Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Մարդ, որը փոխեց Թուրքիան

 
 
 

Հայացք Հայաստանից

Մարդ, որը փոխեց Թուրքիան

Անուշ Հովհաննիսյան

 

 
Անուշ Հովհաննիսյան

Թուրքագետ, ՀՀԳԱԱ Արեւելագիտության Ինստիտուտի գիտաշխատող

Թուրք անվանի քաղաքագետ և պատմաբան Բասքըն Օրանի Հրանտ Դինքի մասին ասված այս խոսքերն եմ ընտրել որպես վերնագիր հոդվածիս, որը փորձ է արձագանքել հարգարժան պրոֆեսորի պնդմանը, փորձ`հասկանալ և ներկայացնել Դինքի ֆենոմենը հայ թուրքագետի աչքերով:

Հրանտ Դինքին հանդիպել եմ առաջին և, ցավոք, վերջին անգամ 2005 թ. Երևանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցին նվիրված «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. Մարդու իրավունքները և ցեղասպանությունը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի ժամանակ: «Պատմությամբ բաժանված, աշխարհագրությամբ միավորված». այսպես էր վերնագրված գիտաժողովի աշխատանքային քննարկումներից մեկը, որի ընթացքում ի թիվս Թուրքիայից ժամանած այլ ներկայացուցիչների` Մուրադ Բելգեի, Բասքըն Օրանի, ելույթ ունեցավ նաև Դինքը: «Թուրքիայում մեծամասնությունը չգիտի ճշմարտությունը: Ինչպե՞ս իմանա, երբ 90 տարի արգելվել է խոսել այդ մասին,- ասում էր Դինքը: - Հայկական կողմը թուրքերին իրական պատմությունը սովորեցնելու և հետո միայն ցեղասպանությունը ճանաչելու դիվանագիտություն պետք է վարի»: Նրա հավաստմամբ` ցեղասպանության մասին ավելի տեղեկացված է բնակչության այն հատվածը, որն այսօր բնակվում է պատմական Հայաստանի տարածքում: Դրանց մեծ մասը թուրքացած կամ քրդացած հայեր են, որոնք հիշում են իրենց նախնիների նկատմամբ իրականացված ոճիրը: «Հայկական հարցը սկսեց շոշափվել քրդական հարցի հետ զուգահեռ: Առաջինը հենց քուրդ մտավորականները գրեցին այդ մասին` վկայելով հայոց կոտորածների մեջ նաև քրդերի մասնակցությունը»,- ասում էր Դինքը: Թուրք հասարակությունը այլևս անվերապահորեն չի հավատում պաշտոնական քարոզչությանը և հասարակության մի հատվածը սկսել է անդրադառնալ ցեղասպանությանը, չնայած պետական վարչակազմի ստեղծած խոչընդոտներին: Թուրքիայի համառ ժխտողականությունը Հրանտ Դինքը բացատրեց ոչ միայն Անկարայի` արտաքին աշխարհի աչքերում իր «իմիջը» պահելու անհրաժեշտությամբ, այլ սեփական ժողովրդի ինքնագիտակցության արթնացումի վախով: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Դինքը հայտնեց իր անձնական մոտեցումը. «Լավագույն ճանապարհը Թուրքիայի ժողովրդավարական երկիր դառնալն է, երբ «ներքևից» պահանջ կլինի, և հասարակությունն ինքը` առանց արտաքին ճնշումների, կճանաչի ցեղասպանությունը: Հայ-թուրքականհարաբերություններնանհրաժեշտէդուրսբերել 1915 մետրխորությունունեցողջրհորից», - այսպիսի կրքոտ կոչով ավարտելով իր ելույթը:

Հրանտ Դինքը հավատարիմ մնաց սեփական այդ կոչին` ողջ իր կարճատև, բայց պայծառ կյանքի ընթացքում:

Անժխտելի է այն փաստը, որ ցեղասպանությունը և դրա հետևանքները արմատական ազդեցություն են թողել հայ և թուրք ժողովուրդների հետագա ճակատագրերի վրա և մեծապես պայմանավորել են երկու հասարակությունների ձևավորման գործընթացը:

Ցեղասպանությանը հետևած ավելի քան 90-ամյա ժամանակահատվածը մասնագետները բնորոշում են որպես «լռության», «մոռացության» տարիներ: Քեմալական պատմության նոր հայեցակարգը հնարավորություն էր տալիս թուրք հասարակությանը միացնել մոռացության մեխանիզմները, արգելք դնել «ծանր» հիշողությունների դեմ` կապված Առաջին Աշխարհամարտում կրած պարտության, կայսրության փլուզման, ցեղասպանության հետ:

«Դավաճանության», «թուրքերի դեմ դավադրության» և «ներքին թշնամիների» մասին տեսակետները արմատավորվում են թուրք հանրային կարծիքի մեջ և ակտիվորեն խթանվում պաշտոնական քարոզչության միջոցով:

Թուրքիայում պետությունը որոշիչ և վերահսկող դերակատարում է ունեցել և շարունակում է ունենալ կոլեկտիվ հիշողության ձևավորման վրա, քանզի գլխավորապես միանձնյա և ընտրովի են ներկայացվում այն աղբյուրները, որոնցով ծանոթանում են անցյալին, և, իհարկե, դա միայն այն աղբյուրներն են, որոնք արդարացնում են պետության դիրքորոշումը: «Մասնավոր», այլընտրանքային աղբյուրները մատչելի չեն եղել: Առաջին հանրապետության հանրային դիսկուրսում ոչ միայն Հայոց ցեղասպանության թեման չկար, այլ նաև Թուրքիայի քաղաքացի և ազգային փոքրամասնություն հանդիսացող հայերի խնդիրներն էին բացակայում: Հայկական ցեղասպանության «տաբուն» ինքնըստինքյան ենթադրվող «տաբու» էր:

Մինչև 1960-ականների կեսը, այսինքն Ցեղասպանության 50-ամյակը, որը թե՛ Սփյուռքում, թե՛ Խորհրդային Հայաստանում նշանավորվեց ցույցերով, Հայոց պահանջատիրության բարձրաձայնումով, թուրքական պետության ժխտողականության սլաքը ուղղված էր առավելապես դեպի արտաքին աշխարհ:

1970-80-ական թթ. ԱՍԱԼԱ-ի գործողություններով խաթարվում է Հայկական հարցի հետ կապված լռության մթնոլորտը: Թուրքական պետությունը ստիպված է բացատրություններ տալ իր հասարակությանը ողբերգական գործողությունների շարժառիթների մասին: Միևնույն ժամանակ, թուրք հանրային կարծիքը փորձում են ձևավորել «մեր լավ հայերը» և «ագրեսիվ, չարամիտ, դավադրություններ հյուսող, թուրքերին ատող Հայկական Սփյուռք» պարզունակ բանաձևի շուրջ:

Հարկ է նշել նաև, որ 1980-ական թվականներին սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Տասնամյակների լռությունից հետո թուրք հասարակությանը հրամցված, «դիվայնացված» Սփյուռքի մասին պատկերացումը գերիշխող է այդ տարիների հանրային քննարկումներում: Պարզ է, որ նման մթնոլորտում չափազանց ծանր կացության մեջ էր հայտնվել նաև Ստամբուլի հայությունը:

1990-ական թթ. հիրավի կարելի է անվանել այն շրջանը, երբ «լռության պատը» զգալի ճեղքեր է տալիս: Դրան նպաստում են թե՛ գլոբալ զարգացումները` «սառը պատերազմի» ավարտը, ԽՍՀՄ-ի փլուզումը, Հայաստանի անկախացումը և Հայկական պետականության վերականգնումը, հետևաբար և Հայկական հարցի պետականորեն արծարծելու հնարավորությունը, թե՛ Թուրքիայի ձգտումը` ԵՄ ինտեգրվելու ուղղությամբ, թե՛ Թուրքիայի ներքաղաքական զարգացումները` քրդական հարց, իսլամականության ակտիվացում, թուրք ինքնության շուրջ քննարկումներ և այլն:

Այս համատեքստում կարևոր նշանակություն է ձեռք բերում  1996 թ. «Ակոս» թերթի հիմնադրումը, որը հայերին հուզող խնդիրները քննարկելու եզակի հրապարակ է դառնում` Թուրքիայի ընդհանուր ժողովրդավարացման շրջանականերում:

2000 թ.-ից սկսած կարող ենք խոսել հայկական «տաբու»-ի նահանջի մասին: Կարևոր է ընդգծել, որ Հայկական հարցի հանրային քննարկումները համաթուրքական` դեպի ժողովրդավարացում և քաղաքացիական հասարակության կառուցում տանող քննարկումների մաս են կազմում: Թուրքիայում ձևավորվող քաղաքացիական հասարակությունը հարցադրումներ է բարձրացնում, որոնք լուրջ մարտահրավերներ են պետությանը: Այսօր կարող ենք արձանագրել պետության և հասարակության առաջադեմ հատվածի դիմակայության փաստը:

Հայոց ցեղասպանության առումով այս դիմակայությունը ենթադրում է ազատագրում պաշտոնական մեկնաբանության կաղապարներից, այլընտրանքային աղբյուրների մատչելիություն և հանրային լայն քննարկում:

Հրանտ Դինքի սպանությունը շրջադարձային էր թուրք հասարակության համար: Պաշտոնական թեզի ողջ սնանկությունը լավագույնս արտահայտված է լրագրող Ահմեդ Ալթանի հետևյալ տողերում. «Ոչինչ չի փոխվել. նրանք սպանվել են 1915-ին, նրանք սպանվում են և 2007-ին: Առաջ մեզ ասում էին` «նրանք սպանում էին մեզ, մենք էլ սպանեցինք նրանց»: Ի՞նչ եք ասելու հիմա. «Հրանտը սպանեց մեզ մենք էլ սպանեցինք նրա՞ն»:

Թուրքիայում սկսվել է հայերի «թաքնված» ինքնության բացահայտում, իրենց իրավունքների բարձրաձայնում, այն պարագայում, երբ իրեց իսկ խոստովանությամբ` նրանք «երբեք չեն զգացել իրենց հասարակության լիարժեք անդամ»:

2010 թ.-ից սկսած Ապրիլի 24-յան հիշատակման արարողություններն արձանագրվեցին աննախադեպ միջոցառումներով` դա և՛ ներողության առցանցային ստորագրահավաքն էր, և՛ Թաքսիմ հրապարակի մոմավառությունը, և՛ Հայդարփաշա կայարանում անցկացված նստացույցը և այլն:

Իհարկե, որքան ուժեղանում է միջազգային, և հատկապես ներքին ճնշումը, այնքան ավելի են ուժեղանում պետության ջանքերը` հակաարշավներ կազմակերպելու ուղղությամբ:

Եթե նախկինում թուրքական պետության ժխտողականության վեկտորը հիմնականում ուղղված էր դեպի արտաքին աշխարհ, ապա ներկայումս նրա մեկ այլ սլաքը ուղղված է դեպի երկրի ներս` պաշտոնական թեզի հետ անհամաձայն անհատների դեմ պայքարելու համար: Կարելի է ասել, որ այսօր թուրքական պետությունը իր ժխտողական քաղաքականությամբ պատանդ է դարձրել թուրք ժողովրդին` ակամա մասնակից դարձնելով նրան ժխտողականության մեղքին:

Հրանտ Դինքը այդ ժխտողականության դեմ պայքարող մարտիկ էր: Դինքը պարբերաբար ենթարկվում էր սպառնալիքների, հետապնդումների թուրք ազգայնականների կողմից` հաճախակի հարկադրված լինելով այցելել ոստիկանական բաժանմունքներ, քանզի Հրանտը բարձրաձայնում էր Հայկականհարցը, Հայոց Ցեղասպանության ընդունման անհրաժեշտությունը, որը կնպաստեր հայ-թուրքական երկխոսությանը` միևնույն ժամանակ կտրականապես հրաժարվելով լքել Թուրքիան. նա սիրում էր կրկնել, որ հայ է, բայց ծնվել է Թուրքիայում, նաև թուրք հասարակության մի մասնիկն է ու չի ցանկանում փախչել…

Բայց այն ճշմարտությունները, որոնց մասին բարձրաձայնում էր Դինքը, պետության կողմից որպես վտանգ էին դիտվում, այն նման էր Պանդորայի պահոցը բացելուն: Թուրքիայում վտանգավոր է ճշմարիտ լրագրող լինել, հատկապես երբ դու ծագումով հայ ես:

Հրանտ Դինքին սպանեցին 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի կենտրոնում` «Ակոսի» խմբագրատանը կից տարածքում: Համաձայն պաշտոնական թուրքական տարբերակի` մարդասպանն այն ժամանակ 17-ամյա Օգյուն Սամասթն է, որին ձերբակալել են և որն ընդունել է իր մեղքը: Սակայն առ այսօր, Հրանտ Դինքի սպանությունից վեց տարի անց, չեն բացահայտվել այդ սպանության իրական պատվիրատուները: Հրանտ Դինքի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Ֆեթհիյե Չեթինը պնդում է, որ Թուրքիայի ուժային կառույցները տեղեկացված են եղել «Ակոս»-ի խմբագրի հնարավոր սպանության մասին, սակայն որևէ քայլ չեն ձեռնարկել այդ հանցագործությունը կանխելու համար։ «Եթե մենք իրոք ցանկանում ենք, որ Թուրքիան ժողովրդավարացման ուղին բռնի, հարկավոր է բացահայտել այն դերակատարությունը, որ ունեն ոստիկանությունը, ռազմական ոստիկանությունը եւ քաղաքացիական բյուրոկրատների դասը թուրքական հասարակության ներսում»,– ասել է Ֆեթհիյե Չեթինը։

Այսօր թուրք ազգայնականությանը ընդդիմանում են ժողովրդամետ ազատական ուժերը: Սակայն որքա՞ն մեծ է վերջիններիս ազդեցությունը առկա թուրք-հայկական գործընթացներին, որչա՞փ է պետական ժխտողական քաղաքականությունն արտացոլում Թուրքիայի հանրության հավաքական կարծիքը. սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տա ինքը` թուրքական հանրությունը:

Այս հոդվածի շրջանակներում մենք անդրադարձանք թուրք-հայկական հարաբերությունների միայն մի խնդրին` փորձելով հասկանալ Հրանտ Դինքի ֆենոմենը:   Վեց տարի առաջ Թուրքիան փոթորկվել էր հայազգի մտավորականի սպանության փաստից, Հրանտ Դինքի մահը  ցնցել էր երկիրը։ Նրա մահվան հաջորդ օրը հազարավոր թուրքեր, քրդեր, հայեր` մոմերով, ծաղիկներով ու Դինքի լուսանկարներով, շարժվեցին կենտրոնական Թաքսիմ հրապարակից մինչ սպանության վայրը` ձեռքներին պահած «Մենքբոլորսհայենք, մենքբոլորսՀրանտԴինքենք» պաստառները: Ասում են` ԴինքնիրզոհողությամբփոխեցԹուրքիան: 2007 թ.-ից հետո հայերը սկսել են առավել ինքնակազմակերպվել ու բարձրացնել իրենց հուզող խնդիրները, Հրանտի առաքելությունը շարունակում են նրա հայ և թուրք ընկերները, որոնց գուցե և առայժմ ոչ մեծաթիվ շարքերին ավելանում են նրանք, ովքեր Հրանտի հետ նույն արժեհամակարգով են դատում ու գործում: Օրինակ, երբ վերջերս Ստամբուլի Սամաթյա թաղամասում տարեց հայ կանանց նկատմամբ սպանություններ և բռնություններ իրագործվեցին, ի հեճուկս իշխանությունների կրավորական պահվածքի, Ստամբուլի քաղաքացիական կազմակերպություններից մի քանիսն իրենց բողոքի ձայնը բարձրացրին և շուրջօրյա հերթապահություն կազմակերպեցին նշված թաղամասում` ապահովելով իրենց հայ հարևանների պաշտպանությունը: Թուրքիան հակասությունների երկիր է: Թուրքիայում կարող է լինել և Հրանտ Դինքին սպանող, և սպանությունից հետո «Ես Հրանտ Դինք եմ» ասող թուրք»,- մի առիթով զրույցում ինձ ասաց «Նոր Զարթոնք» կազմակերպության անդամ Սայաթ Թեքիրը: Եվ եթե այսօր Թուրքիայում ազգատյացությանն ու հայատյացությանը հնարավոր է բարձրաձայն «ոչ»  ասել` դա Դինքի ֆենոմենն է, ինչ-որ չափով նա փոխել է Թուրքիան:

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook