Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն
Հայացք Հայաստանից Լիլիթ Գասպարյան |
Լիլիթ ԳասպարյանԼրագրող Հայաստանից |
Հայոց Ցեղասպանության ճանաչումը որքան օրակարգային է Հայաստանի, նույնքան էլ ոչ օրակարգային է Թուրքիայի համար: Թուրքիան, որ տասնամյակներ շարունակ մերժողական քաղաքականություն է վարել եւ վարում, ահռելի միջոցներ է ծախսում՝ ամեն առիթով առերեսումից խուսափելու համար: Հայոց Ցեղասպանության հարցը հաճախ հայտնվում է միջազգային գերտերությունների օրակարգում, բայց, ավաղ, այն ոչ միշտ է հայկական շահեր հետապնդում: Շատ հաճախ նրանք հարցի քննարկման ընթացքում հիմնական նպատակ են դարձնում Թուրքիային ճնշելով՝ ստանալ ցանկալին:
Հայաստանում կուսակցությունները ներքին քաղաքական հարցերում գրեթե երբեք համակարծիք չեն: Նույնիսկ ընդդիմության ներսում երբեմն դժվար է լինում որեւէ հարցի շուրջ համախմբվել: Հայոց Ցեղասպանությունը կարելի է ասել այն եզակի հարցերից է, որի շուրջ կուսակցությունները, եթե ոչ ամբողջությամբ, բայց մեծ մասամբ համակարծիք են: Տեսակետները հիմնականում այսպիսին են. Հայոց Ցեղասպանության ճանաչումը Հայ դատի արդարացի լուծման ճանապարհի վերջնակետը չէ: Դրան պետք է հետեւեն պահանջները, այդ թվում՝ ցեղասպանության զոհերի ժառանգների՝ իրենց նախնիներին պատկանող հողերի նկատմամբ իրավունքների ճանաչումը:
ՀԱՅԱԶԳԱՅԻՆԿՈՆԳՐԵՍ
Ընդդիմադիր կուսակցություն – 7/131 պատգամավոր
Արման Մուսինյանը, ՀԱԿխոսնակ
Եթե մենք խոսում ենք քաղաքական կուսակցությունների դիրքորոշման մասին, նախ կցանկանայի, որ դիտարկենք Հայաստանի պատմության ընթացքում Հայոց Ցեղասպանության եւ դրան շաղկապված հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մոտեցումները: Ընդհանուր առմամբ, կա երկու մոտեցում. Հայաստան եւ Սփյուռք: Սփյուռքի պարագայում դա հասկանալի է, որովհետեւ Հայոց ցեղասպանությունը վերապրածներ եւ նրանց ժառանգներ են, ովքեր, ըստ էության, քաղաքացիական եւ ազգային խնդիր են դնում, իսկ դա քաղաքական խնդիր չէ: Հայաստանի պարագայում հարցը հետեւյալն էր. ինչպիսի՞ քաղաքականություն պետք է որդեգրել Ցեղասպանության հարցում:
Մենք կարծում ենք, որ Ցեղասպանության հարցը չպետք է դնել երկու պետությունների հարաբերությունների միջեւ: Որովհետեւ Թուրքիան Հայոց Ցեղասպանություն գործելու համար պատասխանատու չէ Հայաստանի առջեւ: Թուրքիան այդ ոճրի հարցում պատասխանատու է համայն մարդկության առջեւ, ցեղասպանությունը, որպես երեւույթ, ոճրագործություն է ամբողջ մարդկության առջեւ: Խնդիրը նույնն էր նաեւ Հոլոքոստի պարագայում:
Ինչ վերաբերում է պատմաբանների հանձնաժողովին: Դրա ստեղծումը բերեց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման: Դրանից հետո ցույց տվեք մի երկիր, որ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Մենք կարծում ենք, որ Ցեղասպանության հարցը չպետք է լինի արտաքին քաղաքական օրակարգում, որովհետեւ այդ դեպքում սակարկման խնդիր է դրվում, իսկ Հայոց Ցեղասպանության հարցն անսակարկելի է: Ցեղասպանության հարցը հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում դնելը ողբերգական սխալ էր:
ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ընդդիմադիր կուսակցություն - 5/131 պատգամավոր
Կիրո Մանոյան, Արտաքին կապերի գրասենյակի տնօրեն
Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցն ուղղակիորեն առնչվում է հայոց հողային պահանջատիրությանը: Հետեւաբար, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ճիգերը պետք է շարունակել համապատասխան տեսլականով: ՀՅԴ-ն կարծում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է նոր՝ հատուցման եւ Հայաստանի ու հայության իրավունքների ձեռքբերման փուլի սկիզբ դառնա: Թուրքիան եւ ամբողջ աշխարհը պետք է հասկանան, որ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն ինչ-որ բանի վերջ չի կարող լինել, այն ընդամենը կարող է ինչ-որ բանի սկիզբ դառնալ: Թեեւ հատուցման հարց արծարծելու համար պարտադիր չէ, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը:
Դաշնակցությունը հինգ տարի առաջ արդեն ձեւավորել է մասնագետների խումբ, որը պատրաստել է Հայոց Ցեղասպանության հատուցման եւ հայ ժողովրդի ու Հայաստանի իրավունքների ձեռքբերման վերաբերյալ բազմակողմանի ուսումնասիրություն։ 2010 թվականի վերջերին, ուսումնասիրության նախագիծը դրվել է հրապարակային քննարկման եւ շուտով կհրապարակվի այդ նախագծի լրամշակված տարբերակը: Այն նույնպես կդրվի հանրային քննարկման, եւ հասարակության տարբեր շերտեր իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն կունենան: Այս ուսումնասիրության մեջ կա հատուցման երեք մակարդակ. տարածքային իրավունքներ, հավաքական-ազգային ունեցվածքի հատուցում եւ անհատական հատուցում: Ուսումնասիրության հիմնական դրույթների շուրջ, իհարկե՝ որոշ ճշգրտումներով, անհրաժեշտ է ձեւավորել համահայկական համախոհություն։ Հատկանշական է, որ այս ուղղությամբ ապրիլի 24-ին հայկական եկեղեցու զույգ՝ Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ Թուրքիայից պահանջելով «անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին` որպես իրավատիրոջ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները եւ հոգեւոր-մշակութային արժեքները» եւ հայտարարեցին, որ այդ նպատակի համար իրենց բոլոր կարելիություններն ի գործ պիտի դնեն:
ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ոչ ընդդիմադիր, ոչ իշխանական (այլընտրանքային) – 36/131 պատգամավոր
Ստեփան Մարգարյան, պատգամավոր
Կան բարոյական չափորոշիչներ, որոնցով պետք է առաջնորդել: Հայոց Ցեղասպանության զոհերի ժառանգներն ինչ-որ բան են ուզում՝ հանգստանալու համար, բայց չեն ստանում: Որովհետեւ ժխտումը չոր եւ անդադար կերպով է լինում: Սա ճիշտ չէ: Կուսակցությունը որեւէ պահանջատիրություն չունի: Մենք կարեւորում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների սկսվելն ու խորանալը: Սկզբնական փուլում, բնականաբար, խոսքը զուտ տնտեսական կապերի եւ դիվանագիտական հարաբերությունների մասին է: Միանգամից լուրջ քաղաքական հարաբերություններ սկսելն անհնար է, բայց գոնե հարեւան երկրներին բնորոշ ամենանվազագույն մակարդակն ապահովել: Կարծում եմ՝ դրանից հետո երկու ժողովուրդներն ուժ կգտնեն շարունակել հարաբերությունները: Ի վերջո կյանքը շարունակվում է, եւ մենք հարեւաններ ենք: Մենք կարեւորում ենք ինչպես Թուրքիայի հետ հարաբերությունները, այնպես էլ Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Մնում է՝ կյանքը ցույց տա, թե որքան խորը կզարգանան հարաբերություններն ու ինչպիսի հարեւաններ կլինենք: Մեղքի զգացումն ու անկեղծ զղջումն առաջնային կարեւորություն ունեն: Մենք, իբրեւ հարեւաններ, վատ գիտենք միմյանց: Հատկապես Թուրքիան վատ գիտի մեզ, մեր քաղաքական վերնախավն ու առհասարակ Հայաստանը: Իսկ շփումը կարեւոր է թե՛ Հայոց ցեղասպանության ճանաչման, թե՛ հարաբերությունների բարելավման համար:
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Իշխանական մեծամասնություն – 70/131 պատգամավոր
Արտակ Զաքարյան, պատգամավոր
Հայոց Ցեղասպանությունն առաջին հերթին պետք է համամարդկային նշանակություն ունենա: Հայ ժողովուրդը պետք է ճանաչվի որպես ազգ, որի նկատմամբ իրագործվել է մարդության պատմության մեջ ամենադաժան ոճիրներից մեկը: Ազգ, որ հայրենազրկվել է: Ազգ, որ իրավունք ունի, եւ միջազգային հանրությունը պարտավոր է աջակցել, որպեսզի տեր լինի այն տարածքներին, որտեղ ապրել եւ արարել է: Ազգ, որ համաշխարհային քաղաքակրթության մեջ իր ուրույն տեղն ունի եւ արժանի է հարգանքի: ՀՀԿ-ն այդ ճանաչումից ակնկալում է նախ բարոյական փոխհատուցում եւ գործընթացներ, որ Հայաստանի Հանրապետության համար կբարելավի արտաքին քաղաքական հնարավորությունները: Հայաստանը հայ ժողովրդի ցանկություններն արտահայտող հավաքական սուբյեկտն ու երաշխավորն է: Երբ ասում ենք՝ մեր նպատակն է հասնել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դա զուտ դեկլարատիվ բնույթ չպետք է ունենա: Մեր նպատակն առաջին հերթին միջազգային հանրության կողմից արձանագրումն է եւ, ինչպես հարիր է քաղաքակիրթ աշխարհին, Թուրքիան նախ ինքը պետք է ճանաչի այդ: Բացի բարոյական լինելուց, Հայոց ցեղասպանության ճանաչումը նաեւ հնարավորություն կտա իրական խաղաղարար հարաբերությունները երկարացնելը: Դա հնարավորություն կտա նաեւ հարթել տարածաշրջանային հիմնախնդիրները, զարգացնել Թուրքիայի ներսում ժողովրդավարական արժեքները: Հայոց Ցեղասպանության ճանաչումը բազմաթիվ դրական գործոններ պարունակող գործընթաց է: Պատահական չէ, որ Թուրքիան ահռելի միջոցներ է ծախսում այն հերքելու համար եւ իր կառավարիչներով հանդերձ չի ցանկանում տարածաշրջանում խաղաղության եւ խաղաղ գործակցության խնդիրներ լուծել: Փորձում է տարածաշրջանում դերակատարություն ստանձնել, որն էլ իսլամական աշխարհում որոշակի առաջատարություն կապահովի: ՀՀԿ-ն ավելի շատ հայրենատիրության սկզբունքով է առաջնորդվում: Իսկ պահանջատիրության մասին այսօր դժվար է խոսել:
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ընդդիմադիր կուսակցություն – 4/131 պատգամավոր
Հովսեփ Խուրշուդյան, կուսակցության խոսնակ
Հայոց Ցեղասպանության ճանաչումը բարոյական կարեւորագույն խնդիր է նախ եւ առաջ ցեղասպանության զոհերի ժառանգների եւ ամբողջ հայ ժողովրդի համար: Մարդկության դեմ իրականացված նման ոճիրը չի կարող անպատիժ մնալ: Սա սոսկալի է այնքանով, որ չի սահմանափակվում միայն ժողովրդի բնաջնջմամբ, այլեւ իր մեջ ներառում է մի ամբողջ ժողովրդի հայրենազրկում: Եվ հենց սրանով է Ցեղասպանությունը տարբերվում Հոլոքոստից: Պետք է փոխհատուցում լինի եւ հողերը վերադարձվեն իրական տերերին: Դա չի նշանակում պարտադիր Հայաստանի Հանրապետությանը միացնելու սկզբունքով: Մենք իրատես ենք եւ հասկանում ենք, որ այդ այնքան էլ դյուրին չէ, եւ եթե ոչ իրավական, ապա քաղաքական տեսակետից Հայաստանին միացնելն այդքան էլ հեշտ չէ: Բայց գոնե ժառանգորդներին պետք է վերադարձվի: Թուրքիան, որ այսօր օգտագործում է այդ տարածքները, չի կարող ասել, թե կապ չունի այդ ամենի հետ եւ պետք է պատասխանատվություն կրի: Բոլոր նրանք, ովքեր հարկադրաբար լքել են իրենց տները, պետք է վերադառնան եւ վերստին տիրեն իրենց սեփականությանը, եւ հետո իրենք կորոշեն, թե ինչ են ուզում անել: Թուրքիան պետք է փոխհատուցի նաեւ փակ սահմանների արդյունքում Հայաստանի կրած վնասների համար: Մեր կուսակցությունը, կարեւորելով Հայոց Ցեղասպանության ճանաչումը, նաեւ շեշտադրում է այն հանգամանքը, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ բացվում են սահմաները, տեղի է ունենում դիվանագիտական նոտաների փոխանակում. դրա համար պետք չէ որեւէ արձանագրություն ստորագրել, որտեղ անընդունելի նախապայմաններ կլինեն, եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո միայն քննարկել առկա խնդիրները: