Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն
Հայացք Հայկական Սփյուռքից
Լորան Լեյլեքյան |
Լորան Լեյլեքյան |
Լորան Լեյլեքյանը մինչեւ 2010թ եղել է Ֆրանս-Արմենի ամսագրի խմբագիրը, ապա նաեւ նրա հրատարակության տնօրենը : Նա ղեկավարել է նաեւ Եւրոհայկական դաշնությունը Բրյուսելում 2001-ից մինչեւ 2010, որի ընթացքում հատկապես մասնակցել է հայկական հարցի վերստին ներառմանը՝ Թուրքիայի անդամագրման բանակցություններում: Նա, իր մասնագիտական գործունեության կողքին, շարունակում է ակտիվորեն մասնակցել քաղաքացիական հասարակության տարբեր ծրագրերի
Արդեն գրեթե տասնհինգ տարի է, որ Թուրքիան Եւրոպական Միության անդամակցության թեկնածու է: Մի ժամանակաշրջան, որն ինքնին ձախողում է նշանակում: Այդ անդամակցությունը տեղի չունեցավ, բայց եթե այն պատահաբար իրականություն դառնար, դրա նշանակությունն ու տարողությունը շատ հեռու կլինեին քան այն ինչ մենք ունեինք 1999-ին, երբ Թուրքիային թեկնածու երկրի կարգավիճակ շնորհվեց:
Նախքան եւրոպական նախագծի տխրահռչակ էվոլյուցիան քննության առնելը – ինչպես նաեւ մեր՝ հայկական հարցի տեղը այդ նախագծում - ուղիղ գնանք եզրակացության. եւրոպական Թուրքիան չի կարող իրականություն դառնալ, քանի որ դա սխալ մեկնաբանության արդյունք է, այսինքն՝ մի գաղափար, որն իր մեջ հակասություն է պարունակում: Թուրքիան կառուցվել է որպես Եւրոպայի ժխտում եւ իր անդամակցությունը կարող է միայն նշանակել հավասարման երկու տեղերից մեկնումեկի անհետացումը: Այս դեպքում, Թուրքիան ըստ էության 1915-ից իվեր չի փոխվել, եւ եթե այդպես էլ չփոխվի, նրա անդամակցությունը ԵՄ պարզապես կնշանակեր, որ Եւրոպան այլեւս գոյություն չունի որպես քաղաքական նախագիծ:
Եւրոպա. Մշակութային պատկանելիություն
Պատմականորեն և աշխարհագրականորեն Եւրոպա հասկացությունը թեժ քննարկումների առարկա է եղել: Պոլ Վալերիի հայտնի ձեւակերպմամբ՝ «Ասիայի փոքրիկ հրվանդանի» արեւելյան սահմանները հստակ չեն: Եթե շատերը, ինչպես Շարլ Դը Գոլը, նրա սահմաններն անցկանում են Ուրալյան լեռներով, ոմանք էլ գերադասում են այն վերջացնել Վոլգա գետով: Ընդհանուր առմամբ ընդունված է, որ Հարավ-Արևելքում նա ավարտվում է Կովկասով, բայց շատերը հայերին ու վրացիներին դասում են եւրոպացիների շարքին: Հարավում՝ Բալկանները, Հունաստանը և նույնիսկ Ստամբուլը համարվում են Եւրոպայի մաս, սակայն դեռ հիսուն տարի առաջ Արեւելքն սկսվում էր Վիեննայից այն կողմ:
Իրականում, գոյություն ունի մի հզոր ինտելեկտուալ ավանդույթ, որի համաձայն Եւրոպան Հոգու մայրացամաք է: Ըստ այնմ, Եւրոպան այն վայրն է, ուր հաջորդաբար տեղի են ունենում բազմաթիվ «հրաշքներ», որոնք աննախադեպ են մարդկային պատմության մեջ: Ամենաքիչը՝ հունական փիլիսոփայությունը և այն ազատ կամքի աստվածաբանությունը, որը եղավ քրիստոնեությունը, իսկ ըստ ցանկության՝ Վերածնունդը և Բողոքական բարեփոխումը, և/կամ Լուսավորության դարը, արդյունաբերական հեղափոխությունը և նրա քաղաքական բնական հետեւանքը՝ Ֆրանսիական հեղափոխությունը:
Այս պատմության մեջ թուրքերը մեծ հաշվով բացակա են, բայց դա բավարար չէ նրանց եւրոպական ընտանիքից դուրս մղելու: Ի վերջո, Վերածնունդը եւ Լուսավորության դարը առավել ցայտուն դրսեւորվել են հատկապես մեր մայրցամաքի արեւմտյան մասում, իսկ ավելի քիչ չափով՝ նրա հյուսիսային մասերում ու Դանուբի աջ ափին: Սակայն, սերբերին ու ֆիններին առանց կասկածի համարում ենք եւրոպացիներ: Դեռ ավելին, կաթոլիկության և ուղղափառության միջեւ առաջացած վիհը մայրցամաքի պատմության մեջ այնքան խորը արմատներ գցելով հանդերձ, այսօր ոչ ոք դրանից եւրոպացի լինել կամ չլինելու չափանիշ չի սարքում (բայց նույն հաշվով, հայերին հազիվ մի կերպ են եւրոպացի համարում): Ի վերջո, եթե Եւրոպան ինքն իրեն հաճախ նույնացրել է իսլամական նվաճման փորձերի դեմ մաքառող քրիստոնյա աշխարհի հետ – քաղաքական այս իմաստով «Եւրոպա» բառը հայտնվում է Պուատիեի ճակատամարտում (732թ) -, ապա այսօր չի կարելի ասել, որ այդ գիտակցությունը դեռեւս գոյություն ունի մեր աշխարհամասում, որտեղ տիրում է համատարած աթեիզմը, որտեղ կան մահմեդական հզոր փոքրամասնություններ և նույնիսկ երկրներ, որոնք ձեւավորվել են հիմնականում Իսլամով՝ ինչպիսիք Ալբանիան ու Բոսնիան:
Հասնելով Փոքր Ասիա, առաջին հազարամյակի սկզբին, թուրքմեն ժողովուրդները կարող էին շատ լավ ինտեգրվել եւրոպական ազգերին, ինչպես արեցին հունգարացիները կամ բուլղարացիները, որոնք ժամանագրական առումով նրանց նախորդել էին կարճ ժամանակ առաջ: Նրանք այդ բանը կարող էին անել, մանավանդ որ նրանց ում այսօր մենք համարում ենք «թուրքեր»՝ ժառանգներն են Ասիայից եկած այն 700 հազար թուրքմենների, որոնք Փոքր Ասիայում բնակվող հինգ միլիոն մարդկանց հետ սկիզբ դրեցին մի նոր սերնդափոխության: Այս վերջինների մեջ էին որոշ չափով եւրոպացի հայերը, իսկ էլ ավելի շատ՝ հույները: Ո՞ր ոլորտում է, որ թուրքերն այն ժամանակ չկարողացան եւրոպականանալ, և ընդհակառակը՝ ձուլելով տեղաբնիկներին նրանց խորապես արեւելքցի դարձրին:
Եւրոպա . քաղաքական ինքնություն
Մի ամբողջ գիրք կպահանջվեր այս հարցի պատասխանը տալու համար: Առանց նրբերանգների մեջ մտնելու, կարող ենք այնուամենայնիվ հայտարարել որ Թուրքիան եւրոպական չէ, քանի որ նրա քաղաքական առաջնորդները մշտապես հրաժարվել են այն բարոյական արժեքներից (նույնիսկ քաղաքական դաշտից դուրս), որոնք պետք է հանգեցնեին անկախ մտածողության առաջացմանը: Նույնը վերաբերում է գույքի սեփականությանը՝ փադիշահը մարդկանց պարտադրում էր իր բացարձակ տիրապետությունը: Սուլթանները երբեք չուզեցին նորմատիվ այն բանականության առաջացումը, որը, ինչպես Արեւմուտքում, չէր ենթարկվելու որեւէ քաղաքական կամ կրոնական դոգմայի:
Իրականում, այնուամենայնիվ, սոցիալական և քաղաքական ավանդույթների բարեփոխման միջոցով՝ երկիրը եւրոպականացնելու երկու փորձեր եղան: Սակայն, առաջինը ձախողվեց, իսկ երկրորդը շեղվեց իր բուն նպատակից: Թանզիմաթները փշրվեցին օսմանյան սոցիալական գերիշխող ուժերի կողմից, որոնք միաժամանակ մերժեցին թե՛ կայսրությունում կառուցվածքային բարեփոխումներ անցկացնել և թե՛ հավասար իրավունքներ տրամադրել իրենց ոչ մահմեդական հպատակներին: Թուրքիան երբեք չճանաչեց եթե ոչ տառը՝ այլ գոնե ոգին այն բազմաթիվ հանդուրժողականության հրովարտակների, Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի կամ Քրեմիյոյի հրամանագրի*:
Երկրորդ փորձը, որը ես սիրով կբնութագրեի որպես շեղում, եղավ Երիտթուրքերի եւ նրանց ժառանգներ՝ քեմալականների կողմից: Երիտթուրքերը նախանշանն էին այն ինչին, որ մի քիչ ավելի ուշ անելու էին ֆաշիստներն ու բոլշեւիկները. նրանք հիմնականում ընդունեցին եւրոպական արդիականության գործիքները՝ մերժելով նրա հիմքում ընկած քաղաքական փիլիսոփայությունը՝ այն առաջադիմականությունը, որն էապես ազատական կամ սոցիալդեմոկրատական էր: Պատահական չէ, որ հենց առաջին համաշխարհային պատերազմից առաջ երիտթուրքերը վերացրին կայսրության վերջին ազատական մուսուլմաններին՝ ինչպես Մահմուդ Շեվքեթին: Ինչ վերաբերում է բուն հայոց ցեղասպանությանը և հույների հետագա արտաքսմանը, նրանք տառացիորեն իրականացրին կայսրության եւրոպական մասը մարմանավորողների սպանությունը՝ նրանց ում միջոցով ներմուծվել էին արեւմտյան տեխնիկական նորարարությունները, ինչպես նաեւ Եւրոպայի ոգին՝ աննախադեպ սոցիալական միջոցառումների շնորհիվ, որոնք են, օրինակ՝ սպորտը, թատրոնը և իհարկե հանրահայտ քննադատական մտածողությունը:
Սպանելով հայերին, Թուրքիան սպանեց իր մեջ եղած ամբողջ եւրոպականը, ճիշտ այնպես, ինչպես հրեաների սպանդով՝ նացիստներն իրենց դուրս դրեցին եւրոպական քաղաքակրթությունից: Բայց, ինչպես Գերմանիայի, այնպես էլ Թուրքիայի համար ոչինչ վերջնական չէր: Այդուհանդերձ, քեմալականների գալուստով (այսինքն՝ երիտթուրքերի քաղաքական նախագծի ակնհայտ շարունակությամբ) այդ ընտրությունը ինչ-որ կերպ հաստատվեց: Առաջ քաշելով նախորդ վարչակարգի հանցագործներին, շարունակելով Փոքր Ասիայի ժողովուրդներին բռնությամբ բնաջնջելու իր գործունեությունը եւ իրականացնելով պետական ժխտողականություն և ըստ այդմ փորձելով ջնջել իր անցյալի ու իր ոճրագործության տարբեր բաղադրիչները՝ թուրքական պետությունը հստակորեն ցույց է տալիս Եւրոպայի և նրա արժեքների շարունակական մերժումը:
Այլեւս մենք մարդկանց չենք միավորում, պետություններ ենք համախմբում
Եւրոպական ոգով կոփված ոչ մի քաղաքական գործիչ չէր կարող պատկերացնել, որ մի օր թեկնածուի կարգավիճակ կշնորհվեր նման մի երկրի՝ թեկուզեւ ներքին կամ անտրանտլանտյան աշխարհաքաղաքական ճնշումների ներքո: Ամենեւին անկարեւոր չէ, որ այդ հատկացումը հնարավոր եղավ միայն վերջին իսկական Եւրահանձնաժողովից հետո՝ մարմնավորված Ժակ Դելորի մանդատով (ինչ կարծիք էլ որ ունենա Դելորն այսօր թուրքական թեկնածության մասին): Մոտավորապես հենց այդ ժամանակ էր, որ Եւրոպայի քաղաքական հայեցակարգը տեղի տվեց ինստիտուցիոնալ անհոգի մի մեխանիզմի:
Այս իմաստազրկման բազմաթիվ պատճառներից մեկն էլ սերնդափոխության հետ է կապված: Ուզում եմ կրկին բերել Եւրահանձնաժողովի վերջին նախագահների օրինակը. Դելորը 1940-ին տասնհինգ տարեկան էր, Բարրոզոն՝ 1968-ին տասներեք տարեկան: Պատմական պատասխանատվությամբ տոգորված և երկու կործանարար հակամարտություններով ձեւավորված պահանջատեր քաղաքական գործիչներին հաջորդեցին նրանց ժառանգների չափից դուրս ազատական և ամնեզիկ քմահաճույքները: Արեւմուտքում գերիշխող ազատական պատրանքի և Արեւելքում տիրող հետկոմունիստական հիասթափության միջեւ գաղտնի համաձայնությունը թերեւս վերջին 25 տարիների ամենամեծ եւրոպական թյուրիմացությունը եղավ: Եթե 2004-ի Մեծ ընդլայնումը պատմական անհրաժեշտություն էր, ապա նրա ընթացքը տեղի ունեցավ շատ կոպիտ կերպով՝ ցանկացած տեսլականի բացահայտ զոհաբերմամբ: Աշխարհագրական սահմանների տարածական մերժումը ճշգրտորեն համապատասխանում է պատմական հիշողության անցողիկ մերժմանը, այսինքն՝ ինքնության հաստատման մերժմանը: Նույն քայլով, ֆրանսիայի և հոլանդիայի քաղաքացիներն իրենց քվեով իսկ մերժեցին թե՛ գերազատական բովանդակությամբ ե՛ւ թե անսահմանափակ տարողությամբ անմարմին այն Եւրոպան, որը, ի տարբերություն Մոնեի պատկերացման, այլեւս չի միավորում մարդկանց, բայց համախմբում է պետություններ:
Ոչ ոք չի կասկածում, որ 2005թ հանրաքվեների բացասական արդյունքներում թուրքական հարցը շատ կարեւոր դեր է խաղացել, ինչպես մշտապես ցույց են տվել հաջորդական բազմաթիվ հարցումները: Այս ընթացքում, երբ Եւրոպան հետզհետե խրվում է մի ճգնաժամի մեջ, որի միայն փրփուրն է տնտեսական, Թուրքիայի հարցը (միեւնույնն է՝ հայկական հարցը) շատ որոշակի դեր է խաղում Եւրոպայի գաղափարի առաջընթացների և հետընթացների մեջ: Նրանք, ովքեր առաջ են մղում ցեղասպանության ճանաճման նախապայմանը՝ հենվում են Եւրոպայի այն գաղափարի վրա, որը Հոգու մայրցամաքն է: Նրանք, ովքեր տեխնիկական չափանիշների ու վիճակագրական տվյալների ֆիլտրով են ուզում տեսնել Թուրքիան՝ պաշտպանում են Եւրոպա-աշխարհը, Վիեննայի պայմանագրի Եւրոպան, որտեղ Թուրքիան իսկապես կարող է իր լեգիտիմ դերը խաղալ՝ ելնելով իր շահերից: Այս երկու պատկերացումները առկա են թե՛ ձախամետ, թե աջամետ շրջանակներում, ինչպես նաեւ Ցեղասպանության ճանաչման պահանջն ու դրա խոչընդոտման փոքր ինչ ամոթալի փորձերը:
Սակայն, ցավոք, մտավախություն կա, որ Ռոմեն Ռոլանի, Շտեֆան Ցվայգի, Ռեյներ Մարիա Ռիլկեի, Ֆերդինանդ Պեսոայի կամ Պոլ Վալերիի ժառանգները ժամանակավորապես տանուլ տան պայքարը և որ թուրքական պետության համար գոյաբանորեն անխոցելի այս Հոգու Եւրոպան ուշաթափվի: Մոտ ապագայում կարծես թե մեզ սպասվում է ազգայնականների Եւրոպան, որը գիտենք ինչ տվեց և որտեղ Անկարայի վարչակարգը ավելի տարբեր չէ քան Մոսկվայինը, Մինսկինը, կամ այն «եւրոպական» հասարակություններում, որտեղ բարգավաճում են Հրո խաչերը, Ստահլելմը, Սքուադրիստները... կամ Գորշ գայլերը: Ինչ-որ տեղ այս Եւրոպան արդեն միացել է Թուրքիային:
(*) Décret Crémieux – (Թարգմ) Այս հրամանագրով 1870ին ալժիրցի հրեաներին ֆրանսիայի քաղաքացիություն էր շնորհվում