Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Տասներորդ օր – Վերադարձ դեպի դպրոց

 
 

 

14 օր Դիարբեքիրում / 14 լուսանկար Ամիդից / 14 տեքստ Տիգրանակերտիմասին:

«Repair»-ի հատուկ թղթակից, ֆրանսիահայ լրագրող Միքայել Ժիմենեզ-Մաթեոսյանը (ՄԺՄ) երկու շաբաթ անցկացրեց Անատոլիայի հարավ-արեւելքի այժմյան մայրաքաղաք Դիարբեքիրում (քրդերեն՝ Ամեդ, հայերեն՝ Տիգրանակերտ), նպատակ ունենալով հանդիպել 1915 թվականի եղեռնից առաջ այնտեղ բնակվող բազմահազար հայերի անցյալին, ներկային ու ապագային: Նա մեզ հետ կիսում է երկար դեգերումների ընթացքում իր ունեցած հանդիպումները՝ վայրերի, տղամարդկանց և կանանց հետ, որոնց պատմությունն այսպես թե այնպես կապված է հայերի հետ:

 

Տասներորդ օր – Վերադարձ դեպի դպրոց

Երկու տարի է Դիարբեքիրի "Ջեգերխվին քյուլթյուր վե սանաթ"  կենտրոնում հայերենի դասընթացներ է անցկացնում Ստամբուլ հաստատված՝ ծննդով սասունցի Գեւորգը: Դասերին հաճախում է ավելի քան վաթսուն հոգի, մեծամասամբ իսլամացած հայեր. «Որոշ քրդեր մի քանի անգամ ներկա եղան դասընթացներին, բայց հետո է՛լ երբեք չվերադարձան: Ասացին, որ դա շատ դժվար է իրենց համար», - ասում է դասատուն և ծիծաղում:

«Բարեւ, ինչպե՞ս ես, լա՞վ ես»:  Ժամը 18:40 է և արդեն առաջին աշակերտները հավաքվում են Գեւորգի շուրջը - զուսպ ու անթերի կոստյումը հագին, արծաթագույն ակնոցը քթին -, որը շաբաթը երեք անգամ դաս է տալիս այս հսկա կենտրոնում: Այդ օրը մոտ տասնհինգ աշակերտ է միայն ներկա: Երիտասարդներ և նվազ երիտասարդներ ակտիվ մասնակցում են դասընթացներին՝ վայրկենապես պատասխանելով ուսուցչի հարցերին, կարդալով Մեսրոպ Մաշտոցի այբուբենով Գեւորգի գրատախտակ գրած նախադասությունները և ապա անցնելով թուրքերենի՝ ինչ-որ հարցի շուրջ  պարզաբանում ստանալու համար: Լեզուն միշտ եղել է հայ մշակույթի և հայ ինքնության պահապանը եւ իսկապես հուզիչ է տեսնել այս մարդկանց (ովքեր մեծամասամբ ժառանգներն են բռնի իսլամացած հայերի) հայկականության հետ իրենց  կապը վերահաստատելու ջանքերը: Դա միաժամանակ խորհրդանշական մի բան ունի իր մեջ... Չէ՞ որ սա դեպի հայկականություն վերադարձի ամենակարեւոր առաջին քայլն է: Քանի՞ սփյուռքահայեր են այսօր ափսոսում, որ չեն կարողանում խոսել իրենց լեզվով և շարժառիթ են փնտրում դասընթացների հետեւելու, որպեսզի լրացնեն այդ բացը:

«Վերահայկականացման» հաջորդ քայլը լինելու է Հայաստան այցելությունը, ինչպես ջերմեռանդորեն ցանկանում է Դիարբեքիրի հայկական հիմնադրամի ղեկավարներից Ղաֆուր Թյուրքայը: «Մի տարի է ես ուզում եմ հայոց լեզվի դասերի աշակերտներին տանել Հայաստան: Շատ կարեւոր է, որ նրանք կարողանան գնալ այնտեղ և բացահայտեն երկիրը », - բացատրում է նա. «Ցավոք, մենք բավարար ֆինանսական միջոցներ չունենք նման ճամփորդություն կազմակերպելու համար», - դժգոհելով ասում է նա: Մեծահոգի և ըմբռնող այրեր, զգուշացված եք ...


Մշակութային և սոցիալական ուղղվածությամբ 30-ամյա այս լրագրող և լուսանկարիչն աշխատել է բազմաթիվ թերթերի ու ամսագրերի համար: Մի քանի տարի է, նա լուսանկարչական ռեպորտաժներով իր հայացքը սեւեռում է նաեւ «Երկիր Եւրոպա» հասարակական կազմակերպության համար՝ Հայաստանում ու Թուրքիայում: ՄԺՄ-ի աշխատանքներին կարող եք ծանոթանալ նրա կայքէջում՝ www.mjm-wordsandpics.com:

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook