Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Թուրքիան պատրաստ չէ ներողություն խնդրել

 
 
  Հայացք Թուրքիայից


Թուրքիան պատրաստ չէ ներողություն խնդրել

Ալի Բայրամօղլու

 

 
Ալի Բայրամօղլու

Լրագրող և մարդու իրավունքների ակտիվիստ

2008թ «Ներողություն եմ խնդրում» ստորագրահավաքի գլխավոր նախաձեռնողներից մեկի՝ Ալի Բայրամօղլուի համաձայն, այդ արշավի դրական հետեւանքները տեսանելի են առ այսօր: Էրդողանի նախագահ ընտրվելով հայ-թուրքական հարաբերություններում զգալի բարելավում չէր ակնկալվում,  թվում է նաեւ, թե դեռ շատ հեռու է այն պահը, երբ Թուրքիան պատրաստ կլինի ներողություն խնդրել հայերից:

Ձեր առջեւ ի՞նչ նպատակներ էիք դրել, երբ ձեռնարկեցիք ներման արշավը: Այդ նպատակներին հասե՞լ եք այսօր:

Իրականում, Հրանտ Դինքի գործադրած ջանքերն էլ գրեթե նույն շրջանակում էին: Մտածում էինք, որ 1915-ին տեղի ունեցածի, ցեղասպանության նկատմամբ զգայնության, հանրային խոստովանության վրա հիմնված սոցիալական պրակտիկան (հասարակության իրազեկումը) նույնքան կենսական են, ինչքան Թուրքիայում պատմության հետ հաշվի նստելը, թուրք ինքնությունը մաքրելը՝ կեղտից մաքրազերծելը: Մտածում էինք, թե հասարակությանն իրազեկելով՝ կազդենք նաեւ  քաղաքականության վրա ու կուղղորդենք այն: Մեր ցանկություններից մեկը սա էր: Մեր նպատակը սոսկ հանրությանը կողմնորոշելը չէր, այլ մտավորականի պարտականությունը կատարելով՝ իրողությունը բարձրաձայնելը և մարդկանց նույնպիսի մի առերեսման հրավիրելն էր: Սա առաջին հարթությունն էր: Երկրորդ հարթությունն այն էր, որ 2008թ մթնոլորտում առկա հույսը ներկայացնող մի հայտարարություն էր դա: Այդ օրերին, թե՛ քաղաքականությունն էր աշխույժ և թե՛ հասարակությունը: Վերագնահատելով անցած ժամանակաշրջանը, կարող ենք երկու տեսակի պատասխան տալ: Մեկը դրական է: Քանի որ նման քայլերը քաղաքական կամ ակնթարթային քայլեր չեն՝ մի պատումի ուղենիշներն ու բաղկացուցիչ մասերն են, ուրեմն դա ջինը շշից դուրս հանող քայլերից մեկը եղավ: Լոկ այդ քայլով չէր՝ այդ ժամանակաշրջանի պայմաններն էլ կային: Այն պետք չէ կապել չորս հոգու կամ 150 հոգու ստորագրահավաքի ակցիային: Դա ընդհանուր մթնոլորտի արտացոլումն էր: Հետեւաբար, եթե այսօր Թուրքիայում ցեղասպանություն բառը շատ ավելի հեշտ է արտասանվում, եթե հասարակական իրազեկումը կարողանում է նույնիսկ կառավարության վրա որոշակի ազդեցություն գործել, ապա կարծում եմ, 2008թ արշավն էլ դրան նպաստեց: Դա դրականորեն ազդեց նաեւ մեր օրերի վրա:

Ի՞նչ կարծիքի եք անցյալ ապրիլի 24-ին Էրտողանի հրապարակած ցավակցական ուղերձի մասին:

Ցավակցության տեքստը խիստ քննադատության արժանացավ, ու պետք է արժանանար, քանի որ այնտեղ ներման կամ ճանաչման մասին խոսք չկար: Նախկինի հետ համեմատած, սա կարելի է առաջընթաց համարել: Հայտարարության տեքստում գոնե  նշվում է, որ 1915թ տեղի է ունեցել խայտառակություն, որ դա մարդկային աղետ է - ճիշտ է՝ մարդկության դեմ հանցագործություն ձեւակերպումը չկա, սակայն նշվում է, որ հարկավոր է կիսել հայերի վիշտը: Ինչ էլ լինի, թեկուզ կարճ, սակայն որպես պետական հայտարարություն, որը գրեթե մոտ է աղետի ճանաչմանը, դրական  է: Հակառակ սպասելիքներին՝ ի հարկե տեքստը շատ կարճ է: Ցանկալի կլիներ, որ ավելի լավ նկարագրվեր 1915 թվականը: Կարելի էր գոնե ավելի որոշակիորեն անդրադառնալ «Իթթիհատ վե թերաքքիի» (Միություն եւ առաջադիմություն կուսակցություն) գործունեությանը: Տեքստում նման բաներ չկան, սակայն հինգ-վեց կամ տասը տարի առաջվա համեմատությամբ՝ այն հեղափոխական բնույթ է կրում: Կարծում եմ՝ սա ճանապարհի ոլորաններից մեկն է: Անշուշտ, դեռ շատ ոլորաններ ու երկար ճանապարհ կա առջեւում: Պետության տեսակետից նայելիս, երկիրը 80-90 տարի միայն ճնշումներով չէ, որ այս հանգրվանին հասավ: Այս ընթացքում, պետության ներսում ընթացող քննարկումները, ինչպես նաեւ քաղաքական, հասարակական և մտավորական բանավեճերը, 2005թ հայտնի գիտաժողովի ժամանակ տեղի ունեցած կառավարություն-մտավորականություն ընդհարումից մինչեւ 2008թ ներման արշավը ես դիտարկում եմ որպես դրական զարգացումների ճանապարհ:

Միեւնույն ժամանակ, սակայն, կարծում եմ՝ քաղաքական դաշտում հետընթաց գրանցեցինք: Վերջին տարիներին մենք ականատես եղանք Թուրքիայի հատկապես արտաքին քաղաքականությունում «զրո խնդիր» ռազմավարության մասնակի ձախողմանը, Թայիփ Էրդողանի Ադրբեջանի նկատմամբ էմոցիոնալ և քաղաքական հանձնառությանը (ի հարկե դա թուրքական պետության հանձնառությունն էր, սակայն կարող էին ավելի ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա), ինչպես նաեւ այդ հանձնառության պատճառած լուրջ վնասներին՝ Հայաստանի հետ հարաբերություններում: Սա չափազանց բացասական մի գործընթաց էր: Ճիշտն ասած, կշեռքի երկու նժարն էլ լիքն է: Բացասականն այն է, որ թուրքական պետությունը պաշտպանական դիրք է գրավել ու առաջ է տանում մեծ պետություն դառնալու ցանկությունից դրդված իր ռազմավարությունը, իսկ մյուս կողմից գոյություն ունի աշխատող պետական մեխանիզմ:

Հարյուրամյակի շեմին հարց է առաջանում, թե ինչ կլինի 2015 թվին: Ահմեթ Դավութօղլուի վարչապետ դառնալը թե՛ դրական, թե՛ ռիսկային հետեւանքներ է ունենալու: Թուրքիան այս հարցում կփորձի ճանապարհ հարթել մարդկային ու ողբերգության հարթության վրա: Սակայն, ամենայն հավանականությամբ Դավութօղլուն այդ բանը կանի իր հաճախ օգտագործած «հավասար հիշողության» սկզբունքով, այն է՝ հարցը դիտարկել այն կապելով նույն ժամանակաշրջանում կոտորածներից տուժած այլ էթնիկ փոքրամասնությունների հետ: Հնարավոր է, որ այս ամենը ընկալվի որպես ապագային միտված դրական քայլեր, ինչպես նաեւ մեկնաբանվի որպես Թուրքիայի ժխտողական կեցվածքի մի նոր և սառը դրսեւորում: Դա կերեւա հասարակության մեջ տեղի ունենալիք զարգացումների, քննարկումների ժամանակ: Սակայն այս պահին ամենակարեւորն այն է, որ 2008-ի համեմատությամբ ցեղասպանությունը՝ հայկական հարցը երկրորդ պլան է մղվել բազմաթիվ այլ քաղաքական խնդիրների պատճառով: 2008-ից 2010թ ընկած ժամանակահատվածում այդ հարցը ժողովրդավարական և կառավարության վրա ճնշման տեսակետից շատ առօրեական էր: Սակայն ավելի ուշ՝ երբ առաջ եկան Գեզիի դեպքերը, Արդարություն և զարգացում կուսակացության ավտորիտար հակումները, արտաքին քաղաքականությունում Եգիպտոսում ու Սիրիայում տեղի ունեցած փոփոխությունները և կրոնական համայնքի շուրջ ծավալվող վեճերը՝ այդ օրակարգը մի փոքր թուլացավ, գոլորշիացավ, մինչեւ իսկ  առաջին պլան մղվեց հասարակական կարգի պահպանության հարցը: Սա էլ իր հերթին, իհարկե, արգելակեց հարկավոր հասարակական ճնշումը, հանրային կարծիքի իրազեկումը ցանկալի մակարդակի բերելու ջանքերը: Ահա այսպես, այս մթնոլորտում, կրկին ի հայտ եկան ազգայնական դրսեւորումները:

Ի՞նչ ազդեցություն կունենա Էրդողանի նախագահ ընտրվելը այս խնդրի վրա: Նա հայտնել է, որ ուզում է ակտիվ նախագահ լինել:

Ասում է, որ ակտիվ նախագահ է լինելու, բայց առանձին քննարկման թեմա է, թե ինչքանով կկարողանա: Հեշտ գործ չէ, քանի որ նա շատ իրավասություններ չունի: Սահմանադրությունը խախտելու հնարավորություններն էլ են փոքր: Չեմ կարծում, որ Թայիփ Էրդողանի նախագահ դառնալը լուրջ ազդեցություն կունենա: Դրանով նա ավելի վճռական չի դառնա: Սակայն նախագահ լինել կամ չլինելն էլ էական չէ, նա արդեն մեզ հայտնի է որպես կենտրոնաձիգ ղեկավար: Պետական քաղաքականությունը սահմանողի ու վերահսկողի նոր գործառույթը նրան լրացուցիչ դերակատարություն կտա՞ արդյոք: Չեմ կարծում: Այսպիսի մի խնդիր կա սակայն. Թայիփ Էրդողանի ներկայացրած մտայնությունն այն է, որ ցեղասպանություն չի եղել: Ըստ իրենց՝ սա լուրջ և անկեղծ համոզմունք է: Կփոխվի՞ արդյոք այդ կարծիքը: Չեմ կարծում: Կարծում եմ, որ Դավութօղլուն էլ շատ տարբեր կարծիքի չէ: Կարելի է ենթադրել,  որ առաջիկայում մտայնության այս խոչընդոտը կդրսեւորվի նաեւ Թայիփ Էրդողանի մոտ: Բայց եկեք չմոռանանք, որ իշխող կուսակցությունը և նրա առաջնորդը չափից ավելի ճկուն են: Հետեւաբար, կարող է շեղվեն արգելակող այդ մտածելակերպից, կարող է այլ հանգամանքներում ավելի նախաձեռնողական լինեն:

Ըստ երեւույթին, ներողություն խնդրելու ճանապարհը դեռեւս բաց չէ:

Դեռեւս ոչ: Մենք ցանկանում, ակնկալում ենք ներողություն խնդրել, բայց չեմ կարծում, որ Թուրքիան այդ հանգրվանին հասել է: Դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ Թուրքիայի ներսում տեղի ունենա մտայնության կտրուկ փոփոխություն: Իշխող կուսակցությունում դա դեռ տեղի չի ունեցել: Հասարակական պահանջներն ու ճնշումները այս հարցում դեռ բավարար չեն: Միջազգային պայմանները դիտարկելիս, նկատելի է, որ այդ ուղղությամբ չենք ընթանում: Մասնավորապես, Թուրքիա-Հայաստան հարաբերությունները պետք է տեղից շարժվեն: Բայց, ինչպես ասացի, հնարավոր են նաեւ անսպասելի զարգացումներ, ինչպիսին էր ցավակցության ուղերձը: Հուսանք, որ այդպես լինի:



Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook