Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Ինչպիսի՞ արդարություն Հայոց ցեղասպանության զոհերի թոռների համար

 
 
 

Հայացք Թուրքիայից

 Ինչպիսի՞ արդարություն Հայոց ցեղասպանության զոհերի թոռների համար
Ջենգիզ Աքթար

 

 
Ջենգիզ Աքթար

Քաղաքագիտության դասախոս, Հրանտ Դինք հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, Թարաֆ օրաթերթի սյունակագիր

Ջենգիզ Աքթարի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակը զոհերի ժառանգների նկատմամբ արդարության վերականգնման հարցին հնչեղություն տալու լավ առիթ է: Ըստ նրան՝ Թուրքիան տարբեր ուղիներով ու ձեւերով կարող է փոխհատուցել կորուստները: Մինչեւ օրս Թուրքիայում հարգանք վայելող ցեղասպանության պատասխանատուների հրապարակային դատապարտումը հատուցման բարոյական բաղադրիչներից մեկը կարող է լինել: Հեղինակի համաձայն՝ այդ հատուցումների իրականացման համար պարտադիր չէ Ցեղասպանության ճանաչումը թուրքական պետության կողմից, որը, Հանրապետության հռչակումով հանդերձ, մնում է հայկական պահանջատիրության գլխավոր հասցեատերը:

Հայոց ցեղասպանությունը՝ Անատոլիայի Մեծ աղետը այս հողերի մայր տաբուն է: Քանի դեռ այդ մասին չենք խոսում, չենք իմանում, չենք գիտակցում, դրա հետ չենք առերեսվում, հաշվի չենք նստում՝ շարունակելու ենք այդ անեծքի տակ մնալ: Հարյուրամյակը պատմական լավ առիթ է քանդելու անգիր արածները, մյուսին լսելու, հասկանալու, և այդպիսով սկսելու հավաքական բուժումը:

Այս առիթով մենք պետք է խոսենք, թե ինչ ձեւով կարելի է վերականգնել Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց թոռների նկատմամբ արդարությունը: Այս հարցի լուծումը գտնվում է երկու տարբեր հարթությունների վրա՝ պետական և անհատական: Թեեւ երկուսն էլ ներգրավված են եղել ցեղասպանական գործողություններում, սակայն նրանց անելիքն ու անցած ճանապարհները իրարից շատ են տարբերվում:  

Պետության մոտեցումը, ըստ ամենայնի, ամեն գնով իր դիրքերը պահպանելն է: Հասարակությունն այդպիսին չէ. նա թերեւս շատ քիչ բան գիտե ցեղասպանության մասին, բայց գիտելիքի ծարավ է ու հետաքրքրություն է ցույց տալիս: Այնպես որ, վերջին 10-15 տարիներին Թուրքիայում երկու տարբեր գործընթաց է տեղի ունենում: Մնում է սակայն տեսնել, թե հասարակության մեջ կատարվող հիշողության այդ աշխատանքները, հարյուր տարի անց, ինչքանո՞վ կբավարարեն հայերի սպասելիքները: Նման փոքր քայլերը, մեծ ու փոքր նախաձեռնությունները, թեկուզեւ Թուրքիայի համար նշանակալից, հայերի համար կարող են այդպիսին չլինել, սակայն: «Մեկ դար ե՞ւս պետք է սպասենք, որպեսզի հասարակության տարած աշխատանքը պետության վրա ազդեցություն ունենա:» Հարցն օրինաչափ է: Այս մտահոգությունը միանգամայն հասկանալի է, բայց, ցավոք, այսպիսին է իրավիճակը Թուրքիայում:

Այս գործընթացն արագացնելու ուղիներ կան, բայց այստեղ գոյություն ունի մի ուրվական՝ դա գլխավոր հանցագործ պետությունն է: Օսմանյան կայսրության և Թուրքիայի հանրապետության միջեւ շարունակականություն գոյություն ունի: Բանը 1923 թվականով չի ավարտվում, ինչպես կարող է թվալ: Հանրապետության հռչակումից հետո «սպիտակ ցեղասպանություն» կոչվող սոֆթ (մեղմ) կոտորածը՝ էթնիկ զտումները դեռեւս շարունակվում են:

Հետեւաբար այս հարցում գլխավոր դերակատարը և հայերի պահանջների տեսակետից գլխավոր հասցեատերը պետությունն է: Պետությունը պարտավոր է ընդունել իր գործած հանցանքը: Մեր առաջ կանգնած է մի պետություն, որը կարծես ընդունել էր Սեւրի պայմանագիրը, սակայն 1923թ Լոզանի պայմանագրով նա ստանձնած բոլոր պարտավորությունները դեն շպրտեց: Գերմանիայի նման չէ, նա պատերազմում չի պարտվել: Եվ հիմնական խնդիրն էլ դա է: Անհեթեթ կլիներ ակնկալել, որ նման պետությունը կընդունի իր կատարած հանցանքը: Այնպես որ, հանրության մակարդակով կատարվող հիշողության աշխատանքները, թեկուզեւ երկարատեւ, շատ առողջ, արժեքավոր և տեւական են:

Ի՞նչ կարելի է անել այս բոլոր անհնարինությունների շրջանակում եւ աճող հասարակական դինամիկայի պայմաններում: Մենք գիտենք, որ հնչեցվում են 3 T-երը՝ «ճանաչում, հատուցում, տարածքներ» (թուրքերեն՝ “tanıma, tazminat, toprak”): Այդ երեքը միասին կարդալը կարեւոր է, սակայն պետք է նշել, որ այդ հասկացությունները միմյանցից չեն բխում, կամ մեկը մյուսից ածանցյալ կերպով չեն զարգանում:

3 T-երի շրջանակում առավել ծայրահեղ՝ հողերի հետ կապված պահանջները Դաշնակցությունից են գալիս: Մանավանդ որ այդ հողերի նկատմամբ կրկնակի պահանջատիրություն կա՝ Հյուսիսային Քուրդիստանի, այդ մասին պետք չէ մոռանալ: Եկեք մի կողմ դնենք հողային հարցը և խոսենք ճանաչում-հատուցում կապակցությունից:

Ճանաչում-հատուցում կապակցության մեջ այսպիսի մի նախավարկած կա. առանց ցեղասպանության ճանաչման հնարավոր չէ ցեղասպանության զոհերի ժառանգների դրամական փոխհատուցումը: Ես, բացառությամբ ԱՄՆ-ի մի շարք իրավական խոչընդոտների, այս կապը չեմ հասկացել: Եթե պետությունը ուզենա՝ կարող է փոխհատուցել իր քաղաքացիներին, որոնց, ցեղասպանության կամ այլ առիթով, ամբողջովին անօրինական ճանապարհով ու մի շարք իրավական հնարքներով բնաջնջել է, կանխարգելել է նրանց վերադաձը և հափշտակել նրանց գույքը: Նա կարող է ասել հետեւյալը՝ «Նրանք իմ պետության քաղաքացիներն էին, կամ էլ այն պետության քաղաքացիները, որի իրավահաջորդն եմ ես. սխալ ենք վարվել և ես նրանց փոխհատուցում եմ»: Պարտադիր չէ, որ հատուցման պատճառ դարձած իրավիճակի անունը ցեղասպանություն դրվի: Հետեւաբար դա ցեղասպանության հետ կապելը ճիշտ չէ: Նույն համատեքստում են գտնվում 1894-96թթ կոտորածներով սկսված հողի բռնագրավումները: Մասնավորապես «վիլայեթ-ի սիթթե»-ում (Վեց հայկական վիլայեթներում) այդ հողերը կամ գանձապետարանին են հանձնվում, կամ էլ յուրացվում են անհատների կողմից: Այս ուղղությամբ քայլ անելու համար պարտադիր չէ, որ ցեղասպանությունը ցեղասպանություն կոչվի: Ասորիները եւս հայերի հետ միասին կոտորվեցին. 2007թ, երբ մի քուրդ քաղաքացի ետ էր վերադարձնում ասորիներից անարդարորեն իրեն հասած գույքը, չէր ասում՝ «դրա անունը ցեղասպանություն չէ, ետ չեմ տալիս»: Սա կարեւոր նախադեպ է: Միգուցե կան այլ օրինակներ, մենք չգիտենք: Հետեւաբար, այստեղ «բարյացակամության»  հետ կապված շատ կարեւոր մի հարց կա:

Կարելի է սկսել պետության տնօրինության տակ գտնվող գույքի վերադարձով

Փոխհատուցման շատ տարբեր եղանակներ ու ձեւեր կան: Անձը կամ խումբը հատուցում պահանջելու իրավունք ունի: Փոխհատուցումն ունի երկու հիմնական հասցեատեր: Առաջինը պետությունն է: Օսմանյան բառապաշարով «Էրմենի միլլեթի»-ին (հայ համայնքին) պատկանող և պատրիարքարանի տնօրինության տակ գտնվող Անատոլիայի եկեղեցիները, վանքերն ու դպրոցները բռնագրավվել են: Այդ գույքերի մի մասը դեռեւս պետության վերահսկողության տակ է, մի մասը բաժանված է: Երրորդ անձանց բաշխված գույքերի փոխհատուցումը կամ վերադարձը հնարավոր է: Այսօրվա վիճակով ինչքանո՞վ է հնարավոր պետական գույքի վերադարձը: Թուրքիայում բանակի վերահսկողության տակ գտնվող և չօգտագործվող եկեղեցիներ ու վանքեր կան: Այս իրավիճակի միակ «լավ կողմն» այն է, որ բանակի սեփականությունն հանդիսանալով այդ կառույցները փլուզման չեն ենթարկվել:  Եկեղեցիների որպես պահեստ օգտագործելու պրակտիկան այլեւս անընդունելի է: Կարելի է սկսել այդ անշարժ գույքերը ետ վերադարձնելով, դա անհնարին բան չէ: Եթե բանակն այդ շինությունների մի մասը որպես պահեստ է օգտագործում, ապա պետությունը դրանց փոխարեն կարող է երկաթբետոնե շենքեր կառուցել: Եկեղեցիների վերադարձի պահանջը միաժամանակ Լիբանանի Անթիլիաս քաղաքում հաստատված Սսի կաթողիկոսության պահանջներից մեկն է: Այս շրջանակում ավելի ընդգրկուն նախաձեռնություններ էլ կան: 1915 թվականին քանի՞ խոշոր կառույց կար Անատոլիայում՝ եկեղեցիներ, վանքեր, դպրոցներ, հիվանդանոցներ, աղքատախնամ ընկերություններ. այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարել Հրանտ Դինք հիմնադրամը: Այդ նույն հիմնադրամը 2015թ նոյեմբերի 20-21-ին կոնֆերանս է կազմակերպում՝ նվիրված Անատոլիայում հայերի և այլ ոչ մուսուլմանների ունեցվածքի ճակատագրին: Երկօրյա գիտաժողովի ժամանակ մանրամասն անդրադարձ կկատարվի իմ արած ձեւակերպմանը՝ «Հայոց ցեղասպանությունը Անատոլիայի մեծ աղետն է»:

Գոյություն ունի նաեւ բոլոր տեսակի նյութական ու բարոյական (այդ թվում նաեւ՝ մարդկային) կորուստների փոխհատուցման հարցը: Այդտեղ շատ կարեւոր մի նախադեպ կա. Գերմանիան և հրեաները: Ձեւերն ու ուղիները հայտնի են, դրա համար որոշակի ընթացակարգեր կան, հաշվարկելու ձեւերը կան: Կա նաեւ մինչեւ օրս չլուծված կյանքի ապահովագրության հարցը: Ի վերջո, կյանքի ապահովագրության համար ապահովագրական ընկերությունները պիտի վճարեն:  Ցեղասպանության ճանաչումից վախեցող Թուրքիայի կողմից այս գործընթացի խոչընդոտումը անհեթեթ է: Պետք է մշտապես հիշեցնել, որ հատուցման համար պարտադիր չէ Ցեղասպանության ճանաչումը:

Երկրորդ հասցեատերը անհատներն են: Այդ գույքերին տիրացած անհատները դրանք կա՛մ պետությունից են ձեռք բերել, կա՛մ պետությունն է նրանց տվել կա՛մ էլ իրենք անձամբ են խլել: Այստեղ եւս երկու տարբեր հարթություն կա: Ինչպես վերեւում նշեցի, պետության կողմից անհատներին բաժանվածը հնարավոր է փոխհատուցել: Վերեւում նշածս դեպքի նմանությամբ, երբ քուրդն իր ասորի հարեւանին էր վերադարձնում հողատարածքը, այլ անհատներ եւս կարող են նման քայլեր անել: Սա անհնարին բան չէ. Քուրդիստանում առկա առերեսման համարձակությունը կարող է դրան նպաստել: Նույն կերպ, պետությունից ձեռք բերված գույքի վերադարձը Քուրդիստանում կարող է օրակարգի հարց դառնալ: Կարծում եմ, որ այս հարցում քրդերը կարող են կարեւոր և արժեքավոր զրուցակից լինել:

Իսկ այս խնդրի մյուս կողմում կանգնած հայերն էլ, ինչպես գիտենք, արդեն սկսել են անհատապես կամ Արեւմտահայոց ազգային համագումարի նման այս խնդրի վրա կենտրոնացած կառույցների միջոցով՝ սեփականության վկայականները ձեռքներին գույքի փոխհատուցման հայցեր են ներկայանում դատարաններին: Այդ հայցերն արդեն դատարանների կողմից վարույթ են ընդունվում և ձնագնդի նման աճելու են:

Այսօր էլ անելիքներ կան

1894-96 և 1915 թվականների հետ կապված խնդիրներից բացի, կան նաեւ մերօրյա խնդիրների հետ առնչվող բաներ, որ կարելի է անել: Այդ ժամանակ ստիպողաբար հայրենիքը լքած, վտարված, իսկ այսօր նորից դժվար պայմաններում հայտնված Սիրիայի ու Իրաքի հայերը կան: Թուրքիան նրանց պետք է գրկաբաց ընդունի: Դա էլ է փոխհատուցում՝ մի տեսակ ներողության խնդրանք: Ցավոք սրտի, վերջին 3,5 տարիներին փախստականների նկատմամբ Թուրքիայի կիրառած իբր «բաց դռների» քաղաքականության մեջ միայն սուննի արաբներին է տեղ տրվում, իսկ հայերը, եզդիները և քրդերը մոռացության են մատնվում: Հայերը երբեմն Թուրքիայով հասնում են Հայաստան: Մեզ մոտ, ինչքան գիտենք, մի քանի հայ ընտանիք կա, նրանց էլ եկեղեցին է հոգ տանում: Ասորիների հետ էլ նույն կերպ Միդիաթի ասորական եկեղեցին է զբաղվում: Սա ընդունելի բան չէ, սա այս պետության ամոթն է:

Մեկ այլ խնդիր է իրավահավասար քաղաքացիության հարցը: Թուրքիայում հայերը քաղաքացի են, բայց ոչ հավասար: Իմ կարծիքով, սրա լուծումը եւս փոխհատուցման մի ձեւ է: Հայաստանի հետ փակ սահմանի բացումն էլ է փոխհատուցման մաս կազմում: Սահմանի բացումը պետք չէ դիտարկել միայն որպես առեւտրի վերսկսման և գումար վաստակելու միջոց: Որովհետեւ սահմանի բացումը միեւնույն ժամանակ Թուրքիայի կողմում գտնվող շրջաններում արմատներ ունեցող հայաստանցիներին հնարավորություն է տալիս այցելել իրենց նախնիների հողերը, շփվել այյնտեղի մարդկանց հետ: Դա եւս յուրատեսակ խորհրդանշական փոխհատուցում կլինի:

1915-ից հետո քաղաքացիությունը կորցրած անձանց ժառանգներին, ցանկության դեպքում, քաղաքացիություն շնորհելը եւս փոխհատուցման մի ձեւ կարող է լինել: Նման մի քայլ կարելի է անել նաեւ 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կամայականորեն քաղաքացիությունից զրկված ոչ մահմեդականների ուղղությամբ: 1980թ հեղաշրջումից հետո երկքաղաքացիություն ունեցող անձինք ավտոմատ կերպով Թուրքիայի քաղաքացիությունից զրկվեցին: 1915-ի համեմատությամբ սա շատ ավելի հեշտ լուծվող հարց է:

Այս բոլորի մեջ թերեւս ամենադժվար քայլը առ այսօր անամոթաբար մեծարանքի արժանացող ցեղասպանության պատասխանատուների հրապարակայնացումն ու դատապարտումն է: Դա էլ փոխհատուցման բարոյական հարթությունն է: Աշխարհի տարբեր վայրերում իմ հանդիպած տարեց հայերը ինձ միշտ սա են ասել. «Մենք արդեն մեռնում ենք, ներողությունը մեզ համար բավարար է՝ մեր եղբայրների, մեր ծնողների և մեր ապրած տառապանքը թեթեւացնելու համար»: Բայց Թուրքիայում դա չի արվում: 2014թ ապրիլի 23-ին հրապարակվեց  չափազանց սահմանափակ (ոմանց ասելով «հեչից լավ է») ցավակցական մի ուղերձ, որտեղ չկային պատասխանատուներ, կարծես Մարսից եկած մարդիկ են ցեղասպանություն կատարել: Մինչեւ պատասխանատուներին ի ցույց դնելը գոնե նրանց պետք չէ մեծարել: Թուրքիայում տասնյակ Էնվեր փաշայի պողոտաներ, Թալեաթ Փաշայի ծառուղիներ կան: Նրանց պատվին կոչված փողոցներին նոր անվանումներ տալը, Ստամբուլի Քուրթուլուշ թաղամասի անունները ծայրից ծայր փոխելը կարեւոր ու խորհրդանշական քայլ կլինի: Որովհետեւ Թուրքիայում պետությունը 1915-ից ի վեր վերքի վրա աղ է լցնում: Դասագրքերն էլ են նույն վիճակում: Այդ վերքն էլ, աղն էլ անհրաժեշտ է վերացնել այլեւս: Կատարված հսկայական հանցագործությունը շուռ տալով, ժխտելով՝ ստի ու կեղծիքի վրա սարսափելի մի հեքիաթ է կառուցվել: Այդ հեքիաթը, անգիր արածը քանդելով, ամենայն հավանականությամբ,  բարոյական փոխհատուցման ուղղությամբ մեծ քայլ արած կլինենք: Եթե պետությունն ուզենա, կարող է դա անել: Դրա համար ցեղասպանության ճանաչման կարիք չկա: Սա միայն խղճի հարց է:

Ի վերջո, փոխհատուցում տալու գաղափարը Թուրքիայում վախ է առաջացնում: Կարծես փոխհատուցում բառը «բոբոյի» գարծառույթ է կատարում: «Ինչպես թե, հիմա միլիարդավոր դոլարնե՞ր ենք վճարելու», ահա այսպիսի արձագանք է լինում: Այս մասին էլ պետք է կարողանանք խոսել: Վերջ ի վերջո, տեղի ունեցածը հսկայական թալան ու բռնագրավում է: Թուրքիայում կապիտալը Իթթիհաթ վե թերաքքիից (Միություն եւ առաջադիմություն կուսակցություն) ի վեր ձեռք է փոխում: 1800-ականների կեսերին սկսված, 1910-ականներին Իթթիհաթ վե թերաքքիով արագացված, այնուհետեւ ողջ հանրապետական շրջանում շարունակված մի գործընթաց է սա: Փոխանակում (Անատոլիայի հույն բնակչության և Բալկանների մահմեդական բնակչության միջեւ), Ունեցվածքի հարկ, 20 Kura askerlik (ոչ մահմեդականների զորահավաք), 1955թ (պոգրոմներ), 1964թ տեղի ունեցած դեպքերը լիուլի բացահայտում են հանրապետական ժամանակաշրջանում կատարված հայերի ու հույների արտաքսման հետեւանքները: Հարկավոր է քննարկման առարկա դարձնել հավաքական փոխհատուցումը: Գնալով հարստացող և այդ հարստությամբ հպարտացող Թուրքիան դժվար թե կարողանա խուսափել դրանից:


Հայոց Ցեղասպանություն, Ճանաչում և Փոխհատուցում

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook