Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն
Հայացք Թուրքիայից Առանց ցեղասպանության հարցի, Հայաստանի միասնությունը վտանգի տակ կարող էր հայտնվել Մենսուր Ակգյուն |
Մենսուր ԱկգյունՍտամբուլի «Քյուլթյուր» համալսարանում գործող գիտահետազոտական ինստիտուտի՝ Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի (GPoT) տնօրեն |
Ըստ Մենսուր Ակգյունի, Թուրքիայի Հայաստանի հետ մերձեցման գլխավոր խոչընդոտը Անկարայի Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների առանձնահատկությունն է: Ինչքան Հայաստանը Ռուսաստանին է մերձենում՝ այնքան Ադրբեջանը մերձենում է Արեւմուտքին, ինչքան Հայաստանն է աղքատանում՝ այնքան էլ Բաքուն է հարստանում: Ակգյունը այդ անդունդի վերացումը կապում է Ղարաբաղի շրջանների հարցում առաջընթացի հետ:
REPAIR. Ի՞նչ հանգրվանում են գտնվում հայ-թուքրական հարաբերությունները, ինչպե՞ս կբնութագրեք այդ հանգրվանը: Ի՞նչ փոխվեց Դավութօղլուի հայաստան կատարած այցով:
Մենսուր Ակգյուն. Հարաբերությունները բառի բուն իմաստով սառնարանում են: Գիտեք, որ երկու արձանագրություններ ստորագրվեցին: Այդ գործընթացը մեկնարկեց Օբամայի նախագահի պաշտոնն ստանձնելով և Փելոսիի հայտարարությամբ: Այդ պահին Թուրքիայի վրա ճնշումներ կային, իսկ Հայաստանն էլ նկատել էր, որ 2008-ի Վրաստանի աղետը կարող է ամեն ինչ ավելի վատթարացնել: Այդպես, 2009-ին երկու արձանագրություն ստորագրվեց: Սակայն այդ թվականից ի վեր, արդեն չորս տարի է հարաբերությունները սառեցված են: Պատճառների մասին տարբեր բաներ կարելի է ասել: Թուրքիայում պաշտոնական տեսակետն այն է, որ պատասխանատուն Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման մեջ արված ցեղասպանության վերաբերյալ հղումն է: Սակայն իրականում իսկական պատճառը ադրբեջանա-թուրքական հարաբերությունների առանձնահատկությունն է: Ըստ ամենայնի, թուրքական կողմը լավ չէր հաշվարկել Ադրբեջանից գալիք արձագանքը:
Այս արձանագրությունների քննարկման ընթացքում միջնորդ երկրները խոստացան, որ ճնշում կբանեցնեն Ադրբեջանի ու Հայաստանի վրա, որպեսզի, ըստ մադրիդյան սկզբունքների, քայլեր ձեռնարկվեն Լեռնային Ղարաբաղի՝ հատկապես երկու շրջաններիհարցի կարգավորման ուղղությամբ: Սակայն դրանք չիրականացան: Հայաստանը այս հարցին չի ուզում մոտենալ: Ռուսաստանի համար հարցի ձգձգումը ծառայում է իր իսկ ռազմավարական շահերին: Մաքսային միության համաձայնագրի ստորագրման, Հայաստանի է՛լ ավելի Ռուսատանի հետ մերձեցման պատճառը սա է: Եթե Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկված լինեին, ապա այդ դեպքում Հայաստանը Ռուսատանի կարիքը չէր ունենա: Միացյալ նահանգները չի ուզում միջամտել, քանի որ մի կողմից հայկական լոբին կա, մյուս կողմից Ադրբեջանում նավթային շահեր ունի՝ իր ձեռնարկություններն այնտեղ գործունեություն են ծավալում: Ես ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնատար անձանց էլ ասացի՝ «Ինչո՞ւ չէք անտեսում Ադրբեջանում ձեր շահերը: Դուք այդ կարողությունն ունեք: Ձեզ համար միեւնույնն է, թե Ադրբեջանում կբոյկոտեն ձեր բոլոր ձեռնարկությունները, բայց մեզ համար այդպես չէ, մեր վրա կազդի»: Այս հարցերը անպատասխան են մնում: Անգլիացիներն ու շվեյցարացիները եւս նույն կերպ են վարվում: Մեր առջեւ ունենք շատ լուրջ նավթի և գազի պաշարների տիրապետող մի երկիր, որը մեծ քանակությամբ փող է արտադրում: Չհաշված նաեւ այն հանգամանքը, որ սա մի երկիր է, որի նկատմամբ Թուրքիան եղբայրական զգացումներ է տածում:
Ցեղասպանության հարցը արձանագրությունների մղիչ ուժն էր, սակայն բուն խնդիրը շրջանների հետ էր կապված: Կարծում եմ՝ այսուհետեւ էլ այդպես է լինելու: Ես այդ միտումը նկատեցի արդտգործնախարար Դավութօղլուի Երեւան կատարած այցի ընթացքում, որին ես էլ էի հրավիրված: Երբ հայ-ադրբեջանական հարաբերությունների բնականոնացման ուղղությամբ հուսադրող քայլեր են նշվարվում, Թուրքիան էլ իր հերթին փորձում է իր հարաբերությունները բարելավել Հայաստանի հետ:
Թուրքիայի ձեռն ու ոտը կապողը առաջին հերթին Ադրբեջա՞նն է ուրեմն:
Մեծ չափով Ադրբեջանն է: Հաճախակի հիշատակվում է ցեղասպանության հարցի կամ էլ Հայաստանի սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արված հղման կարեւորությունը, սակայն դա չէ խնդրո առարկան:
Պատրվա՞կ է դա:
Ոչ, բայց դրանք քննարկման առարկա բաներ են: Սակայն ես ինչքան հասկանում եմ՝ ամբողջ խնդիրը Դավութօղլուի Ցյուրիխում չունեցած ելույթի մեջ է: Տարածաշրջանի բոլոր հարցերն ու հայ-թուրքական հարաբերությունները փոխկապակցած են: Եթե այս հարցում որեւէ առաջընթաց լինի, եթե ինչ-որ տեղից հայկական զինված ուժերի դուրսբերում լինի, կամ եթե Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները իրար ձեռք սեղմեն ու ժպտան – սրանք քիչ հավանական են, գիտեք -, ապա հայ-թուրքական հարաբերություններում զգալի փոփոխություն կլինի: Իհարկե, սա օրըստօրե ավելի դժվար է դառնում: Այս հարաբերությունները հնարավորինս բարելավելու համար Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունները փորձում են դերակատարություն ունենալ, սակայն ինչքան Հայաստանը մերձենում է Ռուսաստանին, այնքան հեռանում է Թուրքիայից: Այսպիսի մի խնդիր ունենք. ինչքան նրանք Ռուսաստանին են մերձենում՝ այնքան Ադրբեջանը մերձենում է Արեւմուտքին, ինչքան նրանք են աղքատանում՝ այնքան էլ Ադրբեջանն է հարստանում: Բոլոր տեսակետներից անդունդը լրջորեն խորանում է: Սրա առաջն ինչպե՞ս կարող ենք առնել. երբ մտածում եմ, թե հարաբերությունները ինչպես կարող ենք բարելավել, այլ դեղատոմս չեմ գտնում քան շրջանների հարցում առաջընթացը:
Ինչո՞ւ է Թուրքիան այսքան կախված Ադրբեջանից: Էներգետիկ կախվածությո՞ւնն է միակ պատճառը:
Մեծ չափով տնտեսությունն է, բայց միաժամանակ՝ քաղաքականությունը: Թուրքիան ինքն իրեն բնութագրում է որպես որոշակի ազգ՝ էթնիկ ինքնություն է վերագրում իրեն: Նա այդ էթնիկ ինքնության մի մաս է տեսնում նաեւ Ադրբեջանը: Բացի այդ, նա Ադրբեջանը դիտում է որպես դեպի Կենտրոնական Ասիա բացվող դարպաս: Երբ այս ամենը հաշվի ենք առնում, սրա դիմաց Հայաստանը տալու շատ բան չունի: Տնտեսական տեսակետից Հայաստանը ցավոք աղքատ երկիր է: Հետազոտությունների համաձայն՝ սահմանների բացվելու դեպքում Հայաստանի առեւտրային հզորությունը 150 միլիոն դոլարը չի կարող գերազանցել: Արդյունքում, Ադրբեջանին բարկացնելու գինը շատ բարձր է ստացվում: Մնում է միայն ցեղասպանության հարցը: Այդ առումով, Թուրքիան ինչքան իր մեջ քննարկի ցեղասպանության հարցը, ինչքան իր սեփական պատմության հետ հաշտեցման ուղին բռնի, այնքան էլ կհեռանա Հայաստանից: Քանի որ Հայաստանի ձեռքում գտնվող ամենակարեւոր լծակն է վերանում: Եթե առաջիկայում Թուրքիան պաշտոնապես ներողություն խնդրի, որոշակի վայրերում հուշարձաններ կանգնեցնի, ապա դա էլ կվերանա: Այսպիսով, Թուրքիայի համար կվերանա նաեւ 2009 թվականի արձանագրությունների գործընթացից առաջացած վախը:
1915 թվականի հետ առերեսվելուն միտված Թուրքիայի այդ քայլերը մի՞թե Հայաստանը չեն մոտեցնի Թուրքիային:
Դա Հայաստանը կմերձեցնի Թուրքիային, բայց Թուրքիայի համար խնդիրը երբեք 1915 թիվը չի եղել:
Հենց այդ հարցն էլ ուզում էի տալ: Ինչպիսի՞ ազդեցություն ունի 1915 թվականը հայ-թուրքական հարաբերությունների վրա:
2009թ արձանագրությունների ստորագրման պատճառը 1915թ տեղի ունեցած դեպքերն են, որոնք Թուրքիան բնութագրում է որպես ողբերգություն, իսկ Հայաստանը՝ որպես ցեղասպանություն: Բայց դրա ուղղակի պատճառը այդ դեպքերի ընթացքում կատարվածի համար ափսոսանքը չէր: Բուն պատճառը Օբամայի իշխանության գալն էր, Նենսի Փելոսիի հայտարարությունն էր, որտեղ նա ակնարկեց ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղապանության հնարավոր ճանաչման մասին. դրա համար էլ միջանկյալ մի ուղի փնտրվեց ու ձեռնարկվեց արձանագրությունների գործընթացը: Հայաստանի հետ հարաբերություններն սկսեցին զարգանալ, ստորագրվեցին արձանագրությունները, Թուրքիան հայտարարեց, որ պատրաստ է ընդունել դրանցով նախատեսված պատմաբանների միջազգային ենթահանձնաժողովի եզրակացությունը: Այսպիսով, պաշտոնական Անկարան իր վրայի բեռը թեթեւացրեց, միեւնույն ժամանակ ինքն իրեն ու արտաքին աշխարհին ազդարարեց, որ ցեղասպանության հարցում քայլեր են արվելու: Սակայն երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ չհայտարարված մի պայման կար՝ հայ-ադրբեջանական լարվածության թուլացումը: Այդ մասին ակնարկ կար Դավութօղլուի տեղի չունեցած ելույթում:
Թուրքիան սկսել է ավելի շատ հաշվետու լինել իր անցյալի հետ: Նա հասկանում է, որ այդ անցյալն այդքան էլ փայլուն չի եղել և սկսում է նկատել, որ որոշ վայրերում կատարված հանցագործությունները կարելի է նաեւ ցեղասպանություն որակել: Եթե դրսից որեւէ հակազդեցություն չլինի, ըստ իս, սրա բնական հետեւանքն այն կլինի, որ, ինչպես դա տեղի ունեցավ Դերսիմում, վարչապետը կամ հանրապետության նախագահը և կամ մեկ այլ պաշտոնատար անձ հայերից ներողություն կխնդրի: Արդյունքում, որեւէ վայրում մի հուշարձան կարելի է կանգնեցնել:
Նման զարգացումը կթեթեւացնի Թուրքիայի ցեղասպանության բեռը: Սակայն, պարադոքսալ կերպով, այս նոր իրավիճակը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացմանը չի նպաստի: Պարզապես Հայաստանը ավելի մեծ ճնշման ներքո կհայտնվի: Գրավյալ տարածքներից դուրս գալը Հայաստանի համար է՛լ ավելի կդժվարանա: Չմոռանանք նաեւ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առկա անդունդը գնալով մեծանում է: Ցավոք, երբ մեկը հարստանում է, մյուսը համեմատաբար աղքատանում է: Մինչ մեկը մերձենում է Ռուսաստանին, մյուսը մերձենում է ԵՄ երկրներին, ԱՄՆ-ին: Թուրք-ամերիկյան հարաբերությունների օրակարգում Հայաստանը ամենաստորին շարքերն է զբաղեցնում: Ցեղասպանությունը կարեւոր է, սակայն եթե Թուրքիան ավելի հստակորեն ճանաչի 1915թ ողբերգությունը, ապա այդ դեպքում այն կդադարի օրակարգային լինել: Նախաձեռնությունը ամբողջովին իր ձեռքը կվերցնի Ադրբեջանը:
Հայաստանը պետք է ըմբռնի այս իրականությունը, որպեսզի մի բան արվի ու բնականոն հարաբերություններ հաստատվեն:Քանի որ Հայաստանը մեզանից պոկվելով Ռուսաստանին է՛լ ավելի է մոտենում, իսկ դա նշանակում է՝ ավելի քիչ ժողովրդավարություն, ճանապարհից շեղում: Չեմ ասում՝ հարաբերությունները խզեն Ռուսաստանի հետ, բայց երեսով թեքվեն դեպի Եւրոպայի խորհուրդ, թո՛ղ մերձենան Եւրոմիության հետ: Թող զարգացնեն հարաբերությունները Ամերիկայի, ՆԱՏՕ-ի հետ: Թող աշխատեն ավելի ներգրավված լինել ԵԱՀԿ-ում, որպեսզի Հայաստանում վերջերս իմ որոշ ընկերների հետ պատահածը ուրիշների հետ էլ չպատահի: Որպեսզի Ռուսատանի հետ մերձեցող Հայաստանի իշխանություններին քննադատողը դաժան ծեծի չենթարկվի:
Հնարավո՞ր է, որ 2015-ին իրավիճակը փոքր ինչ փոխվի, հարցը միջազգային օրակարգ մտնի:
Նայած թե Թուրքիան ինչ ուղղությամբ կգնա: Եթե Թուրքիան առերեսվի իր անցյալի հետ, եթե մտածի՝ «Այո, հնարավոր է, գուցե իսկապես ցեղասպանություն եղել է, իմ պապերը այնքան էլ անմեղ չեն եղել» ասի, ապա այդ դեպքում ոչ մի բան չի պատահի, իսկ ես կարծում եմ՝ այս ուղղությամբ է գնում Թուրքիան: Հիմա նա ափսոսա՞նք կհայտնի, թե ներողությո՞ւն կխնդրի, չեմ կարող ասել, բայց մենք գնում ենք դեպի մի Թուրքիա, որը կարող է ընդունել, որ տեղի է ունեցել մի ողբերգություն և որ այդ ողբերգությունը որոշ դեպքերում կարելի է որակել ցեղասպանություն. այսինքն երկրում կատարվել են այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք նշված են 1948թ կոնվենցիայի 2-րդ հոդվածում:
Դեռ երկա՞ր ճանապարհ ունենք անցնելու:
2015-ին այս բանավեճը այնպիսի մի թափ կարող է ստանալ, որ տարին լինի շրջադարձային: Քվեների 50 տոկոսին տիրապետող վարչապետը կարող է հայտնել, ինչպես դա արեց Դերսիմում, որ այո, նման բան եղել է:
Մյուս կողմից, դուք քիչ առաջ նշեցիք, որ Ադրբեջանի ազդեցությունը գնալով աճում է, այն աստիճանի, որ նույնիսկ Ստամբուլի կենտրոնում ցույցեր են կազմակերպվում:
Ասվում է, որ ադրբեջանական ընկերությունները Թուրքիայում 17 մլրդ դոլարի ներդրում են արել: Դա, իհարկե, միայն երեւացող մասն է: Նույն կերպ, գուցե այնքան գումար էլ թուրքական ընկերություններն են ներդրումներ կատարել Ադրբեջանում: Այնպես որ, գոյություն ունի փոխադարձ կախվածություն:
Կարգավորման ուղղությամբ ինչ-որ քայլ կանխատեսո՞ւմ եք:
Չեմ պատկերացնում: Հայաստանի նախկին արտգործնախարարներից մեկն այսպիսի բան էր ասել՝ «Երբ կարգավորման մոտեցել ենք, Իրանը կամ Ռուսատանը փչացրել են այն»: Եթե Իրանը խաղաղվի Արեւմուտքի հետ, ասպարեզից մի լուրջ գործոն կվերանա: Սակայն կա Ռուսաստանը, իսկ նա այս պահին շատ ուժեղ է: Նա պատրաստ չէ զոհաբերել կասպիական տարածաշրջանում ունեցած իր շահերը: Միեւնույն ժամանակ՝ Հայաստանի սահմանին ռուս զինվորներն են կանգնած: Ընդ որում, մենք ըստ էության Ռուսատանի հետ հարեւաններ ենք: Ռուսաստանը շրջապատված է ՆԱՏՕ-ի կողմից: Մյուս կողմից, նա չի ցանկանա կորցնել Կովկասը: Եթե այն էլ ընկնի, հայտնի չե, թե ինչ կլինի Դաղստանի, Չեչնիայի հետ: Հարկավոր է, որ Հայաստանում ձեւավորվի շատ ուժեղ քաղաքական կամք, որպեսզի առկա քաղաքական հավասարակշռությունը փոխվի:
Ինչպես 2000-ականների սկզբին մենք աջակցեցինք Քոֆի Անանի ծրագրին, ինչպես Կիպրոսում հասկացանք, որ չկարգավորումը լուծում չէ, այնպես էլ հրաշալի կլիներ, եթե աշխարհընկալման ննմանատիպ մի փոփոխություն էլ տեղի ունենար Հայաստանի ու Սփյուռքի մարդկանց մտքերի մեջ:
Անկախությունը նոր նվաճած երկրներում ազգայնականությունն ուժեղ է լինում: Ինչպիսին էր Թուրքիան 1930-ականներին, այնպիսին է այսօր Հայաստանը: Մարդիկ իրականությունը չեն տեսնում, կարոտախտով են ապրում: Հանեք ցեղասպանությունը՝ Հայաստանի միասնականությունը վտանգի կենթարկվի: Կան օլիգարխներ, եկամուտների անհավասարաչափ բաշխում,չկա արդյունաբերություն՝ լիքը դժվարություններ կան Հայաստանում: Բայց այս ամենը ծածկող մի վերմակ կա, դա ցեղասպանության վերմակն է: Եթե Թուրքիան ասի «ճանաչում եմ», այդ մարդկանց գործը ուղղակի կդժվարանա: Եթե այս ամենը փոխվի, ժողովրդարացումը խանգարող նման խոչընդոտները վերանան, կարծում եմ՝ Հայաստանի համար շատ լավ կլինի: Հայաստանը այլեւս ստիպված չի լինի անընդհատ հաշվի նստել Թուրքիայի ու թուրք-ադրբեջանական հարաբերությունների հետ: Այդպիսով, նա կդառնա բազմակողմանի զարգացած, մշակութային տեսակետից շատ ավելի հարուստ մի երկիր: Այս պահի դրությամբ դրա միակ բանալին ռեալպոլիտիկն է: Ինչ-որ մի պահ քաղաքական իշխանությունը պետք է կարողանա վերջ դնել այս ընթացքին: