Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Ութերորդ օր – Սարգիսի և Պայծառի մոտ

 
 

 

14 օր Դիարբեքիրում / 14 լուսանկար Ամիդից / 14 տեքստ Տիգրանակերտիմասին:

«Repair»-ի հատուկ թղթակից, ֆրանսիահայ լրագրող Միքայել Ժիմենեզ-Մաթեոսյանը (ՄԺՄ) երկու շաբաթ անցկացրեց Անատոլիայի հարավ-արեւելքի այժմյան մայրաքաղաք Դիարբեքիրում (քրդերեն՝ Ամեդ, հայերեն՝ Տիգրանակերտ), նպատակ ունենալով հանդիպել 1915 թվականի եղեռնից առաջ այնտեղ բնակվող բազմահազար հայերի անցյալին, ներկային ու ապագային: Նա մեզ հետ կիսում է երկար դեգերումների ընթացքում իր ունեցած հանդիպումները՝ վայրերի, տղամարդկանց և կանանց հետ, որոնց պատմությունն այսպես թե այնպես կապված է հայերի հետ:

 

Ութերորդ օր – Սարգիսի և Պայծառի մոտ

Սուրբ Կիրակոսի ճաշից հետո, հյուրերի մի մասը հայտնվում է ասորական Մարիամ Աստվածածին եկեղեցում: Այստեղ են ապրում քաղաքի ամենատարեց զույգը՝ Սարգիսն ու Պայծառը, համապատասխանաբար 83 և 85 տարեկան: Սուրի (Դիարբեքիրի պարիսպներից ներս գտնվող բուն քաղաքը – թարգմ) քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրպաշը, մեր հանդիպման ընթացքում հայտնել էր. «Իմ առաջին մանդատի սկզբում, Դիարբեքիրում միայն երկու հոգի բացահայտ ասում էին իրենց հայ լինելու մասին»: Այդ երկու անպատկառները հենց Սարգիսն ու Պայծառն են, ում  ասորական համայնքը տեղավորել է իրենց եկեղեցում  26 տարի առաջ՝ համայնքի վերջին անդամների  հեռանալուց հետո: Այդ օրվանից, նրանք են հսկում պաշտամունքի այդ վայրը: Զույգն ամուսնացել է 64 տարի առաջ, Սուրբ Կիրակոսի գլխավոր մասնաշենքին հարակից փոքր եկեղեցում, որն այն ժամանակ պատկանում էր պետությանը: Դա եկեղեցում տեղի ունեցած վերջին պսակադրություններից է եղել:

Սենյակում շուրջ տասնհինգ հոգի հավաքված՝ սուրճ ենք խմում:. Բարեկամական եւ հանգիստ մթնոլորտը նպաստում է զրույցին եւ անձնական պատմություններն  ավելի հեշտությամբ են պատմվում: Խոսակցությունների աղմուկ-աղաղակի մեջ, իր մոր հետ եկած սիլվանցի մի տիկին մեղմ լաց էր լինում՝ հիշելով 1992-ին Հեզբոլլահի  կողմից սպանված ամուսնուն: «Սիլվանում դեռ մի քանի դոնմե* ընտանիք կա և դեռ շարունակում են մեզ մեղադրել մուսուլման չլինելու մեջ: Հենց հիմա էլ մարդիկ իմ հողերի վրա են ապրում, բայց ի՞նչ կարող եմ անել: Ամուսնուս գերեզմանն այնտեղ է, ամեն ինչ այնտեղ է: Չեմ կարող գնալ այնտեղ», - ասում է տարօրինակ ու մեղմ ձայնով տիկինը, որը ավելի ուշ՝ զայրույթի բռնկման պահին, մի քանի կծու խոսքեր կասի քրդերի հասցեին:

Սենյակում հանկարծ մեծ հուզմունք է տիրում, երբ Արմինեն** սկսում է հոր մասին խոսել: Մի մարդ, ում նա կարծես ավելի շատ է փայփայում, քան որեւէ այլ բան այս աշխարհում՝ քանզի նա է, որ իրեն փոխանցել է հայկականությունը: «Մահից քիչ առաջ՝ 2007–ին, հայրիկը սկսեց մոռանալ թուրքերենը եւ ապա քրդերենը ...  Վերջում, նա միայն հայերեն էր խոսում: Նա հայերեն էր մեզանից հաց խնդրում,  նա մեզ հետ խոսում էր մի  լեզվով, որ մենք չէինք հասկանում... », - լաց լինելով պատմում է քառասնամյա այս կինը, որը բծախնդիր հետեւում է Գեւորգի հայերենի դասընթացներին: «Նրան չէինք էլ կարողանում պատասխանել: Իսկ հիմա՝ հենց մի տառ, մի բառ սովորեմ, հազար անգամ կրկնում եմ: Իսկապես հայերեն սովորելու մեծ փափագ ունեմ», - ասում է նա, ով 1984-ին Սուրբ Կիրակոսում գաղտնի կնքել է տվել իր աղջկան: Սա վերջին մկրտությունն է եղել այս եկեղեցում մինչեւ դրա վերանորոգումը: Պատմության համար արժե նաեւ արձանագրել,  որ Արմինեն 2012-ին առաջին մկրտվողներից է եղել և որ նրա որդին առաջինն է ամուսնացել վերանորոգված եկեղեցում... մի հայաստանցի աղջկա հետ:


*Կրոնափոխ
**Անունը փոխված է

 

Մշակութային և սոցիալական ուղղվածությամբ 30-ամյա այս լրագրող և լուսանկարիչն աշխատել է բազմաթիվ թերթերի ու ամսագրերի համար: Մի քանի տարի է, նա լուսանկարչական ռեպորտաժներով իր հայացքը սեւեռում է նաեւ «Երկիր Եւրոպա» հասարակական կազմակերպության համար՝ Հայաստանում ու Թուրքիայում: ՄԺՄ-ի աշխատանքներին կարող եք ծանոթանալ նրա կայքէջում՝ www.mjm-wordsandpics.com:

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook