Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Խմբագրական

 
 


Թուրքիան  և Եվրոմիությունը


Տասնիններորդ դարի կեսերից սկսած Օսմանյան կայսրությունում բնակվող հայության ճակատագիրը մշտապես գտնվում էր արեւմտյան երկրների հանրային ուշադրության կենտրոնում: Արեւելյան հարցի բաղկացուցիչ մաս հանդիսացող Հայկական հարցը վեր էր հանում Օսմանյան կայսրությունում կրոնական փոքրամասնությունների դեմ գործադրվող ճնշումներն ու հալածանքները:

Եւրոպացի մարդասեր հասարակայնությունը պաշտպանում էր ճնշված այդ ժողովուրդներիների դատը, իսկ քաղաքական իշխանությունների համար դա արդեն լավ  լծակ էր ավարտին հասցնելու «Եւրոպայի հիվանդ մարդու» մասնատումը և միաժամանակ լավ միջոց՝ բարոյականության և մարդասիրության դիմակ հագնելու: Ցավոք, Արեւմուտքի բարի մտադրությունների հայտարարությունները չկանխեցին հայերի 1894-1896թթ և 1909թ զանգվածային սպանությունները: Դրանք չկարողացան նաեւ կանգնեցնել 1915թ երիտթուրքերի իշխանության օրոք Անատոլիայի հայության նկատմամամբ իրագործված լիակատար էթնիկ զտումները, որոնք մեր օրերում հստակորեն ճանաչված են որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: 


«Հայկական հարցը» վերածվեց «Հայ դատի», որի հիմնական պահանջը Ցեղասպանության ճանաչումն է, ինչը գրեթե մեկ դար անց թուրքական պետությունը շարունակաբար ժխտում է:


Մոտ երեսուն տարի է, բազմաթիվ երկրներ եւ միջազգային կառույցներ ճանաչեցին այս ոճրագործությունը, որը վերաճեց «համամարդկային մեծ դատի»: Որոշ պետություններ, ինչպիսին է ԱՄՆ-ը, ձեռնպահ մնացին այն  ճանաչելուց՝ չվշտացնելու համար ռազմավարական դաշնակցին: Եղան նաեւ որոշ երկրներ, որոնք օգտագործեցին Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի հետ իրենց երկկողմ հարաբերությունների համար: Այլ երկրներում, որոշ պետական գործիչներ այս պայքարը շահարկեցին մասնավորապես ներքին քաղաքականության մեջ վեճեր առաջացնելու կամ ուշադրությունը շեղելու մարտավարական նպատակներով:


Այսպիսով, 1999թ դեկտեմբերին Թուրքիայի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո եւրոպական  բեմահարթակում Հայոց ցեղասպանությունը վերածվեց պարբերաբար կրկնվող, հաճախ աղճատված մի բանավեճի:


Ուստիեւ՝ Թուրքիայի և Եւրոմիության այս թեմային անդրադառնալու մեր նպատակը ոչ թե «կողմ կամ դեմ»  հերթական քննարկումն անելն է, այլ այս խնդրին մոտենալ հայ-թուրքական հարաբերությունների դիտանկյունից:


Այս հեռանկարի բարդությունը Թուրքիա-ԵՄ երկկողմ հարաբերությունների շրջանակներից դուրս է գալիս ու վերածվում՝ եռաչափ մի սխեմայի. Թուրքիա-ԵՄ- Հայեր (Հայաստանի և ԵՄ-ի), որտեղ երեք տրամաբանություններ իրար են բախվում:


- ԵՄ տարածքում հայկական ծագումով ավելի քան մեկ միլիոն քաղաքացիներ կան՝  ցեղասպանության վերապրողների ժառանգներ, որոնք պահանջում են արդարություն: Որոշ հայկական կազմակերպություններ ճնշում են բանեցնում, որպեսզի ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի Եւրոմիություն մտնելուն նախապայման դառնա: Շատ հայերի կարծիքով, անդամակցության գործընթացը կմեծացնի եւրոպական կառույցների Թուրքիայի վրա ճնշում գործադրելու կարողությունը:


- 1993 թվականից Թուրքիայի տնտեսական շրջափակմանը ենթարկված Հայաստանը դեմ չէ  այդ երկրի ԵՄ անդամակցությանը և միաժամանակ պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ: Բացի այդ, Եւրոպայի դարպասների մոտ գտնող Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերություններ է պահպանում Արեւելյան գործընկերության շրջանակներում ասոցացման համաձայնագրի միջոցով:


- Ժողովրդավարական բարեփոխումներն ու որոշ տաբուների վերացումը Թուրքիայում համընկավ ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկի հետ: Հայկական հարցի շուրջ առաջընթաց նկատվեց թուրքական քաղաքացիական հասարակության որոշ շերտերում, սակայն ոչ Թուրքիայի պետական կառույցների ներսում: Մի շարք թուրք մտավորականների եւ ակտիվիստների համոզմամբ՝ անդամակցության գործընթացը կուժեղացնի քաղաքացիական ազատությունները, կպաշտպանի խոսքի ազատությունը և կամրապնդի այն կազմակերպությունները, որոնք համարում են, որ Թուրքիան պարտավոր է հաշտվել իր անցյալի հետ: Այս համատեքստում, ԵՄ թեկնածությունը կարող է օգտակար միջոց լինել Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու տեսակետից:

- Ծննդով թուրքիացի ավելի քան երեք միլիոն մարդ բնակվում է Եւրոպայում և ոչ բոլորն ունեն եւրոպական քաղաքացիություն:  Թուրքիայի եւ Եւրոպայի միջեւ քաղաքական լարվածությունը ազդում է նրանց միջավայրի վրա: Թուրքական պետության նկատմամբ քննադատական կեցվածք ունեցող քրդերն ու այլ խմբեր եւս կարող են ողջունել Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ որպես Եւրոմիությանն անդամակցության նախապայման:


Բոլոր այս տվյալները խճճվում են՝ համաձայն յուրաքանչյուր դերակատարի քաղաքական եւ աշխարհաքաղաքական զարգացումների: Բարոյական եւ մարդասիրական արժեքները ենթակա են փոխզիջումային քաղաքականության պահանջներին, քաղաքականություն՝ որը դաժանաբար ղեկավարվում է տնտեսության օրենքներով:


Հուսով ենք, որ հոդվածների այս նոր շարքը լույս կսփռի յուրաքանչյուր քաղաքացիական հասարակության մոտեցման վրա՝ Թուրքիայի Եւրոպական միություն մտնելու հարցում:

 


Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook