Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Մարդկային մակարդակում այնպես անհույս չէ, ինչպես քաղաքականության մեջ

 
 
 

Հայացք Հայաստանից

 Մարդկային մակարդակում այնպես անհույս չէ, ինչպես քաղաքականության մեջ

Լեւոն Բարսեղյան

 

 
Լեւոն Բարսեղյան

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի Նախագահ

Լեւոն Բարսեղյանը քննարկում է հայ-թուրքական սահմանի փակումը նկատի ունենալով Թուրքիայի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները: Նա հետադարձ հայացք է գցում Ահմեդ Դավութօղլուի ու Էդվարդ Նալբանդյանի միջեւ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վրա, որոնք ոմանց կարծիքով թուրք-ադրբեջանական հարաբերություններին հասցված քաղաքական լուրջ հարված էին:


Սահմանը

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փակ մնացող սահմանը, ասես մի խորհրդանշական հուշ է սառը պատերազմից, այս սահմանը երկաթե վարագույրի վերջին կտորն է, որի գոյությունը էականորեն այլ հանգամանքներով է պայմանավորված հիմա, քան առաջ էր:   

1992-1993 թթ. մոտ մեկ տարի, Հայաստանի համար դժվարին մի ժամանկահատվածում (Ղարաբաղյան պատերազմ, Ադրբեջանի կողմից երկաթուղային շրջափակում, Վրաստանով Ռուսաստանից Հայաստան եկող գազատարի պարբերական պայթեցումներ) Հայաստանը բազմաթիվ բեռներ էր ստանում Թուրքիայի տարածքով, անգամ` հացահատիկ: Գյումրի-Կարս երթուղով, այդ 84 կմ-ը 1,5 ժամում անցնելու համար Գյումրի էին գալիս հասնում առեւտրականներ ամբողջ Հայաստանից, Վրաստանից, անգամ Ռուսաստանից: Տոմս ճարելու համար ծանոթներ էին մեջ գցում: Հիմնականում առեւտուրն էր Կարս կատարվող ուղեւորությունների առարկան, հատկապես հագուստեղեն, ոսկեղեն եւ այլն: Գյումրեցիք ասես Կարսում Քլոնդայք էին գտել, իսկ կարսեցիք, ինչպես պատմում էր Թուրքիայի Ժուռնալիստների միության Կարսի մասնաճյուղի ղեկավար Յուջել Սեզերը, շատ սրտաբաց են ընդունել մի քանի տասնամյակ փակ մնացած եւ անակնկալ բացված սահմանի մյուս կողմից եկած հարեւաններին` հիմնականում հայերին եւ աշխույժ առեւտուր էին անում հետները գրեթե մեկ տարի: Կարսում նույնիսկ ոսկու շուկայի նման մի տարածք էր գոյացել, ոչ մի գողություն, ոչ մի կողոպուտ, Արցախում` պատերազմ էր միաժամանակ: Շատերը քննադատում էին այս առեւտուրը, ասելով, թե Հայաստանից ամբողջ ոսկին հոսեց Թուրքիա, զենք ու զինամթերք դարձավ, գնաց Ադրբեջան, ապա եկավ հայկական զորաբանակի դեմ:

Թուրքիայի` Միջին Ասիայի տեխնիկական համալսարանի (ODTÜ) միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար, պրոֆեսոր Սյուհա Բյոլուքբաշըն խոսելով թուրքերի կողմից սահմանի փակման դրդապատճառների, մասին, ասում է. «…Հայ-թուրքական սահմանը փակվեց 1993 թվականին՝ հայկական զորքերի կողմից Լեռնային Ղարաբաղի «հարակից տարածքների» «օկուպացումից» հետո: Սահմանը փակեց Անկարան: Թուրքիան, վախենալով Ռուսաստանի հակահարվածից, Ղարաբաղի պատերազմում ուղղակի ռազմական օգնություն ցույց չտվեց ադրբեջանցիներին եւ կատարեց միայն խորհրդանշական քայլ` փակելով հայ-թուրքական սահմանը»: 

Տեւական ժամանակ է, փաստորեն, ինչ ոչինչ չի ստացվում հայ-թուրքական հաշտեցման ուղղությամբ: 1993-ին հայ-թուրքական սահմանի փակումից հետո, 20 տարվա ընթացքում կարծես մի դրվագ եղավ, երբ  կարելի էր կարծել,  թե շուտով նվազագույն դիվանագիտական կապեր կհաստատվեն, սահմանը կարող է բացվի, սկսեցին Հայաստանի կողմից նորոգել Կարսի նահանգ` Դուգու Կապի կայարան գնացող երկաթուղին, վագոնների անիվները փոխող եւ թուրքական համեմատաբար նեղ երկաթուղուն հարմարեցնելու լոջիստիկ հնարավորությամբ Ախուրիկ-2 կայարանը կարգի բերել, պարզվեց, որ ոչ Հայաստանն էր այնքան շահագրգիռ, ոչ էլ այնքան Թուրքիան: Ամերիկան եւ եվրոպական մի շարք խոշոր երկրներ արտգործնախարարների մակարդակով եւ Շվեյցարիայի միջնորդությամբ ամեն ջանք ներդրվեց, որպեսզի Ցյուրիխում 2009 թվի հոկտեմբերի 10-ի երեկոյան, թեկուզ ուշացումով ստորագրվեն հայ-թուրքական արձանագրությունները: Ստորագրեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարները` Ա.Դավութօղլուն եւ Էդ.Նալբանդյանը: Այդ փաստաթուղթը աննախադեպ էր հայ-թուրքական հարաբերությունների պատմության մեջ: Ուղիղ դիվանագիտական նշանակություն ունեցող որեւէ նման բան այս երկու երկրների պատմությունը չուներ: Սակայն, բացառությամբ երկու երկրների ֆուտբոլային հավաքականների հանդիպումներին երկու երկրների նախագահների փոխադարձ այցելություններին ու քաղաքական շրջանակներում ծայր առած փոխադարձ քննադատություններին, փիարներին ու հակափիարներին, ոչ մի շարունակություն չունեցան այդ արձանագրությունները: Դրանք ըստ էության սառեցվեցին:

Ինչպես Բյոլուքբաշն, այնպես էլ մի շարք այլ վերլուծաբաններ համարում են, որ հայ-թուրքական մերձեցման 2008-2009 թվականների արձանագրությունների քաղաքական հարված էին թուրք-ադրբեջանական հարաբերություններին: Մյուս կողմից այդ արձանագրությունները լրջորեն թուլացրեցին նաեւ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի վարկը հայկական սփյուռքում, որտեղ նրան ամեն քայլափոխի քննադատում էին Թուրքիայի հետ հաշտվելու քայլերի համար, պիկետներ ու բողոքի ցույցեր էին կազմակերպում նրա դեմ` «Սարգսյան, գնա տուն» եւ այլ վերնագրերով պաստառներով: Հայկական քաղաքական ուժերի մեծ մասը սկսեցին քննադատել Սերժ Սարգսյանի հաշտարարությունը, նշելով, թե այդ համաձայնագրերը ուղղակիորեն բեկում կամ դանդաղեցնում են Ցեղասպանության ճանաչման գործընթացը աշխարհի երկրների, խորհրդարանների, համայնքների հասարակական շրջանակների կողմից:


Ցեղասպանության 100-ամյակը

Հայաստանում եւ առավելեւս սփյուռքում նորություն չէ եւ բացարձակ անընդունելի է թուրքական հայտնի դիրքորոշումը, որ հերթական անգամ Թուրքիայի վարչապես Ռ.Էրդողան հայտնեց 2010 թվի ապրիլի 15-ին ԱՄՆ Ջորջ Մեյսոնի համալսարանում. «Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների առնչությամբ ցեղասպանության մեղադրանքները և մերժում ենք խորհրդարանների միակողմանի որոշումները: Մենք կարծում ենք, որ պատմությունը պետք է ուսումնասիրեն և գնահատեն պատմաբանները, ոչ խորհրդարանները»: Այնինչ պաշտոնական Երեւանը ու ամբողջ հայ հասարակությունը գտնում է, որ պատմաբաններն անելու բան չունեն, ամեն ինչ բավականաչափ հանգամանորեն ու հստակ հայտնի է հետաքրքրված հասարակությանը: Հայկական միջավայրում անհնար է գտնել որեւէ մեկին, ով կասկածի տակ կառնի Թուքիայում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության հարցը: Հայության արդեն 4-րդ սերունդն է, որեւէ կերպ չի նվազեցնում իր եւ իր զավակների հավատամքը, թե Թուրքիան ի վերջո ճանաչելու է այդ պատմական փաստը եւ բոլորի ուսերից քար է ընկնելու: Ճշմարիտ է սակայն, որ ոչ ոք ոչ այդ ճանաչումը, ոչ էլ դրա հետ կապված մի շարք այլ հարցեր հեշտ լուծելի չի համարում:  

Այժմ հայ-թուրքական որեւէ մակարդակի հարաբերություններում որոշակի հետաքրքիր լճացում է նկատվում, որը կապված է խորհրդանշական իմաստ ստացած 100 թվի հետ: Հայությունը եւ բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանության փաստը, հանգամանորեն պատրաստվում են Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչմանը եւ նախապատրաստում են զանազան միջոցառումներ այդ կապակցությամբ: Այս երկու տարին գուցե ամենադժվարն է հայ-թուրքական պաշտոնական եւ հասարակական շփումների համար, գուցե այդ շփումները ավելի կհեշտանան 2015 թվականից հետո:


Մարդկային մակարդակում այնպես անհույս չէ, ինչպես քաղաքականության մեջ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի` Գյումրիում պարբերաբար անցկացվող զանգվածային հասարակ հարցումների արդյունքներով (1000 պատահական հարցվող յուրաքանչյուր անգամ) Թուրքիան ոչ մի անգամ չի հայտնվել Հայաստանի բարեկամների ցուցակում, իսկ թշնամիների ցանկում պարբերաբար կիսել է առաջին երկու տեղերը Ադրբեջանի հետ, ստանալով հարցվածների 40-55 տոկոս քվեն: Տարբեր իրադարձությունների նախորդած եւ հաջորդած փուլերում այդ հարցումներով, թշնամիների ցանկի առաջին տեղում հայտնվում էր Ադրբեջանը, կամ տեղը զիջում Թուրքիային: Միաժամանակ հարցվածների մինչեւ 30-40 տոկոսը չի համարել Թուրքիային ոչ միայն բարեկամ այլեւ` թշնամի:

Տասը տարուց ավելի է Երեւանի եւ Ստամբուլի միջեւ գործում է կանոնավոր ավիաուղերթ, մի քանի տասնյակ ավտոբուսային ուղերթ, Հայաստանի քաղաքացիները առանց խոչընդոտների, ցամաքային ճանապարհով` Վրաստանի տարածքով մուտք են գործում Թուրքիա` առեւտրի եւ հիմնականում անլեգալ աշխատանքի, արեւմուտքում` Ստամբուլում եւ` մեկնում են հանգստի Միջերկրական ծովափ: Ձեւավորվել են մի քանի զբոսաշրջային գործակալություններ, որոնք հայ ուխտավորներին ուղեկցում են արեւելյան Թուրքիա, Հայկական բարձրավանդակ, կամ ինչպես Հայաստանում են ասում` Արեւմտյան Հայաստան, այցելելու իրենց նախնիների բնակավայրերն ու սրբավայրերը, իրենց հերթին Թուրքիայի քաղաքացիներն են այցելում Հայաստան, գործարար կապեր են ստեղծվում եւ զարգանում: Երկու երկրներում էլ որեւէ պաշտոնական կամ պետական մակարդակի դիտավորություն չի նկատվում այս փոխշփումների դեմ, երբեմն Թուրքիայի բավականաչափ բարձր պաշտոնյաների բերանից հնչում են սպառնալիքներ Հայաստանից այնտեղ անցած անօրինական ներգաղթյալներին արտաքսելու մասին, բայց առայժմ այդ սպառնալիքների իրականացման գործնական քայլեր չեն նկատվել: Այս ամենի լույսի ներքո «փակ սահման» ասվածը այնքան էլ չի համապատասխանում իրականությանը:

Հայաստանում անշուշտ արվել են որոշակի հաշվարկներ, թե ինչքան կշահեր եւ ինչքան կտուժեր Հայաստանը, եթե հայ-թուրքական սահմանը բաց լիներ: Վերլուծաբանների մի շրջանակը պնդում է, թե դրանից շահելու հիմնականում արեւելյան Թուրքիան, որը զարգացմամբ ահագին ետ է մնացել արեւմտյան Թուրքիայից, այստեղ` թուրքերի ուղիղ եւ ավելի էժան այցելությունների պատճառով աճելու են մի շարք ծառայությունների գները (առողջապահություն, ժամանց, սնունդ, 1-2 ժամյա հասանելիության սահմաններում հարյուրհազարանոց երկու եւ մեկ հատ միլիոնանոց քաղաք Հայաստանում` համապատասխան ժամանցային առաջարկներով, Իրանից տասնյակ հազարավոր մարդիկ են տարեկան մի քանի անգամ այցելում Հայաստան, Երեւան` ժամանցի եւ հանգստի, ի՞նչը պիտի խոչընդոտի թուրքական զբոսաշրջիկներին եւ այլն), իսկ վերլուծաբանների մյուս խումբը կարծում է, որ Հայաստանի գործազուրկների մի մասը կարող է աշխատանք գտնել արեւելյան Թուրքիայում, չմեկնել հեռավոր Ռուսաստան, այստեղ կաճեն Թուրքիայից (մինչեւ հիմա Վրաստանի տարածքով) ներմուծվող ապրանքների գները, կնվազի կիսաֆաբրիկատների եւ հումքի հիման վրա այստեղ արտադրված ապրանքների ինքնարժեքը, առավել կաշխուժանա ապրանքաշրջանառությունը, զբոսաշրջությունը եւ այլն:

Կարսում, որտեղ բնակչության գերակշիռ մեծամասնությունը քրդեր են, իսկ նահանգում նաեւ կան Նախիջեւանից վերաբնակված մոտ 10.000 ադրբեջանցիներ, իմ բազմաթիվ զրույցներից պարզ էր դառնում, որ հասարակ մարդիկ, աշխատավորները, մանր եւ միջին գործարարները, մշակույթի գործիչները եւ մտավորականները, չնչին բացառություններով որեւէ անձնական խոչնդոտ չեն տեսնում սահմանի այն կողմի հայերի հետ շփվելու, գործարար հարաբերությունների մեջ մտնելու, Հայաստանում իրենց գործը դնելու, խանութը բացելու համար:   

2004 թվականին, Կարսի նախկին քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլու նախաձեռնությամբ, քաղաքում ստորագրահավաք էր կազմակերպվել այն մասին, որ կուզենային, որ երկրի արեւելյան սահմանը վերաբացվեր: Նույն ստորագրահավաքի ժամանակ երկրորդ հարցը եղել է Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հետագա գործարկման կասեցումը: Ստորագրահավաքի արդյունքը ցույց է տվել, որ 50 հազար մարդ կողմ է սահմանի վերաբացմանը: (Կարս քաղաքի բնակչությունը 78.500 մարդ է, իսկ Կարսի նահանգի բնակչությունը` մոտ 300.000 մարդ): Բուն ստորագրահավաքը լայնորեն լուսաբանել են տեղի բոլոր լրատվամիջոցները: Պատմում էին, որ քաղաքի մեծ խաչմերուկներում սեղաններ են դրվել, մարդիկ մոտեցել եւ ստորագրել են: Այս ստորագրահավաքում առաջինների շարքերում լրագրողներն են իրենց ստորագրությունները դրել: Ապա հավաքված 50 հազար ստորագրությունները ուղարկվել են խորհրդարան: -Կարսեցիները մի հետաքրքիր փաստարկ էլ են առաջ քաշում,-բացատրում էր ինձ կարսեցի լրագրող Մուքադդիր Յարդըմջըելը,-այն դեպքում, երբ Ստամբուլից օդային չվերթներ են կատարվում դեպի Հայաստան, Հայաստանից` Ստամբուլ, Հայաստանի քաղաքացիներն անարգել, երրորդ երկրների տարածքով մտնում են Թուրքիա, Թուրքիայի քաղաքացիները` Հայաստան, ուրեմն` ինչո՞ւ անհնար պիտի լինի ավտոբուսային ուղիղ կապը մեր միջեւ, ասենք Գյումրի-Կարս երթուղով: Ստացվում է, որ այդ մենք` կարսեցիներս ենք իրականում շրջափակման մեջ:

Կարսում շատերն իսկապես համարում են, որ Անկարայի վարած քաղաքականությունը, հանուն ինչ էլ այն լինի, անուղղակիորեն ուղղված է նաեւ Կարսի եւ հարակից շրջանների զարգացման դեմ:

2010-ին Անկարան, ճնշումներ բանեցնելով Կարսի նախկին քաղաքապետի վրա, նրան փոխարինեց մեկ ուրիշով, որը որեւէ կերպ աչքի չի ընկել սահմանը բացելու կամ հայերի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու մղումներով: Անմիջապես հետո, Անկարայի հրամանով Կարսում ապամոնտաժվեց նախորդ քաղաքապետի նախաձեռնած, արդեն տեղադրված, բայց դեռ չբացված Բարեկամության հուշարձանը:


Մի քանի գործոնների մասին, որոնք դեռ երկար ժամանակ են փակ պահելու սահմանը

Քրդականը

Հասկանալի պատճառներով ոչ Թուրքիան, ոչ էլ Հայաստանը չեն կարող հաշվի չառնել զանազան տվյալներով 12-18 մլն քրդերի առկայությունը Թուրքիայում, հատկապես հարավ-արեւելքում ու Կարսի նահանգում: Սահմանի հնարավոր բացումը, կարող է ամրապնդել հայ-քրդական հարաբերությունները, բարելավել քրդական բնակչության կենսամակարդակը, զարգացնել նրանց անկախացման ձգտումները, որոշ վերլուծաբաններ կարծում են, թե այս սցենարի դեպքում Թուրքիան կարող է անակնկալ ու սերտորեն սկսել դաշնակցել Հայաստանի, հետ, վերահսկելու եւ թույլ չտալու համար քրդական ինքնավարության ստեղծման մի քանի եղանակները երկրում, կամ դրա անխուսափելիության դեպքում նվազագույն վնասներով դուրս գալու համար:

Հողերի հարցը  

Հայ ազգայնական շրջանակներում մշտական թեմա է հայկական հողերի վերադարձի հարցը Թուրքիայից, սակայն չնայած այդ դիրքորոշման կոշտությանը, տակավին անհայտ եւ անհասկանալի է մնում, թե ինչպես են պատկերացնում դա անել այդ ուժերը, իսկ անելուց հետո ինչպես են պատկերացնում գոյակցությունը այդ տարածքներում ապրող միլիոնավոր քրդերի եւ թուրքերի հետ: Անկարայի էկոնոմիկայի եւ տեխնոլոգիաների համալսարանի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Մուսթաֆա Այդինի կարծիքով. -… կան մի շարք հարցեր, որոնք մինչեւ հիմա համաձայնեցված չեն եւ դրանցից մեկը Հայաստանի կողմից ժամանակակից Թուրքիայի սահմանների ճանաչումն է 1921 թվականի Կարսի համաձայնագրով: Բնական է, կա նաեւ 1915 թվականի ողբերգության խնդիրը, որը շատերի կողմից Թուրքիայում ընդունվում է որպես ժամանակակից Թուրքիայի հետ բացարձակ որեւէ կապ չունեցող պատմություն:

Էներգակիրները

Հայ թուրքական հարաբերությունները, ներկա վիճակը եւ ապագա հնարավոր զարգացումներն ու սցենարները, հասկանալի կերպով չեն կարող դիտարկվել միայն պատմական անցյալի, ստեղծված ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական, ղարաբաղյան կոնֆլիկտի եւ հարակից գործոնների համակարգում, եթե հաշվի չեն առնվում հետզհետե առավել կարեւորվող էներգակիրների աղբյուրների, դրանց կարիքն ունեցողների շահերը, եւ դրանք տեղափոխելու պայմանների եւ հարակից հանգամանքները: Բաքուն, որ տիրապետում է նավթի եւ գազի շոշափելի պաշարների, շարունակում է ու շարունակելու է նավթագազային կախման մեջ պահել Թուրքիային, ցանկացած պահին եւ կարեցած ձեւով մանեւրելով/մարտավարելով այլ շուկաների կամ այլ արտահանողների, մասնավորաբար` Ռուսաստանի հետ, բարձրացնելով կամ գցելով Թուրքիային մատակարարվող էներգակիրների գները, փոփոխելով մյուս պայմանները: Հասկանալի է, որ էներգակիրների թեման շատ լայն է եւ ներառում է նավթարդյունաբերական ռուսական, եվրոպական եւ արեւելյան մի շարք խաղացողների, այս թեման այստեղ չենք կարող ընդարձակել:

Ռուսաստանը

Ռուսական կայսրությունից կորուստներով ԽՍՀՄ դարձած, ապա այլ կորուստներով Ռուսաստանի Դաշնություն դարձած, հետո ԱՊՀ եւ արդեն Եվրասիական Միության սցենարներով նախկին ծավալները վերականգնել կամեցող, անսպառ աշխարհաքաղաքական նկրտումներ ունեցող եւ ավտորիտառ ռեժիմով կառավարվող Ռուսաստանը, հասկանալիորեն ոչ մի կերպ չի կամենում Կովկասը (Ըստ Չերչիլի` Ռուսաստանի փորատակը) տանուլ տալ` նահանջել այս տարածաշրջանից, Հայաստանի հետ ունի ռազմավարական դաշնակցության 49 տարվա պայմանագիր, Հայաստանում անվճար պահում է իր 102-րդ ռազմաբազան, ջանք չի խնայում Բաքվի էներգակիրներից ու Կասպից ծովից առավել մաս ունենալու, եւ բոլորովին դեմ չի լինի զորքեր վերադարձնել հայ-ադրբեջանական բախման գոտի` Լեռնային Ղարաբաղ: Խորացող տպավորություն կա, որ Ռուսաստանի իրական, բայց քողարկված դիմադրությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ավելի զորավոր հանգամանք է, քան Ցեղասպանության փաստը Թուրքիո կողմից ճանաչել-չճանաչելը:

Ղարաբաղյան կոնֆլիկտը

Այս գործոնը կամ հանգամանքը, վերը բերված երեքի մեջ այս կամ այն չափով ներմուծված է, բայց չնայած այդ հանգամանքին, համարվում է առանձին գործոն: Այս կոնֆլիկտում Հայաստանի բնական ներգրավվածությունը մշտապես եւ հարկ եղած չափով շահարկվելու է հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: Հաշվի առնելով, որ դիվանագիտությունը հնարավորի արվեստ է եւ ճկունության փորձություն, Ղարաբաղյան հանգամանքը, հարկ եղած դեպքում կողմերը կկարողանան օգտագործել ինչպես «հօգուտ» ինչ-որ այլ կամ միջանկյալ կարգավորման, այնպես էլ` «դեմ», մի քանի օրինակներ արդեն վերջին 20 տարում հանրությունը տեսել է:     


Ամփոփելով, կարելի է ասել, որ այս տարածաշրջանում այնքան շատ խաղացողների շահեր ու հետաքրքրություններ են կենտրոնացված, որ հավասարակշռության որեւէ զուգադեպ, համեմատաբար անսպասելի խախտում կամ շեղում, կարող է շոշափելիորեն փոփոխել քարտեզները եւ խաղացողների դասավորությունը, սահմանը կարող է օրինակ, բացվել անսպասելիորեն եւ այդպես անսպասելիորեն էլ փակվել, ամպրոպի եւ կարկտի պես, եւ դա իր մեջ ոչ մի միստիկ բան չի ունենալու, այլ` շահեր, ուժեր եւ միտք միայն:  

 

 

Ցեղասպանությունը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook