Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը՝ Հայաստանի ու Սփյուռքի նոր ճանապարհային քարտեզ

 
 
  Հայացք Հայաստանից

Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը՝ Հայաստանի ու Սփյուռքի նոր ճանապարհային քարտեզ

Հրանտ Մելիք-Շահնազարյան

 

 
Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ, Times.am կայքի գլխավոր խմբագիր

Անդրադառնալով այս տարվա հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը բացատրում է, թե ինչու ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակումը կարևոր գործոն է պատմական արդարությունը վերականգնելու գործում։ Նշելով, որ «Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում մասնագիտական բարձր մակարդակով զուգորդված են անցած դարասկզբի և արդի գործընթացները` բացահայտելով հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրների պատճառահետևանքային բոլոր կապերը։»

Սույն թվականի հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը: Փաստաթուղթն ընթերցել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հայաստանի Հանրապետության Նախագահը նաև նշել է, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ:

Տարածաշրջանի քաղաքական զարգացումներին հետևող մարդիկ անկասկած նկատել են, որ հռչակագիրը հրապարակվել է ընդգծված հանդիսավորության պայմաններում: Ծիծեռնակաբերդի համալիրը զարդարված էր հայոց եռագույնով, առկա էր ՀՀ Զինված ուժերի պատվո պահակախումբը, հյուրեր էին եկել աշխարհի բոլոր ծայրերից: Այս ամենը բնականաբար պատահական չէր կազմակերպվել: Հռչակագրի մշակումն ու հրապարակումը վստահորեն կարելի է համարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բոլոր միջոցառումներից ամենակարևորը: Ինչպես հաճախ նշում են Հայաստանի ամենաբարձր պաշտոններն զբաղեցնող գործիչները, փաստաթղթում ամրագրված է հայ ժողովրդի հավաքական կամքը և որում «վերահաստատվում է Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար» (1): Այն ուղղված է ապագային և, ըստ էության, այսուհետև հանդիսանալու է պատմական արդարության վերականգմանն ուղղված հայ ժողովրդի պայքարի հիմնական ուղեցույցը:

Սակայն մինչ համահայկական հռչակագրի բովանդակության քննությանն անցնելը, իհարկե, անհրաժեշտ է պատասխանել «տեխնիկական բնույթ» կրող  մի քանի հարցերի: Խոսքն առաջին հերթին վերաբերվում է փաստաթղթի այսպես կոչված լեգիտիմության հարցին: Որքանո՞վ է այն արտահայտում համայն հայության դիրքորոշումը: Ահա այն հարցը, որը հիմնականում հնչեցվում է փաստաթղթի քննադատների կողմից: Ինչպես հայտնի է, հայ ժողովուրդի բացարձակ մեծամասնությունն ապրում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս: Աշխարհասփյուռ հայության հետ աշխատանքները համակարգելու նպատակով 2008 թվականին  ՀՀ Կառավարությունում ստեղծվել է Սփյուռքի նախարարություն: Անցած տարիների ընթացքում պետական այս գերատեսչության աշխատանքների շնորհիվ զգալիորեն ակտիվացել է Սփյուռքի համայնքների ու հայկական պետության կապը: Ստեղծվել են տեղեկատվության արագ փոխանակման խողովակներ, միասնական որոշումներ կայացնելու տեղական և համահայկական կառույցներ: Անցյալում կուտակած այդ փորձն էր, որ դրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հիմքում:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով ստեղծված այս հանձնաժողովում ներկայացված են Հայաստանի և Արցախի Հանրապետության պետական այրեր, հայ ժողովրդի հոգևոր առաջնորդներ (առաքելական, ավետարանական և կաթողիկե եկեղեցիների ներկայացուցիչներ), Հայաստանում և Սփյուռքում մեծ ազդեցություն ունեցող քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, մշակույթի, գիտության, տեղեկատվական ոլորտի գործիչներ, համահայկական նշանակություն ունեցող կառույցների ղեկավարներ: Այս ամենից զատ Հանձնաժողովին աջակցում են նաև հարյուրամյակի տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ աշխարհի բազում երկրների համայնքներից: Մեկ խոսքով՝ ամեն ինչ արվել է, որպեսզի Հանձնաժողովը լիարժեք ներկայացանի աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայությանը և այդ առումով խնդիրը իսկապես կարելի է լուծված համարել:

«Տեխնիկակակն բնույթի» երկրորդ հարցը վերաբերվում Հռչակագրի կարևորությանն ու դրա քաղաքական նշանակությանը Հայաստանի և Սփյուռքի համար։ Որքան էլ տարօրինակ չթվա, բայց հայության ստվար հատվածներ ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից շատ ավելի մեծ սպասելիքներ ունեին, քան այն, ինչ ասյօր արվում է հայկական պետականության կողմից երկրի ներսում և դրսում։ Ընդ որում, պետք է նշել, որ այդ սպասելիքներն որոշակիորեն ձևավորված չէին։ Այսինքն ոչ ոք չէր կարող հստակ ասել, թե ինչպիսի ակնկալիքներ ուներ 100-րդ տարելիցի հետ կապված։ Թերևս միակ սպասելիքը Ապրիլի 24-ին Երևանում հնարավորինս շատ պետությունների ղեկավարների և բարձրաստիճան պատվիրակություններ տեսնելն է` չնայած այս դեպքում էլ մարդկանց համար օդից կախված է մնում «հետո ի՞նչ» հարցի պատասխանը։ Հավանաբար այս է պատճառը, որ համահայկական հռչակագրի ընդունելությունը հասարակության զգալի մասին համար չհամարվեց խիստ կարևոր իրադարձություն։ Բոլորը սպասում էին ավելիին` առնվազն Թուրքիայի միջազգային խիստ դատապարտմանն ու պախարակմանը։ Հնարավոր է` նաև հատուցում ստանալուն։

Բայց սա, ինչպես ասացի, հասարակական սպասելիքներն ու հարցի ընկալումն էին։ Պետական, քաղաքական, գիտական և փորձագիտական շրջանակների համար Հայոց պահանջատիրության և Թուրքիայի ժխտողականության դեմ պայքարի հետագա ընթացքի համար հռչակագիրն ավելի քան կարևոր նշանակություն ունի։ Այն յուրօրինակ փաստաթուղթ է, որն իր մեջ ներառել է հայության քաղաքական ձևավորված պահանջներն ու դիրքորոշումը։ Եվ որ ամենակարևորն է, Հռչակագիրն իսկապես դարձել է համահայկական և ըստ էության, առանց որևէ վերապահումների ճանաչվել Հայաստանի և Սփյուռքի հետագա համատեղ գործունեության հիմնաքար։ Ուստի որքան էլ հասարակական սպասումներն այլ արդյունքների ուղղված լինեին, այնուամենայնիվ պետք է փաստել, որ հռչակագրի կարևորությունը դժվար է գերագնահատել ինչպես անցյալում տեղի ունեցած գործընթացների կարևորության, այնպես էլ ապագա քաղաքական զարգացումների տեսակետից։

Հռչակագրի հետ կապված գոյություն ունեն այլ հարցեր ևս, որոնք, կարծում եմ, դուրս են մնացել խնդրի քննարկումների բովանդակային շրջանակներից։ Օրինակ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ նման փաստաթղթով մենք չենք կարող «դուր գալ» քաղաքակիրթ աշխարհին։ Իսկ թե ինչու՞ Հայաստանը պիտի փորձեր դուր գա աշխարհին, պարոն Տեր-Պետրոսյանը չի մանրամասնում։Համահայկական հռչակագրի նրա առաջարկած տարբերակը որևէ աղերս չունի պատմական արդարությունը վերականգնելուն ուղղված հայ ժողովրդի դարավոր պայքարի մինչ օրս ձևավորված մեթոդներին ու մոտեցումներին։ Ավելին` ՀՀ առաջին նախագահի մոտեցումները հակասում են նաև պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականության հիմնական ուղեգծին։ Թերևս այս է պատճառը, որ Հայաստանում և Սփյուռքում Տեր-Պետրոսյանի առաջարկները շատերն ընկալեցին որպես քաղաքական սադրանքի փոքր փորձ, որն ընդամենը կես օրվա կենսունակություն ուենցավ։ Ժամանակի խնայողության և իրական քննարկման նյութի բացակայության պատճառով հարգարժան ընթերցողին առաջարկում եմ չկենտրոնանալ երկրորդական թեմաների և կարևորություն չունեցող «տեխնիկական հարցերի» քննարկման վրա և անցնել փաստաթղթի բովանդակության ու քաղաքական նշանակության քննությանը։

Հռչակագրի տեքստի հպանցիկ ընթերցումն արդեն իսկ ցույց է տալիս, որ փաստաթուղթն իրավական հիմքի վրա դրված քաղաքական գնահատականների և պահանջների ամբողջություն է (2)։ Այն, ըստ էության, հիմնական չորս մասից բաղկացած փաստաթուղթ է, որի առաջին մասը շեշտում և ամրապնդում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը ուղղված հայ ժողովրդի պայքարի իրավական բազան։ ՀՀ անկախության մասին հռչակագրից և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա հղումներից զատ ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը հենվում է միջազգային իրավունքի մի շարք կարևոր` առանցքային նշանակություն ունեցող կետերի վրա։ Խոսքը վերաբերվում է ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձևին, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային, 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային, ինչպես նաև 1966 թվականի դեկտեմբերի 16-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրին և մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներին և դրույթներին։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար անհրաժեշտ իրավական փաթեթը մշտապես եղել է Հայաստանի համապատասխան պետական գերատեսչությունների, փորձագետների և միջազգային իրավունքի մասնագետների ուշադրության կենտրոնում։ Այն մշտապես ամրապնդվել է լրացուցիչ փաստարկներով, օրինակներով ու մեկնաբանություններով` ժամանակի ընթացքում վերածվելով Թուրքիայի հակահայկական գործունեության հիմնական պատնեշներից մեկը։ Ուստի ամենևին պատահական չէ, որ շեշտելով հռչակագրի կարևորագույն կետերից մեկը` այն է, որ փաստաթուղթն արտահայտում է «հայ ժողովրդի միասնական կամքը», Պետական հանձնաժողովի ներկայացուցիչները միանգամից հենվում են միջազգային իրավունքի վերոնշյալ կետերին։ Այնուհետև հիշեցվում են մի քանի կարևոր փաստաթուղթ ևս, որոնք մի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման ու հայկական պահանջատիրության պաշտպանման օրինակներ են, մյուս կողմից էլ` պատմական արդարությունը վերականգնելու կարևոր հիմքեր։ Այս է պատճառը, որ հռչակագրում առանձնապես արժևորվում է 1915 թվականին միջազգային հանրության կողմից Անտանտի պետությունների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունը պատմության մեջ առաջին անգամ որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն» որակումը և օսմանյան իշխանություններին պատասխանատվության կանչելու հանգամանքի շեշտադրումը։ Հռչակագրում հղվում են նաև 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրին և 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռին` ընդգծելով այս փաստաթղթերի դերն ու նշանակությունը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում։

Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի երկրորդ մասը մեկուկես միլիոն զոհերի հիշատակի ոգեկոչում է, երախտիքի խոսք այն պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք «քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն»։ Պետական հանձնաժողովի հրապարակած փաստաթղթում շնորհակալություն է հայտնվում նաև այն ազգերին, կառույցներին և անհատներին, ովքեր «հաճախ իրենց վտանգելով` մարդասիրական տարաբնույթ օգնություն ցուցաբերեցին, փրկեցին լիակատար ոչնչացման վտանգի առջև կանգնած բազմաթիվ հայերի, ապահով և խաղաղ պայմաններ ստեղծեցին ցեղասպանությունից վերապրած հայության համար»:

Պետք է նշել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում հայկական կողմը մշտապես առանձնահատուկ ուշադրություն է դարձրել այն ժողովուրդներին ու պետություններին, որոնք դատապարտել են այդ սոսկալի իրողությունը` փորձելով նրանց օրինակը վարակիչ դարձնել նաև այլոց համար։ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում առանձնահատուկ ուշադրություն է հատկացված անցյալ դարասկզբի ոճիրը ճանաչած պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ տարվող աշխատանքներին ու համատեղ նախաձեռնություններին։ Պատահական չէ, որ այս մոտեցումը ամրագրվել է նաև համահայկական հռչակագրում։

Հրապարակված փաստաթղթի երրորդ մասը քաղաքական իրողությունների ամրագրումն ու հայոց պահանջատիրության հստակ ձևակերպումն է։ Այն դատապարտումների, կոչերի և քաղաքական ծրագրերի ամբողջական մի փաթեթ է, որն այսուհետև լինելու է միջազգային հարթակներում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համատեղ գործունեության հիմքը։

Ընդ որում, պետք է նշել, որ հռչակագրի այս հատվածը չի վերաբերվում միայն պատմական դեպքերի դատապարտմանը։ Այն նաև կարևոր է այսօրվա զարգացումների համար։ Այսպես, հռչակագրի 7-րդ կետը դատապարտում է «Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող հակահայկական կեցվածքը և միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը՝ դրանք գնահատելով որպես Հայոց ցեղասպանության, Մեծ Եղեռնի մինչ օրս անպատիժ մնալու հետևանք»: Իսկ 6-րդ կետում խոսք է գնում ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար տարվող աշխատանքների` մասնավորապես իրավական պահանջների թղթածրար ստեղծելու մասին։

Ընդհանրապես պետք է նշել, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում մասնագիտական բարձր մակարդակով զուգորդված են անցած դարասկզբի և արդի գործընթացները` բացահայտելով հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրների պատճառահետևանքային բոլոր կապերը։ Երևում է, որ տեքստի հեղինակներն ամեն ինչ արել են, որպեսզի հռչակագիրն ավելի ուղղված լինի դեպի ապագա, քան անցյալ։ Իսկ որպես անվտանգ ապագայի երաշխիք նրանք տեսնում են Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը։

Կարևոր է նաև նշել, որ հռչակագրի այսպես կոչված քաղաքական մասը հիմնական շեշտադրումներ է անում ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վրա, այլ ընդհանրապես մարդկության դեմ իրականացվող նման հանցագործությունների հետագա կանխման անհրաժեշտության վրա։ Այսինքն` պատմական արդարության վերականգնման կարևորությունը դիտարկվում է որպես ապագայում նման ոճիրները բացառելու պարտադիր պայման։ Այս առումով հայոց պահանջատիրությունը բարձրացվում է մի նոր` միջազգային մակարդակ։ Մյուս կողմից էլ այն լուծում է նաև հենց հայ ժողովրդի կենսական ապահովության հարցը. յուրահատուկ պատնեշ Թուրքիայի ապագա` հնարավոր էքսպանսիոնիստական քաղաքականության դեմ։

Եվ վերջապես հռչակագրի չորրորդ` եզրափակիչ հատվածը կոչ է հայ ժողովրդի ապագա սերունդներին աննահանջ պայքարով ծառայել հանուն առավել հզոր Հայրենիքի` ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության, անկախ Արցախի առաջընթացի ու զորացման, աշխարհասփյուռ հայության գործուն համախմբման, ինչպես նաև համայն հայության դարավոր նվիրական նպատակների իրականացման համար: Այսպիսով կամուրջ է նետվում անցյալի, ներկայի և ապագայի միջև` այսօրվա քաղաքական ծրագրերին հաղորդելով ստրատեգիական բնույթ։

Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի այսպիսի «մասնատումն», իհարկե, խիստ պայմանական է։ Փաստաթուղթն անհրաժեշտ է դիտարկել իր ամբողջականության մեջ։ Ինչպես արդեն նշել եմ հոդվածի սկզբում, այն յուրօրինակ ուղեցույց է հայության բոլոր հատվածների հետագա քաղաքական պայքարի համար։ Ընդ որում, այդ պայքարն ուղղված չէ Թուրքիային պատժելուն, ինչպես հաճախ պնդում են միջազգային քննադատները։ Պատմական արդարության վերականգմանն ուղղված պայքարի հիմքում, անկասկած, հայկական պետությունների ապագա անվտանգության ապահովումն է։ Ցավոք, այսօր նույնպես, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը հիշում է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ նահատակներին, Հայաստանն ու Արցախը շարունակում են ապրել թուրք-ադրբեջանական մշտական վտանգի ու սպառնալիքների առկայության պայմաններում։ Հռչակագրի ուշադիր հետազոտողները հեշտությամբ նկատում են, որ հռչակագրի հիմնական ուղերձը հենց այդ վտանգը չեզոքացնելու անհրաժեշտությունն է։

Պաշտոնական Երևանը լավ է հասկանում, թե քաղաքական ինչպիսի պոտենցիալ ունի հայկական հարցը Թուրքիային զսպելու գործում։ Այդ իրողությունը հասկանում են նաև նեոօսմանական հավակնություններ ցուցաբերող Անկարայում։ Դա է պատճառը, որ Թուրքիան տարիներ շարունակ փորձել է ձերբազատվել հայկական հարցից` չեզոքացնելով դրա ազդեցոթյունն այլ երկրների հետ հարաբերություններում և ընդհանրապես տարածաշրջանային զարգացումներում։ Մինչ օրս, սակայն, Թուրքիային դա չի հաջողվել։ Ձախողման պատճառները շատ են, բայց դրանցից հիմնականը հայկական Սփյուռքի գործունեությունն է, որը մինչ օրս հատվածային բնույթ է կրում։ Չնայած դրան սակայն, Թուրքիայում դեռևս տասը տարի առաջ էին սկսել խոսել «հայկական ցունամիի» մասին  (3)։ Հիմա Թուրքիային զսպելուն ուղղված համահայկական պայքարը` ի դեմս հռչակագրի ունի միասնական հայեցակարգ։ Այս է պատճառը, որ հոդվածի սկզբում նշեցի, որ հռչակագրի ընդունումը Հայող Ցեղասպանության 100-րդ տարելիցի բոլոր միջոցառումներից կարևորագույնն է։

Ըստ էության, հռչակագիրն արդեն իսկ վերածվել է հայկական պետությունների անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչներից մեկը։ Սույն թվականի մարտի 3-ին «Եվրոպական ժողովրդական կուսակցության» Քաղաքական համաժողովը «Հայկական ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» խորագրով բանաձև է ընդունել (4): Մի քանի օր անց նման բանաձև է ընդունել նաև «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը (5)։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի համար կարևորագույն նշանակություն ունեցող այս երկու փաստաթղթերն էլ հիմնված են համահայկական հռչակագրի վրա, ինչը նշնակաում է, որ այն արդեն կարևոր գործոն է պատմական արդարությունը վերականգնելու գործում։ Եվ դա ամենակարևոն է։

—————————————

1. Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովում'http://www.president.am/hy/statements-and-messages/item/2015/03/18/President-Serzh-Sargsyan-speech-Media-forum-speech/

2. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր'http://www.mfa.am/hy/interviews/item/2015/01/29/pan_arm_dec_armgen/

3. Be ready for the Armenian tsunami'http://www.hurriyetdailynews.com/default.aspx?pageid=438&n=be-ready-for-the-armenian-tsunami-2005-01-04

4. ԵԺԿ-ն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ է ընդունել'http://news.am/arm/news/255195.html

5. Եվրանեսթ ԽՎ-ն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև'http://www.aravot.am/2015/03/17/552023/

 

Հայոց Ցեղասպանություն, Ճանաչում և Փոխհատուցում

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook