Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Ցեղասպանության 100-ամյա տարելից. մերձեցող թշնամա՞նք, թե՞ հաշտություն

 
 
  Հայացք Հայաստանից

Ցեղասպանության 100-ամյա տարելից. մերձեցող թշնամա՞նք, թե՞ հաշտություն

Ստյոպա Սաֆարյան

 
Ստյոպա Սաֆարյան

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր

2014-ին թե՛ Երեւանը, թե՛ Անկարան քառամյա դադարից հետո վերստին «մերձենալու» նշաններ ցույց տվեցին: Սակայն, տակավին հստակ չէ, թե ուր կտանի դա՝ դեպի կուտակված թշնամության մի նոր բախմա՞ն, թե՞ հաշտեցման հիմքեր գցելուն:

Մերձեցման նախորդ փորձը՝ 2008թ. հունիսից սկիզբ առած ֆուտբոլային դիվանագիտությունը, որը դժավարությամբ 2009թ. հոկտեմբերի 10-ին հանգեց Ցյուրիխում երկու բանակցված արձանագրությունների ստորագրմանը, արդեն կատարյալ փակուղի մտավ 2010թ. սկզբին. Թուրքիան իր խորհրդարանում դրանց վավերացումը կապեց ղարաբաղյան հակամարտության լուծման հետ, նաեւ՝ զայրույթով ընդունեց Հայաստանում վավերացման ընթացակագի շրջանակներում Սահմանադրական դատարանի որոշմամբ տրված մեկնաբանությունը[1]: Հայաստանում դրանք եթե մտան Ազգային ժողովի՝ անհապաղ քննարկում ենթադրող փոքր օրակարգ, ապա Անկարայի նման դիրքորոշման արդյունքում Նախագահի հրամանագրով տեղափոխվեցին մեծ օրակարգ՝ քննարկման ու վավերացման անորոշ հեռանկարով:

Անկարան ու Երեւանը երկխոսության
ըպատրաստ, բայց հակադիր ծրագրերով

Քառամյա դադարից հետո նոր ուղերձափոխանակություն տեղի ունեցավ Երեւանի ու Անկարայի միջեւ: 2014թ.Ապրիլի 24-ին դեռեւս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ հրապարակեց, որն իր բովանդակության պատճառով արժանացավ թե՛ ծափահարությունների, թե՛ քննադատությունների:

Դրանում Թուրքիայի վարչապետը աշխարհից ու Հայաստանից «կրոնապես ու էթնիկապես արդար, ոչ խտրական ու հավասար մոտեցում» էր պահանջել Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում կատարվածը գնահատելիս, հիշատակելիս ու ոգեկոչելիս, ինչպես որ, իր բնորոշմամբ, նույնքան անխտրական են եղել դրանց բնույթն ու հետեւանքները[2]: «Թուրքիայի դեմ թշնամանքն արդարացնելու համար 1915թ. իրադարձություններն օգտագործելն ու դա քաղաքական հակամարտության առարկայի վերածելը», «պատմությունից թշնամանք ածանցելն ու նոր անտագոնիզմ ստեղծելը» նա գնահատել էր անընդունելի, նաեւ՝ «անօգտակար համատեղ ապագա կառուցելու համար»:

Ուղերձում առացքային էր այն, որ առաջին աշխարհամարտի «ընդհանուր ցավ»-ի գնահատումն «արդար հիշողության» միջոցով նա համարել էր «մարդկային ու գիտական իրավասության» հարց: Ուստի, հղում կատարելով Թուրքիայում արխիվների բացությանն ու  «1915թ. դեպքերը գիտականորեն ուսումնասիրելու նպատակով համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու»՝ նախկինւմ արված առաջարկին, նա այն համարել էր ուժի մեջ, նկատելով, թե «թուրք, հայ, արտասահմանցի պատմաբանները էական դեր կխաղան դրանց վրա լույս սփռելու գործում»: Այս ամենի հիման վրա Էրդողանը հայտարարեց, որ դարաշրջանի ոգին պահանջում է «երկխոսություն՝ անկախ տարաձայնություններին, փոխըմբռնում՝ ունկնդրելով ու հետեւելով այլոց, գնահատելով փոխզիջումների եղանակները, մերժելով ատելությունը եւ տուրք տալով հարգանքին ու հանդուրժողականությանը»:  

Պատմական դեպքերը հանձնաժողովի միջոցով ու «արդարաբար, գիտականորեն եւ համակողմանի քննելու» Էրդողանի այս մոտեցման պատասխանն էր մայիսի 27-ին Հայաստանի նախագահի պաշտոնական հրավերը «Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին եւ առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»[3]: Սերժ Սարգսյանն էլ «հստակ կոչ արեց բոլոր պետություններին, միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ճանաչել եւ դատապարտել աննախադեպ ոճիրը», տեղեկացնելով, որ հրավերներ է ուղարկել նաեւ մի շարք պետությունների ղեկավարներին՝ 2015թ. ընթացքում եւ հատկապես ապրիլի 24-ին այցելելու Հայաստան` հայության հետ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության մեկ եւ կես միլիոն անմեղ նահատակների հիշատակին:

Ընդգծելով «երկու ժողովուրդների միջեւ հաշտեցման ուղի գտնելու համար պայմաններ ստեղծելու» շահագրգռությունը եւ վկայակոչելով ու ողջունելով երիտասարդ սերնդի «հազարավոր թուրքերի՝ սեփական կառավարությունից ճշմարտության բացահայտման եւ արդարության պահանջը», Հայաստանի նախագահը վերահաստատեց, որ հավատարիմ է մնում Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը, թեեւ թուրքական կողմից միայն նման ցանկության մասին հայտարարություններ է լսում. «Եթե ցանկությունն իրոք անկեղծ է, ապա Թուրքիան լավ գիտի Հայաստան-Թուրքիա հաշտեցումը կյանքի կոչելու ուղին», իսկ «անցյալի ծանր բեռից ազատվելու միակ հնարավոր քայլը, որ պետք է կատարի Թուրքիայի իշխանությունը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Կիսաքայլերով լուրջ արդյունքի հասնել հնարավոր չէ»:

Ցեղասպանության միջազգային ճանաչումն ընդդեմ «արդար հիշողության» որոնումների

Անշուշտ, Թուրքիային մինաշանակ պետք է մտահոգեին Սերժ Սարգսյանի արած երեք հայտարարությունները:

1) «չպետք է հույսեր տածել, թեՄեծ եղեռնի հարյուրամյակը մեր դատի սահմանագիծն է.այն սոսկ մեր վիշտը սգալու, հոգեպես ամրապնդվելու եւարդարությանը հասնելու յուրատեսակ հանգրվան է»:

2) Հայաստանն ու հայությունը այդ հարյուրամյակին ներկայանալու են «նորացված նպատակադրումներով եւմեր առջև դրված համահայկական նոր օրակարգով, առավել հզոր պետականություն եւառավել համախմբված Սփյուռք ունենալու ծրագրերով», երբ ամփոփվելու է պատմական մի շրջան եւ ազդարարվելու է «հանուն արդարության վերականգման պայքարի մի նոր փուլ»:

3) «նոր թափով, եռանդով ու վճռականությամբ շարունակելու ենք մարդկության դեմ ուղղված հանցագործության` Հայոց ցեղասպանության ճանաչման եւդատապարտման համար մղվող մեր պայքարը», որպես աշխարհին ուղղված կարեւոր ուղերձ:   

Թերեւս, այս անցանկալի հայտարարությունների պատասխանն էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ մայիսի 4-ին տպագրված հոդվածը, որի հենց վերնագրում նա ամփոփեց Ռ.Թ.Էրդողանի ապրիլ 24-յան ուղերձի հիմնական թիրախը՝ «բոլորի համար արդար հիշողության»[4] հասնելը: Դրանում Դավութօղլուն բացեց ուղերձի թեզերն ու այդ ուղղությամբ Անկարայի առաջիկա քայլերի որոշ ուղղությունները:

Անդրադառնալով նախնիներից փոխանցված «ընդհանուր ցավն» «արդար հիշողությամբ» ամոքելու նպատակով պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկին, նա գայթակղություն ստեղծեց արտասահմանցի պատմաբանների համար, թե  «Մինչարեւմտյանպատմագիտությանմեծմասըմեզպատմումենունեզրկվածեւսպանվածօսմանյանքրիստոնյաներիմասին, օսմանյանմահմեդականներիհսկայականզրկանքներըմեծապեսանհայտենմնումԹուրքիայիցդուրս»՝ խոսելով Օսմանյան կայսրության ապաինտեգրման շրջանում Բալկաններում, Կովկասում եւ Անատոլիայում մոտավորապես 5 միլիոն օսմանյան քաղաքացիների՝ իրենց նախնյաց տները լքելու մասին: Ակնհայտորեն, «ամբողջական ու արդար օսմանագիտության» ստեղծելու գործին «անիրազեկ» արեւմտյան պատմաբանների ներգրավումը առաջիկայում լինելու է թուրքական կառավարության գերակա ուղղություններից մեկը:

Երկրորդ ուղղությունն ու թիրախը հայկական սփյուռքն է: Դավութօղլուի բնորոշմամբ, Անկարան որդեգրել է «սփյուռքի նոր հայեցակարգ» որի համաձայն«Թուրքիայում արմատներ ունեցող բոլոր սփյուռքները, ներառյալ՝ հայկական սփյուռքը, նաեւ մերնէ, եւ պետք է որպես այդպիսին գրկաբաց ընդունել»: Իր խոսքերով՝ թուրք «դիվանագետները ջերմեռանդորեն եւ առանց որեւէ վրեժխնդրության ցանկության են ընդունել ԱԳ նախարարի հանձնարարությունը», չնայած նրանցից«շատերը տակավին սգում են ԱՍԱԼԱ-ի կողմից սպանված իրենց ընկերների եւ գործընկերների համար», բայցեւ գիտակցում են, որ «սպանվածների հիշատակը լավագույնս հարգած կլինենք, եթե կարողանանք միասին թաղել թշնամությունը»:

Այս մի ուղղությունն էլ փաստում է հայկական սփյուռքը պառակտելու Անկարայի հեռահար նպատակի մասին: Թերեւս հենց այս նպատակի լույսի ներքո են բացատրելի դառնում, թե ինչու պաշտոնական Անկարան նախկինում հավանություն տվեց հայ-թուրքական հաշտեցման հասարակական հանձնաժողովի ստեղծմանը, որում ներգրավվեցին քաղաքական գործիչներ ու հայ պատմաբաններ թե՛ Հայաստանից, թե՛ Սփյուռքից:

Այն նաեւ բացահայտելու է գալիս Անկարայի սպասելիքները անցած տարիների ընթացքում ձեռնարկված մի շարք քայլերից. Աղթահամարի եկեղեցու վերանորոգումն ու այնտեղ տարեկան մեկ անգամ պատարագ մատուցելու թույլտվությունը, պատմական Հայաստանի տարածքում ծագումով հայերի զբոսաշրջությունը խթանելը, Դիրաբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգումը, Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովներ ու դրանց հայ մասնակիցներ հրավիրելը, այդ թեմայով Թուրքիայում տակավին վերահսկելի բացախոսություն ապահովելը, այժմ էլ՝ Անին Յունսեկոյի կողմից պահպանվող մշակութային հուշարձանների ցանկում ընդգրկելու մտադրությունն ու վերջերս ծագումով հայ լրագրող, գրող Էթիեն Մահչուփյանին Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելը:

Նման քայլերով Թուրքիան փորձում է գերել ու գայթակղել ոչ միայն միջազգային հանրությանը, որ հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ վստահության վերականգնման գործընթաց է գնում, որին պետք չէ խանգարել Ցեղասպանության ճանաչմամբ, այլեւ թե՛ Հայաստանում, թե՛ նրանից դուրս երկատել իր հանդեպ կարծիքը: Երկատված միջազգային հանրությունն ու հայությունը հրաշալի ավազան են դառնում 1915թ. մասին «մարդկային ու գիտական իրավասության դաշտում երկխոսելու» ու «արդար հիշողություն» ձեւավորելու հարցում գործընկերներ գտնելու համար:

Անկարայի «այս շահագրգռության մեջ յուրաքանչյուրին համարելով պոտենցիալ գործընկեր», Ա.Դավութօղլուն կոչ է արել «բոլոր շահառուներին, քաղաքականություն մշակողներին եւ ստեղծագործ մտածողներին որսալ այս պահը եւ միանալ մեզ հայ-թուրքական հարաբերությունների համար ավելի լավ ապագա վերակառուցելու նպատակով: Վարչապետ Էրդողանի հայտարարությունը աննախադեպ եւ համարձակ քայլ է այս ուղղությամբ: Կարծում եմ, որ հիմա այդ հարաբերություններում ներդրում կատարելու պահն է: Սակայն, մենք կարող միայն հաջողության հասել այն դեպքւոմ, եթե այս ջանքը ընդունելություն գտնի ավելի լայն զանգվածների՝ հաշտեցման պատմական գործընթացում սեփական դրոշմը թողնելու մտադրության մեջ: Թուրքիան պատրաստ է»:

Սակայն, Սփյուռքի հանդեպ Անկարայի քաղաքականությունը, բացի ենթադրելի քաղաքական քայլերից, սպառնում է ունենալ նաեւ այլ՝ ռազմական դրսեւորումներ, ինչի նշաներ երկու անգամ նկատվեցին տարվա ընթացքում: Առաջինը, 2014թ. մարտի 20-ին էր, երբ Անկարայի բացահայտ ռազմա-քաղաքական ու տարածքային-նյութական աջակցությունը վայելող իսլամիստական ծայրահեղական խմբավորումները (Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն եւ այլք[5]) Թուրքիայի ոստիկանական անցակետով անխոչընդոտ ներթափանցեցից Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայր ու մեկ շաբաթից ավել գրավեցին այն՝ բոլոր բնակիչներին, այդ թվում հայերին, մատնելով հարկադրված գաղթի: Չնայած միջազգային ԶԼՄ-ների կողմից վավերագրված/տեսագրված այս փաստին[6], Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարեց, թե Անկարան այդ գործողության հետ կապ չունի, մյուս կողմից էլ քարոզչական դաշտում լայնորեն գովազդեց փախստական որոշ քեսաբահայերի իր կողմից ապաստան տրամադրելն իբրեւ «սեփական սփյուռքին գրակաբաց ընդունելու» քաղաքականություն:

Երկրորդ վտանգավոր միջադեպն արձանագրվեց Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի օրը՝ 2014թ.սեպտեմբերի 21-ին, երբ նույն ահաբեկչական խմբավորման զինյալները պայթեցրին Սիրիայի Դեյր Էզ-Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին ու նրան կից Ցեղասպանության հուշահամալիրը, որոնք խորհրդանշում էին Հայոց Ցեղսպանությունը, ամփոփում դրա բազում նահատակների մասունքներ, իսկ ամեն տարի ապրիլի 24-ի էլ ուղտատեղի էին դառնում հազարավոր հայերի համար[7]: Ահաբեկչական խմբավորումների հետ խորքային հետախուզական-գործակալական կապեր ունեցող Անկարան միանգամայն կարող էր ազդել թիրախի ընտրության հարցում, իսկ նրանց միջեւ «փոխշահավետ գործարքի» մասին տեղեկություններ միջադեպից հետո կրկին հայտնվեցին միջազգային մամուլում:

Արժանահիշատակ է, որ այս վանդալիզմից ընդամենը մեկ օր առաջ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում հայտարարել էր, որ առաջիկայում հայցով դիմելու են Թուրքիայի Սահմանադրական դատարանին` պահանջելով վերադարձնել Կիլիկիո կաթողիկոսության պատմական նստավայրը՝ Սիսը, իսկ եթե Անկարայից մերժում ստանան, ապա որոշումը բողոքարկելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էլ նույն միջոցառման ժամանակ հայտարարեց հայ-թուրքական զույգ արձանագրությունները Ազգային ժոցովի մեծ օրակարգից ետ կանչելու իր մտադրության մասին, Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը որակելով կատարելագործված ժխտողականություն:

Թերեւս, Հայաստանի ու հայկական սփյուռքի կամքի վրա նաեւ այպիսի մեթոդներով ազդելու Անկարայի անբացահայտ եւ անուղղակի ռազմավարությունը ապագայում հատկապես Մերձավոր Արեւելքում կամ անգամ Թուրքիայի տարածում հայերի ու հայկական պատմամշակութային արժեքների համար էլ ավելի է մեծացնելու նախ հարձակման թիրախ, ապա թուրքական իշխանությունների «հոգածության», եւ վերջապես՝ գովազդի առարկա դառնալու ռիսկերը:

Ղարաբաղյան հակամարտությունը վերստինսահմանը չբացելու պատրվակ եւ կարճ անցում դեպի նախապայմանայինքաղաքականությանը

Թերեւս վստահության ամրապնդման ուղղությամբ թուրքական կառավարության վերոթվարկյալ քայլերն ու մետեցումները,  Հայաստանի հետ նոր եւ բաց երկխոսություն սկսելու նրա պատրաստակամությունը վերլուծելիս որեւէ կասկածամտություն կամ նախապաշարմունք չծագեր, եթե չլիներ մի էական հանգամանք:

Անշուշտ, Անկարան քաջատեղյակ է, որ Հայաստանի հանդեպ իր ակնհայտ թշնամական ու անբարյացկամ քաղաքականության ամենաանհերքելի ապացույցը հայ-թուրքական սահմանի փակ լինելն ու Ադրբեջանի հետ համատեղ նրան շրջափակելն է: Ըստ այդմ, Թուրքիայի իշխանությունները քաջ գիտակցում են, որ հայ-թուրքական սահմանի բացումը (անգամ՝ առանց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու) երկխոսության վերականգնման համար անհրաժեշտ վստահության մթնոլորտ ստեղծելու ամենակարճ եւ արդյունավետ ուղին է, որը Երեւանում կընկալվի իբրեւ իր հանդեպ պատժիչ քաղաքականությունից հրաժարվելու անբեկանելի նշան:

Ուշագրավ է, որ պաշտոնական Անկարայի եւ Երեւանի միջեւ վերը նշված ուղերձափոխանակության շրջանում, ավելի ստույգ՝ ճիշտ նույն օրերին, երբ այն ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութղլուն մեկնաբանում էր Էրդողանի հայկական քաղաքականությունն ու նրա պատրաստակամությունը հաշտեցման գործընթացի վերսկսման կապակցությամբ, չափազանց նշանակալի իրադարձությունների շարք արձանագրվեց հայ-ադրբեջանական դիմակայության առանցքով:

Դրանցում կարմիր թելի նման անցնող թուրքական հետքն ու ներգրավվածությունը, կարծես թե, միտված էր Հայաստանի հետ փակ սահմանը չբացելու “ծանրակշիռ” հիմքեր ստեղծելուն եւ Երեւանի վրա ճնշումները զուգահեռ առանցքով մեծացնելուն: Ինչպես անցյալն է փաստել, ղարաբաղյան հակամարտության ապասառեցումը դրա ամենակարճ ճանապարհն է:

Մասնավորապես, մայիսի 5-ին հրադադարի ռեժիմը ադրբեջանական կողմից կոպտորեն ու աննախադեպ խախտվեց Նախիջեւանի հատվածում՝ պատճառելով մարդկային կորուստներ: 1994թ. մայիսին ղարաբաղյան հակամարտության երեք կողմերի՝ Հայաստանի, ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջեւ կնքված զինադադարի համաձայնագրի 20-ամյա պատմության ընթացքում դա չափազանց անսովոր էր սահմանի այդ հատվածի համար[8]: Ոչ միայն հայ ռազմական փորձագետները, այլեւ ընդհուպ ՀՀ Պաշտպանության նախարարը բաց ակնարկեցին  դրան Թուրքիայի առնչությունը:

Փորձագետները հիշեցրին, որ 2013թ. դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով Նախիջեւանի 5-րդ բանակային կորպուսի հիմքի վրա ստեղծված Առանձին համազորային բանակ կոչվող զորամիավորումը «միշտ եղել է Թուրքիայի զինված ուժերի առանձնահատուկ ուշադրության ներքո եւ, փաստորեն, կարելի է ասել, որ այն որոշ չափով թուրքական բանակի արշավային կորպուսն է»[9]:

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան նույնպես այդպիսի ակնարկ արեց՝ հղում տալով ռազմական հետախուզության տվյալներին. «Նախիջեւանյան հատվածը առանձնահատուկ է Ադրբեջանի զինված ուժերի կազմում, որովհետեւ այնտեղ ձեւավորվել է առանձին համազորային բանակ եւ դրա ձեւավորման ընթացքում մենք միշտ տեղեկություն ունեցել ենք Թուրքիայի կողմից աջակցության, նրանց այդ տարածքում վարձկանների առկայության, փոքր ստորաբաժանումների առկայության մասին»[10]:

Այս միջադեպին վերաբերյալ մեր վերլուծության[11] մեջ հակամարտության ապասառեցման հարցում Բաքվի ունեցած շահագրգռությունները, կամ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցելու («Ղարաբաղո՞վ, թե առանց նրա») գործընթացի հետ ունեցած կապը վերլուծելուց զատ անդրադարձել էինք Թուրքիայի ներգրավվածության մի քանի նպատակների եւս:

1)Նախիջեւանի սահմանի թեժացումը նշանակում էր գրգռել խոշոր տերություններին՝ Իրանին,  իսկ առաջին հերթին Թորքիային, ինչն էլ իր հերթին նշանակում է վերջինիս անուղղակի ներգրավել կովկասյան գործերում, որտեղ Ռուսաստանի մեծացած ներգրավվածությունը իրողություն է:

2) Այն կապ ուներ նաեւ նույն օրերին Բոդրում քաղաքում Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի նախագահների մասնակցությամբ տեղի ունեցած Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի IV նիստի հետ, որը, ի հակակշիռ Ռուսաստանի առաջ մղած եվրասիական ինտեգրման նախագծի, նույնպես հետապնդում է Կրեմլի կողմից թիրախավորված երկրների հետ, ու մասնավորապես Կովկասում, ազատ առեւտրի գոտի ստեղծելու նպատակ:

3) Բոդրումյան հավաքում բացի թյուրքալեզու երկրների տնտեսական ու քաղաքական ինտեգրման արծարծումը, Ադրբեջանի նախագահը օրակարգ էր մտցրել նաեւ ղարաբաղյան հակամարտությունն իր տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու, ՄԱԿ-ի ԱԽ ընդունած չորս որոշումները կյանքի կոչելու հարցը[12]:

Եթե հուլիս-օգոստոսին Թուրքիան մի կողմից ընկղմվել էր օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրարաշավում, ապա մյուս կողմից էլ նույն շրջանում Բաքվի սանձազերծած լայնամասշտաբ սադրանքի ժամանակ սահուն եւ արագ վերադիրքավորվեց որպես Ադրբեջանի շահերը հետապնդող ու պաշտպանող կողմ: Ադրբեջանին նրա ցուցաբերած քաղաքական ու բարոյական աջակցության ապացույցները բազում են, որքան էլ ռազմական ուղղակի մասնակցության ապացույցեր դեռ չկան:

Այդպիսի էր Միջազգային համագործակցության եւ զարգացման թուրքական  գործակալության (Turkish International Cooperation and Development Agency (TIKA)) կողմից վիրավոր ադրբեջանցի զինվորների բուժումը Թուրքիայի հոսպիտալներում կազմակերպելը (փարատված չեն ընդհուպ կասկածները, որ նրանք Թուրքիայի քաղաքացիներ չեն եղել, կամ որ դրանց թիվը ավելին չի եղել, քան հայտարարված 3-ը)[13]: Նրանց այցելած Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեկը[14] եւ ԱԳ նախարար Դավուօղլուն[15] առիթն օգտագործեցին Ադրբեջանին ու նրա արկածախնդրությանն աջակցող ոչ միայն բարոյական, այլեւ քաղաքական հայտարություններ անելու համար:

Հաջորդած մի քանի այլ իրադարձություններ կրկին բացահայտ դարձրեցին Թուրքիայի առնվազն քաղաքական ներգրավվածությունը կամ շահագրգռվածությունը հակամարտության ապասառեցման հարցում: Օգոստոսի 19-ին Նախիջեւանում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումից հետո հայտարարվեց, որ առաջիկայում «երեք երկրները համատեղ զորավարժություններ կանցկացնեն, որոնց նպատակը զինված ուժերի մարտունակության բարձրացումն է», նաեւ՝ «տարածաշրջանի էներգա-հաղորդակցական ենթակառուցվածքների համատեղ պաշտպանությանը», իսկ նախիջեւանյան հանդիպման նպատակը «բոլոր ռազմավարական օբյեկտների անվտանգության ամրապնդման միջոցառումների պլանի քննարկումը եւ ստորագրումն» է:

Նաեւ որոշվել էր ապագայում նույնատիպ հանդիպումներ հրավիրել Թբիլիսիում ու Ստամբուլում: Պաշտպանության եւ անվտանգության ոլոտում Թուրքիայի այս նախաձեռնության շարունակականություն ադրբեջացի եւ թուրք ռազմական փորձագետները համարում են դեպի ռազմական նոր դաշինքի ստեղծում տանող գործընթաց[16]:

Իսկ Անկարային ու Բաքվին չափազանց պետք էր/է Հայաստանից եկող ենթադրյալ «նավթագազամուղերի սպառնալիքը», ինչը թույլ կտա/ր Թուրքիային հակամարտության վերաբռնկման ժամանակ որպես դաշնակից եւ շահագրգիռ կողմ ուղղակիորեն ներգրավվել դրանում, այդ թվում՝ Նախիջեւանից Երեւանին հարվածներ հասցնելու համար[17]: Հոկտեմբերի 12-20-ը Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների հետ Ադրբեջանի բանակի աննախադեպ լայնամասշտաբ (գրեթե 35.000 անձնակազմ եւ բոլոր տեսակի զորքերի մասնակցությամբ ու զինատեսակների փորձարկմամբ) զորավարժությունները թերեւս այս ամենի շարունակությունն են:

Այնուհետեւ, սեպտեմբերի 2-ին պաշտոնական առաջին այցով Բաքու մեկնած Թուրքիայի նորընտիր նախագահ Ռ.Թ.Էրդողանը հայտարարեց, թե «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության որեւէ լուծում պետք է հաշվի առնի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», իսկ Թուրքիան, ում «արտաքին քաղաքականության անկյունաքարը պետք է լինի խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում», իր «հնարավոր աջակցությունը կդիտարկի այդ շրջանակներում»[18]:

Սեպտեմբերի 3-ին Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամլո ասուլիսում էլ Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը պետք է խաղաղություն հաստատի Ադրբեջանի հետ մինչեւ Թուրքիայի հետ իր հարաբերություններն ամրագրելը, եւ դա Երեւանի թիվ մեկ խնդիրը պետք է լինի: Նշելով, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Թուրքիայի համար առաջնահերթություն ու երկու երկրների հարաբերությունների մակարդակի ցուցիչ է, Էրդողանը հավելել էր. «Եթե հայ-ադրբեջանական խնդիրը լուծվի, ապա կլուծվի նաեւ հայ-թուրքական խնդիրը: Սակայն, եթե առաջին խնդիրը չլուծվի, ապա երկրորդն էլ կմնա նույն վիճակում: Դրա մասին մենք նախկինում էլ ենք հայտարարել, եւ ես նորից կրկնում եմ: Մեր զորակցությունն այդ հարցում առաջիկայում էլ նույնքան վճռական է լինելու»[19]

ՆԱՏՕ-ի Ուելսյան գագաթաժողովին մասնակցելու մեկնող Ռ.Թ.Էրդողանը հենց Բաքվում խոստացավ Լեռնային Ղարաբաղի հարցը մտցնել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգ, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքին էլ հիշեցնել Ադրբեջանին տրված խոստումների կարեւորության մասին, ինչպես որ նա այլ երկրների է խոստում տվել ու կատարել[20]: Սեպտեմբերի 5-ին Էրդողանը ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստում հայտարարեց. «ՆԱՏՕ-ի կողմից Ադրբեջանին տրված խոստման կատարումը կարեւոր է:  Ղարաբաղյան խնդրի  լուծումը  տարածքային  ամբողջականության շրջանակներում  մեծ  նշանակություն ունի եւ այդ հակամարտությունը պետք է լուծվի»[21]:

Պաշտոնական Երեւանը այս ամենը սոսկ դիտարկեց որպես «Էրդողանի կողմից Ալիեւի դեմքը փրկելու շոու»[22], մինչդեռ Անկարային ոչ միայն պետք էր հաճոյանալ կրտսեր եւ խոցված եղբորը կամ փրկել նրա դեմքը, այլեւ ղարաբաղյան խնդրով վերստին կանգնել այն դիրքերի վրա, որոնք նախկինում երկու անգամ ՝ 1990-94 եւ 2008-10թթ. իրեն օգնել էին միջազգային ճնշման պարագայում ու առանց նախապայմանների չբացել Հայաստանի հետ սահմանը:

Գոնե Անկարան լավ գիտե, որ իր մայիս-հունիսյան ուղերձներով շարժել է միջազգային հանրության հետաքրքրությունը, ըստ այդմ՝ սպասելի են վերջինիս մեծ ճնշումներն այդ ուղղությամբ: Ուստի ղարաբաղյան հակամարտությունը հերթական անգամ նրան պետք էր նախեւառաջ որպես մարտավարական գործիք: Մանավանդ որ օգոստոսի 21-ին «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագահ ընտրվելիս ներկայացված Մանքիֆեսթի 9 կետերից մեկում, իսկ սեպտեմբերի 1-6-ին Թուրքիայի Մեծ Ազգային ժողովում իր նորակազմ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, թե «Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգի կարեւոր կետերն են Կիպրոսի խնդիրը եւ Հայկական հարցը»:

Հայ-թուրքական հարաբերությունները վերաբեռնելու կապակցությամբ հայտնված հերթական հավաստիացման եւ սպասելի միջազգային ճնշումների խորապատկերին Անկարան նաեւ գիտակցում է Ցեղասպանության ճանաչման վտանգը ԵՄ որոշ երկրներից, ովքեր դա Կիպրոսի, քրդական ու Թուրքիայի ներքին ժողովրդավարության խնդիրների հետ միասին ժամանակ առ ժամանակ օգտագործել են նրա մուտքը եվրոպական ընտանիք դանդաղեցնելու կամ կանխելու նպատակով: Այս անգամ այդ ամենին ավելացել են Ցեղասպանության 100-ամյակի տարելիցն ու պաշտոնական Երեւանի արած հայտարարությունները:

Ուստի, որքան էլ Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, թե ԵՄ-ը Անկարայի համար հետայսու էլ կմնա որպես ռազմավարական նպատակ[23], այդուհանդերձ, ակնհայտ է, որ նրա համար թուրք-եվրոպական ու թուրք-հայկական առանցները անբացահայտ շաղկապված են, հետեւաբար երկրորդի ակտիվացմանն ուղղված քայլը պահանջում է առաջինի ակտիվացում, իբրեւ մարտավարական հնարք, եւ հակառակը:

Միայն հավակնոտ «Նոր Թուրքիայի» հայեցակարգն ու դրան հասնելու ուղիները, որոնք բնութագրող բոլոր չափանիշները Ռ.Էրդողանն ու Ա.Դավութօղլուն շարադրեցին թե՛ իրենց կուսակցության համագումարում[24], թե՛ Թուրքիայի խորհրդարանում, (իսլամական տարրերով հագեցած “Սրբազան երթով” դեպի աշխարհի 10 հզոր տնտեսություն ունեցող երկիր դառնալը), ավելի շատ վկայում էին Թուրքիայի ռեգիոնալ տերություն, քան թե ԵՄ անդամ՝ այն էլ կրոնական երանգավորմամբ, դառնալու մտադրությունների մասին:  Հետեւաբար, այդ ճանապարհին հայկական հարցով ԵՄ-ից, այլ երկրներից ու Հայաստանից եկող վտանգներն ընդամենը պետք է կառավարել:

Դա՞րձ
իշրջանսյուր

Հայաստանն ու Թուրքիան թեւակոխում են Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի տարի՝ 1915թ. Հայոց Ցեղասպանության չամոքված էջով, դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ, փակ սահմաններով, հին ու նոր թշնամանքի բեռով: Երկու ախոյաններն էլ պատրաստվում են միֆականացված տարեթվին՝ ամեն մեկը սովորականից ավելի մեծ նախապատրաստություններով, վճռականութամբ, վերախմբագրված ռազմավարություններով, թեպետ երկուսի համար էլ ապագայի անորոշություններն ավելին են, քան որոշակիությունները:

Երկու տասնամյակից մի փոքր ավել է, ինչ Հայկական հարցն իր թուրքական եւ 90-ականներից դրան միացած արցախյան (ղարաբաղյան) բաղադրիչներով կազմում է Հայաստանի ու նրա հարեւան Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների գերակայող բովանդակությունը[25]: Կողմերի հարաբերությունների գլխավոր շարժիչ ուժը մնում է նոր հակամարտություններով կամ դրանց ռիսկերով, անբարյացկամ ու միմյանց մեղադրող քաղաքականությամբ նորոգված վաղեմի թշնամանքը, որոնք ընդամենը բացում եւ թարմացնում են այդպես էլ չսպիացած հին վերքը:

Քառամյա դադարից հետո 2014-ին վերաբեռնված հայ-թուրքական հաշտեցման նոր փորձը դեռ չմեկնարկած, արդեն իսկ Անկարայի ջանքերով միտումնավոր կապակցվել է ղարաբաղյան խնդրին՝ որպես նախապայման: Իրավիճակը դեժավյուի զգացողություններ է առաջացնում, սակայն, մեկ տարբերությամբ. 90-ականներին ղարաբաղյան հակամարտությունը կատարելապես թեժ վիճակում էր, այժմ՝ դեռեւս ապասառեցման ռիսկի տակ, եթե իհարկե, այն ավելի թեժացնելու շահագրգռություներ ի հայտ չգան:

Հենց միայն դրանից ակնհայտ է դառնում, որ Թուրքիան այս անգամ էլ է բացառապես շահագրգռված իմիտացիոն գործընթացի ու կեսքայլերի միջոցով նախ հաղթահարել Ցեղասպանության 100-ամյակի սահմանագիծը, ապա առնվազն մի քանի տարով երկարաձգել կամ թուլացնել Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը: 

Եթե միշտ քննարկվել է ղարաբաղյան հակամարտության ազդեցությունը հայ-թուրքական հարաբերությունների վրա, ապա ստվերում է մնացել այն, որ շատ հաճախ Անկարան է հայ-թուրքական հարաբերությունների միջոցով ազդել/ազդում նրա վրա: Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած տարածաշրջանային քաղաքականության մեջ թե՛ հայկական հարցը, թե՛ ղարաբաղյան հակամարտությունը §բազմաֆունկցիոնալ¦ են: Ահմեդ Դավութօղլուի “Ռազմավարական խորք” հայեցակարգի համաձայն՝ դրանք եւս ռազմավարական ակտիվ են, որոնցից յուրաքանչյուրը կարող է մարտավարական գործիքի վերածվել մյուսի վրա ազդելու համար, եւ հակառակը:  

Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը առաջընթաց կգրանցի, եթե հաջողվի նվազագույնի հասցնել ոչ միայն այդ երկու խնդիրների կապն ու փոխազդեցությունը, այլեւ՝ Թուրքիային զրկել դրանք մարտավարական նպատակով օգտագործելու բոլոր հնարավորություններից: Անկարայի համար հայ-թուրքական հաշտեցումը ռազմավարական նպատակի վերածելը նախեւառաջ պահանջում է ղարաբաղյան հակամարտության գրեթե կատարյալ կառավարում՝ բացառելով այն ապակայունացնելու ռիսկերը, հատկապես երբ, ինչպես փորձն է ցույց տալիս, դրանում հաճախ են շահագրգռված դառնում Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Թուրքիան՝ իհարկե, հետապնդելով տարբեր շահեր:

Որքան էլ Կովկասյան տարածաշրջանում խոշոր տերությունների շահերի դրեյֆը կամ տեկտոնական ցնցումները Թուրքիային շահագրգռում են իր տարածաշրջանային քաղաքականության մեգանպատակները հետապնդելու մղումով նետվել այնտեղ, այդ համատեքստում նաեւ հետաքրքրություն ցուցաբերելով ավելի ստորակա՝ հայ-թուրքական օրակարգի հանդեպ, միեւնույն է այդպիսի ցնցումները արագորեն սրում են անվտանգության խնդիրները, որոնք էլ հենց դեմ են աշխատում հայ-թուրքական մերձեցմանը:

Ավանդական մոտեցումը, թե հայ-թուրքական գործընթացի առաջընթացը հնարավոր է դրան զուգընթաց ղարաբաղյան խնդրում բեկման դեպքում, թերեւս նույքան ձախողված է, որքան Թուրքիայի նախապայմանային դիրքորոշումն այդ հարցում. ինչպես նախորդ փորձը ցույց տվեց, հակամարտության կարգավորման Մեծ պայմանագրի մանրունքների համաձայնեցման փորձերն իրենց յուրօրինակ դերակատարումն ունեցան հայ-թուրքական փակուղին խորացնելու գործում:  

Թուրքիայի համար փոխշախկապված ու միաժամանակ թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական նշանակություն ունեն նաեւ եվրոպական ու հայկական օրակարգերը, որոնք Անկարան խաղարկում է ճիշտ նույն ձեւով, ինչպես որ իր հայկական քաղաքականության մեջ է գործածում ղարաբաղյան խնդիրը: Սակայն, հենց այստեղ է թաքնված բանալին: Թերեւս ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը, մյուս կողմից էլ Թուրքիայի եվրաինտեգրման միջոցով նրա խորքային բարեփոխումն են ունակ Թուրքիային զրկել հայկական օրակարգը այլ առանցքներով իբրեւ մարտավարական գործիքակազմ օգտագործելուց՝ այն դարձնելով անխուսափելի ռազմավարական հեռանկար:

Երեւանն ու Անկարան առայժմ շարժվում են տարբեր ուժագծերով, որոնք իրար են մոտեցնում կուտակված հին ու նոր թշանամանքի բեռը: Անկարայի նպատակն է հայ-թուրքական օրակարգի բոլոր հարցերը եւ շահառուներին՝ Ցեղասպանության ճանաչումից, ղարաբաղյան խնդրից, օտարազգի ու հայազգի պատմաբաններից, քաղաքականություն մշակողներից մինչեւ Սփյուռք, վերցնել իր կատարյալ վերահսկողության ներքո եւ գործընթացը մի քանի տարի միանձնյա կառավարել: Երեւանը, արդեն բացահայտ նպատակ հռչակելով Ցեղասպանության միջազգային ճանաչումը, փորձելու է Սփյուռքի ու լոբբիստական կառույցների միջոցով Անկարայի մոնոպոլ վերահսկողությունից դուրս հանել Ցեղասպանության խնդիրն ու այն փոխանցել միջազգային եւ Թուրքիայի ազատ հանրությանը, ինչը չափազանց ներդաշնակ է միջազգային/եվրոպական մոտեցմանը:

Հաշտության համար ռիսկերը մեծ են հատկապես Ցեղասպանության 100-ամյակի տարում: Անցած ու անցնող տարվա ընթացքում Թուրքիայի պատժիչ քաղաքական ու կիսառազմական քայլերը այդպիսի դրսեւորումներ ակնկալելի են դարձնում նաեւ առաջիկայում՝ խոստանալով ստեղծել թշնամանքի նոր օջախներ: Հայաստանն ու միջազգային հանրությունը պետք է կառավերն բոլոր ռիսկերը, այլապես իրատեսական է լինելու թշնամանքի մերձեցումը, այլ ոչ թե հաշտեցումն ու հարաբերությունների նորմալացումը: 




[1]
Թուրք պաշտոնյաները, մինչ այդ խոսելով ստորագրված արձանագրությունների բովանդակոթյան մասին, հայտարարում էին, թե դրանք միջպետական սահմանի ուղղակի եւ դրա հիմքերի՝ 1921թ. Ղարսի  ու Մոսկվայի պայմանագրերի անուղղակի ճանաչման, Ցեղասպանության եղելությունը քննարկելու նպատակով պատմաբանների կառավարական հանձնաժողով ստեղծելու մասին են: Մինչդեռ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ դրանք բացառապես երկու երկրների միջեւ փակ սահմանի բացման, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ մի շարք ոլորտներում համագործակցության մասին են:

[2] The unofficial translation of the message of The Prime Minister of The Republic of Turkey, Recep Tayyip Erdoğan, on the events of 1915, 23 April 2014, http://www.mfa.gov.tr/turkish-prime-minister-mr_-recep-tayyip-erdo%C4%9Fan-published-a-message-on-the-events-of-1915_-23-april-2014.en.mfa

[3]
Հայաստանի նախագահի ելույթը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստում Հայերեն՝ http://www.president.am/hy/press-release/item/2014/05/27/President-Serzh-Sargsyan-Commission-on-coordination-of-activities-dedicated-to-100th-anniversary-of-Armenian-Genocide/  Անգլերեն՝ http://www.president.am/en/press-release/item/2014/05/27/President-Serzh-Sargsyan-Commission-on-coordination-of-activities-dedicated-to-100th-anniversary-of-Armenian-Genocide/

[4]
“A Just Memory For All”, Article by H.E. Ahmet Davutoğlu, Minister of Foreign Affairs of Turkey, 4 May 2014, http://www.mfa.gov.tr/a-just-memory-for-all-article-by-h_e_-ahmet-davutoglu_-minister-of-foreign-affairs-of-turkey.en.mfa

[5]
Ստեփան Սաֆարյան, «Թուրքիան, Ալ-Քաիդան եւ իսլամական ռադիկալիզմը», http://hetq.am/arm/news/56658/turqian-al-qaidan-ev-islamakan-radikalizmy.html

[6]
Turkey 'aided Islamist fighters' in attack on Syrian town, http://www.telegraph.co.uk/news/worldnews/europe/turkey/10765696/Turkey-aided-Islamist-fighters-in-attack-on-Syrian-town.html

[7]
Ստեփան Սաֆարյան, «Վանդալիզմ Սրբոց Նահատակաց եկեղեցու հանդեպ. ահաբեկչությո՞ւն, թե՞ ծրագրված ոճիր» http://hetq.am/arm/news/56541/vandalizm-srboc-nahatakac-ekexecu-handep-ahabekchutyun-te-tsragrvats-otchir.html

[8] Ստեփան Սաֆարյան, «Թեժացող հայ-ադրբեջանական սահման. Թուրքիան կմտնի՞ խաղի մեջ», http://hetq.am/arm/news/55017/tezhacox-hay-adrbejanakan-sahman-turqian-kmtni-khaxi-mej.html

[9]
Զինադադարի կնքումից ի վեր առաջին անգամ հայ-նախիջևանյան սահմանին հայոց բանակը զգալի կորուստներ տվեց, http://www.tert.am/am/news/2014/06/06/jox/

[10]
Սեյրան Օհանյան. Ամեն ինչ կանենք, որ նախիջևանյան հատվածի հարաբերական խաղաղ վիճակը պահպանվի, http://www.tert.am/am/news/2014/06/06/Seryan-ohanyan-comment/

[11]
Ստեփան Սաֆարյան, «Թեժացող հայ-ադրբեջանական սահման. Թուրքիան կմտնի՞ խաղի մեջ», http://hetq.am/arm/news/55017/tezhacox-hay-adrbejanakan-sahman-turqian-kmtni-khaxi-mej.html

[12]
Նկատենք, որ հատկապես 2014թ ընթացքում Ադրբեջանի նախագահը իր բազում ելույթներում, օրինակ, մայիսին Ադրբեջանի առաջին հանրապետության օրվա կապակցությամբ իր ուղերձում, ապա՝ հունիսին Բաքվում ԵԱՀԿ Խորհրդաժողովի Վեհաժողովի աշխատանքների ողջույնի խոսքում եւ Բոդրումում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի IV նիստի իր ելույթում, օգոստոսի 8-ին Սոչիում ՌԴ նախագահ Վ.Պուտինի նախաձեռնությամբ ՀՀ նախագահի հետ եռակողմ հանդիպման ժամանակ ավելի ընդգծված է խոսել ՄԱԿ ԱԽ չորս բանաձեւերի կատարված չլինելու մասին: Հիշեցնենք, որ Քարվաճառի ռազմական գործողությունների կապակցութամբ 1993թ. ապրիլի 30-ին ՄԱԿ ԱԽ ընդունված առաջին բանաձեւի ժամանակ Թուրքիան հայտարարեց, որ այն անտեսելու դեպքում «ագրեսորի» դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել, նաեւ քանիցս սպառնաց իր ռազմական միջամտության ու գործողություններով դա անել: Ստեփան Սաֆարյան, Ղարաբաղյան հակամարտությունը Թուրքիայի հայկական քաղաքականությունում,

[13] Turkish parliament’s speaker visits wounded Azerbaijani soldiers and Gazans http://en.cihan.com.tr/news/Turkish-parliament-s-speaker-visits-wounded-Azerbaijani-soldiers-and-Gazans_9575-CHMTUxOTU3NS80

[14]
Turkish parliament’s speaker visits wounded Azerbaijani soldiers and Gazans, http://en.cihan.com.tr/video/Turkish-parliament-s-speaker-visits-wounded-Azerbaijani-soldiers-and-Gazans_9575-CHMTUxOTU3NS8wLzIvMA==

[15] Turkish FM visits Azerbaijani soldiers wounded in battles with Armenians, http://www.news.az/articles/karabakh/91071

[16]
Ստեփան Սաֆարյան, Բաքուն եւ Անկարան Թբիլիսիին ներքաշում են ռազմական նոր դաշինքի՞, թե՞ հակահայկական նոր արկածախնդրության մեջ, http://hetq.am/arm/news/56153/baqun-ev-ankaran-tbilisiin-nerqashum-en-razmakan-nor-dashinqi-te-hakahaykakan-nor-arkatsakhndrutyan-mej.html

[17]
Ստեփան Սաֆարյան, «Էներգետիկ եւ տրանսպորտային հաղորդուղիների հակաօդային պաշտպանությունը` Բաքվի օգոստոսյան հետցնցո՞ւմ, թե՞ նոր արկածախնդրության սկզբնափուլ», http://hetq.am/arm/news/56162/energetik-ev-transportayin-haxorduxineri-hakaodayin-pashtpanutyuny-baqvi-ogostosyan-hetcncum-te-nor-arkatsakhndrutyan-skzbnapul.html

[18]
Erdogan says Nagorno-Karabakh peace is foreign priority, http://www.aa.com.tr/en/turkey/382946--erdogan-says-nagorno-karabakh-peace-is-foreign-priority

[19]
Erdogan: Armenia's 1st task is peace with Azerbaijan, http://www.aa.com.tr/en/turkey/383280--erdogan-armenias-1st-task-is-peace-with-azerbaijan

[20]
Ստեփան Սաֆարյան, «ՆԱՏՕ-ի ղարաբաղյան նոր ուղերձը», http://hetq.am/arm/news/56337/nato-i-xarabaxyan-nor-uxerdzy.html

[21]
Эрдоган поднял вопросы Карабаха и Крыма на саммите НАТО, http://www.regnum.ru/news/polit/1844569.html

[22]
Armenian President’s spokesman on Erdogan’s statement in Baku, http://www.panorama.am/am/politics/2014/09/04/a-saghatelyan/

[23]
New government to focus on EU and Kurdish bid, http://www.hurriyetdailynews.com/new-government-to-focus-on-eu-and-kurdish-bid.aspx?pageID=238&nid=71147&NewsCatID=338

[24]
The AKP's manifest destiny, http://www.al-monitor.com/pulse/ru/originals/2014/08/turkey-akp-davutoglu-erdogan-manifest-akyol.html#

[25]
Ստյոպա Սաֆարյան, Ղարաբաղյան  հակամարտությունը Թուրքիայի հայկական քաղաքականության մեջ


Հայոց Ցեղասպանություն, Ճանաչում և Փոխհատուցում

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook