Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Երկրորդ օր – Արամի երազը

 
 

 

14 օր Դիարբեքիրում / 14 լուսանկար Ամիդից / 14 տեքստ Տիգրանակերտիմասին:

«Repair»-ի հատուկ թղթակից, ֆրանսիահայ լրագրող Միքայել Ժիմենեզ-Մաթեոսյանը (ՄԺՄ) երկու շաբաթ անցկացրեց Անատոլիայի հարավ-արեւելքի այժմյան մայրաքաղաք Դիարբեքիրում (քրդերեն՝ Ամեդ, հայերեն՝ Տիգրանակերտ), նպատակ ունենալով հանդիպել 1915 թվականի եղեռնից առաջ այնտեղ բնակվող բազմահազար հայերի անցյալին, ներկային ու ապագային: Նա մեզ հետ կիսում է երկար դեգերումների ընթացքում իր ունեցած հանդիպումները՝ վայրերի, տղամարդկանց և կանանց հետ, որոնց պատմությունն այսպես թե այնպես կապված է հայերի հետ:

 

Երկրորդ օր – Արամի երազը

Արվեստագետ և Դիջլեի համալսարանում փիիլիսոփայության դասախոս, 32-ամյա Սեչքին Այդընի հետ ծանոթացա իմ Ամիդ հասնելու առաջին օրը՝ Մոնա անունը կրող մի սրճարանում. «Նստի՛, սովա՞ծ ես: Վերցրո՛ւ, սրա համը նայի, ես ամենը չեմ կարող ուտել», - ասում է նա ինձ, երբ նոր ենք իրար ներկայանում: Նա ինձ բացատրում է, որ շուտով Իտալիայում մասնակցելու է ժամանակակից արվեստի բիենալեի: «Ճանաչո՞ւմ ես Արամ Տիգրանին», հարցնում է նա, միաժամանակ մեկնելով ինձ մի կտոր հաց, որի վրա քսել է մի քիչ էզմե: Այստեղ ո՞վ  չի ճանաչում Արամ Տիգրանին: Երգելով այնքան լավ քուրմանջի, ինչքան հայերեն ու արաբերեն, իր իսկական անունով Արամ Մելիքյանը համարվում է տարածաշրջանի մեծագույն երաժիշտներից եւ երգիչներից մեկը: Նա մասնավորապես քրդական եւ հայկական մշակույթները իրար կապող օղակ է հանդիսանում, չնայած որ, ի վերջո, այնքան էլ հայտնի չէ հայերին: 2009-ին մահացած Արամ Տիգրանը ցանկություն էր հայտնել թաղվել իր նախնիների հողում՝ Դիարբեքիրի հայկական գերեզմանատանը: Սակայն Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունն այդպես էլ հրաժարվեց նման թույլտվություն տալուց:

Ուրեմն, Սեչքինն ինձ բացատրում է իր նախագիծը. «Արամի մասին հետազոտություններ անելիս, հետեւյալ մեջբերման վրա ընկա. «Եթե մի օր աշխարհ վերադառնամ, ապա բոլոր տանկերն ու բոլոր զենքերը կրակի կտամ և դրանցից երաժշտական գործիքներ կսարքեմ»: Սա ինչ-որ առումով Արամ Տիգրանի երազն էր և ես որոշեցի այն իրականացնել», - ասում է նա ինձ՝ ժպիտը շուրթերին: Այսպիսով, զենքեր ճարելուց և դրանք ձուլել տալուց հետո, Սեչքինը կխնդրի Դիարբեքիրի մի շարք արհեստավորների օգնել իրեն նվագարարաններ սարքել, ընդ որում մեկ դարբուքա և մեկ դաֆ՝ մի տեսակ շրջանակի մեջ առնված մեծ թմբուկ: «Իտալիայում ապրող բազմաթիվ քուրդ ընկերներ ունեմ՝ նրանց կհրավիրեմ այդ գործիքներով քրդական երաժշտություն նվագելու», - հայտնում է նա ու եզրակացնում. «Ինչպես գիտես, այստեղի մարդիկ հայերին սպանել են և քրդերի ու նրանց հարաբերությունների մասին պատմելու շատ բան չկա: Արամ Տիգրանի պատմությունը, ում հորը փրկել և մեծացրել են քրդերը, իսկ նա էլ իր որդուն հորդորել է որպես երախտիք երգել նրանց լեզվով: Սա, օրինակ, լավ պատմություններից է, և ինձ շատ դուր է գալիս:»

Իր մահից առաջ, Արամ Տիգրանը կարողացավ վերջապես սեփական աչքերով տեսնել իր ծնողների ապրած վայրերը: Նա Նովրուզի տոնի (քրդական ամանոր) առիթով համերգ էր տվել Բաթմանում: Նա եկել էր նաեւ Դիարբեքիր եւ ջերմ ընդունելությունից  ոգեշնչված՝ մի նոր երգ էր երգել. « Di xewnên şevan de min bawer nedikir(երազում տեսնեի, չէի հավատա/Bi çavan bibînim bajarê Diyarbekir(որ կտեսնեմ Դիարբեքիրը)/Rojbaş Diyarbekir je pir bêriya te kir (բարեւ Դիարբեքիր, դուք ինձ կարոտեցիք)/Te derî Li je vekir (դուք ինձ ձեր դռները բացեցիք)/Te je kir de şa (դուք մեզ շատ երջանկացրիք):»

* Ամեդ՝ Դիարբեքիրի քրդական անունը, Ամիդ:

 

Մշակութային և սոցիալական ուղղվածությամբ 30-ամյա այս լրագրող և լուսանկարիչն աշխատել է բազմաթիվ թերթերի ու ամսագրերի համար: Մի քանի տարի է, նա լուսանկարչական ռեպորտաժներով իր հայացքը սեւեռում է նաեւ «Երկիր Եւրոպա» հասարակական կազմակերպության համար՝ Հայաստանում ու Թուրքիայում: ՄԺՄ-ի աշխատանքներին կարող եք ծանոթանալ նրա կայքէջում՝ www.mjm-wordsandpics.com:

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook