Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Հայկական ինքնությունը Ֆրանսիայում՝ ոգեկոչումների պատանդ

 
 
 
Հայացք Հայկական Սփյուռքից

Հայկական ինքնությունը Ֆրանսիայում՝ ոգեկոչումների պատանդ

Տիգրան Եկավյան

 

 
Տիգրան Եկավյան

Լրագրող

1915թ ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումներից մեկ տարի առաջ, ֆրանսիայի հայկական մեծ համայնքը իր համար առաջնահերթ հռչակեց «հիշողության պաhպանումը» և պայքարն ընդդեմ ժխտողականության՝ դրանով իսկ վնաս հասցնելով իր ապագայի և իր հարատեւության  էքզիստենցիալ խնդրին:

Չորս սերունդներ իրար հաջորդեցին ցեղասպանությունից փրկված փախստականների առաջին մեծ ալիքի ժամանումից հետո, որոնք 1920թթ հաստատվեցին Փարիզ-Լիոն-Մարսել առանցքի վրա: Մշտապես քաղաքական ակտիվիզմի ավանգարդում գտնված սփյուռքահայ կառույցներն այսօր տառապում են ընդհանրացած մի քաղցկեղով, որի մետաստազները երեւացել էին 1990-ականների կեսերին:


Շարունակվող ձուլումը

Վերապատվելի Ռենե Լեւոնյանի 1986-ին լույս տեսած «Ուծացե՞լ են արդյոք ֆրանսահայերը» ուսումնասիրության մեջ կարմիր գծով անցնում է Ֆրանսիայի հանրապետությունում առկա ինտեգրացիոն միջավայրում հայկական ինքնության հարատեւման հարցը: Երկու տարի անց, արցախյան շարժման մեկնարկով ու Հայաստանի անկախացումով տակնուվրա էր լինում ինքնության սահմանման մի ամբողջ սխեմա, առաջացնելով կարճատեւ մի բռնկում, որն սկսվել էր 1970թթ վերջերին ծայր առած զինյալ պայքարի բուռն ժամանակահատվածով: Եթե այսօր Միսաք Մանուշյանի[1]  գործողության կամ Շառլ Ազնավուրի գործի շնորհիվ «հայ» հասկացությունը որոշ չափով հայտնի է ֆրանսիացիներին, ապա դա կապված է  ֆրանսիական հասարակության ասիմիլացիոն բնույթի հետ, որը ծնունդ տվեց «հայկական ծագումով ֆրանսիացիների», ի տարբերություն մի բուռ պնդաճակատների, որոնք իրենց դեռեւս համարում են «ֆրանսահայեր»: 


Հայերի մասնատվածությունը

Երբ մենք հռչակում ենք 350 հազար թիվը կամ նույնիսկ խորհրդանշական դարձած կես միլիոնանոց համայնքից ենք խոսում, նորից ենք կանգնում մի խնդրի առաջ, որը հավաստի վիճակագրության բացակայությունն է, ինչն էլ իր հերթին հուշում է բնակչության ցրվածության մասին:  Ինչպես եւ արեւմտյան սփյուռքի մյուս համայնքներում, հայահոծ քաղաքներում տեղի ունեցող Ապրիլ 24-ի ոգեկոչման միանման միջոցառուները ժողովրդագրական դինամիկայի միայն մասնակի պատկերն են արտացոլում: Համայնքի տարբեր բաղադրիչների միջեւ համախմբվածության զգացումն էլ մեկ այլ պատրանք է:  Ի դեպ, հակասությունների այդ բազմազանությունը բխում է տարատեսակ բնակչության սոցիալական եւ մշակութային մասնատվածությունից: 1920-ականներից գաղթականների տարբեր շերտեր իրար հաջորդեցին. 1960-ականների վերջին՝ ցեղասպանությունից վերապրածների սերնդին հետեւեցին Մերձավոր Արեւելքի հայերը (Իրան, Սիրիա, Լիբանան, Թուրքիա): Այս վերջինները, որոնք հայկական հզոր մշակույթի տեր էին, ներգրավվելով համայնքային տարբեր կառույցներում, այդ թվում կրթական, նոր լիցք հաղորդեցին խոսողների պակասության պատճառով նահանջ ապրող հայախոսությանը: Ընթացքի մեջ է նախկին Խորհրդային Հայաստանից եկող վերջին ալիքը, որն սկիզբ էր առել 1990-ականների կեսերին: Տնտեսական պատճառներով այստեղ հայտնված հայաստանցիներն այդպես էլ լիարժեքորեն մասնակից չդարձան համայնքի կյանքին, միաժամանակ արժանանալով նրա անվստահությանն ու նույնիսկ արհամարհական վերաբերմունքին՝ այն հայրենակիցների կողմից, որոնք առաջ են եկել  օսմանահայկական մշակութային ենթաշերտից:


Քաղաքական ճգնաժամ

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդին (Conseil de Coordination des organisations Arméniennes de France - CCAF) վստահված ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումներից մեկ տարի առաջ իրավիճակը ճգնաժամային է:  2001թ ստեղծված ներկայացուցչական այս մարմինը, որն ինչ-որ չափով մեկտեղում է հայկական ծիածանի բոլոր գույները, դժվարանում է բոլորին համախմբել միասնական մի ծրագրի շուրջ՝ բացի հիշատակի ոգեկոչումներից: Ճգնաժամի ուժեղ ազդանշանն էր 2010-ի ֆրանսահայկական խորհրդի (Conseil franco-arménien) հավակնոտ ծրագրի ձախողումը, որը համընդհանուր ընտրությունների միջոցով հնարավոր պիտի դարձներ համայնքի ղեկավարներին հաշվետու լինել իրենց ընտրողների առջեւ: Այս տարբերակը աջակցություն գտավ համայնքի  ղեկավարների մեծ մասի մոտ, սակայն այն շատ արագ մարեց խոնավացած պայթուցիկի նման՝ ընդհանուր անտարբերության մթնոլորտում: Պետք է ենթադրել, որ «հայկական  ընտրազանգվածը» իր հետաքրքրությունն է ցուցաբերում միայն հատուկ առիթներով, այն է՝ լավագույն դեպքում  արտահահայտելով իր զայրույթը ցեղասպանության ժխտման դեմ:

Քաղաքական այս ճգնաժամի մի այլ թերությունն էլ ընդօրինակումն է: Վաղուց ի վեր ֆրանսահայերը բարդ հարաբերությունների մեջ են Ֆրանսիայի հրեական համայնքի հետ՝ նրա մշակութային, տնտեսական, մտավոր եւ քաղաքական դինամիզմի նկատմամբ հիացմունքի և նախանձի դրսեւորումներով: Քիչ են հայազգի այն անձնավորությունները, որոնք կարողանում են ապահովել նման տեսանելիություն ֆրանսիական լրատվամիջոցներում: Ի վերջո, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարները որոշեցին մերձենալ Ֆրանսիայի հրեական հաստատությունների ներկայացուցչական խորհրդին (CRIF), ընդհուպ մինչեւ որդեգրելով նրանց գործելակերպը, այն աստիճանի, որ նրանց նման կազմակերպեցին հայտնի ամենամյա ճաշկերույթը՝ փարիզյան վերնախավի ներկայությամբ: Եթե փիլիսոփա Բերնար Անրի Լեւիի սիրած արտահայտությունը՝ «նավաբեկության ենթարկվածների համերաշխությունը» դուր է գալիս հայերին, սպա դա դեռ չի նշանակում, որ հայ-հրեական համամիտությունը կայացել է:


Հիշողության պահպանման վնասակար հետեւանքները. 2015-ի սինդրոմ

Ոմանք անհամբերությամբ, ոմանք էլ մտավախությամբ են սպասում ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումներին, որոնք, Ֆրանսիայից դիտարկելիս հիանալի ցույց են տալիս «հիշողության պահպանման» հրամայականի զբաղեցրած գլխավոր տեղը՝ համեմատած «հայկականության» մյուս բաղադրիչների հետ, քանի որ իրերի բերմամբ ցեղասպանությունը դարձել է ինքնության առաջին հատկանիշը: Այս հարյուրամյակը ծագումով հայ ֆրանսիացիներից շատերի համար կլինի վերջին հարգանքի տուրքը մատուցելու առիթ, քանի որ ինքնությունը հաճախ ընկալվում է որպես ժառանգաբար փոխանվցող հոգեբանական բեռ: Սա նաեւ երեւակայությանը ազատություն տալու լավ առիթ էր: Ահա թե ինչպես որոշվեց, որ Ֆրանսիայի բոլոր եկեղեցիների զանգերը միաժամանակ հնչեցվեն 2015թ ապրիլի 24-ին, ժամը 19:15-ին: Այս նույն ոգով, «Հիշողության վազք – Վերջ՝ ժխտողականությանը» (''Courir pour la mémoire - stop au négationnisme") անվանված կազմակերպությունը մտադիր է բարձրանալ Էվերեստ՝ «այնտեղից խաղաղության եւ հիշողության պատգամ հղելու համար»... Չափից շատ հիշողությունը կսպանի՞ արդյոք հիշողությունը:  Ֆրանսիայում այլեւս քիչ թե շատ հայերով բնակեցված քաղաք չկա, որը չունենա իր սեփական խաչքարը՝ նվիրված եղեռնի զոհերի հիշատակին: Հիմա հիշողության կենտրոններ են բացվում Վալանսում, Դեսինում, շուտով կլինի նաեւ Փարիզինը: Այս ընթացքում, նախկինում մեծ հեղինակություն վայելող Սեւրի Մխիթարյան վարժարանը, որն ինքն իր ուրվականն է դարձել, մտադիր է հանդիսավոր կերպով բացել ցեղասպանությանը նվիրված իր սեփական թանգարանը:

Չունենալով Ֆրանսիայում հայկական ինքնության ապագայի ընդհանուր տեսլական, համայնքի գլխավոր կառույցների ղեկավարները հույսը դնում են Հայոց ցեղասպանության ճանաչման ի նպաստ արդեն քառասուն տարի տարվող պայքարի լայնածավալ լուսաբանման վրա: Թեեւ որոշ առաջընթաց գրանցվել է մասնավորապես գիտական և լրատվական ոլորտներում, սակայն ցավով պիտի արձանագրենք ստեղծված փակուղային իրավիճակը, ինչպես նաեւ ֆրանսիական հողում գործող թուրք–ադրբեջանական ազգայնական շրջանակների աճող հարձակումների դեմ ակտիվիստների գրաված պաշտպանողական կեցվածքի բացասական հետեւանքները: Մեկ այլ մտավախություն. հիշողության պահպանման պայքարի շուրջ չափից ավելի կենտրոնացումը վրդովեցնում է տարակարծիք ձայներին, որոնց համար հայ դատ նշանակում է նաեւ ավելի շատ էներգիա հատկացնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զարգացմանն ու անվտանգությանը, Երեւանում օլիգարխիայի  կամայականությունների դեմ պայքարին,  ինչպես նաեւ կենտրոնանալ սփյուռքում մի նոր վերնախավի ձեւավորման վրա:


Հոգեւոր ճգնաժամ

Մամուլի ու դպրոցի կողքին՝ սփյուռքում հայկական ինքնության ողնաշարը հանդիսացող ազգային եկեղեցին փոթորկալից օրեր է ապրում: Նիցցայի հայկական եկեղեցու աղետալի դեպքը և վերջերս տեղի ունեցած խարիզմատիկ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականը (Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ), որը առաջնորդարանի նոր կանոնադրության ճարտարապետն էր, երկար ժամանակ մամուլի վերնագրերից չէին իջնում:. Պատճառահետեւանքային կապով իրար կապակցված այս երկու իրադարձությունները հուզմունք առաջացրեցին հավատացյալների մոտ, որոնք շփոթմունքից սկսում են հեռանալ  քրիստոնեական հավատի ապաստան համարվող եկեղեցուց, որը սակայն այժմ ընկալվում է որպես հյուրընկալ երկրի սոցիոլոգիական իրականությունից կտրված բազմազգ մի ձեռնարկություն:  Դեռ ավելին՝ նստավայրը Հայաստանում գտնվող կաթողիկոսը ավելի ու ավելի քննադատության թիրախ է դառնում Ֆրանսիայում հոգեւոր եւ բարոյական արժեքների նկատմամբ իր անհարգալից վերաբերմունքով... Այս առաքելական եկեղեցին, որը չի կարող  պարծենալ իր շարքերում Ֆրանսիայում ծնված մի հոգեւորական ունենալու հանգամանքով,  աստիճանաբար վերածվեց մի աշխարհիկ կառույցի, որի հիմնական առաքելությունը կարծես թե մի պաշտամունքի հարատեւությունն ապահովելն է, որը զուրկ է իր բուն պատգամից և ավետարանի քարոզչությունից: Այդ մասին է վկայում համայնքի երիտասարդությանն ուղղված հայկական քրիստոնեական ուսուցման դասընթացների բացակայությունը:


Մտավոր ճգնաժամ

Անկումային այս վիճակի մեկ այլ ախտանիշն էլ մտավոր ներուժի զարգացման վրա արված ներդրումների պաակասն է: Պայմանները, որոնք 2009-ին հանգեցրեցին հայտնի Յառաջ[2] օրաթերթի անհետացմանը երրորդ կարգի մի թաղում էին հիշեցնում. դա թաղումն էր սփյուռքի մտածողների մի ամբողջ դպրոցի, որը ծնունդ էր տվել աքսորի գրականության մեծ անունների՝ ինչխիսիք են Շահան Շահնուրը, Նիկողոս Սարաֆյանը, Զարեհ Որբունին կամ Վազգեն Շուշանյանը: Ֆրանսահայ գրականության այս ոսկեդարի բացառիիկ վկան՝ սփյուռքի մեծագույն գրող Գրիգոր Պըլտյանը, ով ապրում է Փարիզում, այսօր այլեւս ավելի շատ է կարդացվում Հայաստանում, քան իր իսկ հյուրընկալ երկրում:

Անշուշտ, ֆրանսահայ մամուլը, որը միշտ փայլել է իր ուշագրավ կենսունակությամբ, չի դադարել իր ձայնը լսելի դարձնել ու կարողացել է ապահովել բարձր մակարդակ՝ նույնիսկ հարուստ ֆրանսիական լրատվամիջոցների համեմատությամբ: Սակայն մեր օրերում հրապարակվող ոչ մի հոդված չունի այն մարտահրավերի մակարդակը, որը ժամանակին փայլուն կերպով իր վրա էր վերցնում Շաւարշ Միսաքյանի նման մտավորականը. նա ամենուրեք կարողանում էր գտնել այն նյութը, որ ի շահ ժողովրդի է: Անկախ նրանից, թե դրանք կուսակցական  օրգաններ են, թե հայամետ ամսագրեր, ընդհանուր առմամբ հաստատվում է այն թեզը, ըստ որի գոյություն ունի ինտելեկտի դեֆիցիտ, ինչպես նաեւ կան լուրջ թերություններ ինքնության փոխանցման մեխանիզմների առումով: Սա չի նշանակում, թե ֆրանսահայերը բթացել են 90 տարվա գոյության ընթացքում, սակայն փաստ է, որ ինքնության փոխանցման բացակայությունը և կրթական կառույցներում անբավարար ներդրումները  տեւական խզվածք մտցրեցին երկու հատվածների միջեւ: Մի կողմում առաջացավ հոգեբանական գետտո, որտեղ հպարտորեն ցուցադրվում է հայախոսությունը որպես անփոփոխ մասունք, նույնիսկ ֆետիշացման աստիճանի, իսկ մյուս կողմում՝ փայլուն ինտելեկտներ, որոնք սակայն կտրված են իրենց մեծերի ժառանգությունից ու չեն կարողանում այլ տեղ լինել, քան  ֆրանսակենտրոն ավանդույթի մեջ:

Եւ այսպես, վերադառնում ենք ինքնության հատկանիշի կենտրոնական հարցին՝ լեզվին: Ո՞ր լեզվի մասին է խոսքը: Ստանդարտացված արեւմտահայերեն, կենցաղի համ ու հոտից կտրված, ստերիլ մի լեզո՞ւ:  Թե՞ չբարդութավորված մի նոր լեզու՝ կենդանի վկան հազարամյակների հարստության տեր հայրենազուրկ մի ազգի: Մի բան հստակ է. մինչ հայերն ապրում են ցեղասպանության տրավմատիկ հուշերով և ֆոլկլորային կարծրատիպերով  (գաստրոնոմիա, ավանդական պարեր, Արարատ և Ազնավուր),  հայ մշակույթի տների գրադարաններում թարգմանիչների և ընթերցողների բացակայության պատճառով փտում են մեր գրական ժառանգության հարյուրավոր աշխատանքներ (Օշական, Ինտրա ...), որոնք կարող էին մեզ նոր էներգիա հաղորդել:


Վերանայել փոխանցման մեխանիզմները

Այս տխուր իրականությանը գալիս է ավելանալու 18-ից 25 տարեկան երիտասարտների զարմանալի անտարբերությունը Արեւելագիտության ինստիտուտի (Inalco) հայկական ուսումնասիրությունների ամբիոնի առաջարկած համապարփակ ուսումնական ծրագրի նկատմամբ: Դա Եւրոպայում, կամ նույնիսկ սփյուռքում, միակ համալսարանն է, որ մասնագիտական ուսուցման շրջանակներում ապահովում է դասընթացների նման շարք:  Իսկ ինչպե՞ս վերաբերվել այն թույլ արձագանքներին, որոնք ունեցավ ուսուցման մոդուլների նորարարական ծրագիրը՝ Sources d’Arménie ասոցիացիայի Campus Numérique Arménien հայկական թվային կամպուսը: Մյուս կողմից, առանց շահի ակնկալիքների հայկական գրքեր տպող մի բուռ հրատարակիչների (Parenthèse, Sigest, Edition Thadée, le Cercle des écrits caucasiens) գովելի ջանքերը մեզ մխիթարում են, ի տես Մարսելի այն այլանդակ TOROS մրցանակի, որ գլամուրային մի մթնոլորտում իբր պարգեւատրում է «աստղ գրողներին»:

Արդեն հասկանալի է՝ ինքնության իսկական հարցը մասամբ հիմնված է նոր էլիտայի ձեւավորման վրա, որը կկարողանա միաժամանակ դիմել հայ եւ ֆրանսիացի հանրույթներին, երկլեզու և ինտեգրված մի սերուցք, որն ի վիճակի կլինի քողազերծել  մեր իրականության բարդությունը՝ իմաստավորելով սփյուռքի փորձը: Բացի այդ, գեղարվեստական գրականության և ֆիլմերի արտադրության աջակցության քաղաքականությունը կարող է սփյուռքում մի նոր հոսանքի սաղմը ստեղծել, որն ի զորու կլինի անդրադառնալ կարեւորագույն թեմաներին (Սեռական կյանք, խառն ամուսնություն, թուրքի պատկերացումը երեկ և այսօր,  ինքնության ճեղքվածություն և այլն): Այս հեռանկարը թույլ կտա ընդլայնել հայկական մտավոր տարածքի սահմանները, ինչպես նաեւ ձերբազատվել այսօրվա Հայաստանի մասին աղոտ պատկերացումներից, որը  դեռ մեզ անհայտ է մնում, չնայած Երեւանից չորս ժամվա թռիչքի հեռավորության ենք: Չունենալով բավարար գիտելիքներ իր անցյալի ու ներկայի պատմության մասին, Ֆրանսահայը մշտապես ապրում է ռազմի դաշտում. դա միաժամանակ շանս է ու բեռ՝ հայի տարօրինակ պարատոքս: Տեսլականի ու հեռանկարային հավաքական ծրագրի բացակայության պայմաններում, նա չի գիտակցում չափից շատ «ոգեկոչման միջոցառումների»  վնասակար հետեւանքները: Այնպես որ նրա վերածնունդը տեղի է ունենալու ստեղծագործական պրպտումներով, ինչպես նաեւ ամբողջությամբ վերատիրանալով  իր ժառանգությանը՝ փոխանցման և հաղորդակցության նոր մեխանիզմների միջոցով, որը կլինի առաջին քայլը դեպի ուծացման դեմ այլընտրանքի մշակումը:

 


[1] Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, գնդակահարվել է  21.02.1944-ին նացիստների կողմից:

[2] Եւրոպայում հայատառ առաջին օրաթերթը, հիմնադրվել է 1925-ին, Փարիզում

 

ինքնությունն

  • Հայացք Հայաստանից
  • Հայացք Թուրքիայից
  • Հայացք Հայկական Սփյուռքից
  • Այլ տեսակետ
  • Էլ.Ամսագրի

    Էլ. Ամսագրի բաժանորդագրում

    "Repair" նախագծի գործընկերներ

     

    Twitter

    Facebook