Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Ինքնության որոնումը Դերսիմում: Մաս 2. Դերսիմի ալևիացած հայերը:

 
 
  Հայացք Հայաստանից

Ինքնության որոնումը Դերսիմում:
Մաս 2. Դերսիմի ալևիացած հայերը:

Հրանուշ Խառատյան

 

 
Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը անդրադառնում է Դերսիմի ալեւիացած հայերի խնդիրներին, որոնք ամբողջ 20-րդ դարի ընթացքում ստիպված եղան թաքցնել իրենց ծագումը: Ըստ նրա, 19-րդ դարում սկսված ալեւիացման դանդաղ եւ շարունակական գործընթացն արագացավ 20-րդ դարում՝ 1915թ եղեռնով և 1938թ Դերսիմի ջարդերով, ինչի  արդյունքում հայերի ու ալեւիների տարբերությունը գրեթե վերացավ: Այժմ Դերսիմում «հայ» լինելը  բացառապես նշանակում է՝ հիշողություն  հայկական ծագման մասին:

20-րդ դարի սկզբում Դերսիմում հայերը, ըստ տարբեր հեղինակների վկայությունների, կազմում էին բնակչության մոտ երրորդ մասը: Դերսիմի ներսում նրանց կոչում էին «արմանի», իրենք իրենց՝ «հայ»: Հայերի ինքնության արտաքին բնութագիրը քրիստոնեությունն էր, հայերեն լեզուն, հայկական անունները, որոշ ժողովրդական ծեսեր, հագուստի և ուտեստի որոշ տարբերությունները: Հայերն ավանդաբար ավելի գրագետ էին, շատ գյուղերում դեռևս եկեղեցիներ կային՝ դրանց կից ծխական դպրոցներով, կապ ունեին Կոստանդնապոլսում գտնվող հայկական պատրիարքարանի և Երզնկայի ու Խարբերդի առաջնորդարանների հետ: Այլ կերպ ասած հայերն այս կամ այն կերպ ունեին ազգային ինստիտուտներ, և չնայած Դերսիմում ապրելու ցրված վիճակին՝ ընդհանուր առմամբ նրանց ազգային կյանքը կազմակերպված էր՝ կրթությունը, տոները, ուխտագնացությունները, ներքին սոցիալական հիերարխիկ սանդղակը: Նրանք, սակայն, ըստ էության, Դերսիմի ամենաստորին սոցիալական շերտն էին կազմում և, ըստ էության, չէին մասնակցում ռեսուրսների համար Դերսիմում մղվող ներքին կռիվներին: Սովորաբար հայերի ունեցվածքը հեշտ էր յուրացնել, քանի որ Դերսիմում կողոպուտը համարվում էր ապրուստի մաս, չէր դատապարտվում, իսկ հայերը կողոպուտի կենցաղում ներառված չէին: Հայերի մեծ մասն աշխատում էր նաև չխառնվել օսմանյան կայսրության կողմից Դերսիմը ենթարկեցնելու պարբերական փորձերի դիմադրությանը: Աշիրեթապետերի քննարկումներին հայերից հրավիրվում էին միայն նրանք, ովքեր ակտիվորեն ընդգրկված էին օսմանյան հարձակումներից Դերսիմի ինքնապաշտպանական գործողություններին, իսկ դրանք քիչ էին: Առավել հայտնի էր Միրաքյան ընտանիքը, որը Դերսիմի ներքին ըմբռնումներով  ընկալվոմ էր որպես աշիրեթ:

19դ. ընթացքում զանազան պատճառներով հայերի մի մասն արտագաղթում էր Դերսիմից, մի մասը՝ ալևիանում, և նրանց թիվն աստիճանաբար նվազել էր: Կային նաև սուննիացող-քրդացող հայեր: Կրոնափոխությունը սովորաբար անհատներով չէր, այլ՝ ամբողջ բնակավայրով, մեծ մասամբ՝ գյուղերով: Ալևիացող և սուննիացող հայերն արագորեն ներառվում էին Դերսիմի ներքին համապատասխան սոցիալական շերտերի մեջ՝ այս կամ այն աշիրեթի շրջանակներում: Սակայն 19դ.-ից առաջ կրոնափոխություններն ավելի զանգվածային էին և, ըստ նյութերի, նախկին հայերը երբեմն առանձին աշիրեթներ էին կազմել և, հետևելով Դերսիմի ներքին կանոններին, զենքի ուժով իրենց տեղն էին գրավել մյուս աշիրեթների շարքում: Հայերի զանգվածային կրոնափոխությունն  սկսվել էին առնվազն 17դ.-ից[1] և 19դ. հասել էր մի աստիճանի, որ ոչ միայն արտաքուստ դժվար էր տարբերել հայերին ու ալևիներին, այլև ալևիկան սոցիալ-մշակութային կյանքը մեծ չափով նման էր հայկականին: Ալևի կոչվող բնակչության զգալի մասը հիանալի հիշում էր իր հայկական ծագումը, ավելին, ընթացքի մեջ էին իրենց հայ մնացած ազգականների հետ դեռևս չխզված կապերը:  Երբեմն նույն տոհմի մի մասն ալևի էր համարվում, մյուս մասը՝ հայ: «Պապս կպատմէր, որ իր մեծ պապի հօրեղբայրը Հաւլորու ս.Կարապետ վանքին երբեմն վանահայրն եղած է»[2], «… մեր նախահայրերն էլ հայեր են եղել, նույնիսկ իմ հորեղբոր տղաները…, թեեւ խոսում են ալեւիերեն, պահում են իրենց ազգային ծագումը»[3], Տեր Օվան «գյուղի քուրդ բնակիչները երբեք չէին ուրանում իրենց (հայկական) ծագումը եւ Աղուջանների օջախի փիրը` Տեվրեշ-Կուլապիի թոռ Սեիդ-Ալին, հպարտությամբ պատմում էր իրենց օջախի փիրի` Տեր-Օվանի մասին, որը որպես վանահայր բնակվելիս է եղել Տիրամոր վանքում»[4], «Գարապաշան աշիրեթի պետը, որ կոչվում էր Թոռնե Գարապաշի Սուլեյման աղա, նախկին քահանայի ժառանգներից էր»[5] և այլն: Դերսիմի բնակչությանը հիանալի հայտնի էին ալևիացած հայկական գյուղերը՝ Խոզաթի շրջանի Իպիգալե (Մելիքաբերդ)[6], Ուլուգալե (Մեծ բերդ), Բալուի շրջանի Մեմգան[7], Տուժիկ-պապա լեռան լանջին գտնվող Տուժիկ, Մալ լեռան հարավային` Ծին անունը կրող լանջին գտնվող Մամեգի (Մամիկ), Թահար (պատկանում էր Մամգունների աշիրեթին), Փիր-սուլթան (պատկանել է Մամգուն եւ Շեյխ-Հասանան աշիրեթներին),  Իզոլի,  Չարսանճագի շրջանի Մոխնտի[8], Օվաճիկի շրջանի Տիրավան,  Սեկյութլի[9] և բազմաթիվ այլ գյուղեր: Դերսիմի մասին գրող հայերի դիտարկումները և գրանցումները վկայում են, որ դերսիմցի ալևիների առնվազն մի մասի հիշողություններում ամուր նստած էր անցյալում իրենց՝ հայերից  ալևիացման պատմությունը: Օրինակ, Անդրանիկը գրում է, որ «Տէրսիմցիներուն եթէ ոչ բոլորը, գէթ մեծ մասն այն կարծիքին է, որ իրենց նախահայրերը հայեր են» (հիշատակում է օրինակներ)[10]:

Հայերի ալևիցման դանդաղ, տևական պրոցեսը հանգեցրել էր նրան, որ Դերսիմում հայերի և ալևիների կենցաղային մեծ ընդհանրություններ էին ձևավորվել: Ալևիացած հայերը շարունակում էին բազմաթիվ նախաքրիստոնեական և նույնիսկ քրիստոնեական ծեսեր, դերսիմյան «ալևիզմի» մեջ բազմաթիբվ քրիստոնեական և մաքուր հայկական տարրեր են սինթեզվել: Ալևիական բանավոր ավանդազրույցներում ընդհանրանում են հայերի և Դերսիմում հայտնված ալևիների ինչպես ծագումնաբանական, այնպես էլ սոցիալ-կրոնական անցյալը: Դերսիմի ալևիների «մասալաների»` պատմությունների դերակատարների մեծ մասը տեղական «հայ քեշիշը» և եկվոր «բաբան» են, Ս.Գևորգը («Հազրեթ Իլիաս», «Խըդըր Էլիա»), Ս.Սարգիսը («Հազրեթի Խըդըր»), Անահիտ Աստվածուհու ֆունկցիաները ժառանգած «Անա Ֆաթիման» և Անահիտի նախկին սրբավայրերը, նույնիսկ` Մեսրոպ Մաշտոցը («Մասրուպ») և այլն, ովքեր տարբեր ձևերով դերեր ունեն դերսիմցիների պատմական անցյալում: Ժողովրդական ստուգաբանությամբ Դերսիմ բառն ինքը 17դ. սկզբներում ալևիցած հայ քահան Տեր Սիմոնի (Տերսիմոն, Դերսիմոն) անունից է արտածված: Հայկական Հալվորի Ս.Կարապետ վանքը, «որ միակ կենդանի վանքն է Տէրսիմի մէջ»՝ մեծ նշանակություն ուներ «տէրսիմցի հայերուն և ղըզըլբաշներուն առջև… Նա՝ Հաւլորու  Ս.Կարապետ, ամենու համար է, իսկ ամենը՝ նրա համար: Ամենքն ալ՝ հայ և քուրդ, հաւասարապես կպաշտէն նրան և տարին մէկ-երկու անգամ մէծագին նուերներով և զոհերով ուխտ կուգան Տէրսիմի ամեն կողերէն»[11]: Նկատի ունենալով քրիստոնեկան հուշարձանների, գործող եկեղեցիների հետ կզլբաշների կապվածությունը, Անդրանիկը գրում է,- «դերսիմցիների հավատը հայից զորավոր է»[12], «Քրդերը հայերից ավելի հավատ ունին»[13]:

Չանդրադառնալով այն վարկածին, ըստ որի Դերսիմի ալևիների ծագումն առհասարակ հայկական է, վավերացնենք միայն, որ թե ալևիները, թե քրիստոնյա հայերը համարում էին, որ Դերսիմի ալևի-կզլբաշների զգալի մասը հայկական ծագում ունի:

Եթե նույնիսկ հայերի ալևիացման այս ծավալները սուբյեկտիվ ընկալման հետևանք էին, վստահաբար դրանք պետք է տագնապներ առաջացնեին հակահայկական ծրագրեր կրող իշխանությունների մեջ հայ-ալևիական հավանական քաղաքական միության շուրջ: 1890-ականներին սուննի-քրդական «համիդիե»  զինված ջոկատների կողմից իրականացված հայկական ջարդերին Դերսիմի «քուրդ» համարվող մի շարք ալևի-կզլբաշական ցեղախմբեր հակասուննիական դիրք էին գրավել և չէին մասնակցել հայերի սպանություններին[14]:

Ալևի կզլբաշների հայամետ թվացող դիրքորոշումը չէր կարող չանհանգստացնել հակահայկական քաղաքականություն վարող իշխանություններին: Թուրքերին հայտնի էր այն ժամանակ մեծ տարածում ունեցող պատկերացումը՝ «ալևիների և հայերի միջև տարածությունը սոխի կճեպից մեծ չէ»[15]:

«Կզլբաշների»՝ սուննիներից տարբերվող մասնավոր ինքնության ընդգծումը տագնապներ էր առաջացնում նաև երիտթուրքերի մոտ, և նրանք այդ ինքնության դեմ պայքարելու համար շահեկան բացատրություններ էին փնտրում «հայկական կոնտեքստում»: Երիտթուրքերից Ռիզա Նուրը հավանաբար երիտթուրքերի ընդհանուր մոտեցումն էր ներկայացնում այս խնդրին, ասելով, թե «Թուրք կզլբաշների»՝ սուննիներից տարբերվող մասնավոր ինքնությունը Աբդուլ Համիդի շրջանի «հայկական կեղծ քարոզչության հետևանք է»[16]: Ակնհայտ է, որ Դերսիմի ալևի-կզլբաշների հանդեպ իշխանության քաղաքական վերաբերմունքն արտածվում էր և առնվազն վերջին հարյուր հիսուն տարիներին արտածվել է ոչ միայն սուննիզմին հակառակվող ալևիական ինքնամեկուսացումից, այլև հայ-ալևիական մասնավոր անցյալից: Ամենից ավելի լավ դա հայտնի էր Դերսիմի ալևիներին: Բոլոր դեպքերում 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության նախապտարաստման և իրականացման գործողությունները մեծ տագնապներ էին առաջացրել Դերսիմի ալևիների շրջանում: Հաստատուն համոզմունք կար, որ հաջորդ քայլը լինելու է իրենց ալևիական ինքնությունից հրաժարման հարկադրանքը, եթե ոչ կոտորածները[17]: Դա լուրջ պատճառ էր, որ Դերսիմի ալևի հավաքականության «հայկական ծավալը» զգալիորեն «նվազեցվի», առնվազն 1915թ. և դրանից հետո այդ մասին չխոսվի: Թե ալևիները, թե քսաներորդ դարից առաջ ալևիացած հայերը շահագրգիռ էին Դերսիմի ալևիների «հայկական ծավալը» շուտափույթ մոռացության տալու, որքան էլ այդ «հայկական ծավալը» նշանակալի չէր:

Սակայն որքան էլ Դերսիմի թե հայերի, թե ալևի-կզլբաշների համար 20-րդ դ. սկզբին ցանկալի էր հայկական ներկայությունը ալևի-կզլբաշների հավաքականության մեջ առավելագույնս մոռացնել, այնուամենայնիվ քսաներորդ դարի իրողությունները՝ 1915թ. ցեղասպանությունը, 1938թ. Դերսիմի  ալևիների և հայերի կոտորածները, դրանց հաջորդած հետապնդումները նոր հայկական համալրումներ առաջացրին Դերսիմի ալևիների մեջ՝ առաջ բերելով ինքնության փնտրտուքի նոր խնդիրներ:

Հայտնի է, որ մինչև 1938թ. Դերսիմի լեռնային շրջաններում դեռևս հայկական բնակավայրեր էին մնացել, ինչպես նաև շարունակում էր գործել Դերսիմում հանրահայտ և Դերսիմի ալևի ու քրիստոնյա բնակիչների համար հավասարապես սրբազան Հալվորի Ս.Կարապետ վանքը: 1938թ. Դերսիմի բնակչության ջարդերն, ըստ էության, սկսվեցին հենց հիշյալ վանքի պայթեցումով: 1938թ.-ը Դերսիմում դեռևս առկա հայ քրիստոնյա բնակչության համար մասնավոր կարևորություն ունեցավ նաև հանգամանքով, որ անմիջապես վերջ դրեց հայկական ինքնության դրսևորման որևէ կերպի: Այստեղի վերջին հայերն ամբողջովին ալևիացան, իրենք իրենց արգելեցին հայերեն խոսել և, չնայած տեղի բնակչությունը հիանալի իրազեկ էր ալևիացած հայկական գյուղերի գոյությանը, բայց հայկական կյանքի որևէ դրսևորում դադարեց ոչ միայն Դերսիմում ընդհանրապես, այլ նաև Դերսիմի հայկական բնակավայրերում: 2011թ. իմ հանդիպումներին շատերն են պատմել, թե ինչպես վերջնականապես վերացավ հայկականության որևէ դրսևորում: Ահա մի համառոտ պատմություն Դերսիմում պատմվող բազմաթիվ պատմություններից.

Թունջելիում ապրող քառասնամյա Իբրահիմի պատմությունից, 2011թ.

«Մենք Վարդենիկ գյուղից ենք, այսինքն հայրս էր վարդենիկցի, բայց ես էլ եմ ծնվել Վարդենիկում: 1994թ. Վարդենիկն ավերել են զինվորները և այնուհետև արգելել են այնտեղ ապրել: Ես հիմա Թունջելիում եմ ապրում: Վարդենիկը մեծ գյուղ էր: Բոլորը հայեր էին, ալևի հայեր: Մենք հայդարաներից[18] ենք, բայց չգիտեմ ե՞րբ և ինչպե՞ս ենք հայդարան դարձել, որովհետև առաջ, երբ մեր ծնողները դեռ հայ էին, իրենք միրաքյաններից էին: Գուցե 1938թ. հետո, գուցե և 1915թ. հետո:  1915թ. մեր գյուղ չեն մտել: Բայց նրանց էլ ջարդեցին 1938թ.-ին: Բոլորն էլ այստեղ գիտեն, որ հայդարաներն ու դեմալարները նախկին հայերն են:

1938թ.-ի ջարդերը 1915-ի նման չէր: 1938թ. առաջ լրտեսները հաշվետվություններ էին կազմում, կասկածելի մարդկանց ու գյուղերի ցուցակներ կազմում: Այդ ցուցակներով էլ հետո կոտորեցին… 1938-ին, երբ որ դերսիմցիներին էին կոտորում, այն ժամանակ Դերսիմի հայերին հատուկ ջարդեցին: Վարդենիկն այդ ժամանակ բոլորովին դատարկել են, բոլորին տարել են Քոջաքոչ ու ոչնչացրել, նույնիսկ երկու տարեկան երեխաներին: Այնպես են ոչնչացրել, որ դրանց դիակներն անգամ չէին կարողանում  գտնել: Այդտեղ սպանվել են նաև պապս ու տատս: Միայն հայրս է փրկվել լեռնային մի գյուղում, ութ տարեկան էր:  1945-47թթ. իմ հոր նման մի քանի երեխա, մի քիչ մեծանալով` ետ են գնում Վարդենիկ, մի 30 հոգի: Ջարդերն արդեն ավարտվել էին: Գյուղ գնալուց հետո դարձել է ալևի: Արդեն ով որ հայերից փրկվել էր 1938-ին, բոլորն էլ ալևի դարձան: Հայրս Վարդենիկ վերադառնալուց հետո է ալևի դարձել, դա արդեն 40-ական թվականներից հետո էր: Բայց 80-ական թվաններին նորից պետությունը ստիպեց դատարկել գյուղը:.. 1993-ին, ովքեր դեռ չէին հեռացել, ջարդելով հանեցին գյուղից:  Դրանից հետո մինչև այսօր Վարդենիկ գնալն արգելված է:…

 Ես նույնիկս չգիտեմ, իմ ծնողները հայերեն գիտեի՞ն, թե ոչ: Գուցե և գիտեին, բայց չէին խոսում: Մեր ներկայությամբ երբեք չեն խոսել: Ընդհանրապես հայերեն խոսելը վտանգավոր էր: Իմ սերնդակիցներից ոչ ոք հայերեն չգիտի: Իմ ծնողները, առավել ևս պապերս հայ քրիստոնյա են եղել, հայեր են եղել: Մեր հայրերն ալևի են դարձել 1938-ից հետո:  Իմ հայրն իմ անունը Իբրահիմ է դրել, որովհետև  դա Աբրահամն է, հայերն Աբրահամ են ասում: Հայրս էլ հատուկ այնպիսի անուն է դրել, որ հայերն էլ ունեն: Այստեղ, Թուրքիայում, այլ անուն չէր կարելի դնել: Երեսունական թվականներին արգելեցին, բոլորը պիտի մահմեդական, թուրքական անուններ ունենային: Հիմա այստեղ հայեր չկան, բոլորս էլ ալևի ենք: Բայց բոլորն էլ գիտեն՝ ով է հայկական ծագումով: Բոլորն էլ գիտեն, որ վարդենիկցիները ծագումով հայեր են: Համ էլ հիմա ի՞նչ տարբերություն՝ ալևի թե հայ, երկուսին էլ կառավարությունը չի սիրում:

Որքա՞ն է «հայկական ծավալը» Դերսիմի ներկայիս բնակչության մեջ: Հազիվ թե որևէ մեկը կարողանա պատասխանել այս հարցին: Մի կողմից 20-րդ դ. ընթացքում հայերը շահագրգիռ են եղել թաքցնել իրենց հայկական անցյալը, մյուս կողմից ալևիություն ընդունելուց հետո հայ-ալևիական ամուսնությունները դարձել են նախ՝ հաճախակի, ապա՝ համատարած: Եթե մինչև 1993-1994թթ. լեռնային բնակավայրերի բռնի տեղահանությունը որոշ հայկական էնդոգմիա էր պահպանվում ալևիացած հայերի բնակավայրերում, ապա վերջին քսանամյակին դա նույնիսկ ցանկության դեպքում գործնականում անհնար էր: Խառն ամուսնությունները և հայ լինելը մոռացության տալու ջանքերը իսպառ ջնջել են «հայության», այդ թվում՝ «ալևի հայության» որևէ տեսանելի կամ մեկնաբանելի բնութագրիչ: «Հայ» լինելը նեկայիս Դերսիմում բացառապես հայկական ծագման մասին հիշողությունն է.

Մեծկերտի (Մազգիրտ) Դանաբուրան գյուղից իմ ալևիացած հայ զրուցակիցն ինքն իր ինքնության մասին բավական անորոշ էր արտահայտվում.«Ես հայ չեմ, բոլորի նման եմ, բայց ինձ չգիտես ինչու հայ են ասում: Մենք այստեղ քրմանջիերեն ենք խոսում: Մազկերտ գնանք` քրմանջիերեն են խոսում: Հարչիկ գետից այս կողմ բոլորը քրմանջիերեն են խոսում, Հարչիկից այն կողմ` դերսիմերեն[19], այսինքն` զազայերեն: Նազիմիեյում, Օվաճիկում, Խոզաթում, Փուլումերիկում (Բոլոմերիկ) դերսիմերենենխոսում, Մազգերտում` քրդերեն, քրմանջիերեն: Բայց թուրքերեն բոլորս էլ խոսում ենք» (զուցակցիս կինը հատուկ շեշտեց, որ «ինքը (ամուսինը-Հ.Խ.) միայն թուրքերեն գիտի: Ոչ քրդերեն գիտի, ոչ դերսիմերեն»): Ու չնայած մենք բոլորի նման ենք, ալևի ենք, ալևին էլ մուսուլման է, բայց մեր մասին այստեղ հայ են ասում: Հետո որ ջղայնանում են` գյավուր են ասում, գյավուրի տղա են ասում: Ինչու± են գյավուր ասում: Իմ երեխաները Ստամբուլում են: Շատերի երեխաներն են Ստամբուլում: Այնտեղ մեծ քաղաք է, չես իմանում ով որտեղի'ց է եկել, ո'վ է, ի'նչ է»:

Ուշագրավ է, որ  քսաներորդ դարում ալևիացած հայերից ավելի վաղ ալևիացածները հղում չեն անում իրենց ծագումնաբանական անցյալին, և որևէ զգայական կոնֆլիկտ չունեն «զազա-կըզըլբաշա-ալևիական» ինքնության հետ: Նրանց հնարավոր հայկական անցյալի մասին կարող են վկայել որոշ մշակութային սովորություններ, ինչպես. «Դերսիմում կզլբաշների մոտ սովորության կա, որ երեխան երբ հիվանդանում է, տանում են հայկական եկեղեցիներ, եկեղեցու հողից երեխային տալիս են խմելու, կուրբան են անում…»: Այս երևույթները Դերսիմում ամենուր են, բայց՝ միայն ալևիական միջավայրում:

Ինքնության տերմինի ընտրության  քննարկումները Դերսիմի ալևիների մեջ  այսօր ավելի, քան հավանաբար երբևէ, վեր է ածվում զգացմունքների բուռն ու կրքոտ բախումների, առաջացնելով խոցելի էքզիստենցիալ վիճակ: Յուրաքանյուր տերմինի կողմնակից իր փաստարկն ունի՝ պատմական, ծագումնաբանական, քաղաքական, զգայական, ավանդական մշակութային, կրոնական…




[1] Անդրանիկ, Էջ 64, 161-162;  Գ.Հալաջյան,  էջ 33, 84, 249, 256 և այլն;  Գ.Ա.Երեւանեան, Պատմութիւն Չարսանճագի հայոց, Պեյրութ, 1956, էջ 133:

[2] Անդրանիկ, Էջ 161-162

[3] Գ.Հալաջյան, էջ

[4] Գ.Հալաջյան, էջ 254:

[5] Գ.Հալաջյան, էջ 33:

[6] Գ.Հալաջյան, էջ 33

[7] Գ.Հալաջյան, էջ 84:

[8] Գ.Հալաջյան, էջ 96:

[9] Գ.Հալաջյան, էջ 56:

[10] Անդրանիկ, Էջ 161-162:

[11] Անդրանիկ,  էջ 97:

[12] Անդրանիկ, էջ 153:

[13] Անդրանիկ, էջ 100:

[14] Գ.Ա.Երեւանեան, Պատմութիւն Չարսանճագի հայոց, Պեյրութ, 1956, էջ  65:

[15] Tankut, Hasan R., 'Zazalar hakkinda sosyolojik tetkiler', M. Bayrak, Açik-Gizli/ Resmi-Gayriresmi Kürdoloji Belgeleri, Ankara: Özge, 1994 (1935), էջ. 470-3. Cf. White 1908, էջ 230, White, George E., "Some non-conforming Turks", Moslem World, 1918, էջ 246.

[16] Riza Nur, Hayat ve Hatiratim. Riza Nur-Atatürk Kavgasi, Istanbul, 1992, հ. 3, էջ. 112.

[17] Այս մասին Դերսիմի զազախոս ալևիները շարունակում էին պնդել նույնիսկ  2011թ.:

[18] Հայդարան – Ալևիական աշիրեթ Դերսիմում:

[19] Դերսիմերեն ասելով տվյալ դեպքում իմ զրուցայկիցը նկատի ուներ զազայերենը: Այսպիսով ինքնությունների տերմինոլոգիական ցանկում «գրանցվեց» նաև «դերսիմերենը»՝ որպես Դերսիմի նկատմամբ զազա-ալևիական հավակնության հաստատում-Հ.Խ.:

ինքնությունն

  • Հայացք Հայաստանից
  • Հայացք Թուրքիայից
  • Հայացք Հայկական Սփյուռքից
  • Այլ տեսակետ
  • Էլ.Ամսագրի

    Էլ. Ամսագրի բաժանորդագրում

    "Repair" նախագծի գործընկերներ

     

    Twitter

    Facebook