Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն
"REPAIR - Վերանորոգել ապագան" ծրագիր է, որը հայ-ֆրանսիական "Երկիր Եվրոպա" հասարակական կազմակերպությունն իրականացնում է "Անադոլու Կյուլտյուր" թուրքական հիմնադրամի հետ համատեղ:
Ծրագիրը նպատակ ունի համադրել հայ-թուրքական հիմնախնդրին առնչվող կարծիքները՝ խոսքի հնարավորություն տալով Թուրքիայի, Հայաստանի և հայ սփյուռքի քաղաքացիական հասարակությունների տարբեր դերակատարներին:
1915...2015...
1915թ. հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները փակուղում են: Հիմնախնդիրը բարդ է՝ հաշվի առնելով, որ այն բաղկացած է պատմական, ազգային ինքնության, սոցիալական, աշխարհաքաղաքական և տնտեսական բաղադրիչներից:
Մարդկանց մտածելակերպում արմատացած զայրույթը հանգեցնում է մշտական հակասության: Իրարից գործելակերպով շատ տարբեր հիմնականում երեք մասնակից կողմեր են ներառված՝ Թուրքիան, Հայաստանը և հայ սփյուռքը: Այս հարցերի շուրջ քաղաքացիական հասարակություններից յուրաքանչյուրում առաջընթաց է նկատվում, սակայն փոխադարձ անտեղյակության մեջ:
Հայ-թուրքական հարցի միջազգայնացումը
Հայ-թուրքական հիմնախնդիրը միջազգային նշանակություն է ստացել՝ ելնելով Հայաստանի և Թուրքիայի զբաղեցրած աշխարհագրական դիրքից: Ընկած լինելով Եվրոպայի, Միջին Արևելքի և Ասիայի խաչուղում՝ այս աշխարհառազմավարական տարածաշրջանը քաղաքական և տնտեսական շահերի խաչմերուկ է:
Սակայն հայ-թուրքական հարցը չպետք է դիտվի միջազգային հարաբերությունների տեսանկյունից: Այն ի սկզբանե ներառում է Թուրքիայի, Հայաստանի և հայ սփյուռքի քաղաքացիական հասարակություններից յուրաքանչյուրին բնորոշ ազգային ինքնության և պատմական հայեցակետեր:
Ինքնության, հիշողության, աշխարհաքաղաքականության և հասարակության հետ կապված այդ հայեցակետերն ինքնաբերաբար դրսևորվում են Արևմուտքում և Միջին Արևլքում քննարկումների ժամանակ՝ հայ խոշոր համայնքների ներկայության շնորհիվ:
Թուրքական հասարակության չճանաչված հայ մասը
Մի քանի տարուց ի վեր թուրքական քաղաքացիական հասարակությունը բախվում է ինքնության և պատմական իր խնդիրներին: Ականատես ենք դառնում նոր քննարկումների, որոնք լույս են սփռում "ռազմա-ազգայնական" ուսմունքի տակ մեկ դարից ավել կեղեքված արգելքների վրա (մասնավորապես քրդերի, ալևիների, հույների, հայերի, ասորիների վերաբերյալ հարցեր): Եզակի դեպք, այդ քննարկումները այլևս չեն պարփակվում Ստամբուլի մտավորականների շրջանում, այլ մասնակից են դարձնում հասարակության մեծ լսարանին, որը նորովի է հայտնաբերում իր արմատները:
Հայերը, ցեղասպանության տրավմայի և նրա ճանաչման գործում մշտական ընդդիմության գերի լինելով, ջանում են Թուրքիայում թափանցել քննարկումների այդ դաշտ և հաստատել երկխոսություն, ինչն անհրաժեշտ է: Լիովին հասկանալի է այդ անվստահությունը, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան շրջափակման մեջ է պահում Հայաստանի Հանրապետությունը նրա ստեղծման օրվանից՝ 1991թ., միաժամանակ շարունակելով 1915թ. Ցեղասպանության իրողության ժխտման միջազգային լարված քաղաքականություն վարել:
"երկու կիցազգ,երկու հեռավոր հարևան"
Թուրքերի հետ բանավեճի տրամաբանության մեջ մտնելու հայերի դժկամությունը պայմանավորված է մարդկության դեմ հանցագործության ժխտումով: Իսկ թուրքերի դժկամությունը սկիզբ է առնում ազգայնական գաղափարախոսության ավանդական ազդեցությունից, որը նրանց խանգարում է հաստատել անկեղծ երկխոսություն: Ուստի անջրպետի եզրերը տեղաշարժելու համար անհրաժեշտ է փոխել մտածելակերպը: Միայն երկխոսության միջոցով է հնարավոր հասնել առաջընթացի համատեղ սահմանված շրջանակներում:
Հայոց ցեղասպանության ճանաչում
Քանի դեռ Թուրքիան չի ճանաչում ցեղասպանությունը, հայերը կասկածանքով են մոտենում երկխոսության և մերձեցման նախաձեռնություններին, համարելով, որ դրանք թուրքական պետության կողմից կիրառվող ցեղասպանության միջազգային ճանաչումը կանխելուն միտված միջոցներ են: Սակայն այսօր այլևս չպետք է շփոթել պետությունը և թուրք քաղաքացիական հասարակությունը, որն այս հարցերի շուրջ ինքնադիտման գործընթաց է մեկնարկել:
Այնուամենայնիվ Թուրքիայում շարժումը հուսադրող է՝ հեղինակություն վայելող որոշ գործիչների կողմից ցեղասպանության ճանաչումը, 1915թ. ապրիլի 24-ի հիշատակման միջոցառումները, ներման կոչով հանդես գալու մտավորականության նախաձեռնությունը, այս թեմաների վերաբերյալ գրքերի, համաժողովների, հոդվածների ավելացումը վկայում են, որ պատը ներսից ճաքում է:
Թեեւ որոշ շրջանակներ պրագմատիկ մոտեցում են ցուցաբերում և երբեմն երկիմաստ դիրքորոշումներ են հայտնում, սակայն այս հարցը Թուրքիայում հետզհետե ավելի հաճախակի է դառնում քննարկման առարկա: Ինչ վերաբերում է հայերին՝ ոմանց համար այս իրավիճակը գոհունակությամբ է ընկալվում, իսկ ուրիշներ այն բնութագրում են որպես ծպտյալ ժխտողականության մի նոր ձեւ:
Չնայած այս ամենին, արվեստի և բարձրագույն կրթության ոլորտներում հայերի և թուրքերի միջև կապերի հաստատմանն ուղղված նախաձեռնությունները բազմաթիվ են և շարունակում են ավելանալ: Դրանք նպաստում են ընդհանուր ժառանգության ներըմբռնողական գիտակցմանը: Անհրաժեշտ է խրախուսել այդ նախաձեռնությունները, սակայն դեպի քաղաքացիական հասարակությունների սիրտն ընկած ճանապարհը դեռևս լի է խոչընդոտներով:
Իսկապես, մտավորականության, կարծիքի կրողների, քաղաքական գործիչների ելույթներն անթիվ անհամար են, սակայն հաճախ մնում են պարփակված նրանց ազդեցության ոլորտում: Չնայած Թուրքիայում, Հայաստանում և Սփյուռքում ծավալվող քննարկումներին, երեք այս քաղաքացիական հասարակությունների միջև գրեթե ոչ մի ուղիղ փոխգործողություններ չկան:
REPAIR - Վերանորոգել ապագան
Ծրագիրը նպատակ ունի հաղթահարել այս իրավիճակը այդ քաղաքացիական հասարակությունների միջև կամուրջներ ստեղծելու և խնդրո կարևոր առանցքները միասին արծարծելու նպատակով երկխոսության համար բարենպաստ միջավայրի ապահովմամբ: Նպատակն է սահմանել արգելքները՝ փորձելով միասին գտնել առկա խնդիրներին լուծումներ:
"REPAIR" ծրագիրը կոչված է աջակցել փոփոխության ենթարկվող թուրք, հայ և սփյուռքահայ քաղաքացիական հասարակությունների ջանքերը՝ փորձելով համախմբել դրական դինամիկան, որը տուժում է փոխադարձ անտեղյակության արդյունքում: Այս նպատակով անհրաժեշտ դարձավ ստեղծել քննարկման շրջանակ՝ կազմակերպելով հանդիպումներ քաղաքացիական հասարակությունների դերակատարների միջև:
Ինտերնետային այս կայքը "REPAIR" ծրագրի կրիչն է, որտեղից մենք կկազմակերպենք բանավեճեր հայ-թուրքական հիմնախնդիրներին վերաբերող թեմաների շուրջ: Խոսքը կտանք Հայաստանի, Թուրքիայի և սփյուռքի փորձագետներին, կարծիքի կրողներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին և հասարակական կազմակերպությունների ղեկավարներին, ինչպես նաև միջազգային գործիչներին:
Նպատակն է քաղաքացիական հասարակություններից յուրաքանչյուրին ծանոթացնել իրենց ներսում ծավալվող քննարկումներից բխող տեսակետներին և հնարավորություն տալ հայերին դիմել թուրքերին, իսկ թուրքերին՝ հայերին:
Հրանտ Դինքից առաջ և հետո:
Նախքան բուն հայ-թուրքական խնդիրների քննարկման անցնելը, որոշեցինք գործարկել "Repair" կայքը՝ «Հրանտ Դինքից առաջ և հետո» թեմայով:
Հեռու լինելով Հրանտ Դինքի շուրջ բանավեճելու ցանկությունից, մենք նրան ընդունում ենք որպես Թուրքիայում հայկական հարցի վերջին զարգացումների ուղենիշ: Առաջին հրապարակման առիթով, ձեզ ներկայացնում ենք Թուրքիայի, Հայաստանի և Սփյուռքի տարբեր անձնավորությունների տեսակետները այս զարգացումների շուրջ՝ Հրանտ Դինքի անցած ճանապարհի միջով: