Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն
Հայացք Հայաստանից Հայաստանն ու Հայոց ցեղասպանության հետ կապված պահանջատիրության սիրողականությունը Լեւոն Գեւորգյան |
Լեւոն Գեւորգյան
Փաստաբան |
Այս հոդվածում Լեւոն Գեւորգյանը ցավով նշում է, որ Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված Էական արժեք ներկայացնող ոչ մի միջոցառում չի ձեռնարկվել, բացի «հիշատակի համերգներից, ցուցահանդեսներից և դեպի Հայաստանի Հանրապետություն զբոսաշրջիկների զգալի հոսքից»: Նա զգուշացնում է անգործության բացասական հետևանքների՝ Թուրքիայի դատարաններում և վերազգային ատյաններում դատական հայցերի բացակայության մասին: Նա անդրադառնում է նաեւ 1920թ նոյեմբերի 22-ի Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի օգտագործման անարդյունավետությանը, որն իր կարծիքով ամբողջովին անհեթեթ է, քանի որ անիրատեսական է և միջազգային իրավունքի տեսանկյունից՝ չհիմնավորված: Ի վերջո, հայ փաստաբանը կասկած է հայտնում, թե պե՞տք է արդյոք թույլ տալ Հայաստանի հանրապետությանը ներկայացնել Հայոց ցեղասպանության դատը ողջ հայության անունից, թե՞ վերջիններս պետք է ընտրեն Հայաստանի կողմից առաջարկվածից այլ ճանապարհ:
Չնայած ամբողջ Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող անհամար և անվերջանալի հակաթուրքական հռետորաբանությանը` Հայոց ցեղասպանության հարյուրամյակը բացահայտեց պահանջատիրության հետ կապված միասնական դիրքորոշման բացակայություն, որը հիմնված կլիներ միջազգային իրավունքի և քաղաքականության վրա, ինչը Հայաստանը ու հայերը պետք է ներկայացնեն ընդդեմ թուրքական պետության:
Էական արժեք ներկայացնող ոչ մի միջոցառում չի ձեռնարկվել, բացի Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների` հիշատակի համերգներ, ցուցահանդեսներ և զբոսաշրջիկների զգալի հոսք դեպի Հայաստանի Հանրապետություն:
Ինչպես և նախկինում, Հայաստանի Հանրապետության բոլոր նախաձեռնությունների գագաթնակետը սահմանափակվում է աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Թուրքիայի Հանրապետությունը չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, մինչդեռ ամբողջ (կամ առնվազն մեծամասնություն կազմող) սփյուռքահայության գործողությունների գագաթնակետը ԱՄՆ-ի նախագահին դատապարտելն է` «Ց» տառով սկսվող բառը իր` ապրիլի 24-ի ուղերձում չօգտագործելու համար:
Այսպիսով, Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը, չնայած վերջինիս մասսայականությանն ու կարևորությանը, այդքան էլ չէր տարբերվում նախկին ապրիլ քսանչորսյան օրերից: Այդ ամենի հետ մեկտեղ, սակայն, կարևոր է հասկանալ, թե ի՞նչ պետք է արվեր և կարող էր արվել մեկդարյա անգործության ընթացքում, որո՞նք են անգործության ռիսկերն ու նման անգործության բացասական հետևանքներն, և հնարավորության դեպքում դեռ ի՞նչ կարող է արվել` անկախ անցյալում գործած սխալների:
Վիլսոնյան վճիռը՝ անօգուտ փաստարկ:
Տարածքային պահանջը վերջին տարիներին Հայաստանում և հատկապես սփյուռքահայության շրջանում լայն տարածում ստացած ենթադրյալ պահանջ է, որը հիմնված է 1920թ.-ի նոյեմբերի 22-ի, այսպես կոչված, Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կիրարկման վրա (այսուհետ` Վիլսոնյան իրավարար վճիռ): Պահանջատիրության ամենաակտիվ ջատագովներից մեկը նախկին դեսպան Արա Պապյանն է, ով իր «Մոդուս Վիվենդի» հասարակական կազմակերպության միջոցով շատ ակտիվ գործունեություն է ծավալում`խթանելով այն միտքը, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային դատական հաստատությունում, ինչպես օրինակ` Արդարադատության միջազգային դատարանում, հայց ներկայացնի ընդդեմ Թուրքիայի Հանրապետության: Անմիջապես դեպի Սև Ծով մուտքով Արևմտյան Հայաստանի հողերին (ինչպես որ առաջարկվում է այսպես կոչված իրավարար վճռում) տիրանալու գաղափարը անկասկած հետքրքրում է իրեն հայ համարող յուրաքանչյուր անձի և լայն ժողովրդականություն է վայելում: Հարցը, սակայն, կայանում է նրանում, թե որքան իրատեսական է և որքան լավ է այդ պահանջը հիմնավորված միջազգային իրավունքում և կարող է այն արդյոք իրականում ուժի մեջ դրվել:
Իրավարար վճիռը իսկապես պետք է տրամադրվեր ԱՄՆ-ի նախագահի կողմից` համաձայն 1920թ.-ի Սևրի պայմանագրի: Պայմանագրի 89-րդ հոդվածն ամրագրում է.
«Թուրքիան և Հայաստանը, ինչպես նաև այլ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայն են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի իրավարարությանը ներկայացնել Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի որոշման հարցը, և ընդունել նրա որոշումն անմիջապես, ինչպես այն պայմանները, որոնք նա կարող է հանձնարարել` ապահովելու համար Հայաստանի ելքը դեպի ծով, այնպես էլ նշյալ սահմանին հարակից թուրքական տարածքի ցանկացած մասի ապառազմականացումը»:
Սևրի պայմանագիրը, սակայն, երբևէ չի վավերացվել: Այսպես, պրն. Պապյանը պնդում է, որ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը ունի իր սեփական իրավական ուժը`վավերականություն, որը տարբերվում է և գոյություն ունի առանց Սևրի պայմանագրի ուժի մեջ մտնելու: Նա պնդում է, որ նման վավերականությունը հիմնվում է 1899 և 1907թթ.-ի Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման Հաագայի կոնվենցիաների վրա, ըստ որի, համաձայն 46 և 71 հոդվածների, արբիտրաժային դատարանների վճիռները «վերջնական» են և «չեն կարող դառնալ հերթական քննարկման առարկա»:
Փաստարկը, ցավոք, այնքան անհամոզիչ է և չկապակցված իրական միջազգային իրավունքի հետ, որքան ցանկացած փաստարկ, որն առաջ կքաշվեր օրենքից, էլ չենք խոսում միջազգային իրավունքից, գլուխ չհանող որևէ անձի կողմից: Պարզ ասած, ցանկացած իրավարար վճիռ կամ դատավճիռ վավեր է միայն այն դեպքում, եթե վիճաբանող կողմերը ամրագրել են իրավասությունը նշված դատարանում: Հաագայի կոնվենցիաների համապատասխան դրույթները միայն ընդունում են այն փաստը, որ նման իրավասություն ունեցող տրիբունալի կամ դատարանի կողմից ընդունված վճիռը կամ դատավճիռը պետք է լինի վերջնական, սակայն նշված դրույթները նման դատարանների և տրիբունալների կողմից ընդունված վճիռներին և դատավճիռներին չեն օժտում պարտադիր իրագործման պայմանով` անկախ նրանից, թե որքան անհիմն է նրանց իրավասության շրջանակը:
Այն ժամանակ, երբ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավասությունը պետք է հիմնված լիներ Սևրի պայմանգրի 89-րդ հոդվածի վրա, առանց պայմանագիրը վավերացնելու պրն. Վիլսոնին ընդհանրապես չօժտեցին որևէ իրավասությամբ:
Հետևաբար, այս գործելակերպի վրա հիմնված ցանկացած փաստարկ, որը թեև գոհացնում և հռչակ է բերում իր հեղինակներին, ոչինչ չի անի ի շահ Հայաստանի Հանրապետության և հայությանն ընդհանրապես. այն պարզապես չի կարող:
Շատ ավելի անհեթեթ է այն, որ Սևրի պայմանգրին հղումը հարթեց իր ճանապարհը նաև դեպի Հայաստանի Հանրապետության նախագահի 2015թ.-ի հունվարի 29-ին հրապարակած հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը, որտեղ համապատասխան հատվածներում ասվում է.
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, համախորհուրդ սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնախմբերի հետ՝[…..] արժևորելով […..]1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի և 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը և նշանակությունը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, […..] վերահաստատում է Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը […..] ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար; […..] [և] […..] արտահայտում է Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը` Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»:[1]
Այս հռչակագիրը, որը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի պնդմամբ, պետական հաստատությունների մեծ մասի և հայ հասարակության ակնառու ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունք է, պարզվեց որ պարզապես հայրենասիրական հռետորության և երևակայության համադրություն է:
Չնայած հռչակագիրը իր մեջ պարունակում է Սևրի պայմանգրին և Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռին անհեթեթ հղում, այն, այնուամենայնիվ, պատմության մեջ առաջին անգամ իր մեջ պարունակեց բացեիբաց հայտարարություն Թուրքիայի Հանրապետության հետ վեճերը և հակասությունները կարգավորելու մտադրությունների մասին` դիմելով միջազգային իրավունքին: Ինչպես ժամանակն է ցույց տվել, ցավոք, սրանք միայն մակերեսային սպառնալիքներ էին:
Սերժ Սարգսյանի ոչնչացրած հույսը:
Միայն երեք ամիս անց` 2015թ.-ի ապրիլի 24-ին, թուրքական Հյուրիեթին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կապված այն հարցի հետ, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունը ունի որևէ տարածքային պահանջ Թուրքիայի հանդեպ, հանդես էր եկել հետևյալ հայտարարությամբ.
«Հայաստանի Հանրապետությունը, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրին տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր երբևէ չի եղել և չկա: Սա հստակ դիրքորոշում է: Մենք միջազգային հանրության լիիրավ ու պատասխանատու անդամ ենք, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն՝ հասկանում ենք մեր դերը միջազգային հարաբերություններում, հարգում ենք միջազգային իրավունքի սկզբունքները, նույնը, իմիջիայլոց, ակնկալելով նաև մեր արևմտյան հարևանից»:[2]
2015թ.-ի ապրիլի 27-ին ռուս լրագրող Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում Սարգսյանը փաստացի կրկնեց այդ մոտեցումը: Նախագահի հայտարարությունից հետո պրն. Պոզները խնդրեց, որպեսզի նախագահ Սարգսյանը հստակեցնի ցեղասպանության հարյուրամյակի հիշատակմանը նվիրված միջոցառումների կարգախոսի («Հիշում եմ և պահանջում») իմաստը, իսկ Սարգսյանի պատսխանը, թե «Մենք պահանջում ենք միայն ճանաչում» ի չիք դարձրեց բոլորիս հույսերը, որ Հայաստանը կարող է կանգնել հայության կողքին իր ցանկություններով հանդերձ և գործել որպես խելամիտ խաղորդ միջազգային հանրությունում:
Ավելին, այս մի քանի նախադասությունները նույնպես ցուցադրեցին Հայաստանի ներկայիս կառավարության՝ Հայաստանի շահերը միջազգային հարթակում ներկայացնելու անզորությունը: Նախագահ Սարգսյանի բարդ ձևակերպումը, որտեղ պահանջատեր լինելու վճռական ժխտմանը հաջորդող ներում հայցող հայտարարությունը, թե Հայաստանը միջազգային հանրության պատասխանատու անդամ է, ստեղծում է տպավորություն, թե նախագահը (ելույթ կազմող անձանաց, խորհրդականների և այլոց հետ մեկտեղ) ներպետական պահանջները համարում է արժանապատվությունը նվաստացնող և միջազգային հանրության պատշաճ անդամին ոչ վայել:
Ավելին, նմանատիպ հայտարարությունները իրենց մեջ կրում են հսկայական պատմական պատասխանատվություն, պատասխանատվություն գալիք սերունդների առջև, որի կշիռը նախագահ Սարգսյանը և նրա աշխատակազմը ակնհայտորեն ունակ չեն հասկանալու: Կան բազմաթիվ օրինակներ, երբ բարձրաստիճան պետական պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները, որտեղ հերքում էին իրենց պետությունների կողմից առաջ քաշված պահանջների առկայությունը կամ ճանաչում էին այլ պետությունների իրավունքները, ավելի ուշ միջազգային դատարանների և տրիբունալների կողմից մեկնաբանվել են որպես առաջին պետությունների կողմից վերջին խմբի դեմ պահանջներ ներկայացնելու գործընթացը խոչընդոտողներ:
Դրանք ներառում են Էրիտրեայի պետության և Եթովպիայի Դաշնային Դեմոկրատական Հանրապետության սահմանազատումը՝ Էրիթրեայի/Եթովպիայի սահմանազատման հանձնաժողովի կողմից Արբիտրաժային Մշտական Դատարանի [3]հովանու ներքո, Պրեախվիխեա[4] եկեղեցական համալիրի դատավճռի և Արդարադատության միջազգային դատարանի Կամերունի ու Նիգերիայի (Կամերունն ընդդեմ Նիգերիայի)[5] միջև Ցամաքային և ծովային սահմանի մասին դատավճռի հիման վրա: Քանի որ էստոպելի կանոնը ակնհայտորեն նկարագրվել է միջազգային տրիբունալի կողմից, այն կանխում է պետությանը «իր սեփական անհետևողականությունից առավելություն քաղելը»:[6]Իսկ Հայաստանի Հանրապետությունը անհետևողական է:
Սրանք են միջազգային իրավունքի հիմունքները: Իհարկե չի ակնկալվում, որ նախագահ Սարգսյանը (ինչպես ցանկացած այլ պետության ղեկավար) իրազեկ լինի միջազգային իրավական կարգի բոլոր բարդությունների մասին, բայց չէ որ նախագահի աշխատակազմը (խորհրդականները, ելույթ գրողները և այլոք), ինչպես նաև Արտաքին գործերի նախարարությունը հենց այդ նպատակի համար են: Այս փաստերը հաշվի չառնելը և այնպիսի հայտարարություններ անելը, որոնք կարող են հսկայական հետևանքներ ունենալ գալիք սերունդների վրա և խոչընդոտել նրանց` միջազգային տրիբունալներում և դատարաններում Թուրքիայի Հանրապետության դեմ հայցի ներկայացմանը հսկայական պատմական բեռ է, ինչը չպետք է այդքան հեշտությամբ հանձն առնվի: Իսկ այս ամենը չհասկանալը գիտելիքի կամ պրոֆեսիոնալ խորհրդականների բացակայության պատճառով չի կարող լինել մեղմացուցիչ հանգամանք:
Ինչևէ, սա նորություն չէ: Սա պարզապես ևս մեկ սխալ է բազմաթիվ թույլ տված սխալների մեջ: Փակ սահմանների հարցը չբարձրացնելը և դեպի ծով մուտքի իրավունքի արգելափակումը Թուրքիայի կողմից, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեմ չբողոքելը և Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից վարվող ակնհայտ հակահայկական քարոզչությունը և ատելությամբ լի ելույթները (ինչը 1969թ.-ի Ռասայական խտրականության կոնվենցիայի ակնհայտ խախտում է), Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման անհամար դեպքերին հակընդդեմ գործողություններ չձեռնարկելը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առջև պարտվելը` ճանաչելով Հայաստանի Հանրապետության իրավասությունը Լեռնային Ղարաբաղի[7]նկատմամբ և, հետևաբար, վտանգի ենթարկելով վերջինիս ինքնորոշման ջանքերը ու պետականության պահանջները, Հայաստանի ներկայիս աշխատակազմի որոշ միջազգային «ձեռքբերումներն» են:
Սա, իհարկե, բարձրացնում է այն հարցը, թե արդյոք աշխատակազմը ընդհանրապես ունի որևէ օրակարգ միջազգային իրավունքի ներքո: Ինչևէ, այստեղ շատ ավելի կարևոր է այն հարցը, թե արդյոք սփյուռքահայությունը ընդհանրապես պետք է վստահի ներկայիս Հայաստանի Հանրապետությանը Հայոց ցեղասպանության խնդիրը ներկայացնելու հարցում, թե նրանք փոխարենը պետք է ընտրեն այլ ճանապարհ և փնտրեն պատմական արդարությունը վերականգնելու այլընտրանքային ճանապարհներ` ճանապարհներ, որոնք հիմնված կլինեն դատական հայցի վրա, այլ ոչ թե «Ց» տառով սկսվող բառի քաղաքական առևտրի շուրջ, Թուրքիայի դատարաններում, իսկ հետագայում Մարդու իրավունքերի եվրոպական դատարանում գույքի և տեղեկատվական պահանջներ ներկայացնելու միջոցով, այլ ոչ թե Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված վեհաժողովների և համերգների միջոցով: Ժամանակը թռչում է, և մենք բոլորս կվերածվենք այս անգործության բեռը կրողների, եթե բաց թողնենք մեր հնարավորությունը:
[1]Հռչակագրի տեքստը հասանելի է հետևյալ հղումով`http://www.president.am/en/press-release/item/2015/01/29/President-Serzh-Sargsyan-visit-Tsitsernakaberd-Genocide/
[2]Հարցազրույցը հասանելի է հետևյալ հղումով`http://www.hurriyetdailynews.com/armenia-ready-for-normalization-of-ties-president-sargsyan-says.aspx?pageID=238&nID=81490&NewsCatID=510.
[3]Էրիտրեայի պետության և Եթովպիայի Դաշնային Դեմոկրատական Հանրապետության սահմանազատում, [2002] 130 ILR 1, 36.
[4](Կամբոջան ընդդեմ Թայլանդի), 1962 ICJ 6, 32.
[5]Կամերունի ու Նիգերիայի միջև ցամաքային և ծովային սահման (Կամերուն ընդդեմ Նիգերիայի),Նախնական առարկություններ, 1998 ICJ 275, ¶57.
[6]The M/V “Saiga” (No. 2) (Saint Vincent and the Grenadines v. Guinea), [1999] 120 ILR 143, ¶37.
[7]Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի, Դիմում№ 13216/05, 2015թ.-ի հունիսի 16-ի Գերագույն պալատի վճիռը: