Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն
Հայացք Հայաստանից Վլադիմիր Վարդանյան |
Վլադիմիր ՎարդանյանՄիջազգային իրավունքի փորձագետ |
Միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանը մանրակրկիտ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում Հայոց Ցեղասպանության դրույթի, նաեւ՝ Արեւմտյան Հայաստանի պահանջատիրության կետի առկայության հարցը։ Նրա խոսքով, Հայաստանի հիմնական փաստաթղթում Ցեղասպանության հիշատակումը հիմնված է միջազգային իրավունքի եւ նորմերի վրա։ Իրավագետը խոսել է նաեւ 1921 թվականին ռուս-թուրքական պայմանագրի իրավազորության հարցը։
Ինչպե՞ս է ՀՀ Սահմանադրության մեջ արծարծվում Ցեղասպանության հարցը: Ի՞նչ կա գրված այդ մասին։
Ե՛վ ոչինչ, ե՛ւ ամեն ինչ։ Ինչո՞ւ ոչինչ. քանի որ սահմանադրության մեջ որեւէ հղում չկա, ինչը տրամաբանական է այն առումով, որ Սահմանադրությունն ապագային ուղղված գործիք է: Այն գործիքը, որ կոչված է կանոնակարգել հարաբերությունները պետության եւ անհատի , անհատի եւ հասարակության եւ այլն… Տրամաբանական էլ չէր լինի դրույթներ նախատեսել պատմական անցյալի վերաբերյալ: Այդ ավելի շատ քրեական իրավունքի, օրենսդրության կամ Ցեղասպանության ժխտման դեմ ուղղված հիմնահարցն է։ Սա այն հարցի պատասխանն է, թե ոչինչ չկա գրված: Մյուս կողմից՝ գրված է ամեն ինչ, քանի որ Սահմանադրությունը նախաբանում հղում է կատարում անկախության հռչակագրի վրա, որը Սահմանադրության բաղկացուցիչ մասն է եւ այնտեղ միանշանակ հղում է կատարում նաեւ այն դրույթին, որն ասում է. «ՀՀ սահմանադրությունը սատար է կանգնում Արեւմտյան Հայաստանում եւ Oսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության ճանաչմանը եւ դատապարտմանը»։ Այսինքն՝ պետության հիմնադիր փաստաթղթում պետության ստեղծման հիմնական նպատակներից մեկն ամրագրվել է. Հայոց Ցեղասպանության դատապարտման եւ ճանաչմանը սատար կանգնելու պարտավորությունը։ Ահա ինչ կարելի է ասել Սահմանադրության եւ Հայոց Ցեղասպանության փոխհարաբերությունների մասին։
Իհարկե, Սահմանադրության՝ Մարդու իրավունքներին նվիրված բաժինը որպես այդպիսին հիմնված է միջազգային իրավունքի համապատասխան նորմերի եւ սկզբունքների հիման վրա, միանշանակ բացասական վերաբերմունք ունի ցեղասպանության կամ հանրության դեմ ուղղված, միջազգային իրավունքի դեմ կատարված ցանկացած հանցագործության նկատմամբ։
Իսկ ի՞նչ է ասում Սահմանադրությունը ցեղասպանության զոհերի ժառանգների մասին, որոնք ձեւավորել են Սփյուռքն ու նաեւ Հայաստանի մի մասն են կազմում։
Քանի որ Սահմանադրությունն ապագային ուղղված գործիք է, պատճառա-հետեւանքային կապը միայն նախաբանի միջոցով է իրականացվել: Եվ, իմ խորհին համոզմամբ, Սահմանադրության գործը չէ կարգավորել զոհերի կամ նրանց ժառանգների հատուցման հիմնահարցերը:
Հետեւաբար, Արեւմտյան Հայաստանի մասին նույնպե՞ս բան չկա։
Ի՞նչ կարող էր լինել Արեւմտյան Հայաստանի մասին. կան դրույթներ, որոնք կոչված են պաշտպանել հայ ազգի մշակութային ժառանգությունը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում. սա ընդհանուր դրույթ է: Որեւէ այլ դրույթ չկա, եւ գուցե կարիք էլ չկա։
Արդյո՞ք Հայաստանը ճանաչում է Առաջին Հանրապետության (1918-1920թ.թ.) եւ Խորհրդային Միության կողմից ստորագրված բոլոր պայմանագրերը…
Այստեղ հարցը շատ ավելի բարդ է: Հայաստանն իր ձեւավորումից հետո առաջնորդվել է միջազգային պարտավորությունների առումով, այսպես կոչված, տաբուլա ռասայի` մաքուր տախտակի կամ մաքուր էջի սկզբունքով, այսինքն՝ չի ճանաչել մինչեւ Հայաստանի ստեղծումը կնքած իր համար պարտադիր որեւէ փաստաթուղթ։ Խոսքը ե՛ւ Կարսի, ե՛ւ Մոսկվայի պայմանագրերին է վերաբերում։ Տրամաբանությունը հետեւյալն է. որպես նորանկախ պետություն, Հայաստանն ինքնուրույնաբար ստանձնում է միջազգային իրավական պարտավորությունները, համապատասխանաբար առանձին-առանձին միանալով կամ կնքելով միջազգային պայմանագրեր։ Սա ընդհանուր մոտեցում է, որ ձեւավորվել է 1991 թվականից։
Իրավական տեսակետից, միջազգային իրավունքի համաձայն, կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը հատուցման հայց ներկայացնել:
Նախ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում հատուցման հայց: Հայաստանը Ցեղասպանության մասին կոնվենցիայի 9-րդ հոդվածի ուժով կարող է դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ ասելով, որ Oսմանյան Կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը Ցեղասպանություն է իրականացրել կամ խախտել է ցեղասպանության մասին կոնվենցիան՝ դրանից բխող հետեւանքներով։ Որոշմանը կհետեւի՞ հատուցման հարց, ուրեմն՝ այո, եթե ոչ, ապա՝ ոչ։ Բայց խոսքը վերաբերում է միջպետական հայցին։ Հնարավոր են տարբեր մեխանիզմներ։ Բազմիցս ասել եմ, մենք պետք է 3 տիպի պահանջներ տարանջատենք. միջպետական, ցեղասպանությանն այսպես կոչված հարակից պահանջներ, որոնք չեն բխում ցեղասպանությունից, բայց ածանցյալ են (դրանք կարող են լինել ապահովագրական ծախսեր, վճարներ), եւ հարակից պահանջներ: Դրանք էլ ցեղասպանությունից բխող պահանջներն են, որոնք կարող են նախաձեռնվել տարբեր պետությունների դատական իրավազորությունների ներքո, ինչպես Թուրքիայի, այնպես էլ այլ պետությունների պարագայում: Եվ, իհարկե, առանձին պահանջի տեսք կարող է ստանալ, հատկապես եվրոպական երկրներում, Ցեղասպանությունը ժխտելու դեմ համապատասխան հայց ներկայացնելը, այդ թվում՝ տեսականորեն նաեւ Թուրքիայում։ Միջպետական առումով ես տեսնում եմ միայն ՄԱԿ-ի միջազգային դատարանի շրջանակում, եթե միակողմանի հայց է, կամ, Թուրքիայի համաձայնությամբ, այլ մեխանիզմների միջոցով։
Խոսեցիք Հայոց Ցեղասպանության ժխտման հայցի մասին, ամենաթարմը, թերեւս, Ֆրանսիայում քննարկվող նախագիծն էր։ Որպես մասնագետ, որքանո՞վ եք ճիշտ համարում այլ պետությունների կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ ընդունելու ձեռնարկը։
Դա յուրաքանչյուր պետության ներքին գործերի գործն է։ ԱՄՆ-ում խոսքի ազատության վերաբերյալ այլ մոտեցում է գործում: Միացյալ Նահանգներում նման օրենք չի կարող ընդունվել, համենայն դեպս՝ մոտ ապագայում։ Երկրորդ աշխարհամարտից, ողջակիզման աղետից հետո եվրոպական շատ երկրներ փորձում են օգտագործել այս մոտեցումը՝ թույլ չտալով ժխտել այնպիսի փաստեր, ինչպիսիք են, օրինակ, Հոլոքոստը կամ մարդկության դեմ իրագործված ոճրագործությունը։ Այսինքն՝ այդ բնորոշ է եվրոպական տարածաշրջանին. կան երկրներ, որտեղ ընդհանրապես հակասահմանադրական է նման օրենքը, կան երկրներ էլ, որտեղ այդ սահմանադրական իրավունքի բաղկացուցիչ մաս է… Բայց դա յուրաքանչյուր պետության ներքին գործն է, եւ մենք չենք կարող ասել՝ այդ լավ է, թե՝ վատ։
Իսկ ի՞նչ կասեք Շվեյցարիայի մասին։
Շվեյցարիայի պարագայում Հայոց Ցեղասպանության ժխտման հստակ օրինագիծ ընդհանրապես չկա: Պարզապես դատարանն առաջնորդվեց գոյություն ունեցող քրեական դատավարության եւ օրենսդրության նորմերով՝ սահմանելով, որ նման ելույթներն ու հայտարությունները, ըստ էության, մարդատյացության դեմ պայքարի ընդհանուր տրամաբանությունից են բխում եւ ազգային, կրոնական կամ այլ տեսակի ատելություն են տարածում: Ընդ որում, ուշադրություն դարձնենք շատ կարեւոր մի հանգամանքի վրա. այդ օրենքները չեն տարածվում, այսպես կոչված, հիմնավորված կասկածների վրա։ Խոսքը պարզապես «լկտի» կերպով գոյություն ունեցող փաստերը չընդունելու քաղաքականության մասին է, երբ անձը պարզապես ընդդիմանում է։
Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն արդյո՞ք պարտադիր պայման է, որ Հայաստանի Հանրապետությունը կամ զոհերի ժառանգները կարողանան հատուցման հայց ներկայացնել։
Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստն էական նշանակություն ունի։ Ի՞նչ հետեւանքներ կունենա այդ եւ ի՞նչ ձեւով կարվի՝ այսօր դժվար է ասել։ Արդյո՞ք Թուրքիան կճանաչի զուտ փաստի եղելությունը՝ հրաժարվելով որակումներից, թե՝ այլ կերպ։ Թուրքիայի կողմից ճանաչումը միանշանակ բեկումնային փոփոխություններ կբերի միանշանակ։ Իրավունքի դեպքում սատանան թաքնված է մանրուքների մեջ. պետք է հստակ հասկանալ, թե ի՞նչ պահանջ ենք ներկայացնում։ Եթե խոսքը վերաբերում է գույքային պահանջներին, այլ հարց է, եթե խոսքը հարազատին կորցնելու մասին է, ապա այլ հայեցակարգ է պահանջվում։ Եթե խոսքը վերաբերում է պետությանը «ժառանգություն » մնացած գույքին, ապա բոլորովին այլ ընթացակարգ է։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հասկանալ մանրամասները։ Ճանաչումը չափազանց կարեւոր է անմիջականորեն Ցեղասպանությունից բխող պահանջներ ներկայացնելու համար։
Տարածքների փոխհատուցման մասին իրավական տեսակետն ի՞նչպիսին է։
Տարածքային փոխհատուցման հարցն իրականում շատ բարդ է՝ համապատասխան տարածքներն Օսմանյան կայսրության իրավահաջորդից անջատելու եւ Հայաստանին միացնելու վերաբերյալ… Կարելի է ասել, որ սա ոչ թե անմիջականորեն ցեղասպանությունից բխող հարց է, այլ Հայկական հարցի հետ փոխկապակցված ինստիտուտ։ Ի վերջո, չպետք է մոռանանք, որ այդ տարածքների անջատումն Oսմանյան կայսրությունից պայմանավորված է մի շատ կարեւոր հանգամանքով. Oսմանյան կայսրությունը չէր կարողացել ապացուցել միջազգային հանրությանը, որ ի վիճակի է ապացուցել իր հայ հպատակների անվտանգությունը: Այդ հիմքով այս տարածքը չէր կարող այլեւս գտնվել Oսմանյան կայսրության տիրապետության ներքո։ Այսօր, իհարկե, այդ տարածքները, այդ թվում՝ Ցեղասպանության հետեւանքով, հայաթափ են եղել։ Ես չեմ ուզում որեւէ դիրքորոշում արտահայտել այս հարցի վերաբերյալ, բայց պետք է նշեմ հետեւյալը. Ցեղասպանության հետեւանքով պատճառված վնասներն ու Հայկական հարցի լուծման ուղիները թեեւ շատ դեպքերում շաղկապված են, բայց տարբեր երեւույթներ են։ Մի բան հստակ է. այսօր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկա ամբողջական, լիիրավ երկկողմ կամ նույնիսկ բազմակողմ, որեւե կասկած չառաջացնող, միջազգային նորմերին համապատասխան պայմանագիր՝ վավերացված բոլոր կողմերի կողմից։
2010 թվականի հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վերաբերյալ Թուրքիան որակեց որպես գլխավոր խոչընդոտ հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացի եւ արձանագրությունների վավերացման համար։ Ի՞նչ կասեք այս մասին։
Սահմանադրական դատարանի որոշման մեջ գրված է այն, ինչ գրված է: Այսքանը...
Սահմանադրական տեսակետից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին Հայաստանի պահանջն այսօր որքանո՞վ է ի զորու համապատասխան արդյունք արձանագրել։
Հայոց Ցեղասպանության հարցի կարգավորում՝ իրավական միջոցների օգտագործմամբ։ Ես շատ սուբյեկտիվ եմ: Շատերը գուցե ինձ հետ չհամաձայնեն, բայց ես կարծում եմ, որ Ցեղասպանությունը որպես այդպիսին հանցագործություն է՝ ըստ միջազգային իրավունքի։ Հետեւաբար, պատասխանատվության միջոցներն էլ պետք է հավուր պատշաճի ձեւակերպված լինեն։ Եվ եթե այդպես է, միայն եւ միայն իրավական ճանապարհով պետք է փորձել հասնել Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ համապատասխան հատուցման։ Ժամանակակից աշխարհը, ի տարբերություն 20-30 տարի առաջ գոյություն ունեցող աշխարհի, որում վիճարկվում էր զուտ ցեղասպանություն կոչվող հանցագործության համար պետության պատասխանատվության գաղափարը, էապես փոփոխվել է։ Այսօր միջազգային իրավունքի դեմ ուղղված հանցագործության պատժելիության մեխանիզմները, կարծես, աստիճանաբար թափ են առնում եւ զարգանում են։ Հենց այս զարգացման հունի ներքո էլ մենք պետք է առաջ տանենք գործընթացները։ Իհարկե, այստեղ միանշանակ միաժամանակյա մոտեցում է անհրաժեշտ Հայաստանի եւ Սփյուռքի բազմաթիվ կառույցների միջեւ՝ ե՛ւ իրավական, ե՛ւ քաղաքական տեսակետից: Դյուրին գործ չէ։ Ի վերջո, մենք մեկ անձի սպանվելու հետ գործ չունենք, մենք գործ ունենք հանցավոր քաղաքականության հետ, որը տեւել է մի քանի տարի, որին մասնակից են եղել տասնյակ հազարավորներ, զոհվել են հարյուր հազարավորներ, մինչեւ միլիոն։ Ինչքան էլ իրավական հարթակում փորձենք լուծել՝ երբեմն իրավականն անցնում է երկրորդական հարթակ...