվեյցարիան, որն ի սկզբանե հանդես է եկել որպես բանակցային գործընթացը ընդունող ու միջնորդող երկիր, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն և այլն: Արձանագրությունների ստորագրման արարողության ավարտից հետո ժամանակն էր գործելու և, իսկապես, աջակցելու կողմերին` փաստաթղթերը վավերացնելու և դրանց իրականացումն ապահովելու համար: Հենց այդ ժամանակ էր, որ, թեև տարբեր պատճառներով, թե՛ Հայաստանին, թե՛ Թուրքիային անհրաժեշտ էր արտաքին աջակցություն: Այսպիսով, այն երկրները, որոնք ներկա էին ստորագրման արարողությանը, գործընթացից հեռացան բավականին վաղ շրջանում` ենթադրելով, որ երկու կողմերն էլ հավատարիմ կմնան թե՜ փոխադարձ պայմանավորվածություններին, թե՜ ծախսված ժամանակին, թե՜ գործընթացի վրա գործադրած ջանքերին և առաջ կշարժվեին: Սակայն, պարզվեց, որ դա բավականին երկար ու անկայուն ճանապարհ էր, որը կարգավորման գործընթացը թողեց խառնաշփոթի մեջ առանց որևէ տեսանելի դրական զարգացումների: Հետևաբար, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները անվերապահ աջակցության կարիք են զգում համաշխարհային ու զարգացող տերությունների, միջազգային կազմակերպությունների, ուղեղային կենտրոնների կողմից:

Հարկ է նաև հավելել, մեր օրերում միջազգային համակարգը անցնում է վերանայման դժվարին ժամանակահատված: Հիմնական դերակատարները, ովքեր հնարավոր է հետաքրքրված լինեն Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ, զբաղվում են մասշտաբներով և հրատապությամբ տարբերվող խնդիրներով: Հետևաբար, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մղվել են միջազգային հարաբերությունների ետնաբեմ` առանց առաջին պլան գալու որևէ հեռանկարի: Հատկանշական է, որ Թուրքիան նույնպես անցնում է դժվարին ժամանակահատված, որտեղ նրա ապագան առաջիկա տարիների և եթե ոչ տասնամյակների համար գրեթե որոշված է: Գրաքննության ընդլայնվող ալիքի, ազատ խոսքի նկատմամբ իրականացվող ճնշումների, հարյուրավոր լրագրողների ձերբակալությունների, ձախակողմյան և ազատական մտավորականների նկատմամբ իրականացվող հետապնդումների պատճառով հայկական հարցի ջատագովների թիվը կտրուկ նվազել է:  Այս գործընթացը դառնում է սպառնացող խնդիր նրանց համար, ովքեր մտածում են հարաբերությունների կարգավորման մասին, հետևաբար, Թուրքիայի ղեկավարությունն առանձնապես չի շտապում զբաղվել Հայաստանի և հայկական հարցով:

 

Այս հոդվածն առնչվում է 2017թ փետրվարի 17-ին Երեւանում կայացած «Ի՞նչ  ապագա ունի հայ-թուրքական երկխոսությունը: Հիշատակի հարցերի և միջազգային հարաբերությունների խաչմերուկում» բանավեճին: Համաժողովը կազմակերպել էր Երկիր Եւրոպա ՀԿ-ն՝ համագործակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիական ինստիտուտի Ալամբեր հիմնադրամի։

 

 

 

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

Twitter

Facebook