Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն
Հայացք Հայաստանից
Հակոբ Բադալյան |
Հակոբ Բադալյան
lragir.am կայքի գլխավոր խմբագիր |
Այս հոդվածում Հակոբ Բադալյանն անդրադառնում է մասնավորապես վերջերս խիստ արդիական դարձած փոխհատուցումների հարցին և մեջբերում է Արամ Առաջինի ու Գարեգին Երկրորդի այս հարցի շուրջ արած հայտարարություններին: Լրագրողն անդրադառնում է նաեւ հաճախ անտեսված 1921թ ռուս-թուրքական պայմանագրին, որը, ըստ նրան, պետք է վերանայման ենթարկվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պարագայում: Հեղինակը նաեւ ափսոսանք է հայտնում, որ այդ պայմանագրի մասին որեւէ խոսք չկա ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում, որը «հետեւաբար չի կարող հանդիսանալ հայ-թուրքական հարաբերության ապագայի, հեռանկարների վերաբերյալ շոշափելի պատկերացում տվող, հայկական ռազմավարություն հուշող փաստաթուղթ»: Վկայակոչելով Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ առկա բարդ հարաբերությունները, հեղինակն անդրադառնում է տարածքային փակուղում հայտնված Հարավային Կովկասին: Եւ վերջապես, ըստ նրան, Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հասարակական փոխադարձ շփումները անհրաժեշտ ու կարեւոր են, բայց մնում են անբավարար: Նրա խոսքով՝ «Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը պետք փոխի Թուրքիան, իսկ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է փոխի Հայաստանը»:
Երեւանում էապես նվազել է Անմոռուկի պատկերներ փակցրած ավտոմեքենաների թիվը: Իսկ ապրիլի 24-ից հետո Հայաստանի հանրության ուշադրության կենտրոնում Անմոռուկը մեկ էլ հայտնվեց մայիսի 19-ին, Եվրատեսիլ 2015-ի ռուսաստանցի մասնակցի ձեռքին: 100-րդ տարելիցի գագաթնակետը հանդիսացած ապրիլի 24-ից հետո, մայիսի 19-նն ինչ որ իմաստով խորհրդանշում էր, թե ում ձեռքին է հայ-թուրքական հարաբերության ապագան: Ռուսաստանն այդ հարաբերության ապագայի համար խաղում է առանցքային դեր, ինչպե որ առանցքային դեր է խաղացել այդ հարաբերության պատմության ու ներկայիս գործում: Այդ պնդումը ճակատագրապաշտություն չէ, այլ մի շարք գործոնների համադրման արդյունքում արվող տրամաբանական եզրակացություն: Թեեւ, անշուշտ մեծագույն բացթողում եւ վրիպում կլիներ հայ-թուրքական հարաբերության ապագայի զարգացումները պայմանավորել բացառապես Ռուսաստանով: Պայմանավորող գործոնները շատ են ու չնայած Ռուսաստանի դերակատարումն ու ազդեցությունն այդ առումով դուրս է մրցակցությունից, այդուհանդերձ կան մի քանի այլ ուղղություններ, որոնք այս կամ այն կերպ էական ազդեցություն ունեն հայ-թուրքական հարաբերության հեռանկարի վրա:
100-րդ տարի անց «ապրիլի» 25-ին
Անմոռուկները դարձել էին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների, ընդհանրական գործընթացի հանրային ինդիկատորը: Հայաստանի հասարակությունը գործընթացը չափում էր առավելապես դրանցով: Եվ դրանց հանդեպ որոշակի ուշադրության նվազումը բեեց հասարակական լռելյայն մի ընկալման, որ 100-րդ տարելիցը մի միջոցառում էր, որն ավարտվեց, մի թափ էր, որը հաջող կամ անհաջող, արդյունավետ կամ անարդյունավետ, այդուհանդերձ ընդհատվեց: Հավանաբար այդ տրամադրությունների եւ ընկալումների զգացողությունն էր պատճառը, որ մայիսի 27-ին Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ոչինչ ավարտված չէ. «Ես կարծում եմ, որ բոլորս միասին առիթ ենք ունենալու ամբողջովին վերլուծելու 100-րդ տարելիցի կապակցությամբ կատարված աշխատանքը և ոչ միայն նրա համար, որպեսզի ցույց տանք, թե մարդիկ որքան ակտիվ մասնակցեցին, այլ որպեսզի նաև հետևություններ անենք և հաջորդ տարիներին այդ միջոցառումներն ավելի արդյունավետ դարձնենք: 100-րդ տարելիցով ոչինչ չի ավարտվում: Մինչև մենք չհասնենք համընդհանուր ճանաչման՝ այս ուղղությամբ անդադար աշխատելու ենք»:
Ինչ խոսք, անտրամաբանական կլիներ, եթե Սերժ Սարգսյանը կամ որեւէ մեկը հայտարարեր հակառակի մասին, խորհուրդ տալով բոլորին «գնալ տուն»: Ամբողջ հարցը ներկայումս այն է, թեեւ այդ հարցը հնչում էր նաեւ 100-րդ տարելիցի միջոցառումների ծավալմանը զուգահեռ, թե ինչ է լինելու 100-ից հետո, ինչ է անելու Հայաստանը, ինչ է սպասելու հայ-թուրքական հարաբերությանը: Միեւնույն ժամանակ, տրամաբանական է նաեւ, որ Հայաստանը չէր կարող արդեն իսկ ներկայացրած լինել իր գործողությունների հետագա ծրագիրը, նկատի ունենալով այն, որ հայ-թուրքական հարաբերությունը աշխարհաքաղաքական լայն եւ ընդգրկուն գործընթաց է, որը հնարավոր չէ պլանավորել լիարժեք:
Խնդիրն այն է, թե արդյո՞ք ինչ պատկերացումներ կան այդ առումով Հայաստանի իշխանության, Հայաստանի քաղաքական ուժեերի եւ հասարակությանը, նաեւ հայ-թուրքական հարաբերության գործում մեծ դերակատարում ունեցող աշխարհաքաղաքական կենտրոնների եվ վերջապես Թուրքիայի մոտ: 100-րդ տարելիցին, ինչպես նաեւ դրան աջորդող ժամանակաշրջանին բաժին է հասել աշխարհաքաղաքական չափազանց բարդ ժամանակաշրջան, որը հաճախ համեմատվում է նաեւ հենց այն ժամանակահատվածի հետ, երբ տեղի ունեցավ հայերի ցեղասպանությունը: Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այժմ, աշխարհում ընթանում են նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթաց: Այդ գործընթացները շատ նման են իրար, բայց հայելային արտացոլում չեն: Պարզ օրինակ է այն, որ 100 տարի առաջ կար հայության գործոն, իսկ այժմ կա Հայաստան գործոն, ինչն էապես փոխում է պատկերը խորքային առումով եւ հայ-թուրքական հարաբերությունը դարձնում աշխարհակարգային վերադասավորումների եւ վերանայումների գործընթացի բարդ հանգույցներից մեկը: Հանգույց, որն ինքն իր վրա կրում է այլ ազդեցություններ, միաժամանակ իր «պոտենցիալով» բավական վճռորոշ է ոչ միայն երկու երկրների եւ ժողովուրդների, այլ նաեւ համաշխարհային հարաբերությունների իմաստով:
Այդ բարդությունն ու անորոշությունն ինչ որ չափով արտացոլված էր ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում, որտեղ հեղինակներն աշխատել էին բաց չթողնել եւ ոչ մի առանցքային հանգամանք, միաժամանակ չստանձնել մոտ կամ հեռու ապագայաի համար եւ ոչ մի հստակ պատասխանատվություն: Այդ իմաստով, առաջին հայացքից հռչակագիրը տալիս է մի շարք առանցքային հարցերի պատասխաններ, միեւնույն ժամանակ հենց հռչակագրից բխում են հայ-թուրքական հարաբերության ապագայի հարցում Հայաստանի անելիքների, քայլերի հետ կապված նոր հարցեր:
Հստակ է, թե ինչ ենք հիշում, իսկ ի՞նչ ենք պահանջում
Առանցքայինն այստեղ պահանջատիրության հարցն է: 100-րդ տարելիցի գործընթացում արձանագրված շրջադարձային հանգամանքներից մեկը այն էր, որ առավել աշխույժ շրջանառության մեջ դրվեց Թուրքիային պահանջ ներկայացնելու, հատուցման խնդիրը: Այդ խնդիրը Համահայկական հռչակագրում թե կա, թե չկա: Կա Համահայկական մակարդակում, իսկ պետական մակարդակում այն չեղարկվում է:
«Դա մեր եկեղեցու նստավայրն էր: Իրավական առաջին քայլին պետք է հետևի բոլոր եկեղեցիները, վանքերը, եկեղեցուն առնչվող մյուս ունեցվածքը վերադարձնելու պահանջը: Դրան էլ, իր հերթին, կհաջորդի նաև անձնական գույքը վերադարձնելու պահանջը: Մենք պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք», մայիսի 29-ին Նյու Յորք Թայմս պարբերականին տված հարցազրույցում ասում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, խոսելով Թուրքիայի դատարան ներկայացրած հայցի մասին, որով պահանջվում է Սիսի կաթողիկոսարանի սեփականություն հանդիսացած տարածքի վերադարձ եկեղեցուն: Արամ Առաջինն այդ մտադրության մասին առաջին անգամ բարձրաձայնել է դեռեւս 2014 թվականի սեպտեմբերին Երեւանում անցկացված Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում: 2015 թվականի ապրիլի 24-ից քիչ անց Արամ Առաջինն իրականություն դարձրեց իր մտադրությունը:
Դրան հաջորդեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հարցազրույցը Ամերիկայի ձայն ռադիոկայանին, որտեղ նա հայտարարեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էաջմիածինը պատրաստվում է Թուրքիայի հանդեպ հանդես գալ համանման պահանջով. «Հանձրարական ենք տվել, որպեսզի ուսումնասիրություններ կատարվեն, արխիվային փաստաթղերը վեր հանվեն: Սա մի գործընթաց է, որը լուրջ ուսումնասիրություններ է պահանջում»:
«Հայաստանի Հանրապետությունն, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա: Սա հստակ է: Մենք միջազգային հանրության լիիրավ ու պատասխանատու անդամ ենք, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն հասկանում ենք մեր դերը միջազգային հարաբերություններում, հարգում ենք միջազգային իրավունքի սկզբունքները, նույնն, ի միջի այլոց, ակնկալելով նաև մեր արևմտյան հարևանից, որը մինչ օրս ապօրինաբար փակ է պահում մեր երկրի հետ սահմանը՝ այն դարձնելով Եվրոպայի վերջին փակ սահմանը և անընդունելի նախապայմաններ է առաջ քաշում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար՝ չհարգելով միջնորդի դերում հանդես եկած միջազգային հանրությանն ու Ցյուրիխյան արձանագրությունների տակ դրված սեփական ստորագրությունը», ապրիլի 24-ին թուրքական Հյուրիեթին տված հարցազրույցում հայտարարել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ապրիլի 27-ին ռուսական Առաջին ալիք հեռուստաընկերության Պոզներ հաղորդաշարի ընթացքում Սարգսյանը փաստացի կրկնեց այդ մոտեցումը:
Հայաստանի անկախությունից ի վեր այդ մոտեցումը կրկնել են Հայաստանի բոլոր երեք նախագահները: Այստեղ խնդիրը հանգում է ոչ թե պետական մոտեցմանը, այլ այն հանգամանքին, թե արդյո՞ք որքանով են համադրելի կամ տարամետ Հայստանի պետական մոտեցումներն ու համահայկական դիրքորոշումը: Ի վերջո, ֆորմալ հարթությունից դուրս կա հանգամանքը, երբ հայկական կողմերը կարող են դրսեւորել մարտավարական տարակարծություն, երբ հայկական կառույցները հանդես կգան Թուրքիայի հանդեպ հատուցման պահանջերով, իսկ պետությունը հայտարարելով որեւէ պահանջ չունենալու մասին, իր հնարավորությունը կներդնի այսպես ասած ոչպետական պահանջների աջակցությանը: Ընդ որում, այդ հանգամանքը կարող է լինել միանգամայն տրամաբանական եւ միջազգային քաղաքական պրակտիկայում մարտավարական իմաստով նաեւ ընդունված: Այլ հարց է, թե որանով արդյունավետ, արդարացված, ռացիոնալ: Բայց, միանգամայն ընդունելի եւ ընկալելի: Իրավիճակը բարդանում է, երբ հատուցման, բուն պահանջատիրության հարցում կա իրական տարակարծություն առանձին կառույցների, սփյուռքի շրջանակների եւ Հայաստան պետության միջեւ:
Փաստացի ստացվում է, որ հայ-թուրքական հարաբերության, ցեղասպանության ճանաչման գործընթացի հետագայի հարցում Հայաստանի եւ հայության անելիքների, քայլերի համայնապատկերում որոշակին դիտվում է միայն հատուցման հարցը, բայց այդ հարցն էլ ներքին անորոշությունների առիթ է եւ աջ ձեռքին անհայտ է ոչ միայն այն, թե ինչ է անում ձախը, այլ նաեւ թե ինչ է ուզում ընդհանրապես: Իսկ այդ հանգամանքն էլ իր հերթին սրում է հարցը, թե ինչ է ուզում Հայաստանն ընդհանրապես:
«Հաշտեցման կամուրջները մենք չենք այրել, և նույնիսկ ինքներս հաշտեցում նախաձեռնեցինք։ Բայց անհնար է բացել այն դուռը, որի բանալին մեզ մոտ չէ: Եվ անգամ հիմա, երբ մենք ոգեկոչում ենք մեր անմեղ զոհերի 100-րդ տարելիցը, հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտեցման գործընթացի սկսման՝ առանց որևէ նախապայմանի», Հյուրիեթին ասում է Սերժ Սարգսյանը:
Այն, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը չունի այլընտրանք, եւ թերեւս չի էլ կարող ունենալ, շատ դժվար է վիճարկել: Դժվար վիճարկելի է նաեւ այն, որ այդ գործընթացն արդյունավետ կարող է լինել, եթե առանցքային սուբյեկտները լինեն Հայաստանն ու Թուրքիան: Ներկայումս, հայ-թուրքական գործընթաց ասվածը ունի ավելի հռչակագրային բնույթ, իսկ բովանդակային իմաստով այդ գործընթացի անվան տակ զարգանում են բազում այլ հարաբերություններ. Ռուսաստան-Թուրքիա, Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-Եվրամիություն, Թուրքիա-Ադրբեջան: Հայաստանն այդ հարաբերությունների խաչմերուկում դե յուրե լինելով առաջնային հասցեատեր, դե ֆակտո զրկված է ինքնուրույն սուբյեկտությունից, ինչից էլ բխում է հայ-թուրքական հարաբերության հարցում Հայաստանի հստակ ռազմավարության բացակայությունը. Հայաստանի մոտեցումը ենթարկվում է աշխարհաքաղաքական իրողություններին, մասնավորապես ռուս-թուրքական հարաբերությանը: Թուրքիա-Ռուսաստան տիրույթը առանցքայինն է հայ-թուրքական հարաբերության որեւէ հեռանկարի համար:
Ռուս-թուրքական անմոռաց դաշինքը
Թեեւ հայերի ցեղասպանության ճանաչումը դեռեւս մերժվում է աշխարհի տարբեր պետություններում, բայց մերժման գլխավոր շահառուները հանդիսանում են Թուրքիան եւ Ռուսաստանը: Փաստացի, այդ երկու պետություններն են միմյանց միջեւ որպես աշխարհաքաղաքական ավար բաժանել Առաջին համաշխարհային պատերազմի, այդ թվում եւ հայերի ցեղասպանության հետեւանքը Հարավային Կովկասում: Դա ամրագրվել է 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրով, որը կնքվել է Կարսում: Ռուսաստանն ու Թուրքիան դրանով փաստացի միմյանց միջեւ բաժանել են Հայաստանն ու Կովկասը: Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման պարագայում, հատուցման խնդիրը ամենեւին չի հանգում նյութական փոխհատուցման կամ չի սահմանափակվում լոկ այդ հանգամանքով:
Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչումը անխուսափելիորեն առաջ է բերում ռուս-թուրքական պայմանագրի վերանայման հիմքեր: Միջազգային ճանաչումը ստեղծելու է տարածաշրջանի քարտեզի վերանայման հիմք, որը 20-րդ դարակսզբին ձեւավորվել է հայերի ցեղասպանության հետեւանքների վրա: Իսկ այստեղ խնդիրը Թուրքիայի հանդեպ հայության տարածքային կամ նյութական այլ հավակնությունները չեն միայն: Դրանք փոքր մասն են այն մեծ բովանդակության, որ աշխարհաքաղաքական առումով իր մեջ ներառում է հայերի ցեղասպանության ճանաչումը: Սեղանին դրված է տարածաշրջանի քարտեզի հարցը, ինչն էլ իր մեծ ազդեցությունն ունի աշխարհաքաղաքական ուժերի դասավորության վրա:
Այդ տեսանկյունից, Ռուսաստանն ու Թուրքիան հանդիսանում են ռազմավարական դաշնակիցներՙ բնական դաշնակիցներ, որոնց միավորում է փաստացի «համատեղ հանցանքը», որ հարյուրամյակ առաջ գործել են հայ ժողովրդի եւ Հայաստանի դեմ:
Այդ իմաստով, առնվազն տարօրինակ է, որ ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում որեւէ խոսք չկա 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի մասին: Մինչդեռ խոսել ցեղասպանության հետեւանքների վերացման մասին եւ չդիպչել այդ պայմանագրին, գործնականում անհնար է: Միայն այդ հանգամանքը բավական է եզրակացնելու համար, որ Համահայկական հռչակագիրը մեծ հաշվով «բարոյական» նշանակություն ունի եւ ինքնին չի ընդգրկում հայկական հարցի աշխարհաքաղաքական ամբողջ խորությունը, հետեւաբար չի կարող հանդիսանալ հայ-թուրքական հարաբերության ապագայի, հեռանկարների վերաբերյալ շոշափելի պատկերացում տվող, հայկական ռազմավարություն հուշող փաստաթուղթ:
Եթե չկա այդ ռուս-թուրքական պայմանագրի հարցը միջազգային օրակարգ բերելու ուղղությամբ պատրաստակամության հավաստում, այդ ուղղությամբ հաջորդ քայլի տեսանելի շրջանակ, ապա միջազգային հանրության, մասնավորապես ցեղասպանությունը դեռեւս չճանաչած արեւմտյան առանցքային պետությունների, մասնավորապես այդ հարցում անվիճելի վճռորոշ դեր ունեցող ԱՄՆ համար էապես նվազում է ցեղասպանության միջազգային ճանաչման շարժառիթը, քանի որ հաջորդ քայլում նրանց անհրաժեշտ է Հայաստանն իբրեւ գործընկեր, որը համարձակորեն կդնի ռուս-թուրքական պայմանագրի վերանայման հարցը: Այդ հանգամանքի բացակայությունը ԱՄՆ համար ցեղասպանության ճանաչումը կվերածի ֆալստարտի:
Ռուս-թուրքական պայմանագրի, այդպիսով նաեւ Առաջին համաշխարհայինից հետո Թուրքիայի եւ Ռուսաստանի գծած Հարավային Կովկասի քարտեզի վերանայման հայտ կարող է ներկայացնել միայն Հայաստանը, քանի որ այդ պայմանագրով Հայաստանն է բաժանված եւ սահմանված է Հայաստանի հնարավոր թույլատրելի խաղի սահմանը:
Խնդիրն այն չէ, որ Հայաստանը պետք է պահանջ ներկայացնի Թուրքիային՝ տարածքային կամ որեւէ այլ: Հայաստանը չպետք է հրապարակավ հրաժարվի այդ պահանջները ներկայացնելուց, ենթարկվելով ռուս-թուրքական պայմանագրի պահանջին: Հայտարարել դրա մասին, նշանակում է հայտարարել ռուս-թուրքական պայմանագրին հավատարմության մասին:
Ընդ որում, Հայաստանի որեւէ նախագահի առաջ դրվում է այդ պայմանագրին հավատարմություն հայտնելու խնդիրը, որովհետեւ Թուրքիայից պահանջ չունենալու մասին հայտարարություններ արել են նաեւ Հայաստանի նախկին երկու նախագահները: Մինչդեռ քանի կա ռուս-թուրքական պայմանագիրը, քանի փակ են այդ պայմանագրի դրույթները միջազգային օրակարգ բերելու եւ վիճարկելու Հայաստանի հնարավոր նախաձեռնությունների ճանապարհները, Թուրքիան չունի որեւէ շահագրգռություն Հայաստանի հետ ուղիղ հարաբերություն կառուցելու հարցում:
Իսկ առաջնային նպատակներից մեկը, որ պետք է հետապնդի հայկական հարցի սպասարկումը, պետք է լինի հայ-թուրքական հարաբերության կարգավորումը, քաղաքակրթության նորմերին դրա համապատասխանեցումը՝ որպես տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության կայուն երաշխիք: Պահանջատիրության խնդիրը Հայաստանի համար պետք է լինի արտաքին քաղաքական զինանոցի կարեւոր մասն, բայց չպետք է լինի իբրեւ նպատակ, այլ իբրեւ միջոց. Թուրքիային Հայաստանի հետ երկխոսության բերելու միջոց: Իսկ դրա համար Հայաստանն ինքը պետք է լինի ինքնուրույն երկխոսության ունակ ինքնիշխան սուբյեկտ, ունենա հայ-թուրքական հաշտեցման, հարաբերության կարգավորման իր օրակարգն ու ռազմավարությունը:
Թուրքիայի համար խնդիրն այլ է: Հայկական հարցն Անկարայի համար որքան խնդրահարույց է, գուցե գլխացավանք, միեւնույն ժամանակ էլ եւս մեկ միջոց է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ մանեւրելու համար: Ներկայումս այդ մանեւրը կարծեք թե հանդիսանում է Թուրքիայի արտաքին քաղաքականության առանցքը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ձգտում է Թուրքիան դուրս բերել Արեւմուտքի ազդեցությունից եւ ներկայանալ որպես աշխարհաքաղաքական ինքնուրույն խաղացողմ, որի հետ հաշվի կնստեն աշխարհաքաղաքական ազդեցիկ կենտրոնները: Արեւմուտք-Ռուսաստան ներկայիս լարված դիմակայության պայմաններում Անկարային թվում է, որ այդ մանեւրի եւ դրա միջոցով նպաստավոր դիրքեր դուրս գալու, ինքնուրույնությունն ամրագրելու պատեհ առիթ է: Ակնհայտ է, որ արեւմտյան քաղաքականությունը Թուրքիայի հարցում չունի նոր լուծումներ եւ այդ երկիրը շարունակում է դիտվել որպես եվրաատլանտյան տարածքի վերջին բաստիոն, որքան էլ այդ բաստիոնը վերջին շրջանում աչքի է ընկնում անհնազանդությամբ:
Հայկական հարցն Արեւմուտքի ձեռքին եղել է, կա եւ կլինի ազդեցիկ լծակ Թուրքիայի դեմ, բայց Թուրքիան կարողացել է եւ կարողանալու է բարեհաջող չեզոքացնել դրա ճակատագրական հետեւանքը, քանի դեռ Հայաստանն ու Հարավային Կովկասը ընդհանուր առմամբ հանդիսանում են ռուսական գերազդեցության գոտի: Այդ իրավիճակում, Թուրքիան Եվրաատլանտյան հանրույթի համար շարունակում է մնալ Ռուսաստանի տարածաշրջանում հակազդելու ամենակենսունակ գործոնը: Նաեւ այդ պատճառով Թուրքիայի վրա հայկական հարցի ճնշումը Եվրաատլանտյան հանրույթը երբեք չի հասցնում կրիտիկական աստիճանի:
Ճեղքման փոխարեն փակուղի
Առաջիկայում չի նշմարվում իրերի այդ դասավորության եւ ուժերի հարաբերակցության այնպիսի փոփոխություն, որը կփոխի նաեւ ներգրավված սուբյեկտների շարժառիթները: Ըստ այդմ, հայ-թուրքական հաշտեցման հեռանկարների առումով բեկումնային զարգացումները քիչ հավանական են: Այդուհանդերձ, ներկայումս ուրվագծվում է երկու վեկտոր, որոնցում նոր զարգացումները կարող են բերել նոր իրավիճակի:
Խոսքը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցության մասին է, եւ Արցախի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի: Իրանի հետ Արեւմուտքի վերջնական անհամաձայնությունը կարող է դառնալ Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության փոփոխության մեկնարկ: Բայց, այդ գործընթացն ընդհանուր առմամբ չունի արագ հանգուցալուծումների պոտենցիալ եւ դրա ծավալումը, հաջողության դեպքում անգամ, հեռանկարային խնդիր է:
Իրադարձությունները կարծեք թե նոր երանգով զարգացում են ստանում Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում: Ադրբեջանը հրապարակ է բերել Ռուսաստանին ուղղված անուղղակի առաջարկ: Բաքուն հայտարարում է, որ կքննարկի ԵՏՄ-ին միանալու հարցը, եթե լուծվի Արցախի հակամարտությունը: Ադրբեջանի առաջարկն առավել քան պարզ է. եթե Մոսկվան Հայաստանին ստիպի գնալ տարածքայյին զիջման, ապա Ադբեջանը կարող է գնալ ԵՏՄ անդամակցության: Դա իր ազդեցությունը կարող է թողնել նաեւ հայ-թուրքական հարաբերության վրա, որտեղ Արցախի հակամարտության գործընթացում Հայաստանի տարածքային զիջումը Թուրքիայի առաջադրած նախապայման է: Ապրիլի 24-ի օրերին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է բացել հայ-թուրքական սահմանը, եթե Հայաստանը թեկուզ մեկ շրջան վերադարձնի Ադրբեջանին: Ռուսաստանն Ադրբեջանի անուղղակի առաջարկին չի տվել ուղղակի պատասխան, բայց հայտարարել է, որ Արցախի հակամարտության կարգավորումն իր համար շարունակում է լինել արտաքին քաղաքական առաջնահերթություններից:
Հայ-թուրքական արձանագրությունների սառեցումից հետո թե Մոսկվան, թե Վաշինգտոնը, թե Բրյուսելը հայտարարել են, որ անընդունելի է հայ-թուրքական հարաբերությունը Արցախի հակամարտության հետ կապելը: Այդուհանդերձ, Թուրքիան շարունակում է կապել այդ երկու խնդիրները: Այդ հանգամանքը խորացնում իրավիճակի անելանելիությունն ու փակուղայնությունը, քանի որ Հայաստանի համար այդօրինակ բանաձեւը սկզբունքորեն անընդունելի է եւ քննարկման ենթակա չէ:
Փակուղին ընդհանուր առմամբ բնորոշ է դարձել Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներին ընդհանրապես:
Հայ-թուրքական հարաբերության կարգավորումը, հայ-թուրքական հաշտեցումը կարող էր դառնալ հարավկովկասյան փակուղու հաղթահարման էական քայլ: Հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցն այդ առումով նշանակալի հնարավորություն էր, որը կարող էր Թուրքիային բերել այն մտքին, որ միջազգային խնդիրները կարող են էապես նվազել, եթե հայկական հարցի հանգուցալուծման հարցում Անկարան հանգի Հայաստանի հետ երկխոսության անհրաժեշտությանը: Խնդիրը այն չէ, որ Թուրքիան մեկ-երկու ճանաչումից հետո պետք է շտապի Հայաստանի հետ պայմանավորվելու: Խնդիրն այն է, որ պետք է փոխվի հայկական հարցի շոշափման եւ սպասարկման աշխարհաքաղաքական տրամաբանությունը: Եվ այստեղ առաջին հերթին պետք է շահագրգռված լինի Հայաստանը, այդ միջոցով Թուրքիայի կարգավորման հավասար եւ անկեղծ գործընթացի բերելու համար:
Բայց Հայաստանի հանդեպ ռուսական գերազդեցությունը բերում է նրան, որ Թուրքիան նախընտրում է հայկական հարցը զսպել ոչ թե Հայաստանի հետ երկխոսության, այլ Ռուսաստանի միջոցով:
Այդ համատեքստում, Արեւմուտքի հիասսթափության մասին է թերեւս վկայում այն, որ ապրիլի 24-ից օրեր անց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը Հայաստանի հանրությանն ու պաշտոնական Երեւանին տեղեկացրեց, որ ԱՄՆ կրճատում է հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերը: Դա ազդակ էր, որ ԱՄՆ անհեռանկար է համարում ուժերի առկա տարածաշրջանային հարաբերակցության պայմաններում գործնականորեն խորհել հայ-թուրքական հաշտեցման հեռանկարի շուրջ:
Իսկ Մոսկվայի համար առկա իրավիճակը ունի երկու առանցքային դեմոտիվատոր: Մի կողմից անթույլատրելի ռուս-թուրքական պայմանագրի վերանայման հարցը միջազգային օրակարգ բերելու հիմքերի ձեւավորումը, մյուս կողմից անթույլատրելի է ռուս-թուրքական պայմանագրի համաձայն բաժանված եւ կազմված հայ-թուրքական սահմանի բացումը, քանի որ սահմանի բացումը եւ հայ-թուրքական հաշտեցումը կարող է հանդիսանալ Հայաստանի վրա Ռուսաստանի ռազմա-քաղաքական գերազդեցությունը խարխլող գործոն: Այդպիսով, հայ-թուրքական հարաբերության հեռանկարը ռուս-թուրքական հուսալի ձեռքում է, որին երբեմն Անմոռուկ է «ամրացվում» Հայաստանին եւ հայությանը մխիթարելու համար:
Ամեն մեկն իր տեղում, ապագան համատեղելու համար
Մխիթարության այդ հանգամանքը կարեւոր է, Հայաստանում հանրային գիտակցությունն էլ հայ-թուրքական հարաբերության հարցում էմոցիոնալ շրջանակներում արգելափակելու համար եւ խնդիրը քաղաքական լուրջ դիսկուրսի առարկա չդարձնելու համար: Հայկական հարցը Հայաստանի համար ռեսուրս է, եւ ինչպես ցանկացած ռեսուրս, այն եւս ունի կառավարվելու անհրաժեշտություն: Իսկ կառավարման արդյունավետությունը պայմանավորված է նաեւ հանրային կարծիքի առկայությամբ: Երբ պետության համար կարեւորագույն արտաքին քաղաքական խնդրում հանրային կարծիքն արգելափակված է առավելապես մտակաղապարների եւ էմոցիոնալ ընկալումների շրջանակում, ապա կառավարելի է դառնում հասարակությունն ինքը:
Բանն այն է, որ աշխարհը փոխվում է անընդհատ՝ երբեմն արագ տեմպով, երբեմն տեմպը դանդաղում է: Հետեւաբար անընդհատ փոփոխության գործընթացում են նաեւ հարցեր, որոնք չունեն միանվագ լուծում: Հայկական հարցը, այդ համատեքստում հայ-թուրքական հարաբերության հարցը չունեն միանվագ լուծում եւ ենթակա են համաշխարհային փոփոխությունների անկասելի ընթացքին: Դա էլ պահանջում է հայկական մոտեցումների բազային անընդհատ թարմացումներ, առավել լայն մասշտաբի փոփոխություններին միշտ պատրաստ լինելու համար:
Ընդ որում, նույն խնդիրն ունի նաեւ Թուրքիայի հասարակությունը, որի կարծիքը հայ-թուրքական հարաբերության թե պատմական ասպեկտի, թե ներկայի ու ապագայի խնդիրների առումով գտնվում է ոչ պակաս արգելափակվածության մեջ: Հայաստանի հետ հարաբերության կարգավորումը Թուրքիային անհրաժեշտ է ոչ միայն միջազգային անընդհատ ճնշումներից ձերբազատվելու համար: Հայաստանի հետ հաշտեցումն ու հարաբերության կարգավորումը Թուրքիայի հասարակության ճանապարհն է դեպի առաջատար քաղաքակրթություն: Իսկ ներկայումս, երբ աշխարհում սրվում է քաղաքակրթությունների բախումը, առաջատար, առաջնորդող քաղաքակրթությունից կտրվածությունը լրջագույն թե տնտեսական, թե քաղաքական, թե անվտանգության խնդիր է ցանկացած հասարակության համար:
Այդ իմաստով Հայաստանի եւ Թուրքիայի հասարակությունների համար խնդիրները համարժեք են եւ շատ կարեւոր է քաղաքականին զուգահեռ հանրային գործընթացի առկայությունը: Միեւնույն ժամանակ, խնդիրը այսօր հանգել է մի կետի, որտեղ ակնհայտ է դառնում, որ հասարակական փոխադարձ շփումները անհրաժեշտ ու կարեւոր, բայց անբավարար արդյունավետությամբ մեխանիզմ են: Հասարակությունների համար ներկայումս խնդիրը հենց սեփական տիրույթում արդյունքի հասնելն է: Փոխադարձ շփումը պահելը շատ կարեւոր է, բայց հասարակությունները ներկայումս ավելի շատ անելիք ունեն ամեն մեկն իր տեղում, քան միմյանց հետ շփումներում. այն է, Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը պետք փոխի Թուրքիան, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է փոխի Հայաստանը: Դրանով կփոխվի հայ-թուրքական հարաբերության հեռանկարը, արդարացի հանգիստ եւ խաղաղություն կգտնի պատմությունը եւ կգտնվի համատեղ ապագան: