Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Ցեղասպանության հատուցման դեմ-հանդիման. արդյո՞ք Հայաստանը բավարար չափով ինքնուրույն է

 
 
  Հայացք Հայկական Սփյուռքից
Ցեղասպանության հատուցման դեմ-հանդիման. արդյո՞ք Հայաստանը բավարար չափով ինքնուրույն է

Րաֆֆի Քալֆայան

 

 
Րաֆֆի Քալֆայան

Իրավաբան, FIDH նախկին գլխավոր քարտուղար, AGIR (Armenian Genocide International Reparation) ցանցի համակարգող

Առաջին հայացքից կարող է թվալ, թե հայոց ցեղասպանության հատուցման թեման բոլորովին դուրս է մնում հայ-թուրքական  հարաբերությունների և երկու երկրների առջև ծառացած իրավունքների և ազատությունների, ինչպես նաև անվտանգության հրատապ խնդիրների շրջանակներից: Սակայն եթե այս երկու երկրների փոխհարաբերություններն իրենց վրա կրում են  պատմության ծանր բեռը, անցյալի սխալների ուղղումը նոր դարաշրջանի հիմքերը դնելու հնարավորություն է: Մի կողմ թողնելով յուրաքանչյուր երկրին բնորոշ իրավիճակը, հոդվածագիրն անդրադառնում է հատուցման թղթապանակին և հնարավոր լուծումներին, ինչպես նաև ցեղասպանության և դրա հետևանքների վերաբերյալ Հայաստանի պետության կողմից ներկայումս վարվող քաղաքականությանը: Նա վեր է հանում անցյալում և ներկայում իր ճակատագիրը տնօրինելու հարցում հայ ժողովրդի հնարավորությունները և թե ինչպես են այդ գործոններն արտացոլվում ցեղասպանության հատուցման կամ տարածքային պահանջների բնագավառներում:

I – Հայաստանի պետության առանցքային դերը

Հարցին նվիրված բավարար քանակի հետազոտական աշխատանքները և խորհրդաժողովները հնարավորություն են տալիս խոսելու այն հիմնական ուղղությունների մասին, որոնք կարող են դառնալ հայոց ցեղասպանության հատուցման գործողությունների ծրագիրը թե նյութական և թե բարոյական առումով:

Ֆիզիկական  կամ իրավաբանական անձանց (ընտանիքների, ձեռնարկությունների, եկեղեցական հաստատությունների) սեփականության կորստի հետ կապված հատուցման հայցեր կարող են ներկայացվել Թուրքիայի դատարաններին համապատասխան փաստաթղթեր ունեցող անձանց կողմից և կամ խմբային հայցերի տեսքով, ինչպես դա տեղի է ունենում Միացյալ Նահանգներում: Յուրաքանչյուր ոք ազատ է նման հայց ներկայացնելու, սակայն դա հավաքական ոճրագործության պատճառած վնասին չի առնչվում: Պրակտիկան ցույց է տալիս, որ ժամանակի ընթացքում սեփականությանը վերաբերող միջնորդությունները գնալով ավելի «հավաքական» են դառնում, այսինքն հարուցվում են հավաքական հայցեր, քանի որ ապացույցներ հավաքելն ավելի ու ավելի է դժվարանում, ինչպես որ ավելի է դժվարանում ժառանգների իրավական դրության և նրանց՝ հայցով հանդես գալու հիմքերը հաստատելը, էլ չասած դատավարական խոչընդոտների մասին, մասնավորապես վաղեմության ժամկետի և դատարանի իրավազորության առումով, որ շատ ավելի դժվար հաղթահարելի է:

Հավաքական հատուցման հայցը առնչվում է զանգվածային հանցագործության պարագայում արդարության բուն էությանը: Այն շոշափում է ազգային (համահայկական առումով), ռազմավարական (տնտեսական վնասի փոխհատուցում, սահմաններ, հանցագործության չկրկնման երաշխիքներ) շահեր և ելնում է միջազգային իրավունքից (ճշմարտություն, իրավական օգնության միջոց, վերականգնում, վնասի փոխհատուցում և բավարարում ), քանի որ կատարված արարքները վերաբերում են ազգերի ողջ հանրության մղած պայքարին՝ ընդդեմ անպատժելիության, հանուն մարդկության և խաղաղության դեմ գործած ամենածանր հանցանքների կանխարգելման:

Ներկայումս գոյություն չունի այնպիսի դատական ատյան, որը ցեղասպանության զոհերի հետնորդներին թույլ տա հատուցման հայցով հանդես գալ, նամանավանդ առանց  Թուրքիայի համաձայնության: Շատ ժամանակ և տեղ կպահանջվի ներկայացնելու համար առկա բազում ու բազմապիսի առարկայական /օբյեկտիվ/ իրավական հիմնավորումները: Այնուհանդերձ բավական թվով աշխատանքներ էլ կարելի է ձեռնարկել, որոնք ճանապարհ կհարթեն անցյալում կատարված հանցագործությունների գծով Թուրքիայի պատասխանատվությունը հաստատող դատական որոշում ձեռք բերելու համար, այսինքն փաստաթղթի, որով կարելի է այդ երկրից պահանջել կատարելու հատուցման իր պարտավորությունը: Գործընթացի այս երկու փուլերում օգտագործվող երկու մեխանիզմները տարբեր են. առաջինի դեպքում խոսքը միջպետական մեխանիզմի մասին է (Արդարադատության միջազգային դատարանից իրավաբանական եզրակացություն ստանալու դիմում), որը կպահանջի Հայաստանի Հանրապետության դիմումը ՄԱԿ-ին՝ Գլխավոր վեհաժողովի կամ Անվտանգության խորհրդի դրական  քվեարկություն ստանալու նպատակով: Ինչ վերաբերում է հայցապահանջների իրականացմանը, նախընտրելի մեխանիզմն այս հարցում համապատասխան հանձնաժողով ստեղծելն է, որին կարելի է հասնել բանակցությունների միջոցով: Սակայն դրա համար հարկ կլինի ստանալ առնվազն Թուրքիայի համաձայնությունը, ըստ որի վերջինս պատրաստակամություն հայտնի կատարելու իր պարտավորությունները:

Ի վերջո ցանկացած հավաքական հատուցման գործընթաց կախված կլինի հայ-թուրքական միջպետական հարաբերություններից, ընդ որում՝ երեք հիմնական պատճառներով.

1. Թուրքիան կնախընտրի հայկական կողմի հետ ձեռք բերել համապարփակ համաձայնություն՝ վերջ դնելու համար հետագա ցանկացած անհատական կամ հավաքական հայցապահանջի,

2. Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը, չնայած հայոց ցեղասպանության և Թուրքիայի հետ առնչության բացակայությանը, պարտադրվում է որպես նախապայման՝ Հայաստանի հետ ցանկացած հարաբերության,

3. Երրորդ կողմերը համարում են, որ ցեղասպանության հարցն առնչվում է երկու պետությունների միջև փոխհարաբերություններին: Այսպես, Փերինչեքի գործով առաջին ատյանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (2013 թ. դեկտեմբերի 17) նշել էր, որ վեճի հիմքում գտնվող հարցը «առնչվում է երկու պետությունների միջև հարաբերություններին, այն է՝ մի կողմից Թուրքիային, մյուս կողմից՝ Հայաստանին, երկիր, որի ժողովուրդը եղել է կոտորածների և տեղահանումների զոհ»:

Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին, որ հաճախ արտահայտվում են հայերի կողմից, որոնք նաև որոշ քաղաքական կուսակցությունների ծրագրային նպատակների մաս են կազմում, հարկ է նշել, որ դրանք ոչնչով կապ չունեն հայոց ցեղասպանության հատուցման խնդրի հետ երկու հիմնական պատճառներով.

1.Օսմանյան կայսրության հայերը այդ կայսրությունում չեն ունեցել ինքնուրույն կամ անկախ տարածքային միավոր (XIV դարից մինչև ցեղասպանություն),

2. Այդ հարցերը պետությունների բացառիկ իրավասության տիրույթում են և ցանկացած տարածքային վեճ կարող է կարգավորվել միմիայն խաղաղ ճանապարհով, քանի որ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ուժի կիրառումն արգելվում է:

XVIII- XXI դարերի ուղղակիորեն հայերին վերաբերող երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի ուսումնասիրությունը, որոնք կնքվել են հայերի մասնակցությամբ կամ առանց նրանց, մի քանի ընդգծումների է հանգեցնում.

1. Ռուսաստանը եղել է ուղղափառ քրիստոնյաների (Արևելքի հարցը), այնուհետև հայերի  (առաջին հիշատակումը Սան Ստեֆանոյի և Բեռլինի 1878 թ. պայմանագրերում) պարտադրված կամ ընդունված խնամակալը,

2. Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև տարածաշրջանում իրենց ազդեցությունը հաստատելու պայքարը վճռորոշ է եղել հայերի ճակատագրի համար՝ ելնելով նախ Օսմանյան կայսրության, այնուհետև քեմալական Թուրքիայի ռազմական կամ գաղափարախոսական դաշինքներից,

3. Միակ պայմանագիրը, որ վերաբերում է հայկական պետության ստեղծմանը (Սեվր, 1920թ.) և այդ պայմանագրի ճակատագիրը աշխարհաքաղաքական խաղի լավագույն արտացոլումն են,

4. Ռուս-թուրքական պայմանագրով (Մոսկվա, 1921թ.) են սահմանվում կովկասյան հանրապետությունների սահմանները, որ վերջիններս հաստատեցին 1921 թ. հոկտեմբերի 21-ին Կարսի պայմանագրով: Պայմանագրում դրված է այս անդրկովկասյան բոլշևիկյան հանրապետությունների ինքնիշխանության հարցը:

Ամփոփենք. առկա իրավա-քաղաքական լուծումները, այն պահանջները, որ կարող է արտահայտել Թուրքիան կամ տարածքային պահանջների հնարավոր հարցը ենթադրում են Հայաստանի Հանրապետության անխուսափելի ներգրավումը, միաժամանակ դնելով վերջինիս իրական ինքնիշխանության հարցը:

II. Հանուն հայոց ցեղասպանության ճանաչման Հայաստանի Հանրապետության ներկա քաղաքականությունը որպես հատուցման փակուղի

Առ այսօր այդ քաղաքականությունը սահմանափակվել է 2015 թ. հունվարի 29-ի հայտնի հայտարարությամբ, որով Հայաստանի Հանրապետությունը սատարում է աշխարհում հայոց ցեղասպանության քաղաքական ճանաչումը: Մյուս կողմից ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է եղել «հեղինակությունը բարձրացնող դիվանագիտության» իրականացմանը՝ ցույց տալու համար, որ Հայաստանը գտնվում է ցեղասպանությունների կանխարգելման պայքարի առաջնագծում: Անշուշտ գովելի քաղաքականություն է, սակայն շատ հեռու է այն կոնկրետ գործողություններից, որոնք հարկ էր իրականացնել անցյալի ոճրագործության համար արդարության հասնելու նպատակով:

Կոնկրետ այս բնագավառում, այն է՝ ռազմավարության ձևակերպման կամ որոշակի գործողությունների մեկնարկման հարցում, Հայաստանի Հանրապետությունը դեռևս որոնումների մեջ է, և հատուկ այս հարցերի ուսումնասիրության նպատակով Սահմանադրական դատարանի ներքո ստեղծված կառույցը կոչված է ի մի բերելու հարցի վերաբերյալ ուսումնասիրությունները, վերլուծությունները և նախաձեռնությունները, սակայն գործելու լիազորությամբ օժտված չէ:

Հարկ է նաև նշել Հայաստանի Հանրապետությունում մեծ արձագանք ստացած դատական որոշ գործեր իրենց տարաբնույթ արդյունքներով, այդ թվում՝ ՄԻԵԴ Մեծ պալատում քննված Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի և նույն դատարանում լսված Շիրակովն ընդդեմ Հայաստանիգործերը:

Մասնագետների, ֆինանսական միջոցների պակասը, սփյուռքի կարողությունները չօգտագործելը և անթաքույց կախվածությունը ստեղծում են մի կրավորական վիճակ՝ մեծացնելով իրավական և քաղաքական վտանգները, քանի որ մի կողմից իրավունքին տրված ժամանակը հավերժ չէ, մյուս կողմից այդպիսով ասպարեզը թողնվում է հակառակորդին:

Այս գործելակերըը հղի է երեք ցավալի հետևանքներով:

Նախևառաջ, այն անմիջականորեն ազդում է հայկական սփյուռքի աշխարհիկ և կրոնական խոշոր կազմակերպությունների վրա, որոնք ավանդաբար իշխանամետ են: Հայ դատի առաջամարտիկ և ամենախիստ պահանջատեր դաշնակցությունը (ՀՅԴ) կոալիցիայի մեջ է իշխանության հետ, որի հետևանքով նախաձեռնություն հանդես բերելու նրա հնարավորությունները խիստ սահմանափակ են:

Երկրորդ, նման գործելակերպի հետևանք կրավորականությունը հնարավոր վատթարագույն սցենարներից մեկն է թե հատուցման և թե ցեղասպանության ճանաչման առումով (մայիսի 30-ին Բաքվում Էրդողանի առաջին խորհրդականը հայտարարեց, որ հայերը շարունակ խոսում են ցեղասպանության մասին, սակայն հրաժարվում են փաստերի ուսումնասիրությունից): Հայաստանի Հանրապետությունը և հայկական սփյուռքը նախահարձակ լինելու փոխարեն մշտապես միմյանց համահունչ հանդես են գալիս արձագանքողի դիրքերից, կատարելով անօգուտ քայլեր, ենթարկվելով Թուրքիայի և նրա դաշնակիցների դիվանագիտական և իրավական հարձակումներին: Որպես վերջին շրջանի օրինակ նշենք մեկ այլ իրավա-քաղաքական հարց, որին բախվել է Հայաստանի Հանրապետությունը. Ադրբեջանը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Գլխավոր վեհաժողովին որոշում կայացնելու Լեռնային Ղարաբաղի հայկական օկուպացիայի և այդ տարածքում երրորդ կողմերի իրականացրած տնտեսական գործունեության անօրինականության մասին՝ հենվելով  Ադրբեջանի օկուպացված տարածքներում  անօրինական տնտեսական և այլ տիպի գործունեություն վարող երրորդ կողմերի պարտավորությունների վերաբերյալ իրավաբանական եզրակացության վրա (կոչը ներկայացվել է 2017 թ. ապրիլի 10-ին):

Երրորդ, անցնող ժամանակը և իրավական անգործությունը կարող են խոչընդոտ դառնալ հայոց պահանջատիրության հետագա ցանկացած իրավական միջամտության համար, կամ այդ պահանջատիրությունը վերածել զուտ խորհրդանշական միջոցառումների: Որքան ժամանակի մեջ հնանում է միջազգային իրավունքի խախտումը, այնքան դժվարանում է վնասների վերհանումը, ուստի և հատուցումը դառնում ավելի խորհրդանշական, հավաքական և պարզապես հիշատակին տուրք տվող: Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին, սա ավելի խնդրահարույց է. միջազգային դատական ատյանների հաստատված դատական պրակտիկայի համաձայն՝ եթե ժամանակի ընթացքում մշտապես նման պահանջներ չեն կրկնվել, ապա ենթադրվում է, որ հայցվորը համակերպվել է իրավիճակին:  Կարող ենք արձանագրել, որ Թուրքիայի հանդեպ որևէ տարածքային պահանջ չի ներկայացվել ոչ Խորհրդային Հայաստանի, ոչ էլ ներկայիս Հայաստանի Հանրապետության կողմից: Արդ, կողմերի դիրքորոշումը չափազանց կարևոր է պահանջի հիմքերը սահմանելու համար, և կողմերից մեկի պասսիվությունը համարվում է պահանջատիրությունից հրաժարում:

Ամփոփում

Հայոց ցեղասպանության հատուցման հարցը կամ դրանից անջատ Հայաստանի տարածքային պահանջները Թուրքիայի նկատմամբ բնականաբար և աներկբայորեն առնչվում են հայ-թուրքական հարաբերություններին:

Եթե սփյուռքում զոհերի հետնորդների անունից և նրանց համար հատուցման հարցի վերաբերյալ նախաձեռնությունները հնարավոր և ցանկալի են, այնուամենայնիվ դրանք երկրորդական են ցեղասպանության նյութական և բարոյական կենտրոնական հարցի համեմատ: Իսկ այդ հարցը չի կարող լուծվել առանց Հայաստանի Հանրապետության ներգրավման՝ Թուրքիայի և հայերի միջև համապարփակ համաձայնության որոնման ճանապարհին:

Օսմանյան կայսրության  հայ ազգաբնակչությանը վերաբերող պայմանագրերի ժամանակագրությունը և ուսումնասիրությունը, Թուրքիայի և Հայաստանի միջև կնքված երկկողմանի կամ բազմակողմ պայմանագրերը, ինչպես նաև Սեվրի և Լոզանի  միջազգային պայմանագրերի աշխարհաքաղաքական հանգամանքները և նպատակները ցույց են տալիս, թե հայերը և Հայաստանը ինչ չափով են խաղալիք եղել, ինչպես են ընդունել, լինի դա իրենց կամքով կամ հակառակ դրան, մեծ տերությունների միջև ազդեցության պայքարի խաղի կանոնները:

Կարելի է ասել, որ Հայաստանի ինքնիշխանության հարցը գտնվում է հայ-թուրքական հարաբերությունների խնդիրների ամբողջության, հետևաբար նաև հատուցման հարցի կիզակետում: Ռուսաստանի դեմ Միացյալ Նահանգների և Եվրոպայի մղած նոր «սառը պատերազմը» և Իրանի դեմ Արևմուտքի և Իսրայելի մշտառկա սպառնալիքները ավելի են բարդացնում Ռուսաստանի կողմից «հովանավորվող» և Իրանի բարեկամ Հայաստանի ճակատագրի վերաբերյալ կանխատեսումները:

Այս բոլոր փոխազդեցություններն այսօր կենտրոնանում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վրա: 2009 թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները թաքնված կերպով այս նպատակին էին միտված: Եվ հենց այդ պատճառով էլ ձախողվեցին: Ադրբեջանի կառավարության կողմից ՄԱԿ-ում Հայաստանի դեմ ձեռնարկված իրավական-դիվանագիտական արշավն առանձին վերցված նախաձեռնության դրսևորում չէ, այլ Հայաստանի նկատմամբ նոր ճնշումների ձև: Թուրքիայի հետ իր հարաբերությունները կանոնավորելու և Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու իր կենսական շահի միջև Հայաստանի Հանրապետությունը յուրօրինակ աքցանի մեջ է հայտնվել՝ չունենալով սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորություն:

Բոլոր ջանքերը պետք է ուղղվեն այդ ինքնիշխանության հաստատմանը և վստահության վերականգնմանը: Առանց հրաժարվելու այսօրվա ռազմավարական դաշինքներից, Հայաստանի վարած ինքնուրույն քաղաքականությունը վստահություն կներշնչի Թուրքիային՝ նրան մղելով երկխոսության, ի վերջո հանգեցնելով երկկողմանի համապարփակ և ռազմավարական համաձայնության՝ ներառելով անցյալի վնասների փոխհատուցումը: Իր հերթին Թուրքիայի կողմից ողջունելի կլիներ քաղաքական անկեղծություն դրսևորելով անհապաղ ապահովող միջոցներ ձեռնարկել, այն է՝ կասեցնել պաշտոնական ժխտման իր քաղաքականությունը, դադարեցնել ատելության և խտրականության քարոզը և քննություն սկսել անցյալի իրադարձությունների վերաբերյալ՝ դրանում ներգրավելով քաղաքացիական և քաղաքական հասարակության ներկայացուցիչներին, այդ թվում հայ փոքրամասնության կազմից:

Այս հոդվածն առնչվում է 2017թ փետրվարի 17-ին Երեւանում կայացած «Ի՞նչ  ապագա ունի հայ-թուրքական երկխոսությունը: Հիշատակի հարցերի և միջազգային հարաբերությունների խաչմերուկում» բանավեճին: Համաժողովը կազմակերպել էր Երկիր Եւրոպա ՀԿ-ն՝ համագործակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիական ինստիտուտի Ալամբեր հիմնադրամի։

 

 

 

Հայոց Ցեղասպանություն, Ճանաչում և Փոխհատուցում

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

Twitter

Facebook