Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն
Հայացք Թուրքիայից
Ումիթ Քուրթլ |
Ումիթ Քուրթլ
Պատմաբան |
Պատմաբան Ումիթ Քուրթի փոխանցմամբ, Օսմանյան եւ հանրապետական ժամանակաշրջաններում հայերի գույքի վերաբերյալ մի շարք կանոնակարգեր եւ օրենքներ են հրապարակվել: Այս օրենքների մեծ մասը կյանքի է կոչվել հանրապետության ժամանակաշրջանում եւ հայտնի է որպես լքյալ գույքերի օրենք: Ըստ Քուրթի Թուրքիայի Հանրապետությունը եւ իր իրավական համակարգը ստեղծվել են այդ հողերում հայերի հետքը վերացնելու եւ մշակութային ու սոցիալ-տնտեսական ունեցվածքի յուրացման հիման վրա:
1913 -1918թթ.-ի ընկած ժամանակահատվածում երկու խոշոր օսմանյան համայնքների՝ հույների և հայերի ունեցվածքը առգրավվել էին հատուկ օրենքների հիման վրա: Այդ օրենքները առնչվում էին կենտրոնական քաղաքականության հետ, ըստ որի այս մարդկանց հեռացրեցին իրենց տներից[1]: Նրանցից յուրաքանչյուրի հանդեպ կիրառված յուրաքանչյուր քաղաքականություն իսկապես ուներ որոշակի տարբերություններ: Այնուամենայնիվ, այդ տարբերությունները չեն ձևավորվել էթնիկ եւ կրոնական տարբերությունների շրջանակում, այլև սահմանվել են փոփոխվող քաղաքականությամբ, ինչին հետևում էր «Միություն և առաջադիմություն» կոմիտեի փոփոխական մարտավարությունը տարբեր ժամանակաշրջաններում և հանգամանքներում: Օրենքների և որոշումների միջոցով հստակ տարբերություններ դրվեցին ոչ միայն հույների և հայերի միջև, այլև այդ համայնքներից յուրաքանչյուրի ներսում:
Որպես օրինակ, կարելի է նշել 1913 – 1918թթ.-ի ընկած ժամանակահատվածում հույներին վերաբերող երկու կատեգորիաները: Առաջին կատեգորիան ներառում է օսմանյան հույներին, ովքեր առաջին համաշխարհային պատերազմի սկզբին հանդիսանում էին բնակչության փոխանակման առարկա Օսմանյան կայսրության և Հունաստանի միջև: Հունական գույքի փոխանակումը պետք է կառավարվեր ըստ փոխադարձության սկզբունքի: Չնայած նրան, որ այս համաձայնագիրը ուժի մեջ չմտավ պատերազմի պատճառով, այս կատեգորիայի մեջ ներառվող օսմանյան հույների գույքի առգրավումը և օգտագործումը այնուամենայնիվ տարբերվում էր կայսրությունում բնակվող հույների մնացած խմբերից: Երկրորդ կատեգորիան ներառում է այն հույներին, ովքեր պատերազմի հետագա տարիներին ափամերձ տարածքներից արտաքսվել են ներքին շրջաններ:
Այսպիսով գոյություն ուներ օսմանյան հույների հանդեպ կիրառվող երկու առանձին քաղաքական գործելակերպ: Մի կողմից գոյություն ունեին հույներ, ում բռնի կերպով արտաքսել էին Հունաստան, իսկ մյուս կողմից հույներ, ում քշել էին ծովափնյա քաղաքներից դեպի ներքին շրջաններ: «Ներգաղթյալների փոխանակման աղյուսակները լրացնելու ձևի մասին ցուցում»[2] անվանումը կրող կանոնակարգում տարբերակվում էր հույների երկու խումբ, որպեսզի շտկվեր առաջացած շփոթությունը: Հատկապես սահմանազատվել էին այս երկու տարբեր կատեգորիաների ունեցվածքի տնօրինումը և ուշադրություն դարձնելու աստիճանը:
Հայերի գույքի կառավարման հատուկ ձեւ
1915թ.-ի մայիսին բռնագրաված հայկական գույքի տնօրինման հարցին վերաբերվեցին ոչ այնպես, ինչպես հույների վերոնշյալ ունեցվածքի տնօրինմանը, իսկ նահանգներին հասցեագրված հեռագրերում հատկապես պահանջում էին, որ ուշադրություն դարձվեր այդ տարբերություններին:[3] Ամենակարևոր տարբերությունն այն էր, որ հունական գույքը ենթակա չէր որոշակի ոչնչացման: Անդադար հրամաններ էին ուղարկվում նահանգներ, որպեսզի այս կետի[4] վրա ուշադրություն հրավիրեին: Ցանկալի էր, որ Հունաստան մեկնող հույների կողմից թողած գույքը փոխանակվեր այդ նույն երկրից եկող մահմեդականների կողմից թողած գույքով: Ավելին, ակնկալվում էր, որ ռազմական նկատառումներով ներքին շրջաններ արտաքսված հույները ի վերջո կվերդառնային: Այս պատճառով գույքը չէր ոչնչացվում:
Նմանատիպ զարգացումներ նկատվեցին 1919 թ.-ի վերջում: Տարբերություն էր դրվելու այն հույների միջև, ովքեր ենթարկվել էին 1923թ.-ի բնակչության փոխանակման թուրք-հունական պայմանագրին և նրանց միջև, ովքեր չէին ենթարկվել: Այս օրենքներում նույնիսկ հաշվի էր առնվել այն մեծաթիվ հույների վիճակը, ովքեր 1918-1922թթ.-ի ընկած ժամանակաշրջանում Անատոլիայից տեղափոխվել և հաստատվել էին Ստամբուլում և նրա շրջակայքում, այն դեպքում, երբ Ստամբուլի հույները չպետք է ենթակա լինեին փոխանակման: Այն մարդիկ, ովքեր եկել էին Ստամբուլ ավելի ուշ, նույնպես ներառվել էին փոխանակման ենթակա հույների ցանկում (որպեսզի ստեղծվեր նրանց ունեցվածքին տիրելու հնարավորություն): Հատուկ հրամանագրերի միջոցով փորձ էր արվել պարզելու ցանկացած շփոթություն, որը հնարավոր է առաջանար վերոնշյալ իրավիճակներում:[5]
Անհրաժետ է նշել Հայոց ցեղասպանությանը հատուկ մի քանի տարրեր՝ կապված հայկական գույքի բռնագրավման հետ[6]: Նախևառաջ՝ մարդկանց միակ խումբը, ում գույքը ոչնչացվել էր 1913-1918թթ.-ին ընկած ժամանակահատվածում, արտաքսված հայերն էին: Չէին առգրավել այն հայերի գույքը, ովքեր չէին արտաքսվել: Նահանգներ ուղարկված տարբեր հեռագրերում հատուկ նշված էր, որ միայն վտարված մարդկանց գույքը պետք է ոչնչացվի. «Այն ոչ մահմեդականները, որոնց չեն աքսորում […..] տնօրինում են իրենց շարժական և անշարժ գույքը: Վտարված հայերի ….և նրանց հետ աքսորված ոչ մահմեդականների գույքը այդ ժամանակ ենթակա [է] ոչնչացման»:[7] Ավելին, եթե հայերը մնում էին իրենց բնակավայրերում և չէին աքսորվում և ունեին գույք այդ շրջաններում, ապա այդ գույքին չէին դիպչում: Օրինակ, այդպես եղել է Ստամբուլում բնակվող հայերի հետ: [8]
Երկրորդը՝ քանի-որ հայերի գույքի բռնագրավումը տեղի չի ունեցել՝ հիմնվելով ռասիստական գաղափարախոսության վրա, ի տարբերություն նացիստական Գերմանիայի հույների դեպքի, բնակչության տեղահանության և ցեղասպանության ընթացքում օսմանահայերին քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ ոչ մի քննարկում տեղի չի ունեցել: Ավելին, եթե հայերին չէին զրկում քաղաքացիությունից նախարարների խորհրդի հատուկ որոշմամբ կամ առաջինների սեփական հրաժարակնների հիման վրա, ապա նրանց քաղաքացիությունը պահպանվում էր մինչև 1964թ.-ի վերջը:
Երրորդը՝ երբ հայերից խլում էին նյութական հարստությունը, դա տեղի չէր ունենում բռնագրավման ձևով: Այսինքն՝ ոչինչ չէր ասվում այն մասին, թե ապրանքները և դրանց համարժեք արժեքները չեն վերադարձվի սեփականատերերին: Ընդհակառակը, ամեն ինչ՝ ապրանքները և/կամ դրանց արժեքը, պետք է կառավարվեր պետության կողմից սեփականատերերի անունից և ամեն ինչ կազմակերպվում էր ըստ այն սկզբունքի, որ ապրանքները կվերադարձվեն և/կամ դրանց համարժեք արժեքը կփոխհատուցվի իրական սեփականատերերին, թեև անհայտ էր, թե երբ դա պետք տեղի ունենար: Այս ճանապարհի ընտրությունը ցեղասպանության և վերջինիս գաղափարախոսական հիմնավորումների կազմակերպման ձևի շնորհիվ էր: Բայց այս հիմնավորման միջոցով հնարավոր չէր բացատրել ապրանքների բռնագրավման անհրաժեշտությունը: Ինչևէ, մյուս կողմից, ունեցվածքի բռնի առգրավումը ոչ թե բռնագրավման միջոցով, այլ հայերի սեփականության իրավունքների պահպանման միջոցով ստեղծեց ներքին լարվածություն և հակասություն:
Հակասականիրավականհամակարգ
Պետությունը ընդունեց, որ բռնագրավված ունեցվածքի իրական տերերը հայերն են և ընդունեց մի օրենք՝ ըստ որի գույքի համարժեք արժեքը պետք է փոխհատուցվի վերջիններիս: Լարվածությունը կամ հակասությունը հենց այստեղ է թաքնված. մի կողմից կա պետություն, որը չի ցանկանում, որ իրեն մեղադրեն ունեցվածքի անօրինական բռնագրավման մեջ, և համապատասխանաբար կիրառվեց «Լքված գույքի մասին օրենքների» լեզուն: Սակայն, մյուս կողմից, նույն պետությունը ցանկանում էր ոչնչացնել հայերի գոյության հիմքերը, ինստիտուցիոնալացնել և պաշտոնապես հափշտակել գույքը: Սույն իրավական համակարգը ստեղծվեց այս լարվածության և հակասության հիման վրա:
Օրենքը կիրառում էին երկակի ձևով՝ հայերի գոյատևման տնտեսական հիմքերը արմատախիլ անելու համար: Նախևառաջ, 1915թ.-ին հայերին օրինապես զրկել էին լքված գույքի նկատմամբ օտարման ցանկացած իրավունքից: Երկրորդը` չնայած օրենքը պաշտոնապես նրանց տալիս էր գույքի արժեքի փոխհատուցման իրավունք, այնուամենայնիվ փոխհատուցմանն ուղղված ոչ մի քայլ չձեռնարկվեց: Խոստացված ոչ մի օրենք և կանոնակարգ չընդունվեց:
Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության ողջ ժամանակահատվածում լքված գույքին վերաբերող օրենքների և որոշումների ընդունումը միահյուսված էր գույքի և/կամ վերջինիս արժեքի հայերին փոխհատուցելու օրենքի հետ: Սակայն, մյուս կողմից, հատուցման այս ընթացակարգը ոչ մի ձևով կարգավորված չէր, և նույն իրավական համակարգը օգտագործում էին հայերին նույնիսկ մի թիզ չփոխհատուցելու սկզբունքով: Հատկապես հանրապետական ժամանակաշրջանում այն բացառիկ դեպքերում, երբ որոշ հայեր, որոնք ինչ - որ կերպ փրկվել էին կամ նրանց ժառանգները դիմել էին ունեցվածքի կամ դրա համարժեք արժեքի փոխհատուցման հարցով, նրանք անհետացել են գործող իրավական համակարգի միջանցքներում եւ անցումներում:
Որպեսզի հասկանանք, թե ինչպես են կազմվել լքված գույքին վերաբերող օրենքները և որոշումները որպես Ցեղասպանության կարևոր մաս, անհրաժեշտ է ուսումնասիրել դրանք երեք տարբեր հատկանիշների հիման վրա: Նախևառաջ, ըստ ո՞ր սկզբունքների էին տեղահանված հայերին բնակեցնելու նոր վայրերում: Երկրորդը՝ արդյո՞ք նրանց կողմից լքված գույքը վերադարձվել կամ դրան համարժեք արժեքը փոխհատուցվել է նրանց: Եվ եթե գույքը իսկապես վերադարձվել էր, ինչպե՞ս էր դա տեղի ունեցել: Երրորդը՝ ովքե՞ր և ինչպե՞ս են օգտագործել լքված գույքը:
Երբ մենք ուսումնասիրում ենք այս երեք տարբեր ասպեկտներին վերաբերող օրենքներն ու հրամանագրերը, մենք բախվում ենք մի հետաքրքիր պատկերի հետ: Առաջին հարցի դեպքում, այսինքն, թե ինչպես էին պատրաստվում հայերին բնակեցնել նոր վայրերում, օրենքներն ու հրամանագրերը գրեթե ոչ մի դեր չեն խաղում: Այս հարցը ներառված էր միայն մեկ հրամանգրում, որը ընդունվել էր տեղահանությունների հենց սկզբում, այն էլ չափազանց սահմանափակ ձևով, իսկ ավելի ուշ ընդունված օրենքներում և հրամանգրերում այդ մասին ամենևին խոսք չկար: Կարծես թե նման հարց ընդհանրապես գոյություն չուներ: Ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, ապա ընդհանուր սկզբունքը ուղղակի մի քանի անգամ կրկնվել է, ահա և ամենը: Ընդունեցին, որ հայերն են հանդիսանում գույքի իրական սեփականատերերը, և պետությունը կառավարում էր այդ գույքը իրենց անունով: Սակայն, երբ եւ ինչպես է այդ գույքը վերդարձվելու կամ դրա արժեքը փոխհատուցվելու իրական սեփականտերերին ոչ մի կերպ չէր քննարկվում, և ոչ մի պայմանավորվածություն չէր պատրաստվում ձեռք բերվել այս հարցի շուրջ:
Առաջին երկու հարցերի մասով անգործությունը մեզ ինչ-որ բան է հուշում. Իթթիհաթականները իրենց մտավոր աշխարհում և գործնական քաղաքականության մեջ համարում էին, որ հայերը իրենց տներից արտաքսման պահից դադարում էին գոյություն ունենալ: Եվ անհրաժեշտություն չկար որևէ տեսակի միջոցառում ձեռնարկել այն համայնքի համար, որը համարվում էր գոյություն չունեցող: Նման հատկանիշներով այդ պահպանված օրենքները լավագույն վկայությունն են, որպեսզի արժանի հակահարված տրվի Թուրքիայի պաշտոնական պետական դրույթին՝ կապված հայերի տեղահանության հետ: Ըստ պաշտոնական դրույթի հայերի աքսորման նպատակը հայերին նոր տարածաշրջանում բնակեցնելն էր և լքված գույքի համարժեք արժեքի փոխհատուցումն էր: Եթե նման նպատակ կար, ապա գոյություն ունեին նաև դրան համապատասխան օրենքներ և կանոնակարգեր: Իսկապես, վերը մեջբերված 1918թ.-ի փետրվարյան զեկույցում բացեիբաց ընդունել են, որ լքված գույքի համարժեք արժեքի փոխհատուցում չէր իրականցվել և ոչ մի պայմանավորվածություն այս առումով ձեռք չէր բերվել:
Նմանատիպ իրավիճակ էր նաև հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում: Իհարկե, առաջին մակարդակում առկա հարցերը կապված հայերի տեղահանման հետ բացակայում էին: Հայերի ոչնչացումը ահռելի չափերի էր հասել, իսկ նրանք, ովքեր փրկվել էին (եթե ասիմիլյացիայի չէին ենթարկվել Անատոլիայում) հայտնվել են նոր պետության սահմաններից այն կողմ: Ինչ վերաբերում է երկրորդ մակարդակի հարցերին, ընդունված օրենքներն ու հրամանագրերը նման էին իթթիհաթական ժամանակաշրջանի օրենքներին ու հրամանագրերին՝ որտեղ կրկնվում էր նույն ընդհանուր կանոնը: Գույքի իրական սեփականատերերը հայերն էին. գույքը կվերադարձվեր կամ համարժեք արժեքը կփոխհատուցվեր վերջիններիս: Պետությունը տնօրինում էր այդ գույքը կամ եկամուտները նրանց անուններով միայն այն պատճառով, որ հայերը բացակայում էին: Այնուամենայնիվ, որպեսզի գույքը վերադարձվեին, հայերը պետք է իրենց գույքի հետ միասին ներկա լինեին 1924 թ.-ի օգոստոսի 6-ի դրությամբ: Սա էր Լոզանի պայմանագրով ընդունված սկզբունքը:
Թուրքիայի տեսանկյունից լուրջ խնդիր էր հանդիսանում այն, թե ինչ կպատահեր, եթե ողջ մնացած հայերը ցանկություն հայտնեին վերադառնալ կամ եթե նրանց ժառանգները փորձեին ետ պահանջել իրենց գույքը: Սա էր այն հիմնական խնդիրը, որ պետք է լուծվեր հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում: Հենց սա էր ստեղծվելիք իրավական համակարգի մեծագույն փորձարկման թեման և «հաջողությունը»: Հայերին իրենց ունեցվածքը ետ վերցնելուց հետ պահելու համար, ձևավորվեց մշակված իրավական համակարգ, որտեղ բոլոր մանրուքները լավ մտածված էին և ցանկացած աչքի ընկնող անցք կամ ճեղք՝ լավ փակված, կարծես նման լիներ շերամի որդի, որը մանում էր իր բոժոժը.
Այս համակարգի ամենամեծ նպատակն էր կառուցել մի պատնեշ հայերի առջև, ովքեր հնարավոր է մուտք գործեին երկիր կա՛մ խմբով, կա՛մ որպես անհատ և պահանջեին իրենց գույքը: Որոշ իրավիճակներում անհնար կլիներ օրինական ձևով կանխել նրանց մուտքը: Այս դեպքերում օրենքը խախտելու ոչ մի երկմտանք չկար: Ներքին լարվածությունը և օրենքների ու որոշումների հակասությունը կարող էին դիտարկվել հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանի ողջ ընթացքում:
Քանի որ ուսումնասիրության առարկա հանդիսացող երկու մակարդակները բացակայում են, օսմանյան և հանրապետական դարաշրջանների օրենքների և որոշումների հիմնական թեման կապված է երրորդ մակարդակի հետ. այսինքն, ինչպե՞ս է հայերի կողմից լքված շարժական և անշարժ գույքը ոչնչացվելու: Եթե այդ գույքը վաճառվի, ինչպե՞ս այն կվաճառվի: Եթե այդ գույքը բաժանեն, ու՞մ և ի՞նչ կանոններով այն կբաժանվի և ինչպե՞ս այն պիտի գրանցվի: Օրենքների և որոշումների առաջնային նպատակն է, հայերի ամբողջ շարժական և անշարժ գույքը զավթելու միջոցով, վերացնել հայկական գոյության ֆիզիկական հիմքերը Անատոլիայում: Այսպիսով, հայերի ֆիզիկական եւ մշակութային գոյությունից ազատվելը բնորոշ է Թուրքիայի իրավական համակարգին: Ահա թե ինչու ենք մենք անվանում համակարգը «ցեղասպանություն իրականացնող ռեժիմ»:
[1] Օրենքների և որոշումների մեջ մենք չկարողացանք գտնել հատկապես ասորիներին (կամ, եթե օգտագործենք ավելի լայն տերմին, ասորի քրիստոնյաներին) վերաբերող փաստաթղթեր: Համենայնդեպս օսմանյան օրենքներից և որոշումներից պարզ չէ, թե ինչէ պատահել ասորիների գույքի հետ, այնպես որ մենք ի վիճակի չենք արծարծել այս թեման ներկա ուսումնասիրության մեջ: Շատ հավանական է, որ նրանց ունեցվածքը արժանացել է նույն ճակատագրին, ինչ հայերի ունեցվածքը և նույն օրենքները կիրառվել են նաև նրանց հանդեպ, բայց սա մի թեմա է, որը պահանջում է ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն:
[2]Կանոնակարգի ճշգրիտ տեքստին ծանոթանալու համար տես Վարչապետական արխիվը, ՆԳՆ ընդհանուր անվտանգության երրորդ բաժին 2/26-Ա, 1-ը հոկտեմբերի 1330թ. [14-ըհոկտեմբերի 1914թ.]:
[3] Տես Թաներ Աքչամի «Հայկական հարցը լուծված է» (“Ermeni Meselesi Hallolunmuştur” Osmanlı Belgelerine Göre Savaş Yıllarında Ermenilere Yönelik Politikalar, İletişim Yayınları, İstanbul) գիրքը, որը պատերազմի տարիներին հայկական և հունակա գույքի տնօրինման տարբերությունների մասին է, 2008թ., էջ. 127-129: Այս թեմայով ավելի մանրամասն աշխատության հետ ծանոթանալու համար տես Ահմեդ Էֆիլօղլուի (Ahmet Efiloğlu), Ռայիֆ Իվեջանի (Raif İvecan), “Rum Emval-i Metrukesinin İdaresi” աշխատությունը, պատմագիտություն 2/3, 2010թ., էջ.125-146:
[4] Որպես օրինակներ կարելի է ուսումնասիրել հետևյալ փաստաթղթերը՝ Վարչապետական արխիվ, ՆԳՆ-ի ծածկագրային բաժին 72/229, 73/69, 74/69 և 89/113.
[5]Ներքին գործերի նախարարության ցեղային և ներգաղթային հարցերի կարգավորման վարչության (այսուհետ՝ ՆՆԳՆ) կողմից հունվարի 16-ի 1332թ.-ին (29-ը հունվարի, 1917թ.) պատրաստված և վերնագրված «Արտակարգ պայմանների և անհրաժեշտության պատճառով այլ վայրեր աքսորված մարդկանց և վերջիններիս կողմից լքված գույքի մասին հուշագիր» զեկույցը մանրամասն քննարկում է Միություն և Առաջադիմություն թուրքական քաղաքական կուսակցության կողմից տարբեր խմբերի ունեցվածքի մասով իրականացված տարբեր քաղաքականությունները: Զեկույցում քննարկվում են չորս տարբեր խմբեր. հայերը, հույները, սիրիացի ընտանիքները (արաբներ) և բուլղարացիները, ինչպես նաև ամփոփում է նրանց գույքի հետ առնչվող տարբեր գործելաոճեր (Վարչապետական արխիվ / Բարձր Դուռ (Օսմանյան կայսրության կառավարության) փաստաթղթերի գրասենյակ [այսուհետ՝ ԲԴՓԳ] 4505/337831).
[6] Այստեղ մենք ուզում ենք անպայման նշել, որ մենք այս կետերը վերցրել ենք կենտրոնական կառավարության հրամանագրերից: Սակայն անհրաժեշտ է առանձին ուսումնասիրել, թե ինչպես են այդ հրամանագրերը իրականում իրականացվել այդ նահանգներում:
[7] Վարչապետական արխիվ, ՆԳՆ-ի ծածկագրային բաժին, Ներքին գործերի նախարարության ցեղային և ներգաղթային հարցերի գծով տնօրինություն [այսուհետ՝ ՑՆՀԳՏ], ծածկագրային հեռագիր Դիարբեքիրի նահանգ, 10-ը նոյեմբերի 1332թ. [23-ը նոյեմբերի 1916թ.]: Սեբաստիա ուղարկված մեկ այլ հեռագրում գրված է. «Իսլամը ընդունելու շնորհիվ կամ այլ պատճառներով աքսորից զերծ մնացածների գույքը, որը գտնվում է բնակավայրում, ենթակա չէ ոչնչացման»: (Վարչապետական արխիվ, ՆԳՆ-ի ծածկագրային բաժին, 61/253, ՆԳՆ ընդհանուր անվտանգության վարչություն, ծածկագրային հեռագիր Սեբաստիա նահանգ, 25-ը փետրվարի 1331թ. [9-ը մարտի 1916թ.]):
[8] 1926թ.-ի հունիսի 13-ին թվագրված կանոնակարգի չորրորդ հոդվածը վերաբերվում է միայն այս թեմային: Այնտեղ մասնավորապես ասվում է, որ արգելվում է դիպչել այլ շրջաններում ունեցած այն մարդկանց գույքին, ում չեն աքսորել իրենց տներից: Հոդվածում մասնավորապես նշված է Ստամբուլը: Այսպիսով, գոյություն ունի օգոստոսի 1-ի 1926թ.-ին նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշում, որտեղ ասվում է, որ Ստամբուլի հայերի ունեցվածքը, որը «չի տեղափոխվել կամ անհետացել այլ ուղղությամբ» և գտնվում է այնպիսի վայրերում, ինչպիսիք են Ստամբուլ քաղաքի սահմաններից դուրս գտնվող Կարտալը և Պենդիկը, չպետք է առգրավվի որպես լքված գույք, իսկ, եթե, այնուամենայնիվ, առգրավվել է, այն համարել անօրինական (Վարչապետությանհանրապետականարխիվ [այսուհետ՝ ՎԱՀ]/ Հողային հարցերի կարգավորման գլխավոր վարչություն [այսուհետ՝ ՀԿԳՎ] 030_0_18_01_01_020_49_014): Ցանկանում ենք հատուկ երախտագիտություն հայտնել Սաիդ Չեթինօղլուին (Sait Çetinoğlu) մեր ուշադրությունը հանրապետական արխիվի փաստաթղթերին հրավիրելու համար, որոնք օգտագործել ենք այս աշխատությունում: