Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն
Հայացք Թուրքիայից
Բայրամ Բալջը |
Բայրամ ԲալջըՓարիզի Քաղաքական գիտությունների համալսարանի Միջազգային հետազոտությունների կենտրոնի (CRI) գիտաշխատող |
Այս հոդվածում Բայրամ Բալջըն վերլուծում է Ադրբեջանի հարաբերությունները հարեւան թուրքերի ու ռուսների հետ: Նա պատմում է Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ առկա հատուկ հարաբերությունների մասին, որոնք ունեն պատմական, բայց նաեւ տնտեսական, մշակութային, աշխարհագրական և քաղաքական հիմքեր: Փարիզի Քաղաքական գիտությունների համալսարանի (Sciences Po) Միջազգային հետազոտությունների կենտրոնի (CERI) գիտաշխատողը վերլուծության է ենթարկում նաեւ Ադրբեջանի իր հզոր ռուս հարեւանի հետ ունեցած հարաբերությունները, որի վերջին մերձեցմանը, ըստ նրան, պետք չէ չափից դուրս նշանակություն տալ։ Ընդհանրապես, նա մատնանշում է էներգետիկ նոր ծրագրերի շրջանցման պայմաններում Հայաստանի մեկուսացվածությունը։
REPAIR․ Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանը այսքան մոտիկ.
Բայրամ Բալջը․ Թուրքիայի համար Ադրբեջանը սովորական երկիր չէ, կարելի չէ այն համեմատել մյուս հարեւանների հետ: Դա գալիս է նրանց ինքնությունների մոտիկությունից, քանի որ երկու երկրներն էլ պատկանում են նույն թյուրքականությանը, կամ գոնե նույն ընդհանուր տեսլականն ունեն թյուրքականության վերաբերյալ, ինչը այնքան էլ նախկին ԽՍՀՄ մյուս թյուրքալեզու երկրների պարագան չէ։ Թեեւ տարբերություններ կան Անատոլիայի թուրքական ինքնության ու Ադրբեջանի թյուրքական ինքնության միջեւ, բայց այդ մոտիկությունն ընդունում ու ստանձնում են երկուստեք։ Միեւնույն ժամանակ՝ մոտ քսան տարի է Թուրքիան ձեւավորում է ազգային և թյուրքիստական (և նույնիսկ պանթուրքական) դիսկուրս, որտեղ իրեն շատ լավ է զգում Ադրբեջանը։ Բացի այդ, երկու ժողովուրդները աշխարհագրորեն մոտ են, ինչը Ուզբեկստանի կամ Ղազախստանի նման մյուս թյուրքալեզու երկրների պարագան չէ։ Օսմանյան կայսրության շրջանում մի սահման կար, երկրի փոքր մի մասը օսմանյան տիրապետության տակ էր, թեկուզ կարճ ժամանակ, բայց դա բավական է ամուր կապեր ստեղծելու համար, ինչը երբեք չի եղել մյուս թյուրքական հանրապետությունների պարագան, որոնք երբեվիցե չեն եղել օսմանյան ազդեցության ոլորտում: Ընդհանրապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջեւ հարաբերություններն ավելի լավ պատկերացնելու համար պետք է նշել, որ քեմալական հանրապետության ստեղծման օրից բազմաթիվ ադրբեջանցի մտավորականներ, որոնք մաս էին կազմել ռուսական կայսրության մահմեդական բարենորոգչական շարժման, Թուրքիա գնացին մասնակցելու Թուրքիայի Հանրապետության հիմնադրմանը: Դա նպաստեց երկու երկրների միջեւ հատուկ կապերի ստեղծմանը: Ի վերջո անկախության հռչակումներից ի վեր՝ այն հանգամանքը, որ երկու երկրներն ունեն նույն «թշնամին», նույն հակառակորդը՝ Հայաստանը, մերձեցման այս երեւույթն է ստեղծել:
Որքա՞ն հեռու կարող է գնալ այս հատուկ հարաբերությունը:
Երկու երկրների մերձավորությունից երբեմն կարող է փոխկախվածություն առաջանալ: Կողմերից ոչ մեկը չի կարող հենց այդպես իր ուզածն անել․ նա պետք է հաշվի առնի իր գործընկերոջ դիրքը: Նրանք պարտավոր են միմյանց ցույց տալ անխախտ հավատարմություն: Մի քանի տարի առաջ մենք այդ բանը տեսանք հայ-թուրքական մերձեցմամբ, որը քիչ էր մնում իրականություն դառնար հայ-թուրքական սահմանի բացմամբ... Այնտեղ մենք տեսանք, որ Թուրքիան իր ադրբեջանցի գործընկերոջ պատճառով չէր կարող հենց իր ուզածն անել։ Կարելի է որոշակի համեմատություն անցկացնել ամերիկա֊իսրայելական հարաբերությունների հետ: Իսրայելի նման փոքրիկ երկիրը երբեմն պատանդ է վերցնում իր հզոր ամերիկյան դաշնակցին՝ նրան պարտադրելով Մերձավոր Արեւելքում տարբեր հարցերի շուրջ իր մի շարք դիրքորոշումները։ Ադրբեջանը, իհարկե, Թուրքիայից շատ ավելի փոքր և նվազ ազդեցիկ երկիր է, բայց նա որոշ հարցերում Թուրքիային «պատանդ է վերցրել»: Իսկ Թուրքիան չի կարող անտեսել իր հարեւանի խոսքը, քանի որ թուրքական հասարակությունը Ադրբեջանի հանդեպ շատ դրական վերաբերմունք ունի:
Ինչպիսի հարաբերությունների մեջ են Էրդողանն ու Ալիեւը։
Դրանք բավականին երկիմաստ են: Մենք ստույգ տվյալներ չունենք նրանց մտերիմ հարաբերությունների մասին։ Նրանք հանրության առջեւ միմյանց նկատմամբ համերաշխություն են ցուցաբերում՝ ստիպված են այդ անելու, քանի որ դա են պահանջում աշխարհաքաղաքականությունն ու պետությունների միջեւ հարաբերությունները: Բայց ես վստահ չեմ, որ անձնական մակարդակում ամեն ինչ այնքան լավ է ընթանում է, քանի որ գաղափարախոսական առումով շատ տարբերություններ կան: Ալիեւը խորհրդային աշխարհիկ կրթության ազդեցությունն է կրում և կարծում եմ՝ նա ինչ֊որ չափով մտահոգ է Թուրքիայի ընթացքով, որտեղ Էրդողանը գնալով ավելի պահպանողական է դառնում։ Նույն կերպ՝ Թուրքիայի պահպանողական ազդեցությունը Ադրբեջանի վրա Բաքվի իշխանություններին մտահոգության տեղիք է տալիս:
Ի՞նչ կասեք երկու երկրների միջեւ տնտեսական ներդրումների մասին:
Մենք գիտենք, որ SOCAR֊ը (State Oil Company of Azerbaijan Republic, Ադրբեջանի հանրապետության պետական նավթային ընկերություն) շատ խոշոր ընկերություն է և Թուրքիայում ներդրումային շատ մեծ կարողություններ ունի։ Գիտենք նաեւ, որ նա ներդրումներ է կատարում նավթարդյունաբերությունից այլ ոլորտներում՝ մասնավորապես թուրքական բանկային համակարգում։ Իսկ հակառակ ուղղությամբ՝ Ադրբեջանում գործում են հարյուրավոր թուրքական ընկերություններ, լինի սննդի սպասարկման ոլորտում, թե փոքր բիզնեսում կամ շինարարությունում։ Սակայն երկու երկրների միջեւ տնտեսության գլխավոր սեկտորը և հարաբերությունների հիմնական առանցքը դեռեւս մնում է էներգետիկան։ Ինչ էլ լինի ռեժիմի բնույթը Անկարայում կամ Բաքվում, կարծում եմ, որ ներդրումների նման մակարդակը կախվածություն է արաջացնում։ Անկարան, օրինակ, իր որոշումներում չի կարող լիովին անկախ լինել, քանի որ Ջեյհանը (կարեւոր նավահանգիստ՝ Միջերկրական ծովի ափին, վերջին կետն է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի, որը Կասպից ծովից Ազերի-Շիրակ-Գյունեշլի հանքավայրերի նավթն է հասցնում) մեծ գումարներ է բերում դեպի Թուրքիա: Էներգետիկայի այսպիսի կարեւոր սեկտորի վրա հիմնված այս տեսակի հարաբերությունների խնդիրն է սա, երբ նույնիսկ եթե քաղաքական կամ գաղափարական տարաձայնություններ ունեք՝ ստիպված եք ձեր հարաբերություններում տարներակում դնել։ Այս բանը թուրքերը շատ լավ գիտեն անել, քանի որ գազի ոլորտում նրանք դրա փորձն ունեն իրանցիների և ռուսների հետ։ Կարծում եմ, որ առաջիկա տարիներին Թուրքիայի ռազմավարությունը հավանորեն իր էներգետիկ մատակարարման դիվերսիֆիկացումը կլինի, քանի որ այդ երեք երկրների (Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի) նկատմամբ նրա կախվածության մակարդակը շատ բարձր է: Սա է պատճառը, որ թուրքերը հետաքրքրված են Իրաքյան Քուրդիստանով և փորձում են իրենց հարաբերությունները կարգավորել Իսրայելի հետ:
Ինչպիսի՞ն են երկու երկրների միջեւ հարաբերությունները դիվանագիտական ոլորտում:
ՀԿ-ները և թուրքական ու ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները Միացյալ Նահանգներում և նույնիսկ Եվրոպայում շատ մեծ աշխատանք են տանում միասին։ Լոբբիստական խմբերը շատ համակարգված կերպով են գործում, քանի որ նրանք նույն դիրքորոշումներն ունեն Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հարցում... Անշուշտ, որոշ տարակարծություններ կան, օրինակ Ուկրաինայի կամ Ռուսաստանի հարցում, որտեղ Բաքուն ու Անկարան միեւնույն տեսլականը չունեն, բայց առայժմ ամենակարեւորը հայկական հարցի շուրջ համաձայնության գալն է: Մի նրբերանգ կա, սակայն, որ ուզում եմ ընդգծել. մի քանի տարի առաջ, լոբբիստական խմբերի միջեւ համակարգված աշխատանքը գյուլենական շարժման միջոցով էր արվում: Բայց Գյուլենի ու Էրդողանի միջեւ առաջացած կոնֆլիկտից ու եղբայրասպան պատերազմից հետո Հետաքրքիր է, կպահպանվի՞ արդյոք համակարգված աշխատանքի արդյունավետությունը:
Կրոնը (գերազանցապես Թուրքիայում սուննի իսկ Ադրբեջանում շիա) երկու պետությունների միջեւ տարակարծությունների պատճառ դառնո՞ւմ է արդյոք։
Նույնիսկ այսօրվա իրավիճակում, երբ Էրդողանը (երբեմն անկախ իրենից) կամաց֊կամաց սուննի առաջնորդի դեր է ստանձնում, այն տպավորությունը չունենք, որ թուրքերի եւ ադրբեջանցիների կրոնական տարբերությունը խոչընդոտ հանդիսանա լավ հարաբերությունների պահպանման համար: Թյուրքական տարրը, էթնիկական, գաղափարական ինքնությունը, այն նույն անվստահությունն ու մրցակցությունը Հայաստանի հանդեպ՝ այնպես են անում, որ հետին պլան է մղվում կրոնական գործոնը: Թուրքերի և ադրբեջանցիների միջեւ դավանաբանական միակ տարաձայնությունը երեւի թե Մերձավոր Արեւելքի շուրջ է: Մեր օրերում, երբ, Իրաքում ու Սիրիայում հակամարտությունը ցավոք գնալով ավելի աղանդավորական և դավանաբանական է դառնում, որոշ շիա ադրբեջանցիներ - առավել կրոնասերները ֊ հակված են զգուշանալ Թուրքիայի քաղաքականությունից, որն ընկալվում է որպես հակաշիական։ Մերձավոր Արեւելքի լարվածության նկատմամամբ ներկայիս դիրքավորման հարցում կրոնական տարրն այս դեպքում շատ ավելի կարեւոր է, քան էթնիկ ու ազգային տարրը։
«Մեկ ազգ, երկու պետություն»: Դեռ արդիակա՞ն է այս կարգախոսը:
Այո եւ ոչ։ Բայց ես կարծում եմ, որ շատ թուրքեր իրենց թուրք և ադրբեջանցի են զգում՝ և հակառակը: Այնուամենայնիվ, գոյություն ունի ադրբեջանական մի հոսանք, որը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի լեզվական յուրահատկությանը և չի ուզում կլանվել Թուրքիայի կողմից: Ես դիվանագետներ ու զինվորականներ եմ ճանաչում, որոնք ջանք չեն խնայում խոսել ադրբեջաներեն այնպես ինչպես խոսվում է Բաքվում, առանց փորձելու ավելորդ բառեր օգտագործել կամ անատոլիական ձեւով խոնարհել բայերը՝ նպատակ ունենալով պահպանել ադրբեջանական առանձնահատկությունը:
Շատերը ներկա Թուրքիան դիտում են որպես Ադրբեջանի մեծ եղբայր։ Իրո՞ք դա այդպես է։
Շատ լավ գիտենք, որ թուրքերը ի վիճակի չեն ամեն ինչ պարտադրել ադրբեջանցիներին: ԻՆչ վերաբերում է մեծ եղբայր հասկացությանը, ես համաձայն չեմ Արեւմուտքում կատարվող այն վերլուծություններին, ըստ որոնց Թուրքիան իրեն մեծ եղբոր տեղ է դնում և ցանկանում է իր գերիշխանությունը հաստատել ողջ թուրքական աշխարհի վրա՝ ստեղծելով թյուրքական մի աշխարհ, որը կձգվի Ադրիատիկ ծովից մինչեւ Չինական ծով… Այստեղ կարեւոր նրբություն կա. նախ «ավագ եղբայր» հասկացության վերաբերյալ, որը ինչպես բոլոր թյուրքերեն լեզուներում քաղաքավարական դիմելաձեւ է, որով այժմ դիմում են գրեթե բոլորին: Երկրորդ՝ Թուրքիայի որոշ առումով պատերնալիստական քաղաքականությունը բոլոր թյուրք ժողովուրդների նկատմամբ ուժի մեջ էր 90-ականներին, բայց այն շատ արագ վերացավ: Իմ կարծիքով, այս դիսկուրսը լայն տարածում գտավ հիմնականում Արեւմուտքի պատճառով: Իրոք, ԽՍՀՄ֊ի փլուզումից հետո, մահմեդական և թյուրքալեզու նորանկախ հանրապետությունների (Ղազախստան, Ադրբեջան, Ուզբեկստան...) Սաուդյան Արաբիայի կամ Իրանի ազդեցության ոլորտում հայտնվելու մտավախությունը մեծ թվով արեւմտյան երկրների մղեց Թուրքիան ներկայացնել որպես չափավոր իսլամի մոդել՝ պաշտպանվելու համար իսլամիստների սպառնալիքից: Բայց ամեն ինչ այլ կերպ ստացվեց՝ խնդրո առարկա երկրները երբեք իսլամաիստական հավակնություններ չունեցան․ Սաուդյան Արաբիան և Իրանը այդ երկրների համար երբեք մոդել չդարձան, այնպես որ Արեւմուտքին ու Թուրքիային շատ սիրելի թուրքական մոդելը չունեցավ ակնկալվող հաջողությունը։
Ի՞նչ կասեք Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին:
Ադրբեջանն ու Թուրքիան, անշուշտ, երկու կարեւոր գործընկերներ են, բայց Ադրբեջանի համար ամենակարեւորը ոչ թե Թուրքիան, այլ Ռուսաստանն է: Քանի որ նա նախկին գաղութարար տերությունն է և, ուզենք թե չուզենք, Ադրբեջանը կազմավորվել է խորհրդային շրջանում: Եվ ինչ-որ տեղ սովետներն են, որ կառուցել են Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հանրապետությունները: Հետեւաբար Ադրբեջանը չի կարող անտարբեր լինել Ռուսաստանի հանդեպ: Շատ հաճախ մոռանում ենք նաեւ, որ երկրի վերնախավի զգալի մասը դեռեւս ռուսախոս է: Նույն բանը չի կարելի ասել Կենտրոնական Ասիայի երկրների վերաբերյալ, սակայն այնտեղ եւս ղեկավարության մեծ մասը խորհրդային կրթություն է ստացել: Այնպես որ՝ նույն սխեման է ու նույն մտածելակերպը: Բացի այդ, Ադրբեջանը չի կարող հակադրվել Ռուսաստանին, քանի որ վերջինս խոշոր ռազմական տերություն է, որը կարող է նրան լուրջ վնաս հասցնել։
Կա նաեւ մեկ այլ ոլորտ, որտեղ Ադրբեջանը Ռուսաստանից է կախված՝ դա արտագաղթն է։ Թեպետ ադրբեջանական տնտեսությունը բավականին դինամիկ և բարեկեցիկ է, շատ ադրբեջանցիներ Ռուսաստան են գնում աշխատելու։ Այնպես որ՝ Ռուսաստանը կարող է ցանկացած ժամանակ ազդեցության լուրջ լծակներ կիրառել երկրի վրա, ինչպես արդեն անում է Տաջիկստանի, Ուզբեկստանի և Հայաստանի վրա: Մի խոսքով՝ Ռուսաստանը դեռ զգալի գերիշխանություն ունի և շարունակում է ազդեցություն գործադրել Ադրբեջանի վրա: Ընդհանուր առմամբ Ղարաբաղի հարցում ռուսները ձգտում են հավասարակշռություն պահպանել՝ ճնշում գործադրելով թե՛ մեկի և թե՛ մյուսի վրա։ Իսկ Ռուսաստանի հետ լուրջ խնդիրներ առաջանալու դեպքում, ադրբեջանցիները մտավախություն ունեն, որ ռուսները կարող են փոխել գործընկերների միջեւ հավասարակշռությունը։
Մի՞թե այնքան հզոր է Ռուսաստանը։
Թեպետեւ Ադրբեջանը բավականին մանեւրելու տեղ ունի։ Դա նկատելի էր, երբ Պուտինը փորձ արեց դիմել մի շարք գործընկերների միանալ իր հաստատած Եվրասիական տնտեսական միությանը: Նա կարողացավ այն պարտադրել Հայաստանին, բայց ոչ Ադրբեջանին: Մինչեւ ե՞րբ ադրբեջանցիները կկարողանան դիմակայել, ես չգիտեմ, քանի որ Պուտինը շատ հաղթաթղթեր ունի՝ նա ամեն պահի կարող է լարվածություն ու ճգնաժամ ստեղծել՝ իր իշխանությունը պահպանելու և ճնշում գործադրելու համար:
Ինչպե՞ս կմեկնաբանեք Turkstream նախագծի հետ կապված թուրքերի այս մերձեցումը Ռուսաստանի հետ։
Բոլոր վերլուծաբանները սխալվում են կարծելով, որ Թուրքիան ռուս-թուրքական մերձեցման պատճառով կհեռանա Արեւմուտքից։ Մերձեցումը սահմանափակ բնույթ ունի, պետք չէ չափազանցել այն։ Սա նույնիսկ մերձեցում չէ, այլ պարզապես վերադարձ սիրիական ճգնաժամից առաջ գոյություն ունեցող հարաբերություններին։ Թուրքիայի և Ռուսաստանի միջեւ խզումը վնասակար էր թե՛ մեկի և թե՛ մյուսի համար, և ես կարծում եմ, որ մեկուսացման մեջ հայտնված թուրքերը խորապես զղջացել են խփված ռուսական ինքնաթիռի համար, որը ճգնաժամի պատճառ դարձավ Մոսկվայի ու Անկարայի միջեւ: Թուրքիային պարտադրված պատժամիջոցները, իհարկե, շատ բացասական հետեւանքներ ունեցան, բայց դրանք նույնքան վնասակար եղան Ռուսաստանի համար, քանի որ էմբարգոյի կիրառումը միշտ էլ երկսայրի սուր է: Ըստ իս, հարաբերությունների նորմալացումը Պուտինի կողմից արված համարձակ ու հաջող քայլ էր, ով կարողացավ նկատել, թե ինչքան է Թուրքիան մեկուսացված ու չհասկացված՝ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և Եվրոպայի իր իսկ դաշնակիցներից։ Դա Արեւմուտքին ուղղված ուժեղ ուղերձ էր, որով հասկացնում էր, թե նա ունակ չէ պաշտպանել իր իսկ դաշնակիցներին՝ միաժամանակ թուլացնելով հենց նույն ՆԱՏՕ-ն: Դա նվաստացուցիչ է վերջինիս համար, որն այդ իրողությունն ընդունելու փոխարեն ասում է, որ Թուրքիան հուսալի դաշնակից չէ: Այս կարգի սխալ վերլուծությունը միայն ու միայն Պուտինի դիրքերն է ամրապնդում։
Մինչեւ հիմա խոսք էր գնում Հայաստանի միջոցով Ռուսաստան-Իրան առանցքի մասին՝ էներգետիկ միջանցքի ստեղծման վերաբերյալ ճանապարհային քարտեզի ստորագրմամբ: Նոր ստեղծված ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանա-իրանական աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան կփոխի՞ արդյոք իրավիճակը Հայաստանի համար:
Դա գրեթե ոչինչ չի փոխելու, քանի որ մինչեւ այդ էլ խողովակաշարերը Հայաստանի տարածքով չէին անցնում: Նա այդ բանակցություններից դուրս էր թողնված արդեն: Բացի այդ, ցավոք սրտի, նա շատ հեռու է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց։ Այն հանգամանքը, որ Թուրքիան լիովին մեկուսացված է տարածաշրջանային բեմահարթակում՝ նրան մղելու է ավելի մոտենալ իր դաշնակից Ադրբեջանին, ինչը է՛լ ավելի է մեկուսացնելու Հայաստանը: Դա լավ բան չէ վերջինիս և ընդհանուր առմամբ Կովկասի տնտեսական ապագայի համար: Թուրքիայի և Հայաստանի միջեւ բաց սահմանից կշահեր ամբողջ Կովկասը:
Վերջերս Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարեց, որ Թուրքիան կարող է «դրական դեր» խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Ինչպիսի՞ դրական դեր՝ ձեր կարքիքով։
Կարծում եմ՝ ներկա պահին Թուրքիան շատ բան չի կարող անել։ Այն ժամանակ, երբ թուրքական դիվանագիտությունը լավ վիճակում էր, նախքան արձանագրությունների ստորագրումը, ապա նա կարող էր ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ նրան հույս տալով կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները: Բայց տվյալ պահին Թուրքիան այնքան փխրուն, այնքան անկայուն է, որ ոչինչ չի կարող անել: Միակ բանը, որ կարող է նա անել՝ ապահովել և ընդլայնել իր աջակցությունը Ադրբեջանին, քանի որ այդ հարաբերությունը կայուն արժեք է։