Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Դերսիմի ալեւիները՝ խառնածին ինքնություն

 
 
 
Այլ տեսակետ

Դերսիմի ալեւիները՝ խառնածին ինքնություն

Էրվան Քերիվել

 

 
Էրվան Քերիվել

Ալեւիզմի մասնագետ, ֆրանսիացի գրող և հետազոտող

Դերսիմում ինքնության որոնմանը նվիրված իր հոդվածներում (Ինքնությունները Դերսիմում և Դերսիմի ալեւիացած հայերը) հայ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը մեզ է ներկայացնում հետաքրքիր մի ուսումնասիրություն Օսմանյան կայսրությունում ու Թուրքիայի հանրապետությունում Դերսիմի բնակիչների ունեցած ինքնության ընկալման մասին: Սակայն, միայն հայկական և արեւմտյան աղբյուրների ուսումնասիրության վրա հենվելով հնարավոր չէ հասկանալ ալեւիական պաշտամունքը: Արմատները մինչեւ Պարսկաստան գնացող նրա հին հավատալիքները, ինչպես նաեւ նրա կլանային ու կրոնական երկակի կառուցվածքը կարեւոր տարրեր են: Հարկավոր է նաեւ աչքի առջեւ ունենալ պատմության ընթացքում տարածաշրջանի բնակիչների մետիսացումը, որպեսզի խուսափենք նրանց միայն մեկ էթնիկական ծագում վերագրելուց:


Ինքնության շուրջ շարունակվող բանավեճը պառակտում է ճնշված ալեւիական համայնքը, որի հիմքերից է « biri olalım, iri olalım, diri olalım » (լինենք միասին, լինենք ուժեղ, լինենք ողջ) կարգախոսը:

Գոյություն ունի բանավեճի առարկա առնվազն չորս հակադիր տեսակետ. ամենաարմատական թուրքական ազգայնականության ջատագովները, ինչպիսին է Հալաչօղլուն, ձգտում են ապացուցել, որ Դերսիմի ալեւիները «քրդացած թուրքմեններ» են, հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները, հանձինս արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի, հայտարարում են, որ դրանք «կրոնափոխ հայեր» են, քուրդ ազգայնականների համար դերսիմցիները քուրդ ազգի մի մասնիկն  են, որը պայքարում է իր անկախության ու ինքնավարության իրավունքի համար: Կա նաեւ «զազայական» հոսանքը, ինչպես իր հոդվածում նշում է տիկին Խառատյանը, ով Դերսիմի ալեւիներին վերագրում է էթնիկ եւ ազգային առանձնահատկություններ:  

Իրականում, իմ կարծիքով, այս թեզերից ոչ մեկը բավարար չէ Դերսիմի պատմությունը ճշգրիտ ուսումնասիրելու համար: Դարերի ընթացքում Դերսիմը մետիսացման տարածք է եղել, որտեղ առաջացել է զանազան էթնիկական ծագումների օրիգինալ մի սինթեզ հանդիսացող ալեւի բնակչությունը՝ հայեր, Իրանի դայլամիթներ, քրդեր ու թուրքմեններ: Դա է պատճառը, որ ես իմ « Les Fils du Soleil, Arméniens et Alévis du Dersim » («Արեւորդիները՝ Դերսիմի հայերն ու ալեւիները») աշխատությունում (Sigest հրատարակչություն) այս բնակիչներին բնութագրեցի որպես  «դերսիմցի ալեւիներ», և ոչ թե «ալեւի քրդեր» կամ «ալեւի զազաներ»:

Ալեւիները, որոնց Օսմանյան կայսրությունում անվանում էին կըզըլբաշներ, մինչեւ իսկ վիրավորական բառերով՝ մոմ վառողներ (թերահ սոնդերան), ուրացողներ կամ անհավատներ (զինդիկ, ռաֆիզի), ստորակարգված էին քրիսոնյաներին, քանի որ միլլեթի կարգավիճակով չէին «պաշտպանված» և չէին վայելում դհիմմի (ոչ մուսուլման) կարգավիճակը: Միայն 19-րդ դարի վերջերին է, որ օսմանյան իշխանությունները սկսում են ալեւիներին հաշվառել որպես «մուսուլմաններ», ելնելով քարոզչական նպատակներից՝ նվազեցնել կայսրության քրիստոնյա հպատակների կշիռը և գաղափարապես ներքաշել նրանց զորավիգ կանգնելու «ջիհադն ընդդեմ քրիստոնյաների» դատին: Մարկուս Դրեսլերի հոյակապ ուսումնասիրությունը՝ «Writing Religion, the making of Turkish Alevi Islam», լավագույն հետազոտությունն է այս երեւույթը ավելի լավ ընկալելու համար:

Իրականում, այս բնակչությանը տրված զանազան անվանումները հաճախ պարսկական ծագում ունեն և սերտորեն առնչվում են ալեւիների ոչ մահմեդական բնույթի հետ: Մատտի Մուսան պնդում է, որ հայերը նրանց անվանում էին «Կարմիր գլուխ»՝ կըզըլբաշի բառացի թարգմանությունը, սակայն այդ տերմինը միեւնույն ժամանակ պարսիկ էր նշանակաում: (1) Նույն բանն էր օսմանյան տերմինաբանությունում: «Ըստ էության, կարելի է պնդել, որ «զինդիկ» տերմինը (ուխտադրուժ, անհավատ), ուղիղ աղերսներ ունի զրադաշտների, մազդակականների և մանիքեականների հետ: Իսլամի պատմության մեջ, «զենդեկայի»  նախնական շարժումները պարսկական ծագումով խմբավորումներ են, որոնք պահպանում են  իրենց նախաիրանյան կրոնական համակարգերը՝ իսլամական քողի տակ: (2)

Շահ Իսմայիլի օրոք (16-րդ դար)՝ կըզըլբաշական շարժման Անատոլիա զանգվածային թափանցումից հետո մի նոր բառ սկսեց օգտագործվել՝ «Թաթ». «Անհայտ ծագումով մեկ այլ խումբ, որի գոնե մի մասը դասվում է Անատոլիայի ալեւիների շարքին՝ թաթերն են, որոնք նույնպես օսմանյան վավերագրերում բացահայտ դատապարտման էին արժանանում: Այդ ժամանակվա Թուրքիայում այս ամվանումն օգտագործվում էր «օտարի», բայց  նաեւ «իրանցու» իմաստով:» (3)

Վերջապես, մեծ թվով ալեւիներ, հատկապես Դերսիմում, անկեղծորեն հավատում են, որ իրենք ծագումով Պարսկաստանի Կենտրոնական Ասիային սահմանակից Խորասան կոչվող նահանգից են:  Առասպելական այդ նախահայրենիքը ալեւիներինը  չէ, որոնց մի մասը Անատոլիայի բնիկներն են, մի մասն էլ գալիս են  Գիլանից ու Դայլամանից կամ արեւմտան Իրանի Քերմանշահից: Խնդրո առարկա Խորասանը աշխարհագրական բնույթ չի կրում, այլ գրական, այսինքն՝ ինչպես արաբ հեղինակներն էին արտահահայտվում՝ «Ծագող արեւի երկիրն» էր, որով մատնանշվում էին նախաիսլամական Պարսկաստանի հին հավատալիքներին հավատարիմ մնացած տարածքները: Պատկերավոր այս բնութագրումից բացի, Խորասանը եղել է նաեւ պատմականորեն Դերսիմի կըզըլբաշների բռնի բնակեցման վայր՝ Իրանի սեֆյան շահերի կողմից, որոնք այս վերջիններին 17-րդ դարի սկզբին օգտագործել են որպես գրոհային ջոկատներ ընդդեմ սուննի ուզբեկների, որոնք փորձում էին ներխուժել Պարսկաստան: Ըստ պատմաբան Մեհմետ Բայրաքի՝ շուրջ  60 հազար Կըզըլբաշ տեղահանվեց հյուսիս-արեւելյան Իրան, ոմանք հաստատվեցին այնտեղ, մյուս մասը շուրջ 30 տարի անց վերադարձավ Դերսիմ: (4)

Հետեւաբար, ի տարբերություն տիկին Խառատյանի կարծիքի, մինչեւ 19-րդ դարի վերջերը Դերսիմի ալեւիների մոտ հավաքական ինքնություն գոյություն ունեցել է՝ կըզզըլբաշական ինքնության տեսքով, որը սերտորեն կապված է իրանական մշակութային, կրոնական և պատմական տարածքի հետ:

Ճիշտ է, որ ավելի ուշ, ինչպես արեւմուտքցի, սյնպես էլ հայ  ազգագրագետներ, պատմաբաններ ու աշխարհագրագետներ  գրեթե միաձայն այդ բնակչությանը դասակարգել են որպես «քրդեր»:  Գերմանացի աշխարհագրագետ Kiepert-ը 1955թ մի քարտեզի վրա նրանց ներկայացնում է որպես «Դուժիկի անկախ քրդեր»: Էրզրումում Ռռուսաստանի հյուպատոս Ալեքսանդր Ջաբան 1860-ին նրանց մասին արտահայտվում է  «Դուժիկի քրդական ցեղախումբ» բնութագրմամբ: Այս վերջինը բացատրում է, որ թուրքերը նրանց անվանում են «դուժիկ» կամ «էկրատ» (քուրդ), սակայն «իսկական քրդերը նրանց կոչում են «կըզըլբաշ» (5): Այն ժամանակվա օսմանյան արխիվներում եւս խոսվում է «էկրադների» (քրդերի) կամ քոչվոր քուրդ ցեղախմբերի («Yörük Ekrad Tayfesi») մասին: Այսուհանդերձ, այն ժամանակ, երբ քրդական ազգային հարցը դեռ գոյություն չուներ, իսկ հիմնական կառուցվածքը աշիրեթային ու կլանային էր, կարծում եմ, որ  այս «քուրդ» անվանումները պետք է կապել նախ և առաջ նրանց քոչվորական ու հովվական գործունեության հետ, քան էթնիկական քանակակազմի հետ: Սա, ըստ էության, Գառնիկ Ասատրյանի ասածն է, երբ նա տալիս է դառերի ընթացքում քուրդ բառի սահմանումը. 6-րդ ու 7-րդ դդ իրանական տեքստերի «Կուրթան ու մարթոհմ-ի Կուրթան»-ը, որը նշանակում է քոչվոր խումբ՝ վրանների տակ ապրող և արածեցումով զբաղվող հովիվներ: 8-րդից մինչեւ 12-րդ դդ արաբա-պարսկական տեքստերում հանդիպող «քուրդան ու աքրադ»-ը նշանակում է՝ քոչվոր, ավազակ, անասնապահ: (6)

19-րդ դարի վերջերին արեւելյան վեց նահանգներում անցկացված Հայոց պատրիարքարանի վիճակագրությունը, որը հրապարակվել է 1913թ Փարիզում լույս տեսած մի աշխատությունում,  հստակ տարբերություն է դնում «նստակյաց քրդերի», «քոչվոր քրդերի», «կըզըլբաշների» ու «զազաների» միջեւ: (7) Պատրիարքարանի ներկայացրած թվերից պարզ երեւում է, որ դերսիմցիները  «կըզըլբաշների» կատեգորիայի մեջ են դասվում, իսկ «զազա» կատեգորիան վերաբերում է Սոլհանի, Բինգյոլի... սուննի զազաներին:

Ինքնություն հասկացությունը դերսիմցի ալեւիների մոտ որոշակիորեն աշիրեթային և կրոնական կառուցվածքի հետ է կապվում: Ինչպես տիկին Խառատյանն է նշում իր հոդվածում՝«Դերսիմցիները միմյանց հայտնի էին իրենց աշիրեթային (տոհմա-ցեղային) անուններով:» Կլանային կամ աշիրեթային կառույցին պատկանելը անչափ կարեւոր էր, մանավանդ որ այն միաժամանակ ինքնավարության արժեք էր ներկայացնում: Դերսիմում ի զուր չեն ասում, որ ամեն մեկը իր աղան է (տերը՝ ֆեոդալական իմաստով): Հենց դրանից էլ ծագում են Դերսիմում հաճախակի տարածքային և ունեցվածքային հակամարտությունները աշիրեթների միջեւ: Սակայն ինքնությունը պետք չէ վերածել միայն ցեղախմբային պատկանելությանը, քանի որ է՛լ ավելի կարեւոր մի պատկանելություն եւս կա՝ դա կրոնականն է: Դերսիմի ալեւիները, նրանց աշիրեթները իրենց հովվապետերի տոհմին՝ փիրերին (թուրքերեն՝ դեդեներին) ընտրում էին ելնելով նրանց հոգեւոր իմաստությունից և գերբնական ձիրքերից (քերամեթ): Օջախ կոչվող հովվապետերի այս տոհմերը և աշիրեթների հավատարմությունը իրենց կրոնական ղեկավարությանը առնվազն նույնքան կարեւոր են, ինչքան ցեղախմբային պատկանելությունը: Հազվադեպ չէ, որ դերսիմցիների մոտ ինքնության շփոթություն  է առաջանում՝ ցեղախմբի անվան և Օջախի անվան միջեւ, որին նա պատկանում է: Երբեմն նույնիսկ նույն անվան շուրջ երկակի ինքնություն է գոյանում՝ Քուրեսանների ցեղախումբը և Քուրեսան Օջախը: Կրոնական ասպեկտը կարեւոր է, երբ նկատի ենք առնում ցեղախմբի սոցիալական շերտավորումը: Ցեղախմբի անդամները, ովքեր սերում են հովվապետերի տոհմից՝ կոչվում են Ռաս, ովքեր այդպիսին չեն՝ կոչվում են Ռամ, իսկ միջանկյալ կատեգորիան, երբ մայրը սերում է հովվապետերի տոհմից, իսկ հայրը ոչ՝ Թիկմե: Եթե հայրը Ռաս է, իսկ մայրը՝ Ռամ, զավակները համարվում են Ռաս.

Եթե կենտրոնանանք ինքնության կրոնական ասպեկտի վրա, այն ինչ ես կոչում եմ Օջախներին հավատարմություն, 19-րդ դարի  հայ հեղինակների առաջ քաշած  լեզվական հանգամանքը այլեւս քննադատության չի դիմանում: Իրոք, Դերսիմի ալեւի հովվապետերի երեք խոշորագույն տոհմերը տարբեր լեզուների կրողներ են. քուրեսանները զազայերեն են խոսում, քամասուրանները քրդերեն են խոսում. սալթուկ սարիները՝ թուրքերեն: Սրանով կարելի է բացատրել որոշ  ցեղախմբերի երկլեզու լինելու հանգամանքը, ինչպես նշում է հետազոտող Ալի Քայան, որը թվարկում է 126 աշիրեթներ, որոնցից 80-ը միայն զազայերենի կրողներ են, 23-ը` միայն քրդերենի,  22-ը` զազայերենի ու քրդերենի, և 1-ը՝  միայն թուրքերենի: (8) Ուստի շատ պարզունակ են ու մասամբ սխալ՝ այն հապշտապ եզրահանգումները, ըստ որոնց միայն զազայերենի կրող դերսիմցի ալեւիներն են էթնիկ զազաներ: Դա միանգամայն նույնքան  հատվածապաշտություն կլիներ եթե հայ լինելը բնորոշեինք միայն հայերեն խոսելով ու առաքելական եկեղեցուն պատկանելով:

Որովհետեւ դերսիմցի հայերի այսօրվա բացահայտումը Դերսիմի մշակութային մետիսացման հարստությունն է: Նրանք արդեն քանի սերունդ ապրել են ալեւիական հավատքով, երբեմն խոսել հայերեն, իսկ ավելի հաճախ՝ զազայերենի ու հայերենի մի խառնուրդ: Միեւնույն աժամանակ, Դերսիմի ալեւիները կարող են նաեւ իրենց կապված զգալ հայկական, զազայական, քրդական կամ թուրքական ինքնությանը, պահելով միաժամանակ հավատքն առ մարդ էակ: Քանի որ «նրանք 72 ազգություններին նույն աչքով են նայում»: Այլ ճանապարհ ընտրեց Դերսիմցի հայերի միությունը՝ խրախուսելով կրոնափոխությունը դեպի հայ առաքելական քրիստոնեություն և հորդորելով մկրտությունը, որն իր մեջ ներառում է անվանափոխությունը (հայկական նոր անվան ձեռք բերումը): Դա մի ընտրություն է, որի իրավունքն ունի  յուրաքանչյուր ոք,սակայն ի վերջո այն կզրկի դերսիմցի ալեւիներին իրենց բաղադրիչների.մի մասից:

1) Matti Moosa, Extremist Shiites, the Ghulat Sects, Syracuse University Press, New York, 1988

2) Ceren Selmanpakoglu, The formation of Alevi Syncretism, Université Bilkent, 2006

3) Luminita Munteanu, Les Alevî ou la traverse du desert. Réflexions sur une centralité manquée, Annals of Sergiu Al-George Institute 6-8 (1997-1999), 2004

4) Mehmet Bayrak, Dersim-Horasan Hatti nere düser? Kiziltepe Times, 07/12/2012

5) Alexandre Jaba, Recueil de notices et récits Kourdes, Académie Impériale des Sciences de St Petersbourg, 1860

6) Garnik Asatryan, Prolegomena to the study of the Kurds, Iran and the Caucasus 13 (2009)

7) La Question arménienne à la lumière des documents, Augustin Challamel, Paris, 1913

8) Ali Kaya, Baslangicindan günümüze Dersim tarihi, Demos Yayinlari, 2010

 

ինքնությունն

  • Հայացք Հայաստանից
  • Հայացք Թուրքիայից
  • Հայացք Հայկական Սփյուռքից
  • Այլ տեսակետ
  • Էլ.Ամսագրի

    Էլ. Ամսագրի բաժանորդագրում

    "Repair" նախագծի գործընկերներ

     

    Twitter

    Facebook