Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն
14 օր Դիարբեքիրում / 14 լուսանկար Ամիդից / 14 տեքստ Տիգրանակերտիմասին:
«Repair»-ի հատուկ թղթակից, ֆրանսիահայ լրագրող Միքայել Ժիմենեզ-Մաթեոսյանը (ՄԺՄ) երկու շաբաթ անցկացրեց Անատոլիայի հարավ-արեւելքի այժմյան մայրաքաղաք Դիարբեքիրում (քրդերեն՝ Ամեդ, հայերեն՝ Տիգրանակերտ), նպատակ ունենալով հանդիպել 1915 թվականի եղեռնից առաջ այնտեղ բնակվող բազմահազար հայերի անցյալին, ներկային ու ապագային: Նա մեզ հետ կիսում է երկար դեգերումների ընթացքում իր ունեցած հանդիպումները՝ վայրերի, տղամարդկանց և կանանց հետ, որոնց պատմությունն այսպես թե այնպես կապված է հայերի հետ:
Չորրորդ օր – Օզգյուր՝ հայկական գերեզմանատան պահակը
Քաղաքի հայկական գերեզմանոցը գտնվում է Ուրֆայի դարպասի մոտ: Բայց դրան գերեզմանոց անվանելը չափազանցություն կլինի, քանի որ այն ավելի շատ նման է լքված այգու, որտեղ փռված են 450-ից ավել ջարդոտած, նախշերից զրկված տապանաքարեր, որոնց վրայից հանված են հանգուցյալների նկարները: Այստեղ ամեն ինչ իսկապես մեռած է, նույնիսկ գետնի խոտն այնքան չոր է, որ ոտքերիդ տակ ճթճթում է: Տխուր տեսարան, որ հիշեցնում է ինձ Դերսիմի Արաբկիր գավառի հեռավոր դաշտերում տեսածս հայկական գերեզմանները՝ աչքից հեռու, թողնված էրոզիայի բերանը:
Այստեղ հեռու ենք որոշ հայկական գերեզմանների երբեմն անհեթեթության հասնող շքեղությունից, ինչպես օրինակ Նորադուզինը, որտեղ համատարած հազարավոր խաչքարեր են՝ ինչքան որ աչքդ տեսնում է: Ընտանիքները անպատշաճ գումարներ են ծախսում իրենց հանգուցյալներին ամենագեղեցիկ դամբարանները նվիրաբերելու համար: Հուղարկային այս մրցակցությունը բնավ հատուկ չէ Դիարբեքիրի շիրիմներին, որոնց վրա հապշտապ փորագրել են նրանց տերերի անունները: Այստեղ չկա հայկական այբուբենը և շատ քիչ են յանով վերջացող ազգանունները: Գերադասվում են թուրքական անունները: Հայկական ինքնությունը մերժվում կամ ջնջվում է մինչ ի մահ... Այս գերեզմանոցում է, որ հռչակավոր հայ երաժիշտ ու երգիչ Արամ Տիգրանը պետք է թաղվեր ըստ իր վերջին ցանկության: Սակայն ՆԳ նախարարը այլ կերպ որոշեց...
Ֆուտբոլիստ և թեքվանդոյի սիրահար Օզգյուրը՝ 35-ամյա պահակը, այդքան էլ լավ չգիտի գերեզմանատան պատմությունը, բայց մեզ պատմում է, որ իր ընտանիքն առնվազն երեք սերունդ այն հսկում է: «Ոչ ոքի հետ չէինք կարողանում լեզու գտնել, բացի հանգուցյալների տերերից՝ հայերից, որոնք ավելի ըմբռնող էին: Բոլոր մահմեդականները մեզ վիրավորում ու արհամարում էին», - պատմում է նա, ում պապը կառուցել է գերեզմանոցը շրջափակող պարիսպը: «Այս վայրը շատ ավելի մեծ էր առաջ, բայց գնալով փոքրացավ* և այսօր մնում է այն ինչ տեսնում եք», - ասում է Օզգյուրը՝ հայտնելով, որ եկեղեցու անդամները նրան փոխարինել են ուզում: « Բոլոր նրանք, ովքեր հաշիշ են ծխում կամ խմիչք են խմում՝ այստեղ են գալիս, իսկ ինձանից բացի ոչ ոք նրանց չի կարող դիմադրել ու պահել այս տարածքը», - պնդում է նա, իսկ այդ ընթացքում իր երիտասարդ որդին մի պարզ սուլոցով հեռացնում է գերեզմանատուն մտնելու փորձ անող մի երեխայի: Հարցին, թե կարո՞ղ է արդյոք ինքը հայկական ծագում ունի - ելնելով իր ընտանիքի ունեցած դժվարություններից -, Օզգյուրը պատասխանում է`այո: «Ինչ էլ լինի, մարդ երբեք չի մոռանա իր արմատները», ամփոփում է այս հսկան, որն իմ առջեւ բարձրացնում է ավելի քան 150 քգ կշռող գեղեցիկ փորագրված մի քար ու ասում՝ «Եթե սա ավելի թեթեւ լիներ, արդեն վաղուց դա էլ գողացած կլինեին:»
*20000 քմ-ից գերեզմանոցը դարձել է 1000 քմ
Մշակութային և սոցիալական ուղղվածությամբ 30-ամյա այս լրագրող և լուսանկարիչն աշխատել է բազմաթիվ թերթերի ու ամսագրերի համար: Մի քանի տարի է, նա լուսանկարչական ռեպորտաժներով իր հայացքը սեւեռում է նաեւ «Երկիր Եւրոպա» հասարակական կազմակերպության համար՝ Հայաստանում ու Թուրքիայում: ՄԺՄ-ի աշխատանքներին կարող եք ծանոթանալ նրա կայքէջում՝ www.mjm-wordsandpics.com: