Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Թուրքիայում հայ լինելն այսօր

 
 
  Հայացք Թուրքիայից


Թուրքիայում հայ լինելն այսօր

Եդուարդ Թոմասյան

 

 
Եդուարդ Թոմասյան

«Արաս» հրատարակչության հիմնադիր


«Արաս» հրատարակչության հիմնադիր Եդուարդ Թոմասյանի հետ զրուցեցինք  թուրքիացի հայ լինելու, հայ ինքնության սահմանման մեջ տեղի ունեցած փոփոխությունների, այդ ինքնության արտահայտման միակ վայրերը հանդիսացող «եկեղեցու» և «դպրոցի» հետ հարաբերությունների, մահմեդական հայերի շուրջ տեղի ունեցող քննարկումների և «կյանքը 20 պարտությամբ» սկսելու շուրջ:

 

Թուրքիացի հայն ինքն իրեն բնորոշելիս ինչո՞վ է իրեն տարբերում Սփյուռքի կամ Հայաստանի հայից:

Թուրքհայերն իրենք իրենց տարբեր կերպ են բնութագրում, քանի որ իրենց նախնիների հողի վրա են ապրում: Նրանք ապրում են իրենց հարազատ՝ պապերի ու տատերի և նրանց նախնիների հողերի վրա: Սփյուռքի հայերը, այս կամ այն պատճառով, 19րդ կամ 20րդ դարերին արտագաղթել են: Էմիգրանտի կարգավիճակով են գնացել: Այնպես որ` նրանք Փարիզ կամ Նյու Յորք գնալով փորձել են կյանքը շարունակել: Ամեն ջանք թափել են այնտեղ՝ այդ հողերի վրա ամրանալու համար: Մենք մեր հողի վրա ենք ապրում, դրա կարիքը չունենք: Օրինակ, անցյալ օր էլ ասացի այդ մասին, շատ վառ օրինակ է. Վիլյամ Սարոյանը Ֆրեզնո է գնում, բայց նա երբեք չի զգում, որ այդ հողերին է պատկանում: Պատմվածքներից մեկում, նրա հորեղբայրը մահանում է, թաղումից հետո տուն են գալիս, հոգեհացի պահին ասում է՝ «Մենք հի՛մա ամերիկացի դարձանք»։ Այո, հազարամյակներ շարունակ մենք մեր ննջեցյալներին այս հողի տակ ենք թաղել։ Մեր ինքնությունը` Թուրքիայում բնակվող հայերի ինքնությունը կարող ենք այսպես բնութագրել:

Այս բնութագրումը փոփոխությունների ենթարկվե՞լ է վերջին տարիներին: Թուրքահայ  հասկացությունը  որեւէ փոփոխություն կրե՞լ է արդյոք:

Ոչ, չեմ կարծում: Բայց, իհարկե, գուցե ինքնարտահայտման ձեւն է փոխվել: Այսօր մեր ինքնությունը ավելի հստակ, ավելի բաց ու ավելի տեսանելի ձեւով ենք ապրում: Եթե համեմատենք անցյալ տարիների՝ 1940ականների, 50ականների, 60ականների, 70ականների հետ, ապա այսօր ավելի նկատելի ենք։ Ինչքան տեսանելի ապրենք, այնքան ներքին խաղաղություն կունենանք։ Այլապես, ստիպված ենք լինում զսպել  մեր ինքնությունը: Եվ դա շատ  դժվար բան է:

Ինքնության այս զսպումը տարիների ընթացքում իրենց վնասակար հետքը չե՞ն թողնում արդյոք:

Իհարկե թողնում են: Եթե համայնքի տեսակետից դիտարկենք, ապա պետք է ասենք, որ այդ ճնշման պատճառով մարդիկ արտագաղթում են։  Քանակական ու որակական առումով համայնքը վնաս է կրում: Գաղթողներն էլ այդ վայրերում չեն կարողանում լիարժեք դրսեւորվել, քանի որ ստիպված են պայքարել կյանքի համար:

Ինչպիսի՞ բաղադրիչներ ունի այս ինքնությունը: Ի՞նչ դեռ են խաղում, օրինակ, լեզուն կամ կրոնը:

Շատ բարդ է: Օրինակ, անցյալում հայի ու թուրքի ամուսնությունը շատ դժվար էր, դա լուրջ խնդիր էր երբ ես երիտասարդ էի։

Ընդ որում, դա այսօր էլ է խնդիր: Բայց հիմա գոնե կարող եք առաջարկություն անել, կարող եք ձեր ընտանիքի հետ կիսվել, քննարկել այդ հարցը, թեկուզ եթե դեմ են դրան: Նախկինում դուք այդ մասին ձեր ընտանիքին չէիք կարող հայտնել: Իհարկե, այստեղ մի ուրիշ հարց էլ կա, խնդիրը միայն այն չէր, որ թեկնածուն մահմեդական էր: Իմ երիտասարդության ժամանակ հույնի հետ ամուսնանալն էլ էր անընդունելի: Այս ամենը ինքնությունը պահպանելու համար էր:

Մտավախություն կար, որ երեխաները կկորցնեին հայկական ինքնությունը։Այդպե՞ս է։

Այո: Պետությունն արդեն ոչ մի ջանք չի գործադրում, որպեսզի դու քո ինքնությունն ապրես, պաշտպանես, պահպանես ու զարգացնես։ Նա ոչ միայն հնարավորություններ չի ստեղծում, այլ նաեւ իր պարտականություններն էլ չի կատարում: Այդ դեպքում, դուք մնում եք միայնակ և ուրիշ ելք չեք ունենում քան պարփակվել ձեր մեջ: Միայն եկեղեցու և դպրոցի դռներն են բաց մնում: Իրականում, դպրոցի դուռն էլ բաց չէ. ինչոր թուրք փոխտնօրենի հսկողության, խնամակալության և նույնիսկ պահակության տակ եք ապրում: Գրասեղանին էլ դրել է «Թուրք փոխտնօրեն» գրությամբ մի ցուցանակ: Այդ դեպքում, ես էլ իմ սեղանին «Հայ տնօրե՞ն» պետք է գրեմ: Ինչքա՜ն զզվելի է:

Հենց եկեղեցին ու դպրոցն են ձեւավորում են այդ ինքնությունը, այդպես չէ՞ :

Այո, որովհետեւ ձեր ինքնությունը զարգացնելու մշակութային կամ սոցիալական այլ հնարավորություն չկա, պետությունն ու համակարգը թույլ չեն տալիս դա։

Եթե Թուրքիայում չապրեի, գուցեեւ երեխաներիս չկնքէի։ Մենք մեր երեխաներին փոքր

տարիքից կնքում ենք, կրծքի երեխային` մինչեւ մեկ տարեկան։ Ինչո՞ւ ես պիտի որոշեմ` զավակս քրիստոնյա է լինելու, թե՞ բուդիստ կամ աթեիստ։ Բայց այս երկրում ապրելով, ես դա անում  եմ որպես հակազդեցություն` հակադրվելով պետությանը, հակադրվելով համակարգի ճնշումներին` քանի որ նա չի ուզում տեսնել իմ ինքնությունը։ Իսկ ես էլ իմ ինքնությունն արտահայտում եմ բոլոր հնարավոր առիթներով` որտեղ հարմար է, թեկուզ հավատացյալ չեմ: Միայն երկու վայրում ենք կարողանում  մեր ինքնությամբ դրսեւորվել` եկեղեցում ու դպրոցում։ Այդ պատճառով էլ ամեն ինչ անում եմ ու կանեմ, որպեսզի այդ երկու դռները բաց մնան։

Ընդհանուր առմամբ համայնքն էլ նման մտավախություն ունի, կարծես թե։

Բնականաբար, բայց եթե համեմատենք հասարակության մահմեդական հատվածի հետ` կարծում եմ հայ համայնքի համար այսօր եկեղեցին ավելի շատ մշակութային, ֆոլկլորային նշանակություն ունի։ Մի խոսքով` հավատքից չէ, որ եկեղեցի են գնում։

Օրինակ, օրվա մեջ կամ կիրակի օրով եկեղեցին դատարկ է։ Սակայն եթե Զատիկին գնալու լինեք` ամենաշքեղ, ամենադեկոլտե զգեստները կտեսնեք։ Սխալ չհասկանաք, ես սիրում եմ դեկոլտեն, սակայն այն գեղեցիկ է երբ տեղին է օգտագործվում։ Այսինքն, Բոդրումում հագնելու շորը եթե եկեղեցու բակում կամ եկեղեցում հագնեք` սիրուն չէ։ Ուզում եմ ասել` պետք է հագնվել ըստ պատշաճի։

Ժամանակին հայերն էլ էին մահմեդականների նման եկեղեցում գլուխները քողով ծածկում, չէ՞։

Անշուշտ, ժամանակին մայրս, զոքանչս առանց գլխաշորի եկեղեցի չէին մտնի։ Ընդամենը 40 տարի անցավ։ Մայրս արդեն չէր ծածկում գլուխը, բայց զոքանչս մինչեւ 8090 տարեկան քողով էր մտնում եկեղեցի։Հիմա այդ կնոջ հավատքը պետք է հարգել, սա եմ ուզում ասել։

Գուցե խոսենք ինքնության վրա ազդող այլ գործոններից, ինչպիսիք են մերօրյա միությունները կամ թերթերը:

Իհարկե, այսօր արդեն տարբեր իրավիճակ է: Գոյություն ունի երկու օրաթերթ: 1950ականներին եղել է «Նոր Օր» թերթը, այնտեղ աշխատող բոլոր ձախակողմյան գրողները, լրագրողները, ծաղրանկարիչները հալածանքի են ենթարկվել, ոստիկանությունում հարցաքննվել, կալանավորվել, բանտարկվել են, իսկ 60ականների կեսերին բոլորն էլ լքել են այս երկիրը: Մի քանիսն են մնացել միայն, մեկը մյուսի ետեւից 15 լրագրող հեռացել է այս երկրից:

Մնացած թերթերն էլ միայն իրենց «անհամ ու տափակ» լուրերով են գոյատեւել, այսինքն, առօրյա կյանքի սովորական լուրերը հաղորդելով մի կերպ գոյություն են քարշ տվել: Չեմ ուզում անհարգալից վերաբերվել մյուս թերթերին. «անհամ ու տափակ» ասելով փաստն եմ արձանագրում: Միեւնույն ժամանակ, եթե ես կարող եմ այսօր հայերեն լավ արտահայտվել, դա այն բանի շնորհիվ է, որ հայերեն թերթ կարդալու ներքին կարգապահություն եմ ստեղծել իմ մեջ: Թուրքական թերթերը բառ առ բառ հայերեն էին թարգմանվում: Ուրիշ լուր չկար այդ թերթերում: Ուրիշ բան պետք է տեղի ունենար 50ականներին, բայց նրանք էլ հետաքննության ենթարկվեցին` վախեցան, փախան, հեռացան երկրից:

Այդ «ուրիշ բանը» գիտենք, որ «Արաս « հրատարակչությամբ սկսվեց:

Այո, դա 20 տարի առաջ էր, բայց ասեմ, որ ես հայոց լեզու և գրականություն եմ ուսանել, սովորել եմ գրաբար` ուսուցիչ էի ուզում դառնալ: Առ այսօր գոյություն ունեցող Թուրքիայի Հայ ուսուցիչների միությունը ձախակողմյան հայացքներիս համար դպրոցների տնօրենությունների վրա ճնշում էր գործադրում, որպեսզի չդասավանդեմ այդ դպրոցներում:

Լո՞ւրջ եք ասում:

Այո, լուրջ եմ, իհարկե։ Բանասիրականն էի ավարտել, բայց չէի կարող դասավանդել: Հետո կյանքը շարունակվեց` պարտավոր ես, մի բան պիտի անես: Հայրս մասնագիտությամբ ադամանդագործ էր, ես էլ այդ արհեստն ընտրեցի՝ 3335 տարեկանից հետո: Ինչեւէ, որոշ ժամանակ անց, երբ կարողացանք արդեն մեր ապրուստը վաստակել՝ հրատարակչությունը հիմնեցինք: Այպիսով, ամեն ինչ նորից սկսվեց:  Այսօր մենք փորձում ենք անել, այն ինչ նրանք չկարողացան, չհասցրեցին անել: 20 տարվա ընթացքում 150 գիրք հրատարակեցինք: Աշխատում ենք տարին միջինը յոթ գիրք հրապարակել: Սա քիչ է, վերահրատարակությունների էլ օգնությամբ՝ փորձում ենք այդ թիվը հասցնել 1520ի:

Այն ժամանակ ձեզ խանգարողները՝ ձեզ խորհուրդ տվողները այսօր ձեր ընթերցողների շարքերո՞ւմ են:

Իհարկե՛, այսպիսին է կյանքը: Զորօրինակ՝ Դպրեվանքի սանուց միության մեջ ժամանակին զբաղվել եմ երաժշտությամբ ու պարով: Անատոլիայի ավանդական ժողովրդական պարեր էինք պարում: Որոշեցի մի դաշնամուր գնել, 70ականներն էին՝ ձախակողմյան դիսկուրսի ամենաթունդ տարիները: Ամենամոտիկ ընկերներս ինձ քննադատեցին՝ «Ինչո՞ւ ես բերել այս բուրժուական գործիքը»:

Անկախ նրանից, թե դուք ձախակողմյան եք, թե բուրժուա, միեւնույն է՝ մեղավոր եք:

Ես փորձեցի նրանց բացատրել: Եթե երաժշտությամբ պիտի զբաղվենք, սա հիմնական երաժշտական գործիքն է: Կարող է այն չօգտագործել որպես կատարողական գործիք, բայց պետք ենք պարապել այդ հիմնական նվագարանով: Դժկամությամբ ընդունվեց: Հետո այդ ընկերներս ամուսնացան, տունտեղ դրեցին, երեխաներ ունեցան, տան համար դաշնամուր առան, երեխաները դաշնամուր պարապեցին:

Իսկ Հայաստանն ի՞նչ տեղ է գրավում այս ինքնության մեջ։

Երկար ժամանակ հայերը չէին կարող արտահայտվել Խորհրդային միության մաս կազմող Հայաստանի մասին, քանի որ Թուրքիան ՆԱՏՕի անդամ էր եւ հակառուսական մթնոլորտը տիրապետող էր։ Հայաստանի մասին որեւէ միտք արտահայտեիր, քեզ կասեին` «ով գոհ չէ` թող Մոսկվա գնա»։

Արդյունքում` անհասանելի վայր էր դարձել։

Երկու պատճարով` թե՛ հայ էինք եւ թե՛ Հայաստանը կումունիստական էր։ Այդ երկու վատ բաների համար երկար ժամանակ Թուրքիայում մարդկանց աչքի փուշն էինք։ Մյուս կողմից, Հայաստանն էլ մեզ նույն ակնոցով էր նայում` «Եթե դուք այնտեղ եք մնացել, թուրքերի հետ եք ապրում, ապա թուրքացած կլինեք։ Եթե դուք արժանավոր մարդիկ լինեիք, այդ «վատերի» հետ չէիք ապրի։ Իսկ քանի որ ապրում եք նրանց հետ, ուրեմն հաստատ արենակցական մի կապ կունենաք նրանց հետ։»

Արենակցական կապի հա՜րց էլ կա, ուրեմն։

Ես անձամբ դրա փորձն ունեմ, ապրել եմ այդ ամենը։ Մինչեւ այդ, հարաբերությունները եկեղեցական շրջանակներում էին։ Միայն եկեղեցու հետ կապված մարդիկ էին երբեմն գնումգալիս։ Այդ ամենով հանդերձ, մի ազգականիսԽորհրդային Հայաստանից բերել տալու համար երեք տարի չարչարվեցի։ Ոստիկանատուն էիր գնում, դիմում էիր գրում, ամիսներով քննում էին, տուն էին գալիս ստուգման, որոշում էին, թե այդ մարդը կարող է գալ, թե չէ։Նույն կերպ, Հայաստանում էլ գործերը ամիսներով, տարիներով սպասում էին Ներքին գործերի նախարարության ինչոր բաժնում։Ուզում եմ ասել` Հայաստան գնալը հեշտ չէր, դուրս գալը նույնպես։Այդ ամենը առնվազն երկու տարի էր տեւում, իմ դեպքում երեք տարի տեւեց։ Բոլոր փաստաթղթերը հանձնում էինք։  Միհրանն էլ նոր էր ծնվել, հարցրեցին քանի՞ զավակ ունես, ավելպակաս հարցեր` հայերեն գիտենչգիտեն, մի թեթեւ էլ հարցաքննեցին։ Ազգականիդ բերելու համար ստիպված էիր այս ամենին ենթարկվել։Իզուր տանջանք։ Միայն Թուրքիայում չէ, Հայաստանում էլ էր նույնը։ Այսինքն` չեմ կարող ասել, թե մեկը վատն էր, մյուսը` լավը։

Երեւի հիմա դա այդպես չէ։

Չէ, հիմա այդպես չէ, համեմատաբար ազատ ներս ու դուրս կարողանում ենք անել։

Երկու կողմերում էլ վերաբերմունքը որոշ չափով փոխվել է: Բայց երբեմն մեծամտանում են, «70 հազարին կվտարենք» ասելով ապառնում են։ Բայց այստեղ մարդիկ անօրինական են ապրում։ Քումքափու գնացեք, այնտեղ հայաստանցիները տեղացի հայերից շատ են։ Եկեղեցի գնացեք` թեկուզ մեկ պոլսահայի չեք հանդիպի, բոլորն էլ Հայաստանից աշխատելու են եկել, եկեղեցում աղոթում են:

Հիմա անօրինական հայերի երեխաներն էլ են դպրոց ընդունվում, միայն թե դիպլոմ չի տրվում։Նրանք պարզապես դասերի են հաճախում։ Պետությունը նրանց ահա այսիսի տարօրինակ մի «իրավունք» տվեց:

Վերջին տարիներին համաժողովների ընթացքում էլ արծարծվող իսլամացած հայերի ինքնության ընդունման հարցը կա, մի քիչ էլ այդ մասին խոսենք։

Իմ շրջապատում ավելի շատ սասունցիներ են, ես Դպրեվանքում եմ սովորել, որտեղ իրենց ուսումն են շարունակել Անատոլիայից եկած աշակերտները։ Ավարտելուց հետո, միշտ սասունցի ընկերներիս հետ եմ շփվել։ Սղերթցի, մշեցի, բիթլիսցի ընկերներիս հետ կապերս միշտ պահպանվել են։

Նրանց մեջ լինելով ես շուտ եմ նկատել իսլամացած հայերի գոյությունը: Օրինակ, մեկ ընկերս ասում էր` «հորաքույրս է գալու», եկավ հորաքույրը, եկավ նամազի պահը ու նա գնաց հետեւի սենյակ աղոթելու։ Շատ էի զարմացել, բայց այդպիսով նրանց շուտ էի ճանաչել։ Նրանք շատ ինքնամփոփ են ապրում, իհարկե։ Հետագային արտասահմանից եկողներին հարցնում էի, թե ինչպե՞ս պետք վարվենք նման մարդկանց հետ, թե ինչպե՞ս պետք է ընդունենք նրանց, թե ի՞նչ են ներկայացնում նրանք մեզ համար։

Այդ նույն հարցադրումները դեռ այսօր էլ են այժմեական, այդպես չէ՞։

Այո , նրանք զարմացած ու ապշած դեմքիս էին նայում։ Ես դիտավորյալ էի հարցնում, նրանք չէին կարողանում պատասխանել։ Ապա ես իմ կարծիքն էի հայտնում. ասում էի` «նրանք մեր քույրերն ու եղբայրներն են»։ Ապա ոմանք ավելի շատ էին ջղաձգվում, ոմանք էլ փափկում էին։ Այսօր էլ շատ բան չի փոխվել։ Այս հարցերը դերեւս օրակարգում են։ Այստեղ ամենամեծ խնդիրն – ինչն իմ կարծիքով գրեթե հաղթահարված է – այն է, որ հայկական եկեղեցին ազգային բնույթ ունի: Էկումենիկ եկեղեցիներում ամեն ազգի ներկայաացուցիչ կա, սակայն հայերն իրենց  եկեղեցու շրջանակում ուրիշ ազգերի հետ չեն շփվել։ Աֆրիկացու կամ լեհի հետ միասին Աստծուն չեն երկրպագել։ Այնպես որ, հայի համար շատ դժվար է հաշտվել, համակերպվել, արենակից դառնալ մեկի հետ, որը թեկուզ քրիստոնյա է, կամ այլադավան եւ կամ այլակրոն։ Թեեւ նրան այնքան էլ չեմ հավանում, սակայն Էջմիածնի կաթողիկոսը մի հայտարարությամբ ասել է, որ «նրանք մեր  եղբայրներն են»։ Շատ տեղին է ասել։ Ինչպե՞ս է նա արտաբերել նման նախադասություն, դեռ զարմանում եմ։

Սակայն Պոլսո պատրիարքարանը նման հայտարարությամբ հանդես չի եկել։

Ոչ, չի արել նման հայտարարություն, չնայած որ պատրիարքի ընդհանուր փոխանորդի ազգականների մեջ էլ շատ մուսուլմաններ կան։ Խեղճ մարդը չի էլ թաքցնում այդ բանը։ Այդ մասին պետք է ավելի հաճախ արտահայտվել` դա կթեթեւացնի այդ մարդկանց բեռը։

Մահմեդական հայերի առջեւ ծառացած հարցերից մեկն էլ այն է, որ երբ ուզում են վերադառնալ իրենց հայկական ինքնությանը, Պատրիարքարանը նրանցից պահանջում է քրիստոնեություն ընդունել։ Մինչդեռ, շատերի համար հայ լինելը դավանանքով չի բնորոշվում։

Կարծես թե պատրիարքարանի համար «առանց քրիստոնյա լինելու հնարավոր չէ հայ լինել»։ Քանի որ եկեղեցին ազգային բնույթ է կրում։ Սփյուռքում, մասնավորապես Ֆրանսիայում, Ամերիկայում,  մարդիկ  կենցաղային հարցերը լուծելուց, տունտեղ դնելուց հետո, երրորդ փուլում եկեղեցի են կառուցել։ Դպրոցները շատ ավելի ուշ են կառուցվել։ Առանց եկեղեցու հնարավոր չէ այս մարդկանց համար։Դե հիմա արի ու ասա նրանց, որ  «այս մարդը թե՛ հայ է եւ թե՛ մուսուլման»։

Չնայած որ կառավարությունը ամեն ինչի մասին մտածել է եւ ցեղային կոդավորմամբ հարցին «լուծում» է բերել։ Կատակը մեկ կողմ, սակայն հնարավո՞ր է ցեղային կոդն իմանալու համար դիմում ներկայացնել։

Բոյաջըքյոյի  եկեղեցու հոգաբարձուների խորհուրդը դիմում է կատարել,  որպեսզի այդ թաղի բնակչության գրանցամատյաններում 02 գաղտնագիր (հայերի կոդը) ունեցողների  ցուցակն ստանա։ Թաղային ընտրություններում օգտագործելու համար է արվում դա։

Գոնե պատասխան ստացե՞լ են։

Կարծեմ չեն ստացել։ Ասել են, թե իրենց մոտ նման տեղեկություն չկա։ Սակայն եկեղեցին հայի համար մեծ նշանակություն ունի։ Մարդիկ չեն կարողանում պատկերացնել, թե հայը կարող է աթեիստ լինել, մուսուլման լինել։

Թեպետ կաթոլիկ հայեր էլ կան։

4050 տարի առաջ, երբ մանուկ էի, ուղղափառ հայերի ու կաթոլիկ հայերի միջեւ ամուսնությունը ամոթ էր համարվում։ Տներում, ընտանիքների ներսում` ուղղափառներս կաթոլիկների նկատմամբ  վիրավորական հումորներ էինք անում, անեկդոտներ էինք պատմում։Նման միջավայրում մեծացած աղջիկը, օրինակ, չէր էլ կարող հայտնել ծնողներին, որ կաթոլիկի հետ է ուզում ամուսնանալ։ Սակայն այսօր այդ առումով էլ լուրջ ջանքեր են գործադրվում։ Հոգաբարձուների խորհուրդների ժողովներին, պատրիարքարանում թե այլուր, հրավիրվում են նաեւ կաթոլիկ հայերի հիմնադրամները։

Մի այլ երեւույթ էլ կա` տարածքային  ինքնությունների հարցը։ Սփյուռքում դա շատ նկատելի է։ Այստեղ Թուրքիայում էլ նման երեւույթ կա՞ արդյոք։ Օրինակ, ասում էիք, որ թրակիացի եք։

Կա, այստեղ էլ կա։Վերջերս թրակիացի մի ծանոթս մահացավ` թաղմանը նկատեցի, որ թրակիացին թրակիացու հետ է ամուսնացել, սեբաստացին` սեբաստացու հետ։ Հիմա այդպես չէ, միախառնված ենք իրար հետ։ Իմ անձնական փորձից  օրինակ բերեմ. մեզ ստամբուլցիներիս համար թոքաթցիները, կեսարացիները «գավառից» եկած, Անատոլիայից եկած «գյուղացիներ» էին` բառիս արհամարհական իմաստով։ Այսօր  այդ երեւույթը Ամերիկայում, Կանադայում ավելի վառ է արտահայտված։ Օրինակ,  Թոքաթում ծնված ու հետագայում Կանադա գաղթած հայը չի ուզում, որ իր աղջիկը եգիպտահայի հետ ամուսնանա` մերժում է։ Լսվա՞ծ բան է դա։ Լավ, ասենք մերժում է, վրադիր վերեւից էլ է նայում նրան։ Քիչ է մնում «կեղտոտ արաբ» ասի, բայց դա նկատի ունի:

Ինչպիսի՞ փոխկապակցություններ եք տեսնում մյուս` թուրքիացու, թուրքական, քրդական ինքնությունների հետ։

Եթե Թուրքիայում այս վերջին 30 տարիների քրդական իրողությունը  չլիներ, մենք հայերս էլ այսպես հանգիստ չէինք կարող  դրսեւորվել։ Իրավիճակի բերումով, մենք էլ քրդերի կողքին կարողացանք հանգիստ շունչ քաշել, հրատարակչությամբ զբաղվել,  ավելի հեշտությամբ  ինքնարտահայտվել։ Եթե դա չլիներ, մենք դերեւս  «ընկճված, շունչներս կտրած» պիտի ապրեինք։

Կարծում եմ «թուրքիացի» եզրույթն էլ այդ գործընթացի արդյունքն է։

Ճիշտ է, դա չենք կարող ժխտել, այդ ճշմարտության վրա պետք է կառուցենք մեր ապագան։ Քրդերն էլ պետք է ճիշտ գնահատեն այդ ամենը։ Տիկին Բեսեի վերջերս ասածները եւ նրանից առաջ արված հայտարարությունները բնավ հաճելի չեն։

Փարատվե՞ց արդյոք Բեսե Հոզաթի հայտարարության պատճառած մտահոգությունը։

Ոչ, Օջալանից ստացված նամակում  յուրաքանչյուրի համար մի պարբերություն կա։ Այն կարդալիս` կա՛մ կհանգստանաք կա՛մ էլ կանգհանգստանաք։ Ամբողջական չէ նամակը։ Նա չի ասում, որ Բեսեն սխալ է, ընդհակառակը` կրկնում է նրա ասածը։ 1915 թվի ցեղասպանություն լինելու մասին պարզ ու հստակ հայտարարում է։ Ինձ մոտ քաղաքական վերլուծություններ անելն այնքան էլ չի ստացվում, սակայն ինձ թվում է դա կառավարությանը հղված ուղերձ է` «Արի, օր առաջ համաձայնության գանք,  առջեւում 2015թ մեկ տարի է մնացել, ձերքիս դրա հետ կապված հաղթաթուղթ ունեմ։»

Վերջերս Թարաֆ օրաթերթում Մուջահիթ Բիլիջին  քրդական ու հայկական ինքնությունների մասին մի հոդված էր հրապարակել։ Նա հետեւյալն էր ասում. «Երեւի թե հայերը թեյի մեջ ոչ մի կերպ չհալչող շաքարի նման են զգում իրենց։  Այնինչ, նրանք կուզենային հալչել ու ընդհանուր հասարակության մեջ տեղ գրավել։ Սակայն հասարակությունը նրանց պարտադրում է այդ ինքնությունից դուրս չգալ։ Դրա համար էլ նրանք պարտավոր են զգում մշտապես պահպանել բարի մարդու կերպարը, քանի որ միայն այն դեպքում կարող են ընդունվել հասարակության կողմից։» Բարի համբավ ունենալու այսպիսի պարտադրա՞նք է զգում արդյոք թուրքիացի հայը։

Մեր առօրյայից մի օրինակ բերեմ ձեզ. քույրս Քուրթուլուշում է բնակվում, որտեղ փողոցները միակողմանի եւ նեղ են, միայն մեկ մեքենա կարող է անցնել: Մի օր, հակառակ ուղղությամբ ընթացող մեքենան ինձանից պահանջում է հետ գնալ, հետ եմ գնում։ Սակայն իրականում նա էր գտնվում սխալ ուղղության վրա։ Չգիտեմ` կարողացա բացատրել։

Սակայն, կարծում եմ սա միայն ձեզ հատուկ չե։ Որպես թուրքահայ` երեւի  այնքան էլ հեշտ չէ նույն բանը դիմացինից պահանջել ։

Դժվար է, իհարկե, քանի որ դու այս երկրում երկրորդ կարգի քաղաքացի ես։ Անգամ քաղաքացի չես, օտար ես։ Հերիք չէ օտար ես, լրտես էլ ես միաժամանակ։  Այնպես որ, երբ առավոտյան վեր ես կենում` օրն արդեն 20 պարտությամբ ես սկսում։Մեքենա ես քշում, ստիպված ես լինում սխալ ուղղությամբ երթեւեկող մեքենային զիջել։  Դա այդպես է իհարկե, ես այդպես եմ ապրում այդ իրականությունը։ Մեկմեկ ինքս ինձ հարց եմ տալիս` արդյոք ե՞ս  եմ սխալ վարվում։

Սա նշանակում է, որ թուրքիացի հայն ինքն իրեն ազատ չի զգո՞ւմ:

Անշուշտ: Դուք ձեզ խեղճացած եք զգում, մանավանդ երեկոյան, մտածելով ցերեկը պատահածի մասին: Օրինակ, ես էլ կուզենայի ապրել իմ տղայիս՝ Միհրանի պես, որը պարով է զպաղվում: Դա իմ խառնվածքի մեջ կա: Բայց մենք ճնշված սերունդ ենք: Երեկոյան մտածում ես, թե կյանքնդ ինչպիսին կլիներ եթե ամեն ինչ այլ կերպ դասավորվեր: Այդ իրավիճակում քրտինքը վրա է տալիս: Դժվար է:



ինքնությունն

  • Հայացք Հայաստանից
  • Հայացք Թուրքիայից
  • Հայացք Հայկական Սփյուռքից
  • Այլ տեսակետ
  • Էլ.Ամսագրի

    Էլ. Ամսագրի բաժանորդագրում

    "Repair" նախագծի գործընկերներ

     

    Twitter

    Facebook