Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն
Հայացք Թուրքիայից
Դիարբեքիրի իսլամացած հայերի ինքնության զարթոնքը
|
Գաֆուր ԹուրքայԴիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու խորհուրդի անդամ |
Այս հարցազրույցում Գաֆուր Թուրքայը ներկայացնում է վերջին ավերածությունները Դիարբեքիր քաղաքի պատմական կենտրոնում, որտեղ մինչեւ 1915թ. մեծ թվով հայեր էին բնակվում: Նա հատկապես կարեւորում է 2011թ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնումը, որտեղ հանգրվանում են բազմաթիվ այցելուներ և որը տարածաշրջանի իսլամացած հայերի փոքր համայնքի համար մի տեսակ օթեւան է դարձել: Ամբողջովին ավերված «գյավուրի թաղը» այժմ չկա: Մնում է Սուրբ Կիրակոս եկեղեցին, որի ներսի մասը, սակայն, զգալիորեն վնասվել է: Գաֆուր Թուրքայը անդրադառնում է նաեւ Դիարբեքիրի և տարածաշրջանի իսլամացած հայերի բազմաթիվ ինքնության խնդիրներին: Ի վերջո, նա արծարծում է այն դժվարությունները, որոնց բախվում են այն մահմեդական հայերը, որոնք որոշել են մկրտվել:
Դիարբեքիրում և նրա շրջակայքում բնակվող իսլամացված հայերն ինչպե՞ս են բնորոշում իրենց ինքնությունը:
Այդ հարցին պատասխանելու համար նախ պետք է իմանալ, թե ովքեր են մահմեդական հայերը: Խոսքը 1915-ի Հայոց ցեղասպանությունից պատահականորեն փրկվածների՝ այսօր արդեն երրորդ, չորրորդ սերունդների մասին է: Ինքնուրույն մշակույթի տեր այս համայնքի անդամներն այդտեղից կտրվեցին, պարտադիր կրոնափոխ եղան, իսլամացվեցին, զրկվեցին այն հենարանից, որտեղ պիտի ապրեր իրենց լեզուն և շարունակեցին գոյատեւել այլ լեզուներով: Այսօր մահմեդական հայեր կոչվող այս մարդիկ ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են: Ցավոք, նրանք հարյուր տարվա ձուլման են ենթարկվել: Մասնատված լինելով՝ նրանք ստիպված եղան իրենց չպատկանող մի կյանք վարել: Առ այսօր կրած դժվարությունների պատճառով ստիպված եղան թաքցնել իրենց հայկական ինքնությունը: Որովհետեւ հայ բառը այս երկրում օգտագործվել է վատ իմաստով՝ նվաստացնելու նպատակով: Նրանք հնարավորություն չունեցան իրենց սեփական ինքնությամբ, սեփական մշակույթով ապրելու: Նրանցից ոմանք «վատ համբավ» ունեցող հայի կերպարից ձերբազատվելու համար հավատացյալ մահմեդականից մահմեդական են ձեւացել՝ փորձելով թաքցնել իրենց ծագումը: Տառապանքների ու զոհողությունների գնով՝ նրանք հարյուր տարի այս հողերում ստիպված եղան քարշ տալ մահմեդականի անունով:
Որոշակի պահից հետո այս վիճակն սկսեց փոխվե՞լ:
Երեք-չորս սերունդ ձուլման ենթարկված մարդկանց այս խումբը, անշուշտ, որոշ չափով այս իրավիճակին հարմարվեց: Նրանք ստիպված եղան շարունակել ապրել իրենց չպատկանող այդ կրոնի, լեզվի, մշակույթի մեջ: Հարյուր տարի շարունակ կամա թե ակամա մի այլ մշակույթի մեջ ապրելուց հետո հեշտ չի լինում վերադառնալ պապերի մշակույթին: Սակայն, կա այսպիսի մի իրականություն. երբ այս մարդիկ փորձում էին մի կերպ թաքնվել, մահմեդականները նրանց չէին թողնում մոռանալ իրենց ինքնությունը: Ասենք մի թաղում՝ երբ վեճ էր ծագում իսլամացած հայի ու մահմեդականի միջեւ, մահմեդականը դիմացինին ճնշելու նպատակով հիշեցնում էր նրա էթնիկ ինքնությունը: Այնպես որ՝ այս մարդիկ մի կողմից իսլամացան ու հեռացան իրենց մշակույթից, մյուս կողմից էլ նրանց երբեք թույլ չտրվեց մոռանալ հայությունը։ Հիմա կան մարդիկ, որոնք ինքնությամբ մահմեդական են, բայց տեր են կանգնում նաեւ իրենց հայկական ինքնությանը, իսկ ուրիշներ լիովին ինտեգրվել են մահմեդականներին։ Ոմանք հասել են այն վիճակին, որ ամաչում են հայ լինելուց, չեն խոսում իրենց հայ լինելու մասին, երբ էլ խոսվում է՝ վատ են հակազդում։ Բայց մի քիչ ավելի բարձր կրթություն ունեցողների, ձախերի շրջանում կան խմբեր, որոնք հայտնվել են սեփական իրականության դեմ հանդիման: Այդ խմբերի մեջ կան մարդիկ, որոնք վերադարձել են իրենց ինքնությանը, կան մարդիկ, որոնք ուզում են վերադառնալ, ոմանք էլ ասում են՝ «Ես մուսուլման եմ, բայց հայ եմ»։ Հարյուր տարի այնպիսի մի ձուլման գործընթաց է տեղի ունեցել, որ մարդիկ ծվատվել են։ Շա՞տ են Հայ ինքնությանը վերադարձողները․ երբ նման հարց են տալիս, ասում եմ՝ «դա մի կաթիլ է լճում»։
2011թ Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնումից հետո ստեղծված հանդիպման այս կենտրոնը ի՞նչ փոխեց մարդկանց կյանքում։
Մեկ դար առաջ այս տարածաշրջանում բազմաթիվ հայապատկան պատմական վայրեր կային։ Մշակութային այս հյուսվածքին հասցված վնասի առումով եւս ուծացումը շարունակվեց: Սուրբ Կիրակոսի նման հայապատկան այս կառույցի՝ այս հյուսվածքի վերադարձը չափազանց դրական ազդակ եղավ իսլամացած հայերի համար: Մարդիկ սկսեցին հաճախ գալ այստեղ, տեր կանգնեցին եկեղեցուն։
Այսպիսով, ինքնության փնտրտունքների մեջ եղողների համար մի վայր ստեղծվեց։ Մինչեւ վերանորոգումը՝ նման վայր չկա՞ր։
Ամբողջ տարածաշրջանում և Դիարբեքիրում իրենց հարազատ մի վայր չկար․ այս առումով՝ հասցված վնասը մեծ է։ Սուրբ Կիրակոսը Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցին է։ Խոսքը նախկինում էլ լուրջ դերակատարություն ունեցած մի վայրի մասին է։ 1915-ին՝ Հայոց ցեղասպանության ընթացքում Դիարբեքիրի հայությունը ամբողջությամբ ոչնչացվեց։ Շրջանի գավառներում փրկվածները Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսում ապաստան գտան։ Ուստի Սուրբ Կիրակոսը միայն եկեղեցի չէ․ վերաբացումից հետո շատ մարդիկ եկան այստեղ և տեր կանգնեցին։
Եկեղեցու այցելուները ձեզ հետ շփումներում ինչպիսի՞ կարիքներից, պահանջներից էին խոսում։
Այստեղ այցելողներն առաջին հերթին հարյուր տարի շարունակ կորուստներ ապրած մարդիկ էին, և մենք զգացինք, որ այս վայրում նրանք իրենց հարազատ են զգում։ Մեր զրույցներում շատ ենք լսել՝ «Ես ինձ այստեղ շատ հանգիստ եմ զգում»: Նրանք այդ խոսքը կրոնական իմաստով չէին ասում, այլ իրենց այստեղ հարազատ վայրում էին զգում, այստեղ իրենք իրենց էին վերագտնում, այս վայրն իրենց էր պատկանում, այստեղ խաղաղություն էին գտնում: Ես տեսել եմ մարդկանց, որոնք եկեղեցու մի անկյունում նստած լաց էին լինում: Պատճառն հարցնելիս՝ նրանք ասում էին, թե «Պապս այստեղ է կնքվել, այսինչն այստեղ է ամուսնացել»։ Հիշելով իրենց անցյալը, արմատները՝ այդ մարդիկ հուզվում ու ողբում էին:
Հիշում եմ՝ Սուրբ Կիրակոսում ամիսը մեկ նախաճաշ էիք պատրաստում։
Քանի որ որոշ մահմեդական հայեր կրոնական արարողություններին չէին մասնակցում, որոշեցինք սոցիալական ուղղվածության միջոցառումներ կազմակերպել։ Ամիսը մեկ մարդիկ ի մի էին գալիս, նախաճաշի սեղան էր գցվում։ Եկողների մի մասը գուցե եկեղեցում արարողությանը չէր մասնակցում, բայց նախաճաշի էր գալիս։ Սուրբ Կիրակոսը միայն եկեղեցի չէր։ Դաշնամուրային համերգ տեղի ունեցավ, օրինակ։ Ինչո՞ւ դաշնամուր։ Անցյալում Դիարբեքիրի հայ համայնքը ամեն ամիս դաշնամուրային համերգ է կազմակերպել։ Սուրբ Կիրակոսի 1915թ գույքամատյանում եկեղեցուն պատկանող մի դաշնամուր կա։ Այսպիսի անցյալ ունեցող եկեղեցում դաշնամուրի համերգներ կազմակերպեցինք։ Մեկ դար առաջ համայնքի սոցիալական կարիքները եւս եկեղեցի են տեղափոխվել։ Իսլամացված հայերի հետ հավաքվելու համար մենք էլ փորձեցինք նույն բանն անել՝ ճաշկերույթներ կազմակերպելով։
Տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը ներկայացնող էքսկուրսիաներ էիք կազմակերպում, հայոց լեզվի դասընթացներ էիք նախաձեռնել։ Բայց այդ միջոցառումները կազմակերպելիս՝ խոսում էիք նաեւ ձեր ունեցած ոչ բավարար գիտելիքների մասին։
Պետք է նկատի ունենաք, որ մենք հարյուր տարի այդ մշակույթից կտրված ենք եղել։ Բնաջնջումը և ուծացման գործընթացը մեզ այնպիսի մի վիճակի է հասցրել, որ մի կողմից փորձում էինք ինչ֊որ բան անել, մյուս կողմից էլ սովորում էինք։ Դիարբեքիրում անցյալում մեծ թվով հայկական դպրոցներ են եղել, այդ թվում մինչեւ ավագ դպրոցի մակարդակով։ Հարյուր տարի անց մենք հայերենի դասընթացներ բացեցինք Դիարբեքիրում, փորձեցինք հայերեն սովորել: Պիկնիկներ և էքսկուրսիաներ կազմակերպեցինք։ Օրինակ, Խարբերդ գնացինք: Ինչո՞ւ Խարբերդ: Նպատակը միայն շրջագայելը չէր՝ այլ այդ վայրի անցյալի հետ կապը բացահայտելն էր։ Մի ուրիշ անգամ շրջագայություն կազմակերպեցինք դեպի Չունգուշ։ Չունգուշում այցելեցինք այն կիրճը, որտեղ ցեղասպանության ժամանակ մարդկանց կոտորում էին։ Երկու տարի անընդմեջ, ամեն անգամին մոտ հիսուն հոգանոց խմբով Հայաստան այցելեցինք: Հայաստանում հնարավորություն ունեցանք ծանոթանալ պատմական կառույցների, հանդիպել մարդկանց, շփվել նրանց հետ:
Ըստ պահանջի՞ էիք կազմակերպում այդ միջոցառումները։
Ոչ այնքան մարդկանց ցանկության, ինչքան մեր նախաձեռնության շնորհիվ էր լինում դա։ Պահանջներ կային, զրույցների ընթացքում ընդհանուր մոտեցումներ եղան: Բայց միայն աշխատանքի ընթացքում պարզ դարձավ, թե ինչ կարող էինք առաջարկել կամ հանձնարարել մի ամբողջ դար իրենց սեփական մշակույթից կտրված այդ մարդկանց։
Ձեր միջոցառումները 2015թ սեպտեմբերից ի վեր դադարեցվել են։ Ընդհարումների և փողոց դուրս գալու արգելքի պատճառով մինչեւ վերջերս եկեղեցի մուտք գործելն անգամ հնարավոր չէր։ Կարո՞ղ եք ասել՝ ներկայումս այն ինչ վիճակում է։
Անցյալ տարվա օգոստոսից ի վեր այնտեղ կանոնավոր մուտք չենք ունեցել, ոչ էլ կարողացել ենք աշխատանքներ կատարել: Վերջին անգամ՝ 2015թ օգոստոսի 15-ին մի ծրագիր էինք նախատեսել, դա տեղի չունեցավ: Իրադարձությունների բերմամբ, ծրագրի արտերկրյա մասնակիցները չկարողացան ժամանել, մենք էլ չեղյալ հայտարարեցինք։ Դրանից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակից ելնելով չկարողացանք որեւէ գործունեություն ծավալել: Խոսքը մի շրջանի մասին է, ուր երկար ժամանակ պարետային ժամ էր գործում, իսկ Սուրբ Կիրակոսը այդ շրջանի հենց կենտրոնում է գտնվում: Ես, օրինակ, միայն 6 ամիս անց կարողացա մուտք գործել եկեղեցի։ Ի հարկե, այնտեղ տիրող իրավիճակը շատ լուրջ էր։ Քաղաքը ջարդուփշուր են արել՝ փողոց չի մնացել, թաղամաս չի մնացել։ Ամեն ինչ ավերվել է՝ տները, խանութները․․․ Միայն հարթ տարածք է մնացել։ Քանդվել են եկեղեցուն պատկանող խանութները։ Եկեղեցու պատերը, տանիքը, զանգակատունը լուրջ վնասներ չեն կրել․ միայն մի պատի վրա մեծ անցք է բացվել։ Սակայն մեծապես վնասվել է ներսի մասը։ Թալանվել է նվերների վաճառքին հատկացված տարածքը։ Ջարդվել կամ կողոպտվել են եկեղեցու մեջի իրերն ու պարագաները։ Եկեղեցու ներսը օգտագործվել է որպես ռազմակայան, այնտեղ վառարան են սարքել։
Անվտանգության ուժերի կողմի՞ց է եկեղեցին որպես ռազմակայան օգտագործվել։
Հավանաբար այո, բայց ով է օգտագործել, ով է ավերել, անհնար է իմանալ։ Ներկա պահին այն ամբողջովին անվտանգության ուժերի վերահսկողության տակ է։
Ներկա պահին հնարավո՞ր է արդյոք եկեղեցի մուտք գործել:
Դեռեւս հնարավոր չէ, մենք հատուկ թույլտվությամբ կարողացանք մտնել։
Թաղամասի ոչնչացումն ինչպիսի՞ զգացողություն էառաջացնում ձեր մեջ։
Հոշոտված լինելու զգացումն ենք ապրում։ Հարյուր տարի առաջ այս թաղը հայաբնակ էր՝ միգուցե 95 տոկոսով հայերով բնակեցված մի վայր էր։ Եկեղեցու վերականգնումով՝ այդ կենսակերպը հիշողություններից կրկին վերադառնում էր մեր գիտակցության մեջ։ Ներկա պահին, ցավոք, ոչինչ չունենք: Եկեղեցին կանգուն է, բայց քանդված բոլոր տները հայկական քարե տներ էին: Մկրտիչ Մարկոսյանը այս թաղի հետ կապված «Գյավուրի թաղ» վերնագրով մի ստեղծագործություն ունի։ Մեր ընկերներից մեկը այս դեպքերից հետո կատակելով ասում էր․ «Գյավուրը գնացել, թաղը մնացել է»: Գյավուրի թաղում գյավուր չէր մնացել, հիմա թաղամասն էլ չմնաց։ Հարյուր տարի առաջ մարդկանց ոչնչացրին, հիմա նրանց բնակած վայրերն էլ ոչնչացան։
Սուրի շրջանի, այդ թվում նաեւ հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու, պետականացման վերաբերյալ անցյալ մարտի որոշման հարցում որեւէ զարգացում կա՞ արդյոք։
Պետականացման որոշումը չեղյալ համարելու համար բոլոր տեսակի դիմումները ներկայացված են դատարան։ Տարբեր հաստատություններ արդեն դատարան են դիմել, մեր հիմնադրամն էլ է հայց ներկայացրել։ Այս պահի դրությամբ դատական գործընթացը շարունակվում է։ Դեռ փաստացի ոչինչ արված չէ․ ինչպես կա, այդպես էլ մնում է։ Իրականում, թաղամասում բան չի մնացել, ի՞նչ կկառուցեն դրա տեղը, չգիտենք։ Դիարբեքիր այցելելիս նախարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները բանավոր հայտարարեցին, որ թաղամասը վերականգնվելու է, ոչ ոք չի տուժելու։ Բանավոր կերպով ասվեց, որ եկեղեցին չի օտարվելու։ Դիարբեքիր այցելելիս վարչապետն ու նախարարները ասում են, որ «պաշտամունքային կառույցները չեն կարող բռնագրավվել, չենք պետականացնելու»:
Բայց դրանք բանավոր ասված խոսքեր են, հարկադիր բնույթ չեն կրում, այդպես չէ՞։
Անշուշտ, իրավական առումով վիճակը պարզ է․ այն անհապաղ օտարման գործընթացով բռնագրավված է։
Քիչ առաջ խոսում էիք մի շարք մարդկանց կողմից բռնազավթված, իսկ այժմ գետնին հավասարեցված խանութների մասին, որոնք եկեղեցու սեփականությունն են։ Դուք մտադիր էիք դրանք հետ բերել, սակայն քանի որ դրանք այլեւս գոյություն չունեն, այդ մասին մտածելն անգամ ավելորդ է, այդպես չէ՞:
Այդ կալվածքներն արդեն բռնազավթված էին։ Հետ վերցնելու բան էլ չմնաց այլեւս։ Այնպես եղավ, որ ներկայումս այդ հողատարածքը պետական սեփականություն դարձավ: Իշխանությունների խոսքով՝ այս հարցում տուժողներ չեն լինելու: Բայց ինչ է լինելու, դեռեւս չգիտենք:
Խոսեցինք հայ ինքնությանը վերադառնալ ցանկացողների ակնկալիքներից։ Ինչպիսի՞ դժվարությունների են բախվում, օրինակ, մկրտվել ցանկացողները։
Հարկավոր է լինում հետեւել Պատրիարքարանի պահանջած որոշակի ընթացակարգերի և ծիսակարգերի։ Վեցամսյա ուսուցման մի գործընթաց կա։ Հայաստանում Կաթողիկոսությանը դիմելով երկու մկրտություն իրականացրինք։ Պատրիարքությունը որոշակի կանոններ ունի․ «Առանց մեր գիտության ոչ ոք պետք չունի Հայաստան գնալ՝ մկրտվելու», - ասում են նրանք: Նրանք ասում են՝ «Եթե կարիք լինի, մենք այստեղ հարկ եղածը կանենք»։ Նման ցանկություն ունեցող անձը նախ և առաջ պետք է գնա իր անձնագրում «իսլամ» ձեւակերպումը փոխի «քրիստոնյա»-ով: Անցյալում դա արվում էր դատական կարգով, հիմա արդեն անձնագրային վարչությունում է արվում։ Այս կանոններն էլ բնական են։ Պատրիարքարանը ասում է՝ «Ես ինչո՞ւ պիտի մկրտեմ անծանոթ մարդուն, որը գուցեեւ քրիստոնյա չէ»։ Այդ տեսակետից նա իրավացի է։ Սակայն մյուս կողմից, նման ցանկություն հայտնող մարդիկ երբեմն արդեն չորս սերունդ է իսլամացված են և նրանց հայկական ծագումը բոլորին հայտնի է։ Դիմելու դեպքում՝ հայկական արմատներին վերադառնալ ցանկացողները որոշակի ընթացակարգից հետո կարողանում են այդ անել:
Կրոնի՝ մասնավոր ոլորտում մնալու անհնարինությունի՞ց է առաջանում արդյոք խնդիրը։ Թուրքիայում ոչ ոք չի կարողանում ասել՝ «Անձնագրում կրոնս չփոխեմ, բայց անձնականում քրիստոնյա լինեմ»։
Անցյալում ինքնության քարտում կրոնի դիմաց «հայ» կամ «ասորի» էր նշվում։ Հիմա դա էլ վերացավ, պարզապես «քրիստոնյա» է գրվում: Պատրիարքարանը իր տեսակետից իրավացի է, բայց հարյուր տարի իրենց ինքնությունից կտրված մարդկանց համար դա բավական ծանր գործընթաց է։
Եթե կարողանաք կրկին մուտք գործել եկեղեցի և վերսկսել ձեր գործունեությունը, մտադի՞ր եք կազմակերպել հայոց լեզվի դասընթացներ և այլ միջոցառումներ։ Այդ հարցում ձեզ աջակցություն ցուցաբերո՞ւմ են Ստամբուլի հայկական կազմակերպությունները։
Հավանաբար նորից կկազմակերպենք։ Ցանկանում ենք իմանալ մեր լեզուն, մեր մշակույթը, մեր ամեն ինչը: Այս հարցը երկու հարթություն ունի` մեկը ֆինանսական է, դասընթաց կազմակերպելը նյութականի հետ է կապված։ Սակայն ամենադժվարը ուսուցիչ գտնելն է․ մեկը, որ կկարողանա բնակվել Դիարբեքիրում կամ հաճախակի ճամփորդել։ Սա դժվար լուծելի հարց է։ Այս առումով բարդություններ կան։ Ստամբուլում ծնված֊մեծացած մի ուսուցչի այստեղ բերելը դժվար է։ Ստամբուլի հայկական դպրոցների վիճակն արդեն հայտնի է՝ շատ քիչ թվով ուսուցիչներ կան: Սակայն դա չի նշանակում, որ մենք մեր մտադրությունից հետ կկանգնենք: Անպայման կփորձենք վերսկսել դասընթացը։