Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Թուրքական ազգայնականությունը եւ պատմության գյուտը - Մաս B

 
 
 

Հայկական եւ թուրքական ինքնությունն այսօր

Այլ տեսակետ


Թուրքական ազգայնականությունը եւ պատմության գյուտը - Մաս Բ

Էթիեն Քոփո

 

 
Էթիեն Քոփո

Աշխարհաքաղաքականության դոկտոր, Թուրքիայի մասնագետ

«Պատմության գյուտը» վերնագրված այս տեքստը 1994-ին հրապարակված ամփոփումն է այն ատենախոսության, որն ավարտեցի և պաշտպանեցի նույն տարվա դեկտեմբերին: Առաջին անգամն է, որ իմ աշխատանքի արդյունքը փորձում էի ներկայացնել լայն հասարակությանը՝ «Autrement» հրատարակչության միջոցով: Ոչ մի արձագանք չեղավ, հետաքրքրության ոչ մի նշան: Թուրք ազգայնականների «պատմության թեզը» այնքան մտացածին էր, որ երեւի մտածեցին, թե չափազանցնում էի: Ոմանք զարմանում էին, որ նման անհետաքրքիր բաներով եմ զբաղվում: Պետք է ասել, որ Մուստաֆա Քեմալի  20-30-ական թթ բարեփոխումների թվում այս մեկը հաճախ մոռացված էր պատմաբանների կողմից:

Բայց այս «պատմության գյուտը» քեմալիզմի պատմության մեջ երկրորդական չէ: Հայոց ցեղասպանության, ապա նաեւ 1923-ի «մեծ փոխանակման» հետեւանքով (իրականում՝ կրկնակի զանգվածային արտաքսում), պատերազմի եւ բռնության տասնմեկ տարիների ընթացքում ուժասպառ եղած ու կործանված Անատոլիայի բնակչությունը բառացիորեն ապակողմնորոշված էր: Կայսրությունից հանրապետություն անցման շրջանում հաճախ է խոսվում տարածքային կորուստների մասին, բայց կա շատ ավելին՝ Անատոլիայի գրեթե յուրաքանչյուր բնակիչ կորցրել է տուն, դաշտեր, այգի, հարազատ միջավայր: Կորել է հարեւանը, ընկերը, արհեստավորը կամ թաղի խանութպանը, հայը, հույնը՝ հայտարարված թշնամիներ, վերացված կամ արտաքսված: Եւ ուշ է գիտակցվում, շատ ուշ, որ այդ «Մյուսը» քո մի մասն է կազմում, և որ նրա կորուստը մի տեսակ անդամահատում է:

Անհրաժեշտ էր (փոխ)հատուցել կորուստը: Քեմալականները ներգրավվեցին այդ գործում՝ օգտագործելով արդեն գոյություն ունեցող՝ առաջին ազգայնականների կողմից մշակված պատմական պատումը, որը անատոլիացիներին տալիս էր մի ուղղություն, մի իմաստ այս ամեն ինչում, ոչ թե մատնացույց անելով մի ապագա, այլ մի նոր անցյալ, որն սկզբունքորեն պիտի վերջնականապես հաստատեր միաձույլ և խորապես արմատացած թուրքական ինքնությունը: Հուսադրող մի պատում:

Բայց մի հարց կար, որին խուսափողաբար էի անդրադարձել 1994 թվականին, դա ցեղասպանության հարցն էր: Այնտեղ ես թեթեւակիորեն եմ մատնացույց անում այն. «Հայերի հարցը կարգավորվել էր այն դաժանությամբ, որին ծանոթ ենք»: Ես ուսումնասիրում էի թուրքական պատմական պատումը՝ իր ամբողջությամբ, ավելի քան վեց տասնամյակների իր զարգացմամբ, և հասկացել, բայց դեռ չէի ձեւակերպել, այն ինչը, որ այժմ ինձ էական է թվում. այս պատումը ամբողջությամբ պայմանավորված էր (և պայմանավորված է) ցեղասպանության գոյությամբ: Կարելի է նույնիսկ ընդլայնել, ասելով, որ 20-րդ դարի (և դրանից հետո) ողջ  թուրքական իրականությունը պայմանավորված է այս սկզբնական հանցագործությամբ և դրա ժխտմամբ:

Իսկ ո՞րն է իմ ներկայացրած տեքստի պատումը, եթե ոչ այն ալիբի-պատումը, որը մշակվել էր հանցագործների կողմից՝ քողարկելու համար իրենց ոճիրը: Հայերին և ուղղափառներին անատոլիական հողից վերացնելուց հետո, ահա և պետությունը ջնջում էր նրանց պատմությունը ու պարտադրում մի պատում, որը պետք է ամեն ինչ թաքցներ: 20-րդ դարի  առաջին կեսին Անատոլիայում «էթնիկ զտումների» ողջ քաղաքականությունը գտնվում է այս պատումում, և փաստում է ոճիրի գոյությունը:

Որովհետեւ ինչպես հոգեբույժը հիմնվում է իր պացիենտի պատումի վրա՝ նրան հասկանալու և փորձել բուժելու համար, հոգեվերլուծության գործիքների օգտագործմամբ կարելի է հասկանալ չասվածը, ժխտումը, Մյուսի մերժումը, էգոյի կերտումը, բայց նաեւ խորտակիչ մեղավորությունը, անհանգստությունն ու անհարմարությունը, որոնք հավանորեն հետագայում նպաստել են Աթաթուրքի՝ հուսադրող ու պաշտպանող Հոր, պաշտամունքի ձեւավորմանը:

Պատմության հեղաշրջում

Նեոլիթյան գաղթերն ապացուցելու համար քեմալականները դիմելու են ցեղային հայեցակարգին, որն այդ շրջանի կարեւորագույն հարացույցներից (պարադիգմաներից) մեկն է: Եվրոպայում շատ մոդայիկ ռասայական մարդաբանությունը (իր հայտնի բոլոր հետեւանքներով) հրապուրում է թուրք մտավորականներին: Թուրքական միությունը (Türk Derneği, 1908թ) և ապա Թուրքական օջախները (1912թ) տարածելու են «թյուրքիստական» գաղափարները: Վերջինիս նպատակը հետեւյալն է՝ «իսլամական ժողովուրդների առաջնորդ հանդիսացող թուրքերն իրենց ազգային դաստիարակությամբ և գիտական, սոցիալական, տնտեսական վիճակի առաջընթացով և վերելքով ձգտում են հասնել թուրքական ցեղի և թուրքերեն լեզվի կատարելության»:. Այս ամենը կարելի է կարդալ ֆրանսերենով, Ռեշիթ Սաֆֆեթի [Աթաբինեն] (Les Türk-Odjaghis/Թուրքական օջախներ) փոքրիկ բրոշյուրում: Դրանք խիստ հիշեցնում են Cahun-ին և սեւեռված են թուրքերի էթնիկ գիտակցության վրա. արմատների հպարտություն, ցեղի հպարտություն, լեզվի  կատարելություն, որը փրկում է ինքնության կորստից: Շարժման տեսաբանը՝ Զիյա Գյոքալփը, մահանում է 1924թ, բայց Թուրքական օջախների անդամները ապահովելու են այդ գաղափարների շարունակականությունը՝ պատերազմից ու կայսրության փլուզումից էլ հետո, ընդհուպ մինչեւ քեմալական շրջան: 1930-ին բոլորն էլ երեսունից վաթսուն տարեկան են, և նրանց գալիս են փոխարինելու քեմալական երիտասարդների սերունդը, ծնված մոտավորապես 1900թ: Այս ամենում հսկայական դեր է ունենալու երիտասարդ պատմաբան Աֆեթ Ինանը (1908-1985)՝ Աթաթուրքի որդեգրած դուստրը, որը էմանսիպացված մտավորական կնոջ նախատիպն է, ու նոր Թուրքիայի իսկական մարմնավորումը:

1930-ին Աֆեթ Ինանը, ում կարելի է համարել Աթաթուրքի պատմության գծով խոսնակը, ստանձնում է Թուրքական օջախների Պատմական ուսումնասիրման հանձնախմբի ստեղծման պարտականությունը: Վերջինս գտնվում է Հանրապետության նախագահության խիստ հսկողության տակ և ընդգրկում ողջ քեմալական մտավորականությունը, այդ թվում «ռուս» Յուսուֆ Աքչուրան - ով հետագայում նախագահելու է 1932թ պատմագիտական համագումարը - և Սադրի Մաքսուդին [Արսալ]: Այս հանձնախումբը ռեկորդային ժամանակում հրատարակում է «Թուրքիայի պատմության հիմնական ուղիները» վերտառությամբ 600 էջանոց արտասովոր մի աշխատություն, որտեղ ներկայացված են պատմության թեզերը:

Բայց այս գաղափարներն արդեն ընդունելի են քեմալական մտավորականության համար. գլխավոր խնդիրն այժմ այն տարածելն է բնակչության ամենալայն խավերում` ինչը պետք է արվի կրթության միջոցով: Հիմնական ուղիների մի հատվածը հրատարակվում է բարակ գրքույկի տեսքով՝ ուսուցիչների համար: Գրքույկի ընթերցողները պիտի որ ցնցված լինեն, որովհետեւ առաջին անգամ է, որ թուրքերի անցյալում իսլամի մասին ոչ մի խոսք չկա... Գրքում կա նաեւ 1873-ին Léon Cahun-ի կարդացած դասախոսության թարգմանությունը, որտեղ խոսվում է  Եվրոպայում թուրանական լեզուների մյուսներին նախորդելու մասին:

1931թ ապրիլին մի նոր քայլ է կատարվում պատմության վերահսկողության ուղղությամբ. քեմալիզմից անկախ և նրանից առաջ ծնված Թուրքական օջախները դադարեցվում են և փոխարինվում Թուրքական պատմագիտական ուսումնասիրության ընկերությամբ (Türk Tarih Tetkik Cemiyeti), որը քեմալական նախաձեռնություն լինելով, ավելի հեշտ կառավարելի է: Դրա առաջին գործը եղավ ավագ դպրոցների համար նախատեսված չորս ծավալուն դասագրքերի հապճեպ հրատարակումը, որոնց առանձին հատվածներ նույն տարվա հուլիսին Աթաթուրքը անձամբ խմբագրեց: Հավաքածուն շահագործման հանձնվեց 1931թ աշնանը:

Այնպես որ՝ այս հատորները լույս են տեսնում Թուրքական պատմագիտական համագումարից գրեթե մեկ տարի առաջ (1932թ հուլիսին): Մասնակիցները փաստի առջեւ են կանգնած. «պատմության հեղաշրջումը» ավարտված է:

Համաշխարհային պատմությունը՝ թուրքերի հայացքով 1931-1934 թթ

Երկար ժամանակ օգտագործված քեմալական այս դասագրքերը այդ գաղափարներն են փոխանցելու այն սերնդին, որն ունենալով տասնհինգ-քսան տարեկան 1931 եւ 1945 թվականների միջեւ, կազմելու է 60-80-ական թվականների թուրք մտավորականությունը:  Եթե ընդունենք, որ դպրոցական և բուհական կրթությունը կարեւոր դեր ունի անհատի զարգացման մեջ, ապա մենք այստեղ ունենք ներկայիս  Թուրքիայի գերիշխող քաղաքական եւ պատմական մշակույթի բանալիներից մեկը:

Սա լուրջ շեղում է: Այս դասագրքերի՝ նախապատմությանը և հնագույն պատմությանը վերաբերող գլուխները գրեթե նույնական են Հիմնական ուղիների հետ և կարեւոր տեղ են զբաղեցնում. այնտեղ թուրքերի դերը իսլամի պատմության մեջ մեծացված է, իսկ դիսկուրսը՝ էապես աշխարհիկացված: Այնտեղ ամեն ինչ արված է փառաբանելու համար հին թուրքական մշակույթը, և, ավելի նրբորեն, ներկայացնելու համար քեմալիզմը որպես բուն թուրքական մշակույթի բնական ժառանգորդ: Նրանց դիսկուրսը վերը քննարկված բոլոր ազդեցությունների արդյունք է: Հատուկ շեշտ է դրված թուրքական անհատականության վրա, ինչպես ժամանակին արել են Cahun-ը, Գյոքալփը, Աթաբինենը:

«Պատմության խոշորագույն հոսանքներն ստեղծող թուրքական ցեղը բոլորից ավելի շատ է պահպանել իր անհատականությունը (...): Նա շատ է տարածվել և խառնվել այլ երկրներում կամ իր սահմանների մոտ գտնվող հարեւան ցեղերի հետ: Այնուամենայնիվ (...) թուրքական ցեղը չի կորցրել իր առանձնահատկությունները: Նախապատմության և պատմության ընթացքում հասարակություններ, քաղաքակրթություններ, պետություններ ստեղծած այս մեծ ցեղի զավակները միշտ արդյունավետորեն են պահպանել իրենց կապը ընդհանուր լեզվի եւ մշակույթի հետ:»

Այս տեքստը կարող էր նաեւ գրված լինել 1980-ի որեւէ դպրոցական դասագրքում՝ բացառությամբ ռասա բառի, որն այլեւս գործածական չէ: Թուրքականության դարավոր հատկանիշների պահպանման թեման տասնամյակներ շարունակ արդիական է մնում: Դրան հաճախ ենք հանդիպում դպրոցական աշխարհից դուրս՝ ազգայնական քաղաքական դիսկուրսում ու մամուլում, և նույնիսկ մզկիթներում:

Երկրորդ մեծ թեման միջինասիական ծագումն է և գաղթերը. պատմության թեզերը ներկայացնող գլուխը բացվում է Աթաթուրքի մի նկարով, երկու այլ մարդիկ և մեկ երեխա միասին նայում են աշխարհի քարտեզին՝ աչքերն ահնհայտորեն ուղղած Կենտրոնական Ասիային՝ թուրքերի մայր հայրենիքին (Anayurdu): Հաջորդ էջերում միջինասիական ծովի,  նախնադարյան թուրքական փառահեղ քաղաքակրթության, ողջ աշխարհը քաղաքակրթող գաղթերի գոյությունը հրամցվում է որպես անվիճելի պատմական ճշմարտություն: Մի ամբողջ էջի վրա է ներկայացվում եվրասիական մայրցամաքի քարտեզը, կենտրոնում մայր հայրենիքը, և թուրքական գաղթերը դեպի Չինաստան, Հնդկաստան, Մերձավոր Արեւելք, Եգիպտոս և Եվրոպայում մինչեւ Իռլանդիա հասնող սլաքների մի բարդ համակարգ: Առաջին անգամ Cahun-ի կողմից ներկայացված այս քարտեզը առ այսօր մեծ թվով հետնորդներ ունի:

Հնագույն քաղաքակրթություններին վերաբերող գլուխները շատ կրկնվող են: Այնտեղ  նկարագրվում է բնիկ ժողովուրդների (չինացի, հնդիկ, եգիպտացի, եվրոպացի...) խղճուկ և հետամնաց գոյությունը, քաղաքակրթիչ տեխնիկաներով (ոռոգում, գյուղատնտեսություն, կենդանիների ընտելացում, քաղաքային կյանք) և զարգացած մշակույթով  (կազմակերպված պետական համակարգ, գրություն, գրականություն...) հարուստ թուրք գաղթականների ժամանումը: Թուրքական թթխմորի շնորհիվ տեղաբնիկ ժողովուրդները քաղաքակրթություն են մուտք գործում:

«Երբ թուրքերը Միջագետք հասան, [գետերի] ափերը ճահճոտ էին. (...) այդ նրանք էին, որ փառահեղ մի քաղաքակրթություն ստեղծեցին, զարգացնելով ոռոգումը փոքր ջրանցքներով: Նրանք այդ տեխնիկաները մայր հայրենիքից էին բերել:»: (...)

«Եգիպտոս հասած թուրքերը բնակեցրին Նեղոսի դելտան, որն այն ժամանակ անմարդաբնակ էր: Նեղոսի ափերին ապրող տեղաբնիկները հազիվ Նոր քարի դարում էին: Թուրքերի Ժամանումից հետո նկատվում է, որ Եգիպտոսում կյանքը միանգամից անցում է  կատարում դեպի երկաթի դարի քաղաքակրթություն:» (...)

«Կրետեի և Տրոյայի հնագույն բնակատեղիների ու Կասպից ծովի արեւելյան ափի թուրք ժողովուրդների բնակատեղիների հետքերի նմանությունը բավական է ճանաչելու այն աղբյուրները, որոնք հիմնել են էգեյան քաղաքակրթությունը:» (...)

«[Թուրքերը] եվրոպացիներին սովորեցրին գյուղատնտեսությունը, վայրի կենդանիների ընտելացումը, խեցեղենը: Նվաճողները, որոնք մտքի, արվեստի, գիտելիքի ոլորտներում եվրոպացիներից շատ ավելի բարձր մակարդակում էին գտնվում, նրանց քարանձավներից դուրս հանեցին և քաղաքակրթության ուղու վրա դրեցին:»

Այս պատմական դիսկուրսի նպատակը թուրքերին իրենց հպարտությունը վերադարձնելը չէր միայն, այլ նաեւ քեմալական հեղափոխությունը լեգիտիմացնելն էր: Իրոք, քանի որ այն մեծապես հիմնված էր տասնիններորդ դարի եվրոպական պոզիտիվիզմի գաղափարների վրա, ուստի այն պետք է ներկայացվեր որպես թուրքական հանճարի արտահայտություն: Այս դիսկուրսով պետք է ցույց տրվեր, որ աշխարհիկությունը, սեռային հավասարությունը, խորհրդարանական հանրապետական վարչակարգը ծագում են միջինասիական ու խեթական քաղաքակրթություններից: Նույնպես, այս ժողովուրդները օժտված են ժամանակակից թուրքերի ենթադրյալ առաքինություններով, իսկ նրանց հասարակական կազմակերպվածությունը իդեալական է: Դա հատկապես վերաբերում է կանանց կարգավիճակին՝ խեթերի հետ կապված դիսկուրսում կինը պետք է տղամարդուն հավասար լիներ: Որովհետեւ 1934թ սեռային հավասարությունը պետք է ներկայացվեր որպես վերադարձ դեպի հին թուրքական ավանդույթ:

«Խեթական ժողովուրդը (...) թուրքական ժողովուրդ է: Խեթերի, ինչպես և շումերների ու էլամական ժողովրդի բնիկ լեզուն թուրքերենն է և նրանք բրախիկեֆալ են:» (...)

«Տղամարդիկ և կանայք հավասար են: Կանայք մասնակցում են կառավարության գործերին, տղամարդկանց նման պատերազմի են գնում (...): Խեթերից մեզ մնացած գործերի թվում է հրամանատար կնոջ մի արձան

Այս բոլոր չափազանցություններն անվնաս կարող են թվալ, քանի որ չափից դուրս կոպիտ են: Բայց չմոռանանք, որ այս դիսկուրսը հասցեագրված է դյուրազգաց տարիքի երիտասարդների, որոնք դպրոցից դուրս եւս նմանատիպ բուռն քարոզչության զոհերն են դառնում: Վերոնշյալ օրինակները որոշակի գաղափար են տալիս, թե ինչ չափերի է  հասնում Աթաթուրքի ազգային հպարտություն ներարկելու բուռն ցանկությունը: Հետագայում պատմության այս տարօրինակ մեկնաբանությունը մի կողմ դրվեց, բայց դրա բազմաթիվ հետքերը դեռ մնում են մի շարք գրքերում. առավել տեսանելի է թուրքերի նախնադարյան գաղթերի քարտեզը, որը առկա է ներկայումս օգտագործվող որոշ աշխատություններում (դասագրքեր և պատմական ատլասներ):

 Մարդաբանություն, լեզվաբանություն և քեմալիզմ

1931թ դպրոցական դասագրքերում և ապա 1932թ պատմագիտական համագումարում հստակեցված այս պատմության թեզերը դեռ պետք է ամրագրվեին «գիտական  ուսումնասիրություններով». 1932-ի համագումարում բազմաթիվ բանախոսներ իրենց ելույթներում սեվեռվել էին թուրքական ցեղի հայեցակարգի վրա, և ձգտում էին նրան տալ մարդաբանական «գիտական» սահմանում: Նրանք վկայակոչում էին եվրոպացի տեսաբանների, ինչպիսիք են Gobineau-ն, Deniker-ը և նրա «Essai d’une classification des races humaines» (1889) աշխատությունը («Մարդկային ռասաների դասակարգում»): Աֆեթ Ինանը հետաքրքրվում էր Georges Montandon-ի երկասիրություններով, ով ավելի ուշ տարվեց հակասեմիտիզմով: Բայց այդ շրջանում թուրքական «ռասայի» հիմնական մասնագետ էր համարվում ժնեւցի Eugène Pittard-ը: Նա ուսումնասիրել է Բալկաններն ու Անատոլիան, և մեծ հեղինակություն է ձեռք է բերել «L’Evolution de l’Humanité» («Մարդկության էվոլյուցիան») մատենաշարում հրատարակած «Les Races et l’Histoire» («Ռասաները  և պատմությունը») հատորով: Ժնեւի համալսարանի դասախոս, այնուհետեւ ռեկտոր Pittard-ը քարոզչություն էր տանում, որպեսզի ռասայական մարդաբանությունը դուրս գար գիտական գետտոյից և ուսուցվեր ինչպես և մյուս առարկաները: Նրա փաստարկները բավական մտահոգիչ են. նա ցանկանում էր, որ  մարդաբանությունը ծառայի մարդկային ցեղի բարելավմանը: Թեեւ նա ռասիզմի տեսաբան չէր, բայց նրա գրվածքներում կարելի է գտնել առանձին հատվածներ, որտեղ ռասիստական տեսություններ են մեջբերված:

Eugène Pittard-ը և պատմության թեզերի կողմնակիցները պետք է անպայման իրար հանդիպեին: Առաջին շփումները, ըստ երեւույթին, 1935-ին են տեղի ունենում: Pittard-ը շատ արագ մտքի հանճար է դառնում՝ 1937-ին նա արդեն թուրքական պատմագիտական երկրորդ համագումարի պատվավոր նախագահն է, իսկ Աֆեթը նրա ղեկավարությամբ 1939թ Ժնեւում դոկտորական ատենախոսություն է պաշտպանում «Անատոլիան՝ թուրքական «ռասայի» երկիրը» (L’Anatolie, pays de la « race » turque)թեմայով:

1928 թվականից Pittard-ը Թուրքական մարդաբանության հանդեսում (Revue Turque d’Anthropologie)հետազոտողներին խրախուսում էր ապացուցել էտրուսկների թուրքական ծագումը (և նույն մեթոդով՝ շումերների, խեթերի...): 1932թ պատմագիտական համագումարից թեւավորված Աֆեթ Ինանը, իր հոգեւոր հոր և թուրքական պետության լուրջ աջակցությամբ, 1937-1939թթ հսկայածավալ մի ուսումնասիրություն է իրականացնում 64 հազար մարդկանց անթրոպոմետրիկ (գանգերի) չափումների ենթարկելով՝ հիմնվելով Pittard-ի  կողմից մշակված աշխատանքային մեթոդների վրա: Աֆեթ Ինանի փորձարկումները ակնհայտորեն գիտական արդյունքներ չեն տալիս, բայց ուրիշներ եւս սեփականում են ռասայական այս դիսկուրսը, որը բավականին տարածված էր այդ ժամանակաշրջանում:

1873թ Cahun-ն արդեն կարծում էր, որ լեզվաբանության միջոցով հնարավոր է ապացուցել նախապատմական շրջանի թուրքական արշավանքները: 1935-ին, արեւային լեզվի տեսությունը, ըստ որի աշխարհի բոլոր լեզուների մայր լեզուն թուրքերենն է, ավարտին է հասցնում պատմության թեզերի կառուցումը: Այս տեսությունը ուշացումով տեղ է գտնում Եվրոպայում 19-րդ  դարի կեսերին լեզվի ծագման շուրջ ծավալված բուռն բանավեճերի շարքում: Պաշտոնական թուրքագիտությունը օժտվում է եւս մեկ գործիքով, որի մեթոդներն ու բացահայտումներն էլ ավելի վիճելի են, քան պատմության թեզերը: Արեւային լեզվի տեսությունը ծնունդ տվեց բազմաթիվ գրքերի, հոդվածների, սեմինարների, եւ մոբիլիզացրեց թուրք լեզվաբաններին, իսկ Աթաթուրքի մահից հետո (1938) այն պաշտոնապես մոռացության մատնվեց:

Վերապրուկներ

1938-ից հետո թուրքական գիտական աշխարհի մի մասը հեռանում է քեմալական դիսկուրսից ու մեթոդներից: Բայց ազգայնական և պանթուրքիստական աջն ու ծայրահեղ աջը, որոնք Աթաթուրքի մահից հետո գնալով ավելի շատ են ակտիվանում Թուրքիայում, հարաբերությունների մեջ են Գերմանիայի հետ, մասնավորապես Եվրոպայում ապաստան գտած ԽՍՀՄ-ի թյուրքալեզու միգրանտների միջոցով: Նրանց հրապարակումներն ու լոզունգների մի մասը բացահայտ ռասիստական են: Ամենաերիտասարդ ակտիվիստների շարքերում է Ալփարսլան Թյուրքեշը՝ ազգայնականների ներկայիս առաջնորդը: Մարդաբանության միջոցով քեմալիստները բացեցին Պանդորայի արկղը, որին տեր կանգնեց ռասիզմը, իսկ աջ ազգայնական գաղափարախոսությունը, բնականաբար, արմատներ գցեց քեմալական դիսկուրսում:

Ինչպե՞ս թուրքական ռասայի (գերազանցության) մարդաբանական դիսկուրսը կարող էր չազդել էթնիկ հարցերի նկատմամբ հաջորդող թուրքական կառավարությունների մոտեցման վրա: Ռասայական դիսկուրսն ուղղակի հանգեցնում է Թուրքիայի էթնիկ եզակիության դոգմային, այդպիսով ժխտելով քրդերի գոյությունը: Այսօր ռասայական դիսկուրսը մի կողմ է դրված, բայց հետեւանքը մնում է. 60 տարի շարունակ փորձում են ապացուցել, որ քրդերը թուրք են: Եվ պետք չէ զարմանալ, որ մոտավորապես 1982-ին պատմության թեզերը վերակենդանանում են: Մեծ թվով աշխատություններում պնդվում է, որ քրդերը Կենտրոնական Ասիայից եկած մի ժողովուրդ են՝ մանավանդ որ նրանց լեզուն թուրքերենի բարբառ է հանդիսանում: Արեւային լեզվի տեսությունը դեռ պետք էր գալու: Այս մեթոդի էությունը կայանում է նրանում, որ ազգակցական կապեր գտնելու համար  համեմատվում են տարբեր լեզուների բառեր կամ նույնիսկ պարզ հնչույթներ: Այն առ այսօր օգտագործվում է՝ գոնե մինչեւ 1985թ, ցույց տալու համար, որ քրդերեն լեզու գոյություն չունի: Հին գործիքները միշտ էլ օգտակար են՝ այս անգամ էլ ցույց տալու համար, որ քրդական հարց չկա: Չնայած նրան, որ այդ գրքերը շատ քիչ են կարդացվում, դրանք վկայում են 30-ական թվականների պատմական գաղափարների որոշ ազդեցիկ շրջանակներում գոյատեւման մասին: Որոշ կիսապաշտոնական կազմակերպություններ, ինչպիսին է Թուրքական մշակույթի գիտահետազոտական ինստիտուտը (TKAE), և Արեւելյան Թուրքիայի որոշ համալսարաններ մասնագիտացել են այս տեսակի դիսկուրսի մեջ: Այնպես որ, պատմության թեզերը դեռ մեռած չեն:

Այս վերապրուկներից բացի, որոնք առնվազն մինչեւ 1985թ ծառայում են ժխտելու քրդական ինքնությունը, պետք է ընդունենք, որ պատմական դիսկուրսում պատմության թեզերի  հետեւանքները շատ ավելի խորն են եւ տեւական:

Աթաթուրքից հետո՝ բոլոր պատմության դասագրքերում Կենտրոնական Ասիան թուրքերի պատմական և առասպելական սկզբնակետն է. այն երկակի բնույթ է ձեռք բերել և հիմնական տեղ է գրավում հավաքական հիշողության մեջ: Քեմալական շրջանից հետո շատ դասագրքերի հեղինակներ օգտագործում են anavatan կամ anayurt եզրերը (մայր հայրենիք)՝  մատնանշելու համար Կենտրոնական Ասիան: Ուստի այս տեսանկյունից մայր հայրենիքը տարբերվում է ներկայիս հայրենիքից: Գրքերում ներկայացված Կենտրոնական Ասիայի քարտեզների քանակը համադրելի է  Անատոլիայի քարտեզների  թվի հետ:

Կենտրոնական Ասիայի անցյալը ավելի քան իդեալականացված է. Այն դարձել է քեմալական գաղափարախոսության անցյալը, քանի որ, ըստ պաշտոնական պատմական դիսկուրսին, մեծ բարեփոխումները չեն առաջացել Արեւմուտքին նմանակելով, այլ բխում են Կենտրոնական Ասիայի թուրքերի չգրված օրենքներից (töre), ինչպես նաեւ խեթական կոդերից: Աշխարհիկությունը, սեռային հավասարությունը, խորհրդարանական ժողովրդավարությունը՝ այս ամենը 8-րդ դարում գոյություն ուներ Օրխոնի ափերին, էլ չենք խոսում գործնական այբուբենով օժտված գրական լեզվի մասին, «երբ եվրոպական լեզուների մեծ մասը դեռեւս գոյություն չուներ»: Ուստի կարելի է պնդել, որ հրաժարվելով արաբական այբուբենից, Մուստաֆա Քեմալը մի տեսակ վերադարձ կատարեց դեպի արմատները: Ի վերջո, դասագրքերը շատ են շեշտադրում հնագույն թուրքերի կրոնի և իսլամի միջեւ առկա նմանությունները, ինչը վկայում է նրանց դարձի կանխորոշված լինելու մասին և թույլ է տալիս պնդելու, որ մեր օրերում առանց մահմեդական լինելու հնարավոր չէ իսկական թուրք լինել:

Իրական փաստերի վերհանումը կարողացավ հզոր հուզական արժեք հաղորդել Կենտրոնական Ասիային:  Օրխոնյան արձանագրություններն այսօր պատմական դիսկուրսի առավել կարեւոր տարրերից են՝ համարժեք սելջուկ-թուրք Ալփարսլանի 1071թ Բյուզանդիայի դեմ տարած հաղթանակին, որը թուրքերի առջեւ բացեց Անատոլիան: Դպրոցական դասագրքերում այս երկու տարրերը մշտապես Աթաթուրքի հետ են կապվում, ով կարողացավ բարձր գնահատել տափաստանների մշակույթը և շարունակել Ալփարսլանի ռազմական արարքը: Բայց այդ անցյալի միջինասիական կողմի գլխավոր ջատագովներն ու պաշտպանները աջ ազգայնականներն են, ինչպես ցույց է տալիս նրանց  քաղաքական դիսկուրսը, նրանց հրապարակումների թեմաներն ու խորհրդանիշները, այդ թվում գորշ գայլինը: Թուրք ազգայնականների համար փառավոր, հերոսական անցյալը միջինասիականն է: Մինչդեռ խեթական փայլուն անցյալը քիչ տեղ ունի նրանց դիսկուրսում:

Ուստի զարմանալի չէ, որ այսօր Կենտրոնական Ասիայի հայտնաբերումը առաջին հերթին թուրք ազգայնականներին է հետաքրքրում, որոնք միայնակ, առանց ընդհատումների, շարունակեցին ուսումնասիրել Խորհրդային միության և Չինաստանի թուրքերի անցյալն ու ներկայիս վիճակը: Ձախերը բավական շուտ հրաժարվեցին այս ասիական անցյալից՝ ավելի շատ կարեւորելով անատոլիական անցյալը. Երկար ժամանակ Ասիայի թուրքերով հետաքրքրվելը որոշ առումով նշանակում էր ազգայնական կամ պանթուրքիստական լինել։ Խորհրդային կամ չինական հակումներ ունեցող ձախերը հիմնականում չէին կարող ու չէին ուզում հատուկ դիրքորոշում որդեգրել Ասիայի այդ բնակչության վերաբերյալ: Միաժամանակ Թուրքիայում և ԽՍՀՄ-ի ու Չինաստանի թյուրքալեզու աքսորյալների շջանակում հակաիմպերիալիստական դիսկուրսը աջերի մենաշնորհն էր դարձել: Թուրքական ձախին, ամենայն հավանականությամբ, ժամանակ էր պետք նորանկախ թկուրքալեզու հանրապետությունների հանդեպ քաղաքականություն և դիսկուրս որդեգրելու համար:

Պատմության թեզերը պետք չէ դիտել որպես սովորական հետաքրքրասիրություն: Մշակութային քեմալիզմի այս առանձնահատկությունը թույլ է տալիս տեսնել, թե որքան հեռուն կարող է գնալ պատմության կողմից ազգայնականության օգտագործումը, և թե թուրքական պատմական հայեցակարգը ինչ աստիճան կարող է ազդված լինել - և մնալ -  Ռուսական կայսրության թյուրքալեզու ազգայնականներից: Թուրքական ինքնագիտակցությունը հիմնականում դրսից է բերվել: Ժամանակի ծայրահեղությունները կարելի է բացատրել մարդկանց խանդավառությամբ ու շտապողականությամբ՝ պարզ է, որ այն պետք է համեմատության մեջ դիտարկել: Ֆրանսիայի երրորդ հանրապետության  դասագրքերում ազգայնական դիսկուրսը բազմաթիվ նմանատիպ բաներ է պարունակում …

ինքնությունն

  • Հայացք Հայաստանից
  • Հայացք Թուրքիայից
  • Հայացք Հայկական Սփյուռքից
  • Այլ տեսակետ
  • Էլ.Ամսագրի

    Էլ. Ամսագրի բաժանորդագրում

    "Repair" նախագծի գործընկերներ

    Twitter

    Facebook