Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Տասներկուերորդ օր – Մուստաֆան ու Չաքըրը՝ զարդարված հիշողություն

 
 

 

14 օր Դիարբեքիրում / 14 լուսանկար Ամիդից / 14 տեքստ Տիգրանակերտիմասին:

«Repair»-ի հատուկ թղթակից, ֆրանսիահայ լրագրող Միքայել Ժիմենեզ-Մաթեոսյանը (ՄԺՄ) երկու շաբաթ անցկացրեց Անատոլիայի հարավ-արեւելքի այժմյան մայրաքաղաք Դիարբեքիրում (քրդերեն՝ Ամեդ, հայերեն՝ Տիգրանակերտ), նպատակ ունենալով հանդիպել 1915 թվականի եղեռնից առաջ այնտեղ բնակվող բազմահազար հայերի անցյալին, ներկային ու ապագային: Նա մեզ հետ կիսում է երկար դեգերումների ընթացքում իր ունեցած հանդիպումները՝ վայրերի, տղամարդկանց և կանանց հետ, որոնց պատմությունն այսպես թե այնպես կապված է հայերի հետ:

Տասներկուերորդ օր – Մուստաֆան ու Չաքըրը՝ զարդարված հիշողություն

Բուրչինը՝ լրագրող իմ ընկերուհին, ով ինձ շատ օգնեց կազմակերպել իմ Ամիդ այցելությունը, խորհուրդ էր տվել հանդիպել տարեց դարբիններին, որոնք աշխատում են  հին Դիարբեքիրի չորս ոտանի մինարեթի մոտակայքում: Այդտեղ ենք հանդիպում երկաթեղեն իրեր վաճառող 58-ամյա Մուսթաֆայի հետ, որը կարծես սպասում էր մեր գալուն:  Մեր այցի նպատակը բացատրելուց հետո, նա մեզ նստեցնում է կարկտած աթոռների վրա և ձեռքով կանչում է փողոցով անցնող չայ վաճառողին: Հարցեր տալու կարիք չի լինում, նա սկսում է իր հիշողություններից պատառիկներ պատմել՝ գերարագ ռեժիմով: «Ուրբաթ օրերին տեղի էին ունենում կրոնի դասընթացներ, իսկ որոշ ուսուցիչներ  ուսանողներին ասում էին՝ ով չի ուզում մասնակցել, կարող է դուրս գալ», -  հիշում է Մուսթաֆան: «Դասարանի կեսն անհայտանում էր: Դա նշանակում է, որ նրանք քրիստոնյաներ էին», - եզրակացնում է նա ու մեկ կումով խմում իր թեյը: «Կանանց գլխաշոր կապելու ձեւից արդեն մենք հասկանում էինք, որ նրանք քրիստոնյա էին. Աչքերի ու ճակատի սկզբի միջեւ տարբերությունը հայերի համար չորս մատ էր, մյուս քրիստոնյաների համար՝ երկու», - բացատրում է նա, մինչ երիտասարդ մի աշկերտ դանակ է սրում՝ մեզանից ոչ հեռու: Ավելի ուշ, զրույցի ընթացքում, վերջինս հիշում է մի հին ընկերոջ, որը, նրա խոսքերով, շատ է շփվել թաղի հայերի հետ: Նա մեզ առաջարկում է հանդիպել նրա հետ:

Ուրեմն հաջորդ օրը մենք հանդիպում ենք հայտնի Չաքըրի հետ: Կրեմագույն գիշերանոցով ու սպիտակող բեղերով այդ մարդը մեզ դիմավորում է իր փոքրիկ բնակարանում, որտեղ նա ապրում է իր կնոջ հետ: Զարմանալի բա՜ն, հազիվ նստում ենք՝ 86-ամյա  այս նախկին կոշկակարը սկսում է ինձ հարցեր ուղղել... հայերեն: «Ես ավելի լա՜վ հայերեն եմ խոսում, քան Հայերը», - ասում է նա հպարտորեն, ով Մեսրոպի լեզուն սովորել է իր վարպետից: Ցավոք, ուղեղի կաթված տարած ծերունին դժվարանում է հիշել  հին օրերը, իսկ թուլացող հիշողության պատառիկները մեզ շատ քիչ տեղեկություններ են տալիս այն օրերի մասին, երբ հայերն ու քրդերը միասին էին ապրում: «Մենք նրանց թուրշու (թթու դրած բանջարեղեն) էինք տալիս, նրանք էլ մեզ բաստուրմա, ղավուրմա ու էլի լիքը բաներ էին տալիս: Մենք մեր հացը իրար հետ էինք կիսում, մեր միջեւ շատ համերաշխություն կար այն ժամանակ», -ամփոփում է Չաքըրը: «Բոլորս գումարով խաղեր էինք խաղում, ոչ ոք թուրքերեն չէր խոսում, բոլորս հայերեն էինք խոսում: Թշնամանք չկար մեր միջեւ», - հավաստում է ծերուկը, որի հիշողությունները վստահաբար ժամանակի ընթացքում ավելի գեղեցիկ տեսք են ստացել: Այնուամենայնիվ, նրա կցկտուր հիշողությունները վկայում են այն մասին, որ շատ քրդեր գյավուրների* հետ կապված լավ հիշատակներ ունեն, որոնք «շատ ազնիվ ու բիզնեսում շիտակ են՝ պատվի մեծ զգացում ունեն և արդարամիտ են»,  - ըստ Մուսթաֆայի, որի երբեմնի Դիարբեքիրը բնութագրող «համերաշխություն», «կոսմոպոլիտ» և «ներդաշնակություն» բառերն ինձ մոտ տարակուսանք են  առաջացնում, բայց նաեւ երազկոտ են դարձնում:

*անհավատ

 

Մշակութային և սոցիալական ուղղվածությամբ 30-ամյա այս լրագրող և լուսանկարիչն աշխատել է բազմաթիվ թերթերի ու ամսագրերի համար: Մի քանի տարի է, նա լուսանկարչական ռեպորտաժներով իր հայացքը սեւեռում է նաեւ «Երկիր Եւրոպա» հասարակական կազմակերպության համար՝ Հայաստանում ու Թուրքիայում: ՄԺՄ-ի աշխատանքներին կարող եք ծանոթանալ նրա կայքէջում՝ www.mjm-wordsandpics.com:

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook