Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն
Հայացք Հայաստանից
|
Վահրամ Տեր-Մաթևոսյանպ. գ. թ. , ավագ գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ |
Թուրքիայի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը շարունակում է մնալ Եվրամիությանն (ԵՄ) անդամակցության գործընթացը։ 1999 թ․ ի վեր, երբ Թուրքիային շնորհվեց ԵՄ-ի անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, անցել է մոտ տասնչորս տարի։ Այդ ընթացքում Թուրքիային չհաջողվեց իրականացնել անհրաժեշտ բարեփոխումների ամբողջ փաթեթը, որոնց հաջող ավարտից հետո միայն հնարավոր կլիներ դառնալ համաեվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։ Թուրքիայի հարևան երկրները ինտենսիվության տարբեր չափաբաժիններով և հետաքրքրության տարաբնույթ հիմնավորումներով հետևում են Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացին։ Հայաստանի համար ևս այդ գործընթացը կարևոր է մի քանի առումներով: ՈՒստի, այս հոդվածը նպատակ ունի վերլուծել թե Թուրքիայի ԵՄ-ին անդամակացության գործընթացի հետ կապված ինչպիսի՞ փոփոխություններ է կրել Հայաստանի դիրքորոշումը, Հայաստանի համար ինչպիսի՞ մարտահրավերներ և հնարավորություններ կարող են առանձնացվել, ի՞նչքանով է հայ հասարակությունը տեղյակ Թուրքիա-ԵՄ հարաբերություններից:
1999 թ., երբ Թուրքիային շնորհվեց ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ և այդ կառույցի հետ հարաբերությունները տեղափոխվեցին ինստիտուցիոնալ հարթություն, Հայաստանի պաշտոնական և հասարակական դիրքորոշումը գերազանցապես բացասական էր։ Ընդհանուր համոզմունքն այն էր, որ Թուրքիան դեռ չէր հասունացել ԵՄ-ի անդամ երկիր դառնալու համար և ԵՄ-ի պաշտոնյաները արդարացի չէին վարվել Թուրքիայի հարևան այն երկրների նկատմամբ, որոնց հետ Թուրքիայի հարաբերությունները մնում էին լարված։ Այս դիրքորոշումն ուներ իր ներքին և արտաքին տրամաբանությունը։ 1998 թ. մարտին, երբ Հայաստանում իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցան շեշտադրումների որոշակի փոփոխություններ։ Հատկապես Ցեղասպանության միջազգային ճանաչմանը և Սփյուռքի հետ համագործակցության նոր ձևաչափերի մշակման ուղղված ՀՀ-ի քայլերը Թուրքիայի կողմից միանշանակ չընդունվեց։ Հայաստանը չէր ցանկանում, որպեսզի առանց Ցեղասպանության ճանաչման, առանց Հայաստանի հետ պատմական ու քաղաքական խնդիրների լուծման, Հայաստանին շրջափակման ենթարկող Թուրքիան դառնա ԵՄ-ի անդամ։ Ավելին, Հայաստանի վերլուծական հանրությունը մտավածություն ուներ, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները բավական արագ ընթացք կունենան և Թուրքիան արագորեն կդառնա ԵՄ-ի անդամ։
Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը որոշակի փոփոխությունների ենթարկվեց 2003-04 թթ. ընթացքում: Այդ ժամանակահատվածից հետո տարբեր հարթակներում Հայաստանի ղեկավարությունը և գերազանցապես արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարում էր, որ Հայաստանը աջակցում է Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացին, քանի որ Հայաստանի համար ցանկալի է ունենալ այնպիսի հարևան երկիր, որը դավանում է եվրոպական արժեքներ ու սկզբունքներ։ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն ուներ նաև առավել հեռագնա հաշվարկներ: Կար վստահություն, որ Թուրքիան կարող է դառնալ ԵՄ-ի լիիրավ անդամ միայն այն դեպքում, եթե բավարեր Կոպենհագենյան չափորոշիչները, եթե իրականացներ անդամակցության համար պարտադիր մի շարք լուրջ ու համակարգային բարեփոխումներ, որից հետո Թուրքիայում կփոխվեր ժողովրդավարության, մարդու իրավունքների վիճակը, Թուրքիան կճանաչեր Ցեղասպանությունը, կբացեր Հայաստանի հետ սահմանը և առավելապես կգործեր ԵՄ-ի արտաքին քաղաքականության ծիրի մեջ։ Խոսվում էր նաև այն մասին, որ եթե Թուրքիան դառնա ԵՄ-ի անդամ, ապա ԵՄ-ն կդառնա Հայաստանի անմիջական հարևանը, իր բոլոր հնարավորություններով հանդերձ։ Այսպիսով, վերջին 10 տարիների ընթացքում, Հայաստանը տարբեր հարթակներում բարձրաձայնել է Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացին իր աջակցության մասին՝ դրա մեջ գերազանցապես տեսնելով փոփոխված Թուրքիայի հեռանկարային հնարավորությունը։ Սակայն 2007 թ. ի վեր, երբ Թուրքիայում դանդացեղ ԵՄ-ի անդամակցությանն ուղղված բարեփոխումների իրականացման գործընթացը, և Թուրքիայի հասարակության շրջանում նվացեց ԵՄ-ի անդամակցության կողմնակիցների թիվը, Հայաստանում այդ փաստերն արժանացան տարաբնույթ գնահատականների: Որոշ վերլուծաբաններ հակված էին <<չարախնդալու>>, պնդելով, որ Թուրքիան թե՜ 1999, թե՜ 2009 թվականներին չէր հասունացել ԵՄ-ի անդամ դառնալու համար, հետևաբար, ԵՄ-ի 1999 թ. և 2005 թ. քայլերը դեռ հասունացած չէին: Որոշ վերլուծաբաններ էլ առավել հակված էին բացասական լույսի ներքո տեսնել Թուրքիայում եվրաանդամակցության գործընթացի դանդաղումը՝ այն դիտելով մարտահրավեր Թուրքիայի ներքին բարեփոխումների անավարտության առումով, որը կարող է բերել ծայահեղ ազգայնականության վերելքի: Սահմանափակ թվով վերլուծաբաններ և ՀՀ արտաքին գերատեսչությանը մոտ կանգնած անձինք էլ պնդում էին, որ Թուրքիայի հիասթափությունը ԵՄ-ից կբերի Հվ. Կովկասյան և Մերձավոր Արևելյան ուղղությունների նկատմամբ հետաքրքրության աճի և Թուրքիան կձգտի այս տարածաշրջաններում իրականացնել ակտիվ արտաքին քաղաքականություն:
Վերջին տարիներին սերտացել են նաև Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ և ընդհուպ մոտեցել ասոցացման համաձայնգրի կնքման նախաշեմին։ Հետևաբար, փոխվել են նաև ԵՄ-ի հետ հարաբերությունների ինստիտուտցիոնալ կապը։ Թեև Հայաստանը բացահայտորեն չի հայտարարում ԵՄ-ի անդամակցության իր մտադրության մասին, սակայն Հայաստանի ներգրավումը ԵՄ-ի Արևելյան գործընկերության ծրագրերում էականորեն բարձրացրել են Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը։ Հայաստանը հնարավորություն է ստացել ինստիտուցիոնալ մակարդակում բարձրացնել Թուրքիայի հետ կապված մտահոգությունները և խնդիրները: Այսպիսով, ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների հետընթացին զուգահեռ սերտացել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները:
Այժմ փորձենք հասկանալ, թե իրականում Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացը և վերջնական արդյունքն ինչպիսի՞ էական հնարավորություններ ու մարտահրավերներ են պարունակում Հայաստանի և Սփյուռքի համար։
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի իրագործած տնտեսական և հեռահաղորդակցային շրջափակման քաղաքականությունը Հայաստանի տնտեսության և սոցիալ-քաղաքական գործընթացների վրա թողել ու շարունակում է թողնել էական բացասական ազդեցություն։ Թուրքիան շարունակում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել Ղարաբաղյան հակամարտության հետ, որով էլ ավելի է դժվարացնում առանց այդ էլ բարդ հայ-թուրքական թնջուկի հանգուցալուծումը։ Եվրաանդամակցության գործընթացն ենթադրում է, որ յուրաքանչյուր թեկնածու երկիր պետք է նվազագույնի հասցնի հարևանների հետ ունեցած կոնֆլիկտային խնդիրները, ներգրավվի բարի դրացիական հարաբերությունների մեջ և ոչ մի կերպ չխոչընդոտի հարևանների զարգացմանը։ Այլ կերպ ԵՄ-ի կողմից թեկնածու երկրի նկատմամբ չկա ուղղակի պայման հարևանների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, առավել ևս՝ ապաշրջափակման համար։ Կիպոսի պարագայում կա ուղղակի պահանջ նավահանգիստները բացելու համար, որն ունի միանգամայն այլ համատեքստ և որն իրականում դարձել է Թուրքիա-ԵՄ առաջընթացի հիմնական խոչընդոտներից մեկը: Հետևաբար, Հայաստան-ԵՄ և ԵՄ-ի անդամ երկրների հետ երկկողմ հարաբերությունների ձևաչափերում միայն Հայաստանը կարող է բարձրաձայնել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման փաստի անընդունելիության հանգամանքը։
Հաջորդ խնդիրը Թուրքիա-ԵՄ հարաբերություններում Ցեղասպանության ճանաչման խնդրին հետամուտ լինելն է։ Հայաստանը պետք է շարունակի բարձրաձայնել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցը, որը ԵՄ-ի անդամ մի շարք երկրների կողմից տարիներ շարունակ կիրառվում է որպես հավելյալ լծակ Թուրքիայի եվրաանդամակցության հավակնությունները սահմանափակելու առումով: Իհարկե, կա նաև խնդրի հակառակ խնդիրը, Թուրքիայի հետ խնդիրներ ունեցող ԵՄ-ի անդամ երկրի կողմից Ցեղասպանության փաստի օգտագործումը կամ շահարկումը բացասական կազդի Եվրոպայում ապրող Սփյուռքի կառույցների բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:
Հայաստանում ձևավորվել է համոզմունք, որ վերջին 10 տարիների ընթացքում Թուրքիայում արձանագրվել են էական փոփոխություններ։ Հայատանյան ԶԼՄ-երը և վերլուծական հանրությունը փաստում են, որ Թուրքիայում քաղաքական ազատականացումը, հասարակական մակարդակում տարաբնույթ սոցիալական շարժումների առաջացումը, բազմակարծության որոշակի մակարդակի ապահովումը հնարավորություն են ստեղծում առանց նախկին կաշկանդումների քննարկել հարցեր, որոնք նախկինում հնարավոր չէր բարձրաձայնել, առավել ևս հանրային քննարկումներ ապահովել։ Այսպիսով, հայ հասարակության համար էական է, որպեսզի Թուրքիայում բազմակարծության տարածման գործընթացն առավել խորանա, խոսքի և հավատքի ազատության դրսևորումներն ունենան անկաշկանդ արտահայտումներ։ Այդ դեպքում հնարավոր կլինի ընդլայնել հասարակությունների միջև փոխգործակցություն հորիզոնները, խորացնել գործընկներային հարաբերությունները ակադեմիական, գիտական, փորձագիտական, տնտեսական ոլորտներում։ Այս առումներով վերջին տարիներին արձանագրվել են անհերքելի արդյունքներ և դրանք անշուշտ շարունակման միտում ունեն։ Հատկապես, 2008 թ. ի վեր, հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ ընթանում էր նաև հասարակությունների միջև երկխոսության գործընթաց։ Այս դիտարկումն ամենևին էլ չի նշանակում, որ Հայաստանը պետք է միայն հետևի Թուրքիայում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացներին և ակնկալի մի հանգրվան, որից հետո Թուրքիան կարող է բացեիբաց խոսել երկուստեք հուզող խնդիրների մասին: Հայաստանը ևս պետք է առավել խորացնի ժողովրդավարության, տնտեսության ազատականացման և խոսքի ազատության գործընթացները, այլապես, ինչ-որ փուլից սկսած Հայաստանի և Թուրքիայի մրցակցային ռեսուրսները կլինեն անհամադրելի:
Կարևոր է նաև Սփյուռքի մոտեցումը Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ: Հայոց Սփյուռքի տարբեր կառույցների համար անընդունելի է «ցեղասպանությունը չճանաչած» և «սեփական պատմության հետ չառերեսված» Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին: Այս դիրքորոշմանը քաջատեղյակ է նաև Թուրքիան, որի իշխանությունները դրսևորում են տարբերակված մոտեցում հայկական սփյուռքի հետ հանդիպումներում։ Գերազանցապես ֆրանսիահայությունը կարևոր դերակատարում ունի Թուրքիայի վերաբերյալ հայացքների ձևավորման գործում, ավելին, Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության գործընթացի հաջողությունը գերազանցապես ու հավասարապես կախված է ֆրանս-գերմանական ընդդիմությունը հաղթահարելուց։ Եթե Գերմանիայի պարագայում հայկական համայնքը չի տիրապետում ֆեդերալ իշխանությունների վրա ազդելու համար հարկավոր ազդեցության լծակների, ավելին, գալիք ընտրություններում կառավարության փոփոխության դեպքում, Գերմանիայում կակտիվանան Թուրքիային ԵՄ-ին անդամակցության կողմնակիցները՝ գերազանցապես նկատի ունենալով այն դրական ֆինանսատնտեսական ներբերումը, որը կարող է ունենալ Թուրքիան։ Սակայն Ֆրանսիայի պարագայում իրադրությունը միանգամայն այլ է, թեև Ֆրանսուա Օլանդը որոշակի ճկունություն է ցուցաբերում հայկական համանքի և Թուրքիայի հետ աշխատանքներում։ Այսպիսով, համահայկական ընդհանուր մոտեցումից Թուրքիան անցում է կատարել ըստ երկրի և ըստ խնդրի բարդության գործընթացներն առաջ մղելու աշխատաոճին, որպեսզի հայկական Սփյուռքի ազդեցությունը հասցվի նվազագույնի։
Երկարաժամկետ առումով ևս կան որոշ հարցադրումներ, որոնք հարկ է նկատի ունենալ, երբ խոսքը գնում է ԵՄ-ի անդամակցության մոտ կանգնած կամ արդեն ԵՄ անդամ Թուրքիայի մասին. օր.՝ ինչպիսի՞ կլինի հայերի վերաբերմունքը պատմական հայրենիք վերադառնալու կոչերի վերաբերյալ կամ ինչպիսի՞ խորություն և թափանցիկություն կունենան Թուրքիայում բնակություն հաստատելու հեռանկարները։ Հնարավորությունների շարքին հարկ է դասել նաև այն հանգամանքը, որ ավելի տարաբնույթ լծակներ կստեղծվեն, որպեսզի հայերը հնարավորություն ունենան վերահսկել Արևմտյան Հայաստանում թողած հարուստ պատմական ժառանգությունը, կատարելով գույքագրում, և իրագործելով մշակույթային ժառանգության վերականգնման ու պահպանման հայ-թուրքական համատեղ կամ համաեվրոպական ծրագրեր։
Հայաստան-Թուրքիա-ԵՄ եռանկյունին թեև առայժմ չի ընկալվում որպես համադրելի ձևաչափ, սակայն, Հայաստանը, հայ հասարակությունը և Սփյուռքի կառույցները պետք է հնարավորություն ու հեռատեսություն ունենան չբացառելու այն հնարավորությունները, որոնք կարող են ծագել Թուրքիայի ԵՄ-ի անդամ դառնալու պարագայում։ Թուրքիայի իշխանական վերնախավը ևս քաջ գիտակցում է, որ ԵՄ անդամ Թուրքիան ոչ միայն ենթադրում է իրավունքների տիրապետում, այլ նաև պարտականություններ, թե Թուրքիայում ապրող փոքրամասնությունների, թե այդ փոքրամասնությունների Թուրքիայից դուրս ապրողների, Թուրքիայից բռնի տեղահանվածների կամ ինքնակամ հեռացածների համար։
Այսպիսով, չունենալով ԵՄ-ում որոշումների կայացման վրա ազդեցության կիրառման տեսանելի հաստատութենական լծակներ, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը կարողանա առավել բազմազանեցնի ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Թուրքիայի իշխանությունների համար, լայն առումով, Հայաստանի աջակցությունը էական չէ, քանի դեռ Հայաստանը ձեռք չի բերել քաղաքական ներգործության ազդեցիկ լծակներ։ Թուրքիայի նկատմամբ Հայաստանի կողմից արհեստական ու չընկալվող խոչընդոտների ստեղծումը կամ դրանց մասին բարձրաձայնումը կարող է որոշակիորեն ազդել երկրի հեղինակության վրա։ Հետևաբար, պետք է շարունակել վերջին տարիներին կանգ առած հայ-թուրքական մերձեցման գործընթացը և առկա փակուղային իրավիճակի լուծման բանալին գտնել համատեղ կառուցվող եվրոպական ապագայի կերտման համատեքստում։