Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Պարտադրված թուրքական ինքնությունը հարցականի տակ է

 
 
  Հայացք Թուրքիայից


Պարտադրված թուրքական ինքնությունը հարցականի տակ է

Փընար Սելեք

 

 

 
Փընար Սելեք

Թուրք սոցիոլոգ և գրող, ֆեմինիստական շարժման և բնապահպանության ակտիվիստ, հակամիլիտարիստ

Հարցազրույցում Փընար Սելեկը նշում է, որ թուրքական ինքնությունն ստեղծվել է ազգային պետության կողմից՝ պարտադրվելով Թուրքիայի բոլոր քաղաքացիներին: Ըստ Սելեքի՝ բնական է, որ ճնշված ժողովուրդները պայքարեն հանուն իրենց յուրահատուկ ինքնության, սակայն դա չպետք է հանգեցնի մեկ այլ տիրապետող ինքնության ստեղծման: Սոցիոլոգն անդրադառնում է նաև 80-ականներից մինչև մեր օրերը Թուրքիայում առկա ընդդիմադիր շարժումներին և դրանց զարգացմանը, ինչպես նաև Թուրքիայում հայ ինքնության և ընդհանրապես քաղաքացիական հասարակության փոփոխության վրա Հրանտ Դինքի և «Ակօս» թերթի խաղացած վճռական դերին:

Repair.  «Ինքնություն» բառն ի՞նչ  մտքեր է առաջացնում ձեզ մոտ:

Փընար Սելեք. Ոչ որպես կին, ոչ էլ էթնիկական ծագման առումով ես կառչած չեմ ինքնությանը: Ինձ հոգեպես մոտ է այլ ապրելակերպ ստեղծելու նպատակով ինքնության շրջանակներից դուրս գալը: Անշուշտ, մեզնից յուրաքանչյուրն ունի իր սեփական բնավորությունը, լեզուն և մշակույթը, և լավ է, որ մարդը դիմադրում է՝ դրանք պաշտպանելու համար: Սակայն ես սովորություն չունեմ քննարկելու «ինքնություն» եզրույթը՝  եթե նույնիսկ այդպիսին կա, քանի որ, ըստ իս, ինքնությունները քաղաքական և սոցիալական կառույցներ են: Ես մի գիրք եմ գրել1 մադու կառուցման մասին և թե հայրիշխանական համակարգն ինչպես է մարդկանց կերտում: Առաջին բանը, որ այստեղ նշում եմ՝ այն է, թե ինչպես թուրքական ինքնությունը ստեղծվեց վերևից, ազգային պետության կառուցման միջոցով, որին հանձնարարվել էր ստեղծելու թուրքական ինքնությունը և այն պարտադրելու բոլորին:

Ուստի, ըստ ձեզ, ինքնությունը ստեղծվու՞մ է...

Այնպես, ինչպես կնոջ և տղամարդու ինքնությունը: Դա մի բան է, որ սովորում են, շրջանակներ են, որոնց մեջ բոլորը պետք է մտնեն: Սակայն մեզնից յուրաքանչյուրը բազում ինքնություններ ունի և մենք պարտավոր չենք համապատասխանելու այդ շրջանակներին: Անձամբ ես հակված եմ այդ շրջանակներից դուրս գալուն: Այսպես, ես փորձում եմ քաղաքականության մեջ և կյանքում սուբյեկտիվացում ստեղծել, այդ իսկ պատճառով ինքնություններն ինձ համար շատ վտանգավոր են, եթե ցանկանում ենք ազատության քաղաքականություն վարել: Սակայն միևնույն ժամանակ պետք է ընդունել այն փաստը, որ քանի որ գոյություն ունի էթնիկական, ազգայնական և հայրիշխանական տիրապետում, ապա հալածվածները դա մերժում են և պայքարում իրենց ինքնությունների համար, այն ինքնությունների, որ ցանկանում են ունենալ: Որի հետևանքով նրանք այլ ինքնություն են ստեղծում:

Այսինքն սա անվերջ շրջա՞ն է:

Օրինակ, քրդերն այժմ ստեղծում են իրենց ազգային պետությունը, ուստի և քրդական ինքնության ստեղծման ընթացքում են: Անշուշտ լավ է, որ նրանք ազատագրվում են այլ պետությունների տիրապետությունից, սակայն շատ կարևոր է տեսնել, թե դա ինչ ընթացք կստանա: Ինձ համար շատ կարևոր չէ քուրդ կամ թուրք լինելը, քանի որ ի վերջո խոսքն ազգային ինքնագիտակցության ստեղծման մասին է: Իհարկե, նույն տարածաշրջաններում թուրքերեն, քրդերեն կամ հայերեն խոսելը և մարդկանց միջև տարբերությունները լավ են, սակայն պետության կողմից ազգ ստեղծելն ինձ վախեցնում է:

Ձեր վերջին գրքում2 դուք բացատրում եք, որ ծագումով հույն և ուբիխ եք: Ինչպե՞ս ինքներդ կսահմանեք ձեր ինքնությունը:

Մեր ընտանիքում ազգության մասին խոսակցություններ չէին լինում և մենք չէինք քննարկում մեր պատմությունը կամ էթնիկական ծագումը, մենք պարզապես ստամբուլցի էինք, ձախ կողմնորոշմամբ: Ավելին իմանալ մեզ պետք չէր, և այսպես փաստացի մուտք գործեցինք իշխող ինքնության մեջ: Սա ինձ ստիպում է մտածել, որ նույնիսկ երբ մերժում ես ինքնությունները, այնուամենայնիվ հայտնվում ես դրանց մեջ:

Եթե հրաժարվում եք ինքներդ ձեզ սահմանել որևէ ինքնության առնչությամբ, ապա թուրքական ի՞նչ է մնում ձեր մեջ:

Կա պարտադրված թուրքական ինքնություն, որ ես չեմ ընդունում: Ինձ համար ինքնությունը լեզու է, մշակույթ, և ոչ ավելին: Սակայն եթե նույնիսկ ես չեն ցանկանում լինել ազգային պետության կողմից ստեղծված այդ ինքնության մեջ, ես նաև ունեմ լեզու, ժառանգություն: Ես պահպանում եմ այդ մշակույթի այն դրական կողմերը, որոնք ինձ դուր են գալիս, ինչպես երգերը, պոեզիան, անատոլիական խոհանոցը, որում միախառնված են թուրքական, քրդական, հայկական, հունական կերակրատեսակները... Սակայն այն, ինչ ի վերջո ամենից շատ է ինձ կապում թուրքական մշակույթին՝ երգերն ու գրավոր  տեքստերն են: Ընդհանրապես լեզուն: Ես ինձ մեկ ինքնության մեջ պարփակված չեմ զգում, այլ համարում եմ թուրքերեն խոսող անատոլիացի կամ ստամբուլցի:

Ալեվիներ, քրդեր, իսլամացած հայեր... այսօր Թուրքիայում շատ ժողովուրդներ են պահանջում ճանաչել իրենց տարբերությունը և առանձին ինքնությունը: Կարո՞ղ եք ասել, որ այսօր Թուրքիայում ինքնության ճգնաժամի հետ գործ ունենք:

Այո, իրոք ինքնության ճգնաժամ կա, քանի որ կասկածի տակ է դրվում ազգային պետության կողմից պարտադրված ինքնությունը, և դա տեղի է ունենում արդեն երեսուն տարի ի վեր: Առաջինը քրդերն էին, սակայն չմոռանանք նաև, որ ֆեմինիստական շարժումները մեծ դեր են խաղացել դրանում, քանի որ կանայք չէին ընդունում այն խորհրդանիշերը, որ նրանց պարտադրվել էր Թուրքիայի հանրապետության կողմից: Հասարակության տարբեր շերտերում մարդիկ ոտքի ելան՝ մերժելով իշխող ինքնությունը, քանի որ վերջինն առնչվում էր կյանքի բոլոր ոլորտներին՝ ինչպես հագնվել, ինչպես դնել գլխարկը, և այլն: Տոտալ  միջամտություն: Եվ երբ հասարակությունն սկսեց զորաշարժի ենթարկվել, յուրաքանչյուրն այդ ինքնությունը մերժեց յուրովի: Առանձին-առանձին մղվող այս պայքարները միավորվեցին, քանի որ երբ ճնշում է տեղի ունենում, պայքար մղող մարդիկ մեկտեղվում են:  Այսինքն այս տարբեր շարժումների միջև փոխգործակցություն հաստատվեց, որն իր հետ նորամուծություններ բերեց յուրաքանչյուր շարժմանը: Եվ այս ամենը մեկտեղվեց ինքնության վերանայման հարցում: Քրդերից հետո հայերը սկսեցին ակտիվություն դրսևորել, այնուհետև 90-ականներին ալեվիները: Մենք ականատես եղանք նաև ասորիների և գնչուների զորաշարժին: Հույներն իրենց թերթը հիմնեցին...

Ինչպե՞ս եք բացատրում այդ երևույթը: Ինչու՞ եք ասում, որ սկսվել է երեսուն տարի առաջ:

1980 թ. հեղաշրջումից առաջ Թուրքիայի ձախակողմյան ուժերը գերիշխող դիրք էին զբաղեցնում իշխանությունների դեմ պայքարում, և էթնիկական, սեռային ու այլ տիպի տիրապետման հետ կապված բոլոր հիմնախնդիրները հետաձգում էին հեղափոխությունից հետո: Հասարակության ներսում եղած բոլոր հակամարտություններն անտեսանելի էին դարձել: Սակայն պետական հեղաշրջման և ձախակողմյան ուժերի շեշտակի պարտության ընթացքում նախկին ակտիվիստներն սկսեցին իրար հետ վերլուծել իրադրությունը, որն առաջ բերեց մի այլ գործընթաց՝ ստեղծելով քննարկումների տարածք: Այս քննարկումների արդյունքում առաջ եկան քրդական, ֆեմինիստական և այլ շարժումները: Կարծես մի հարվածով այդ տարածքում ի հայտ եկան մինչ այդ անծանոթ մի շարք պատճառներ, որոնք աստիճանաբար վերածվեցին խոշոր այլակարծիք շարժումների:

Ոմանք հրաժարվում են իրենց թուրք անվանել՝ նախընտրելով իրենց կոչել Թուրքիայում ապրող: Ի՞նչ կասեք այս մասին:

Քանի որ թուրքական ինքնությունը ճգնաժամ է ապրում, պայքարող մարդիկ, մտավորականները, ընդհանրապես առաջադեմ անձինք իրենց թուրք չեն անվանում: Քանի որ այդ «թուրք» բառը պարտադրված բառ է:  Դրա համար էլ ասում են Թուրքիայում ապրող: Մարդիկ չեն ցանկանում նույնացվել կամ իրենց սահմանել մի ազգի համեմատ, այլ ավելի շուտ երկրի կամ քաղաքացիության: Իսկ հիմա ես մտածում եմ, որ ոչ թե պետք է իրեն երկրի, այլ որևէ տարածաշրջանի մեջ դնել: Ինչ վերաբերում է Թուրքիայի Արևելյան շրջաններին, ապա թուրքերը դրանք անվանում են Թուրքիա, քրդերը՝ Քրդստան, իսկ հայերը՝ Հայաստան...  Շուտով  մարդիկ կասեն պարզապես, որ իրենք Անատոլիայից կամ Միջագետքից են, ո՞վ գիտե:

Ի վերջո, ի՞նչ է նշանակում թուրք լինել:

Բազմաթիվ սահմանումներ և իմաստներ կան: Սակայն շատ կարևոր է նշել, որ թուրքական ինքնությունը ստեղծվել է ոչ մահմեդականների բնաջնջման հիման վրա ՝ հայերի ցեղասպանություն, հույների վտարում և կոտորածներ, և այլն և Անատոլիայում Բալկաններից և Կովկասից մահմեդական համայնքներ ընդունելու միջոցով... Նրանց ասացին. «Դուք բոլորդ թուրք եք: Երանի նրան, ով իրեն թուրք է կոչում...»:

Ինչպես որևէ երկրի սփյուռքում ապրող քաղաքացիները, թուրքերը ևս կարծես շատ հպարտ են իրենց երկրով և թուրքական ինքնությամբ: Շատ հաճախ նախքան իրենց օրինակ ֆրանսիացի կամ գերմանացի կոչելը, նրանք իրենց թուրք են անվանում, ունենալով հանդերձ Ֆրանսիայի կամ Գերմանիայի քաղաքացիություն: Ինչու՞:

Ես գրել եմ՝ «Տղամարդ դառնալ սողալով», քանի որ ինքս ինձ հարց էի տալիս՝ ինչու են այս տղամարդիկ այդքան գոռոզությամբ կրկնում, որ տղամարդ են, որ հպարտ են տղամարդ լինելու համար: Հետո սկսեցի տեսնել, թե ինչպես են նրանք ձևավորվում մանկությունից ի վեր, դպրոցներում... ինչպես են խփում նրանց ուսին՝ կրկնելով՝ «դու տղամարդ ես»: Այդպես էլ սովորում են թուրք լինել: Մանկությունից անընդհատ ասում են, որ թուրքն ուժեղ է, այս է, այն է, լավ զինվոր... Բոլոր ազգերի ձևավորման ակունքներում կա միֆ, երևակայական կերտում: Եվ երբ այդ մարդիկ գալիս են Եվրոպա, երբ հայտնվում են աղքատության, սոցիալական մեկուսացման մեջ ու ամբողջ ընթացքում նվաստացվում են, դա միակ բանն է, որից նրանք կարող են կառչել: Նրանք այդ վստահության և հարգանքի կարիքն ունեն հենց իրենց համար և ավելի ուռճացնում են այն, ինչ իրենց սովորեցրել են:

Ձեր գրքի սկզբում դուք բացատրում եք, որ Թուրքիայում պատմության, աշխարհագրության, ազգային անվտանգության և գրականության ուսուցիչներին ընտրում էին ամենաազգայնականների մեջ... ինչու՞: Ինչպիսի՞ն է եղել այս ընտրության ազդեցությունն աշակերտների վրա:

Իհարկե քաղաքացիական հասարակության և դրա դեմ պայքարող որոշ ուսուցիչների զորաշարժի շնորհիվ իրավիճակը բավականին փոխվել է: Այնուամենայնիվ ուսումնական նյութերը շարունակում են պահպանել իրենց ազգայնական բնույթը: Հարկավոր է դրանք փոխել: Պետության համար կրթության մեխանիզմն ամենակարևոր հարցերից է: Խոսքը գաղափարական մեխանիզմի մասին է, որը հասարակության մեջ  հեգեմոնիա՝ գերիշխանություն է ստեղծում, այսինքն փորձում է պետության գաղափարները դաջել մարդկանց ուղեղներում և մարմիններում: Դա ձեզ կարող է թվալ անհեթեթ, բայց երբ ձեզ անընդհատ ինչ-որ բան են կրկնում, դուք դրան վարժվում եք: Գալիս է մի փուլ, երբ այլևս ձեզ պարտադրվող կրկնությունը ոչ տեսնում, ոչ զգում ես, քանի որ պարզապես վարժվել ես դրան:

Ինքներդ այդ զգացումն ունեցե՞լ եք:

Անձնապես իմ բախտը բերել էր, որովհետև մեծացել եմ ընդդիմադիր ընտանիքում: Հայրս բանտարկված էր, և ի սկզբանե ես ամեն քարոզչության կասկածով եմ վերաբերվել: Սակայն չնայած դրան մարդ վարժվում է: Նախքան կյանքի ընթացքում մեր հանդիպած մարդկանց միջոցով կարծիք ձևավորելը, մեզ արդեն վարժեցնում էին, որ հայերի մասին պետք է խոսել նվաստական իմաստով: Նույնիսկ երբ համաձայն չես պաշտոնական տեսակետներին, սկսում ես վարժվել: Կամ, ավելի շուտ, հարմարվել: Նույնիսկ թուրքահայերն են վարժվել այս վիճակին, դա գալիս է ճնշված զանգվածների հոգեբանությունից: Երբ հետագայում նույնիսկ ընդդիմադիր շրջանակներում հանդիպեցի մի քիչ փոփոխված, սակայն նույն մոտեցումներին, հասկացա, որ անգամ այդ մարդիկ են  հայտնվել պաշտոնական քարոզչության ազդեցության տակ: Եթե նույնիսկ նրանք քննադատում էին կրթական համակարգը, այդ քննադատությունը բավականին խորը չէր և նրանց թույլ չէր տալիս դուրս գալու որոշակի շրջանակներից:

Ի դեպ, ինչպե՞ս կարելի է այդ շրջանակներից դուրս գալ:

Կարծում եմ կարևոր է ունկնդիր լինել այլոց փորձառությանը, ինչպես նաև ինքնուրույն վերլուծել: Վերլուծությունը կարևոր է: Երբեմն բռնությունը մտածելու որևէ հնարավորություն չի թողնում: Սակայն պետք է փորձել առաջ շարժվել՝ ամեն ինչ կասկածի տակ դնելով, նույնիսկ այն, ինչ միանգամայն «բնականոն» է թվում: Սա շատ կարևոր է:

Արդյո՞ք AKP-ի իշխանության գալն իր ազդեցությունն է թողել թուրքական ինքնության վրա:

AKP-ի անդամները փորձում են փոփոխել Թուրքիայի քեմալիստական, արևմտյան արժեքներ դավանող, «ժամանակակից»  մոդելը՝ ստեղծելով ավելի ավանդապահ, ավելի ազատական և ավելի պահպանողական նոր թուրքական ինքնություն:  Սակայն սա վերաբերում է ոչ միայն էթնիկական կողմին, այլև տնտեսությանը: Խոսքը նոր պահպանողական և նոր ազատական  քաղաքական շարժմանն է վերաբերում: Եթե նույնիսկ առաջին պլան է մղվում իսլամը, այնուամենայնիվ խոսքն առաջին հերթին նոր պահպանողական շարժման մասին է: Նրանք փորձում են այդ ինքնությունը հարմարեցնել նոր իրավիճակին, նոր կապիտալիստական պահանջներին: Եվ դա աշխատում է:Սակայն նրանց դեմ հարձակումները գնալով ավելի են ուժգնանում, և ընդդիմադիր շարժումներին ավելի ու ավելի է հաջողվում խոչընդոտել իշխող պետական ինքնությանը:

Իսկ ո՞րն է Էրդողանի դերն այս գործընթացում:

Շատ է խոսվում նրա մասին, սակայն չեմ կարծում, թե նա ավելի վատն է, քան այն կուսակցությունները, որոնք նրանից առաջ իշխանության են եղել: Այո, նրա մոտ առկա է կոպիտ և սադրիչ բնավորության գիծը, սակայն որպես ֆեմինիստ, որը վաղուց ակտիվ հրապարակային պայքար է մղում, կարող եմ հավաստիացնել, որ նույնպիսի խնդիրներ ունեցել ենք նաև նախորդ կառավարությունների հետ: Նրանք իրոք շատ ազգայնական էին: Կարծում եմ՝ այդ գիծն այսօր էլ շարունակվում է, սակայն ինչպես ասացի, Էրդողանը փորձում է կերտել նոր ինքնություն,  քանի որ Թուրքիան ցանկանում է այսուհետ խաղալ այն նույն դերակատարությունը, ինչ Օսմանյան կայսրությունն էր կատարում  ավելի վաղ շրջանում: Իսկ իշխանության մեջ գտնվող մարդիկ հասկացել են, որ ազգային պետության միջոցով դրան չեն կարող հասնել, ուստի և պետական կազմակերպման այլ տեսակի կարիք ունեն:

Սակայն կառավարություններից ավելի ինձ հետաքրքրում է, թե ինչ է կատարվում փողոցներում: Երբ Թաքսիմ հրապարակի իրադարձություններն ավարտվեցին, բոլորն ասում էին, որ շարժումը վերջացավ, սակայն ոչ ես: Շարժման ստեղծած դինամիկան շարունակվում է, անշուշտ շարժումը փորձել է ինքն իրեն պաշտպանել, սակայն միաժամանակ ստեղծել է նոր կազմակերպական ձևեր: Ինքնության և գաղափարախոսության բազում դրսևորումներով նոր ընդդիմությունն ընդհանուր արժեքներ է ստեղծել: Այս փոփոխությունն ուժեղացնում է զորաշարժը, որը կարող է տարածվել հասարակության բազմաթիվ շերտերում: Հատկապես նկատել եմ, որ մարդիկ հավատում են դրան և դա նրանց շարունակելու հույս է տալիս:

Թուրքահայերի մոտ փոփոխություններ նկատու՞մ եք:

90-ներից ի վեր հայերը սկսել են ակտիվություն դրսևորել Թուրքիայում՝ բավականին կարևոր երկխոսության մեջ մտնելով երկրի ընդդիմադիր շարժումների հետ: Դա փոփոխություններ է առաջացրել հենց ընդդիմության ինքնության մեջ:  Հրանտ Դինքի սպանությունից հետո հայերը շատ են քաղաքականացել և ներկայումս ապրելու և պայքարելու նոր ձևեր են ստեղծում: Հրանտ Դինքը սպանվեց, քանի որ նա դուրս էր եկել գծված սահմաններից: Նրան ցանկանում էին օրինակ դարձնել՝ մյուսներին վախեցնելու համար: Զարմանալիորեն  վախի փոխարեն դա զորաշարժի, բավականին հզոր սոցիալական շարժման  առիթ դարձավ, այնպես որ մարդիկ շարունակում են դուրս գալ ընդունված սահմաններից, կարմիր գծերից: Իհարկե, ներկայումս շատերն են խոսում ցեղասպանության մասին, սակայն միաժամանակ փորձում են ավելի առաջ գնալ, և ավելի խորամուխ լինել հարցերի մեջ: Հաճախ խոսում են Թուրքիայի փոխակերպման մասին, սակայն այն, ինչ տեսնում եմ, ոչ թե քաղաքական կառուցվածքային փոփոխության, այլ ավելի շուտ ընդդիմադիր տարածքի և քաղաքացիական հասարակության կերպափոխում է, որը հնարավոր է դարձել շատ ավելի վաղ մղված պայքարի արդյունքում:

Ի՞նչ կասեք հայկական սփյուռքի մասին:

Սփյուռքի կարելիությունները  շատ տարբեր են: Նրանք նույն ճնշումների տակ չեն: Իրենց գաղափարների և խոսքերի համար մարդիկ չեն վախենում հետապնդվելուց: Դրանց համար նրանց բանտ չեն նստեցնում:  Դժվարությունները և հնարավորություններն այլ են, որոնց հետևանքով էլ այլ տիպի քաղաքականություն կարելի է մշակել: Այստեղ քաղաքական կամ տեսական ներշնչման այլ աղբյուրներ կան: Սփյուռքն ավելի առաջ է կարողացել գնալ իր պահանջներում: Ժամանակին Թուրքիայում առաջին տեղում հաշտության հարցն էր, մինչդեռ սփյուռքում հատուցում էին պահանջում: Այսօր Թուրքիայում էլ են հատուցումից խոսում, և ըստ իս, սա շատ կարևոր է: Նաև սկսում են երկխոսություն հաստատել Թուրքիայի ընդդիմադիր այլ շարժումների հետ, որպեսզի հատուցման համար պայքարը տարվի համատեղ ուժերով: Պայքարի մեջ է, որ մարդիկ ձևավորվում են:


Ի՞նչ դեր է խաղացել Հրանտ Դինքը թուրքական ինքնության փոփոխության հարցում:

Հրանտ Դինքն ու իր խումբը շատ կարևոր աշխատանք են կատարել Թուրքիայում: Նրանք վերլուծել են երկրի պայմանները, այնուհետև մշակել մարտավարություն՝ փակուղիները հաղթահարելու համար: Նախևառաջ նրանք ընդհանուր շահեր են վերհանել պայքարի ելած տարբեր խմբերի միջև, կառուցողական քննադատությամբ հանդես եկել: Հրանտ Դինքը քննադատում էր ամեն բան և ամեն մարդու, և դա անում էր որպես հայ: Նրա առաջին մոտեցումը միասնական քաղաքական պայքար տանելն էր, քանի որ միավորվելով մարդիկ ավելի ուժեղ են լինում: Նա հասկացել էր, որ չպետք է մենակ մնալ: Այնուհետև՝ նա խուսափում էր ուղղակի որակումներից. նա չէր ասում «ցեղասպանություն», այլ՝ «որտե՞ղ ենք մենք», և այսպես, անուղղակի կերպով, վեր էր հանում մահմեդականացված հայերի առկայությունը: Աստիճանաբար բոլորը սկսեցին այդ մասին խոսել: Հրանտ Դինքը ցույց տվեց, որ կարելի է պայքարել որպես հայ: Որպես հայ՝ Թուրքիայում: Այս հավելումը շատ կարևոր է:  Դուրս գալ անհայտությունից և ասել. «Ես Թուրքիայում ապրող հայ եմ», ահա այս յուրահատուկ իրավիճակում ամեն ինչ փոխվում է, հասարակական կարգը տակնուվրա է լինում: Հրանտ Դինքին հաջողվեց դա անել:

«Ակօս» թերթը նու՞յնպես մեծ դեր խաղաց:

«Ակօսը» հանդիպման վայր էր, սակայն Հրանտի մահից հետո իրավիճակը փոխվեց: Այն ամենը, ինչ նա կառուցել էր, կապերը, որ ստեղծել էր, նրա մահից հետո անմիջապես ի հայտ եկան: «Ակօսի» շուրջ ստեղծվեցին հայկական կամ հայկական հարցով զբաղվող մի շարք խմբեր: Զգայական ասպեկտը նմանատիպ փոփոխություններում կարևոր է: Հրանտի մահից հետո զորաշարժն ինձ համար Թաքսիմ հրապարակի ցույցերի նախապատրաստական փուլն էր: Այդ ցույցերը երկնքից չընկան, քանի որ կարելի է տեսնել, որ կազմակերպական նույն եղանակներն արդեն օգտագործվել էին Հրանտ Դինքի հիշատակի հավաքների ժամանակ: Այս փոփոխությունները շատ կարևոր են: Մարդիկ այլևս համարձակվում են խոսել ցեղասպանության, իրենց նախնիների մասին: Այլևս ետդարձ չկա: Սակայն անելիքներն էլ դեռ շատ են: Չպետք է ուռճացնել առաջընթացը: Թուրքիայում ակտիվ զանգվածների շրջանում փոփոխությունները մեծ են, սակայն միմիայն դա արդյո՞ք բավական է վիճակը փոխելու համար: Ոչ: Հարկավոր է համախմբում և միջազգային ճնշումներ: Չպետք է մոռանալ, որ հայերի մեծ մասն իրենց ազգային տարածքից դուրս է ապրում: Եթե Թուրքիայում հայերի թիվը տատանվում է 60000-70000-ի միջև, ապա սփյուռքում նրանք մի քանի միլիոն են: Հատուցման հարցը միայն թուրքահայերի, կամ սփյուռքահայերի և կամ Հայաստանի հայերի խնդիրը չէ: Դա վերաբերում է նաև թուրքերին և ընդհանրապես մարդկությանը, քանի որ ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է: Ուստի հարկավոր է միասին քննարկել այս հարցերը:

Դուք, որ այսօր սփյուռքահայերի եք հանդիպում նաև Ֆրանսիայում, ի՞նչ կարծիքի եք նրանց մասին: Ի՞նչ են նրանք ձեզ սովորեցրել:

Հայկական համայնքը միատարր չէ: Սակայն Թուրքիայից գալով՝ ես սփյուռքի վերաբերյալ կանխակալ կարծիք ունեի: Ինձ թվում էր, թե նրանք պարփակված են իրենց հայկական ինքնության մեջ և դրանից բացի ուրիշ ոչ մի բանով չեն հետաքրքրվում... Այժմ, սփյուռքում և Թուրքիայում հայկական շարժումների, ինչպես նաև պահանջատիրության վերաբերյալ հետազոտություններիս շնորհիվ ես լսել եմ տարաբնույթ պատմություններ, ծանոթացել տարբեր մարդկանց անցած ուղուն և շատ բան իմացել: Ես հիմա կարողանում եմ տեսնել այդ մարդկանց ձեռք բերած փորձառությունը և ապրած դժվարությունները, մարդիկ, որոնց նախկինում չէի ճանաչում: Ես հասկացել եմ, որ չի կարելի անվերապահորեն ընդունել կանխակալ կարծիքները, և հայկական սփյուռքն ինձ սովորեցրել է այդպես վերաբերվել նաև նախկինում իմ ունեցած կարծիքներին:


1 Service militaire en Turquie et construction de la classe de sexe dominante - Devenir homme en rampant, L’Harmattan, 2014

2 Parce qu’ils sont Arméniens, Liana Levi, février 2015

ինքնությունն

  • Հայացք Հայաստանից
  • Հայացք Թուրքիայից
  • Հայացք Հայկական Սփյուռքից
  • Այլ տեսակետ
  • Էլ.Ամսագրի

    Էլ. Ամսագրի բաժանորդագրում

    "Repair" նախագծի գործընկերներ

     

    Twitter

    Facebook