Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Թուրքիայում քրդական հարցը անցումային արդարադատության տեսանկյունից

 
 
 
Այլ տեսակետ

Թուրքիայում քրդական հարցը անցումային արդարադատության տեսանկյունից

Թեոտիմ Շաբր

 

 
Թեոտիմ Շաբր

Թուրքիայի ժամանակակից պատմության ֆրանսիացի հետազոտող

Թուրքիայում քրդական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանը մարտի 21-ին կոչ արեց PKK-ին վերջնականապես հրաժարվել զինյալ պայքարից: Այս կոչը հաստատում է Թուրքիայի կառավարության եւ քրդական շարժման ներկայացուցիչների միջեւ խաղաղության գործընթացի առաջընթացը: Մինչ քաղաքացիական պատերազմի տարիներն աստիճանաբար հեռանում են, հակամարտության թողած ժառանգությունն է՛լ ավելի ակներեւ է դառնում: Արդյունքում՝ ավելի քան 45 հազար զոհ և մի երկիր, որի աշխարհագրական, էթնիկական ու սոցիալական մասնատումներն է՛լ ավելի են խորացել: 2000-ականներից սկսած՝ տարբեր հորիզոններից եկած մի խումբ դերակատարներ, որոնք 1980-90 թվականներին ձեռք ձեռքի տված պայքար էին մղում մարդու իրավունքների համար, ի գիտություն ընդունելով հակամարտության ինտենսիվության նվազումը՝ սկսում են մշակել դեպի խաղաղ հասարակություն տանող ուղենիշերը: «Մեմորիալիզացիայի», հաշտեցման ծրագրերի միջոցով և միջազգային փորձի օգտագործմամբ՝ նրանք Թուրքիայում անցումային արդարադատության կիրառման ռահվիրաները եղան:

 

ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐՎԱ ԳՈՅԱՄԱՐՏ

1980թ սեպտեմբերը և Թուրքիայում իրավապաշտպան կազմակերպությունների ծնունդը

Թուրքիայում առաջին իրավապաշտպան կազմակերպություններն ի հայտ եկան ի հակազդեցություն «Darbe»-ի՝ 1980թ սեպտեմբերի 12-ի հեղաշրջման: Հիմնարար ազատությունների ոտնահարման և երկրի մտավորականներից շատերի ազատազրկման պայմաններում՝ 1986-ին ստեղծվեց Մարդու իրավունքների ասոցիացիան (İnsan Hakları Derneği, IHD): Շատ արագ նրանց հետեւեցին նոր կազմակերպություններ, իսկ 1990-ականների սկզբին ամբողջ երկրում գործունեություն ծավալողների թիվը հասավ մեկ տասնյակի: Այսպիսով, Թուրքիայում առաջացավ անկախ դերակատարներից բաղկացած մարդու իրավունքների մի շարժում, որոնք կարող են աշխատել միասին և կիսում են ընդհանուր իդեալներ: IHD-ի կողքին, MAZLUMDER-ն ու Af Örgütü-ն1 պայքար սկսեցին ծավալել անհատների իրավունքների բոլոր տեսակի խախտումների դեմ: Մյուսները մասնագիտացան մի կոնկրետ թեմայով, ինչպես օրինակ՝ Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամը (TIHV), որն աշխատում է միայն խոշտանգումների վրա:

PKK-ի պարտիզանական պայքարը և քրդական շարժման հզորացումը

1990-ականներին, պետության և PKK-ի («Partiya Karkerên Kurdistan», Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) շուրջ միավորված քրդական շարժման միջեւ մարտերի սաստկացումը մարդու իրավունքների շարժման համար մի նոր ժամանակաշրջան բացեց2: Արտակարգ դրության շրջանների3 քաղաքացիական բնակչության դեմ բանակի չարաշահումների պատճառով շուտով բողոքի մեծ ալիք բարձրացավ: Ոգեշնչվելով Մայիսյան հրապարակի արգենտինացի մայրերից՝ 1995թ մայիսի 27-ի շաբաթ օրը IHD-ի մի շարք անդամներ և անհայտ կորած քաղաքացիների ընտանիքները առաջին անգամ հավաք անցկացրեցին Ստամբուլում Գալաթասարայի ավագ դպրոցի դիմաց՝ բողոքելու ընդդեմ «նախնական կալանքի տակ անհետացածների»  (« gözaltında kayıpları ») ճակատագրի դեմ: Հիմնականում քուրդ այդ քաղաքացիները, պետության ներկայացուցիչների կամ բանակին մոտ կանգնած մարդկանց կողմից առեւանգվելուց հետո, պարբերաբար բնության մեջ անէանում էին: Շաբաթօրյա մայրերի հանրահավաքները շարունակվում էին շաբաթ առ շաբաթ՝ մինչեւ 1999թ կասեցումը: Հավաքները վերսկսվեցին 2009 թվականին և շարունակվում են առ այսօր: Իշխանությունների կողմից հաճախ արգելված այդ հավաքները շարունակում են մնալ քաղաքացիական պատերազմի ամենամռայլ տարիների ակտիվիստական պայքարի խորհրդանիշը:

Հետագայում քրդերն ստեղծեցին իրենց սեփական կազմակերպությունները, ուղղված հակամարտության առանձնահատուկ խնդիրներին: 1997թ հիմնադրված Göç-Der-ն4 իր աջակցությունը բերեց գյուղերի ոչնչացումից և ներքին աքսորից տուժած հարյուր հազարավոր մարդկանց, որոնք ստիպված եղան հաստատվել խոշոր քաղաքների արվարձաններում: Մեկ այլ օրինակ՝ 2001թ ստեղծված Yakay-Der-ը5, որի նպատակն է պաշտպանել անհայտ կորածների հիշատակը և ուժեղացնել անհետացումների պատասխանատուների դեմ դատական պայքարը6: Քրդական շարժմանը մոտ կանգնած քաղաքական գործիչներից աջակցություն գտնող ակտիվիստները շարունակում են պահպանել իրենց կապերը այն կազմակերպությունների հետ, որոնց ծոցից են դուրս եկել և ձեռք են բերել իրենց առաջին փորձը: Հենց այդ կազմակերպությունների շնորհիվ էլ նրանք կարողանում են մուտք գործել հաճախ դժվար հասանելի տեղեր:

Դա հեշտ ժամանակաշրջան չէր նրանց համար, ովքեր ներգրավված են եղել իրավապաշտպան գործունեության մեջ, քանի որ այդ հանձնառությունը հաճախ հոմանիշ էր բանակի կողմից բռնաճնշումների: Հակամարտության լարվածությունն սկսում է թուլանալ միայն 1990-ականների վերջերին, որից հետո հակամարտող երկու կողմերի միջեւ մթնոլորտն սկսում է խաղաղվել:

Կառավարության ու  PKK-ի միջեւ բանակցությունների մեկնարկը

1999թ Աբդուլլահ Օջալանի ձերբակալությունից հետո հակամարտության լարվածությունն աստիճանաբար նվազում է: 2002թ Օջալանը փրկվում է գնդակահարությունից մահապատժի վերացման հետեւանքով՝ համապատասխան եւրոպական նորմերին ներդաշնակեցման գործընթացի: Նույն տարվա նոյեմբերին հանվում է արտակարգ դրությունը: Աստիճանաբար, AKP-ի (Արդարություն և զարգացում կուսակցություն, ԱԶԿ) կառավարությունը իր տիրապետության տակ է վերցնում բանակի ձեռքում գտնվող քաղաքացիական ինստիտուտները՝ այն բանակի որը հանդիսանում էր Հանրապետության ողնաշարը և քրդական դատի ամենաոխերիմ հակառակորդը: Քրդական շարժումն իր հերթին աստիճանաբար հրաժարվում է անկախության իր պահանջներից՝ Իմրալը կղզում բանտարկված, սակայն դեռ շատ ազդեցիկ Օջալանի, ինչպես նաեւ DTP-ի,  BDP-ի և ավելի ուշ HDP-ի անդամների ղեկավարության ներքո: Այս կուսակցությունները PKK-ի իրավական ցուցափեղկն են համարվում: Մշակութային ինքնավարությանն առնչվող նոր պահանջները քաղաքական իշխանությունների համար առավել ընդունելի է դարձնում քրդական նախագիծը:

2005թ սկսված այս մերձեցումը վերահաստատվում է 2012թ դեկտեմբերի 28-ին, երբ կառավարությունը ընդունում է, որ բանակցությունները վերսկսվել են Օջալանի և MİT-ի՝ Թուրքիայի հետախուզական ծառայության ներկայացուցիչների միջեւ: Չնայած պարբերաբար վերսկսվող մարտերին, 2013թ  մարտի 21-ին PKK-ն նոր հրադադար է հայտարարում: Այդ օրվանից ի վեր հրադադարը չի խախտվել, իսկ փետրվարի 28-ի այն հայտարարությունը, ըստ որի կառավարության եւ PKK-ի միջեւ ուղիղ բանակցությունները կարծես գնալով խորացնում են գործընթացը, որը սակայն շատ զգայուն է երկրի ազգային ու միջազգային քաղաքական օրակարգում հայտնվող խութերին:7

Քրդական հարցի նկատմամբ դյուրազգացությունը նվազեց, և այդ մեղմացումը բավականին հեշտացրեց իրավապաշտպան ակտիվիստների աշխատանքը: Հետեւաբար նրանց նպատակները եւս փոփոխուփյուններ կրեցին: 1990-ականներին՝ բազմաբնույթ կազմակերպություններից, քրդական տեղական կազմակերպություններից ու դրանց հարող քաղաքական գործիչներից կազմված ոչ պաշտոնական այս շարժումը նպատակ ուներ պայքարել իրավախախտումների դեմ՝ մշտական արտակարգ դրության պայմաններում: 2000-ականներից սկսած շարժումն զբաղվում է նախկինում տեղի ունեցած, իսկ այժմ երկիրը պառակտող զանգվածային բռնությունների ուսումնասիրությամբ: Ի հայտ են գալիս անցումային արդարադատության հետ կապված բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք նպատակ ունեն դնել խաղաղ հասարակության ձեւավորման հիմքերը:

ՊԱՏԺԵԼ, ՆԵՐԵԼ ՈՒ ՀԻՇԵԼ.  Անցումային արդարադատության տեղական նախաձեռնությունները

Անցումային արդարադատության մեխանիզմները

Հարավաֆրիկացի սոցիոլոգ Siphiwe Dube-ն անցումային արդարադատությունը բնորոշում է որպես «նորմերի ու պրակտիկաների մի ամբողջություն, որոնք թույլ կտան անցում կատարել  ռեպրեսիվ ռեժիմից ժողովրդավարական վարչակարգի»: Անցումային փուլում գտնվող հասարակության մեջ զանգվածային խախտումների վերաբերյալ դատավարությունների ձգձգումը լուրջ խոչընդոտ կարող է լինել ժողովրդավարացման գործընթացին: Մասնավորապես, անցումային արդարադատությունը չհամաձայնեցված մեխանիզմների մի ամբողջություն է, որը թույլ է տալիս շրջանցել տեղի դատական համակարգին բնորոշ սահմանափակումները - որոնք կարող են քաղաքական, սոցիալական կամ ֆինանսական բնույթ ունենալ -, ինչպես նաեւ հնարավորություն է տալիս հասարակությանը ինքնամաքրման գործընթաց սկսել: 2000-ականների սկզբին՝ Թուրքիայում անցումային արդարադատություն հասկացությանը դեռ ծանոթ չէին, բայց մի շարք նախաձեռնություններ անցումային արդարադատության հետ կապ ունեին, նույնիսկ եթե դրանք որպես այդպիսին չեն բնութագրվում տեղական դերակատարների կողմից:

Անպատժելիության դեմ պայքարը

Առաջին փուլում տուժածներին աջակցություն է ցուցաբերվում, որպեսզի նրանք կարողանան դիմել դատարան և հատուցում ստանան: Չարաշահումների մեղավորներին դատարանի առաջ կանգնեցնելու իրավապաշտպանների կայուն ջանքերը սկսեցին արդյունք տալ: 2009թ բանակի սպա Ջեմալ Թեմիզոզին, ինչպես նաեւ վեց այլ կասկածյալների, մեղադրանք է առաջադրվում արտակարգ դրության ժամանակ Թուրքիայի հարավարեւելյան մարզերում հանցագործությունների մեջ ներգրավվածության համար8: Թեմիզոզի դատավարությունը շատերի կողմից համարվում է որպես 1990-ականներին բանակի կողմից գործված ոճիրների վրա տարածվող դատական  օմերտայի (լռության կոդեքս) ավարտի սկիզբը, նույնիսկ եթե խնդրո առարկա բռնությունները միայն մի փոքրիկ մասն են կազմում այն հանցագործությունների, որոնք սպասում են դատի, իսկ ճանապարհը դեռ երկար է: Կարծես այս փաստն արձանագրելու համար՝ Շաբաթօրյա մայրերը նույն տարին վերսկսեցին իրենց հանրահավաքները. անցյալ հոկտեմբերի 25-ին նրանք 500-րդ անգամ «նախնական կալանքի տակ անհետացածների» համար ճշմարտության և արդարության կոչ արեցին:

Անպատժելիության դեմ պայքարը նաեւ «հիշողության վայրերի» ձեւ է ստանում: Թուրքիայի հարավարեւելքում քաղաքային իշխանությունները, որոնք կապված են քրդական շարժման հետ, ամենեւին չսպասեցին կենտրոնական իշխանություններին, որպեսզի հրապարակայնորեն ճանաչեն զոհերին: Նրանք դա արեցին «մեմորիալիզացիայի» միջոցառումներով, ինչպիսիք են Լիջեում և Վանում վերանվանված զբոսայգիները՝ նվիրված հակամարտության ընթացքում սպանված երեխաների հիշատակին9: Նույն կերպ, Դիարբեքիրի տխրահռչակ բանտը «Ամոթի թանգարանի» վերածելու լրատվական արշավն արտահայտում է  պատերազմի վայրագությունները վկայող ժառանգությունը պահպանելու կամքը:

Հաշտեցում. շրջանցել հիշողությունները համընդհանուր պատմության միջոցով

Այլ նախաձեռնություններ շեշտում են համընդհանուր հիշողություն կառուցելու անհրաժեշտությունը՝ ստեղծելով կամուրջներ արեւմուտքի թուրքերի և հարավարեւելյան Անատոլիայի քրդերի միջեւ: Սոցիոլոգ Լեյլա Նեյզիի գլխավորած «Երիտասարդները պատմում են» («Gençler Anlatıyor") նախագծի շնորհիվ արեւմտհան Մուղլայի համալսարանի ու հարավարեւելյան Դիարբեքիրի համալսարանի մոտ հարյուր երիտասարդ ուսանողներ հանդիպում են աշխատելու երկրի նորագույն պատմության իրենց անձնական տեսլականների վրա, իսկ ապա այդ մասին խոսելու Սաբանջը համալսարանում՝ 2011թ  տեղի ունեցած սեմինարի ընթացքում: Նմանապես, «Անադոլու Քյուլթյուր» կազմակերպության ստամբուլյան ցուցասրահը (REPAIR պլատֆորմի գործընկերը), որի նպատակն է նպաստել միջմշակութային երկխոսությանը երկրի և տարածաշրջանի մակարդակներում, անցյալ տարվա մայիսի 16-ից հունիսի 8-ը տեղ հատկացրեց «Տառապանքի երկու երեսը» (Two Faces of Suffering / Acının İki Yüzü / Du Rûyên Êşê) ցուցահանդեսին: Այդ ցուցահանդեսին, լուսանկարիչ Քամուրան Էրքաչմազը կողք կողքի էր դրել երկու կողմերի զոհերի հարազատների դիմանկարները՝  փորձելով ցույց տալ անասելի տառապանքների համընդհանրությունը, որոնք քայքայում են երկիրը10:

Այս նախաձեռնությունները հաշտեցման գործընթացի համար անհրաժեշտ քայլեր են՝ արդարության իրավունք, «մեմորիալիզացիա», համընդհանուր հիշողության կառուցում: Սակայն դրանք այնքան համակարգված և ստանդարտացված չեն, որպեսզի իրապես կարողանան ամբողջ երկրով մեկ արմատավորել հաշտեցման քաղաքականությունը: Հենց այս փաստն է, որ 2000-ականների վերջերից սկսած՝ նորահայտ կազմակերպություններին մղեց գտնել իրավապաշտպան գործունեության նորացված մեթոդներ, ներշնչվելով միջազգային հաշտեցման գործընթացներից: Նրանք իրենց համարում են անցումային արդարադատության ներկայացուցիչներ:

ՀԵՆՎԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՎՐԱ

Անցումային արդարադատության միջազգային դաշտը

Վերոնշյալ փորձառությունների և ազգային հաշտեցումների միջազգային գործընթացների գլխավոր տարբերությունը գործնական ոլորտում է գտնվում: Ըստ էության, այս փորձառությունները 1980-ականներից ի վեր մշտական միջազգային փոխանակումների, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայում ստեղծված առաջին անկախ հանձնաժողովների արդյունքն են: Դրա հետ առնչվող նորմերն ու գործիքներն այսօր հիմնված են ազգային հաշտեցման ավելի քան հիսուն գործընթացների11 համատեղ փորձի վրա և վայելում են ՄԱԿ-ի աջակցությունը: Բացի այդ, այս գործընթացները հիմնված են ստանդարտացված մոտեցման վրա, ինչը թույլ է տալիս դրանց համեմատել միմյանց միջեւ: Անարդարությունները վերացնելուն միտված այդ սկզբունքները որդեգրելով, անցումային արդարադատության ջատագովները նպատակ ունեն օգտվել նրա փորձից և ձեռք բերած միջազգային լեգիտիմությունից:

Թուրքական նոր կազմակերպությունների հանձնառությունը

Այդ կազմակերպությունները՝ Արդարության, ճշմարտության և հիշողության կենտրոնը (“Adalet Hakikat Hafıza Merkezi”, HAHM), վերլուծական կենտրոն TESEV-ը և 78’liler Vakfı-ն, նշելու համար միայն մի քանիսը, մասնակցում են Թուրքիայում անցումային արդարադատության կայացմանը՝ թուրքերեն թարգմանելով միջազգային փաստաթղթեր, կազմակերպելով միջազգային գիտաժողովներ և հարմարեցնելով ստանդարտացված մոտեցումը թուրքական պրոբլեմատիկային: Օրինակ, HAHM-ը «նախնական կալանքի տակ անհետացածներին» վերաբերող տվյալների բազա է ստեղծում ըստ միջազգային չափանիշների: Համեմատություններ անցկացնելու գործում ցուցաբերած այդ խստապահանջքությունն ու կամքը պակասում են նախկինում IHD-ի ու Yakay-Der-ի կողմից իրականացված նմանատիպ նախագծերին: Կազմակերպությունը մտադիր է ստեղծել Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողով12: Միջազգային համագործակցությունը տեսանելի է ողջ այդ նախագծում. նորմերը գալիս են Անցումային արդարադատության միջազգային կենտրոնից (ICTJ), համակարգչային ծրագրերը՝ Huridocs շվեյցարական կազմակերպությունից՝ բիրմայական մոդելի նմանությամբ, խորհրդատվությունը՝ արգենտինյան CELS-ից ու Memoria Abierta-յից, ինչպես նաեւ կենտրոնը Սերբիայում գտնվող Humanitarian Law Center-ից:

Ավելին՝ անգլերեն բովանդակության ստեղծումը, ինչպես նաեւ միջազգայինի հանդեպ դրական տրամադրվածությունն այս նոր դերակատարներին օգնում են հանրային հնչեղություն ստանալ, ինչը պակասում է ավելի հին կազմակերպություններին, որոնք հիմնականում միալեզու կամ երբեմն երկլեզու են՝ թուրքերեն ու քրդերեն: Այս հնչեղությունն ու միջազգային լեգիտիմությունը նրանց թույլ են տալիս ավելի հեշտ ստանալ արտասահմանյան դրամաշնորհներ, քանի որ անցումային արդարադատության միջազգային ցանցում աշխատող կազմակերպությունների համար հովանավորներն ու դրամաշնորհներն ավելի հասանելի են:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների հետ կապված նախաձեռնությունները աշխուժություն են մտցնում ընթացիկ խաղաղության գործընթացի մեջ: Սակայն ինչքան էլ կարեւոր լինեն, դրանք հայտնվում են լուսանցքում և զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունից դուրս են մնում: Անցումային արդարադատության միջազգային նորմերին համապատասխան նորահայտ կազմակերպությունների աշխատանքը կարող է օգնել բարելավել մարդու իրավունքների շարժման արդյունավետությունն ու ներդաշնակեցումը, բայց նրա արձագանքը Թուրքիայում դեռեւս լուսանցքային է: Բոլոր այդ նախաձեռնությունները միասնաբար ազդեցության  մեծ ներուժ ունեն, բայց կարիք ունեն նաեւ համազգային քաղաքական աջակցության, որն այսօրվա դրությամբ սահմանափակվում է պետության ու PKK-ի միջեւ ռազմական բնույթի բանակցություններով:

Զինյալ պայքարից հրաժարվելու դիմաց կառավարությունը միջոցներ է առաջարկում` երաշխավորելով քրդերի անհատի իրավունքներն ու մշակութային ինքնավարությունը: Այդ միջոցառումները, որոնք մասնավորապես ներառում են երկրի սահմանադրության մեջ քաղաքացիության սահմանման վերաբերյալ բոլոր տեսակի էթնիկական բնույթի հղումների վերացումը, իրենցից ներկայացնում են քուրդ ժողովրդի պատմական պահանջները: Սակայն դրանք ոչինչ չեն ասում վերջին երեսուն տարիներում հակամարտության բացած վերքերը բուժելու ուղիների մասին: Դրանք չեն խանգարում Ազգայնական շարժում կուսակցությանը (Milliyetçi Hareket Partisi, MHP, որը հանուն Հանրապետության միասնության  և ահաբեկչության դեմ պայքարի՝ դատապարտում է այդ բանակցությունները) բոլոր տեսակի ընտրություններում երրորդ տեղը գրավելուն: Ինչ վերաբերում է քրդերին, թեեւ Օջալանը շարունակում է մնալ շարժման անվիճելի առաջնորդը, բայց նա ամբողջությամբ չի վերահսկում իրավիճակը: Քուրդ բնակչության զգալի աջակցությունը վայելող բազմաթիվ անկախ խմբեր, որոնք Քոբանեի ի նպաստ ցույցերի ժամանակ ե՛ւս մեկ անգամ ցույց տվեցին, որ ունակ են բռնի ուժի դիմել առանց խորհրդակցելու կենտրոնական հրամանատարության հետ, եթե համարում են, որ իրենց շահերը չեն հարգվում:

Այսօր առաջնահերթությունը տրվում է պայքարի դադարեցմանը, ինչը շատ բնական է: Սակայն, որպեսզի խաղաղությունը երկար պահպանվի, պետք է, որ պետության ու PKK-ի միջեւ ընթացող երկխոսությունը բացվի քաղաքացիական հասարակությանը, և որ խոսքը տրվի երկրի բոլոր քաղաքացիներին: Անհրաժեշտ է ստեղծել անկախ հանձնաժողով, որը լույս կսփռի պատերազմող բոլոր կողմերի գործած չարաշահումների վրա: Միեւնույն ժամանակ նա պետք է ճանաչվի պետության ու քրդական զինված ուժերի կողմից և ստանա նրանց աջակցությունը: 

Այս հանձնաժողովը կարող է ոգեշնչվել միջազգային մոդելներից, ինչպիսիք են «Ճշմարտության եւ հաշտեցման հանձնաժողովները», որոնք անցումային արդարադատության գործընթացում համաշխարհային լիիրավ ինստիտուտի են վերածվել: Այս դաշտը լայնորեն զարգացվեց կարգավորման գործընթացի շրջանակում ստեղծված խորհրդարանական հանձնաժողովի զեկույցում, որը հրապարակվեց 2013թ նոյեմբերին: Քրդական կողմն արդեն բազմիցս բարձրաձայնել է պատերազմող բոլոր կողմերի կողմից կատարված ոճրագործությունները քննության առնող  հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին: Սակայն միայն բանակցությունների հաջող ավարտը թույլ կտա երկու կողմերի քաղաքական ուժերին որոշակի լեգիտիմություն ձեռք բերել անկախ հանձնաժողովի ստեղծման համար, որը կնախաձեռնի հաշտեցման և Թուրքիայի հանրապետության հասարակության վերակառուցման աշխատանքը:



[1] İnsan Hakları ve Mazlumlar İçin Dayanışma Derneği-ն (MAZLUMDER, Մարդու իրավունքների և ճնշվածների հետ զորակցության ասոցիացիա) հիմնադրվել է 1991թ և İHD-ից ավելի պահպանողական ու կրոնական է: Af Örgütü-ն ամբողջովին թուրք ակտիվիստների կողմից հիմնված Amnesty International-ի տեղական մասնաճյուղն է:

[2] 1984թ  Աբդուլլահ Օջալանի հրամանատարության տակ ձեւավորված մարքսիստական պարտիզանական շարժումը պայքարում է երկրի հարավարեւելյան մարզերի անկախության համար:  Այդ շրջանների պետական խորհրդանիշները PKK-ի հարձակումների թիրախ են դառնում:  Արդյունքում մի քանի միլիոն մարդ տեղահան է լինում բանակի ուժգին հակազդեցության պատճառով, որը տարածաշրջանը ռազմանականացնում է տեղական բնակչության մեջ հակապարտիզանական շարժում ստեղծելով:

[3]Արտակարգ դրության շրջանային նահանգապետարանը, որը հայտնի է OHAL (Olağanüstü Hal Bölge Valiliği) հապավումով, բանակի վերահսկողության տակ գտնվող վարչական միավոր է, որտեղ PKK–ն գործունեություն էր ծավալում: 1987թ հայտարարված արտակարգ իրավիճակը վերացվեց 2002թ նոյեմբերի 20-ին:

[4] Միգրանտների համար սոցիալական և մշակութային աջակցության ասոցիացիա

[5] Անհայտ կորածների հարազատների հետ համերաշխության և աջակցության ասոցիացիա

[6] İstanbul Göç Edenler Sosyal Yardımlaşma ve Kültür Derneği (Göç-Der), et Yakınlarını Kaybeden Ailelerle  Yardımlaşma ve Dayanışma Derneği (YAKAY-DER).

[7] 2009-ից ի վեր խաղաղության գործընթացի ավելի մանրամասն բացատրության համար տ՛ես Ovipot-ի կայքում 2015թ մարտի 2-ին հրապարակված Jean Marcou-ի հոդվածը.  http://ovipot.hypotheses.org/10958

[8]
2008 թվականի վերջին՝ մի բանտարկեալ մեղադրում է մի շարք մարդկանց, այդ թվում թուրքական ժանդարմերիայի սպա՝ մայոր Ջեմալ Թեմիզոզին: Նա մեղադրվում է 1993-1995թթ Շրնաք նահանգում քսան քաղաքացիական անձանց սպանության մեջ: Պաշտոնապես երկու հոգու վկայությամբ, նրա նկատմամբ գործ է հարուցված 2009-ից ի վեր: Նա այժմ թուրքական բանակի ամենաբարձրաստիճան սպան է, ով պետք է պատասխան տա ռազմական դրության ժամանակաշրջանում երկրի հարավարեւելքում գործված ոճիրների համար:

[9] 2010 թվականի ընթացքում երեք վարչական տարածքներում, ի հիշատակ պատերազմի զոհ բոլոր երեխաներին, բացվում են Ջեյլան Օնքոլի անվան մանկական զբոսայգիներ (2009թ սեպտեմբերի 28-ին Դիարբեքիրի նահանգում սպանված մի աղջնակ՝ ամենայն հավանականությամբ զինվորական կրակոցներից):

[10] Այն ցուցադրվեց նաեւ Caferağa Dayanışması ցուցասրահում, Kadiköy թաղամասում:

[11] Տ՛ես Ben-Josef Hirsch Michal, Ideational change and the emergence of the international norm of truth and reconciliation commissions, 2014, European Journal of International Relations Vol. 20 No. 3, p 810-833

[12] Zorla Kaybedilenler (« Բռնի անհետացածներ») տվյալների բազան հասանելի է հետեւյալ կայքում՝ http://www.zorlakaybedilenler.org

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook