Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Տասնչորսերորդ օր – Ինչո՞ւ ոչ

 
 

 

14 օր Դիարբեքիրում / 14 լուսանկար Ամիդից / 14 տեքստ Տիգրանակերտիմասին:

«Repair»-ի հատուկ թղթակից, ֆրանսիահայ լրագրող Միքայել Ժիմենեզ-Մաթեոսյանը (ՄԺՄ) երկու շաբաթ անցկացրեց Անատոլիայի հարավ-արեւելքի այժմյան մայրաքաղաք Դիարբեքիրում (քրդերեն՝ Ամեդ, հայերեն՝ Տիգրանակերտ), նպատակ ունենալով հանդիպել 1915 թվականի եղեռնից առաջ այնտեղ բնակվող բազմահազար հայերի անցյալին, ներկային ու ապագային: Նա մեզ հետ կիսում է երկար դեգերումների ընթացքում իր ունեցած հանդիպումները՝ վայրերի, տղամարդկանց և կանանց հետ, որոնց պատմությունն այսպես թե այնպես կապված է հայերի հետ:

 

Տասնչորսերորդ օր – Ինչո՞ւ ոչ

Ահա մի դրական օրինակ, թե ինչի  կարող է վերածվել Դիարբեքիրի մի հայ ընտանիքի պատկանած տունը:  1919-ին կառուցված այս տունը, որը գտնվում է Ալի Փաշայում - հիմնականում հին տներից և գեջեքոնդուներից* կազմված մի թաղամաս -, պատկանել է անզավակ մի զույգի, որը մի տեսակ պայմանավորվածության է եկել քրդերի հետ: Վերջիններս պետք նրանց հոգ տանեին մինչեւ մահ, որից հետո տան սեփականության իրավունքն իրենց պիտի անցներ: Ցավոք, մենք ոչինչ չգիտենք այդ զույգի մասին՝ կորել է նրանց հիշատակը, կորել են նաեւ բախտավոր քուրդ տանտերերը, որոնք, ի վերջո, վաճառել են տունը ու լքել քաղաքը:

Այժմ այդ տունը պատկանում է  Suluku Han կոլեկտիվին: Մոտ քսան մտավորական ընկերներից  կազմված այս խումբը նպատակ ունի այն վերանորոգել ու մի տեսակ Դիարբեքիրի երիտասարդական տան վերածել, եզակի մի վայր իր տեսակի մեջ, որը կարող է հյուրընկալել թաղամասում ապրող մոտ վաթսուն երիտասարդի: «Սկզբում, մենք ուզում էինք, օրինակ, փիլիսոփայության դասընթացներ  կազմակերպել երեխաների համար, կամ նման մի բան. Բայց այստեղ խոսքը երիտասարդների մասին է, ովքեր թմրանյութ են վաճառում կամ սպառում, ունեն դանակներ ձեռքին», - բացատրում է Գյուլդերը՝ մասնագիտությամբ ճարտարապետ, 24-ամյա ֆրանսիախոս մի աղջիկ, ով այս ծրագրի վրա է աշխատում: «Մենք չենք կարող միանգամից ջարդել իրենց սովորույթները, բայց գուցե մենք կարող ենք այդ դանակը վերածել մի այլ գործիքի: Քանդակելու մի գործիք, օրինակ», - նկատում է նա, ով երազում է այդ կառույցի միջոցով երեխաների կենսակերպը փոխված տեսնել:

«Թուրքիայում ասվում է, որ հայերը շատ լավ են տիրապետում արվեստներին: Կարծում եմ, որ դա բնածին է նրանց մոտ: Նրանք իսկական գոհարներ են ստեղծել և արվեստը կիրառել են հենց քարի, բազալտի վրա: Տան մեջ այս զարդանախշերը տեսնելիս նրանց մասին ես մտածում», - վստահեցնում է Գյուլդերը, ով այս նախագծի աշխղեկն է: Նա  ափսոսանք է հայտնում Դիարբեքիրում հապշտապ ձեռնարկված վերանորոգումների մասին, որոնք կատարվում են համատարած պետոնապատումով և առանց հարգելու շինարարական հին նորմերը: Լրիվ այլ իրավիճակ է տեղի պատմությամբ մտահոգ ճարտարապետների նախագծած այս շինհրապարակում, որտեղ մի քանի բանվոր ուժերը լարած աշխատում են: Տանիքը գրեթե ավարտված է, իսկ  փողոցի կողմից մի նոր շենքի հիմքերի համար նախատեսված հսկայական մի փոս է փորվել: Աշխատանքների ավարտը նախատեսվում է սեպտեմբերին, բայց մինչ այդ, ժամանակին հասցնելու համար, կոլեկտիվը կաշխատի ամեն օր, ներառյալ կիրակին: «Այս ձմեռ, մինչեւ ուշ գիշեր փորում էինք», - պատմում է Գյուլդերը, ում մտքով արդեն անցնում է, թե ինչ անուն կարելի է տալ այս անսովոր վայրին: ««Մենք դեռեւս անուն չունենք, բայց ես մտածեցի այն անվանել «Ինչո՞ւ ոչ: Քանի որ մենք երբեք չենք մտածում, որ այդ երեխաները կարող են ինչ-որ բան ստեղծել և կարող են որոշակի կրթություն ստանալ... Այնպես որ՝ ինչո՞ւ ոչ», - եզրակացնում է նա:

*Քաղաքի աղքատ թաղամասում գտնվող խարխուլ տներ: Բառացի՝ «գիշերով թառեց»

 

Մշակութային և սոցիալական ուղղվածությամբ 30-ամյա այս լրագրող և լուսանկարիչն աշխատել է բազմաթիվ թերթերի ու ամսագրերի համար: Մի քանի տարի է, նա լուսանկարչական ռեպորտաժներով իր հայացքը սեւեռում է նաեւ «Երկիր Եւրոպա» հասարակական կազմակերպության համար՝ Հայաստանում ու Թուրքիայում: ՄԺՄ-ի աշխատանքներին կարող եք ծանոթանալ նրա կայքէջում՝ www.mjm-wordsandpics.com:

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook