Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն
Հայացք Հայաստանից
Վահրամ Տեր-Մաթևոսյան |
Վահրամ Տեր-Մաթևոսյանպ. գ. թ. , ավագ գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ |
Ըստ Վահրամ Տեր-Մաթևոսյանի Հայաստանի և Թուրքիայի միջպետական սառեցված հարաբերությունները չեն խոչնդոտում երկու երկրների քաղաքացիական հասարակություններին երկխոսել և կառուցել հարաբերություններ տնտեսական և մշակութային մակարդակներում : Երկու հարց մտնում է օրակարգային. Ինչպե՞ս առաջ շարժվել և ի՞նչ անել ստորագրված, բայց չվավերացված արձանագրությունների հետ : Պատասխանի բաղադրիչ մասերից մեկն էլ պետք է փնտրել Հայաստանի և Թուրքիայի հռետորուբանության փոփոխության մեջ : Անհրաժեշտ էվոլյուցիան պարտադիր է ինչպես երկու երկրների հասարակական կարծիքի այնպես էլ միջազգային հանրության կողմից :
Հարաբերությունների երկու մակարդակ
Հայաստանի և Թուրքիայի միջև պաշտոնական հարաբերությունների կարգավորման մասին շատ է խոսվել, արվել են բազմաթիվ առաջարկություններ, տրվել իրավիճակի խորը և համապարփակ վերլուծություններ։ Թվում է, թե ասելիք այլևս չկա, սակայն, իրականում, դա խուսափողական և կրավորական մոտեցում է։ Քանի դեռ հարաբերությունները չեն կարգավորվել և հայ-թուրքական պետական սահմանը չի բացվել պետք է մշտապես խորհել ու վերլուծել առկա խոչընդոտների շուրջ և զինանոցում կուտակել նորանոր լուծումներ։ Հարկ է հիշել, որ եթե Հայաստան-Թուրքիան պաշտոնական հարաբերություններում ոչ մի բան չի փոխվում, ապա տարածաշրջանը փոխվում է ամեն օր։ Այս հանգամանքը թելադրում է մշտապես հետևել տեղի ունեցող գործընթացներին և պատրաստի բանաձևեր ունենալ՝ համապատասխան նոր իրողությունների։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չափազանց կարևոր են, հետևաբար պետք է անել առավելագույնը, որպեսզի դրանք չածանցվեն երկրորդական կարևորության գործընթացներին և հանգամանքներին։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին խոսելիս հարկավոր է առանձնացնել միջպետական և միջհասարակական շերտերը։ Այս տարբերակման մեջ ևս առկա է ընկալման տարբերություն։ Եթե Հայաստան-Թուրքիա պաշտոնական հարաբերություններում առաջընթաց չկա, իսկ պաշտոնական շփումները գրեթե զրոյական են, ապա երկու երկրների հասարակությունները շարունակում են շփվել․ իրականացվում են մի շարք համատեղ ծրագրեր, բիզնես նախագծեր, ընթանում է առևտուր, տեղի են ունենում փոխադարձ այցելություններ, համատեղ շնորհանդեսներ ու ցուցադրություններ։ Այլ խոսքերով, ամեն ինչ առաջ է գնում, բացառությամբ պաշտոնական հարաբերությունների կարգավորման գործընթացից։
Վերջին ամիսների ընթացքում պաշտոնական հարաբերությունների մակարդակում տեղի ունեցան որոշ քայլեր, որոնք, թվում էր, թե պետք է պարարտ հող նախապատրաստեին հարաբերություններում որոշ առաջընթաց արձանագրելու համար։ Նախ, Թուրքիայի վարչապետը ապրիլի 23-ին հանդես եկավ ցավակցական ուղերձով, որով Ցեղասպանության վերաբերյալ թուրքական հասարակության մոտ մոտեցումների նոր նշաձող սահմանեց։ Մեկ ամիս անց՝ մայիսի 27-ին, ՀՀ նախագահը բանավոր հայտարարությամբ Թուրքիայի ապագա նախագահին 2015 թ․ ապրիլի 24-ին հրավիրեց Հայաստան, որպեսզի «առերեսվի Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»։ Օգոստոսի 13-ին Հայաստանի նախագահը շնորհավորեց Էրդողանին Թուրքիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ վերջինս իր եռանդը կներդնի «երկկողմ պայմանավորվածություններն առանց նախապայմանների կյանքի կոչելու գործում»։ Թուրքիան Հայաստանին ուղարկվեց պաշտոնական հրավեր մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը, որին Հայաստանը մասնակցեց արտգործնախարարի մակարդակով։ Գտնվելով Անկարայում՝ Նալբանդյանը Էրդողանի հետ ունեցավ կարճ հանդիպում, նրան փոխանցեց 2015 թ․ ապրիլի 24-ին Հայաստան այցելելու արդեն պաշտոնական հրավերը, իսկ Թուրքիայի նորընտիր նախագահը հրավերն ընդունեց ի գիտություն։ ՀՀ ԱԳՆ-ի հրապարակած նկարներից դատելով՝ Էրդողանը դրական էր ընդունել իր երդմնակալության արարողությանը ՀՀ արտգործնախարարի գտնվելու փաստը։
Սակայն, Անկարա այցից օրեր անց ՀՀ արտգործնախարարը ֆրանսիական «Le Figaro»-ում տպագրում է քննադատական հոդված՝ ընդդեմ Թուրքիայի իշխանությունների և ցեղասպանության հարցում նրանց որդեգրած քաղաքականության։ Այդ հոդվածն, ըստ էության, Ահմեդ Դավութօղլուի կողմից մայիսին տպագրված հոդվածի պատասխանն էր։ Մի քանի շաբաթ անց էլ՝ սեպտեմբերի 24-ին, ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Հայաստանի նախագահն է քննադատում Թուրքիայի իշխանություններին և ուղարկում «գրողի ծոցը»։ Շատերն, իհարկե, կենտրոնացան «գրողի ծոցը վավերացնեք» արտահայտության վրա, փորձեցին այն կամ գերագնահատել, կամ շահարկել։ Իրականում, եթե վերջին ելույթը փորձենք համեմատել Սերժ Սարգսյանի ՄԱԿ-ում հնչեցրած նախորդ երկու ելույթների հետ, ապա հասկանալի կդառնա, որ գործ ունենք փոփոխվող գնահատականների հետ և շատ առումներով, և առաջին հերթին, զուտ մարդկային, հասկանալի էր Հայաստանի ղեկավարի նման զգացմունքային պոռթկման պատճառը։ 2008 թ․ Սերժ Սարգսյանի ՄԱԿ-ի ելույթը լավատեսական էր, քանի որ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի Երևան այցից մի քանի օր էր անցել, իսկ 2011 թվականի ելույթը՝ սպասողական էր, քանի որ Սարգսյանը տակավին հույս ուներ, որ հնարավորության դռները դեռ չեն փակվել։ Իսկ ահա վերջին ելույթը պարունակում էր անթաքույց քննադատություն, որը թեև նորություն չէր ոչ մեկի համար, սակայն այդ ամբիոնից նախագահի մակարդակով դեռ չէր հնչել։
Երկու կարևոր հարցեր
Իրականում, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվ փուլի ավարտը ազդարարվեց չորս ու կես տարի առաջ՝ 2010 թ․ ապրիլի 22-ին, երբ ՀՀ նախագահ Սարգսյանն ազդարարեց, որ «հարաբերությունների կարգավորման ներկա փուլը սպառված է»։ Առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում առաջ շարժվելու պայմանավորվածությունը Թուրքիան չէր իրականացրել և Հայաստանը ստիպված էր գնալ այդ քայլին։ Հետևաբար, 2010 թ․ ապրիլից հետո Երևանի կողմից հնչած բոլոր հայտարարություններն ու ելույթներն արտացոլում են 2010 թ․ ապիլյան հայտարարության տրամաբանությունը։ Հայաստանի իշխանությունների և հասարակության մոտ Թուրքիայի իշխանություններին «հաջողվեց» ստեղծել վստահության մեծ պակասորդ, որն անցած 4-5 տարիների ընթացքում գնալով խորացավ ու ընդունեց մեծ ծավալներ։ Իսկ Թուրքիայի հայտարարությունների տրամանաբանությունը շարունակվում է հենվել 2009 թ․ մայիսին Էրդողանի կողմից Բաքվում արված հայտարարության տրամաբանության վրա։
Այժմ, արդիական դարձած երկու հարց է քննարկվում․ ինչպե՞ս առաջ ընթանալ և ի՞նչ անել ստորագրված, սակայն չվավերացված արձանագրությունների հետ։ Սկսենք երկրորդից, նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ում հայտարարեց, որ պաշտոնական Երևանը մտածում է արձանագրությունները հետ կանչելու մասին։ Այս կոչը հարկավոր է դիտել որպես տարիներ շարունակ հնչած մտադրության կրկնություն և անժամկետ վերջնագիր, որն ուղղված էր առաջին հերթին Թուրքիայի իշխանություններին։ Անշուշտ, հասցեատերերի շարքին պետք է դասել նաև բոլոր միջնորդներին՝ այդ թվում և առաջին հերթին ԱՄՆ-ի իշխանություններին։ Մի քանի օր առաջ լրացավ արձանագրությունների ստորագրման 5-րդ տարին և ՀՀ իշխանությունները պարտավորված են զգում քայլ կատարել։ Եթե Թուրքիայի կողմից որևէ էական քայլ չկատարվի, ապա Հայաստանը պետք է մի քանի իրարահաջորդ քայլեր կատարի՝ ղեկավարվելով Պայմանագրերի մասին Վիեննայի 1969 թ․ կոնվենցիայի 3-րդ և 4-րդ մասերի դրույթներով։ Նախ, Հայաստանը պետք է Երևան հրավիրի 2009 թ․ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա գտնվող երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչներին ու նրանց հետ միասին համատեղ հայտարարություն ընդունի արձանագրությունների հետ կանչման մասին, որին պետք է հետևի միջազգային իրավական ատյաններում Թուրքիայի իշխանությունների դեմ համապատասխան իրավական գործընթացի մեկնարկը։ Նման քայլը Հայաստանի համար կլինի «face saving» և գործընթացից արժանապատիվ դուրս գալու միջոց, սակայն դրանով հիմնական խնդիրը չի լուծվի, պաշտոնական հարաբերությունները չեն հաստատվի, իսկ սահմանն այդպես էլ չի բացվի։
Ի՞նչ անել հարցի պատասխանը թվում է ակնհայտ, ներկա իրավիճակում դժվար թե գտնվեն պատրաստի դեղատոմսեր, որոնք Հայաստանին և Թուրքիային կօգնեն դուրս գալ փակուղային իրավիճակից։ Կարծում եմ երկու կողմերն արդեն գիտակցել են, որ հայ-թուրքական խնդիրը բազմաշերտ է, այն ունի թե՜ երկկողմ, թե՜ բազմակողմ ձևաչափեր, հետևաբար, դյուրին կամ բեկումնային լուծումներ փնտրելը շատ ավելի խնդիրներ կարող են հարուցել, քան թե առաջընթաց ապահովել։ Միմյանց անվերապահ վստահության 2008-2009 թվականների փորձը հաջող ավարտ չունեցավ, ավելին, այն ցավոք արձանագրեց միմյանցից հեռացման և փոխադարձ մեղադրանքների սկիզբը։
Երկու երկրների իշխանությունները 2008-2009 թթ․ ցուցաբերեցին կամք առաջ գնալու համար, մեկն առավել շատ, մյուսն առավել նվազ չափով կողմ արտահայտվեցին առաջ ընթանալու գաղափարին։ Հայաստանի իշխանությունները գիտակցեցին, որ դուրս են եկել հսկայական ալիքի և հակադարձ քամիների դեմ, սակայն պատրաստակամություն դրսևորեցին շարունակել առաջ ընթանալ՝ ի հեճուկս Սփյուռքի քննադատության և անորոշության, ավելին՝ դեմ լինելով Թուրքիայի մոտեցումներին, շարունակեցին մնալ գործընթացում՝ հուսալով, որ միջնորդները կկարողանան Թուրքիան վերադարձնել կառուցողական դաշտ։ Թուրքիան, սակայն, բավական շուտ ընկրկեց դժվարությունների առջև և մնալով հանդերձ խաղադաշտում, ըստ էության, հրաժարվեց խաղը շարունակել։
Վերոշարադրյալ նկատի ունենալով՝ 2015 թ․ նախօրեին, նպատակահարմար է, որ Թուրքիան հանդես գա հայտարարությամբ՝ ընդունելով, որ 2008-09 թվականներին պահը չէր հասունացել և, արժանին մատուցելով դիմացին, ազդարարի Ցյուրիխյան գործընթացի ավարտը և հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսումը թողնի առավել հարմար ժամանակների և նպաստավոր հանգամանքների։ Միևնույն ժամանակ կողմերը պետք է դասեր քաղեն անցյալից և գիտակցեն, որ Հայաստան-Թուրքիա բարդ հարաբերությունները բազմաբովանդակ ու խրթին արձանագրություններով չեն լուծվում, դրանք լուծելու համար հարկավոր է այլ մթնոլորտ փնտրել։
Փոխել հռետորաբանությունը
Ցեղասպանության նախօրեին թե՜ Հայաստանը, թե՜ Թուրքիան պետք է փոխեն իրենց հռետորաբանությունը, որը պետք է արվի ոչ թե նրա համար, որ 100-ամյակի տրամաբանությունն է ենթադրում, այլ որովհետև երկու երկրների հասարակություններում և միջազգային հանրության մոտ առկա է նման պահանջարկ։ Ցեղասպանության միջազգային դատապարտմանը գործընթացին զուգահեռ Հայաստանը պետք է առավել ինտենսիվացնի Թուրքիայի հասարակության հետ աշխատանքները։ Հայաստանը և Սփյուռքը Թուրքիայում պետք է կիրառեն «փափուկ ուժի» բաղադրիչները։ Անցյալ տարիների ընթացքում դա իրականացվում էր տարերայնորեն, սակայն, ցանկալի է, որ ապագայում լինի որոշակի համակարգում։ Թուրքական բազմատարր հասարակության մոտ առկա է նման պահանջարկ, հետևաբար, ապագայում նման աշխատանքները միմիայն կօգնեն գործին։ Հայաստանի նախագահը վերջին տարիների ընթացքում բազմիցս կրկնել է, որ հայ ժողովուրդը թշնամանք չի տածում թուրք ժողովրդի հանդեպ: Այդ թեզը չի անկարող անհետևանք մնալ, այն դանդաղ, սակայն արդյունավետորեն աշխատում է։
Մայիս ամսից ի վեր, երբ Հայաստանի նախագահը բանավոր կերպով Թուրքիայի ապագա նախագահին հրավիրեց Հայաստան՝ ներկա գտնվելու 2015 թ․ ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերի ոգեկոչման 100-րդ տարելիցին, Հայաստանում ամենաշատ քննարկվող հարցերից մեկը դարձավ հետևյալը․ «Կգա արդյոք Էրդողանը Երևան, թե ո՞չ»։ Ամառվա վերջին, երբ Նալբանդյանը Էրդողանին փոխանցեց պաշտոնական հրավերը, այդ քննարկումներն առավել ակտիվացան և շատ արագ էլ մարեցին։ Պատճառը պարզ էր․ յոթ ամիս առաջ նման քննարկումներ սկսելը չափազանց վաղ էր։ Այդ ամիսների ընթացքում կարող են տեղի ունենալ թե ներքաղաքական, թե տարածաշրջանային խորքային զարգացումներ, որոնք կարող են փոխել թե Հայաստանի, թե Թուրքիայի մտադրությունները։ Դժվար է պատկերացնել, որ Թուրքիայի իշխանությունները կկարողանան ամիսներ առաջ ստանձնել նման պատասխանատվություն և խոսք տան այցելել Ծիծեռնակաբերդ։ Իսկ եթե այնուամենայնիվ Էրդողանը որոշի գնալ այդ քայլին, ապա այն չպետք է լինի զուտ խորհրդանշական այց։ Դրանից հարկավոր է քաղել առավելագույնը։
Իսկ այս ընթացքում Հայաստանի իշխանություններին հարկավոր է ձևավորել այլընտրանքային սցենարներ, որոնցով հնարավոր կլինի ներկայանալ թե սեփական ժողովրդին, թե միջազգային հանրությանը։ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների պլանավորումից բացի, ոչ պակաս ջանքեր պետք է ներդրվեն Թուրքիայի հետ պաշտոնական հարաբերությունների այլընտրանքային սցենարներ մշակելու ուղղությամբ։ Ժամանակը, հնարավորությունները և ռեսուրսները չափազանց արժեքավոր են դրանք հենց այնպես վատնելու համար, իսկ անցած տարիների ընթացքում դրանք անխնա վատնվել են՝ ամենատարբեր պատճառներով։ Հայաստանը բավական լուրջ է մոտեցել արձանագրություններով սահմանված և միջնորդների առջև ստանձնած պարտավորություններին՝ վաղուց ժամանակն է դրսևորել առավել մեծ ճարպկություն և արագ մանևրելու կարողություն։ Հայաստանի իշխանություններն անցած տարիների ընթացքում անկեղծորեն հավատացել են, որ ինչ-որ պահից սկսած Թուրքիան հետ կկանգնի նախապայմանների լեզվով խոսելուց և իրական քայլեր կձեռնարկի արձանագրություններով ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ։ Իհարկե, անցած հինգ տարիների ընթացքում Հայաստանում ակտիվորեն քննարկվել է նաև արձանագրությունները ետ կանչելու գաղափարը, սակայն մշտապես բարձրաձայնվել է երկու մտահոգություն․ ա/ այդ քայլով Հայաստանը կփակի թեկուզ չնչին հնարավորության պատուհանը, որի վերաբացելը դժվար կլինի և բ/ միջնորդներին տրված խոստումները չարժե դրժել։ Իրականում, այդ երկու մտահոգություններն էլ պետք է վերագրել փորձի պակասին և դիմացինին անվերապահ վստահելու պրակտիկային։ Ոչ պակաս կարևոր է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մշակման, իրականացման և գնահատման գործընթացներում առավել ակնհայտ դարձած մեկ այլ բացասական երևույթ․ նվազել են պրպտումների ու նորարար մոտեցումների միջոցով լուծումների հասնելու դրսևորումները Սարգսյանի նախագահության առաջին երեք տարիների ընթացքում եղան մի քանի նման դրսևորումներ, սակայն վերջին տարիների ընթացքում դրանք էապես նվազել են՝ վերահաստատելով այն իրողությունը, որ արտաքին քաղաքական որոշումների կայացման գործընթացում առկա է ինստիտուցիոնալ ու խորքային խնդիր։
Ցեղասպանության շուրջ Թուրքիայում համակարգային փոփոխությունները սկսվել են տարիներ առաջ, ու Հրանտ Դինքի մահն էլ ավելի արագացրեց այդ գործընթացը։ Մենք այս ամենի ժամանակակիցն ենք ու ամբողջապես չենք գիտակցում, թե Թուրքիայի հանրային գիտակցությունը կերպի և բովանդակության առումներով ինչ ձևափոխումների է ենթարկվել։ Դա արդեն լուրջ զարգացում է, իսկ դրական հետևանքներն արդեն անկասելի են։ Վերադարձի նշագիծն արդեն վաղուց հատվել է Թուրքիայում, իհարկե որոշները շատ հեռու են այն տեսնելուց և ընդունելուց, իսկ ոմանց համար էլ այն տեսանելի է, սակայն դեռ անհասանելի։ Հայոց ցեղասպանության առումով Թուրքիան փոխվում է, և ամբողջ հարցն այն է, թե ինչ արագությամբ և խորությամբ այդ ամենը կազդի իրական քաղաքականության վրա։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ ցեղասպանության և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերում կողմ արտահայտվող թուրքական հասարակության և մտավորականության ազդեցությունը իշխանության վրա դեռ բավարար չէ, սակայն այն ավելի շատ է քան տարիներ առաջ։ Երկու երկրների ղեկավարները և հասարակությունները պետք է դառնան փոփոխության մաս, այլ ոչ թե առերեսվեն դրա հետևանքների հետ: Նրանք պետք է ժխտեն քարանձավային մտածելակերպը, ու հրաժարվեն կրկնել նախկինում արված սխալներն ու բացթողումները։