Հայ-թուրքական հարթակ

Յուրաքանչյուր ամիս՝ նոր թեմա
Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Ստամբուլի քրդեր` լղոզված ինքնություն

 
 
 

Հայկական եւ թուրքական ինքնությունն այսօր

Այլ տեսակետ


Ստամբուլի քրդեր' լղոզված ինքնություն

Ժան-Ֆրանսուա Փերուզ

 

 
Ժան-Ֆրանսուա Փերուզ

Ստամբուլի Անատոլիական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտի տնօրեն

Այս հոդվածում Ժան-Ֆրանսուա Փերուզը նկարագրում է Ստամբուլի քրդերի ինքնությունը բնորոշելու դժվարությունները: Ըստ նրա, կարելի է լինել «քուրդ՝ “ծննդով”, մայրենի լեզվով, քաղաքական-մշակութային պատկանելությամբ և/կամ սրտով»: Արդյունքում առաջ են գալիս այս բնակչության մասին վստահելի վիճակագրություն հայթայթելու դժվարություններ (տվյալների կամ լուրջ ուսումնասիրության բացակայության պատճառով), ինչպես նաեւ մտացածին պատկերացումներ, որոնք հաճախ կապված են ծայրահեղ պարզեցումների եւ վիճակագրական մանիպուլյացիաների հետ: Ստամբուլի Անատոլիական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտի տնօրենը միաժամանակ հիշեցնում է, որ Ստամբուլում քրդական միասնական քվե գոյություն չունի, այլ այդ քվեները տարբերակված են ըստ ընտրողների կարգավիճակի ու պատկանելության տարբեր շրջանակների: Նմանապես, ըստ նրա, գոյություն չունի միասնական քրդական համայնք, այլ «բազմաքանակ շերտեր, որոնք կառուցված են աշխարհագրական ծագման, քաղաքական պատկանելության, եղբայրության կամ նեոեղբայրության պատկանելության կապերով:»

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2015թ սկզբին Ստամբուլն  ուներ ավելի քան 14 միլիոն բնակչություն: Այդ թվին պետք է ավելացնել չգրանցված տասնյակ հազարավոր ժամանակավոր բնակիչների, ներառյալ՝  պատերազմի սարսափներից փախչող սիրիացի քրդերին: Ըստ տեսակետների, իրականում կարելի է լինել քուրդ՝ “ծննդով”, մայրենի լեզվով, քաղաքական-մշակութային պատկանելությամբ և/կամ սրտով:Քանի որ Թուրքիան 1965թ մարդահամարից հետո այլեւս մայրենի լեզվի մասին տվյալներ չի տրամադրում և ըստ որում  Ստամբուլում քրդական ինքնությանն ու պահանջատիրությանը նվիրված ընդարձակ հետազոտություն չունենք, մնում են միայն ծննդյան վայրին վերաբերող թվերը: Եթե 2015-ի սկզբին Ստամբուլում գրանցված բնակչության երկու երրորդը գավառում ծնվածներ են, ապա նրանց մեջ «քրդական նահանգներում» ծնվածների թիվը 15 տոկոսը չի գերազանցում:

Նուրբ հաշվարկ, եթե ոչ անհնարին

Ստամբուլում բնակվող քրդերի ծագման շրջաններին վերաբերող թուրքական պաշտոնական վիճակագրության այս հաշվարկը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Ինչո՞ւ են ներառվել Սիիրթի (Սղերդ) ու Շանլըուրֆայի (Ուրֆա) նահանգները, որոնք ունեն մեծ թվով արաբախոս բնակչություն: Ինչո՞ւ չի ընդգրկվել Սվազը (Սեբաստիա) (2009թ Ստամբուլում հաստատված ծննդով սվազցիների թիվը 736.542 էր), Էրզրումը (382.519), Էրզինջանը (Երզնկա) (302.511), Կարսը (269.388), էլազիգը (Խարբերդ) (141.697) և Գազիանթեփը (Այնթապ) (78.238), որտեղ կա զգալի թվով էթնիկ քուրդ բնակչություն: Բացի այդ, ընդհանուր առմամբ «քրդական» որակվող նահանգերի շատ բնիկներ հրաժարվում են համարվել քուրդ, կամ առնվազն իրենց ավելի շատ տեսնում են թուրքական քաղաքական համայնքում, քան այնտեղ, որտեղ «քրդական շարժումը» կուզենար  նրանց տեսնել:

Ընդ որում, հաշվարկի այս ձեւը դուրս է թողնում այն քրդերին, որոնք ծնվել են քրդերի մեծամասնություն կազմած նահանգներից հեռու, ինչպիսին է Քոնիան՝ օսմանյան ժամանակաշրջանի գաղթավայրը, կամ այն խոշոր քաղաքները դեպի ուր տասնամյակներ շարունակ զանգվածաբար գաղթել են քրդերը՝ ինչպիսիք են Ադանան ու Մերսինը, և նրանք, ովքեր ծնվել են Ստամբուլում և իրենց քուրդ են համարում: Էլ չենք խոսում այն նահանգների մասին, որոնք սփռված են թուրքական աշխարհագրական Քուրդիստանի շփման գծի երկայնքով՝ Արդահան - Էրզրում - Էրզինջան - Սվազ - Էլազիգ - Քահրամանմարաշ - Գազիանթեփ - Օսմանիյե դիագոնալով: Սվազը՝ ոչ ստամբուլցիների առաջին «մատակարարը», ունի խառը բնակչություն, իսկ նրա արեւելյան շրջաններում շատ են քրդախոսները:

Այլ կերպ ասած, աշխարհագրորեն ու վիճակագրորեն քրդերից (ըստ նահանգային ծագման չափանիշի) ոչ բոլորն են էթնիկապես քուրդ, իսկ շատ ավելի պակաս՝ քաղաքականապես։ Դրան հակառակ՝ էթնիկապես քրդերից ոչ բոլորն են քաղաքականապես այդպիսին, ոչ էլ բոլոր քաղաքականապես քրդերն են աշխարհագրորեն քուրդ (Ստամբուլում ծնված երկրորդ կամ երրորդ սերունդների պարագայում): Քանի դեռ քուրդ լինելու այս կանոնները հստակեցված չեն, մնալու ենք մոտավոր հաշվարկների, շփոթումի, քարոզչության, միամիտ լավատեսության կամ բարի ցանկության ոլորտում (սա վերաբերում է Ստամբուլին, այնպես ինչպես ամբողջ Թուրքիային):

Բացի այդ, քրդերի ներկայությունը Ստամբուլում չի սահմանափակվում նրանց, ովքեր գրանցված են որպես քրդական նահանգում ծնված: Այդ ներկայությունը արդյունք է նաեւ ժամանակավորապես այնտեղ ապրող քրդերի, որոնք հրապուրվել են Ստամբուլի աշխատաշուկայով, ինչպես նաեւ այլ հնարավորություններով, որոնք նմանը չունեն երկրի այլ վայրերում, մասնավորապես կրթության և առողջապահության բնագավառներում: Այդ քրդերը (այդ թվում՝ երիտասարդտներ, որոնք Ստամբուլում հույս ունեն գումար վաստակել իրենց ուսման ծախսերը հոգալու համար) աշխատում են ամենաքիչ պաշտպանված ոլորտներում՝ շինարարություն, փողոցային առեւտուր, բեռնաթափում/բեռնակրություն կամ հագուստի արտադրություն: Նրանք նաեւ սոցիալապես բավական նկատելի են, ինչը կապված է նրանց աշխատանքի բնույթի, անմխիթար բնակարանային պայմանների, ինչպես նաեւ քրդերենի հաճախակի օգտագործման հետ:

Միգրացիա և սերունդների հակամարտություն

Դեպի Ստամբուլ քրդական արտագաղթի պատմությունը հին է: Հայտնի մարդկանց, հոգեւորականների, զինվորականների կամ ուսանողների ուղեւորությունների մասին տեղեկությունները թվագրվում են 15-րդ դարին: Ինչ վերաբերում է նորագույն պատմությանը, կարելի է առանձնացնել երկու ալիք՝ հատկապես հայրենակացական միությունների  ստեղծման ժամանակագրության լույսի ներքո, որոնք շատ են Ստամբուլում: Առաջինը թվագրվում է 1950-1970 թվականներին և վերաբերում է  թուրքական Քուրդիստանի հյուսիսային և արեւմտյան ծայրամասերի նահանգներին. Մալաթիա, Սվազ, Թունջելի (Դերսիմ), Էրզինջան, Կարս և Էրզրում: Երկրորդ ալիքը վերաբերում է 1980-ականների վերջին և շարունակվել է մինչեւ 2000-ականների սկիզբը: Դա ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է այն բռնությունների հետ, որոնք ապակայունացրին ու սգի մատնեցին թուրքական Քուրդիստանը՝ սկսած 1984-ից, երբ սկիզբ առան  Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինված գործողությունները: Այդ ժամանակաշրջանում հազարավոր գյուղեր ու գյուղակներ իրավապահ մարմինների կողմից դատարկվեցին «անվտանգության նկատառումներով»: Այս երկրորդ ալիքը, որը թուրքերեն կոչվում է «հարկադիր արտագաղթ", ավելի շատ վերաբերում է բուն Քուրդիստանի նահանգերին և նրա արեւելյան ու հարավարեւելյան ծայրամասերին (Սիիրթ, Բաթման, Շըրնաք, Դիարբեքիր, Մարդին, Վան և Բինգյոլ), սակայն չի բացառում նախորդ ալիքից տուժած նահանգները (ինչպես Թունջելին): Այն ավելի նկատելի դարձրեց Ստամբուլում քրդերի ներկայությունը՝ ավելի անկայուն և հաճախ ավելի քաղաքական, հաշվի առնելով անցյալի տրավմաները: Մեծամասամբ գյուղաբնակներից կազմված այս վերջին ալիքը նպաստեց, որ քրդերին բնորոշ հատկանիշներից մեկը դառնա գերիշխող, այն է՝ բարձր ծնելիությունը:

Մակրո-ինքնություններ, միկրո-ինքնություններ և տարածքային կենտրոնացման բացակայություն

Վերջին տարիներին ժամանած միգրանտները աշխատանք կամ բնակարան գտնելու համար ավելի շատ հենվում են ընդհանուր ծագման ցանցերի վրա (թե որ գյուղից կամ քաղաքից են), քան ենթադրյալ քրդական ինքնության ցանցերի, որոնք չափազանց ընդարձակ ու անորոշ են որեւէ արդյունավետություն ունենալու համար: Ուստիեւ, Ստամբուլի «քրդական համայնքին» ենթարկում ենք փորձարկման՝ առօրյա կյանքի և ռեսուրսների հասանելիության տեսակետից:

Երբ իրավիճակը դիտարկում ենք միկրո-ինքնությունների մակարդակում և ծննդավայրին առնչվող վիճակագրական տվյալների հիման վրա (խոսքը միայն աշխարհագրական քրդերի մասին է), տեսնում ենք, որ Ստամբուլի ամեն մի թաղամաս ունի իր առանձնահատկությունը: Ծննդով քրդական նահանգներից եղողների թիվը Ստամբուլի բնակչության կազմում տարբերվում է ըստ թաղամասերի: Սուլթանգազի թաղամասում Ադըյամանում ծնվածները 7.4% են կազմում, Սուլթանբեյլիում՝ բինգյոլցիները 4,1%, Էսենյուրթում՝ արդահանցիները 7.4%, Արնավութքյոյում՝ մշեցիները 5.4%, Զեյթինբուռնուում՝ մարդինցիները 6.5%, Բաշաքշեհիրում՝ մալաթիացիները 6,3%, բիթլիսցիները 5.4% և իգդիրցիները 5.1% են կազմում:

Հետեւաբար, ինչքան էլ ոմանց դուր չգա (որոնք փորձում են ամեն ինչ պարզեցնել ու շփոթ առաջացնել), Ստամբուլում գոյություն չունի քրդական որեւէ թաղամաս կամ շրջան: Վերամիավորման տրամաբանությունները ենթաէթնիկ են, իսկ կարծես ավելի որոշիչ են սոցիալ-տնտեսական տարբերությունները՝ հաճախ կապված ավելի հնաբնակ լինելու հետ: Այնուամենայնիվ, Ստամբուլում կան խորհրդանշական որոշ քրդաշատ թաղամասեր,  ինչպիսիք են Չուքուրը, Բյուլբյուլը, Շեհիթմուհթարը կամ Թառլաբաշըն: Հատկապես այս վերջին թաղամասում, որը հին Բեյօղլուի (Փերա) մաս է կազմում, կենտրոնացված են քրդական շարժման մշակութային ու քաղաքական առաջատար հաստատությունները՝  Միջագետքի մշակութային կենտրոնը և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) շտաբը: Սակայն, այդ «քրդական շրջանների» ստեղծմանն ավելի շատ նպաստում են կողմնակալ լրատվամիջոցները, քան ժողովրդագրական կամ ընտրական իրողությունները:

Քրդական քվեի և քաղաքականության բացակայությունը

Չկա քրդական միասնական քվե, կան տարբերակված քվեներ՝ ըստ քվեարկողների կարգավիճակի և պատկանելության բազմաթիվ ցանցերի: «Աշխարհագրական» քրդերի մեծամասնությունը աջակցում է քրդական շարժման հետ կապ չունեցող կուսակցությունների: Ստամբուլի 39 շրջաններից ընտրված Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) բազմաթիվ քաղաքապետեր աշխարհագրորեն և էթնիկապես քրդեր են:

Քաղաքական կուսակցությունները գիտեն Ստամբուլի ունեցած որոշիչ կշիռը ընտրությունների վերջնական արդյունքների վրա և այդ պատճառով էլ իրենց ջանքերը կենտրոնացնում են գլխավորապես մետրոպոլիայի վրա: HDP-ի ռազմավարության կենտրոնում «սրտով քրդերն» են և ոչ թե աշխարհագրական կամ էթնիկ քրդերը: 2014թ օգոստոսի 10-ի նախագահական ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ HDP-ի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը զգալի թվով ձայներ է հավաքել քրդական փոքրաթիվ բնակչություն ունեցող շրջաններում, ինչպիսին է Adalar-ը (Իշխանաց կղզիները) (13,8%): Այս առումով օրինական քրդական կուսակցությունները դժվարանում են կողմնորոշվել՝ ամրապնդե՞լ (երեւակայական) «քրդական համայնքը» (փառաբանելով նրա ընդհանուր հատկանիշները՝ լեզուն, պատմությունը, հայրենի եզերքը), թե՞ խոսքն ուղղել քաղաքական ավելի մեծ համայնքի` զերծ մնալով էթնիկական հիմքի վրա որեւէ սեգմենտավորումից և մարզերի մակարդակով ստեղծված համերաշխության ցանցերից օգտվելու թուրքական բոլոր կուսակցություններին հատուկ գայթակղությունից:

Զուգահեռաբար, աշխարհագրական եւ էթնիկ քրդերը շարունակում են առանցքային դեր խաղալ ոչ պետական կրոնական դիսկուրսի շրջանակներում: 2014թ հոկտեմբերին սիրիական Քոբանի քաղաքի հետ կապված բողոքի ցույցերի ժամանակ (երբ թուրքական կառավարությունը հրաժարվում էր միջամտել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ), ինչպես նաեւ Ֆրանսիական «Շառլի Էբդո» (Charlie Hebdo) երգիծական շաբաթաթերթի դեմ հանրահավաքների ժամանակ իսլամիստական խմբակների առաջին շարքերում էին քրդերը (աշխարհագրական ու քրդախոս քրդերը), որոնք խստորեն քննադատում էին քրդական քաղաքական շարժումն ու նրա խորհրդանիշները: Հայտնի է, որ Քուրդիստանը իսլամական եղբայրությունների համար յուրահատուկ ամրոց է եղել 1923թ հիմնադրված Հանրապետության առաջին տասնամյակների հակակրոնական քաղաքականության ընթացքում: Քրդական այս հավատարմությունը կրոնի հանդեպ վատ է  ընկալվում Ստամբուլում և անվստահություն է առաջացնում աշխարհիկ շրջանակներում : Այլ կերպ ասած, Ստամբուլում քրդական շարժման ամենաոխերիմ թշնամիները, ինչպես նաեւ ողջ Թուրքիայում, աշխարհագրական և էթնիկ քրդերն են:

Խարանման ավարտ և ինքնության հաստատում

Իրենց հին ստամբուլցի կամ թուրքական յուրօրինակ ինքնություն կրող համարողների կողմից դեռեւս «արեւելքցի» կամ «արևից թխացած» որակվող քրդերը ստամբուլցիների պատկերացումներում երկար ժամանակ ասոցացվել են միգրանտների հետ: Այսպիսով, առավել վերջերս ժամանած աշխարհագրական քրդերի` կամ իրենց աշխատանքով, բնակարանային պայմաններով և եկամուտներով ավելի անմխիթար վիճակում գտնվող քրդերի նկատմամբ դեռեւս առկա են խարանի եւ խտրականության որոշակի երեւույթներ: Բայց ամեն դեպքում այստեղ ռասիզմի մասին խոսք չի կարող լինել, քանի որ թուրք մեծամասնությունը տառասեր է և գնալով ավելի շատ է գիտակցում դա: Բայց 2011 թվականից սիրիացի փախստականների հոսքը դեպի Ստամբուլ հանգեցրեց «ոչ քրդերի» Թուրքիայի քրդերի հանդեպ ունեցած ընկալման փոփոխությանը: Խորթության զգացումը փոխեց իր օբյեկտը. այն այժմ ավելի շատ սիրիացի միգրանտների հանդեպ է, իսկ համաքաղաքացի քուրդ գաղթականները համեմատաբար հարազատ են թվում:

Բացի այդ, ինտեգրման եւ ձուլման մեխանիզմների պատճառով, ինչպես 1980-ականների վերջերի նախաձեռնողական քաղաքականության արդյունքում, տարիների ընթացքում ներգաղթի առաջին ալիքները ձուլվեցին Ստամբուլի ձուլարանում: Կրթության, քաղաքային տնտեսության և կուսակցությունների համակարգի (հատկապես 2002 թվականից՝ AKP-ում) մեջ ինտեգրման միջոցով տեղի ունեցած սոցիալական առաջընթացը նպաստեց, որ աշխարհագրական և էթնիկ քրդերը կորցնեն իրենց վերագրվող առանձնահատկությունները: Կորցրած այդ յուրահատկությանը եկավ փոխարինելու մի այլ առանձնահատկություն, որը նրանք սեփականեցին: Շատ առումներով Ստամբուլը Թուրքիայի քրդերի ինքնության հաստատման դրական գործընթացում նշանակալի լաբորատորիա հանդիսացավ: 1990-ականների սկզբից եւեթ, հաճախ Արեւմտյան Եվրոպայի երկրների քրդական համայնքների ազդեցությամբ, Ստամբուլը դարձավ ինքնության վերակառուցուման կենտրոն՝ ինչպես արվեստում, այնպես էլ քաղաքականության մեջ: Ինքնության նորոգման ու վերահաստատման այս գործընթացը կյանքի կոչվեց միությունների, հիմնադրամների և ինստիտուտների կողմից, որոնք օգնեցին նաեւ հայտնաբերելու և հպարտորեն տեր կանգնելու արմատներին:

Լեզվի և մշակութային Ժառանգության շուրջ ուժերի համախմբմանը հետեւեցին ջանքերը՝ գրելու քրդերի տեղական և անդրազգային պատմությունը, տարբեր տեսանկյուններից և ոչ թե թուրքական միասնական պատմության տեսակետից: Ծաղկեցին հրատարակչությունները, ինչպես նաեւ ամսագրերն ու գեղարվեստական արտահայտության վայրերը: Բայց 2000-ականների սկզբից Ստամբուլը աստիճանաբար սկսեց կորցնել քրդական մշակութային օջախի իր բացառիկ կարգավիճակը: Այս բազմաբնույթ ինքնության զարթոնքը ինչ-որ չափով տարածում գտավ ամբողջ երկրում և դարձավ սովորական առօրյայի մաս: Քրդերն այժմ համայնքային ծեսեր ունեն և իրենց սեփական տոնացույցը, որի կիզակետն է Նովրուզը՝ Նոր տարին, որը նշվում է գարնան առաջին օրը, մարտի 21-ին: Տոնախմբությունները Ստամբուլում երկու տեսակի են լինում. հարյուր հազարավոր մարդկանց միավորող կենտրոնական տոնակատարությունը կազմակերպվում է իրար հետ հաճախ մրցակցող քրդական բազմաթիվ կառույցների կողմից: Լինում են նաեւ ինքնաբուխ տոնախմբություններ, իսկ դրանք ընդհանուր առմամբ ճնշվում են իրավապահ մարմինների կողմից՝ մասնավորապես երկրորդ ալիքի միգրանտների բնակություն հաստատած թաղամասերում:

Ինքնության առանձնահատկություն և մետրոպոլիայի ոչ առանձնահատկություն

Ստամբուլում գոյություն չունի քրդական համայնք, այլ աշխարհագրական ծագման, քաղաքական պատկանելության, եղբայրության կամ նեոեղբայրության պատկանելության կապերով կառուցված բազմաքանակ շերտեր, որոնք կարող են ժամանակավորապես համատեղվել միայն բացառիկ առիթներով և որոշակի կարգախոսների շուրջ:

Ստամբուլը շատ առումներով թուրքական համակարգում քրդերի ինտեգրման առավել ակնհայտ օրինակն է: Որպես Թուրքիայի քաղաքացիներ, նրանք լիարժեք մասնակցոմ են մետրոպոլիայի քաղաքական, մշակութային և տնտեսական կյանքին՝ առանց խտրության: Դա չի բացառում, որ Ստամբուլը լաբորատորիայի կարեւոր դեռ խաղացած լինի քաղաքական, մշակութային ու տնտեսական դաշտում այսօր առկա քրդական ինքնությունների պահպանման կամ վերահայտնաբերման գործում: Բայց այս երկու դինամիկաները անհամատեղելի չեն:

Ուստի «Ստամբուլի քրդերի" ուսումնասիրությունը պետք է անել՝ հաշվի առնելով այն դինամիկաները, որոնք միտված են՝ ինչպես համայնք ստեղծելուն, այնպես էլ բնակչության ներսում տարբերակումներ մտցնելուն: Քրդական համայնքը գոյություն ունի միայն ի հաշիվ ծայրահեղ պարզեցումների ու վիճակագրական մանիպուլյացիաների (դիտավորյալ կամ ոչ) կամ էլ միասնականության երազանքների արդյունքում, որոնք մնում են չիրականացած՝ մետրոպոլիայի առօրյա իրականության պայմաններում:

ինքնությունն

  • Հայացք Հայաստանից
  • Հայացք Թուրքիայից
  • Հայացք Հայկական Սփյուռքից
  • Այլ տեսակետ
  • Էլ.Ամսագրի

    Էլ. Ամսագրի բաժանորդագրում

    "Repair" նախագծի գործընկերներ

    Twitter

    Facebook