Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն
Հայացք Հայաստանից
Թաթուլ Հակոբյան |
Թաթուլ Հակոբյան
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող |
2018 թվականի մայիսի 28-ին Հայաստանն ու հայկական աշխարհը նշելու են Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: առաջին պետությունը, որ ճանաչեց Հայաստանը, Օսմանյան կայսրությունն էր՝ մի տերություն, որի առաջնորդները ծրագրեցին և 1915-ին իրագործեցին Հայոց ցեղասպանությունը:1918-ի հունիսի 4-ին Բաթումում Օսմանյան կայսերական կառավարությունն ու Հայաստանը ստորագրեցին Հաշտության և բարեկամության պայմանագիր: Այսպիսով, գալիք հունիսի 4-ին լրանում է Հայաստանի ստորագրած առաջին միջազգային դիվանագիտական փաստաթղթի 100-ամյակը:
Բաթումի պայմանագրով գծվեց Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը։ Պայմանագիրը, որը պետք է վավերացվեր մեկ ամսվա ընթացքում Պոլսում, այդպես էլ չվավերացվեց։ Իսկ Բաթումի պայմանագրով գծված սահմանը մի քանի ամիս անց փոխվեց հօգուտ Հայաստանի, քանի որ Օսմանյան կայսրությունը Առաջին աշխարհամարտի արդյունքում պարտվեց և զորքերը դուրս բերեց Արևելյան Հայաստանի գրաված հողերից։
Օսմանյան կայսրության և Հայաստանի Հանրապետության իրավահաջորդ պետությունները՝ ժամանակակից Թուրքիան և Հայաստանը, 100-ամյակին մոտենում են զրո հարաբերություններով, փակ սահմաններով ու նախապայմաններով:
1991-ին, երբ Հայաստանը հանրաքվեով հռչակեց իր անկախությունը, Թուրքիան առաջիններից էր, որ ճանաչեց Հայաստանը: Անկարան, սակայն, հրաժարվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երևանի հետ, ինչպես նաև գործարկել թուրք-հայկական երկու սահմանադռները՝ Ալիջան-Մարգարան և Դողուքափը-Ախուրիկը: Թուրքիան առաջ քաշեց երկու նախապայման. Հայաստանը պետք է ճանաչի թուրք-հայկական սահմանը, որը հաստատվել էր Կարսի 1921թ․ պայմանագրով, այսինքն՝ հրաժարվի տարածքային հավակնություններից, ինչպես նաև՝ վերջ տա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
1993-ի գարնանը, երբ Արցախյան ուժերը դուրս եկան Քարվաճառ/Քելբաջար, Թուրքիան կողպեց երկու սահմանադռները, որոնցով ցորեն էր հասնում Հայաստան, և առաջ քաշեց երրորդ նախապայմանը՝ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի չի ունենում ստատուս-քվոյի փոփոխություն, որը կբավարարեր Ադրբեջանի նվազագույն ակնկալիքներն ու ցանկությունները, Թուրքիան վերջ չի տա շրջափակմանը և չի բացի սահմանադռները:
Այսպիսով, հայ-թուրքական բարդ հարաբերություններին ավելացավ նոր բարդություն՝ Ադրբեջանը, որի ապակառուցողական դերակատարությունը ևս մեկ անգամ ջրի երես պիտի դուրս գար 2008-2009 թվականների «ֆուտբոլային դիվանագիտության» օրերին:
Հայաստան-Թուրքիա հարաբերություններում անուղղակի ներգրավված երկրներից է նաև Ռուսաստանը, որը համարվում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու գործընկերը: Գյումրիում՝ հայ-թուրքական սահմանին մոտ, տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, որը գլխավոր առաքելությունն է Հայաստանի պաշտպանությունը արտաքին սպառնալիքներից: Բացի այդ, հայ-թուրքական սահմանի երկայնքով կանգնած են ռուս սահմանապահները՝ հայ սահմանապահների հետ միասին:
Ինչպիսի՞ն է Մոսկվայի կեցվածքը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում: 1991-ից ի վեր հրապարակավ Ռուսաստանը չի դիմել քայլերի, չի արել հայտարարություններ ընդդեմ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման: Ավելին, 2009-ի հոկտեմբերին, երբ երեքժամյա հետաձգումից հետո Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական երկու արձանագրությունները, արարողությանը ներկա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը որևէ կերպ չխոչընդոտեց գործընթացին:
Սրա հետ մեկտեղ կան բազմաթիվ հարցեր: Եթե Թուրքիան բացում է Հայաստանի հետ սահմանը, հաստատում դիվանագիտական հարաբերություններ, ապա արդյոք ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում չի՞ դառնում ավելորդ: Եթե հաստատվում են Թուրքիա-Հայաստան բնականոն հարաբերություններ, ապա արդյոք ավելորդ չի՞ դառնում ռուս սահմանապահը հայ-թուրքական սահմանին: Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունից և Եվրոպական Միության հետ Ասոցացման պայմանագիրը ստորագրել հրաժարվելուց հետո արդյոք Ռուսաստա՞նը չէ թելադրում Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարևորագույն հարցերում, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա խնդրում: Եթե անգամ Մոսկվան դեմ չէ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը, ապա արդյոք կարգավորումը չպետք է լինեն այնպիսին, որ չհակասի Ռուսաստանի կենսական շահերին: Ի վերջո, ռուսական ռազմական ներկայությունը՝ 102-րդ ռազմակայանը և ռուս սահմանապահները, Հայաստանում են ոչ թե միայն նրա համար, որպեսզի հայ ժողովրդին փրկեն թուրքական նոր հարձակումից, ինչպես ներկայացվում է, այլ որովհետև 102-րդ ռազմակայանը և ռուս սահմանապահները Հայաստանում պաշտպանում են ռուսական շահերը:
Մյուս կողմից, ինչպես նշեցինք, Ռուսաստանը 1991-ից ի վեր չի դիմել քայլերի, չի արել հայտարարություններ, որոնցով մենք կարողանանք հաստատել, որ Մոսկվան խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Նման պնդում մենք կարող ենք անել Ադրբեջանի դեպքում:
Մեծ հաշվով սակայն, երրորդ երկրների ներգրավվածությունը հայ-թուրքական խնդիրներում միայն բարդացնում և ավելի աղոտ է դարձնում Երևան-Անկարա բնականոն հարաբերությունների հեռանկարը, որովհետև յուրաքանչյուր երրորդ կողմ ունի իր շահերն ու հետաքրքրությունները:
1991-ից ի վեր Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեք հիմնական փորձ են արել, երեքն էլ ձախողել են, քանի որ Անկարան առաջ է քաշել նախապայմաններ։ Սա նշանակում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը կարևոր տեղ չունի: Եթե Հայաստանը կարևորվեր Թուրքիայի համար, ապա նախապայմաններից հրաժարվելու ձևերը թուրքերը հաստատ կգտնեին, անգամ Ադրբեջանի ամենախիստ հակազդեցության դեպքում:
Առաջին փորձը արեց 1992-1993 թթ. հայ և թուրք դիվանագետները աշխատում էին մի արձանագրության վրա, որով պետք է հաստատվեին հարաբերություններ, սակայն արձանագրությունը կիսատ մնաց այն բանից հետո, երբ Արցախյան ուժերը 1993-ի ապրիլին դուրս եկան Քարվաճառ, որին ի պատասխան Թուրքիան կողպեց Հայաստանի հետ կիսաբաց սահմանը: Երկու սահմանադռներով նախորդ վեց ամիսներին Հայաստան էր հասել շուրջ 58 հազար տոննա ցորեն՝ նախատեսված 100 հազար տոննայից:
Երկրորդ փորձը տեղի ունեցավ 2005-2007 թթ, երբ հայ-թուրքական խորհրդապահական բանակցություններն ընթանում էին փոխարտգործնախարարների մակարդակով: Այս ընթացքում տեղի էին ունենում նաև արտգործնախարարներ Աբդուլլահ Գյուլի և Վարդան Օսկանյանի հանդիպումները, որոնք հույս էին ներշնչում, թե բեկում կլինի: Բեկումը չեղավ, քանի որ Թուրքիան կրկին բանակցությունների օրակարգ բերեց նախապայմանները:
Երրորդ փորձը տեղի ունեցավ 2008-2009 թթ, երբ նախագահներ Աբդուլլահ Գյուլն ու Սերժ Սարգսյանը այցելեցին համապատասխան Երևան և Բուրսա՝ միասին դիտելու Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումները, երբ 2009-ի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրվեցին վիճահարույց և խիստ քննադատությունների արժանացած, բայց նաև միջազգային հանրության ու Հայաստանի իշխանական ուժերի կողմից ողջունված երկու արձանագրությունները: Թուրքիան, այդ երկրի խորհրդարանը, հրաժարվեց վավերացնել արձանագրությունները, կրկին հղում կատարելով Արցախյան հակամարտությանը:
Արդյոք Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի՞ Հայաստանի հետ և վերջ կտա շրջափակմանը, եթե Արցախյան կարգավորման խնդրում տեղի ունենա ստատուս քվոյի փոփոխություն, որը շատ թե քիչ ընդունելի կլինի Ադրբեջանի համար: Այսինքն՝ արդյոք Թուրքիան այլևս չի՞ պնդի մյուս երկու նախապայմանների կատարումը՝ Կարսի պայմանագրի վերահաստատում և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արշավի դադարեցում: Այս հարցի պատասխանը մենք չունենք: Փաստ է, որ թեև անուղղակի, բայց Ցյուրիխյան արձանագրություններով Թուրքիան բավարարում է ստացել իր առաջադրած երկու նախապայմաններին:
Այսօր, Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի նախօրեին, հայ-թուրքական հարաբերությունները հնարավոր ցածր կետի վրա են 1991-ից ի վեր: Եթե մինչև ֆուտբոլային դիվանագիտության շրջանը տարբեր միջազգային ֆորումների շրջանակներում պարբերաբար տեղի էին ունենում հանդիպումներ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների, վարչապետների ու նախագահների միջև, շփում կար երկու երկրների արտգործնախարարությունների համապատասխան վարչությունների միջև, ապա այսօր և վերջին տարիներին այդ հանդիպումներն ու կապերը այլևս չկան:
Նախագահներ Սարգսյանի և Էրդողանի միջև միակ կապը կարելի է համարել այն ցավակցական հեռագրերը, որ Հայաստանի առաջնորդը իր թուրք գործընկերոջն ուղղել է վերջին տարիներին Թուրքիան ցնցած մի քանի ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:
Ավելնորդ չէ հիշել, որ չորս տարի շարունակ` 2010-ին, 2011-ին, 2012-ին և 2013-ին, Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ էր հղում իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլին և շնորհավորում Թուրքիայի Հանրապետության հիմնադրության օրը` հոկտեմբերի 29-ը: Փոխադարձաբար, Գյուլն էլ շնորհավորում էր Հայաստանի Անկախության օրը՝ Սեպտեմբերի 21-ը՝ հեռագիր հղելով Սարգսյանին:
Երբ 2014-ին Էրդողանը դարձավ նախագահ, Հայաստանի և Թուրքիայի առաջնորդները դադարեցրին միմյանց ազգային տոները շնորհավորելու ձևավորվող ավանդույթը:
Հայ-թուրքական հարաբերությունները 1918-1925 թվականներին
Օսմանյան կայսրությունը ոչ միայն առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը և նրա հետ ստորագրեց Հաշտության և բարեկամության պայմանագիր, այլ հենց թուրքերի պարտադրանքով էր և ստեղծված քաղաքական իրավիճակի արդյունք Հայաստանի անկախության հռչակումը:
Անդրկովկասյան Սեյմը Թիֆլիսում 1918թ. մայիսի 26-ին գումարեց իր վերջին նիստը, որի ընթացքում ընդունվեց Անդրկովկասյան Ժողովրդական Դաշնակցային Հանրապետությունը լուծարելու վրացի մենշևիկների առաջարկությունը: Նույն օրը երեկոյան վրաց Ազգային խորհուրդը հռչակեց Վրաստանի անկախությունը: Մայիսի 27-ին Թիֆլիսում Մահմեդական ազգային խորհուրդը որոշեց հռչակել Ադրբեջանի անկախությունը:
Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը մայիսի 26-ին դատապարտեց վրացիների՝ անկախություն հռչակելու քայլը: Մայիսի 26-ի նիստում Հայաստանի անկախությանը վճռականորեն կողմ են արտահայտվում հայ սոցիալ-դեմոկրատները, վճռականորեն դեմ են արտահայտվում ՀՅԴ-ից՝ Ավետիս Ահարոնյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը և Արտաշես Բաբալյանը, ինչպես նաև էսեռները՝ սոցիալիստ-հեղափոխականները, անկուսակցականները: ՀՅԴ մեկ այլ հատված՝ Սիմոն Վրացյանի ու Խաչատուր Կարճիկյանի գլխավորությամբ, կողմ էին անկախությանը, քանի որ այլ ելք չէին տեսնում: Անկախության ամենաջերմեռանդ պաշտպաններից էին Բաթումում անդրկովկասյան պատվիրակության կազմում թուրքերի հետ բանակցող ՀՅԴ-ական Հովհաննես Քաջազնունին ու Ալեքսանդր Խատիսյանը:
Հաջորդ օրը՝ մայիսի 27-ի երեկոյան, Բաթումից վերադարձած Քաջազնունին, Խատիսյանը և Միքայել Պապաջանյանը (ժողովրդական) մանրամասն զեկուցում տվեցին բանակցությունների ընթացքի և Վրաստանի քայլերից հետո ստեղծված կացության մասին:
Մեկ օր անց՝ մայիսի 28-ին, Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը կրկին Բաթում ուղարկեց Քաջազնունուն, Խատիսյանին ու Պապաջանյանին՝ այս անգամ որպես հայկական պատվիրակություն, տալով նրան բացարձակ լիազորություն բանակցելու և հաշտություն կնքելու Օսմանյան կայսրության հետ:
Մայիսի 29-ին գումարվեց Հ. Յ. Դ. Արևելյան և Արևմտյան Բյուրոների, Հ. Յ. Դ. Թիֆլիսի Կենտրոնական կոմիտեի և Սեյմի ու Ազգային խորհրդի դաշնակցական հատվածների միացյալ նիստը, իսկ մայիսի 30-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը ընդունեց հայտարարություն՝ առանց անկախություն և հանրապետություն բառերի:
ՀՅԴ Բաքվի կոմիտեն, որ համագործակցում էր բոլշևիկ Ստեփան Շահումյանի հետ, դեմ արտահայտվեց Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի որոշմանը և այն որակեց հայ ժողովրդի կամքի ոտնահարում։
Մայիսի 30-ի հայտարարությանը անվերապահորեն դեմ արտահայտվեցին նաև ՍԴՀԿ-ն և հայ բոլշևիկները։ Վերջիններիս դիրքորոշումը պարզ էր՝ հայ ժողովուրդը չի կարող ապրել առանց Ռուսաստանի և ռուս բոլշևիկների։ Հնչակյան կուսակցության անդրկովկասյան կենտրոնական վարչությունը բողոքեց հայտարարության առիթով, այն որակելով անօրինական:
Անկախության հռչակմանը դեմ սոցիալիստ հեղափոխականները, չեզոքները և ՀՅԴ մի հատվածը մտահոգված էին, որ Հայաստանի մեծ մասը թուրքերը գրավել են, և Ռուսաստանից անջատվելը լուրջ անհանգստություն էր պատճառում: Բացի այդ, անկախություն հռչակելու և Ռուսաստանից անջատվելու պահանջը հենց թուրքերն էին դնում:
Սիմոն Վրացյանի վկայությամբ` Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հարկադրված եղավ Հայաստանը հայտարարել անկախ, «որովհետև այն պահին անկախությունը բոլորի կողմից համարվում էր ահավոր մի հեռանկար, հայ ժողովուրդը թուրքերի լծի տակ գցելու վտանգ»:
«1918թ. մայիսին թուրքերն ի վիճակի էին գրավելու և՛ Երևանը, և՛ ամբողջ Հայաստանը, բայց չգրավեցին: Հակառակը, հունիսի 4-ին Բաթումում, Հայաստանի նորակազմ կառավարության ներկայացուցիչների հետ նրանք ստորագրեցին հաշտության դաշնագիր և դրանով փաստորեն ճանաչեցին Հայաստանի անկախությունը»,- գրում է Վրացյանը:
Այսպիսով, 1918-ի մայիսի 28-ը համարվում է Հայաստանի անկախության հռչակման կամ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օր ոչ թե այն պատճառով, որ հենց այդ օրն է ընդունվել հռչակագիր-հայտարարությունը, ոչ թե այն պատճառով, որ հայերը Սարդարապատում և Բաշ-Ապարանում կանգնեցրին թուրքական ներխուժումը դեպի Երևան, այլ որովհետև Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը հենց մայիսի 28-ին որոշեց Բաթում ուղարկել նոր պատվիրակություն և արդեն Հայաստանի անունից բանակցել Օսմանյան կայսրության հետ։
1918-ի սեպտեմբերին Պոլսում գտնվող հայկական պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը Սուլթանի հետ հանդիպմանը, որը թարգմանում էր Էնվեր փաշան, ասաց. «Հայ ժողովուրդը իր կողմից և Հայկական Հանրապետությունը երբեք չեն մոռանա, որ իր անկախությամբ նա պարտական է Օսմանյան կայսրության բարեհաճ ցանկությանը»։
Չնայած Բաթումի պայմանագրով Հայաստանը ստացել էր 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք, հանրապետության առաջնորդները հավատարիմ էին մնում պայմանագրի կետերին:
Կարճ ժամանակ անց Օսմանյան կայսրությունը ունեցավ իր դեսպանությունը Երևանում, այսօրվա Սախարովի անվան հրապարակի շենքերից մեկում, և հյուպատոսությունը Գյումրիում: Չնայած Հայաստանի 1920-ի խորհրդայնացմանը, թուրքերը Երևանում իրենց դեսպանությունը պահեցին մինչև 1923-ի հոկտեմբեր, իսկ Գյումրիի հյուպատոսությունը մինչև 1925թ:
Իր հերթին Հայաստանն ուներ դիվանագիտական ներկայացուցչություն Պոլսում: Մինչև 1918-ի աշուն, երբ Օսմանյան կայսրությունը պարտվեց Առաջին Աշխարհամարտում, Երևանն ու Պոլիսը միմյանց հետ պահպանում էին բնականոն հարաբերություններ, կարելի է անգամ ասել, որ նորանկախ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը Քառյակ միության՝ Օսմանյան կայսրության, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Բուլղարիայի կրտսեր դաշնակիցներն էին:
Հաճախ Հայաստանը օգնության խնդրանքով դիմում էր թուրքերին: Այսպես, 1918-ի օգոստոսին, երբ Թիֆլիսից Երևան ժամանեց Խալիլ փաշան՝ հայ ժողովրդի ջարդարարներից մեկը, նրան ներքգործնախարար Արամ Մանուկյանի տանը հյուրընկալեց վարչապետ Հովհաննես Քաջազնունին: Ինքը՝ Արամը, որ Խալիլին ճանաչում էր Վանից, կարողացավ նրա միջոցով Հայաստանի սովահար ժողովրդի համար կայսրությունից բերել տալ ցորեն: Խալիլին Մայր Աթոռում ընդունեց Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Նույն տարվա սեպտեմբերին Պոլսում գտնվող հայկական պատվիրակությունը փորձեց Էնվերի ու Թալեաթի միջոցով միջնորդել, որպեսզի վերջիններիս հորդորների ու ճնշումների տակ Ադրբեջանը Հայաստանի համար ուղարկի նավթ և ցորեն:
Հայ-թուրքական հարաբերությունները շարունակվեցին նաև իշխանության եկող քեմալականների հետ: Սակայն արդեն 1920-ի աշնանը բռնկվեց թուրք-հայկական պատերազմը, որը ճակատագրական եղավ Հայաստանի համար: Թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիր փաշայի գլխավորությամբ շաբաթների ընթացքում գրավեցին Կարսի մարզը, որ Հայաստանին էր միացել 1919-ի գարնանը, ապա և Ալեքսանդրապոլը, այսօրվա ՝ Գյումրին:
1920-ի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, երբ արդեն Հայաստանը խորհրդայնացվել էր, մի կողմից Ալեքսանդր Խատիսյանը, մյուս կողմից Քյազիմ Կարաբեքիր ստորագրեցին Ալեքսանդրապոլի դաշնագիրը:
1921-ի հոկտեմբերին ստորագրվեց, իսկ մեկ տարի անց վավերացվեց Կարսի պայմանագիրը, որով գծվեցին Հայաստանի և Թուրքիայի այսօրվա սահմանները:
Այս հոդվածն առնչվում է 2017թ փետրվարի 17-ին Երեւանում կայացած «Ի՞նչ ապագա ունի հայ-թուրքական երկխոսությունը: Հիշատակի հարցերի և միջազգային հարաբերությունների խաչմերուկում» բանավեճին: Համաժողովը կազմակերպել էր Երկիր Եւրոպա ՀԿ-ն՝ համագործակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիական ինստիտուտի Ալամբեր հիմնադրամի։